Մի անգամ աշնանը...
Աղբյուր. Տեսածրած էջեր։ Լույս է տեսել Թիֆլիսում 1901 թվականին։ Այն առանձին գրքով հայերեն հրատարակված առաջին գործն էր մեծ գրողից։
Հայերեն թարգմանությունը՝ Ստեփան Շահումյանի


… Մի անգամ աշնանը ես մի շատ անհարմար ու անախորժ դրության մեջ ընկա։ Մի օտար քաղաք էի եկել, ոչ մի ծանոթ չպատահեց, գրպանումս էլ փող չկար, և ես մնացի այդպես առանց բնակարանի ու առանց կոպեկի։

Առաջին օրերը ես ծախեցի հագուստիս այն մասը, առանց որի կարելի էր յոլա գնալ։ Հետո ուղևորվեցի դեպի նավահանգիստ, որ գտնվում էր «Գետաբերան» կոչվող հեռավոր թաղամասում, ուր նավագնացու­թյան ժամանակ կյանքը եռում էր. մարդ հեշտությամբ կարող է իր հա­մար գործ գտնել։ Իսկ այդ ժամանակ ամեն ինչ դատարկ էր և խաղաղ, որովհետև արդեն հոկտեմբեր ամսվա վերջերն էր։

Ես թափառում էի միայնակ դատարկ շինությունների ու փոքրիկ առևտրական կրպակների միջև ու հազիվ էի շարժում հոգնած ոտքերս։ Աչքերս գետնին հառած, ուզում էի այդ ցեխերի մեջ ուտելիքի որևէ մնա­ցորդ գտնել և մտածում էի միևնույն ժամանակ, ինչ լավ բան է կուշտ լինելը…

Քաղաքակրթության ներկա պայմաններում հոգեկան քաղցն ավելի հեշտ կարելի է հագեցնել, քան մարմնականը։ Դուք թափառում եք երկար փողոցներով․ ձեր շուրջը բարձրանում են գեղեցիկ շինություններ, որոնց մասին ամենայն համարձակությամբ կարող եք ասել, որ նրանք նույնչափ գեղեցիկ են և ներսից. նույնչափ ճաշակով ու շքեղ կահավորված։ Այդ բոլորը կարող է ձեր մեջ քաղցր մտածմունքներ առաջ բերել ճար­տարապետության, առողջապահության և էլի ուրիշ շատ մեծ-մեծ բա­ների մասին։ Ձեզ պատահում են տաք և գեղեցիկ հագնված մարդիկ․ նրանք անչափ բարի են և քաղաքավարի, նրանք ամենայն զգուշու­թյամբ խույս են տալիս ձեզանից, որպեսզի չնկատեն ձեր ցավալի գո­յությունը… Աստված վկա, քաղցած մարդու հոգին ավելի լավ է կերակրվում միշտ, քան կուշտ մարդունը։ Ահա ձեզ մի դրություն, որից կարելի է շատ սրամիտ եզրակացություն անել կուշտ մարդկանց օգտին։

… Երեկոն մոտենում էր։ Անձրև էր գալիս, և հյուսիսից մռնչալով փչում էր քամին։ Նա կատաղի շվվոց էր բարձրացնում դատարկ մնա­ցած փայտաշեն խանութներում և ծեծում էր հյուրանոցների տախտա­կած պատուհանները։ Գետի ալիքները նրա հարվածներից ուռչում ու փրփրում էին և կատաղի արագությամբ, միմյանց վրա թռչելով, շտա­պում, անհայտանում էին մթության մեջ… Կարծես գետը զգում էր, որ ձմեռը մոտենում է, և վախեցած փախչում էր սառույցի կաշկանդող շղթաներից, որ հենց այդ գիշեր կարող էր գցել նրա վրա հյուսիսային քամին։ Երկինքը թանձր էր ու խավար, այնտեղից անընդհատ տեղում էին անձրևի մանր կաթիլներ… Քիչ հեռվում նշմարվող երկու չորացած ու սոված ծառերը և նրանց մոտի՝ կողքի վրա ընկած նավակը լրացնում, ընդգծում էին բնության այդ տխուր տեսարանը։

