Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան



          Ճաշակելով ճաշակեցի զսակաւ մի մեղր,
          և ահա մեռանիցիմ ես։
                                          Ա ԳԻՐՔ ԹԱԳ.

I


    Սըրանից առաջ մի քանի տարի,
Այնտեղ, ուր Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում իրար,
Գըրկվում են երկու քույրերի նըման,
Կար մի մենաստան։ Կարող է այժմ էլ
Անցորդը սարի ուսերից տեսնել
Քանդված դռների կանգուն սյուները,
Վանքի կամարն ու աշտարակները։
Բայց անուշահոտ ծուխը բուրվառի
10 Էլ չի վերանում կամարի տակին
Եվ ոչ լսվում է աղոթողների
Երգը գիշերվա ուշ ժամանակին։
Այժըմ մեն–մենակ զառամյալ մի ծեր,
Ավերակ վանքի պահնորդ կիսամեռ,
Ընկած մտքիցը մարդկանց ու մահի,
Սրբում է փոշին շիրմաքարերի,
Որոնք պատմում են անցած դարերի,

Անցած փառքերի ու նըրա մասին,
Թե ինչպես ճնշված իր թագի տակին,
20 Այս ինչ թագավորն, այս ժամանակին
Իր ժողովուրդը հանձընեց ռուսին։

II



    Մի ռուս գեներալ Կովկաս լեռներից
Մի անգամ դեպի Թիֆլիս էր գալիս։
Իր հետ նա գերի մի մանուկ ուներ.
Սա տըկարացավ, չըկարաց տանել
Նեղությունները հեռավոր ճամփի։
Հազիվ թե լիներ հինգ֊վեց տարեկան,
Այծեմնիկի պես երկչոտ, վայրենի
Եվ թույլ ու ճըկուն եղեգնի նման։
30 Սակայն նրա մեջ ցավը տանջալի
Զորացրեց այնժամ իրեն հայրերի
Աննկուն հոգին։ Վիշտը լուռ տանում,
Եվ իր մանկական տըկար շըրթունքից
Մի թույլ հառաչանք նույնիսկ չէր հանում։
Հացը նըշանով մերժում էր նա դեն
Ու խաղաղ, հպարտ մեռնում էր արդեն։
Կարեկցությունից մի ծեր վանական
Նըրան խնամեց, տըվավ ապաստան.
Ու այսպես՝ վանքի հարկի տակ մնաց
40 Բարեկամական ձեռքով ազատված։
Բայց, զուրկ մանկական զըվարթ հաճույքից,
Փախչում, խորշում էր նա ամեն մեկից.
Թափառում էր լուռ, մենակ, սրտաբեկ,
Թառանչով նայում դեպի արևելք,
Մաշվելով մի լուռ, անմեկին վըշտից —
Իրեն հայրենի երկրի կարոտից։
Գերության սակայն շուտ ընտելացավ,
Օտարի լեզուն քիչ-քիչ հասկացավ,
Հայր սուրբը կընքեց, տըվավ սուրբ հաղորդ,
Ու դեռ աշխարհքի կյանքին անծանոթ,

Ուզում էր արդեն ծաղիկ հասակում
Աբեղայական ընդունել կոչում.
Երբ որ մի անգամ աշնան գիշերող
Անհետ չքացավ։ Շուրջը սարերով
Ձըգվում էր անծայր անտառը մըթին։
Երեք օր այնտեղ իզուր փընտրեցին,
Վերջապես դաշտում անըզգա գտան
Ու առան կըրկին բերին մենաստան։
Նա սաստիկ գունատ, թույլ էր ու նիհար,
60 Կարծես աշխատել, տանջվել էր երկար,
Կամ հիվանդություն ու սով էր քաշել։
Ոչ մի հարցմունքի չէր պատասխանում,
Օրն օրի վրա ընկնում էր, թոռմում։
Այսպես մոտեցավ ժամը իր մահվան։
Այնժամ նըրա մոտ եկավ աբեղան
Ե՛վ հորդորելով, և՛ աղերսելով։
Հիվանդը՝ հպարտ նրան լըսելով
Նըստեց, մընացած ուժը հավաքեց,
Ու այսպես երկա՜ր խոսել սկսեց.

III

     70 «Գոհ եմ քեզանից, հայր սուրբ, որ եկար
Իմ խոստովանքը լըսելու համար։
Ինչ էլ որ լինի, լավ է, որ ցավոտ
Սիրտըս դատարկեմ խոսքով մեկի մոտ։
Սակայն ես մարդկանց չարիք չեմ արել,
Իմ արարքները նորա համար էլ —
Ի՞նչ օգուտ եթե խոստովանեի.
Իսկ հոգին մի՞թե պատմել կըլինի…
Ես քիչ եմ ապրել և այն էլ գերի.
Այսպես երկու կյանք մի աղմըկալի,
80 Եռուն կյանքի հետ, որ տեսել եմ, ծե՛ր,
Ես կըփոխեի թե հընար լիներ։
Ես լոկ մի մըտքի ուժ եմ իմացել.

