Նամակ Նուխուից
ՆԱՄԱԿ ՆՈՒԽՈՒԻՑ
Գ․

Թթի ծառի մշակութեան, կամ շերամի որդնը պահելու և կամ երկրագործական որ և իցէ ճիւղով պարապելու ձեռնամուխ եղող պատահած չէ այստեղ զետեղվող օտարականներից․ այսպիսի բաները անպէտք են համարում, աւելի սիրում են պարապել վաճառականութիւնով, որը աւելի յարմար կլինէր անուանել մանրավաճառութիւն․ տեղացի հայերից շատերը ձգուած են նոյնպէս դէպի այդ, ի բաց առեալ մի քանի տներ, որոնք ունեն մշակուած և ընդարձակ կալուածներ, հօտեր (սուրուներ ոչխարի կամ տաւարի)։

Այդ ձգտումը, սովորութիւնը դէպի վաճառականութիւն, ոչ թէ միայն նկատելի է այստեղ, այլ և դա կազմում է մեր հայերի գլխաւոր յատկութիւնը ամեն տեղ։ Գիւղացին եթէ պատահումէ որ ձեռք է բերում փոքրիկ գումար, նա աւելորդ է համարում հողագործութիւնով պարապել․ նա դիմումէ չարչութեան քաղաքից մանդր ու մունդր բաներ տանելով գիւղը և այստեղից էլ զանազան պաշարներ տանելով քաղաքը և այդպիսով թողնում է նա իր պարապմունքը, որը յառաջ կգնար եթէ ձեռք բերուած գումարը գործ դնէր այդ մասին։ Հողը զրկվում է իր նոր արդիւնաւոր ոյժից―փողից և մնում է այնպէս ինչպէս առաջ էլ կար․ իսկ մեր կապիտալիստները յայտնի է որ նոքա աւելի պատրաստ են պարապել մի մեքենական առևտուրով քան թէ իրենց ուշադրութիւնը դարձնել հողին կամ որ և իցէ գիւղատնտեսական ճիւղի։ Այսպիսի դրութիւնից խօսք չկայ կհետևի այն, որ մեր հողագործութիւնը, տնտեսագիտութիւնը բնական նիւթերի մշակելը երեսի վրայ թողած կմնան և չեն յառաջացնել որ և իցէ կատարելագործութիւն։

Նուխուայ մէջ պատրաստում են կաշի „թումաճ“ կոչուած, որը վաճառահանումեն Կովկասի զանազան քաղաքների համար․ այդ արուեստով պարապում է ժողովրդի հասարակ դասը և այդ արուեստը իր հնութեան կնիքն է կրում․ ներկարարութիւնը նոյնպէս կազմում է հասարակ ժողովրդի պարապմունքը․ այստեղ առ հասարակ պատրաստում են Պարսկաստանի ապրանք ղատաք կամ չատր այսպէս անուանուած, որից դնում են գիւղացիք և մեծ մասը լեռնական լէկղիները․ սրանք գալիս են այստեղ տարին երկու անգամ, գարնան և աշնան վերջերը բերելով իրենց ձեռագործ շալէղենները և տանելով իրենց հետ փոխարէնը զանազան ապրանքներ գլխաւորապէս, ինչպէս՝ վերևը ասացի, ղատաք կամ չատր։ Ուրիշ հասարակ արուեստների մէջ ոսկերչութիւնը և զէնք շինելը այստեղ աւելի գովուած է, և ասիական ճարտարաշինութեան օրինակներ կարող են դառնալ եւրօպացւոց առջև․ իսկ միւսները կօշկակարութիւնը, դարբնութիւնը, դերձակութիւնը չեն ներկայացնում որ և իցէ նորութիւն այլ այնպէս են, ինչպէս և առաջ էլ եղած են։

Նուխի ունեցած է իր փառաւոր ժամանակը 64―66 թուականները, որոց միջոցին, մի կողմից մետաքսը, բոժոժը չափազանց թանկացաւ և միւս կողմից Ամերիկայի պատերազմը պատճառ դառաւ մանիֆակտուրի (կտաւեղէնի կամ չիթեղէնի) չափազանց բարձրանալուն, որից մեծամեծ օգուտներ քաղեցին, ընկերութիւններ հիմնեցին, բայց ինչպէս ամեն բանի մէջ չափազանցութիւնը վնասակար է, նոյնպէս և այդ ժամանակուայ առ և տուրը իր սահմանէն անցնելով հետևանքը ուրիշ բան չեղաւ, բայց եթէ իրարու ետևից սնանկութիւններ (կոտր ընկնիլ) անկարգ գործեր․․․ Հայի վաճառականութիւնը կարծես բնական է, որ չէ յաջողվում, չէ զարգանում ինչպէս եւրօպացուն և այդ ցավալի երևոյթի պատճառը անժխտելի կերպով է անկանոն և տգէտ առևտուր անելը։

5 դեկտ, 1872․ Մ․ Գ․ Ասլանեան