Հատակը կոտրված, շուռ եկած նավակ և սառը քամուց կողոպտված, խղճուկ ու ծերացած ծառեր… Շուրջն ամեն ինչ ավերված ու անա­պատ է դարձած, իսկ երկինքը շարունակում է սգալ, արտասվել։ Մռայլ է և դատարկ ամեն ինչ։ Կարծես ամեն բան իմ շուրջը սկսել է մեռնել․ շուտով միմիայն ես պետք է մնամ կենդանի, իսկ հետո ինձ էլ սպասում է նույն սառը մահը…

Այդ ժամանակ ես 17 տարեկան էի— երանելի ժամանակ…

Ես երկար թափառում էի սառն ու խոնավ ավազների վրայով, ատամ­ներիս կրճտոցով շատ երգեր հյուսեցի սովի ու ցրտի պատվին, և հան­կարծ փոքրիկ խանութներից մեկի ետևը տեսա մի փոքրիկ, կծկված ու գետնին կպած կանացի մարմին։ Անձրևից թրջված շորերը կպել էին նրա կռացած ուսերին։ Ես մոտեցա նրան ու սկսեցի դիտել։ Նա ձեռքով վարում էր թաց ավազը և ուզում էր, ըստ երևույթին, անցք բանալ դեպի խանութի ներսը…

— Այդ ինչի՞ համար ես փորում,— հարցրի ես, նստելով կողքին։

Նա մի ճիչ արձակեց և վեր թռավ։ Այժմ, երբ նա, դիմացս կանգնած, վախեցած նայում էր ինձ իր լայն բացած կապույտ աչքերով, ես տեսա, որ դա իմ հասակակից մի աղջիկ է, վերին աստիճանի գրավիչ դեմքով, որը, դժբախտաբար, զարդարված էր երեք հատ մեծ կապույտ բծերով։ Այդ մի փոքր փչացնում էր տպավորությունը, թեև կապտածները շատ կանոնավոր էին դասավորված՝ մի-մի հատ հավասար չափի աչքերի տակը և մի հատ ճակատի մեջտեղը։ Երևում էր, որ խփողի ձեռքը կա­տարելագործված էր մարդկային դեմքեր փչացնելու արհեստում։

Աղջիկը նայում էր ինձ, և նրա աչքերում փայլող երկյուղը հետզհետե մարում, անհայտանամ էր… Ահա նա ավազոտ ձեռքերը թափ տվեց, ուղ­ղեց գլխի չիթ աղլուխը, կծկվեց ու ասաց.

— Ինչպես տեսնում եմ, դու էլ ես սոված… դե, մի փորիր տես­նենք… Իմ ձեռքերը հոգնել են։ Այնտեղ,— նա գլխի շարժումով ցույց տվեց խանութը,— անպատճառ հաց կլինի, գուցե և երշիկ։ Այս խանու­թում դեռ առևտուր կա…

Ես սկսեցի փորել․ իսկ նա մի քիչ կանգնեց, նայեց ինձ, հետո նստեց իմ կողքին և սկսեց օգնել…

Մենք լուռ աշխատում էինք։

Ես չեմ կարող հիմա հաստատ ասել, հիշո՞ւմ էի արդյոք այդ ժա­մանակ քրեական օրենքների հաստափոր ժողովածուն, բարոյագիտու­թյուն, սեփականության իրավունք և այլ այսպիսի բաներ… որոնք, ինչ­պես ասում են իմաստուն մարդիկ, երբեք չպետք է մոռանալ կյանքում, ոչ մի դիպվածում… Որպեսզի կարելույն չափ մոտ լինեմ ճշմարտությանը, խոստովանում եմ ես, կարծեմ, այնքան տարվել էի փորելով, որ ամեն բան մոռացել էի, բացի… այն բանից, ինչ որ կարող էի գտնել խանու­թում։

Արդեն մթնում էր։ Թաց ու ցուրտ խավարը հետզհետե թանձրանում էր իմ շուրջը։ Ալիքների աղմուկը հետզհետե խլանում էր, իսկ անձրևը ավելի ու ավելի ուժգին ծեծում էր նավակի տախտակները… Հեռվից լսվում էր գիշերապահի ճչանակի տխուր ու մելամաղձոտ ձայնը…