Մի՛, բայց բոցավառ կիրք եմ ունեցել․
Նա ինչպես մի որդ ապրել է իմ մեջ,
Կըրծել է հոգիս, մաշել մինչև վերջ։
Իմ ցնորքները թռցրել, տարել է
Այս նեղ իցերից անդորր աղոթքի
Այն վեհ աշխարհը կըռվի, աղմուկի,
Ուր որ ժայռերը թաքչում ամպերում,
90 Ու մարդիկ այնպե՜ս ազատ են ապրում․․․
Ես իմ այդ կիրքը գիշերվա մըթնում
Պահել եմ վըշտով, արցունքով սընել.
Եվ այժըմ ահա բարձրաձայն հայտնում,
Խոստովանում եմ առջևն աշխարհքի,
Ու թողություն էլ չեմ խնդրում իսկի։

IV

    «Ծերո՛ւկ, շատ անգամ իմացել եմ ես,
Որ դու իմ կյանքը մահից փըրկել ես։
Ինչո՞ւ փըրկեցիր։ Մենակ ու դաժան,
Փոթորկի պոկած տերևի նրման,
100 Մըռայլ պատերի միջում մեծացա,
Հոգով դեռ մանուկ, կյանքով աբեղա։
Չըկարողացա ոչ ոքի ասել
«Հայրիկ» ու «մայրիկ» սրբազան խոսքեր։
Հարկավ, քո միտքը այն էր, ծերունի,
Որ մենաստանում ես խորթանայի
Այնքան քաղցրալի այս անուններին.
Զո՛ւր, հետս են նրանց ձայները ծընվել։
Ես տեսնում էի, որ ուրիշներին
Հայրենիք, ընկեր, ծնող ունեին,
110 Մինչդեռ չունեի ես նրանց նըման
Ոչ թե սիրելիք — այլև գերեզման։
Ես էլ այն օրից իզուր չողբացի,
Այլ հոգուս միջում այսպես ուխտեցի,
Որ երբևիցե, թեկուզ մի վայրկյան,
Այս իմ բոցավառ կուրծքը մանկական

Սեղմեմ կարոտով մի ուրիշ կըրծքի,
Թեկուզ անծանոթ— միայն հարազատի։
Բայց, ավա՛ղ, հիմա երազներըս այն
Կորել են իրենց պերճանքով համայն,
120 Ու ինչպես օտար երկրում ապրեցի՝
Մեռնում եմ դարձյալ ես որբ ու գերի։

V

     «Ինձ չի վախեցնում գերեզմանն ահեղ,
Տանջանքն, ասում են, հանգչում է այնտեղ
Սառն, հավերժական լըռության միջում,
Կյանքից զրկվելն է ինձ մենակ տանջում։
Ջահե՜լ եմ, ջահե՜լ… ունեցե՞լ ես դու
Ցնորմունքները անհոգ պատանու։
Դու չես ունեցել կամ չես հիշում էլ,
Թե ոնց ես մի օր ատել ու սիրել,
130 Ինչպես է սիրտըդ բաբախել ուժգին
Կանաչ դաշտերին, վառ արեգակին
Անկյունի բարձըր բուրգից նայելիս,
Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս
Ու բարձըր պատի խորունկ ճեղքվածքում,
Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատըսպարվում է փոքրիկ աղավնին—
Չըքնաղ զավակը անհայտ աշխարհի։
Որը մընաց՝ արդեն զառամ ես, թույլ ես,
Սիրուն աշխարհը կըշտացրել է քեզ.
140 Սրտումդ անկատար էլ չունիս ըղձեր…
էլ ի՞նչ ես ուզում, ապրել ես դու, ծե՛ր,
Աշխարհքում ունիս մոռնալու մի բան,
Չէ՛ որ կապրեի ես էլ քեզ նըման…

VI

    «Կուզե՞ս իմանալ՝ ազատության մեջ
Ես ինչեր տեսա.— դաշտեր տեսա պերճ.

Բըլուրներ տեսա, ուր կանաչ ծառեր,
Ինչպես շուրջպարի բըռնած եղբայրներ,
Չորս կողմից դալար պըսակ կապելով
Շըշընջում էին թարմ խըմբակներով։
    150 Տեսա դեզերը մըռայլ ժայռերի,
Երբ բաժանում էր վըտակը նրանց,
Նրանց մտքերը հասկանում էի,—
Վերնիցն էր այն շնորհքն ինձ տրված։
Վաղու՜ց, շատ վաղուց օդում տարածված
Այն քարե գրկերն ամեն մի վայրկյան
Փափագում են լուռ իրար հանդիպման,
Բայց օրեր անցնում, տարիք են անցնում,
Ու նրանք երբե՛ք իրար չեն հասնում..․
Բարձըր լեռների շարքեր տեսա ես
160 Վեհ, հըրաշալի ցընորքների պես,
Երբ արշալույսի ժամին վաղորդյան
Նրանց գըլխները սեղանի նըման
Ծըխում են հանդարտ կապույտ երկնքում,
Ու ամպը ամպի ետևից ձըգվում,
Թողնելով գաղտնի իր օթևանը,
Ինչպես տարագնաց ըսպիտակ հավքի
Հեռու կողմերից չըվող երամը
Ուղղում է իր չուն կողմն արևելքի։
    Անոսր մշուշի արանքից, հեռվում,
170 Գոհարի նըման փայլող ձյուներում,
Տեսա ալևոր Կովկասն անսասան.
Եվ ես չըգիտեմ թե ընչիցն էր այն,
Բայց թեթևացավ սիրտս նույն ժամայն.
Ըսկսեց գաղտնի մի ձայն ինձ ասել,
Թե երբեմն այնտեղ ապրել եմ ես էլ․..
Ու հետըզհետե բացվեցավ խավար
Անցյալն իմ մտքում պալծա՜ռ ու պայծա՜ռ․․․

