Չէի ցանկանա գրել այս տողերը, բայց ի՞նչ արած,
Ծնվում են բառերը,
իսկ գրիչը պարտավոր է են-թարկ-վել
(Չնայած քո՛ գրիչն է,
Այնուամենայնիվ, կարողանում է
Են-թարկ-վել)։
Ուզում եմ ասել՝ ցտեսություն։
Չի ասվում։
«Ցտեսությունը»
միակ բառն է, որ
Արտաբերել չի լինում, ծանր է անչափ,
Լեզուս չի կարողանում բարձրացնել։
Ինձ վարժում եմ՝ մի օր ասելու համար։
Կասե՞մ։
Քեզ շատ եմ երես տվել պարզապես։ Այնպե՞ս չէ։ Այն էլ՝ անխնա...
Երբ դու մանչուկ ես եղել, հիշում եմ, մի օր հացթուխ մայրդ բարկացել է քեզ վրա՝ քեզ կարգին չես պահել, հետո ցանկացել է քեզ բռնել ու թեթեւակի ցույց տալ, թե փափուկ տեղերիդ խփում է, բայց դու փախել ես տան մեջ, մեզարով ծածկված պյուլերը1 կոխ ես տվել...
Մայրդ քեզ միշտ երես է տվել։
Ես հիմա կոխկրտված պյուլերով հաց եմ ուզում, որ մայրդ է թխել... Ի՜նչ լավ ես կոխ տվել...
Իմ բաժին հացապյուլերը...
Այժմ...
Պյուլերը էլ կոխ մի տուր, իսկ ես մի երազ պատմեմ։ Գիշերս եմ տեսել։ Իբրեւ մի օր, երկու օր, երեք օր... անջատված ենք։ Այդ օրերը կապում եմ իրար, դառնում են շարժվող գնացքի վագոնատնակներ... Դրանց միջով շարժվում եմ, որ հասնեմ չորրորդ վագոնատնակին, ուր դու ես... Սպասո՞ւմ ես ինձ, չե՞ս սպասում, չգիտեմ։ Բայց ես գալիս եմ։ Քանի որ գնացքը շարժվում է, օրորվում եմ, գալիս, գլուխս մեկ այս պատին է խփում, մեկ այն դռանը, մեկ պատուհանին, բայց՝ չեմ կանգնում, գալիս եմ...
Չորս կողմից մարդիկ ծիծաղում են վրաս, բայց գալիս եմ։
Ինձ ձեռ են առնում մարդիկ, լացիս վրա հռհռում են, բայց գալիս եմ։
Իսկ այդ չորրորդ օրը՝ չորեքշաբթին, հեռու է...
Ինչո՞ւ ես ինձ խաբում։ Ես թույլ չեմ տվել, որ մեկն ինձ խաբի ամբողջ կյանքում։ Իսկ դու խաբում ես, ձեռ ես առնում ինձ... Դարձնում ես ինձ անտանելի սրիկա, որին միայն ատել կարելի է...
Ատի՛ր։
Խորը ատիր։
Ես կատեմ քեզ, թե դու ինձ չատես, չարհամարհես։
Աշխատիր սպանել։
Կարող ես։
Ես եւս ատում եմ։ Առաջին տողերում չէի ատում, հիմա ատում եմ, ատում եմ ամբողջ մարմնով, էությամբ, իմ եւ քո սուտ երգերով, քո եւ (ի՞մ) սուտ հայացքներով, քո եւ միայն քո սո՛ւտ, սո՛ւտ թաքցրածներով,
քո
սուտ...
Սու՜տ աշխարհ։
Մնացածը ճիշտ է։
Ատում եմ ինձ։ Հետո՞ ինչ, թե դու էլ ես իմ մեջ։ Ատում եմ ինձ։
Ծառը։
Աշխարհը։
Ատում եմ՝ կարեւոր չէ, թե ինչ, կամ՝ ում։
Երազս իզուր պատմեցի, քանի որ գուցե նաեւ չորրորդ վագոնում չես...
Բայց մի գնացքում ենք։
Դու իմն ես՝ որպես իմ ատելին, դու իմն ես՝ որպես իմ սիրելին, դու իմն ես եւ ինչո՞ւ ես ուզում, որ գնացքի արգելակող ձողը քաշեմ ու վթարով կանգնեցնեմ ընթացքն ամբողջ։
Ափսո՜ս, որ երազի վերջը չկա...
Ահավասիկ.
Ռ Ե Ք Վ Ի Ե Մ
Ցը-
(ծանր է, Սաթե, մի ստիպիր, որ ասեմ)
տե-
(բռնիր ձեռքս, որ չգրեմ մինչեւ վերջ)
սու-
(վերջին վայրկյանները միշտ էլ ցավով են հեռանում)
թ-
(Սաթե՜, Սաթե՜, Սա-թե՛-նի՛կ)...
. . . . . . . . . . . . . . . . .