Մշակ/1873/2/Նապօլէօն III-ը
Անցեալ տարվայ դեկտեմբերի 28-ին վախճանվեցաւ Անգլիայում պանդխտութեան մէջ այն մարդը, որ թէև հասել էր ամենամեծ նշանակութեանը Եւրօպայի մէջ, ահագին ազդեցութիւն է ունեցել եւրօպական քաղաքականութեան վիճակի վրա,— բայց որի ամբողջ կյանքը ներկայացնում է բախտախնդիր թափառականի պատկերը, պանդխտութեան մէջ մեծացած և պանդխտութեան մէջ մեռած մութ անձնաւորութիւնը, որի գործունէութեան միակ շարժառիթը անասելի փառասիրութեան զգացմունքն էր։ Այդ զգացմունքին լրում տալու համար XIX-որդ դարի այդ հերոսը յէտ չէր կանգնում ոչ մի աններելի միջոցներից։ 1808 թուին Փարիզում ծնված նա ստիպվեցաւ արդէն 1815 թուին Նապօլէօն I-ի վերջնական անկումից յետոյ աքսորանք գնալ։ Առաջ Գերմանիայում, յետոյ Շվէյցարիայում ուսում առնելով, նա մտաւ շվէյցարական զօրքը և 1834 թուին այդ զօրքի մէջ կապիտան էր․ 1831 թուից սկսվում է նրա քաղաքական կեանքը․ սա մի անաջող քայլ էր գնալ Լէհաստանի ապստամբութեանը մասնակցելու։ 1832 թուին նա հրատարակում է իր առաջին քաղաքական գրվածքը, „Rêveries politiques“ անունով, որի մէջ առաջին անգամ երևում են այն ուղղութեան նշոյլները, որք նրա ամբողջ քաղաքական գործունէութեան ուղեցոյց պիտի դառնային՝ նապօլէօնական կայսրութեան վերականգնելը հանրապետական հիմնարկութիւններով․․․․ այդ խաբեբայական գաղափարից, որով կարող էր միայն տգէտ ամբոխը յափշտակվել, Նապօլէօն III-ը իր համար քաղաքական դրօշակ կազմեց։
1836 թուին նրա դիտաւորութիւնը Ստրասբուրգի մէջ Լուի Ֆիլիպպի կառավարութեան դէմ ապստամբութիւն անելու այնտեղ եղած զօրքի միջնորդութեամբ չաջողվեցաւ,— նա բռնվեցաւ և աքսորվեցաւ Ամէրիկայ։ 1840 թուին նրա փորձը բախտախնդիր արբանեակների օգնութեամբ Բուլօնի մէջ ապստամբութեան միջոցով Ֆրանսիայի գահը իր ձեռքը գցելու, այն հետևանքն ունեցաւ, որ նրան նստացրին Համ անուանված բանտը, ամբողջ կեանքի բանտարկութեանը դատապարտելով․․․։
Բանտի մէջ նստած, նա ձեռք չէր վերցնում իր նպատակներից։ Նա լաւ էր հասկանում որ մի միջոց կար միայն սեփականութիւն չունեցող ամբոխի համակրութիւնը գրաւել, այն է խօստանալ նրան որ գահին հասնելուն պէս պիտի իր բոլոր ջանքը գործ դնէ նրա անմխիթար դրութեանը դարման տալու, պիտի բժշկէ սեփականութիւն չունեցող դասը իր բոլոր ցաւերից․․․։ Շարունակ յօդվածներ տպելով „Progrês du Pas-de Calais“ լրագրում, և 1844 թուին մի բրօշիւր հրատարակելով „De l'extinction du Pauperisme“,— Նապօլէօնը սօցիալիզմի վարդապետութեան ամենածայրահեղ մտքերը միացնելով Բօնապարտեան կայսրութեան գաղափարի հետ, ձայն էր բարձրացնում ազատութեան անունով և բողոքում էր Լուի Ֆիլիպպի կառավարութեան դէմ․․․։ Իսկ այդ բռնաւոր անուանված տէրութիւնը նրան թոյլ էր տալիս բանտից իր յեղափոխական գրվածները հրատարակել․․․։ Այդպէս չը վարվեց նա երբ ինքն գահին հասնելով, աքսորեց նոյն Օրլէանեան ընտանիքը, յափշտակեց նրա կալվածները և արգելեց Ֆրանսիայում նրանց բոլոր գրվածները։
Այդ մարդ ոչ մի միջոցի առաջ չէր կանգնում․ ինչպէս Բուլօնի խռովութեան փորձի մէջ նա չը քաշվեց իր նպատակին հասնելու համար պահապան զինուորին իր ձեռքով սպանելու, այնպէս և բանտից փախչելու համար չը քաշվեց խաբեբայութիւնից օգնութիւն խնդրելու, հագնելով մի արուեստաւորի հագուստը․․․։ Այդ ձևով կը շարունակ է նա իր ամբողջ գործունէութիւնը․․․․ 1848 թուին, երբ Ֆրանսիան հանրապետական քաղաքական ձևը ընդունեց, Նապօլէօնը ներկայանում է հայրենիքը, յայտնելով, որ աշխարհի ամենաբարձր գահը նա չնչին է համարում իր հայրենիքին որպէս հասարակ զինուոր ծառայելու փառքի առաջ․․․։ Ազգային ժողովը քանի մի տատանումներից յետոյ, ստիպված է լինում, ընդունել նրան որպէս ժողովրդից ընտրած պատգամաւորին։