VII

    «Եվ ես հիշեցի մեր տունն հայրական,
Հիշեցի մեր ձորն ու իր շըրջական

180 Շըվաքում ցրված գյուղի տըները.
Լսեցի րիկվան ձեն ու ձուները
Դեպի տուն վազող երամակների.
Հեռու հաչոցը ծանոթ շըների։
Միտս եկան թուխ֊թուխ ծերունիները.
Լուսնյակի լուսով իրիկունները
Իմ հոր սըրահի, շեմքի դեմուդեմ
Նստոտած խոհուն և խոժոռադեմ.
Ու խանչալների պղընձապատած
Պատյանների փայլն․․․ ու բոլորն հանկարծ
190 Խառը շարքերով, երազի նըման
Աչքիս առաջից եկան անցկացան։
Հապա իմ հա՞յրը, պատերազմական
Իր զգեստներով, ինչպես կենդանի
Աչքիս երևաց, ու միտս եկան
Զրահի շռինդ, փայլն հըրացանի,
Նրա հայացքը հպա՜րտ, աննկո՜ւն,
Եվ իմ քույրերը մատա՜ղ, սիրասո՜ւն․․․
Շողերը նրանց աղու աչքերի
Եվ հնչյունները երգի, խոսքերի,
200 Որ ասել էին օրրանիս վրրա․․․
Այն ձորի միջով վտակ էր վազում,
Աղմկող էր նա, սակայն ոչ խորին,
Նըրա ոսկեգույն մանրիկ ավազում
Խաղալու էի գընում կեսօրին,
Եվ նայում էի աչքերըս հառած,
Երբ ալիքներին, անձրևից առաջ,
Դիպչում էր թևով սև ծիծեռնակը։
Հիշեցի և մեր խաղաղ տնակը,
Օջախի առջև իրիկունները
210 Արած այն երկար պատմությունները,
Թե ոնց են ապրել մարդիկ վաղեմի,
Երբ դեռ աշխարհքը ճոխ էր ավելի։

VIII


«Կուզե՞ս իմանալ, թե ես ինչ արի
Այն երեք օրում։— Ազատ ապրեցի,
Եվ կյանքըս առանց այն երեք օրի
Քո ուժից ընկած ծերույթից էլ դեռ
Ավելի տըժգյուն, տըխուր կըլիներ։
Մտքումըս վաղո՜ւց, վաղուց դրել եմ՝
Մի անգամ արձակ դաշտերին նայեմ,
220 Տեսնեմ՝ աշխարհը սիրո՞ւն է արդյոք,
Ինչո՞ւ ենք, տեսնեմ, գալի մենք աշխարհ,
Ազատ ապրելո՞ւ, թե բանտի համար։
Եվ այն գիշերվա սոսկալի Ժամին,
Որոտմունքն երբոր վախեցրել էր ձեզ,
Սեղանի առջև երբոր խըմբովին
Ընկել էիք դուք խըռնըված այնպես,
Ես վանքից փախա։ Օ՜, ինչպես եղբայր,
Կուզեի գըրկել մըրրիկն հողմազայր.
Աչքերս ամպերի ետևից տանում,
230 Ձեռքով շանթ էի բռնել ցանկանում․․․
               Դե՛ ասա, հայրիկ,
Ինձ այս պատերում ի՞նչ պիտի տայիք
Իմ փոթորկալի սըրտի և ահեղ
Այն որոտմունքի մտերմության տեղ․․․

IX

«Երկար վազեցի, թե ուր կամ որտեղ,
Այդ ես չըգիտեմ։ Եվ ոչ մի աստըղ
Իմ դժվար ճամփան չէր լուսավորում։
Միայն բերկրությամբ շունչ էի առնում
Իմ վաստակաբեկ ու հոգնած կրծքով
240 Այն անտառների թարմությունը զով։
Երկար վազեցի, վերջապես հոգնած
Բարձր խոտերում ընկա ու պառկած
Ականջ դըրի ես. հետևող չըկար։

Որոտմունքն ընկավ, լույսը մի երկար
Տժգույն ու դալուկ շերտով բացվելով
Ձգվեց երկնքի—երկրի արանքով,
Եվ նըրա վերա ես որոշեցի
Սուր ժանիքները հեռու լեռների։
Անձայն ու անշարժ ես պառկած էի։
250 Երբեմըն֊երբեմըն չախկալը կիրճում
Երեխի նըման լալիս էր, ճըչում,
Եվ, հարթ ու փայլուն թեփով փայլելով,
Սողում էր օձը քարերի միջին.
Չէր ճնշում սակայն երկյուղն իմ հոգին,
Ես էլ գայլի պես խորթ էի մարդոց,
Եվ սողում էի, թաքչում ինչպես օձ։

X

«Ներքև անդընդում, ինձանից շատ ցած,
Ջուրը հեղեղից սաստիկ հորդացած,
Աղմըկում էր խուլ, ինչպես բարկացած
260 Մարդկային խոսուն ձայներ անհամար։
Թեպետ և անխոսք— սակայն ինձ համար
Պարզորոշ էր միտքն այն խոսակցության,
Անլուռ աղմուկը, վեճն հավերժական,
Հարվածը համառ ժայռերի կույտին,
Մեղմանում էր նա ու դարձյալ ուժգին
Խաղաղ ձորի մեջ հանկարծ որոտում։
Եվ ահա վերև մառախլոտ օդում
Հավքերն երգեցին։ Արևածագի
Երկինքը շիկնեց։ Մի թեթև քամի
270 Նամ տերևները շարժեց ու գնաց
Ու ծաղիկները շընչեցին քնեած.
Նրանց պես օրին դիմավորելու
Ես է գըլուխս բարձրացրի վերև․․․
Մըտիկ արի ցած ու չեմ թաքցընում,
Սարսափն ինձ պատեց.— անհատակ ու սև
Անդունդի եզրին էի ես պառկած,

