Մկնիկի կյանքը
Մկնիկի կյանքը
Խոհանոցի
Թախտի տակին
Մկան բույն կար
Մի ահագին։
Բնի առաջ՝
Դռնակը բաց
Թակարդ դրած.
Մեջը՝ չոր հաց։
Մեկ էլ՝ ըհը՜...
Աչքը պուճուր,
Ականջը սուր,
Փորն սպիտակ,
Պոչը բարակ,
Մի պստիկ մուկ
Մորից ծածուկ
Հենց դուրս եկավ
Իր բնից՝
Թը՜րխկ...
Թակարդն ընկավ
Բացված դռնից։
Թակարդն ընկավ,
Եղավ գերի,
Հացը մնաց
Ձողի ծերին։
- Ծը՜, ծը՜, ծը՜, ծը՜,—
Լաց էր լինում
Խեղճ մկնիկը,
- Ծը՜, ծը՜, ծը՜, ծը՜,—
Լաց էր լինում,
Արցունք թափում
Աչքը լիքը։
- Ծը՜, ծը՜, ծը՜, ծը՜,—
Չանգռոտում էր
Իր թակարդի
Պինդ կողերը։
- Ծը՜, ծը՜, ծը՜, ծը՜,—
Կրծոտում էր
Էն երկաթի
հաստ ձողերը։
Անվերջ, անվերջ
Չանգռոտում էր,
Բայց թե՝ իզուր,
Բոլորը զուր...
- Տղե՜րք, տղե՜րք,
Մուկ է ընկել,
Եկեք տարեք,
Կատվին տվեք,—
Գոռաց վերից
Մի տանտիկին։
Իսկույն եկան,
Խեղճ մկնիկին
Տարան տվին
Սևուկ կատվին։
Սևուկը՝ հոպ...
Բռնեց տարավ,
Տարավ, հանգիստ
Անուշ արավ։
Վա՜յ, խե՜ղճ մկնիկ,
Անբախտ մկնիկ։