1848 թուի դեկտեմբերի 20-ին, յաղթելով ուրիշ կանդիդատներին ընտրութեան մէջ, նա ընդհանուր քուէարկութեան 6 միլիօն ձայներով ընտրվում է ֆրանսիական հանրապետութեան նախագահ,— բայց այդ թուից մինչև 1851 թիւը բօնապարտեան գաղափարը տարածելով շրջաբերականներով, իր կուսակցութիւնը մեծացնելով, անդադար Ֆրանսիայի մէջ ճանապարհորդելով, շինծու կերպով և փողով զօրքի համակրութիւնը գրաւելով,— դեկտեմբերի 2-ին 1851 թուի արդէն հեշտութեամբ կարողանում է կոտրել իր երդումը, որ տուած էր հանրապետութեանը հաւատարիմ մնալու, կարողանում է Փարիզը իր ձեռքը գցել, հարբած և կաշառված զօրքի միջնորդութեամբ կոտորելով մայրաքաղաքի փողոցներում իրան պաշտպանող ժողովուրդը, կարողանում է կալանաւորել հանրապետութեանը հաւատարիմ մնացած նշանաւոր անձերից շատերին, նրանց բանտարկել, աքսորել․․․։
Այդպէս հիմնվեցաւ այդ գարշելի արիւնահեղ գործի վերա Բօնապարտեան երկրորդ կայսրութիւնը․․․։
Այդպէս հիմնվեցաւ այն կայսրութիւնը, որի հիմնելը ինքն կայսրը իր ճառերից մինի մէջ կնքեց հետևեալ խօսքերով՝ „կայսրութիւնը խաղաղութիւնն է“։
Աւելի ծիծաղելի կերևան այդ խօսքերը, երբ կը յիշենք որ Նապօլէօն III-ի թագաւորութեան հետևեալ տարիները ներկայացնում են մեզ անընդհատ պատերազմները, սկսած Ղրիմի պատերազմից մինչև վերջին գերմանական պատերազմը․․․։
Նապօլէօնի քաղաքականութեան եղանակի բոլոր գաղտնիքը նորանումն էր պարունակվում, որ շողոքորթելով առանձնապէս հասարակութեան ամեն մի դասին, պահպանի ամենի մէջ հաւասարակշռութիւնը։ Սեփականութիւն չունեցող ամբոխը կերակրելով սոցիալական խոստումներով, ամբողջ ժամանակը պարապեցնում էր Փարիզի վերանորոգութեան շինութիւններով, մի և նոյն ժամանակ իբր բարոյականութեան նպատակով արգելում էր առողջ ընթերցանութեան գրվածները, միւս կողմից հեշտացնելով ժողովրդի մէջ „Petit Journal“ լրագրի պէս դարդակ ընթերցանութիւնը։ Թատրօնի վերա նշանակվեցաւ խիստ ցէնզուրան, որ նպաստում էր անբարոյական պիէսաներին Օֆէնբախի գրվածների պէս։ Զանազան տնտեսական շահաւէտ ձեռնարկութիւններով, բազմաթիւ պաշտօնեաներով, որք տէրութեան ծախսով էին ապրում առանց արդիւնաբերելու,— նա գրաւեց բուրժուազի անուանված միջին դասը, ազնուական դասը գրաւվեցավ տիտղոսներով, զօրքին հաճելի եղաւ միջոց տալով նրան պատերազմական փառքը վաստակելու, կաթօլիկ կղերին,— Հռօմի աթոռը յեղափոխականների դէմ պաշտպանելով, վերջապէս հանրապետականների համակրութիւնը գրաւեց,— Իտալիան Ավստրիայից մասամբ ազատելով ու Գարիբալդիի հետ մի և նոյն դրօշակի հովանաւորութեան տակ պատերազմելով,— թէ և վերջը որպէս վարձատրութիւն խլեց նոյն Իտալիայից Նիցցա և Սավոյա գաւառները․․․։
Արտաքին քաղաքականութեան մէջ նա ձգտում էր ռօմանական ցեղին պատկանած բոլոր ազգութիւններին պաշտպան հանդիսանալ։ Այդ նպատակով էր սկսված Մէկսիկայի դժբաղդ պատերազմը, որի հետևանքը ապացուցեց որքան քիչ էր ճանաչում Նապօլէօնը Հիւսիսային Ամէրիկայի ոյժը, ինչպէս որ վերջին գերմանական պատերազմի բօնապարտեան գահի համար կորստաբեր հետևանքը ապացուցեց որքան անկատար ծանօթութիւն ունէր նա Գերմանիայի զօրութեան մասին․․․։