ՄԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻ ԱՌԹԻՎ[1]

Պրոֆ. Հ. Մանանդյանի աշխատությունը`«Առևտրի և Հայաստանի քաղաքների մասին, հին ժամանակների համաշխարհային առևտրի կապակցությամբ»[2] գրախոսել է ընկ. Հակ. Զորյանը[3] «Նոր ուղի»[4] հանդեսի 4-րդ գրքում, մի քանի ճիշտ դիտողությունների հետ անելով մի շարք անհիմն եզրակացություններ, որից չափազանց տուժում է նրա գրախոսականը։

Ընկ․ Հակ․ Զորյանը նպատակ է դրել ցույց տալու այս աշխատության «մի շարք մեթոդոլոգիական բնույթի սխալները»։ Բերելով հայ բուրժուական պատմագրության մեջ ընդունված պատմական շրջանների տախտակը՝ ընկ․ Զորյանը ճիշտ է նկատում, որ այդ պերիոդիզացիան ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագրության սկզբունքների հետ, և միաժամանակ ընդգծում է, մոտավոր ճշտությամբ, տնտեսական ֆորմացիաներով պատմության այս կամ այն շրջանը բաժանելու կարևորությունը։

Խնդիրն այստեղ այն չի, թե որքան է ընկ․ Զորյանին հաջողվել լրիվ ձևակերպում տալ տնտեսական ֆորմացիաների և նրանց նշանակության։ Խնդիրն այն է, որ պերիոդիզացիայի մասին արած նրա ճիշտ դիտողությունները պրոֆ․ Մանանդյանի գրքին չեն վերաբերվում, և ասված է «հավուր պատշաճի»։ Պրոֆ․ Հ․ Մանանդյանի գիրքը վերաբերվում է ֆեոդալիզմի շրջանի առևտուրին և Հայաստանի քաղաքներին, և այդ միայն՝ համաշխարհային առևտրի տրանզիտ ճանապարհի նշանակության կապակցությամբ: Այս է, որ կա՛մ չի հասկացել ընկ․ Հակ․ Զորյանը և կա՛մ անգիտացել է, հանգելով այնպիսի եզրակացությունների, որոնք ոչ մի առնչություն չունեն ո՛չ այս գրքին ոչ է՛լ մարքսիստական պատմագրության հետ։

Մենք նորից ենք ընդգծում գրքի բովանդակության սահմանափակ լինելը, որ երևում է հենց վերնագրից։ Հեղինակը չի տալիս ֆեոդալական շրջանի Հայաստանի ամբողջ առուտուրի նկարագիրը, բոլոր քաղաքների առաջանալու պատմությունը, այլ միայն որոշ նյութեր (որից մեծ մասը բոլորովին նոր է մեր պատմության համար և շատ արժեքավոր) մի քանի քաղաքների մասին՝ կապված համաշխարհային առևտրի ճանապարհի հետ, որի մի մասն անցնում էր Հին Հայաստանի տերիտորիայի վրայով:

Ասացինք, որ Հակ․ Զորյանը մոռացության է տվել այն, որ պրոֆ․ Մանանդյանի նկարագրած շրջանը ամփոփվում է միայն ֆեոդալիզմի մեջ։ Բուրժուական պերիոդիզացիան եթե երբեմն, իբրև թույլ հետքեր, հանդես է գալիս գրքում, բացառապես կապվում է տրանզիտային առևտրի ճանապարհի վրա ունեցած ազդեցության հետ, իբրև քաղաքական և տնտեսական իրադարձություններ, որոնք անխուսափելիորեն այս կամ այն ազդեցությունը պիտի անեին այդ ճանապարհի և համաշխարհային առևտրի վրա։ Բայց սա այն պերիոդիզացիան չէ, որի դեմ շատ տեղին առարկում է ընկ. Հակ․ Զորյանը։