Ոռնում էր ներքև ջուրը փրփըրած.
Այնտեղ է տանում ժայռը իջնելով,
Բայց չարը մենակ իջավ նրանով.
280 Երբոր երկնքի բարձրից գահավեժ,
Կորավ ստորին էն մութ վեհի մեջ։

XI

    «Ծաղկում էր շուրջըս եդեմն Արարչի.
Զըվարթ ու դալար զարդը կանաչի
Պահպանում էր դեռ արցունքն երկնային.
Եվ խոպոպները խաղողի որթի
Ծառերի միջով գալարվում էին
Պճնած կանաչով քնքույշ սաղարթի.
Իսկ նրանց վրա ճոխ կախված էին,
Ինչպես ականջի գինդեր թանկագին,
290 Լիք ողկույզները, և մերթ նրանց մոտ
Թըռչում էր հավքի երամը երկչոտ։
Ու նորից գետնին կըպա ես մին էլ
Նորից սկըսա ես ականջ դընել
Այն օտարոտի թովիչ ձայներին.
Նրանք թփից թուփ ծըլվըլում էին
Ու խոսում էին կարծես միասին
Երկնքի֊երկրի գաղտնիքի մասին։
Այնտեղ բնության ձայները բոլոր
Միացած էին։ Այն հանդիսավոր
800 Փառաբանության երգի ժամանակ
Մարդու գոռ ձայներ չէր լսվում մենակ։
Ինչ որ այն ժամին զգում էի ես,
Անհետացել են մտքերս այն բոլոր,
Բայց կուզենայի պատմել նրանց քեզ,
Որ գոնե մտքով ապրեմ նորից նոր։
Այն առավոտը կամարն երկնքի
Այնքան էր հստակ, որ հըրեշտակի
Ճախրը սուր աչքը տեսնել կարող էր.
Այնքա՜ն թափանցիկ ու այնքան խոր էր,

310 Այնքա՜ն էր լեցուն ջինջ կապուտա՛կով,
Որ ես նըրա մեջ հայացքով, հոգով
Սուզվեցի, կորա, մինչև իր շոգով
Իմ ցնորքները կեսօրը ցըրվեց,
Ու ինձ ծարավը տանջել սկսեց։

XII

«Այնժամ բռնելով ճկուն թփերից,
Դեպի հեղեղատն անդունդի եզրից,
Մի սալից մի սալ, որքան ուժըս կար,
Սկըսա իջնել։ Երբեմըն մի քար
Ոտներիս տակից պոկվելով հանկարծ,
            320 Գըլորվում էր ցած.
Թռչում էր ներքև դղորդ հանելով,
Ետևից ակոս, փոշի անելով
Ու կուլ էր գնում ջրի ալիքին։
Ես կախված էի— անդունդն իմ տակին։
Բայց ջահելությունն ուժով է լինում,
Մահվան երկյուղը ինձ չէր վախեցնում։
Հենց իջա տակը այն սեպ-սեպ ժայռի,
Երեսիս փըչեց լեռնային ջըրի
Զով թարմությունը, և իսկույն ագահ
330 Նըրա սառնորակ ալիքին ընկա։
Հանկարծ մի շըշուկ, ոտնաձայն թեթև․․․
Իսկույն թաքչելով թըփերի ետև,
Ամբողջ բռնըված ակամա դողով,
Երկչոտ հայացքս վեր քաշած վախով
Ես ականջ դընել սկսեցի ագահ.
Եվ մոտենալով հընչում էր ահա
Մատաղ վրացուհու ձայնը պատանի,
Այնպե՛ս բնական, այնպե՜ս կենդանի,
Այնպե՛ս քաղցր, ազատ, որ կարծես թե նա
340 Սիրելի մարդկանց անվան հընչյուններ
Միայն կանչելու սովորած լիներ։

Այն մի հասարակ երգ էր լեռնային,
Խոր տպվեց սակայն իմ մտքի միջին,
Եվ իմ ականջին — հենց մութն ընկնում է —
Մի անտես-անհայտ ոգի երգում է։

XIII

    «Սափորն ուղիղ բռնած ուսին
Նեղ շավիղով վըրացուհին
Ջուրն էր իջնում։ Երբեմնակի
Քարերի մեջ սայթքում էր նա
350 Ծիծաղելով իրեն վրա։
Այնպես աղքատ ու պարզ հագած,
Շղարշի ծալքերն ետև ձըգած,
Թեթևաքայլ գընում էր նա։
Թեժ արևը, շոգն ամառվա
Նրա դեմքն ու կուրծքն այրելով
Պատել էին ոսկի ստվերով։
Տապ էր շնչում դեմքը բոլոր.
Եվ աչքերի մութն այնքա՜ն խոր,
Այնքա՜ն սիրո գաղտնիքով լի,
360 Որ մտքերըս փոթորկալի
Շըփոթվեցին։ Հիշում եմ խոր,
Կըժի ձայնը, ջուրը երբ որ
Մեջն էր թափում մեղմաքրքիջ,
Ու շոշափյունն․․․ ուրիշ ոչինչ։
    Երբոր ուշքի եկա կըրկին,
Ու ետ քաշվեց սրտիս արինն,
Արդեն շատ էր նա հեռացած,
Ու գնում էր թեթև, կամաց.
Շիտակ իրեն բեռան տակին,
370 Որպես դաշտի շըքեղ բարդին․․․
    Մի քիչ հեռու, սառը միգում,
Որպես ընկեր, ժայռի գըրկում
Բուսել էին երկու տընակ.

