Մի ավանդություն
1887
ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լրացնում են ավանդություններն ու արձանագրությունները։ Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը։ Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից։ Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը։ Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր-Դարը», հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները։ Անկասկած սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ։ Անշուշտ սա պետք է համարել ուրախալի երևույթ. ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»։ Ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին։
Դեռ շատ պատմական տեղեր մեր հայրենիքում մնացել են անհայտ ոչ միայն գիտնական աշխարհին, այլև մեր գրագետներին։ Այդ դասին է պատկանում և Լոռին՝ շնորհիվ յուր անմատչելի, ամուր դիրքի, որ մինչև այսօր պահել է ժողովրդի դյուցազնական ոգին և ստեպ-ստեպ ավազակներ, «իգիթներ», «աժդահաներ» է հարուցել և հարուցանում, իսկ վերջիններս «շլապկավորի» հետ չունին, և նրանց դուր գալու համար պետք է իրենց տարազով երևալ նրանց ձորերում։ Շատ անգամ հարցասերին չեն պատասխանում և թե պատասխանում են՝ [ 8 ] ծուռ ու սխալ, որովհետև վախենում են մի «խաթաբալա» չի դուրս գա մեջիցը։
Դսեղ գյուղը գտնվում է Լոռում, Ձորագետ (Բերգուջ կամ Դեբեդ) գետի աջ ափի վերա, այնտեղ՝ ուր նրա երկու մեծ ճյուղերը միանում են։ Նա կղզիացած է Լոռու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերո՛վ և չորրորդ կողմից՝ հարավից մի փոքրիկ լեռնաշղթայով պատած։
Դսեղ բառը կարծելի է, որ «դուրս տեղ» բառերից լինի կրճատված յուր զատված դիրքին հարմար։ Բնակիչները զուտ հայեր են՝ հարյուր տնից ավելի։ Դսեղը հայտնի է յուր «իգիթներով», բնակիչների կյանքի սահմանը իրենց երկրագործական մաճն է, հովվական մահակը և որսորդական հրացանը։ Խոսելով փոքրիշատե Դսեղի մասին, իմ նպատակս է պատմել մի ավանդություն, որ իբրև տեղացի լսել եմ ծերերից։
Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք․ բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ ավանդությունը։
Դսեղի դիրքը իսկապես շատ ամուր է, սակայն բազմաթիվ ավերակները ապացույց են, որ աշխարհավեր փոթորիկներ են անցել այս տեղով և ինչ ասել կուզե, որ միայն շինությունները չեն ենթարկվել նրանց կործանիչ ազդեցության։ Այդ ամուր անկյունում ևս անպակաս է եղել խռովություն, սուր և հալածանք։ Նրա բնակիչները ցրվել են զանազան կողմեր և այժմ ամբողջ գյուղեր են կազմում։ Եղել է ժամանակ, որ գյուղն ամայի անմարդաբնակ է մնացել, և բնակիչները գաղթել են ժամանակավորապես, օրինակ՝ Վրաստան։ Դսեղ գյուղի հին նշանները ցույց են տալիս, որ նա եղել է երբեմն մեծ ու հարուստ։ Գյուղից շատ ու քիչ հեռավորության վերա գյուղացիները շինության համար քար հանելու ժամանակ գետնի տակից գտնում են տան պատեր, զանազան տեսակ ամանի կտորներ և այլ իրեր։ Գյուղացիներից մեկը, օրինակ, տան տեղ փորելու ժամանակ գտավ գետնի տակ երկու մեծ սենյակի տեղ՝ սալած բավական մեծ-մեծ կարմիր ներկած աղյուսներով․ մի կողմը կար մի փոքրիկ տաշտաձև ավազան [ 9 ] քարյա, իսկ մեջտեղը մի աղյուս չորս մաս բաժանած գծերով և ամեն մասում մի կնիք և մի տառ (ոչ հայերեն), որոնց նշանակությունը դեռ չէ բացատրված։ Դժբախտաբար չկարողացա ընդօրինակել այդ, որովհետև վերան ցորենի շտեմարան էր շինած։ Գյուղացիները այդ տան տեղին «Թագավորի աղջկա բաղնիս» են անվանում։ Գյուղի շրջակայքում կան շատ հանգստարաններ, որոնցից մի քանիսն արդեն անհետացել են, և տեղերը երկրագործի խոփն է վարում։
Գյուղի մեջ գտնվում են երկու հանգստարաններ՝ հին և նոր։ Հինը, որ բավականին մեծ է, լիքն է խաչարձաններով։ Այդ խաչարձաններից նշանավոր են երկուսը՝ բարձրությամբ մոտ երկու սաժեն։ Նրանցից մեկը խաչարձանն է՝ կանգնած երեք մեծ քարերից կազմած պատվանդանի վերա․ նրա գլուխն ևս, որպես առհասարակ խաչարձաններինը, խոնարհեցրած է, գուցե անձրևից պահպանելու համար, և կոչվում է «ծածկան» (ջոկ քար է)։ Նրա քանդակները շատ նուրբ են։
Խաչարձանի ճակատին (ծածկանի վերա) քանդակած է Փրկիչը՝ նստած դիրքով, աջ ձեռքով բարձրացրած, իսկ ձախ ձեռքին բռնած մագաղաթ՝ վերան գրած՝ «Ես եմ լոյս աշխարհի», շուրջը այլ պատկերներ և ներքև կա խաչած Հիսուսը. խաչի գլխին գրած է «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից մի աջ և մի աղավնի, շուրջը՝ «Աջ Տեառն և հոգի Աստուծոյ». ապա խաչյալ Հիսուսի բևեռած մի ձեռքից մինչև մյուսը խաչի վերա՝ «Ձեռք որ զերկինս արարին տարածեցան ի խաչիս». խաչի մի կողմը կանգնած են «Հովհաննես» և «Նիկոդիմոս», մյուս կողմն՝ «Աստվածածին» և «Հովսեփ», ձեռքին «կտավ». խաչի ներքև գլուխն է «Ադամի»։
Պատվանդանի վերա կա հետևյալ արձանագրությունը, որ իսկապես մեր ուշադրության ամենից ավելի արժանի մասն է։
Ի թվ. ՉԼ.
Ողորմութեամբն Աստուծոյ ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զԽէչս յանուն Գրիգորոյ որ զուր և դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց և զմարդոյ էղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք», պատվանդանի ձախ երեսին՝ «Վահրամ յիշեցէք»։ [ 10 ] Նույն հանգստարանում հիշյալ արձանից դեպի արևմտա-հյուսիս գտնվում է մի այլ արձան՝ չորսանկյունի և չորս երեսն ևս քանդակած։ Այդ քանդակների նշանակությունը զանազան կերպով են բացատրում գյուղացիները։
Նրա պատվանդանի վերա կա հետևյալ բավական անմիտ արձանագրությունը. «Ես Վահրամ զաւտար շինաբ քաննկ թողի վկայ ապնայն Գագկայ Խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին»։
