Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից

ՄԻ ԱՆՈՒՆ ԷԻ ՍԵՐՏԵԼ ԴԵՌ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Բանաստեղծություններ

Երևան, «Ծիծեռնակ» հրատ., «Նովել» տպագրատուն (Գրողների արցախյան միավորման մատենաշար), 2023, 64 էջ, տպ. 200 օր.։
Աղբյուր՝ Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ» հրատ., «Նովել» տպագրատուն (Գրողների արցախյան միավորման մատենաշար), 2023, 64 էջ, տպ. 200 օր.։

Երդման փոխարեն

Չեմ ապրի,
Եթե հանկարծ պակասի
Բանաստեղծության
Անկեղծությո՛ւնը:

Թող մարդիկ իրար որպիսությունը
Բանաստեղծության
Ողջագուրանքո՛վ
Զգան,
Հասկանան:


Աշխարհը` ուղտի ականջում քնած...

խմբագրել

Հայաստա՛ն, Հայաստա՜ն...

խմբագրել

Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից
և այն անընդհատ
կրկնում էի մտքիս մեջ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:

Մտքիս մեջ՝
որ թշնամին չլսի
ու չիմանա այդ երկրի տեղը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:

Բայց թշնամին գտավ ի՛նձ
ու կտրեց լեզո՛ւս,
որ երբեք չարտաբերեմ այդ անունը՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:

Եվ թշնամին այդպես էլ չիմացավ,
որ անունն այդ
ո՛չ թե լեզվիս վրա էր,
այլ... սրտիս մեջ ՝
Հայաստա՛ն, Հայաստա՜ն:

22.07.2021 թ. (ժ. 2:54)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա


Փրկենք պատիվն ազգի հայկյան

խմբագրել

Մենք ծնկա՛ծ ենք, իմ ժողովուրդ,
Ընկա՛ծ ենք մենք, բայց ո՛չ գերի:

Բիբերի մեջ քո նահատակ
Որդոց մարած աչուկների՝
Տեսնում եմ ես երկո՛ւնք մի նոր,
Այդ ծնունդն է քո՝ նորովի,
Ելնե՛ս պիտի դյուցազնական
Հաղթ կազմվածքո՛վ քո կորովի:

Բելը նորի՛ց կանգնեց քո դեմ,
Հավաքիր քեզ, ոտքի՛ ելիր,
Կանգնե՛ս պիտի դեմ-հանդիման,
Հաղթե՛ս պիտի Բելին էլի:

Ելնե՛ս պիտի հանց Տիգրան Մեծ,
Ինչպես Վարդան Մամիկոնյան,
Որ հավաքես փշրանք-փշրանք
Կորսված պատի՛վն ազգի Հայկյան:

13.01.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր


Գյուղում

խմբագրել

Գյուղում խոտհնձի օրեր են եռուն,
Իսկ ես բռնել եմ օրերի հեռուն:

Գյուղից կարոտ ու ցավ է մնացել,
Ի ցիվ, թե գյուղից դեռ... չեմ կշտացել:

Գյուղը իմ խիղճն է, իմ օրը բեղուն,
Քաղաքը՝ կաթսա՝ կաս-կարմիր զեռուն:

05.06.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր


Մեր այգում

խմբագրել

Մեր այգում այս գարնանն էլ՝
Ամեն տարվա պես,
Կրկին այնպե՜ս են բացվել
Մանուշակներն հեզ:

Ասես ոչինչ չի եղել՝
Կռիվ ու ավեր,
Ասես՝ չեն էլ զոհվել մեր
Տղերքը ջահել:

...Բնությունն իր գործին է,
Չի հապաղելու,
Իսկ աշխարհն իր ընթացքը
Շա՜տ է շեղելու:

07.05.2021 թ. (ժ. 3:43)
Ստեփանակերտ


Նորից՝ մարտի 1...

խմբագրել
Վաղը մարտի 1-ն է՝
նորի՞ց են սպառնում... «Մարտի 1»-ով:
Նոր դա՞վ՝ Ն.Փ.-ից:

Նորից՝ մարտի 1:
Նորի՞ց՝ «Մարտի 1»:
Նորից ու կրկի՞ն:
Կրկի՞ն:
Վերստի՞ն:
Կուզեի նայե՛լ նրա աչքերին:
Գայլա՜յին:
Դեղի՜ն:
«Թողություն տուր, Տե՛ր,
Ծանըր Խավարին»...

28.02.2021 թ.
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր


Մաքուր երեսով

խմբագրել

Աշխարհը` ուղտի ականջում քնած՝
Աշխարհը քնած` այդպես էլ մնաց:

Թուրքը երեսը նրա կեղտոտեց,
Կեղտոտ քամակն էլ պաչե՛լ ստիպեց:

Կեղտոտ քամակը չուզեցի՞ր պաչել՝
Շունն ինքն էր, բայց քե՛զ ստիպեց հաչել:

Աշխարհ, ուշքի՛ եկ, մի՛ մնա քնած,
Բացի՛ր աչքերիդ կոպերը հոգնած:

Մաքուր երեսո՛վ մարդամեջ գնա,
Մի՛ թող՝ ծաղրի քեզ թուրքը անլվա:

24.03.2021 թ. (ժ. 3:14)
Երևան, Ավան, Ծարավ աղբյուր


Ինչո՞՜ւ...

խմբագրել

Այնքա՜ն ետ նայեցինք,
Որ...
Վերադարձանք
Անցյալ:

Ո՞ւր է այն ուժը,
Որ միշտ
Առաջ էր մղում մեզ:

Որտե՞ղ մոռացանք այն:

06.09.2021 թ. (ժ. 21:25)
Ստեփանակերտ


Հանգստությունս...

