Ներքին լուրեր

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ


Փետրվարի 13-ին, երեկոյեան 7½ ժամին Թիֆլիսի Ներսիսեան դպրոցի դիմաց գտնվող իշխ. Մուխրանսկու խանութները հրդեհ ընկան։ Թէ քաղաքիս հրդեհ հանգցնողների, թէ մասնաւոր անձանց կողմից բոլոր ջանքը երկար ժամանակ իզուր էր երևում, որովհետև այրվող ապրանքը յարմար էր սաստկացնել հրդեհը՝ այրվում էին կահ—կարասիք (մէբիլ)։ Այդտեղ մենք համոզվեցանք, որքան անկատար ու նահապետական են մեր քաղաքի մէջ ձեռք բերած հրդեհ հանգցնելու միջոցները ու գործիքները... Վերջապէս կէս գիշերին կարողացան տիրապետել կրակը, բայց կորուստը, ինչպէս ասում են, խանութատէրերի համար հասնում է մինչև 17 հազար ռուբլի։ չը նայելով, որ կահ—կարասիքը մասամբ աղատված են։

Ներքին գործերի Մինիստրի հրամանով, փետրվարի 1-ին, արգելվեցաւ Русская Вѣдом. լրագրի առանձին համարներով ծախելը։

Բագուի քաղաքացիք ի յիշատակ Կովկասի Փոխարքայի տասն տարվայ կառավարութեան տարեդարձի, նուիրեցին քաղաքի արդիւնքների մնացորդ գումարից տարեկան 4000 ռուբլի քաղաքի մէջ մի հիւանդանոց հիմնելու համար։

Кавказъ լրագրի մէջ կարդում ենք, որ Կովկասեան Գլխաւոր Կառավարութեանը շատ անգամ ուղղված են եղել գանգատներ տաւարատէրերի և զանազան բեռներ տեղափոխող անձերի կողմից, որ ճանապարհի մօտ գտնվող կալվածատէրերը փող են առնում ինքնակամ կերպով յիշեալ անձերից, ամեն անգամ, երբ տաւարը փոքր ինչ շեղվում է ճանապարհից, կամ սուլուղներին (վօդօպօյ) է մոտենում։ Այժմ Գլխաւոր Կառավարութիւնը քարավանատէրերին, տաւարատէրերին և չարվադարներին պաշտպանելու համար, դիմեց պ. պ. Գուբերնատօրներին, խնդրելով նրանցից ուշադրութիւն դարձնել, որ ճանապարհների լայնութիւնը որոշված լինի, այսինքն որոշելով յիշեալ անձանց անվարձ երթևեկութեան-համար փօստի ճանապարհի համար 20 սարժէն լայնութիւն, իսկ կողմնակի ճանապարհների համար՝ 3 սաժէն, նշանակելով տեղ տեղ և սուլուղները։ Կալվածատէրերը ընդհանուր համաձայնութեամբ տաւարատէրերի, քարվանատէրերի և այլն անձանձ հետ սահմանում են վարձ ամբողջ օրվայ իջևանի համար իրանց հողի վրա և երբէք չը պիտի պահանջեն վարձ ոչ սուլուղների, ոչ էլ նրա համար, որ տաւարը անցնում է կալվածատէրերի երկրի երկայնութեամբ եղած ճանապարհով։ Իրանց կողմից կալվածատէրերը, օրէնքի զորութեամբ, պիտի պատեն իրանց կալվածները ցանկապատով, կամ ճանապարհի երկայնութեամբ կանաւներ փորեն։

Մենք հաստատ գիտէինք, որ «Մեղու Հայաստանի» լրագիրը կը պատասխանէ այն, ինչ որ և պատասխանել է իր 6-որդ համարում, թէ ի՞նչի մենք չարտագրեցինք յօդվածի շարունակութիւնը, որտեղ ասված է, թէ թարգմանական գրվածները կարելի է տալ բեմի վրա, բայց պէտք է նրանց այնպէս թարգմանել, որ յարմարեցրած լինեն մեր կեանքին։ Յօդվածի այն տողերը, որ մենք յիշել էինք, գոնէ այն պարզ (թէև սխալ) միտք ունեն, որ թարգմանական գրվածները բեմի վրա անօգուտ են... իսկ այդ խօսքերի մէջ բոլորովին միտք չը կայ։ Մենք թէև համոզված ենք (?) որ „Մեղուն“ հասկանում է որքան անհնարին է յարմարեցնել, օրինակ, մի օտար կեանքի մասնաւոր հասարակական երևոյթը, կամ յարմարեցնել մեծ հեղինակների գրվածները, ինչպէս Շէկսպիր, Գեօոթէ, Շիլլէր... բայց մի՞թէ «Մեղուի» խմբագիրները չը գիտեն, որ օրինակ թղթախաղը այնպէս ընդհանրացած երևոյթ է մեզանում և այնքան յատուկ է մեր կեանքին, որ էլ հարկաւորութիւն չկայ յարմարեցնել այդ գաղափարը։ Հարկաւոր է մեր խօսքերի ճշմարտութեան մէջ համոզվելու համար՝ մտնել մի որ և է կրթված շրջան Թիֆլիսում, և մանաւանդ բարձր ուսում ստացած և առաջադէմ մարդիկների ընկերութիւնը յաճախել...