Գյուղացիները մեր հիշած երկու հուշարձանները համարում են քույր և եղբոր խաչարձաններ։ Առաջինին եղբայր―Լուսավորիչ, երկրորդին քույր―Աստվածածին անվանելով։ Այժմ մենք կաշխատենք գտնել, արդյոք այդ ավանդությունը հիմք ստանո՞ւմ է մեր պատմագրերից ևս։
Առաջինի արձանագրությունից իմացանք, որ զուր ու դառն մահվամբ ի Քրիստոս փոխված մի անձնավորություն է Գրիգոր անունով․ իսկ երկրորդից չիմացանք, թե Գագիկի՞նն է թե՞ Խորիշահինը։ Եթե ենթադրենք՝ ժողովրդի ավանդությունը ճշմարիտ է, և քույր ու եղբայր են դրանք, ուրեմն այս մահարձանն՝ էլ քրոջ համարելով՝ կարող է Խորիշահինը լինել և ոչ Գագիկինը, որովհետև Խորիշահ կնոջ անուն է և ոչ Գագիկ։ Սակայն ովքե՞ր են դրանք։
Մեր կարծիքով, առաջինը պետք է լինի Գրիգոր Մամիկոնյան Մարզպանը՝ որ ապրում էր ԺԲ դարում և Խորիշահը՝ նրա քույրը։ Դսեղ գյուղին մոտերքը գտնվող սուրբ Գրիգոր կոչված մի վանքի արձանագրության մեջ հիշված է «ԹՎ. ՈՂ. Գրիգոր որդի Մարծպանայ…»― «ԹՎ. Ոկզ-Ես Կոստանդ որդի Գրիգոր<ի>, թոռն Համազասպայ…»։ Իսկ մեր պատմիչներից էլ Կիրակոս պատմագիրը, որ ժամանակակից էր Գրիգոր Մամիկոնյանին և Սանահին էր ուսանում վանական վարդապետի մոտ, որ նույնպես մոտ է Դսեղին, Նետողաց ազգի սովորությունները պատմելուց հետո գրում է. «Զայս ամենայն պատմեաց մեզ Գրիգոր Մամիկոնեան…»։ Մի ուրիշ տեղ ևս. «Յետ Համազասպայ եղև Մարզպան Հայոց Գրիգոր Մամիկոնեան ամս տասն զոր սպանեն խազերք…»։ Նույն դարու պատմաբաններից շատերն են հիշում այդ Գրիգորին։
Իսկ երկրորդը՝ Աստվածածինը, պետք է լինի սրա քույրը՝ [ 11 ] Խորիշահը, որպես հիշած է սուրբ Գրիգորի արձանագրության մեջ «Ամքլեա դայեակ Խորիշահի դստեր Մարզպանայ…». իսկ մենք գիտենք, որ վերոհիշյալ Գրիգորն ևս Մարզպանի որդին էր։ Կիրակոս պատմագիրը գրում է… «զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ յազգէ Մամիկոնէից դուստր Մարզպանայ քոյր Ասլան-Պէկին և Գրիգորոյ…»։
Մենք կարծում ենք, որ հուշարձանների և ս. Գրիգորի անունով վանքի արձանագիրները և Կիրակոս պատմիչի խոսքերը բավական հաստատություններ են, որ այդ գերեզմանները Մամիկոնյան Գրիգորինն և նրա քույր Խորիշահինն են։ Սակայն լսենք, թե ժողովուրդը ինչ ձևով է պատմում այդ ավանդությունը։ Մամիկոնյանները ԺԱ և ԺԲ դարերում գոյություն ունեին Դսեղ գյուղում և այնտեղ իրենց համար կալվածներ ունեին, որպես հիշված է արձանագրությունների մեջ, որոնցից հայտնի են Ասլանբէկ և Գրիգոր՝ որդիք Մարծպանայ. Համլիկ՝ որդի Սմբատայ, Մարծպան՝ որդի Սարգսի, Սարգիս՝ որդի Սմբատայ, որդւոյ Համազասպայ-Մարծպանայ, Կոստանդ՝ որդի Գրիգորի, թոռն Համազասպայ, Համազասպ Մամիկոնեան. Վասակ՝ որդի Սմբատայ։
Բայց ահա և ավանդությունը։
