Մշակ/1873/7/Գերմանիայի այժմեան դրութիւնը
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՅԺՄԵԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ
Կար ժամանակ, երբ Գերմանիան բաժանված էր, թոյլ էր, յուսահատված էր, ճնշված լինելով մի կողմից քաղաքական բռնաւորության տակ, միւս կողմից հառաչում էր թէ մարմնաւոր, թէ հոգևոր ստրկութեան տակ։ Այդ ուղղութեանը համապատասխան էր գրականութեան մէջ Շօպենհաուէրի փիլիսոփայութիւնը, որ ցոյց էր տալիս մարդը, որպէս ողորմելի էակ, մի վարդապետութիւն, որ արմատացնում էր սրտերի մէջ, յուսահատութիւն...։ Համապատասխան քաղաքական կեանքին և զուգընթաց նորա այլ և այլ շրջանների հետ, Գերմանիայի գրականութիւնը այլ կերպարանք է ստանում Կանտի ստեղծվածներում։ Նորա գվածները շնչում են յոյսով, բարձր, ուրախ իդէալականութեամբ... այդ ժամանակից է սկսվում Գերմանիայի քաղաքական վերածնութիւնը, և գերմանացին սկսում է ինքն իր ոյժերին հաւատ ընծայել...
Գերմանիայի արդեան մտաւոր կեանքի և հասարակական կարծիքի մէջ նշմարվում է մի շատ նշանաւոր փոփոխութիւն։
1866 թուի և մանաւանդ 1870 թուի անցքերից յետոյ, գերմանական ազգի մէջ այդ հաւատը դէպի իր սեփական ոյժերը, այդ ինքնահաւան յոյսը գուցէ չափ ու սահման անցաւ։ Շատ ժամանակ չէ, որ Գերմանիայի և մանաւանդ Պրուսիայի օրադրութիւնը արհամարհական ժպիտով նայում էր Ավստրիայի հիմնարկութիւնների վրա, թէև յարգանքով էր խօսում Ֆրանսիայի քաղաքական կազմակերպութեան վրա, համարելով Ֆրանսիայի հիմնարկութիւնները հետևանք նորա պատմական պայմանների, բայց անյարմար էր համարում նոյն հիմնարկութիւնների գործ դնելը գերմանական ժողովրդի մէջ։ Շատ ժամանակ չէ այն կուսակցութիւնը, (national—liberale) անվանված (ազգային ազատամիտ կուսակցութիւնը) որի պարագլուխը համարվում էր ինքն իշխան Բիսմարկը, հրապարակապէս իրան էր յատկացնում Գերմանիայի միութեան գործի փառքը...
Իսկ հիմի... հիմի նոյն Պրուսիայի ինքնահաւան օրադրութիւնը, նոյն հպարտ ազգային-աազատամիտ կուսակցութիւնը բաւականացուցիչ խօսքեր չեն գտնում, որ կատարելապէս արտայայտեն իրանց դժգոհութիւնը, որ ցոյց տան իրանց բոլոր անբաւականութիւնը և արհամարհանքը դէպի Գերմանիայի թերի հիմնարկութիւնները...։ Երեկվայ ինքնաբաւականութիւնը փոխվեցաւ յանկարծ դէպի անասելի դժգոհութիւն Գերմանիայի ամբողջ հասարակական կազմակերպութեան վերաբերութեամբ։
Բիսմարկը արձակվեցաւ պաշտօնից և նրա տեղը մինիստրութեան նախագահ նշանակվեցաւ գեներալ Ֆօն-Րօօն։
Ասում են որ Բիսմարկի պաշտօնից հեռանալը Կայսրի հետ անձնական յարաբերութիւնների հետևանքն էր։ Կայսրի երրորդ եղբայրը վախճանվել է։ Ինչպէս յայտնի է պրինց Ֆրիդրիխ Վիլհէլմը իշխան Բիսմարկի անհաշտ թշնամի էր։ Հաւանական է, որ այդ մահը դառնութեամբ լցեց Կայսրի սիրտը և պատճառ եղաւ նրա և մինիստրութեան նախագահի մէջ սառն յարաբերութիւնների։ Ինչպէս ամեն ծերերը նա սիրում է խօսել, բայց չէ սիրում լսել իր մօտիկ վախճանի վրա ակնարկութիւն անգամ։ Դրուստ, ինչպէս կուրծքով հիւանդը, ասում է „Neue Freie Presse“, որ այն նպատակով կրկնում է թէ շուտով պիտի մեռնի, որ սպասում է թէ իր վրա կը ծիծաղեն և կը հաւատացնեն որ նա բոլորովին առողջ է և դեռ երկար ապրելու է,— այնպէս և ծերերը, մանաւանդ երկրի կառաւարիչները, որք սիրում են երբ նրանց ասում ես թէ նրանք յաւիտենական են,— անչափ նեղանում են ոչ թէ միայն երբ ակնարկութիւն են անում նրանց մահի վերա, բայց մինչև անգամ երբ մի որ և երևոյթ նրանց անակնկալ կերպով յիշեցնում է նրանց վախճանը...։
Կայսր Վիլհէլմի վրա սորա նման հոգեբանական ծանր տպաւորութիւն արած կը լինի իր եղբօր մահվան անցքը։
Եւ ահա ազգային-ազատամիտ կուսակցութիւնը, որ Գերմանիայի միութենից և յաղթութիւններից յետոյ Բիսմարկին մինչև երկինքն էր բարձրացնում, ու ինքն իրան ամենակարող և Գերմանիայի ստեղծող ոյժ էր համարում,— տեսնում է ինչպէս ընկնում է իր առաջնորդը, գուցէ անձնական յարաբերութեան պատճառով և իրան մխիթարելու համար նախագուշակում է այդ անկման պատճառով ամբողջ Գերմանիայի կորուստը։
Բայց և Բիսմարկին յատուկ չէր ծայրայեղ ազատամտութիւնը, և նա շատ լաւ գիտէր իր կամքը զօռով ընդունել տալ։ Բայց այնուամենայնիւ նա այնքան հասկացող էր, որ ճանաչում էր պետութեան թշնամիներին և բարեկամներին, հասկանում էր եզուիտների հետ անողորմ պատերազմի անհրաժեշտութիւնը, հասկանում էր և ուրիշ մի ժամանակակից պահանջմունք,— այն է կառավարութեանը ազատամիտ ընթացք տալու անհրաժեշտութիւնը։
Ճշմարիտ է Ֆօն-Րօօնը աւելի էլ համակրում է անսահման միապետական համոզմունքներին, աւելի էլ, ինչպէս զինուորական, հնազանդ կը լինի կառավարութեան առաջ և կամակոր ստորադրեալների հետ,— բայց նա դարձեալ օրինաւոր կրթված, լուսաւորված մարդ է, և կարող է շատ շատ մասնաւոր դէպքում բռնութիւն գործելու, բայց երբէք ընդունակ չէ կոյր և յիմար յետադիմութեան...։ Պրուսիայի և Գերմանիայի համար առաջադիմութիւնը դարձել է՝ ստիպօղական անհրաժեշտութիւն։ Գուցէ Ֆօն-Րօօնը այնքան յօժարութեամբ չի ենթարկվի առաջադիմութեան ընթացքին, որքան Բիսմարկը, բայց այնու ամենայնիւ ստիպված կը լինի նրան ենթարկվելու։