խմբագրել

Չե՛մ կարող հանգիստ, անվրդով մնալ,
Ո՛չ ձևացնել,
Ոչ էլ ձևանա՜լ:
Հանգստությունս այնպես է կորել,
Ասես՝ չի՛ եղել:

Անտարբեր մնա՞լ,
Եվ կամ՝ ձևանա՞լ:

Ո՛չ,
Հանգիստ քնել ևս չեմ կարող,
Եվ ոչ էլ` հանգիստ քնից արթնանալ:

Չեմ կարող արդեն հանգիստ ձևանալ՝
Հանգստությունս կորել է անդա՛րձ:
Հանգստությունս դավաճանել է՝
Չեմ կարող փնտրել,
Չեմ կարող գտնել:
Քեզ անարգանքի
Սյունին գամելու համար եմ փնտրում,
Դավաճանությո՜ւն:
Փնտրում... չե՜մ գտնում:

...Չե՛մ կարող... մնալ,
Չե՛մ կարող... գնալ:

25.03.2021 թ. (ժ. 1:45),
06.09.2021 թ. (ժ. 22:50)
Երևան - Ստեփանակերտ


Նոր տարի

խմբագրել

Ամեն ինչ իր հերթը
Եվ հերթականությունն ունի:
Նույնիսկ տարիներն են հերթով գալիս
Ու հերթականությամբ անցնում:
Այ, օրինակ, 2020-ին փոխարինեց 2021-ը,
Իսկ 2021-ին,
Հենց այսօր,
Փոխարինելու եկավ 2022-ը:
Բայց, այնուամենայնիվ,
Անփոփոխ մնաց
2020-ի աշնանային ցավը:

Եվ արդյո՞ք
Ամեն ինչ է
Ենթակա փոփոխման:

Բայց, եթե կարելի է,
Մի՛ փոխեք գոնե կողմնորոշիչները,
Որ հանկարծ չկորցնենք
Տե՛ղը հայրենիքի:

01.01.2022 թ. (ժ. 14:35)
Ստեփանակերտ


Քեզ նորից դրին նժարի վրա,
Քեզ նորից առան,
Նորից ծախեցին։
Ու թեև դեռ ողջ՝
Նորից թաղեցին։

Բայց դու մնացիր,
Ապրեցիր,
Քանզի
Քո մեջ դեռ շունչն է ավարայրների։

Ու քո թշնամին ինչքան վայրենի՝
Դու այնքան պիտի մնաս կյանքային։

Դու ապրես պիտի,
Մաքառես պիտի,
Արարես պիտի՝
Ինչ էլ որ լինի։

04.04.2022 թ. (ժ. 12։15),
14.04.2022 թ. (ժ. 17։04)
Ստեփանակերտ


Բնանկար

խմբագրել

Նկարչության տետրիս
հաջորդ ազատ էջում
ես կարմիրով արև եմ նկարում,
կանաչով՝ կանաչ ծածկույթ,
դեղինով՝
ցորյան արտերի հասուն ծփանք,
կապույտով՝ երկինք
ու մանուշակի կապույտ աչիկներ:

Նաև
մոխրագույն եմ խառնում նկարածիս:
Մոխրագույնով նկարում եմ
մթնած մի ամպիկ՝
անձրևախառն երկնքի
հեռու մի անկյունում,
սևով՝ գիշեր,
բայց անպայման
աստղազարդ եմ նկարում
գիշերվա երկինքը,
որ չանձրևի հանկարծ
և առավոտյան
ակամա չհանդիպեմ
լացած աչիկներով ծաղիկների:

...Դու քնած ես
այնպես հանգիստ ու անխռով,
որ չեմ ուզում լուսաբացը շտապի
և առավոտյան ակամա չտեսնես
ծաղիկների աչիկները լացած:

15.03.2022 թ. (ժ. 1:24)
Ստեփանակերտ


Շուշին նորից մնաց գերի:

Մեր մտքի մեջ,
Մեր աչքերի՝
Պատկերն է հար պահպանվելու
Ղազանչեցոց եկեղեցու:

Բավ է՝ ինչքան հույսս աղեմ,
Շուշի,
Հայո'ց Երուսաղեմ,
Դու հար պիտի լինես մեզ հետ,
Հայոցն էիր՝
Հա՜յ ես հավետ:

06.01.2022,
09.03.2022
Ստեփանակերտ


Լաչինի միջանցքում

խմբագրել

Տաք գոլորշին հողից ելնում
Խառնվում է խիտ մառախուղին,
Գորշ-սպիտակ զանգված դառնում՝
Մթնաժոռում է խճուղին:

Մեկ էլ հանկարծ փայլն արևի
Ճեղքում շերտը մառախուղի՝
Բացում է մեր ճանապարհը՝
Ցույց տալով մեզ մի նոր ուղի:

Սլանում է ավտոն առաջ`
Թողած վտանգն այդ ահալի,
Տագնապներն ու դավերն անսանձ՝
Սահմանային ուղեկալի։

17.02.2021 թ. (ժ. 13:54)
Լաչինի միջանցք


Անթարթ հայացքով...

խմբագրել
Եղբորս՝ Անդրանիկ Գրիգորյանին,
Որդուս՝ Անդրանիկ Գրիգորյանին...

Անթարթ հայացքով նայում են իրար,
Մեկը՝ նկարից,
Մեկը՝ նկարին,
Երկուսն էլ եկած նույն պատերազմից՝
Երեսուն տարվա հեռավորությամբ։

Երկուսն էլ սակայն անունով են նույն,
Նույն ազգանունը երկուսն էլ ունեն։
Այդ պատմությունը երկար է, բայց ո՛չ
Ապրած օրերի թվերի հանգույն,
Ո՛չ տարիների քանակով անշուշտ,
Այլ ճակատագրով,
Հերոսական նո՜ւյն կենսագրությամբ։

Նման են իրար՝
Զինվորյալի նո՜ւյն վարքով ու բարքով,
Եվ նո՜ւյն տքնությամբ։

Մե՛կ ճակատագիր
Ու մե՜կ երազանք`
Բզկտված երկրի տեսլակա՜ն փրկված...

...Գերեզմանին էր տեսության եկել
Զոհված հորեղբոր։
Իսկ սպասումը՝ անհանգիստ հուշում՝
Չուշանա՛,
Գնա՛...
...Առջևում՝ դեռ նո'ր մարտեր սպասվող։

27.05.2022 թ. (ժ. 00:57)
Ստեփանակերտ


Հպարտ եմ...

