Մշակ/1873/8/Մեր գիւղացու վիճակը

Մեր գիւղացու վիճակը

ՄԵՐ ԳԻՒՂԱՑՈՒ ՎԻՃԱԿԸ


Գիւղական ազգաբնակութիւնը կազմում է անտարակոյս մեր ժողովրդի մեծ մասը, և մի և նոյն ժամանակ նա ամենից աւելի կարօտ է օգնութեան։ Թէ երկրագործութեան և թէ միւս արհեստների մէջ նա գործ է դնում մի և նոյն գործիքները և նախնական սովորութիւնները, որոնք քանի մի դար շարունակ որդւոց որդի աւանդուելով հասել են նորան[1]։ Այն բաները, որոնց կատարելու համար Եւրօպացին օգուտ է քաղում բնութեան ուժերից, հայ-մշակը անում է միայն իւր դառն աշխատանքով իւր երեսի արիւն-քրտինքով։ Բայց այդ դեռ բաւական չէ. մի բան արդիւնաբերելուց յետոյ հարկաւոր է նորան վաճառել՝ գիւղացին չունի այնքան կարողութիւն, որ իւր բերքը տանի ուղղակի նորա գործադրութեան կենդրոնը և եթէ ունենայ էլ, մի՞թէ ձեռնտու կը լինի այդ բանը ամէն մի անհատին առանձնապէս, եթէ աչքի առաջ ունենանք ժամանակը և ճանապարհի ծախսը, որ նա պէտք է դորա համար գործ դնի։ Ուրեմն, նորան մնում է կամայ-ակամայ ընդունել միջնորդող վաճառականի պայմանները, որ ունենալով փոքր ’ի շատէ դրամագլուխ, հաւաքում է մի ամբողջ կամ մի քանի գիւղերի բերքերը, և որի համար այդպիսով անզգալի է դառնում ճանապարհի ծախսը։ Երևակայեցէք այժմ մի գիւղացու դրութիւնը, որ աշխատանք, փող, ժամանակ գործ դնելուց յետոյ շատ անգամ ստիպուած է լինում իւր բերքի համար այնքան ստանալ, որ հազիւ թէ բաւական է լինում նորան իւր ծախսը ծածկելու, այն միջոցին երբ նա յոյս ունէր դորանով ամբողջ ձմեռը իւր ընտանիքը կերակրել։

Բայց դորան էլ երանի է տալիս գիւղացին իւր այնպէս անուանեալ անյաջող տարիքում, երբ կամ կարկուտը, կամ հեղեղը, կամ եղեամն (иней) և կամ այլ պատահարներ անակնկալ հարուած են տալիս նորա տնտեսական դրութեանը, այնպիսի հարուած, որից ուղղուելու համար շարունակ քանի մի յաջող տարիք են հարկաւոր նորա համար։ Ի՞նչ է լինում նորա վիճակը այդպիսի դէպքերում։ Նա կամ ստիպուած է լինում իւր երեխէքի ձեռքը բռնած մուրացկանութիւն անել և կամ դիմել մի որ և իցէ փողատիրոջ, յուսալով վերականգնել սորա օգնութեամբ իւր կորած բաղդը։ Բայց հազիւ թէ վերջինս աւելի լավ է լինում, քան թէ առաջինը. գիւղացին բոլոր ընտանիքով դառնում է փողատիրոջ ստրուկը, ստրկութիւնը թէպէտ վերացած է օրէնքով, բայց նորան յառաջ է բերում կարիքը։ Անճարացած ստիպուած է լինում նա ընդունել փողը մեծ տոկոսներով, առաջուց (յատնի բան է կէս գնով) վաճառել յաջորդ տարուա բերքը, ամէն անգամ վիզը ծռել վաշխարուի առջև և ամէն բանում, որ նորան է վերաբերում, կատարեալ հպատակութիւն ցոյց տալ նորան։ Այդ տեղից ծնվում է նորա մէջ այն հակումը, որ համարեա ընդհանուր սեփականութիւն է այդ ամբողջ դասի համար, այն է միշտ վիզը թեքել և ստորանալ հարուստի առջև[2]։ Այլապէս վարուելու հնար չ’ունի նա։ Հազիւ են պատահում այնպիսի երջանիկ բացառութիւններ, որոնք կարողանային այդպիսի ծանր տոկոսների ու պայմանների մէջ դարձեալ ոտքի կանգնել. սովորաբար նոքա աւելի և աւելի խրվում են պարտքի մէջ և վերջապէս հասնում են այն հետևանքին, որ մի օր խլում են նորա մի կտոր հողն էլ, տունն էլ, գոյքն էլ, հողագործական գործիքներն էլ և նա դարձեալ ստիպուած է լինում դռնէ դուռն ընկնել ողորմութիւն խնդրելու։