Հարթ կըտուրի վրայից մեկի
Ծուխըն ելնում էր կապուտակ։
Ես տեսնում եմ այժմ էլ, ասես,
Ինչպես նըրա դուռը բացվեց
Ու կամացուկ փակվեց դարձյալ․․․
— Դու՛, ես գիտեմ, չես հասկանալ
380 Իմ տխրությունն, իմ վիշտն անհաս.
Եվ կըցավեմ թե հասկանաս,
Թող հիշատակն այն վայրկենի
Ինձ հետ, իմ մեջ մընա — մեռնի։

XIV

    «Հոգնած գիշերվա նեղություններից
Ընկա ստվերում։ Շուտով սփոփիչ
Քունը աչքերըս փակեց ակամա
Եվ ես մյուս անգամ երազում տեսա
Չըքնաղ պատկերը այն վըրացուհու,
Եվ մի անսովոր, դյուրեկան թախիծ
390 Անուշիկ ճմլեց իմ սիրտը նորից։
Ճիգ էի անում, որ մի շունչ քաշեմ,
Հանկարծ արթնացա։ Արդեն երկնքում
Փայլում էր լուսինն, ու մենակ մի ամպ
Սողում էր նրա ետևից թաքուն,
Բաց արած իրեն գիրկն ագահությամբ.
Կարծես թե իրեն որսը լիներ էն։
Լուռ էր ու խավար աշխարք համորեն.
Գագաթները միայն ձյունոտ սարերի,
Ինչպես արծաթյա ծոպեր ահռելի,
400 Պըսպղում էին առաջիս— հեռվում,
Հեղեղատը խուլ ճողփում ափերում։
Ծանոթ խրճիթում մերթ պայծառ վառվում՝
Ու մերթ հանգչում էր աղոտ մի կըրակ։
Այնպես է հանգչում գիշեր ժամանակ
Պայծառ աստղիկը երկնքում փայլող։

Ես ուզում էի․․․ բայց չէի կարող
Ես այնտեղ մտնել։ Ես այն ժամանակ
Հոգումս ունեի լոկ մի նպատակ—
Հասնել հայրենիք, ու համբերեցի
410 Քաղցի, ծարավի, որքան կարացի։
Եվ ահա անձայն ու երկչոտ ընկա
             Ես ուղիղ ճամփա։
Բայց շատ չքաշեց, անտառի խորքում
Սարերը դարձյալ աչքիցըս ընկան,
Ու ըսկսեցի կորցընել ճամփան։

XV

     «Անզուսպ կատաղած երբեմըն իզուր
Պոկ էի տալի ես հուսակըտուր
Իրար խըճըճված բաղեղ ու մացառ.
Շուրջըս անտառ էր, անեզըր անտառ,
420 Հետզհետե խոր, խիտ ու ահռելի.
Եվ բազմությունով սև֊սև աչքերի
Գիշերվա մութը հետևում էր ինձ
Ամեն մի թըփի, ճյուղի արանքից։
Գըլուխս սկսավ արդեն պըտըտել.
Ծառեր բարձրացա, ուզեցի դիտել,
Բայց մինչև անգամ երկնի եզերքում
Նույն ժանիքավոր անտառն էր ձգվում։
Այնժամ հուսահատ վայր ընկա կըրկին,
Հեկեկում էի, լալիս դառնագին
430 Ու հողի խոնավ կուրծքն էի կրծում.
Արտասուքներըս վայր էին հոսում
Նըրա երեսին տաք ցողի նրման․․․
Բայց հոժար չէի մարդոց օգնության.
Խորթ էին ընդմիշտ ինձ համար մարդիկ։
Եվ եթե հանկարծ կարճատև մի ճիչ
Ինձ դավաճաներ, գիտցիր, ծերունի՛,
Լեզուս արմատից պետք է պոկեի։

XVI

     Մանուկ ժամանակ, քո մի՞տն է գալիս,
Էս չըգիտեի երբեք արտասվել,
440 Բայց այնտեղ չէի ամաչում լալիս։
Ո՞վ էր տեսնելու.— մըթին ծմակը,
Մին էլ երկնքում սահող լուսնյակը։
Լուսավորված նըրա լուսով,
Ծածկված մամռով ու ավազով,
Խիտ ծըմակով շրջափակված
Բացատն էր իմ առջև ընկած։
Հանկարծ այնտեղ անցավ մի ստվեր,
Ու հըրեղեն երկու կայծեր
Պըսպղացին․․․ ապա թե այն
450 Մութ թավուտից ինչ-որ գազան
Մի ոստյունով թռավ, պառկեց,
Ավազի հետ խաղալ սկսեց։
Այն անապատի մշտական տերը—
Հուժկու հովազն էր։ Հում֊հում ոսկորը
Կրծոտում էր նա, ուրախ մըրմռում,
Երբեմն արյունոտ հայացքը հառում
Ու փաղաքշաբար պոչը շարժելով՝
Նայում լրացած լուսնյակի վրան,
Ու փայլում էր մազն արծաթի նման։
   460 Սպասում էի ես մի ճյուղ բռնած
Կռվի վայրկանին, ու սիրտս հանկարծ
Բորբոքվեց արյան, կռվի ծարավով․․․
    Հա՛, բոլորովին այլ ճանապարհով,
Այլ շավիղով էր ինձ բախտը տանում,
Բայց համոզված եմ, որ մեր աշխարքում
Ես էլ կըլինեի քաջերի շարքում։