Ֆեոդալիզմի բնորոշումը, որ, իբրև թե, անում է պրոֆ. Մանանդյանը իր աշխատության մեջ, Հակ․ Զորյանը աղավաղված է բերել, թեև հեղինակը իր աշխատության մեջ նպատակ էլ չի դրել բնութագրելու ֆեոդալիզմը։ Հակ. Զորյանը գրում է. «Ֆեոդալական» կամ «ֆեոդալիզմ» հասկանում է որոշ կախյալ դրությունների զարգացում» («Նոր ուղի», էջ 133)։ Այդպիսի նախադասություն գոյություն չունի պրոֆ․ Մանանդյանի մոտ։ Գրքի էջ 37-ի վրա գրված է. «Ամենայն հավանականությամբ՝ որոշ կախյալ դրությունների (зависимость) զարգացումը, որոնց (այսինքն՝ դրությունների—Ա․ Ս․) մենք անվանում ենք ֆեոդալական, կատարվում էր տոհմային կարգերի քայքայման զուգընթաց և միաժամանակ»:

Ընկ. Հակ. Զորյանը պետք է համաձայնվի, որ ֆեոդալիզմի այս ոչ լրիվ և գիտական բնորոշումը տարբեր է նրա ցիտատից։ Ինչպե՞ս է հանում գրախոսն այստեղից, թե ֆեոդալիզմը բնորոշված է միայն «իրավական նորմաների տեսանկյունից»՝ այդ մնում է գրախոսի գաղտնիքը։

Որտեղի՞ց է եզրակացնում ընկ․ Հակ․ Զորյանը, թե, ըստ պրոֆ. Մանանդյանի, Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում շարժիչ ուժը հանդիսանում են ազգամիջյան պատերազմները և վերջինով առաջ եկած տնտեսական փոփոխությունները»։ Նախ՝ ի՞նչ «ազգամիջյան պատերազմներ» են ֆեոդալիզմի ժամանակ. ինչո՞ւ ընկ. Զորյանը, թեկուզ համառոտ, չի տալիս ֆեոդալիզմի շրջանի «ազգամիջյան պատերազմների» սոցիալ-դասակարգային վերլուծությունը: Որովհետև այդպիսի արտահայտություն չկա պրոֆ. Մանանդյանի գրքի մեջ, պետք է ենթադրել, որ այդ սխալ ձևակերպումը պատկանում է գրախոսի գրչին, և ուրեմն՝ „с больной головы на здоровую*, ինչպես ասում է առածը։ Ապա՝ մի՞թե ընկ. Զորյանը առարկում է այն մտքի դեմ, որ, ասենք թե, հռովմայեցիների և պարթևացիների իրար հետ ունեցած «ազգամիջյան պատերազմները» (գրախոսի տերմինով) կարող էին ազդել և ազդում էին առևտրական ճանապարհների ուղղության և նրանց դերի վրա։ Ընկ. Զորյանի դիտողությունը ճիշտ կլիներ, եթե նա հիշատակեր, որ քաղաքական անցուդարձերը, իբրև արտահայտություն ներքին տնտեսահասարակական ուժերի, ունենում էին իրենց ոչ պակաս կարևոր ազդեցությունը՝ տվյալ դեպքում տրանզիտ առևտուրի վրա։

Ճիշտ դիտելով, որ «հայ բուրժուական պատմագրության գաղափարախոսների՝ հայ բուրժուազիայից ստացած հիմնական սոցիալական պատվերներից մեկն էլ եղել է այն, որ ցույց տրվի... թե Իսլամի տիրապետությունը Հայաստանի վրա եղել է աղետաբեր և կործանարար», ընկ. Զորյանը 30 տարվա ժամանակաշրջանի համար «ներումն» շնորհելով պրոֆ. Մանանդյանին՝ հանկարծ անցնում է քաղաքների հիմնադրման, մոլորության մեջ թողնելով ընթերցողին, թե ի՞նչ կապ ունի վերևի ակնարկը նրա հաջորդ էջի ցիտատների հետ, որոնք ցույց են տալիս պրոֆ. Մանանդյանի «սխալ» մեկնաբանությունը... քաղաքների հիմնադրման։