Այսքան ժամանակ մենք նայեցինք գիւղացու վերայ իբրև արդիւնաբերողի վերայ։ Պակաս վատթար չէ նորա դրութիւնը, եթէ առնենք նորան իբրև գործադրող կամ սպառող։ Ճշմարիտ է, նորա կեանքը այնքան խեղճ և սահմանափակ է, որ առաջին հայեցուածքից կարելի է զարմանալ, թէ ի՛նչ առանձին հաշիւ կարող է լինել այդտեղ։ Աղքատիկ, խոնաւ, շատ անգամ գետնափոր խրճիթ, հին պատառոտած շորեր և ըստ մեծի մասին բանջարեղէնից կամ ցամաք հացից բաղկացած կերակուր,— ահա՛ նորա բոլոր ապրուստը, էլ ի՛նչ հաշիւ կարող է լինել այդտեղ։ Բայց թող ներուի մեզ ասել, որ այդ աղքատիկ ապրուստն էլ գիւղացուն համեմատաբար աւելի թանկ է նստում, քան թէ հարուստին իւր ճոխ ու շռայլ կեանքը։ Գիւղացին չունի դրամագլուխ, որ իւր անհրաժեշտ պիտոյքը մեծ քանակութեամբ, կամ ինչպէս ասում են „լոմայ“ առնի իւր տեղում. նա չի կարող առնել առաջին կամ երկրորդ ձեռքերից, որովհետև այդ էլ կարելի է միայն մեծ քաղաքներում, և դորա համար հարկաւոր է նորան ճանապարհորդութիւն անել, մանաւանդ որ քաղաքի վաճառականները, որոնք, եթէ կարելի է ասել, հոտով ճանաչում են օտարականներին, իւրյանց, բոլոր ջանքը գործ են դնում նորան խաբելու, այսինքն վատ ապրանք տալու և թանկ վաճառելու, համարելով այդ թէ ճարտարութիւն և թէ օգուտ իւրեանց գրպանի համար։ Ուրեմն գիւղացին ստիպուած է դիմել թափառող մարանրավաճառներին (չարչի), որոնք իրանք էլ կտոր կտոր առնելով կամենում են թէ ապրանքի գինն ու ճանապարհի ծախսը հանել և թէ շահ ստանալ, ուստի և երբեմն հանգամանքներին նայելով, մինին տասն զին են պահանջում։

Այս պատկերը, որ ինքն ըստ ինքեան շատ անմխիթար է, հետզհետէ աւելի վատթարանալու է, որովհետև մի յատնի, նկատուած իրողութիւն է, որ առաջին հարկաւորութեան իրերը օր ըստ օրէ աւելի թանկանում են։

Ի՞նչ է սորա հետևանքը։ Ժողովրդի աւելի մեծ և աշխատող մասը ապրում է շատ նեղ ու ճնշուած դրութեան մէջ և հազիւ է կարմիր օր տեսնում իւր կեանքի մէջ. նա ապրում է միայն ֆիզիկապէս, զուրկ մնալով բոլորովին մտաւոր կեանքից. շատերը, թողնելով ընտանիք, տուն ու տեղ, հեռանում են դէպ’ի հեռաւոր մեծ քաղաքներ և օրա-մշակութեամբ կամ բեռնակրութեամբ պարապելով վերջացնում են այնտեղ իւրեանց կյանքը. վերջապէս, որ աւելի ցաւալին է, գիւղացին աշխատում է ամէն միջոց գործ դնել, որ մի քանի շահի փող հաւաքի և իսկոյն վաճառականութիւն սկսի դորանով։ Վերջինս մենք անուանում ենք աւելի ցաւալի, որովհետև մի ազգ, որը ամբողջապէս բաղկացած է վաճառականներից, չ’ունի հարազատ կենդանական ոյժ, իւր մէջ. նա կազմում է միայն մի միջնորդ դաս, որի գոյութիւնը անհասկանալի է առանց արդիւնաբերող և գործադրող դասերի գոյութեան. սոցա փոխադարձ յարաբերութիւնը կազմում է նորա միակ կենսական միջոցը, որ իսկոյն կը կտրուի, երբ դոցանից մինը չը լինի։

Այս անգամ բաւականանում ենք միայն նկարագրելով գիւղացու անմխիթար դրութիւնը, օգուտ քաղելով գլխաւորապէս „Մշակի“ գաւառական թղթակցութիւններից և ներքին տեսութեան քանի մի յօդուածներից։ Յաջորդ համարներում կ’աշխատենք ցոյց տալ, թէ ինչ հնարներով կարելի է օգնել նորան։

Ն. Լ.
  1. Մեր արօրը շատ փոքր զանազանութիւն ունի այն արօրից, որ նկարագրում է Հռօմայեցի պատմաբան Պլինոսը։ Իսկ նա ապրում էր Քրիստոսի ծննդից առաջ։
  2. Ես տեսել եմ շատ գիւղացիք, որոնք քաղաք գալով, սովորութիւն ունեն գլխարկը վեր առնել և գլուխ տալ ամէն մի փառաւոր հագնուած մարդու, ծանօթ թէ անծանօթ։ Երբ ես մինին հարցրեցի պատճառը, նա պատասխանեց. „Աղա մարդը, ի՞նչ վնաս կայ, խնջալիս քարը հօ չի վեր ընկնի“։