XVII

    «Սպասում էի։ Արդեն գիշերվա
Մըթնում թշնամու հոտն առել էր նա,
Ու մռնչյունը երկա՜ր, սըրտահեծ,

470 Որպես հառաչանք հանկարծ տարածվեց․․․
Ավազը թաթով կատաղած փորեց,
Ծառս եղավ, հետո փորըսող արեց,
Ու մի ցատկելով սակավ էր մընում
Իսկույն ինձ մահի բաժին էր անում.
Բայց հանդիպեց իմ հարվածին։
Ծանըր ճյուղը ինչպես կացին
Ճեղքեց նըրա ճակատը լայն․․․
Նա հառաչեց մարդու նման
Ու շուռ եկավ։ Սակայն նորից,
480 Թեև նըրա խոր վերքերից
Հոսում էր հորդ արյունն այնքան —
Վառվեց կռիվն օրհասական։

XVIII

    «Ընկավ կրծքիս. բայց շտապով
Նըրա կոկորդն ես կոխեցի,
Երեք անգամ պըտըտեցի
Միակ զենքըս․․․ նա հառաչեց,
Իրեն բոլոր ուժն հավաքեց,
Ու մենք, ինչպես օձեր, կըպած,
Ընկերներից ամուր գըրկված
490 Գըլորվեցինք, ու խավարում
Գետնի վրա էինք կըռվում։
Այն վայրկենին ես էլ էի
Ինչպես հովազ չար, կատաղի.
Ես վառվում էի, ժնգժնգում իր պես.
Ես ինքս էլ ծնված լինեի կարծես
Հովազների ու գայլերի միջին,
Թարմ անտառների հովանու տակին։
Մարդկային բարբառն, այնպես էր թվում,
Մոռացել էի, և հենց իմ կրծքում
500 Այն սարսափելի կռինչն էր ծնվել,
Կարծես թե լեզուս ծնընդից ի վեր
Ուրիշ ձայների անսովոր լիներ․․․

Բայց իմ թշնամին սկսավ թուլանալ,
Դես֊դեն երերալ ու ծանըր հևալ.
Վերջին անգամ հուպ տվավ ինձ,
Կանգնած աչքերն սպառնալից
Փայլկըտեցին, ապա հանգան
Փակված քընով հավերժական։
Բայց հաղթանակող թշնամու առջև
510 Հըպարտ հանդիպեց նա իր օրհասին,
Ինչպես վայել Է կռվում հերոսին․․․

XIX

    «Իմ կրծքի վրա տեսնո՞ւմ ես դեռ նոր
Նըրա ճանկերի հետքերը խոր֊խոր.
Չեն առողջացել նրանք տակավին.
Դեռ չեն ծածկըվել, բայց հողի տակին
Նորից կըբացվեն ու կըթարմանան,
Ու կառողջացնի մահը հավիտյան․․․
Մոռացել Էի ես այնժամ նրանց,
Ու իմ մնացած ուժը հավաքած
520 Գնում Էի միշտ թավուտ անտառում․․․
Սակայն բախտիս հետ զուր Էի կռվում–
Նա ծաղրում Էր ինձ ու արհամարհում։

XX

«Դուրս եկա կրկին բերանն անտառի,
Օրը բացվեցավ, տրժգույն աստղերի
Բույլը չքացավ նըրա շողերում։
Ըսկսավ ծըխալ աուլը հեռվում
Ու մութ անտառը շըրշել արթնացած։
Ներքև հովիտում հողմի հետ հանկարծ
Մի ժրխոր անցավ․․․ վրա նստեցի.
Բայց նա հողմի հետ լըռեց վերստին։
Իմ չորս կողմերը ես աչքըս ածի.
Կարծես այն տեղերն ինձ ծանոթ Էին։


     Սարսափելի էր այս միտքն ինձ համար,
Եվ չէի ուզում հավատալ երկար,
Թե կրկին բանտս եմ ես վերադարձել,
Թե աչնքան օրեր զուր եմ մտածել,
Փայփայել գաղտնի միտքը նվիրական,
Տառապել, տանջվել, համբերել այնքան,
Ու բոլորն ինչո՞ւ.— որ այս հասակում,
540 Դեռ նոր բաց արած աչքըս աշխարքում,
Թավ անտառներում շունչ ու կյանք առած
Ազատ աշխարքի, կյանքի սովորած,
Ինձ հետ միասին տանեմ գերեզման
Այրող կարոտը սուրբ հայրենիքիս,
Խիստ նախատինքը խաբված հույսերիս
Եվ ամոթանքը ձեր կարեկցության․․․
Սակայն տակավին կասկածներով լի
Կարծում էի թե՝ երազում էի,
Երբ հանկարծակի խաղաղ օդի մեջ
550 Զանգի ղողանջը հեռվից տարածվեց.
Այստեղ ինձ համար բոլորը աարզվեց․․․
Օ՜, ճանաչեցի իսկույն ես նըրան.
Շատ է փախցըրել նա իմ մանկական
Կարոտ աչքերից վառ երազներից
Թանկ տեսիլքները,— հարազատներիս,
Ազատությունը վայրի դաշտերի,
Եվ նժույգները թեթև, կատաղի,
Եվ կռիվները ժայռերի միջին,
Ուր հաղթում էի մենակ ամենքին․․․
560 Անլաց, ուժասպառ լըսում էի ես։
Սրտիս միջիցն էր դուրս գալի, ասես։
Կարծես թե մեկը անընդհատ զարկով
Զարկում էր կրծքիս ծանըր երկաթով։
Եվ ես անորոշ այնժամ հասկացա,
Թե այսուհետև դեպի հայրենիք
Երբե՛ք ինձ համար էլ ճամփա չըկա։