— Հատակը տախտակած չի՞ լինի արդյոք,— կամաց հարցրեց ինձ իմ օգնականը։ Ես չհասկացա ինչի մասին է հարցնում և լռեցի։

— Գուցե տախտակած է… Այդ ժամանակ մեր չարչարանքը իզուր կլինի, հողը կփորենք, կհասնենք տախտակներին, հետո՞… Ավելի լավ է կողպեքը կոտրենք… Թույլ կողպեք է երևում…

Լավ մտքերը շատ սակավ են ծագում կնոջ գլխում, բայց և այնպես… ծագում են, ինչպես տեսնում եք։ Ես միշտ գնահատել եմ լավ մտքերը և աշխատել եմ կարելույն չափ օգտվել նրանցից։

Կողպեքը գտա, քաշեցի և դուրս պոկեցի իր օղակների հետ միա­սին… Ընկերուհիս իսկույն օձի պես գալարվեց ու ներս սողաց խանութ՝ բացված քառանկյունի անցքով։

— Կեցցե՛ս, տղա,— բացականչեց նա ներսից։

Կնոջ մի փոքրիկ գովասանքը ինձ համար ավելին արժե, քան տղա­մարդու երկար գովաբանությունը, կուզեք լինի այդ տղամարդը նույնիսկ ավելի պերճախոս, քան բոլոր հին ու նոր հռետորները միասին վերց­րած։ Բայց այն ժամանակ տրամադրությունս այսքան լավ չէր. և ես, առանց ուշադրություն դարձնելու ընկերուհուս սիրախոսության վրա, կարճ ու վախեցած հարցրի՝

— Բան կա՞…

Նա միապաղաղ ձայնով սկսեց թվել իր գյուտերը.

— Մի զամբյուղ… շշերով, դատարկ տոպրակներ… մի հովանոց… մի երկաթե դույլ…

Դրանցից ոչ մեկը չէր կարելի ուտել։

Ես զգում էի, որ հույսերս չքանում են։

… Բայց հանկարծ նա ուրախ բացականչեց.

— Ահա… ա՛յ որտեղ է։

— Ո՞վ։

— Հացը… մի բոքոն… միայն թրջված է, վերցրու…

Բոքոնն ընկավ ոտքերիս մոտ, իսկ քիչ հետո հայտնվեց և ինքը՝ հարգելի ընկերուհիս։ Ես իսկույն մաս-մաս արի հացը և սկսեցի ագահ-ագահ ուտել…

— Դե ինձ էլ տուր տեսնենք… Եվ պետք է այստեղից հեռանալ… ո՞ւր գնանք…

Նա ուշադրությամբ նայեց չորս կողմը։

— Այ, ինչ-որ նավակ է երևում, գնանք նրա տակը նստենք։

— Գնանք։

Եվ մենք ուղևորվեցինք դեպի նավակը։ Երկուսս էլ ագահությամբ լափում էինք մեր ավարը։ Գետը մռնչում էր, անձրևը հետզհետե մեծա­նում… Մի ինչ-որ տեղից երկար ու սուր շվվոց էր լսվում, կարծես մեկը, ինչ-որ հզոր ու ոչ ոքից չվախեցող մի էակ, սուլում ու ծաղրում էր մեր աշխարհի կարգերը, այդ անպիտան աշնանային երեկոն և մեզ՝ այդ երեկոյի երկու հերոսներիս… Սիրտս կծկվում ու նվում էր այդ շվվոցից։ Այնուամենայնիվ, ես մեծ ախորժակով ուտում էի հացը։ Բարեկամուհիս ետ չէր մնում ինձանից, և մենք այդպես մոտենում էինք նավակին։

