Մշակ/1873/2/Ընդհանուր տեսութիւն
Հարկաւոր ենք համարում տարվայ սկզբում ընդհանուր քաղաքական տեսութիւն անել անցեալ 1872 թուի, Եւրօպայի գլխաւոր երկիրների։
Անցեալ տարին խաղաղութեամբ անցկացաւ և երկու գլխաւոր երևոյթները յոյս են տալիս այդ դրութեան շարունակվելուն։ Մինը Էլէբէմի գործն է, որ բարի օրինակ է, անբաւականութեան դիպվածները ոչ թէ արիւնահեղ պատերազմի միջոցով, այլ միջնորդ դատարանի օգնութեամբ վճռելու,― միւսը երեք կայսրների տեսակցութիւնն է որ երաշխաւորութիւն է տալիս խաղաղութեան պահպանվելուն։
Ֆրանսիայի ներքին դրութիւնը, որ ենթարկվեցաւ շատ փոփոխութիւնների, տարվայ վերջը, կարծես, մի հաստատ ձև ստացաւ։ Գուցէ չէ կարելի լիովին հաւատալ Թիէրի և Ազգային-ժողովի բազմութեան մէջ կատարեալ հաշտութեանը, բայց այնու ամենայնիւ հավանական է որ այսուհետև նախագահի յարաբերութիւնները Ազգային-ժողովի հետ բնական կերպարանք ընդունեն։ Թիէրը ինքն պահպանողական է, ուստի բաժանվելով դեկտեմբերի 14-ի նստում ծայրահեղ ձախակողմեաններից և դիմելով աջակողմեան պահպանողական կուսակցութեանը, նա աներկիւղ որոշում է թէ իր քաղաքական դրութիւնը։ Պահպանողական կուսակցութեանը, նա աներկիւղ որոշում է թէ իր քաղաքական համոզմունքը, թէ Ֆրանսիայի քաղաքական դրութիւնը։ Պահպանողական կուսակցութիւնը, մինչև անգամ միապետականները, պիտի հասկանան որ միապետական ձևը անիրագործելի լինելով Ֆրանսիայի մէջ, նրանց պարտաւորութիւնը պիտի լինի տէրութեանը ձեռք մեկնելով, միացած ոյժերով հիմնել Ֆրանսիայի մէջ միակ իրագործելի ձևը,― պահպանողական հանրապետութիւնը։
Անգլիան Գլադստօնի մինիստրութեան առաջնորդութեամբ անընդհատ հետևում է արուեստագործական և առևտրական օգուտներին և երևում է որ նա կատարելապէս հրաժարվել է Պալմէրստօնեան քաղաքականութեան ձևից, արհամարհելով այն ամենը որ նպատակ ունի աճեցնել նրա արտաքին քաղաքական նշանակութիւնը, և որ անմիջապէս չէ վերաբերում նրա մասնաւոր տնտեսական զարգացման և բարելաւութեան։
Իտալիայում թէև կղերական միաբանութիւնների հետ սկսած ներքին պատերազմը մի վերջնական եզրակացութեան չէ հասել, բայց այնուամենայնիւ պ․ Լանցայի մինիստրութեան բռնած քաղաքական եղանակը կղերական հնացած տարրի ընդիմադրութեան առաջ,―անաջող հետևանք չէ ունեցել։ Նմանապէս մասնաւոր, վերջին ժամանակ յաճախ կրկնվող յեղափոխական շարժումները գործերի ընդհանուր ընթացքի վրա նշանաւօր ազդեցութիւն ունեցած չեն։
Իսպանիայի դրութիւնը աւելի խառնված է երևում, և անկարելի է նախագուշակել ինչ հետևանք կունենայ նրա ներքին անորոշ դրութիւնը։ Թագաւորը (Իտալիայի թագաւորի որդին) սահմանադրական համոզմունքներում մեծացած, ստիպված է լինում Կօրտէսների միակ որոշված կուսակցութենից օգնութիւն խնդրելու, այն է արմատական կուսակցութենից․․․ Պ․ Ցօրիլլայից կառավարված մինիստրութիւնը թէև համակրութիւն չունի երկրի մէջ, բայց առ այժմ և վտանգաւոր և ծանր հակառակորդ չունի, այնպէս որ բոլոր անբաւականութիւնը այժմեան կառավարութեան դէմ յայտնվում է զանազան կուսակցութիւններից գրգռված անվերջանալի մասնաւոր ապստամբութիւններով, որք ամբողջ երկիրը շարունակ տենդային դրութեան մէջ են պահում․․․ Պ․ Ցօրիլլայի արմատական կուսակցութիւնը միայն հանրապետականների հետ սիրահարական յարաբերութիւններ է պահպանում, այն էլ նորա համար, որ վտանգաւոր հակառակորդ չէ համարում նրանց, բայց առ այժմ նրանց հետ առ երես բարեկամութիւնը անհրաժեշտ է տեսնում։ Իսկ Սէրանօի և Սագաստայի պահպանողական կուսակցութիւնը այնքան թոյլ է, որ ստիպված է լինում տանել արմատականների կողմից հրապարակական մեղադրանքները, իբր թէ նոյեմբերի 11-ին ծագած խռովութիւնները և թագաւորին սպանելու փորձը նրանց գործն էր․․․