Մի րոպե դնենք, թե ճիշտ է ընկ. Հակ․ Զորյանի գնահատականը։ Բայց, «մեթոդոլոգիական բնույթի խնդիրների» տեսակետից, ի՞նչ կապ ունեն այն ցիտատները, որոնք ցույց են տալիս, թե քաղաքները հիմնում են» թե՛ հայ և թե՛ սելջուկ իշխանավորները։ Ընթերցողը ինչպե՞ս հասկանա մտքի այդ «թռիչքը», որ ինքնին հակասություն է առաջին պարբերության, ըստ որի՝ քաղաքները պիտի հիմնեին հայ իշխանավորները, և կործանեին սելջուկ իշխանները։

Միայն այդ չի Հակ. Զորյանի գրախոսության թերությունը։ Նա «մոռացության» է տվել այն, որ պրոֆ․ Մանանդյանի գրքում, հակառակ հայ բուրժուական պատմագրության կոնցեպցիայի, առանձնապես շեշտված է քաղաքների բարեկեցությունը Սելջուկյան տիրապետության ժամանակ (էջ 184), հայերի և սելջուկների կուլտուրական մերձեցումը և այդ մերձեցման դրական կողմերը (էջ 185—186), առևտրի և տնտեսական կյանքի զարգացումը Հայաստանի հարավում՝ մոնղոլական տիրապետության շրջանում (էջ 204—207)։ Էլ ո՞ւր մնաց 50 տարվա ժամանակաշրջանի «բացառությունը», ընկ. Զորյան։

Ընկ. Զորյանը չի նկատել, որ ինքը ակնբախ հակասության մեջ է ընկում, ավելի ճիշտ՝ պրոֆ. Մանանդյանի գրքից բերած ցիտատը հենց հարվածում է իրեն, գրախոսին։ Զորյանը գրում է («Նոր ուղի», էջ 137), որ, իբրև թե, քաղաքների հետագա զարգացումը պրոֆ. Մանանդյանը բացատրում է «միակ մի ազդակով՝ տրանզիտային առևտրական ճանապարհների վրա կառուցված լինելով»։ Շարունակության վրա գրքից բերված ցիտատն ասում է, որ «նոր քաղաքների առաջացումը, այդ կենտրոնների ծաղկումը կամ անկումը... նշանակալի չափով բացատրվում է համաշխարհային առևտրական հարաբերությունների լայն զարգացմամբ»։ Գրախոսի իսկ բերած ցիտատի միտքը և յուր մեկնությունը տարբեր բովանդակություն ունեն. «նշանակալի չափով» չի նշանակում «միակ մի ազդակ», ընկ. Զորյան։ Գրախոսելու այսպիսի պրիոմը ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագիտական քննադատության հետ։

Պրոֆ. Մանանդյանը ենթադրում է, որ քաղաքների տեղադրությունը տրանզիտ ճանապարհի մոտ նպաստել է նրանց զարգացման։ Հակ. Զորյանը «տեղադրությունը» դարձնում է «վայրի դիրք» և Մանանդյանի պատմագրական կոնցեպցիայի մեջ գտնում երկրորդ, «միակ հիմնական» ֆակտոր՝ աշխարհագրական ֆակտոր։ Իհարկե, պարզ է, որ առևտուրն է պայմանավորում քաղաքների ընտրության վայրը։ Բայց մի՞թե մահացու մեղք է ասել, որ քաղաքների տեղադրությունը, այսինքն՝ այս կամ այն կարևոր առևտրական ճանապարհի մոտ լինելը, նպաստում էր այդ քաղաքների և նրանց առևտուրի զարգացման։