խմբագրել
Հայասեր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հիշատակին

Հպարտ եմ, որ
Չեմ երկնչել,
Չեմ խոնարհվել
Ոսոխի դեմ:

Խոնարհվել եմ
Ես մայր հողի՛ն՝
Իմ ընկնելու
Պահի՜ն միայն:

29.10.2021 թ.
Ստեփանակերտ


Հիշենք...

խմբագրել
Էդուարդ Արմենի ՍԱՐԳՍՅԱՆԻ հիշատակին

Ամբողջ ազգն է հուղարկավոր`
Թե հաջողվի գտնել դիակ...

...Դառն օրենքն է պատերազմի՝
Մեկը թաղի երեք որդուն,
Մեկը` միակ...

11.04.2021 թ.
Ստեփանակերտ


Ստեփան Շահումյանի արձանի մոտ

խմբագրել

Երեկոն իջավ
Քաղաքի վրա,
Անաղմուկ՝ ինչպես
Հայացքը նրա:

Իսկ նա կանգնած է
Դեռ պատվանդանին,
Հայացքը՝ հեռու՝
Լուրթ տափաստանին:

06.06.2015 թ.
Ստեփանակերտ


Խառնվել են...

խմբագրել

Խառնվել են այնպես իրար՝
Հարցեր, պատասխաններ,
Ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սխալ,
Չգիտես՝ ինչ անել:

Մենք անիվը մեր պատմության
Անվերջ ետ ենք տալիս,
Ե՛վ դոփում ենք անվերջ տեղում,
Ե՛վ խելքի չենք գալիս:

25.02.2022 թ.
23.03.2022 թ. Ստեփանակերտ


Դարձանք մենք նախկին...

խմբագրել

Դարձանք մենք նախկին, նույն Ղարաբաղը՝
Առանց մեր նախկին ինքնավարության,
Բայց պինդ ենք՝ ինչպես Քիրսն ու Մռավը,
Պատրաստ ենք կրկին մենք նոր փորձության:

Գիտենք ցավի չափն ու նրա դեղը,
Պատրաստ ենք կրկին հնար գտնելու,
Մենք գիտենք ժամը, մենք գիտենք տեղը՝
Մեր պատմությունը թուրքից փրկելու:

14.12.2021 թ. (ժ. 00:30)
Երևան, Շենգավիթ


Տխուր իրողություն

խմբագրել

Ինձ ասում են. «Զուր ես այդպես մտածում,
Նա քո հանդեպ եղբայրություն է տածում։

Ուզում է, որ կրկին ապրեք միասին,
Եվ ամենուր խոսում է միշտ այդ մասին»:

«Այո, գիտեմ,- ասում եմ՝ ի պատասխան,
- Ես փորձ ունեմ, լավ ճանաչում եմ նրան:

Դու ուզում ես, որ ես նրան հավատա՞մ,
Նա ասում է մի բան` անում մի այլ բան:

Նա ուզում է տանտեր դառնալ իմ տանը,
Իսկ ես` ծառա լինեմ նրա դռանը:

Ինձ խժռելու միտքն է անվերջ որոճում
«Նովրուզ բայրամ» տոնող գազանն իր որջում»:

22.03.2023 թ., (ժ. 10:48), Երևան, Շենգավիթ
03.05.2023 թ., (ժ. 14:55), Երևան, Կենտրոն


Ծուղակ

խմբագրել

...Ու թշնամին սողաց առաջ։

Լեռներն իրար նեղ արեցին
Եվ ոսոխին... տեղ արեցին։

Ու բացեցին երախն իրենց՝
Անդնդախոր ձորերը մեր,
Որ խոր խորվի ոսոխը նեռ։

08.10.2021 թ. (ժ. 0:21)
Ստեփանակերտ


Իսկ այս պատերազմում...

խմբագրել

Իսկ այս պատերազմում
Վնաս ունեցել ենք,-
Մեր խիղճը... կորել է:

Գտնողին խոստանա՞նք
Դրամական պարգև,
Թե՞...

Ավելի լավ է՝
Կյանք երաշխավորենք,
Երբ... երաշխավոր չենք
Նույնիսկ ինքնե՜րս մեզ:

21.04.2022 թ. (ժ. 0:50)
Ստեփանակերտ


Իսկ ես պարտված էի...

խմբագրել

Իսկ ես պարտված էի:

Ես ստիպվա՛ծ էի
Հանդուրժել քեզպեսին,
Թեև չէիր հասնի
Նույնիսկ դու իմ կեսին:

Ու ես,
Տապալվածս,
Հանձնվեցի գերի:

Հանձնվեցի՝
Հաստատ համոզմունքով,
Վճռով՝
Ինչ էլ լինի՝
Կրկի՛ն
Կանգնել ոտքի:

21.04.2022 թ. (ժ. 1:01)
Ստեփանակերտ

Մարդ կա՞... գոնե մեկնումե՜կը

խմբագրել

(Շրջափակում, օր 32-րդ)

Եվ որովհետև
ոչինչ չկա այլևս ասելու,
ուզում եմ կրկնել,
նորից ու նորից,
բոլոր-բոլոր բառերը չհասկացված,
գուցե արթնանա հանկարծ
մարդը... մարդու մեջ։

...Ես դեռ հավատում եմ
հրաշքներին։

13.01.2023 թ. (ժ. 1:53)
Երևան, Շենգավիթ


Չտեսնեի...

