Մշակ/1873/7/Ներքին տեսութիւն
ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
Մենք ստացանք հետևեալ յօդվածը առևտրական դատարանի մասին, որ և առաջարկում ենք մեր ընթերցողներին։
„Մշակի“ 4-որդ համարում կարդալով ձեր առաջնորդող յօդվածը առևտրական դատարանի մասին, ինձ վերա մեծ տպաւորութիւն ունեցավ ձեր այն յայտնած իրողութիւնը, որ Եւրօպայում առևտրական պրօցէսների առիթները աւելի բազմաթիւ են, քան թէ քաղաքական ընդհանուր պրօցէսները։
Ես ինքս ինձ հետևեալ հարց առաջարկեցի՝ արդեօք ո՞րքան հարկաւոր են մեզ համար այդ տեսակ դատարանները, աչքի առաջն ունենալով մեր Թիֆլիսի առևտրական դասի կրթութեան աստիճանը, և համեմատելով նրան եւրօպական առևտրական դասի կրթութեան աստիճանի հետ, որտեղ հազիւ կը գտնվի կարդալ գրել չիմացող և քիչ շատ գիտութեանը անծանօթ մարդ։
Իսկ մեզ մօտ շատ քիչ կը գտնէք առևտրական դասի մէջ մայրենի լեզվով կանոնաւոր գրել և կարդալ իմացող մարդ, ուր մնա որ նոքա ծանօթ լինէին կատարելապէս ռուսաց լեզուին...
Մեր վաճառականների մեծ մասին կանօնաւոր հաշուապահութիւն (բուխգալտէրիա) ասացած բանը ծանօթ չէ։ Նրանք մեծ մասամբ իրանց հաշուէմատեանները մի այնպիսի անճոռնի վրացերէն լեզվով են պահում և այնպէս անկանօն, որ ոչ թէ միայն այժմեան ընդհանուր քաղաքական դատարանները, բայց և իրանց ընկերակից աւելի գիտուն վաճառականներն էլ (որք „միջի մարդ“ անունով ընտրվում են որ և է ընկերական հաշուի վիճաբանութեան մէջ) հազիւ են կարողանում նրանց ուղղել։
Նայեցեք խեղճ վաճառականների վրա, և դուք շատերի մոտ ոչ թէ վրացերէն կամ հայերէն հաշիւ չէք գտնելու, այլ անգամ մի կտոր գրելու թուղթ կամ մատիտ դժուարութեամբ կգտնէք,— որովհետև նա ոչ գրել, ոչ կարդալ գիտէ։
Ես չեմ յիշում այստեղ արվեստաւորների դասը, որովհետև նոքա ունեն արվեստական վարչութիւն և կառավարիչներին, այլ միայն խօսում եմ տգէտ վաճառականների հին պապական հաշուապահութեան վրա[1]։
Բացի յիշված դժուարութիւններից, կան և աւելի մեծ դժուարութիւնները։ Ամենայն վաճառական երբ մի դատաստանական վէճ է ունենում, բաւական հմուտ չը լինէլով ռուսերէն լեզուին, վարձում է մի փաստաբան (ադվօկատ)։ Իսկ մեր փաստաբանները, գուցէ լաւ իրաւաբաններն էլ լինէին, բոլորովին տեղեակ չեն առևտրական գործերին։ Պատահում է և այն, որ խեղճ վաճառականը ընկնում է այնպիսի ինքնակոչ փաստաբանի ձեռքը, որ խաբեբայութեամբ կողոպտում է իր կլիէնտին (գործատէրին), անկատար թողնում է գործը իսկ վաճառականին յուսահատված և մի քանի հարիւր կամ հազար ռուբլիով վնասված։
Բաւականանում եմ, առ ժամանակ, այս կարճ տեղեկութիւնները ձեզ տալով, և հարկաւոր ժամանակին խօստանում եմ աւելի մանրամասն և ընդարձակ տեղեկութիւն տալ մեր առևտրական դասի դրութեան վրա, և իմ կարծիքս յայտնել առևտրական դատարանի հարկաւորութեան մասին։
- ↑ Իսկ արվեստաւորներից բաւական կը լինէր յիշել այստեղ ամեն թիֆլիսցուն յայտնի ջրաբերի (թուլուխչու) հաշուապահութեան ձևը, որ մի փայտի կտորի վերա դանակով այնքան խազ է քաշում, որքան անգամ ջուր է բերել այն տանը, որտեղ և պահվում է փայտի կտորը, կամ պատի մեջ ծակելով նշան է դնում, որով և պահանջում է փող տանտէրից։ Կամ թխողներին (հայ-փրնչիք), որք իրանց մուխից սևացած պատի վերա զանազան նշաններ են դնում կաւիճով։