Պրոֆ. Մանանդյանի աշխատության մեջ հիշատակված է, թե ինչպես տրանզիտային առևտրի համաշխարհային ճանապարհի նոր ուղղությունը նպաստում է այսպես կոչված Բագրատունիների շրջանի քաղաքների ճոխացմանը և զարգացմանը։ Նախկին աննշան ամրոցները և ֆեոդալների դղյակները վեր են ածվում վաճառաշահ քաղաքների, կառուցվում են վաճառատներ, պահեստներ, իջևաններ և այլն։ Հետաքրքիր է, որ Հայատանի քաղաքների առաջացման մասին բերված նոր այդ փաստերը վկայում են, որ միջնադարի քաղաքները մեզանում ևս առաջացան նույն կարգով, ինչպես մինչև այժմ հայտնի էր արևմտյան Եվրոպայի համար։ Պրոֆ․ Մանանդյանի աշխատության այս էջերը ծանր հարված են հայ նացիոնալիստական պատմագրության այն դիրքավորման, ըստ որի՝ Անի և Կարս քաղաքների զարգացումն ու կարճ ժամանակում ճոխանալը վերադրվում է Բագրատունյաց թագավորների «աստվածատուր խելքին»։ Որտե՞ղ է գտել Հակ․ Զորյանը, թե պրոֆ. Մանանդյանը «փառաբանում է» Բագրատունիներին։ Մենք վճռական կերպով հայտարարում ենք, որ այս աշխատության մեջ այդպիսի ակնարկ անգամ չկա։ Եթե լիներ, Հակ․ Զորյանը ըստ երևույթին չէր զլանա մեջտեղ բերելու։

Բայց այստեղ կարևորը «մեթոդոլոգիական բնույթի» մի խնդիր է, որում ընկ. Զորյանի սխալը ձևակերպվում է իբրև ո՛չ մարքսիստական պատմագրական գնահատություն։ Ճիշտ կերպով դնելով խնդիրը, թե հայ բուրժուական պատմագրությունը շարունակ սև է նկարագրել արաբների տիրապետության շրջանը Հայաստանում, ընկ․ Զորյանը սխալվում է, կարծելով որ մարքսիստական պատմագրության վերջին խոսքը կլինի, եթե ասի, թե արաբների տիրապետությունը Հայաստանի քաղաքների համար բերեց բարգավաճում, իսկ Բագրատունիներինը՝ ոչ, որովհետև առաջինները մահմեդական էին, իսկ երկրորդները լուսավորչական, և որովհետև մինչև այժմ հայ նացիոնալիստները սևացրել են արաբներին, ապա «մարքսիստական» կլինի և արխի-ինտերնացիոնալիստական, եթե այժմ ինքը սևացնի Բադրատունիներին և սպիտակացնի արաբացի ֆեոդալներին։

Իհարկե, այս ուլտրա-ինտերնացիոնալիզմը ոչ մի առնչություն չունի մարքսիստական պատմագրության հետ, որովհետև վերջինս մի չափով է չափում բոլոր տեսակի ֆեոդալներին՝ արաբ թե հայ։ Եթե Զորյանն անհիմն դիտողություններ է անում պրոֆ. Մանանդյանի «փառաբանմանը» Բագրատունիների շրջանի համար, ապա մենք կարող ենք բերել բավական հիմնավոր ապացույցներ հենց իր՝ Հակ․ Զորյանի հոդվածից, որտեղ իսկական փառաբանություն կա արաբացի ֆեոդալների կարգերի նկատմամբ։ Նացիոնալիստական պատմագրությանը մի՞թե հակադրում կլինի, եթե պախարակենք «մեր ֆեոդալին» և վեր հանենք «օտար ֆեոդալին»։ Այս մակերեսային և մեխանիստական ըմբռնումը շատ հեռու է մարքսիստական պատմագրության պրինցիպներից։ Էլ ինչու՞ է պրոֆ. Մանանդյանը դառնում «բուրժուական պատմագրության ռեստավրատոր», երբ նա ապացուցում է, որ Բագրատունիների քաղաքները՝ Անին և Կարսը, արագ զարգացել են արաբական և Բագրատունի ֆեոդալների տիրապետության տակ, որովհետև այդ շահավետ էր երկուսին էլ (մեկը հարկ էր առնում Բագրատունիներից, իսկ վերջինս հարկերի ամբողջ ծանրությունը գցում էր գյուղացիների վրա)։