խմբագրել

(Շրջափակում, օր 37-րդ)

Նմանություն
Չտեսնեի, մեր երդի ծո՛ւխ,
Քեզ կտրված չտեսնեի...
Համո ՍԱՀՅԱՆ

Չտեսնեի, իմ լո՛ւյս քաղաք,
Քեզ գազազուրկ չտեսնեի։
Ա՜խ, էլեկտրասյունդ ծնկած,
Մութդ, ցուրտդ չտեսնեի։

Չտեսնեի Հայաստանից
Արցախ մտնող ճամփադ փակված,
Եվ Բերձորյան միջանցքն այսպես
Թուրքով լցված չտեսնեի։

Ա՜խ, բյուր ցավի միջով անցած,
Արցախական ոգով տոկուն
Մարդկանց` հազար մի դավ տեսած,
Ես ընկճված չտեսնեի։

Հաղթահարենք ամեն փորձանք,
Մնանք տերը մեր դպրոցի,
Մեր տան, այգու... Փշրանք-փշրանք՝
Թուրքին տրված չտեսնեի։

Ամրացնենք ու ամրոցվենք,
Մե՜նք կենդանի սահման դառնանք,
Թշնամու դեմ դուռդ գոցենք,
Արցախ, քեզ բաց չտեսնեի։

Գայի, իմ տո'ւն, ծունր իջնեի,
Համբուրեի որմդ սառած...
Ա՜խ, գերեզմանն իմ պապերի
Ջարդած-փշրած չտեսնեի։

Վիրավո՜րս, գոտեպնդվիր,
Ոտքի՛ ելիր ոգով տոկուն,
Վերջին ո՛ւժը քո ժողովիր...
Ա՜խ, քեզ հաղթվա՜ծ չտեսնեի։

17.01.2023 թ. (ժ. 21:45)
Երևան, Շենգավիթ


Թեկուզ ուտեն...

խմբագրել
Նմանություն
Ինձպեսները գան ու գնան,
Աշխարհին բան չպատահի:
Համո Սահյան

Թեկուզ ուտեն
Ազգերն իրար՝
Աշխարհին բան
Չի՛ պատահի:

Միայն... աշխարհն
Աշխարհ մնար...
Աշխարհին բան
Չի՛ պատահի:

Աշխարհով մեկ`
Ավեր, ցավեր`
Աշխարհին բան
Չի՛ պատահի:

Ինքն ի՛ր դեմ է
Աշխարհն ելել`
Աշխարհին բան
Չի՜ պատահի:

22.11.2022 թ. (ժ. 16.15)
Ստեփանակերտ


Միշտ, երբ Բեռլին եմ լսում՝
Քառասուն հինգ թիվ ու... տոթ,
Այնպե՛ս շնչել եմ ուզում,
Բայց... տարածքում ամեն ինչ
Ախտահարել են ասես
Ու շնչելու չկա օդ:

Վիեննա են երբ ասում՝
Մի ձայն է իմ ունկերում,-
Օտարներդ թե ինչպե՛ս
Մեր հայ երգով հիացաք:

Իսկ միշտ, խնձոր ասելիս,
Եվ՝ կամ հենց ա՛յս լսելիս՝
«Խնձոր ունեմ, կծած ա»`
Իսկույն մտքիս են գալիս
Այս տողերը սևակյան
«...Իսկ մեր խնձորն իսկապես
Արնածոր ու վիրավոր՝
Հազա՜ր տեղից էր կրծած»...
...Ու հետքը այդ առայսօր
Մեր մարմնի վրա դեռ
Այնպես տաք է, այնպես նոր,
Որ մեր արյունն է ոթում
Մեր թշնամին ամեն օր։
Բայց մենք ապրում ենք էլի,
Արարում ենք մենք էլի
Նույն տքնությամբ,
Նույն ջանքով,
Որ զարմանում եք այնպես,
Զարմանալով՝ հիանում,
Տարակուսում եք նույնիսկ,
Թե ո՞նց փոքրիկ մի Արցախ
Այսքան կորով ունի դեռ,
Այսքան ավյուն ու տքնանք,
Եվ ապրելու ջանք ու ճիգ:

Եվրոպանե՛ր, Արևմո՛ւտք,
Ինչքան էլ որ խլանաք՝
Մենք ապրո՛ւմ ենք,
Մենք դեռ կանք,
Մենք անվե՜րջ ենք լինելու:
Մեր լինելը թշնամու
Անկուշտ ա՛չքն է հանելու:

11.07.2022 թ. (ժ. 14:11)
07.10.2022 թ. (ժ. 00:40)
03.02.2023 թ. (ժ. 15:53)
Ստեփանակերտ-Մարտակերտ-Երևան


Միայն՝ առա՛ջ նայել...

խմբագրել

Միայն՝ առա՛ջ նայել,
Միայն՝ առա՛ջ գնալ,
Ետ չնայե՛լ երբեք,
Ետ չմնա՛լ....

Ինչ եղել է՝ եղավ,
Ինչ կլինի՝ կգա:

31.01.2022 թ. (ժ. 14:40)
Ստեփանակերտ

Աշնան տերևներ

խմբագրել

Աշնան տերևներ

խմբագրել

Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին,
Դուք, որ լքել եք մայթեզրի թեղին,
Ընկած եք հիմա ասֆալտի վրա,
Ապրում է ձեր մեջ կարոտը նրա:

Մայթեզրի թեղին մենակ է, լքված,
Սիրտը լցված է, իսկ աչքերը՝ թաց,
Թեղին մայթեզրին թախծում է տեղին,
Աշնան տերևներ՝ կարմիր ու դեղին:


Հայրիկիս՝ կրկին

խմբագրել

Այսօր, կրկին, հայրի՛կ,
Օրն է քո ծննդյան,
Թեկուզ` առանց ծաղիկ, Բայցև` հոգով վառման։


Մի օր կհանդիպենք,
Գալիս ենք՝ օր օրի,
Իրար մոտենո՜ւմ ենք,
Դեռ կգրկվե՛նք էլի։


05.04.2022 p.
Ստեփանակերտ


Ես ցանկանում եմ քեզ գնաս բարով ասել

խմբագրել
Նմանություն
Ես ցանկանում եմ քեզ
Մնաս բարով ասել...
Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ

Դու գնում ես հեռու, անհայտ երկիր, օտար,
Ես մնում եմ մենակ, այստեղ, հեռու քեզնից,
Եվ քանի որ, անշուշտ, մենք սիրում ենք իրար,
Ու քանի որ, գուցե, դեռ սիրում ես դու ինձ`
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել:

Քեզ հետ կյանքի երկար ճամփա եմ ես անցել,
Երեսուն և ինն երկար ու ձիգ տարի,
Երեսուն և ինն ամառ, աշուն, ձմեռ,
Ու` որ թանկ է ամեն քայլն այդ ճանապարհի,
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել։