— Անունդ ի՞նչ է,— չգիտեմ ինչու հարցրի ես։

— Նատաշա,– պատասխանեց նա անտարբեր եղանակով։

Ես նայեցի նրան և սաստիկ ցավ զգացի սրտիս մեջ։ Հետո հայացքս ուղղեցի դեպի իմ առաջ ընկած մթությունը, և ինձ թվաց, որ բախտիս միշտ հեգնոտ ու այլանդակ դեմքը խորհրդավոր կերպով նայում է ինձ ու ժպտում…

… Անձրևը շարունակում էր ծեծել նավակի կողերը, և նրա մեղմ շփշփոցը տխուր մտածմունքներ էր առաջացնում իմ մեջ։ Քամին շվվո­ցով ներս էր խուժում հատակի մի ճեղքից, որտեղ մի փոքրիկ տաշեղ, քամու շնորհիվ, շարունակ ինչ-որ անհանգիստ ու ողբալի ձայներ էր հանում։ Գետի ալիքները ճողփում էին ափերը և նույնպես ողբալի ու հուսակտուր ձայներ էին հանում։ Նրանք կարծես մի ինչ-որ բան էին պատմում, որ վաղուց ձանձրացրել, զզվեցրել է նրանց, մի սրտամաշուկ բան, որից նրանք կուզենային փախչել, բայց որի մասին դեռ անհրա­ժեշտ էր երկար խոսել, պատմել… Անձրևի շփշփոցը միանում էր ալիք­ների աղմուկի հետ, և նավակի շուրջը, գորշ մթության մեջ, մի երկար հառաչ էր լսվում․ դա՝ բնության անմիտ կատակներից զզված, ամառվա ու աշնան, տաքի ու ցրտի, արևի ու անձրևի անվերջ փոփոխություննե­րից նեղացած ու հոգնած՝ ծերուկ երկրագնդի երկար ու ծանր հառաչն էր… Քամին էլ իր շառաչյունով տխուր, հուսահատ երգեր էր հորինում ու տարածում գետի ալիքների և նրա սև ու անբնակ ափերի վրա…

Մեր տեղը, նավակի տակը, զուրկ էր հարմարություններից․ նեղ­վածք էր ու խոնավ․ կոտրված հատակից մեզ դիպչում էին անձրևի ցուրտ կաթիլները․ քամին անտանելի էր։ Մենք լուռ նստել, դողում էինք։ Հոգ­նածությունից աչքերս փակվում էին։ Նատաշան մեջքը դեմ էր տվել նա­վակի կողքին և կուչ եկել, մի փոքրիկ գունդ էր դարձել։ Ծնկները ձեռ­քերով գրկած ու կզակը հենած նրանց վրա, նա անթարթ նայում էր գետի կողմը, և նրա մեծ ու լայն բացած աչքերը ավելի ևս մեծ էին երևում իրենց տակի կապտածների շնորհիվ։ Նա բոլորովին չէր շարժվում, և այդ անշարժությունն ու լռությունը, զգում էի, կամաց-կամաց ինչ-որ ահ էր գցում սրտիս մեջ. ես վախենում էի իմ հարևանուհուց… Ուզում էի խոսել նրա հետ, բայց չգիտեի ինչպես սկսել։

Նա ինքը խոսեց։

— Ախ, անիծյալ կյանք…— պարզ ու որոշ արտասանեց նա։

Սակայն դա գանգատ չէր բախտից։ Նրա ձայնի մեջ այնքան ան­տարբերություն կար, որ չէր կարելի ասածը գանգատի տեղ ընդունել։ Երևում էր, որ մարդն ուղղակի մտածել է կյանքի մասին և եկել է մի որոշ եզրակացության, որ և հայտնում է այժմ, և որին ես չէի կարող պա­տասխանել առանց կեղծելու, առանց հակասելու ինձ։ Ես լուռ էի, իսկ նա կարծես չէր էլ նկատում ինձ, առաջվա պես անշարժ նստած էր։

— Մարդ չի էլ սատկում, պրծնի…— նորից խոսեց Նատաշան. այս անգամ կամաց և մտազբաղ։ Եվ դարձյալ գանգատի ոչ մի նշույլ։ Դարձ­յալ երևում էր, որ մարդը մտածել է կյանքի մասին, նայել է իր վրա և հանգիստ հոգով եկել է այն եզրակացության, որ իր անձը կյանքի ծաղրից ու կատակներից ազատելու համար մի բան միայն կարող է անել՝ «սատկել»…