Մենք վերն ասացինք, որ իր աշխատության մեջ պրոֆ. Մանանդյանը (էջ 204—207) շեշտում է այն, որ մոնղոլական տիրապետության ժամամանակ (13-րդ դարի վերջում) ճանապարհների տեղափոխումը նպաստում է Հայաստանի հարավային մասի զարգացմանը։ Այդ կողմերը առաջանում են նոր հայկական քաղաքներ՝ մոնղոլների տիրապետության տակ։ Այդ մենք բերինք ապացուցելու, որ ընկ․ Հակ․ Զորյանն անպատասխանատու հայտարարություն է անում, թե պրոֆ․ Մանանդյանն այս աշխատությամբ «տնտեսական ֆակտորով հիմնավորում է հայ բուրժուազիայի սոցիալական պատվերը» («Նոր ուղի», էջ 139)։

Իսկ Հակ․ Զորյանը 142-րդ էջի վրա գրում է․ «Սույն (այսինքն՝ 13-րդ—Ա. Ս.) դարի վերջում կատարվում է Հայաստանի առևտրական պունկտ հանդիսացող վայրերի տեղաշարժ․ եթե մինչև 13-րդ դարի վերջը առևտրական հարաբերությունների ցանցը հյուսիսային Հայաստանում էր գտնվում, ապա 13-րդ դարի վերջերից Հայաստանի հարավին է վիճակվում այդ դերը»։ Ընթերցողն արդեն նկատեց, որ Հակ. Զորյանը կրկնեց պրոֆ․ Մանանդյանի ասածն ամբողջությամբ և այն ասածը, որի համար Զորյանը պրոֆ․ Մանանդյանին անվանում է հայ բուրժուազիայի սոցիալական պատվերը կատարող։

Այս ի՞նչ լոգիկա է, «եղբայր պատվական»։

ճիշտ է, որ 1922 թվին տպված յուր աշխատության մեջ պրոֆ․ Մանանդյանը բուրժուական պատմագրության լիաբուռն տուրք է տվել, սխալ մեկնաբանելով մոնղոլների մուտքը Հայաստան, բայց գրակա՞ն քայլ եք համարում, ընկ․ Զորյան, որ հեղինակը 1931 թվին տպած իր նոր գրքում հրաժարվում է հին տեսակետներից և մոտենալով մարքսիստական պատմագրության՝ նոր արժեքավորում է տալիս, որից հափշտակվելով դուք, վերցնում եք այն ամբողջությամբ և ոչ մի խոսք չասելով այդ մասին՝ շտապում եք ծածկելու այդ գործողության հետքերը հորինելով անհիմն, միանգամայն մտացածին բացատրություն, թե պրոֆ. Մանանդյանը երկու տեսակ մոնղոլ է ընդունում մինչև մահմեդական կրոն ընդունելը և նրանից հետո։

Այս մարքսիստ պատմաբանին հատուկ պրիոմ չի, ընկ. Զորյան։ Այսպես անելով դուք սքողում եք գրքի հիմնական թերությունը, որին կանդրադառնանք մեր հոդվածի վերջը՝ մեր կամքից անկախ ստիպված լինելով մի քանի ճշտումներ կատարելու այն ցիտատների մեջ, որ բերել եք պրոֆ․ Մանանդյանի աշխատությունից ձեր դրույթները հիմնավորելու։

Որպեսզի ապացուցի, թե վաճառականության զարգացման և գյուղացիներից գանձված ծանր տուրքի շնորհիվ Բագրատունի ֆեոդալները շատ էին հարստացել և կուտակել էին դրամ և, ուրեմն, կարող էին «հոգեպարար» գործերով զբաղվել, պրոֆ. Մանանդյանը հիշատակում է եկեղեցիների և հարուստ դղյակների կառուցումը, որ սկսվեց նրանց կողմից։ Այս բացատրությունը ճիշտ է, բայց լրիվ չէ․ տնտեսական ասպարեզում իր դիրքերն ամրացնելու զուգընթաց հայ ֆեոդալն աշխատում էր կրոնի, գրականության և մյուս կարգի «հոգևոր» զենքերի միջոցով ամրապնդել իր իշխանությունը, հետամուտ լինելով իր իդեոլոգիայի հաղթանակին բոլոր ասպարիզներում։