Գնա: Եթե հանկարծ որոշես ետ դառնալ,
Ես պատրաստ եմ էլի քեզ հետ երկար քայլել,
Էլի նույնքան աշուն, ձմեռ, գարուն, ամառ
Դիմավորել քեզ հետ, քեզ հետ՝ ճանապարհել,
Ես ցանկանում եմ քեզ
Գա՜լդ բարի ասել:

13.06.2022 թ. (ժ. 18:25)
Ստեփանակերտ


Պարզապես՝ ցանկություն

խմբագրել

Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ հայացքում մոլորվեիր:

Ես կուզեի,
Որ միայն դո՛ւ
Իմ գրկի մեջ խորովվեիր:

Ի՛մ շուրթերը
Մեղմ հպվեին քո շուրթերին։

Ի՛մ ձեռքերը
Պարանոցը քո գրկեին:

Իմ երազը սկսվե՛ր
Ու վերջ չունենա՛ր,
Քո երազը գրկած՝ գնա՛ր,
Գնա՛ր,
Գնա՜ր...


Ե՛վ «վեճի ընկեր» եղանք...

խմբագրել
Այսպես ապրե՜լ ենք,
Այսպես ապրո՜ւմ ենք,
Այսպես կապրե՜նք...

Ե՛վ «վեճի ընկեր» եղանք,

և՛ սիրո վայելքն ապրեցինք,

Հանդիպման առաջին պահից

իրարով այնպե՜ս տարվեցինք,

Ուշքի գալ մինչև հիմա՝

այդպես էլ չկարողացանք,

Ո՛չ ուրիշ ծաղիկ տեսանք,

ո՛չ էլ մեր շուրջը նայեցինք,

Չտարան մեզ այլ աչքեր,

իրարո՜վ մեր կյանքն ապրեցինք։

Փակիր աչքերդ...

խմբագրել
Փակեմ աչքերս, որ չկարդան ինձ...
Էլեն ԽՈՒԴՈՅԱՆ


Լուսնի հետքեր կան աչքերիդ վրա,
Սեր ու գորով կա հետքերում նրա։


Փակիր աչքերդ` ո'չ ոք չտեսնի,
Որ վրա չտան տենդով չտեսի...


Փակիր աչքերդ, որ չկարդան քեզ,
Որ... չտեսնեն քեզ աչքերը չտես:


10.07.2022 p. (d. 13:58)
Ստեփանակերտ

Դու նայեցի՛ր...

խմբագրել

Դու նայեցի՛ր աչքերիս մեջ,
Ու՝ անցար։

Ցավ,
Տխրություն՝
Աչքերիս մեջ,
Ու՝ անցար։

Հուզում,
Թախիծ,
Տանջանք,
Զղջում,
Ու՝ անցար։

Լուռ էր կարոտն աչքերիս մեջ,
Ու... անցար:


Աչքերդ տանում են...

խմբագրել

Աչքերդ տանում են՝
Չգիտեմ՝
Թե ուր...

Գլխիկոր գնում եմ՝
Չգիտեմ՝
Թե ուր...

Անդա՞րձ է իմ ուղին,
Անհո՞ւյս է,
Տխո՞ւր...

Կհասնե՞մ՝
Չգիտեմ,
Գնում եմ,
Բայց՝ ո՞ւր:

01.10.2014 թ.
Ստեփանակերտ


Սա հուլի՞ս է...

խմբագրել

Սա հուլի՞ս է,
Թե՞ հոկտեմբեր-նոյեմբեր է,
Ամպ ու զամպ է՝
Անձրևաբեր-ձյունաբեր է,
Իսկ մենք՝
Մի շոգ օգոստոսի՛ հույս ունեինք,
Ախր
Աշունն ինչո՞ւ այսքան անհամբեր է:

18.07.2015 թ.
Գորիս


Դրսում...

խմբագրել

Դրսում՝
Արև կիզիչ,
Ներսում՝
Հով է մի քիչ,
Ամառն է մեզ այրում,
Սակայն՝
Ոչի՜նչ,
Ոչի՜նչ։

14.08.2019 թ.
Ստեփանակերտ


Զղջում ու թախիծ

խմբագրել
Տխուր այս տողերը
Մարիամիկիս՝ սիրով:

Ես այդ օրը միշտ էլ
Հիշելու եմ ցավով...

Տխրության թելը կախվել է օդից
Ու քամի չկա՝ մի քիչ օրորի,
Կոկորդս սեղմել զղջում ու թախիծ՝
Ուզում է նորից խիղճս տրորի:

Գարուն է, սակայն աշնան շունչը պաղ
Ամեն ինչ իրար խառնել է ուզում,
Ալեկոծելով մեր կյանքը խաղաղ՝
Բերում է կրկին տվայտանք, հուզում:

Ինչ պա՜ղ է կյանքը, ապրելն՝ անիմաստ,
Երբ սայթաքում ու ընկնում ես նորեն,
Վեր կենալն արդեն ունի՞ էլ իմաստ՝
Ուզում ես մնալ պառկած ու... մեռնել:

...Ես այնքա՜ն զգույշ փորձեցի լինել,
Սակայն սատանան խառնվեց նորից,
Աստված իմ, ո՞ւր ես, դժվա՞ր էր փրկել
Ինձ սատանայի քմահաճույքից:

19.04.2012 թ.
Ստեփանակերտ


Հեռու Տամբովում...

խմբագրել

Հեռու Տամբովում մի ընկեր ունեմ՝
Երեսուն տարի չենք տեսել իրար,
Կապված էինք մենք եղբոր պես իրավ,
Երեսուն տարի հանգիստ քուն չունեմ:

Նա է՞լ է արդյոք մտատանջ ինձ պես,
Թե՞ գիշերները հանգիստ է քնում,
Եվ ի՞նչ երազ է գիշերը տեսնում,
Ինչպե՞ս է քնում, արթնանում՝ ինչպե՞ս:

Մտածում եմ իմ ընկերոջ մասին՝
Ինչպե՞ս է ապրում հեռու Տամբովում,
Եվ ի՞նչ զեփյուռ է նրան օրորում՝
Առանց Քերթ գյուղի լուսաբացների:

...Մի ընկեր ունեմ Տամբովում հեռու,
Մի՞թե... էլ նրան չեմ հանդիպելու:

02.09.2019 թ.
Ստեփանակերտ


Ամրություն քո ոգուն...