Մտքի այդպիսի հստակությունը սիրտս լցրեց անասելի ցավով ու զզվանքով, և ես զգում էի, որ, եթե շարունակեմ լռել, լաց պետք է լի­նեմ… Իսկ դա ամոթ կլիներ մի կնոջ առջև, մանավանդ որ նա ինքն ահա լաց չէր լինում։ Ես վճռեցի խոսել։

— Այդ ո՞վ է քեզ ծեծել,— հարցրի ես, որովհետև չկարողացա ուրիշ, ավելի մարդավարի խոսք գտնել։

— Պաշկան, ուրիշ ո՞վ պիտի լինի,— պարզ ու հանգիստ պատաս­խանեց նա։

— Պաշկովն ո՞վ է։

— Իմ սիրեկանը… մի հացավաճառ։

— Հաճա՞խ է նա քեզ ծեծում…

— Շատ… ամեն անգամ, երբ հարբում է։— Եվ հանկարծ նա ավելի մոտեցավ ինձ ու սկսեց Պաշկայի, իր և իրենց հարաբերությունների մասին երկար պատմության անել։ Ինքը «փողոցն ընկած աղջկերանցից է, ովքեր… և այլն», իսկ նա մի շեկ բեղերով, լավ հարմոն նվագող երիտասարդ է։ Նա հաճախ այցելելիս է եղել «հասարակաց տուն» և իր ուրախ բնավորությամբ ու գեղեցիկ շորերով, իր ճտքածալքով սապոգներով ու 15 ռուբլիանոց վերարկուով գրավել է Նատաշայի սիրտը։ Այդ ժամանակվանից Պաշկան սկսել է մշտապես «ձրի օգտվել»։ Իսկ երբ դարձավ Նատաշայի «պարտքատերը», սկսեց զբաղվել նրանով, որ աղջ­կանից խլում էր այն փողերը, որոնք նա ստանում էր ուրիշ հյուրերից քաղցրավենիքի համար և հարբելով այդ փողերով՝ սկսում էր ծեծել նրան— այդ դեռ ոչինչ— Նատաշայի աչքի առաջ սկսեց ուրիշ աղջիկ­ների հետ քարշ գալ։

— Դե, դու ասա, սրտիս չէ՞ր դիպչի այդ… Ուրիշներից ես ինչո՞վ եմ պակաս… Նշանակում է ես նրա համար խաղալիք էի, ծաղրի առարկա… ստոր արարած։ Անցյալ օրն իրավունք վերցրի տիրուհուց, որ գնամ զբոս­նելու․ եկա նրա մոտ, տեսնեմ Դունկան հարբած նստել է նրա սենյա­կում։ Նա էլ, իհարկե, հարբած էր։ Ասում եմ՝ «ա՜յ ստոր արարած, ստոր, խաբեբա…»։ Նա վրա ընկավ ու սկսեց ինձ ծեծել, ի՜նչ մազերից քարշ տալ հատակի վրա, ի՜նչ ոտքերի տակ գցել, ջարդել… մի սաղ տեղ չթո­ղեց… Եվ այդ դեռ էլի ոչինչ, շորերս ամբողջովին պատառոտեց… Ահա, նայիր սրանց։ Հիմա ես ո՞ր քարովը տամ գլուխս, ինչպե՞ս երևամ տի­րուհուն։ Բոլորը պատառոտեց, շորերս էլ, թիկնոցս էլ… բոլորովին նոր էր թիկնոցս, հինգ ռուբլի էի տվել… գլխակապս էլ պոկեց… Ախ, աստ­ված, հիմա ես ի՞նչ անեմ,— վայ տվեց նա հանկարծ վշտացած ու խեղդ­վող ձայնով։

Վայ էր տալիս նաև հետզհետե սաստկացող քամին… Ատամներս նորից սկսեցին պար գալ։ Նա էլ էր կուչ եկել ցրտից և արդեն այնքան էր մոտեցել ինձ, որ ես կարողանում էի մթության մեջ տեսնել նրա փայլող աչքերը։