XXI

    «Հա՛, արժանի եմ վիճակիս, հայրի՜կ.
Հըզոր նժույգը օտար գաղտերում
Իր վատ հեծվորին վայր Է գլորում,
570 Հեռու աշխարքից դեպի հայրենիք
Գտնում Է ուղիղ ու կրճատ ուղի․․․
Ի՞նչ եմ նըրա մոտ։— Զուր Է սիրտըս լի
Այսքան թախիծ, տենչ ու փափագ.
Այս ջերմ է լոկ թույլ ու դատարկ,
Ցընորքի մի խաղ, խելքի խանգարում։
Ինձ վրա բանտը իրեն կընիքը
Թողել Է արդեն․․․ Այսպես Է լինում
Անլույս խավարում բուսած ծաղիկը.—
Քարերի միջին դալուկ ու մենակ,
580 Թերթիկները փակ, երկար ժամանակ
Մընաց արևի շողերին զըվարթ։
Օրեր անց կացան, ու բարի մի մարդ
Կարեկցությունից հանելով նըրան
Փոխեց մի պարտեզ, վարդին հարևան։
Ամենայն կողմից փարթամ ու շըքեղ
Կյանքի քաղցրություն շնչում Էր այնտեղ․․․
Բայց ի՞նչ դուրս եկավ, հենց օրը բացվեց.
Ու արշալույսի ցոլքը տարածվեց —
Նըրա վառվռուն շողերն այրեցին
590 Խավարչտին բանտում սովորած ծաղկին․․․

XXII

    «Ինձ ևս այնպես, ինչպես և նըրան
Այրում Էր տապը անողորմ օրվան։
Իզուր Էի ես ծածկել աշխատում
Հոգնած գըլուխս չորացած խոտում.
Փուշ պսակի պես նրա տերևը
Խճըճվում Էր իմ ճակատիս վերևը,
Երկիրն երեսիս կըրակ Էր շնչում,

Ու պըսպղալով կայծերը օդում
Պտըտվում էին։ Ելնում էր շոգին
600 Սիպտակ ժայռերից։ Աստծո աշխարքին
Կաշկանդել էր խուլ, գերեզմանական
Ծանըր մըրափը հուսահատության։
Գեթ լորամարգին ճռվողեր, խոսեր,
Կամ թե ճըպուռի ճըռռոցը լսվեր,
Կամ թե մանկական թոթովն առվակի․․․
Հենց օձն էր մենակ, որ աշնան մարգի
Չորացած խոտը դես-դեն շարժելով,
Դեղնավուն մեջքով փայլկըտին տալով՝
Փխրուն ավազը ակոսում, տողում,
610 Զգույշ սողում էր, քնքշալով խաղում,
Եռակի ոլրում, օղ շինում ագին
Ու մին էլ, հանկարծ, կարծես թե շանթած
Իրեն նետում էր, թռչում սրընթաց,
Թաքչում հեռավոր թըփերի տակին․․․

XXIII

    «Ու ողջ երկնքում մեղմ էր ու պայծառ։
Մըշուշի միջից հեռվում երկու սար
Սևին էին տալիս։ Մեկի ետևից
Մեր մենաստանը ժանիքները ցից
Իրեն պարըսպով երևում էր ինձ։
620 Կուրն ու Արագվան ներքև, հովիտում
Իրենց արծաթյա երիզով պատում
Թարմ կըղզիների ստորոտները,
Ու լըվանալով շրշուն թըփերը,
Սուր հոսում էին ընկած իրարու․․․
Նրանք ինձանից շատ էին հեռու։
Ասի վեր կենամ— սակայն առջիս
Ամեն բան արագ պտույտ էր գալիս.
Ասի թե կանչեմ— լեզուս ցամաքած
Առանց հնչյուն էր, անշարժ, կարկամած․․․
630 Մեռնում էի ես։ Տանջում էր մահվան