խմբագրել
Վիտյա ՅԱՐԱՄԻՇՅԱՆԻՆ

Ամրություն քո ոգուն՝
Պողպատից էլ պինդ,
Կտեսնես էլի դու
Ջերմություն ու խինդ:

Բայց մորդ կարոտից
Կմաշվես էլի...
...Մայրիկդ հոգուդ մեջ
Միշտ ողջ կլինի:

18.01.2020 թ. (ժ. 14:59)
Ստեփանակերտ


Ես հասկանում եմ...

խմբագրել
Հոգեկից բարեկամիս`
Միքայել ՀԱՋԻՅԱՆԻՆ

Ես հասկանում եմ մրմունջդ, գիտեմ,
Ինչ էլ որ ասեն՝ ցավը չի մեղմվի։

Կթեթևանա, գուցեև՝ մի քիչ,
Սակայն մինչև վերջ քեզ հետ կլինի:

Իսկ այն, ինչ հիմա քո ուսին է՝ տա՛ր,
Դո՛ւ պիտի մնաս քո վշտի գերին...

02.05.2017 թ. (ժ. 01:10)
Ստեփանակերտ

Մի՝ ինչ որ մոռացված առիթով

խմբագրել

Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Իսկ առավել ևս՝ նրանց,
Ովքեր այնպես են հմտացել
Մոռանալում,
Որ շատ հաճախ
Մտաբերել են ալարում
Նույնիսկ իրենց պաշտամունքը,
Ինչ է՝ թե այն հիշեցներ պիտի իրենց
Ուրացա՛ծը...

Չեմ նախանձում նաև նրա՛նց,
Ովքեր այդպես հմտանա՛լ են
Փորձում անվերջ:

Իսկ ես
Ոչինչ մոռանալ
Չեմ կարողանում...

...Դու էլ ինձ ես
Մեղադրում հաճախ այնպե՜ս,
Իբր... ես է՛լ եմ մոռանում:

Չեմ նախանձում բնավ մարդկանց,
Նախանձում եմ միայն նրանց...

...Է՛հ, քա՜վ լիցի,
Նախանձելու էլ բա՛ն լիներ:


Ու ինձ չասացիր...

խմբագրել

...Ու ինձ չասացիր այլևս ոչինչ:

Հայացքդ պաղեց,
Ժպիտդ կորավ:
Տխրությունդ լուռ պատեց նաև ինձ՝
Կյանքն այս ի՜նչ դառավ...

Ուզում եմ տեսնել ժպիտդ նորից՝
Չեմ կարողանում,
Պատկերդ է անգո
Աչքերիս խորքում տխուր խորանում:

Աստվածամոր հետ ու նրա կողքին՝
Պատկերդ է փայլում
Աստծո խորանում:

Ուզում եմ լսել շշո՜ւնջդ՝
Նորից
Չե՜մ կարողանում...

01.06.2012 թ.
Ստեփանակերտ


Միայն՝ մի ժպիտ

խմբագրել

Կուզեի ժպտալ,
Եվ կուզեի, որ պատասխանեիր
Մեն-մի ժպիտով։
Մի՛միայն, այո՛:

Եվ հո՛ւյս ճառագեր մեր ժպիտներից,
Շատանար բարի՛ն,
Լո¯ւյսը շատանար
Սրտերում մարդկանց,
Բարություն տպվեր ժպիտների մեջ՝
Ծերերի՛,
Մանկա՛նց:
Ժպի՛տ ճառագեր անգամ սառույցից,
Ու սառը մարդկանց
Հայացքի՛ց տրտունջ...

Կուզեի՞ր արդյոք
Նվեր ստանալ գոնե մի ժպի՜տ։

Թե՞ տխրությունս չի գտնում իրեն,
Թե՞ տխրությունս առաջվա նման
Ուզում է զարկել իրեն պատեպա՛տ:
(Անհասկանալի երևույթներ են
Մեր սրտում,
Մեր շուրջ)...

Կուզեի ժպի՛տ պարգևել միայն:
Թո՛ղ նույնիսկ դու ինձ
Չտեսնեիր է՛լ,
Չհասկանայի՜ր...

...Այստեղ ես թեև,
Բայց դեռ... չես խոսում:
Չես էլ խոսելո՞ւ...

Ո՞վ է աշխարհում քո չափ... լռակյա՛ց:


«Թաքնված տաղանդ 2»-ի տաղավարում

խմբագրել
2014-ից` մի դրվագ...
կնոջս` դերասանուհի
Ռուզան Գասպարյանին

Նորի՛ց հանդես,
Էլի՛ մրցույթ։
Ամեն մեկը
Տաղա՛նդն է իր դնում ի ցույց:
Բայց Ռուզանը զարկում այնպես՝
Ծա՜փ է տալիս,
Որ մարդկանց մոտ
Ո՛չ թե միայն հիացք, զարմանք,
Նախանձ է՛լ է ի հայտ գալիս:
Ու, իբր թե, զարմանում են,
Տարակուսում,
Որ... մի ձեռքը ծափ է տալիս:
Մյուս ձեռքն էլ:
- Այդ ինչպե՜ս է դասականին
Փորձում հերքել:
Ախր ինչպե՞ս կարելի է...

Իրականում՝ նախանձում են:
Ու փորձում են՝ դահլիճը ողջ,
Ժյուրին,
Բոլորն՝ մի մարդու պես:
Չի՞ ստացվում...