— Ինչ գարշելիներն եք դուք՝ բոլոր տղամարդիկդ։ Ոտքերիս տակը կգցեի ձեզ բոլորիդ… Ձեզանից որ մեկդ առաջիս սատկելիս լիներ, երեսին կթքեի, չէի խղճա… կեղտոտ խոզեր… վնգստում եք, վնգստում, պոչներդ շարժում շան նման, և հենց որ ինձ պես մի անխելքը ձեռքներդ ընկնի, պատրաստ եք իսկույն ոտնատակ տալ… գծուծ անասուններ…

Նրա հայհոյանքները բազմազան էին, բայց ուժ չկար մեջները, ոչ բարկություն և ոչ ատելություն դեպի այդ «գծուծ անասունները»։ Ընդհանրապես նրա խոսակցության տոնը շատ հանգիստ էր, բոլորովին չէր համապատասխանում ասածների մտքին և շատ աղքատ էր ձայնի ելևէջներից։

Բայց և այնպես դա ինձ վրա ավելի էր ազդում, քան մինչ այդ իմ լսած բոլոր հոռետեսական ճառերն ու կարդացած գրքերը։ Այդպես է, մեռնողի հոգեվարքը ավելի բնական է, ավելի ուժեղ ու ցնցող, քան մահվան ամենագեղարվեստական ու ամենաստույգ նկարագրությունը։

Ես վատ էի զգում, գուցե ավելի շուտ ցրտից, քան թե հարևանու­հուս ճառերից։ Ես ակամայից մի ծանր ու երկար տնքոց արձակեցի ու ատամներս կրճտացրի։

Հենց նույն վայրկյանին երկու ձեռք փաթաթվեցին գլխովս, և ես լսեցի մի քաղցր ու մեղմ կարեկցությամբ հնչող ձայն։

— Հը, ի՞նչ պատահեց քեզ…

Ես պատրաստ էին ենթադրել, որ այդ հարցը տալիս է ինձ ոչ թե Նատաշան, որը մի րոպե առաջ բոլոր տղամարդկանց գարշելի արա­րածներ հայտարարեց ու այնքան հայհոյեց բոլորին, այլ մի ուրիշը, բայց նա նորից սկսեց խոսել և այս անգամ ավելի արագ ու շտապ-շտապ։

— Ի՞նչ կա, հը՞, հո չե՞ս մրսում. սառե՞լ ես… ա՛յ անպիտան, նստել ես ու լռել ինչպես բվեճ․ ինչո՞ւ չէիր ասում, որ մրսում ես։ Դե պառկիր գետնի վրա ու ձգվիր… ես էլ կպառկեմ։ Հա, այսպես, հիմա գրկիր ինձ, լավ գրկիր։ Տեսնո՞ւմ ես ինչ լավ է. հետո մեջք մեջքի կպառկենք, այս­պես գիշերը կանցնի… Երևի գինու ես տվել գլուխդ… թե՞ տեղից դուրս են արել… Բան չկա…

Նա ինձ մխիթարում էր, սիրտ էր տալիս։

Օ՜, երիցս անգամ նզովյալ լինեմ ես։ Որպեսզի հեգնություն կյանքի կողմից։ Երևակայեցեք. այդ ժամանակ ես ամենալուրջ կերպով զբաղ­ված էի մարդկության ապագայի խնդրով. ես երազում էի սոցիալական բարենորոգումների, քաղաքական հեղափոխությունների մասին․ տարբեր սատանայական իմաստուն գրքեր էի կարդում, որոնց մեջ հայտնած մտքերը, թվում էր, չեն կարողանում լավ ըմբռնել նույնիսկ իրենց հեղի­նակները… Ես պատրաստվում էի մի «խոշոր հասարակական ուժ» դառ­նալ, և ինձ թվում էր, որ մասամբ արդեն հասել եմ իմ նպատակին։