Իր գրախոսականի մեջ Հակ. Զորյանը ոչ մի բառ չի ասում ավելի հիմնավորելու, այսպես ասած՝ իսկական ռելսերի վրա դնելու նրա ո՛չ խորացրած մեկնությունը։ Դրա փոխարեն նա կամայական կերպով հայտարարում է, թե, իբրև, պրոֆ. Մանանդյանը եկեղեցիների կառուցումով ապացուցում է... «երկրի արտադրական ուժերի զարգացման բարձր աստիճանը», և այդ սեփական դատողությունը հեղինակի վզին փաթաթելով անցնում է լորդերի և բանկիրների վիլլաների անալոգիային, ընթերցողին յուր ասածը «համոզիչ» դարձնելու համար։

Վերջին մի ցիտատ, և դրանով փակենք մեր դիտողությունները»,— գրում է ընկ. Զորյանը։ Մենք էլ այդպես վարվենք և ստուգենք վերջին մի «ցիտատ» և փակենք ոչ այնքան հաճելի մեր ստուգումները։

Ընկ. Հակ. Զորյանը պրոֆ․ Մանանդյանի աշխատության էջ 186-ից բերում է հետևյալ ցիտատը. «Մուսուլմանական ազդեցությամբ է բացատրվում նաև, ինչպես հայտնի է, հայկական գրականության մեջ եղած աշխարհիկ հոսանքը, միջնադարյան հայկական լիրիկայի ծաղկումը և 13-րդ ու 14-րդ դարերի նոր ճարտարապետական ձևի զարգացումը»։ Իսկ բնագրում ասված է. «Նույն մուսուլմանական ազդեցությամբ են բացատրում, ինչպես հայտնի է, հայկական գրականության մեջ եղած աշխարհիկ հոսանքը, միջնադարյան հայկական լիրիկայի ծաղկումը և 13—14-րդ դարերի ճարտարապետական նոր ոճի զարգացումը»։

Այստեղ սխալը ո՛չ միայն անհարազատ թարգմանությունն է, այլ այն, որ այդ ամենը բացատրում են են ուրիշները, և, ինչպես ցույց է տալիս» նույն էջի աստղանիշը, այդ ուրիշները Գ. Չուբինով[5] և Հ. Օրբելին[6] են, և ոչ թե գրքի հեղինակ պրոֆ. Մանանդյանը, որն այդ կարծիքն, իմիջիայլոց, բերել է հաստատելու իր հիմնական թեզը, թե «մուսուլմանական տիրապետության ժամանակ արաբ-պարսկական քաղաքակրթությունը լայն կերպով տարածվել է Հայաստանում»։

Ունի՞ հիմք Հակ. Զորյանը այս կապակցությամբ հայտարարելու պրոֆ. Մանանդյանի «բուրժուական պատմագրության ֆակտորների իդեալիստական տեսության մասին», իհարկե, ո՛չ։ Придирка-ն դեռ քննադատություն չէ։

***

Մեր կարծիքով՝ պրոֆ. Մանանդյանի աշխատության սխալ դրույթները, որ բխում են նրա որոշ աշխարհայացքից, այդ դեգերումն է տնտեսական և պատմական մատերիալիզմների արանքում։ Իհարկե, շատ է հեռացել նա իր հին բուրժուա-նացիոնալիստական պատմագրության դիրքերից, բայց կատարելով այդ նախապայմանը նա հաճախ իր պատմական եզրափակումների մեջ մնում է կառչած տնտեսական մատերիալիզմի դիրքերին, այն «միակ հիմնական» ֆակտորին, որի մասին աղոտ կերպով է հիշատակել իր գրախոսության մեջ ընկ. Զորյանը և որ, սակայն, գլխավոր առանցքն է պրոֆ. Մանանդյանի պատմագրական ողջ կոնցեպցիայի։

