Մի բեկոր Եվրոմիություն հայ-թուրքական սահմանին
- «Միջանկեալ տարբերակ տեսնել Ուիլսընեան հողամասին վրայ. այսինքն Թուրքիան Արևմտահայաստանի վարձակալ դարձնել ու եկամուտ յուսալ … ըսելով «ես իրաւունքներն եմ ուզում այդ հողերի վրայ, ոչ թէ հողեր եմ ուզում», անհասկանալի կը մնայ մեզի»:
- Նորա Պարութճեան, Հանդիպում Արա Պապեանի հետ, «Հայկական հարցի լուծման հայեցակարգ» մը, Նոր Յառաջ, Փարիզ, 29 Դեկտեմբեր, 2009, էջ 9:
- «Միջանկեալ տարբերակ տեսնել Ուիլսընեան հողամասին վրայ. այսինքն Թուրքիան Արևմտահայաստանի վարձակալ դարձնել ու եկամուտ յուսալ … ըսելով «ես իրաւունքներն եմ ուզում այդ հողերի վրայ, ոչ թէ հողեր եմ ուզում», անհասկանալի կը մնայ մեզի»:
Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման մեծագույն դժվարությունը, պատմական Հայաստանում հայության լիովին բացակայությամբ հանդերձ, 6.5 մլն քրդերի և թուրքերի առկայությունն է «վիլսոնյան Հայաստանում»: Ակնհայտ է, որ ապագայում ինչպիսի լուծում էլ ստանա Հայկական հարցը, այդ մարդիկ շարունակելու են ապրել վերոհիշյալ տարածքում: Այսինքն, այդ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանության ուղղակի և անվերապահ հաստատումը (ինչը ժողովուրդն առօրյա լեզվում ասում է «հողերի միացում Հայաստանին») կարող է խաթարել Հայաստանի հայկական էությունը և համապետական առաջին իսկ ընտրության ժամանակ վերջ դնել նրա՝ որպես ազգային պետության, գոյությանը: ՀՀ-ում ներկայումս ուղիղ 2 անգամ ավելի քիչ մարդ է ապրում, այսինքն՝ քվե ունեցող կա, քան «վիլսոնյան Հայաստանում»: Ցեղասպանությունը, պատերազմներն ու հայրենի իշխանությունների ապիկար կառավարումն իրենց գործն արել են:
Ուստի անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակում գտնել վերոհիշյալ տարածքի վրա ՀՀ de jure իրավատիրությունը և Թուրքիայի de facto տիրապետումը համադրելու այնպիսի ձև, երբ Հայաստանը կվերականգնի իր իրավունքների զգալի մասը «վիլսոնյան Հայաստանում», սակայն զերծ կմնա իր քաղաքական ճակատագիրը քրդերի և թուրքերի ձեռքը հանձնելուց: Միևնույն ժամանակ, որպեսզի լուծումն իրականանալի լինի, անհրաժեշտ է, որ գետնի վրա շատ բան չփոխվի: Այսինքն, անհրաժեշտ է, որ հարցի լուծման ձևը Թուրքիայի համար լինի արժանապատիվ ելք ստեղծված իրավիճակից և ոչ թե՝ վերակացուի մտրակի տակ արվող քայլ:
Հնարավոր լուծումներից մեկը տարածքային վարձակալության ուղին է: (Ավելի դյուրամարս լինելու համար այդ ծրագիրը կարող է հանդես գալ այլ անվանումով, օրինակ՝ Հաշտության ուղի /The Path to Reconciliation/ կամ նման մի բան:) Այսինքն, «վիլսոնյան Հայաստանի» տարածքը տնօրինողը (Թուրքիան) տարածքի իրավատիրոջից (Հայաստանից) երկարաժամկետ վարձակալում է այն: Համապատասխանաբար, Հայաստանի և Թուքիայի Հանրապետությունները, միջազգային գերուժերի մասնակցությամբ և երաշխիքով, կնքում են երկկողմ պայմանագիր, որը «վիլսոնյան Հայաստանի» վրա 2 կողմերի համար երաշխավորում է մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի, ինչպես նաև տարանցիկ անկաշկանդ ու անվճար բեռնափոխադրման իրավունք: Միևնույն ժամանակ տարածքն ապառազմականացվում է հարձակողական զինուժից:
Թեև առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան շատ բան է զիջում, սակայն, էության մեջ, վերոհիշյալ կետերը, բացառությամբ տարածքային վարձավճարի, ցանկացած երկրի՝ ԵՄ անդամակցելու նախապայմաններն են: Նշյալ կետերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը ցույց կտա նաև, թե ինչքանով է Թուրքիան գործնականում պատրաստ ԵՄ անդամակցությանը:
Այսուհանդերձ, օրինական հարց կարող է առաջանալ.
– Ինչո՞ւ Թուրքիան պիտի գնա դրան:
Որովհետև դա առաջին հերթին ձեռնտու է Թուրքիային: Թուրքիայի համար Հայկական հարցի լուծումն անհրաժեշտություն է: Առանց այդ հարցի լուծման (և ոչ թե՝ լուծման պատրանքը ստեղծելու, ինչպես ներկայումս անում են Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները) Թուրքիան չի կարող իրականացնել ներկայիս իր հիմնական նպատակը՝ դառնալ կամ գոնե համարվել շրջանային գերուժ: Չնայած բոլոր ջանքերին՝ թուրքական պետականության նավը չի կարողացել և չի կարողանում դուրս գալ մեծ նավարկության: Չլուծված Հայկական հարցը, փոքրիկ ստորջրյա խութի պես, մշտապես կաշկանդում և կաշկանդելու է այդ նավի ընթացքը:
Կարճ ասած՝ տարածաշրջանային կայունության և բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղադրել մի բեկոր Եվրոմիություն՝ մի տարածք, որը բաժանելու փոխարեն կմիավորի երկու երկրներին ու ժողովուրդներին: Տարածք, ուր 2 երկրներն էլ կունենան որոշակի և ամրագրված իրավունքներ և պարտականություններ:
Մի քանի ամիս առաջ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական հնագույն բերդաքաղաքներից մեկի՝ Արցախի Տիգրանակերտի պեղումներին: Դարեր շարունակ բերդի պարիսպների հսկայական ժայռաբեկորներն անսասան են եղել, որովհետև միմյանց նաև ագուցված են եղել ոչ մեծ հանգույցներով: Երբեմն փոքր հանգույցներն անհամամասնորեն մեծ դեր ունեն մեծ ժայռաբեկորների կյանքում:
Հայկական հարցի լուծումը, բայց ոչ երբեք՝ լուծման պատրանքը, ագուցող հանգույցի դեր կունենա ողջ Միջին արևելքի համար, հետևաբար էապես կնպաստի տարածաշրջանային կայունությանը:
10 հունվարի, 2010թ.