Ինչպէս մենք քանի մի անգամ հաղորդած էինք ընթերցողին, տեխնիկային ընկերութենից մշակված արվեստագործական ուսումնարանի մասին պրօէկտը քննելու համար նշանակվեցաւ Քաղաքային վարչութեան կողմից մի մասնաժողով։ Բայց մինչև այժմ մենք չենք լսել, որ յիշեալ մասնաժողովը մի նիստ անգամ ունեցած լինէր։

«Մշակի» անցեալ 6-որդ համարում վերջացաւ պ. Վ. Շահվերդեանի «Նախագիծ տարրական ուսումնարանների համար» անունով յօդվածի տպագրվելը։ Այդ յօդվածի վրա ընթերցողի ուշադրութիւնը կրկին դարձնելով, ուրախ ենք, որ առիթ ունենք յայտնելու, թէ մեզ լուր է հասնում, որ պ. յօդվածագիրը իր վերա ուշադրութիւն դարձրեց Ներսիսեան դպրոցի հոգաբարձուների և յիշեալ յօդվածը նրանց համակրութիւնը գրավեց։ Հոգաբարձուները, ինչպէս լսում ենք զբաղված են այս րօպեիս դպրոցիս պատրաստական դասատան ուսման կողմից կատարեալ վերանորոգութեամբ։

Правителъст. Вѣст. լրագրում կարդում ենք, որ Նորին Բարձրութեան Կովկասի Փոխարքայի տասն տարվա կառաւարութեան տարեդարձի օրը, դեկտեմբերի 6-ին 1872 թուի, Ելիսավէտպօլու հասարակութեան կողմից նուիրած 3000 ռուլի քաղաքի մէջ արվեստագործական ուսումնարանը հիմնելու համար, Նորին Մեծութիւն ԹԱԳԱՎՈՐ ԿԱՅՍՐԸ բարեհաճել է հրամայել՝ ընդունել և շնորհակալութիւն յայտնել Ելիսավետպօլու հասարակութեանը, արած նուիրտւութեան համար։

Մենք ստացանք հետևեալ ծանուցումն Թիֆլիսի Բարեգործական Ընկերութեան կողմից։

Թիֆլիսի բնակիչներին լաւ յայտնի է, որ քաղաքիս Բարեգործական Ընկերութեան գլխաւոր նպատակներից մինն է ձրիաբար դաստիարակութիւն և կրթութիւն ամենաչքաւոր դասի երեխաների, և որ միջոցները այդ նպատակին հասնելու համար, միշտ չեն նպաստում Ընկերութեան ձգտումների իրագործմանը, կախված լինելով նրանցից անբաժան պատահական հանգամանքներից։ Այդ տեսակ միջոցները մինչև ցայժմ բարերար անդամների դրամական տուրք էին և զանազան վիճակախաղներից պարահանդէսներից, ներկայացումներից, կօնցէրտներից արդիւնքը։

Այժմ կամենալով հաստատել ըստ կարելոյն հաստատ և միակերպ մուտք կամաւոր նուէրների, ընկերութեան նիւթական միջոցները աճեցնելու, և նրա գործունէութիւնը հաստատ սկիզբների վրա հիմնելու համար, Ընկերութիւնը մտադրած է, Կայսրութեան միւս նշանաւոր քաղաքների օրինակով, Թիֆլիսի մէջ էլ մտցնել „կօպէկանոց նուիրատւութիւնը, որի նպատակով Ընկերութեան անդամները յայտնի ժամանակին առանձին տուփերով (կրուժկի) Քաղաքային վարչութեան ընդհանուր ժողովից ընտրված անձերի մասնակցութեամբ պիտի ման գան ամեն մի տուն, խնդրելով յանուն անօգնական որբերի նուիրել մի կօպեկ բարի գործի համար։

Յայտնելով սորա մասին հասարակութեանը, բարեգործական Ընկերութիւնը յոյսով է, որ Թիֆլիսի բնակիչները, իրանց յատուկ համակրութեամբ, դէպի բարեգործութիւնը արձագանք կը տան նրա այդ հրաւէրքին, յիշելով, որ թուողի ձեռքը չի աղքատանայ և որ ամեն տուրք բարի է և ամէն պարգև՝ կատարեալ։