- Փորձենք՝ նորի՛ց, վերստի՛ն, դարձյա՛լ,
Կրկի՛ն փորձենք ձևով մի այլ,
Ո՞նց է իր մի ձեռքը այդպես
Ծափահարում՝
Համը... հանում,
Մեր մտքերը թափահարում։
Իսկ մե՞նք,
Մի՞թե,
Այդքան չկա՞նք:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում:
- Տաղա՜նդ է պետք:
- Տաղանդ չունե՞նք:
- Թաքնվա՜ծ տաղանդ,
Վերոտրյալ:

09.04.2021 թ. (ժ. 18:53)
Երևան, Մալաթիա-Սեբաստիա


Խրախճանք - 1

խմբագրել

Անծանոթ ենք մենք իրար,
ան ծանոթ,
բայց ուզում եմ լինենք մոտ,
ու` շա՜տ:
Գուցե խոսենք` հասկանանք,
ես ներկա՞ եմ,
թե՞ բացակա,
գուցե՝ այո,
գուցե՝ ոչ:

Ներկա լինել` անպայման,
և՛ կարող եմ,
և՛ պարտավոր,
և` ո՜չ:

Բայց՝
ո՞վ եմ ես,
ով եմ ե՞ս,
ով ե՞մ ես`
չգիտե՜ս`
տղա՞,
հետո՞:

Հետո՞ ինչ,
հետո՝ ի՞նչ,
ո՛չ այլ ինչ,
քան` ոչի՜նչ։
Մի քիչ` լա՜վ,
մի քիչ` վա՜տ,
մի քիչ՝ քի՜չ,
մի քիչ` շա՜տ:

Իսկ դո՞ւ` աղջի՞կ,
երևի՞,
երևի՜...

Քո ժպիտը կարևի,
երևի՝,
դու ոչինչ էլ չես ասի,
երևի՛,
դու ոչինչ էլ չես ուզի,
երևի՜։
Բայց ուզում եմ,
որ ժպիտդ
վերածվի ջերմ արևի`
տաքանա՛մ,
տաքանա՜նք...

Դու չես ասի ոչ մի բան,
չե՛ս ասի,
դու չես ուզի ո՛չ մի բան,
չե՛ս ուզի,
իսկ` ե՞ս...

Եսի՞մ...

01.05.2022 թ. (ժ. 22:57)
Ստեփանակերտ


Խրախճանք - 2

խմբագրել

Բարև, արի ընկերանանք,
Ու իրարով միշտ հիանանք:
Դու՝ ինձանով,
Ես՝ քեզանով,
Հետո նաև՝
Մի տուն լիքը մեր խիզանով...


...Բարևելս
Մի քիչ երկար ստացվեց, չէ՞։
Դե՝ կներես։
Դեռ կներե՞ս...
Գուցե մի քիչ էլ համբերես՝
Համ կտանե՛ս,
Համ կբերե՛ս:
Թե՞... չբե՞՜ր ես:


Դեռ չես փորձե՞լ,
Չես էլ փորձի՞։
Հեռու վանիր այդ մտքերը:
Գիտե՛մ, լավ էլ դեռ կփորձե՛ս,
Կհամոզվե՛ս,
Ամեն ինչ՝ իր ժամանակին:
Շտապելու կարիք չկա,
ժամանակն ինքն իրեն կգա
Ու կչոքի քո դռանը:
Կմիացնի իր «դռռանը»
Եվ ամեն ինչ կընկնի տեղը...


...Բարև,
Գուցե ընկերանա՞նք:


16.06.2022 թ. (ժ. 22:17),
08.10.2022 թ. (ժ. 02:18)
Ստեփանակերտ


Խրտվիլակը

խմբագրել

Մի կողմից՝ ճերմակ,
Մի կողմից՝ սև է,
Դրսից՝ հրեշտակ,
Իսկ ներսից դև է:

Ասում են՝ խելոք,
Բայց խելառ-խև է,
Կարծես թե՝ շիտակ՝
Անկուռ-անձև է:

02.02.2022 թ. (ժ. 14:37)
Ստեփանակերտ


Անցյալ է արդեն...

խմբագրել

Անցյալ է արդեն
Թուղթը, գրիչը,
Օգնության հասած
Ձայնագրիչը...

...Համակարգիչն է
Մտքիս ցրիչը:

02.02.2022 թ. (ժ. 18:18)
Ստեփանակերտ


Ձյուն - ծաղիկը

խմբագրել

Ձյունն ու գարունն իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց միացան մի ծաղկի մեջ՝
Դարձան քնքուշ ձնծաղիկ:

Ձմեռն ինչքան կոպիտ, դաժան՝
Ջուր է՝ գարնան աչքերում,
Բարի լուրը հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:


Անվերնագիր

խմբագրել

...Իմաստը չեմ հասկանում:

Խեժն ինչո՞ւ է թոքերիդ
Նիկոտինն իր բաժանում:

Գալարվում է ծուխը վեր՝
Անիմաստ ու անտարբեր,
Նայում եմ՝ պարզ է դառնում։

Որ ծուխն ու դու իրարից
Անբաժան եք իսկապես՝
Մտածում եմ ինքս ինձ
Ու... դարձյալ չեմ հասկանում:

13.12.2016 թ.
Դպրաբակ


Մաղթանք ծննդյան օրվա

խմբագրել
Քաղցրիկիս՝ Ելենային

Այսօր տոն է քեզ համար,
Օր ծննդյան,
Մաղթում եմ քեզ նոր գարուն՝
Պերճ ու չքնաղ:

Տարին տարուն գումարվի
Ու դառնա կյանք,
Երանությամբ ապրիր միշտ,
Քեզ՝ երգ, հրճվանք...

18.10.2019
Ստեփանակերտ


Գրիչը ձեռքն է առնում...

խմբագրել

Գրիչը ձեռքն է առնում
Ու հակվում է սեղանին,
Թղթին գծեր է տանում
Չարաճճի մեր Անին:

- Ա՛պա*, գրել եմ, նայի,
Ա՛պա, հապա կարդա՝ տես...
- Ապան մատա՜ղդ լինի,
Ինչ լավ բալի՜կ ունեմ ես...
________

  • Ապա` պապիկ (Արցախի բարբառով)։


Մենք հանդիպո՞ւմ ենք

խմբագրել

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Կուզեի լիներ կայծակի՛ նման՝
Ամպրոպ-որոտո՛վ,
Ծովի խորությա՛մբ,
Երկնի պարզությա՛մբ,
Մաքրությա՜մբ լույսի:

Մեր հանդիպումը գուցե չլինի:
Բայց եթե լիներ՝
Թող այնպես լիներ,
Որ չկրկնվեր ուրիշ ո՛չ մի տեղ
Ու ո՛չ մեկի հետ...