Մի ժամանակ, երբ Հայոց թագավորությունը արդեն վերջացել էր, ամեն մարդ ինքն յուր գլխի տեր և թագավոր էր համարում։ Ահա այս Լուսավորիչն էլ այն ժամանակ յուր համար զորք ու տերություն «սարքած» ժողովուրդը խաղաղ կառավարում էր ու «թշնամու աչքը հանում»։ «Անօրենները», որպես իրենց սովորությունն էր, հավաքվել էին իրանց երկրիցը, «չու քաշել», ուրիշ աշխարհներ էին քանդում ավարառության ու սպանության համար։
Այս Լուսավորիչը (Գրիգորը), որ մի խելոք, արթուն ու քաջ մարդ է եղել, պահապաններ է կարգել սահմաններումն ու Դդի*)[1] գլխին մարդիկ է դրել, որ եթե մի անսովոր շարժում տեսնեն՝ զանգահարեն, իմաց անեն իշխանին։ «Անօրենները» [ 12 ] եկան մոտեցան մեր երկրի սահմանին և իմացան Lուսավորիչ իշխանի զորության, քաջության մասին։ Նրանց գլխավորը, որ մի խորամանկ և խելոք մարդ է եղել, կանգնեցրել է յուր զորքին ու ասել. «Քաջությունը երկու տեսակ է, նրանցից մեկը բազկի է, որի զորությամբ հասել ենք մինչև այստեղ, իսկ մյուսը՝ խելքի, որ գերազանց է բազկի քաջությունից. շատ բաներ պատմում են այս երկրի իշխանի ու ժողովրդի քաջության մասին, և դուք տեսնում եք, թե որքան անմատչելի է երկիրը։ Ասում են, որ այդ իշխանը պահակներ, դիտողներ ունի կարգած, և մենք մինչև առաջ դրանց չձեռք բերենք՝ չենք կարող մոտենալ իշխանական շենին»։ Այսպես խոսեց և յուր զորքերից կորովիները մի խումբ կանացի շորով՝ ներքուստ զինվոր, ճանապարհ ընկան իրենց տիրոջ հրամանը կատարելու։ Մնացած զորքը նույն տեղում պետք է սպասեր մինչև գիշերվա հասնելը։ Ուղարկված զինվորները հասան և կանացի շորով իբրև ուխտավոր, ամեն բան վերջացրին իրենց տիրոջ հրամանի համեմատ՝ «պահակներին ու դիտողներին սպանեցին»։ Յուր ապարանքում քնած միջոցին բարբարոսները հարձակվում են վայրենաբար շենի վերա։ Գրիգոր իշխանը աղմուկ լսելով, վեր թռավ, առավ յուր սուրը և վազեց թշնամու առաջ, բայց արդեն ուշ էր զորքը կարգի բերել․ սարսահար ժողովրդի մի մասը փախան ձորերը, մի մասը կռվեցավ և մեռավ այնտեղ, սպանվեցավ և Գրիգոր իշխանը։ Նրա քույրը (Խորիշահ) լսելով այս, սուր առավ և վազեց եղբորն օգնություն, կռվեց և նա ևս սպանվեցավ այնտեղ և քույր ու եղբայր թաղվեցան, ուր որ ընկան։ Անօրենները ավերեցին, քանդեցին շենը, որը կրակեցին, որը ավար առան ժողովրդի ստացվածքից։ Ժողովուրդը արձան կանգնեց յուր քաջ նահատակների վերա և հարգեց ու որդոց-որդի ավանդեց նրանց արարքն ու վախճանը մեզ։
Ինչպես ընթերցողը տեսնում է, այս ավանդությունը ամենևին չէ հակառակում Կիրակոս պատմագրի պատմածին՝ Գրիգոր Մամիկոնյանի մահվան մասին։
Այս բոլորը ի նկատի առնելով, մեզ համար անկասկածելի է, որ հիշյալ խաչարձանները պատմական հիշատակներ են Գրիգոր Մամիկոնյանի և նրա Խորիշահ քրոջ վերա։
Տողատակեր
խմբագրել- ↑ Դիդ երևի դետ, դիտել բառիցն է հորինված։ Այդպես կոչվում է Դսեղ գյուղի մոտ գտնված մի փոքրիկ բլուր։