Մի երկու խոսք Սերբ ժողովրդական էպոսի մասին

Մի երկու խոսք սերբ ժողովրդական էպոսի մասին
Տպագրվել է «Հորիզոն» թերթում, 1916 թ., հուլիսի 10, N 152։

Եվրոպայում սլավոն ժողովուրդների մեջ ավելի ուշ է զարգացել գրականությունը, էդ պատճաոով էլ ավելի երկար ժամանակ նրանց մեջ է կենդանի մնացել ժողովրդական բանահյուսությունը։ Սլավոնների մեջ էլ ամենից լավ պահել ու զարգացրել է իր էպոսը սերբ ժողովուրդը, որ, սլավոնագետների կարծիքով, թեև ենթարկվել է թուրքերի քաղաքական ծանր լծին, բայց ազատ է մնացել էն երկարատև հասարակական ստրկությունից, որին ենթակա են եղել ռուսն ու լեհը[1] ճորտատիրական կարգի պատճառով և ազնվականության ճնշումի հետևանքով, որ հազար անգամ ավելի սպանիչ ազդեցություն է արել, քան ամեն քաղաքական լուծ ու ճնշում։ Եվ սրանից է, որ ռուսական ազգային էպոսի (былина) մասերն էլ կենդանի են մնացել ավելի երկրի հյուսիսային ծայրերում, ուր ճորտատիրության օրենքը չի հասել։

Սերբ ժողովրդի էպոսը չորս շրջան ունի.

1. Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2. Կոսովյան դաշտի երգերը, 3. Արքայազուն Մարկոյի երգերը և 4. Նոր ժամանակի երգերը։

Սերբիական էպոսի մեջ վառ ապրում են նախաթուրքական շրջանի և թուրքական տիրապետության շրջանի հիշողությունները, պատմական դեպքերն ու հերոսները։

Էդ հերոսներից մինն է Վուկաշին թագավորը, որ ընկավ թուրքերի ձեռքից։ Ընկավ և նոր կազմակերպվող, ջահել Սերբիան, սակայն ընկավ վերստին կանգնելու կյանքով ու տենչանքով լիքը։

Ահա էս Վուկաշինի որդին է սերբիական էպոսի մեծագույն հերոսը — Մարկոն, որ հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը։

Սերբերը սկզբներում թուրքերին հաշտ աչքով էին նայում, նրանցից չէին սպասում էն չարիքները, ինչ որ տեսան հետագայում, դրա համար նրանց ազգային հերոսն էլ, էպոսի մեջ, իբրև էդ մոմենտի ու վերաբերմունքի արտահայտություն՝ համարվում է սուլթանի հոգևորդին, սուլթանն էլ նրա հոգեհայրը։

Բայց կարճ ժամանակից հետո թուրքերը սկսում են իրենց անտանելի ճնշումները... գեղեցիկ կանանց ու տղերանցը հավաքել, սերբերին արգելել զենք կրելը, ձի նստելը, կանաչ զգեստ հագնելը, ծանրաբեռնում են ամեն տեսակ հարկերով ու տուրքերով, զզվեցնում ու զայրացնում են ժողովրդին, և ահա հոգևորդին դուրս է գալիս հոգեհոր դեմ։

Էպոսի մեջ դա արքայազուն Մարկոն է, իսկ հետագայում էն սերբ հայդուկներն էին, որոնք՝ իրենց սեփական ուժերի վրա դրած իրենց փրկության հույսը՝ դուրս եկան իրենց լեռներն ու հայտարարեցին՝ միանգամայն ընդմիշտ թուրքի դեմ։ Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբիական ազգային էպոսի մեջ[2]։

XVII դարում մի անգամ Սերբիան կարողացավ թուրքերից ազատվել, բայց եվրոպական պետությունները նրան նորից ետ տվին սուլթանին, և էսպես տևեց մինչև վերջին ու վերջնական ազատագրումը՝ 1878 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո, մի պատերազմ, որը, ինչպես և այժմյան մեծ պատերազմը՝ Սերբիայից սկսվեց։

Ազգերի էպոսների հերոսները սովորաբար ընդհարվում են իրենց ծնողների հետ ու ընկնում են նրանց անեծքի ծանրության տակ։ Էդ ընդհանուրի ճակատագրից չի խուսափում և սերբիական Մարկոն։

Մարկոյին առաջարկված է լինում դատ տեսնել՝ մի կողմից իր հոր ու հորեղբայրների, մյուս կողմից արքայազուն Ուռոշի միջև։ Մարկոն կողմնապահություն չի անում, դատը տեսնում է աստուծով ու վճռում է Ուռոշի օգտին։ Զայրացած հերն անիծում է նրան, գուժելով՝ թե քանի կենդանի է՝ թուրքի սուլթանին ծառայի, մեռնի անժառանգ, մեռնելուց հետո էլ ոչ դագաղ ունենա, ոչ գերեզման։ Իսկ շնորհապարտ Ուռոշն օրհնում է, թե՝ քանի արևն ու լուսինը կան՝ Մարկոն առաջին կտրիճը մնա աշխարհքի երեսին։ Եվ ոչ մեկի խոսքն էլ գետնին չի մնում. կատարվում են թե՛ Ուռոշի օրհնանքը, թե՛ հոր անեծքը։ Մարկոս միշտ մնում է առաջին կտրիճը, սակայն միշտ էլ անտուն ու անտեղ, անհող ու անհայրենիք, մի օր Պրիլեպում իր Եփրոսիմե մոր հետ է ապրում, մյուս օրը Ստամբոլ է հայտնվում, երրորդ օրը, Արաբիայի սահմաններում, թափառական ու շարունակ ծառա թուրքի սուլթանին։

Վերջն էլ մեռնում է անժառանգ և մնում է մի սարի ծերի՝ երկար ժամանակ անթաղ ու անգերեզման...

1916

Տողատակեր

խմբագրել
  1. Բնագրում՝ լեհացին
  2. Անցյալ տարի էդ երգի թարգմանությունը տվինք՝ «Մոսկովի ցարի ընծաներն ու սուլթանի փոխընծաները»։ Հ. Թ.