...Մեր հանդիպումը գուցե չլինի՝
Հենց ա՛յն պատճառով,
Որ չդարձնե՜մ քեզ էլ մեղավոր:


Խոսում ես այնպես թեթև...

խմբագրել

Խոսում ես այնպես թեթև՝

կարծես քեզ վաղուց գիտեի,

Ընտրված բառերդ հատ-հատ,

հստակ են, անշեղ, անթերի,

Զրնգուն՝ ասես լինի

արձագանքն հոգուս խորքերի,

Միայն թե ուժ լինեն միշտ,

միայն թե չմնան գերի:

10.02.2022 թ.
Երևան-Ստեփանակերտ


Գնացիր...

խմբագրել

Գնացիր։ Ես գիտեի՝

հրաժեշտ ինձ չէիր տալու,

Գալո՞ւ ես։ Իսկ ես գիտե՞մ,

թե մեկ էլ երբ ես ետ գալու,

Սպասե՞մ։ Երկար է շատ,

վայրկյանը՝ մոտ հարյուր տարու,

Կսպասե՞մ այդքան երկար,

չգիտեմ՝ երբ եմ գնալու։

23.04.2022 թ. (ժ. 12:39)
Ստեփանակերտ


Չեմ ձգտել...

խմբագրել

Չեմ ձգտել, կյանքում երբեք

չեմ ընկնել փառքի ետևից,

Երեսին չեմ ասել թե՝

չեմ ասել երբեք ետևից,

Իմ գործն եմ առաջ տարել՝

տքնել՝ օր օրի ետևից,

Առջևում չեմ եղել թե՝

չեմ քայլել շարքի ետևից:

01.08.2021 թ. (ժ. 13:22)
Ստեփանակերտ-Մարտակերտ


Ոչ հավատալդ է գալիս...

խմբագրել

Ոչ հավատալդ է գալիս,
Ոչ չհավատալդ։

Այս ժամանակ կոչվածը`
Հրեղեն թռչուն,
Աչք թարթել չես հասցնում`
Այնպես է թռչում։

...Ոչ գա'լդ ես հասկանում,
Ոչ էլ` գնա՜լդ:

10.08.2022 թ. (ժ. 16:14), Ստեփանակերտ
31.12.2022 թ. (ժ. 18:54), Երևան, Շենգավիթ


Ինչպես իմ շունն՝ իմ դռանը

խմբագրել
Մի ընչաքաղցի

Դու կապված ես այդ բռանը,
Ինչպես իմ շունն՝ իմ դռանը։

Ու քանի դեռ մռմռանը
Չի մռռացել քեզ վրա`
Ու չի դրել քեզ քո տեղը`
Մռմռալով անխնա՝
Չես գտնելու դու քո տեղը`
Թեկուզ կանգնի քո ողջ ցեղը...


...Նայելու ես միշտ բռանը,
Ինչպես իմ շունն` իմ դռանը։

28.04.2023 թ. (ժ. 13:10), Երևան,
Կենտրոն
05.05.2023 թ. (ժ. 0:19), Երևան, Շենգավիթ

Կատուն և շունը

խմբագրել

Կատուն նստել է քարին,
Լուռ նայում է նկարին:

...Հեռվում կատու նկատած
Շունն աչքերը լայն բացել,
Եվ պատրաստվում էր ցատկել
Այդ... յուղաներկ նկարից:

...Զարմանում ես ակամա՝
Կատվի հանգիստ պահվածքից:

12.02.2023 թ. (ժ. 13:50), Երևան, Արաբկիր
04.03.2023 թ. (ժ. 12:00), Երևան, Արաբկիր


Ինքնախոստովանանք

խմբագրել

...Իսկ կյանքս համակ կյանքուկռիվ էր,
Պայքար էր՝ հանուն ճշմարտության,
Բայց ճշմարտությունն այնպե՜ս խռիվ էր,
Որ դժվար պարզես ինչ որ մի բան...

Իմ կողքով անցան «հաստափորները»,
Մրցանակները ամեն կարգի,
Որ տպում էին իմ ընկերները,
Ստանում հարկի ու անհարկի:

Իմ գրածները, բացարձակապես,
(Խոստովանում եմ՝ «թույլ եմ գրում»,
Ճոռոմաբանել չեմ սիրում ձեզ պես),
Անտիպ պահում եմ գզրոցներում:

Լավ է՝ անտիպ, քան՝ միևնույն շարքում
Ինքնահռչակված «հանճարներիդ»,
Գերադասում եմ քար լինել հիմքում,
Քան՝ ավելորդ սյուն՝ տաճարներիդ:

...Երբ սուտ խոսելիս չես կարմրում դու՝
Միամիտ-անմեղ փոքրիկի պես,
Նշանակում է՝ ճիշտ չես ապրում, ու,
Ճիշտ խորհուրդներ չեն տվել միշտ քեզ...

...Եվ կյանքս համակ կյանքուկռի՛վ էր,
Պայքար էր՝ հանուն արդարությա՛ն,
Բայց արդարությունն այնպե՜ս խռիվ էր,
Բայց... արդարություն վայ թե՝ չկա՛ր...


Ապրենք սիրով

խմբագրել
Որպես վերջաբան

Ապրում ենք մենք
Մեր հորինած
Երազների երկրում,
Ու երկիրն այդ
Ապրում է մեր
Քնքո՜ւշ-մաքուր երգում:

Երազները
Թող իրական դառնան,
Շոշափելի,
Երկիր ու հող,
Քար ու ծաղիկ՝
Կյանքո՜վ լեցուն լինի:

Երջանկություն
Մեզ բոլորիս՝
Անափ ու անսահման,
Ինչ էլ լինի՝
Կյանքում ապրենք
Միշտ հմա՜յքը գարնան: