Խառն լուրեր

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ


Кавказъ լրագիրը հաղորդում է, իբր թէ Թիֆլիսի մի քանի հայ կանայք և օրիորդներ դիտաւորութիւն ունեն մի հայոց ամսագիր հրատարակել։ Մենք շատ և շատ ուրախ ենք, որ Թիֆլիսում գտնվեցան այնպիսի հայուհիք, որք կարող են իրանց մայրենի լեզվով ոչ թէ միայն գրել, բայց և խմբագրել մի ամսագիր։ Թող մնացած հայուհիք սոցանից օրինակ առնեն։

Առաջարկում ենք ընթերցողին հետևեալ հետաքրքիր թուանշանները, որք ցոյց են տալիս եւրօպական զանազան քաղաքներից իրանց ջրանցքի վրա առած ծախսերի չափը։ Համբուրգ քաղաքը ծախսում է 1¾ միլլիօն թալլէր, Բէրլին՝ 3¼ միլլիօն, Լիօն 3½ մ., Մարսէլ 9 միլլիօն, Նիւ Եօրկ 14¼ միլլիօն և վերջապէս Լօնդօնը 47⅓ միլլիօն թալէր։

Մեր լրագրին գրում են Ալեքսանդրապօլից, որ այդ քաղաքը մանր մունր ուսումնարաններով առատ է, բայց 30 թուով տղայոց ուսումնարաններից շատերում շարունակվում է դեռ դասատվութեան հին ձևը, օրինակ ընթերցանութեան համար, Սաղմոս, Նարէկ, քերականութենից Չամչեան և այլն...։ Օրիորդաց Ուսումնարանները ասում են թուով 25 են (?) որոց վարժուհիները ըստ մեծի մասին կոյսեր են։ Սոցանից գովելիքն են միայն երկուսը՝ իշխ. Արղութեանցի շնորհիւ հիմն ստացածը և երկրորդ «Վարպետի» կոչված ուսումնարանը...։

Լսում ենք որ մի շամախեցի պարոն ԱլԷքսանդր ՄԷլիք—Շահնազարեանց, նորերումս թարգմանել է հայերէն լեզվով черты отъ жизни извѣстного филантропа Іоанна Оберлиния, пастора въ Штепиталъ գիրքը։— Ափսոս որ այդ տեսակ գիրքը լրագրի մէջ անհնարին է տպել։

Նիւ-Եօրկու երկաթուղու ճանապարհներից մէկում, չարագործները սովորութիւն էին շինել ահագին քարեր դնել, որով ակները թռչելով րէյլսներից, միշտ ամենամեծ դժբաղտութիւն էին առաջացնում...։ Նորերումս մի և նոյն տեղում, դարձեալ գտան մի ահագին քար։ Մեքենապետը իսկոյն կանգնեցնելով գնացքը, և մերձակայ ձորը ընկնելով՝ շուտով յետ դառաւ յանցաւորների մէկի ձեռիցը ամուր բռնած։ Նա յայտնեց որ այս անգամ ինքն է յանձն առնում պատժել յանցաւորին՝ լօկօմօտիվի դռները բաց անելով, գցեց չարագործին բոցի մէջ... դռները կողպվեցան, իսկ գնացքը դարձեալ ճանապարհ ընկաւ....

Փետրվարի 19-ին ներկայ 1873 տարվայ Տօրն քաղաքում կատարեցին երկու ազգութիւններ՝ գերմանացիք և լեհացիք այն գիտնականի ծննդեան 400 տարվայ տարեդարձը, որի ծագման փառքը երկու ազգութիւններից իւրաքանչիւրը իրան է յատկացնում։ Այդ գիտնականը երևելի Նիկողայոս Կօպէրնիկն է։

Կ. Պօլսի „Մասիս“ լրագիրը, հաղորդում է՝ Փունջ լրագիրն իւր անցեալ չորեքշաբթի աւուր (777) թուոյն մէջ Ս. Պատրիարքին դէմ խել մ՝անվայել խօսքեր հրատարակած լինելով, Բ. Դրան հրամանաւ երկու ամիս դադրեցաւ։