Եվ ինձ տաքացնում էր իր մարմնով պատիվը ծախած մի կին, մի անբախտ, ջարդված ու տրորված էակ, որը ո՛չ տեղ ունի կյանքում, և՛ ոչ գին, և որին ես գլխի չընկա առաջինը օգնելու, այնինչ ինքը ինձ ահա օգնում էր… իսկ եթե գլխի էլ ընկնի, հազիվ թե կարողանայի որևէ բանով օգնել նրան։

Ա՜խ, ես պատրաստ էի մտածելու, որ այդ բոլորը ինձ հետ կատարվում է երազում, մի ծանր երազում…

Բայց, ավա՜ղ… ինձ չէր կարելի այդպես մտածել, քանի որ անձրևի ցուրտ կաթիլները շարունակում էին թափվել ինձ վրա, կուրծքս կպած էր մի ուրիշ տաք կրծքի, երեսս շոյում էր նրա տաք շնչառությունը… մի քիչ օղեշունչ, բայց այնքան կենդանարար…

Քամին ոռնում ու հևում էր, անձրևը ծեծում էր նավակի տախտակները, ալիքները հևում ու աղմկում էին։ Մենք կպել էինք միմյանց, բայց դարձյալ դողում էինք ցրտից։ Եվ այդ բոլորը… իրականություն էր և ես համոզված եմ, որ ոչ ոք այդպիսի ծանր ու զազրելի երազ չի տեսել, ինչպես այդ իրականությունը։

Իսկ Նատաշան դեռ ինչ-որ խոսում էր, և այնպիսի քաղցր ու կա­րեկից ձայնով, ինչպես միայն կանայք կարող են խոսել։ Այդ գգվող ու շոյող խոսքերից կրծքիս տակ մի ինչ-որ տաքություն առաջացավ, և այդ տաքությունից մի ծանր բան հալվեց ու ընկավ սրտիս վրայից։ Այդ ժա­մանակ արտասուքի մի հեղեղ թափվեց իմ աչքերից, որը սրբեց, տա­րավ այն բոլոր կեղտը, վիշտն ու չարությունը, որով լցվել էր սիրտս այդ գիշերվա ընթացքում։

Իսկ Նատաշան խոսում, համոզում էր ինձ.

― Դե, բավական է, սիրելիս, ինչքան լաց լինես, բավական է։ Աստ­ծով, ամեն բան կանցնի, կլավանաս, նոր գործ կգտնես… բոլորը կանց­նի…

Եվ շարունակ համբուրում էր ինձ… համբուրում էր անթիվ, անհամար ու ջերմ համբույրներով։

Այդ կնոջ առաջին համբույրներն էին, որ մատուցանում էր ինձ կյան­քը, և, պետք է ավելացնել, այդ ամենալավ համբույրներն էին իմ կյան­քում, որովհետև բոլոր մնացածները ոչինչ չէին տալիս իմ հոգուն, չնա­յած որ շատ ու շատ ավելի թանկ էին նստում ինձ…

― Դե, սո՜ւս, ասում եմ… Ես վաղը քեզ համար մի տեղ կանեմ, գործ կճարեմ…— կարծես երազում լսում էի նրա քաղցր շշունջը։

… Մինչև լույս մենք այդպես գրկված, պառկած էինք։

Իսկ երբ որ լուսացավ, դուրս եկանք նավակի տակից և գնացինք քաղաք… Հետո բարեկամաբար բաժանվեցինք միմյանցից…

Դրանից հետո ես այլևս երբեք չեմ պատահել Նատաշային, թեև ամբողջ մի կես տարի փնտրել եմ նրան քաղաքի բոլոր մութ խորշերում… նրան, իմ աննման Նատաշային, որի հետ ես անց կացրի այն գիշերը, մի անգամ աշնանը…

Եթե նա մեռել է արդեն, որ շատ լավ կլիներ նրա համար, թող հանգչեն հանգիստ նրա ոսկորները, իսկ եթե դեռ կենդանի է, խաղաղություն նրա տանջվող հոգուն. և թող երբեք նրա մեջ չարթնանա իր անկման գիտակցությունը… որովհետև այդ կլիներ նրա համար մի նոր, ավելորդ ու անպտուղ տանջանք…