Հայտնի է, որ այսպես կոչված «էկոնոմիստները» էկոնոմիկան ընդունելով հասարակական-պատմական զարգացման միակ ուժը, նվաստացնում և, հաճախ, իսպառ անտես էին առնում քաղաքականության և իդեոլոգիայի դերը, իբրև այս կամ այն դասակարգի ակտիվ միջամտությունը ժամանակի պատմական-հասարակական պրոցեսներում։ Հերքելով քաղաքականության և իդեոլոգիայի դերը՝ «էկոնոմիստները» լավագույն դեպքում համաձայնվում են ճանաչել այն մի տեսակ կցան, որ ավտոմատիկ կերպով հաղորդում է էկոնոմիկային։ Հեղափոխական մարքսիստը կանգնած է միակ ճիշտ դիրքերի՝ պատմական մատերիալիզմի տեսության վրա։

Բերելով Մարքսից այն ցիտատը, ըստ որի «ինչպես քաղաքական, նույնպես և քաղաքացիական օրենսդրությունը հռչակում, արձանագրում է միայն տնտեսական հարաբերությունների կամքը»[7] ընկ. Զորյանը միայն հարևանցիորեն է ասում, թե «պատմական մատերիալիզմի հիմնադիրները չեն ժխտում այն հանգամանքը, որ քաղաքական մոմենտները պատմության մեջ ունեն նշանակություն», այնինչ պրոֆ. Մանանդյանի աշխատության թերությունը ոչ թե «տնտեսական հարաբերությունների» անտեսումն է (ինքը՝ զրախոսը, ընդգծում է նրա «միակ տնտեսական ֆակտորը»), այլ անտեսումը քաղաքական ակտիվ և գիտակից ներազդեցության։

«Բանն այնպես չի,— գրում է էնգելսը,— որ միայն տնտեսական դրությունն է միակ ակտիվ պատճառը, իսկ մնացածները հանդես են գալիս միայն որպես պասսիվ ֆակտորներ։ Ո՛չ, այստեղ փոխազդեցություն կա տնտեսական անհրաժեշտության հիման վրա, որը վերջիվերջո հանդես կգա»։ Էկոնոմիկան հանդիսանում է հիմքը (այդտեղ էլ հանդես է գալիս պատմության մատերիալիզմը), բայց տնտեսական շարժումն իր վրա գցում է քաղաքական շարժման ազդեցությունը։

Մենք առիթ ունեցանք ակնարկելու, որ ճիշտ քննադատության չի ենթարկում ընկ․ Զորյանը պրոֆ. Մանանդյանի այն սխալ մեկնության, որով միայն տնտեսական («դրամի կուտակումով») հզորությամբ է բացատրում եկեղեցիների կառուցումը Բագրատունիների օրով։ Քաղաքական շարժումը հակադարձ ազդեցություն ունի տնտեսական շարժման վրա Եկեղեցիների, դղյակների կառուցումով, իր գաղափարախոսությունն արտահայտող միջնադարյան լիրիկայով, փիլիսոփայական աշխատություններով՝ հայ «աշխարհիկ» և հոգևորական ֆեոդալները միջամուխ էին լինում հասարակական կյանքին, կաղապարում էին այն հրենց շահերի տեսակետից։ Այս սխալի վրա պիտի իր ուշադրությունը կենտրոնացներ ընկ. Զորյանը։

Նույնը և քաղաքների զարգացման բացատրության դեմ արված իր առարկության մեջ սխալ է ընկ. Զորյանը շեշտը դնում երկրորդ «միակ հիմնական ֆակտորի»՝ աշխարհագրական ֆակտորի վրա։ Պրոֆ. Մանանդյանի աշխատության թերությունը ո՛չ թե աշխարհագրական ֆակտորն է, այլ անտեսումը քաղաքների ազդեցության այն ժամանակվա քաղաքական-հասարակական դեպքերի ընթացքի վրա։ Ո՛չ թե միայն տրանզիտային առևտրի ճանապարհն էր ազդում քաղաքների զարգացման վրա, այլև իրենք քաղաքները զարգանալով՝ հակադարձ ազդեցություն ունեին այդ ճանապարհների ուղղության և նրանց վրայով անցնող առևտրական քարավանների վրա։