Զառանցանքը ինձ։ Այնպես էր թվում,
Թե խոր գետի թաց հատակում
Պառկած էի— ու իմ բոլոր
Շուրջը մռայլ խորհրրդավոր։
Եվ, հագեցնելով ծարավս անհագուրդ,
Ջըրի հոսանքը, սառցի նըման ցուրտ,
Խոխոջ հանելով կուրծքըս Էր մտնում․․․
Ես միայն քնելուց Էի վախենում—
Այնքա՜ն դյուրեկան, այնքան Էր քաղցըր․․․
640
Իսկ իմ վերևը, ինձանից բարձըր,
Խըռնվում Էին ալիքն ալիքին,
Արևը նրանց բլուրեղի միջից
Լուսնից Էլ անուշ նշողում Էր ինձ․․․
Ու խայտաճամուկ պարը ձկների
Մերթ֊մերթ խաղում Էր այն լուսի տակին
Եվ հիշում եմ ես նրանցից մեկին.
Նա, ուրիշներից անուշ ավելի,
Փաղաքշում Էր ինձ մտերիմ սիրով.
Մեջքը ծածկըված ոսկյա թեփերով,
650 Խայտում Էր գլխիս վերև, խլըրտում,
Ու խորն Էր այնքա՛ն, քնքույշ ու տրտում
Հայացքը նըրա կանաչ աչքերի․․․
Ու ես անկշտում հիացած Էի։
Արծաթահնչյուն նըրա ձայնիկը
Ինձ զարմանալի բաներ Էր պատմում,
Նա մեկ լռում Էր, մեկ նորից երգում։
Նա ասում Էր.
             «Իմ պատանի՛,
Այստեղ ինձ հետ կաց միասին.
660 Սառն ու հանգիստ միշտ կըլինի
Ազատ կյանքը ջըրային։

    «Իմ քույրերին ես կըկանչեմ,
Մենք, միասին պար բըռնած,
Կըխնդացնենք մռայլ դեմքըդ
Ու քո հոգին վաստակած։


     «Քնի՜, մահիճդ ահա փափուկ
Ու վերմակըդ թափանցիկ...
Կանցնեն տարի՜ք, կանցնեն դարե՜ր
Երազներում գեղեցիկ։
      670 «Օ՜, պատանի՛, սիրում եմ քեզ,
Ահա իմ ողջ գաղտնիքը,
Սիրո՜ւմ— ջըրի ալիքի պես,
Սիրո՜ւմ— ինչպես իմ կյանքը...»

     Ու երկա՜ր, երկար ես լսում էի.
Կարծես թե հնչուն ալիքը ջըրի
Խառնում էր իրեն մրմունջը խորին
Էն ոսկեթեփուկ ձըկան բառերին։
Այստեղ ինձ կորցրի։ Աչքերըս մթնեց
Զառանցանքն հատավ ու տեղի տվեց
680 Տկարությանը վաստակած մարմնի...


XXIV


    «Այսպես գտան ինձ ու վերցրին...
Մնացածն արդեն հայտնի է քեզ։
Ես վերջացրի։ Այժըմ կուզես
Մի՛ հավատար, այդ չեմ հարցնում,
Սի բան է միայն ինձ տխրեցնում,
Որ իմ դիակն այստեղ— հեռու,
Իմ մայր հողում չի փըտելու,
Ու ցավերիս վեպքը տըրտում
Չեն պատմելու խուլ խրճիթում,
690 Որ մեկն ուշքով լսի ու լա
Իմ տխրալի անվան վըրա։


XXV


     «Մնաս բարյավ, հա՛յր․․․ քո ձեռքը տուր ինձ.
Տեսնո՞ւմ ես, իմը ինչպես այրվում Է...
Այս բոցն, իմանա՛ս, մանուկ օրերից
Իմ կրծքի տակին ծածկված մընում Է.

Բայց հիմա արդեն էլ սնունդ չըկա,
Ու իրեն բանտը ողջ լափել է նա։
Վերադառնում է Նրա մոտ կրկին,
Որ օրինավոր կարգով ամենքին
700 Տալիս է տանջանք ու հանգստություն․․․
Բայց ի՞նչ եմ անում, թեկուզ դրախտում,
Ամպերից վերև էն սուրբ աշխարքում
Իմ հոգին իրեն հանգիստ ունենար․․․
Ա՜խ, միայն մի քանի վայրկենի համար,
Մռայլ, վիթխարի էն ժայռերի մեջ,
Ուր անց եմ կացրել օրերս մանկության,
Կըտայի ես ողջ — դրախտ, հավիտյան․․․

XXVI

    «Երբվոր, ծերունի՛, մեռնելու լինեմ,
Ու գիտեմ— երկար չըպիտի ապրեմ,—
710 Պատվեր տուր այնժամ դու ինձ տանելու
Մեր կանաչ այգին, այնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թփեր են ծաղկում․․․
Խոտն էնքան խիտ է նրանց արանքում,
Ու անուշաբույր թարմ օդը այնպե՜ս,
Այնպե՜ս թափանցիկ, այնպես ոսկեզօծ
Տերևն արևի տակին խաղացող․․․
Դու հըրամայի ինձ այնտեղ տանեն։
Պայծառ ցերեկի փայլով ոսկեղեն
Վերջին անգամը կարբենամ գեթ ես։
720 Կովկասն այնտեղից կերևա նույնպես։
Կարելի է հով զեփյուռների հետ
Ուղարկի նա ինձ վերջին հըրաժեշտ
Իր բարձունքներից հզոր, աննըվաճ․․․
Ու իմ ականջին, օրհասից առաջ
Կըհնչի դարձյալ հարազատ մի ձեն։
Ու կըմտածեմ, թե ընկերըս է էն,
Կամ թե եղբայրս վրաս կորացած՝

Զգույշ ձեռքերով դեմքիցս կամաց
Մահվան սառնամած քրտինքն է սրբում
730 Ու մեր տան մասին կիսաձայն երգում․․․
Ուր ես այս մըտքով խաղաղ կըհանգչեմ,
Էլ չեմ գանգատվի ոչ-ոքի ընդդեմ․․․»։