Մշակ/1873/7/Նամակ Եկատերինօդարից

Նամակ Եկատերինօդարից

ՆԱՄԱԿ ԵԿԱՏԵՐԻՆԱԴԱՐԻՑ


Տեղւոյս ծխական Հոգևոր Մեսրոպեան դպրոցը, որ հիմնուել է 1863 թ. համարեա մինչև 1870 ի վերջերը միայն արական սեռի աշակերտաց ուսում էր տալի, և սա առաւել ընդարձակօրեն, այն է առաւել թուով ուսանելի առարկայք էր աւանդում, քան թէ կային միւս ծխական դպրոցներում։

Այս վերջին թուականից յետոյ յիշեալ դպրոցի տեղական շինութիւնը ընդարձակելով՝ օրիորդաց համար ալ մի նախապատրաստական դասարան բացուեցավ, և փոքր ժամանակից յետոյ յաջորդեցին սորա առաջին և երկրորդ դասարաններն ալ, ուր ուրախութեամբ սրտի զգալի կերպով նկատվում է, որ այս վերջինները ոչ սակաւ յառաջադիմութիւն են ցոյց տալի, քան թէ առաջինները։

Եւ որովհետև թէ դպրոցիս նիւթական ընդարձակութեան, և թէ երկսեռ աշակերտաց օր քան զօր բազմանալու պատճառաւ, բնականաբար հարկ կար դրամական միջոցներն ալ ավելացնել, գոնեա չքաւորների անհրաժեշտ համարուած պիտոյքը դիւրաւ հոգալու. ուստի երբ ներկայ 1872 թ. յունիս ամսում տարեկան հարցաքննութիւնը վերջացավ, դպրոցի Հոգաբարձութիւնը մասնաւոր հրաւէրքով, առ հասարակ քաղաքիս երկսեռ Հայ բնակիչքը հրաւիրեց ներկայ լինել ի դպրոց պարգևաբաշխութեան օրում, ուր սովորական ճառեր կարդացվելուց և նոյն տարուայ աշխատութեանց երեխայրիքը հանդիսաւոր կերպով ընդհանուր հանդիսականաց ցոյց տրվելուց յետոյ, առաջարկվեցաւ, մասնաւորաբար ներկայ գտնվող կանանց, յանձն առնուլ, անուանվել խնամակալուհիք չքաւոր օրիորդաց դպրոցին, հատուցանելով իւրաքանչիւր տարի երեքական ռուբլի։

Մեծ սիրով և ցանկութեամբ ընդունվեցաւ առաջարկութիւնը, և անմիջապէս քսանէն առաւել կանայք ստորագրեցին, (որոնց համեստութիւնը չթոյլատրեց իւրեանց անունները այստեղ նշանակել տալու,) և դեռ մի շաբաթ չանցկացրած՝ գործով ալ կատարեցին նոյնը։

Արդարև գովութեանց արժանի ձեռնարկութիւն մի է սա, նա մանաւանդ նայելով տեղւոյս Հայ գերդաստանների սակաւաթիւ լինելը՝ այսքան մի նշանաւոր քանակութիւն արդարև անյուսալի է ձեռք բերել։ Ցանկալի էր որ ուրիշ տեղեր ալ հետևէին այս գովելի և միանգամայն ազգաշահ օրինակին։

Վերոյիշեալ խնամակալուհիք մտադիր են փոքր ժամանակից յետոյ ընտրել իւրանց մէջէն երկու Հոգաբարձուհիք, որպէս զի իւրանց բարի ձեռնարկը առաւել ապահովապէս և կանոնաւորապէս իւր նպատակին հասանի։

Մ. Պ.