Գերմանիայում ներքին կռիւը ծայրայեղ կղերականների դէմ սաստկանում է։ Բիսմարկի կառավարութեան առաջադէմ վերանորոգութիւնները պատահում են սաստիկ ընդիմադրութեան հին պահպանողականների (աւատականների), ուղղափառ բողոքականների և կաթօլիկ կղերականութեան արտօնութեանց պաշտպանողների միացած ոյժերի կօղմից։ Այդ հանգամանքները ազդեցութիւն ունեցան և գերմանական կենդրօնական կառավարութեան, Բէրլինի մինիստրութեան կազմակերպութեան վերա։ Երևի թէ մինիստրութեան վերակազմութիւնը անփախչելի է։
Թէև Թիւրքիայի արտաքին քաղաքականութիւնը 1872 թուի ընթացքում բաւական խելացի և չափաւոր է եղել, բայց նոյնը չէ կարելի ասել նրա ներքին քաղաքականութեան մասին։ Ներքին կառավարութեան անհաստատութիւնը այն հետևանքն է ունեցել, որ անչափ յաճախ փոփոխութիւններ են եղել մի տարվայ ընթացքում մինիստրների, մեծ-վեզիրների և պաշտօնեաների մէջ,―և այնուամենայնիւ ոչ երկրի տնտեսական դրութիւնը, ոչ պետութեան ֆինանսները բաւականացուցիչ դրութեանը հասած չեն։ Թիւրքիայի ներքին բարեկարգութեան խնդիրը երևի կը մաշի դեռ ևս պետական մարդիկներից շատերին։
Եւրօպայի փոքրիկ, չէզօք պետութիւնները շարունակում են իրանց ներքին առաջադիմութեան խաղաղ գործը։ Բէլգիան վերակազմում է իր գաւառների, համայնքների և մասամբ պատգամաւորների ժողովները։
Հօլլանդիան պարապում է իր գաղթականութեանց հիմնարկութիւնների վերակազմութեամբ և միւս կողմից գլուխ է բերում այնպիսի մեծ ձեռնարկութիւնները, ինչպէս Հիւսիսային ծովից ջրանցք շինելը, որ պիտի նոր կերպարանք տայ իր մայրաքաղաքի առուտուրին։
Շվէյցարիան նորից պատրաստվում է իր սահմանադրութեան վերաքննութեանը։ Նրա երկպառակտութիւնը Հռօմի աթօռի հետ չէ սպառնում փոքրիկ երկրի ոչ արտաքին ոչ ներքին խաղաղութեանը։
Վերջապէս եւրօպական մի մեծ պետութեան, Ավստրիայի դրութիւնը որոշվում է նորանով, որ նրա ներքին քաղաքականութեան բռնած ընթացքը յոյս է տալիս մեզ, որ նա իր բոլոր ջանքը պիտի գործ դնէ, պետութիւն կազմող բոլոր ազային խմբերին Ունգարիայի պէս ներքին կառավարչական անկախութիւնը շնորհելու, հաւասարացնելով ամեն տեղ ընտրողական և կառավարչական իրաւունքները։
Թէև այդ ընդհանուր տեսութեան մէջ ենք և եւրօպա կան գլխաւօր երկիրները աչքի առաջ ենք ունեցել թող ներվի մեզ մէկ երկու խօսք ասել և Ամէրիկայի միացեալ նահանգների վրա։ Գրանտը կրկին ընտրվեցաւ նախագահ,— այդ կը նշանակէ որ յաղթվեցաւ ռամկապետական անվանված կուսակցութիւնը և յաղթող մնաց այն կուսակցութիւնը (հանրապետականները) որք պատուելով մինչև յայտնի մի աստիճան պետութեան անկենդրօնականութիւնը, մի և նոյն ժամանակ չեն թոյլ տայ այդ ձևի այն հրէշաւոր զարգացմանը, որ առանձին նահանգների կառավարչական անկախութեան անունով պաշտպանում էր երկար ժամանակ ստրկութեան իրաւունքը, իսկ դեռ ևս մօտ ժամանակներում քաղաքացիների մէջ անհաւասարութիւն էր պաշտպանում, խտրութիւն դնելով սևերի և սպիտակների քաղաքական իրաւունքների մէջ։ Մի և նոյն ժամանակ Գրանտի կառավարութիւնը խօստանում է ոյժ տալ Միացեալ Նահանգների և արտաքին քաղաքականութեանը։