Կա մի սխալ ևս, որ չի տեսել ընկ. Զորյանը։ Այդ այն տարբերությունն է, որ գոյություն ունի ճորտատիրական և ֆեոդալական դասակարգերի միջև։ «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական ագրարային ծրագիրը» հոդվածում, ծանոթության մեջ, Լենինը գրում է․ «Հայտնի է, որ ճորտատիրական և ֆեոդալական հասարակության մեջ դասակարգերի տարբերությունը նշվում է բնակչության դասային (сословный) բաժանման մեջ և զուգորդվում էր յուրաքանչյուր դասակարգի հատուկ իրավական (ընդգծումը բնագրինն է—Ա. Ս.) դիրքի որոշմամբ պետության մեջ։ ...Ընդհակառակը, կապիտալիստական, բուրժուական տեսակետից՝ բոլոր քաղաքացիները հավասար են, դասային բաժանումները ոչնչացված են (գոնե սկզբունքով) և դրա համար էլ դասակարգերը դադարել են դաս լինելուց» (Լենին, հատ. V, էջ 92—93)։

Պրոֆ. Մանանդյանի աշխատության մեջ այս զանազանությունը աղոտ է գծված, իսկ ընկ. Զորյանը, փոխանակ ճշտելու, սխալ է կատարում, առարկելով «ֆեոդալիզմի իրավական նորմաների դեմ»։ Ինչպես տեսանք, այդ նորմաները, իրավունքի տարբերությունները զանազան դասերի համար կազմում են ֆեոդալիզմի բնորոշ և առանձնահատուկ կողմը։ Փոխանակ առարկելու ֆեոդալիզմի իրավական «կախյալ դրություններին», ընկ. Զորյանը պիտի ընդգծեր, որ այդ ճիշտ տարբերությունը միակը չի, որ հիմնականում հասարակության բաժանումը դասակարգերի՝ ընդհանուր է թե՛ ֆեոդալիզմի և թե՛ բուրժուական հասարակությունների համար։

Մի դիտողություն ևս, և մենք կվերջացնենք։

Փաստորեն, ընկ. Զորյանը առարկություն չի անում պրոֆ. Մանանդյանի հիմնական բացատրության ֆեոդալիզմի շրջանում Հայաստանում կատարված պատմական դեպքերի։ Պրոֆ. Մանանդյանի կարծիքով՝ Հայաստանի պատմությունն ընթացել է առանձնահատուկ ճանապարհով։ Շարունակ իրար հաջորդել են բազմաթիվ կատաստրոֆներ, որոնք հաճախ հիմնահատակ են արել մինչև այդ կարգավորված տնտեսական կյանքը և երբեմն ետ շպրտել դեպի տնտեսական կյանքի ավելի ցածր աստիճան: Ապա կատաստրոֆին հաջորդել է երկարատև կամ կարճատև համեմատական խաղաղություն, որի ընթացքում տնտեսական կյանքը նորից սկսել է բարգավաճել, հասնել բարձր աստիճանի` մինչև մի նոր կատաստրոֆ։

Այս ընդհանուր արժեքավորման դեմ ոչ մի կարևոր և ամբողջական առարկություն չի անում ընկ․ Զորյանը։ Այնինչ, լուրջ քննադատության օբյեկտը պիտի դառնար այս կոնկրետ գնահատականը, որին չեն կարող փոխարինել շատ հանրածանոթ դատողություններ արտադրական ուժերի և տնտեսական ֆորմացիաների մասին։

Մենք պահանջում ենք կոնկրետ և խորացված մարքս-լենինյան քննադատություն, անխնա հարվածումն տնտեսական մատերիալիզմի և այլ կարգի բուրժուական պատմագրության մեթոդոլոգիաների, առանց այն պրիոմների, որ ստիպում է ընթերցողներին ցիտատների «ստուգաբանությամբ» զբաղվելու։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7