Նամակ Վանից

ՆԱՄԱԿ ՎԱՆԻՑ


Հզօր ձեռն Օսմանեան կայսեր քսանհինգ կամ երեսուն տարի է, որ Վանայ, Բաղիչայ, Սղերտու, Մշոյ, Պաչգալէի և Պայազետու քաղաքաց սահմաններէն անխոնջ կը ջանայ հեռացնել քիւրդերու խումբ խումբ բռնաւոր ամիրաններ, մեծամեծ պէյեր և աղաներ, ինչպէս որ երբեմն Պէտիրխան-պէյ, Խան-Մայմուտ և այլն շատեր։ Բայց դեռ ցայօր չկարաց ըստ օրինի պահպանել և իսպառ ապահովել իւրեան ողորմելի հպատակաց կեանքը, որք ցայժմ ևս ենթարկուած են մի և նոյն հարստահարութեան և բռնութեան՝ հանապազ սպանիլ, կողոպտիլ, և ի միջոցում վայրկենի իւր ամեն ունեցած սեփականութիւններէն զրկուել։ Սոյն աղետից առաջք փութով առնելուն կարեւոր է միջոցներ ձեռք բերել, որպէս զի Օսմանեան տէրութիւնը բարեհաճէ իւր ուշադրութիւնը դարձնել սոյն սահմանագլուխ եղած գաւառներում վերա։ Հարկաւոր է երկու երեք տգէտ և անբարոյական չխերուն, որոց յիշեալ գաւառները զոհ եղած են՝ հանդերձ իւրեանց ընտանեօք իսպառ արտասահման առնել։ Բուռն սահմանագլուխներ, ուր որ հարկ է, կանօնաւոր զօրանոցներ պատրաստել, և զօրքերը դնել, պատճառ որ ամենևին մէկ չհամարձակի առանց արքունական հրամանին այլոց տէրութեան սահման մուտ և ել առնել։ Քիւրդ ազգին վրանաբնակ լինելուն համար բոլորովին արգելքներ դնել առհասարակ և խստիւ ևս պատուիրել՝ ո՞վ որ կամի տէրութեանը հպատակել, պիտոյ է նմա, որ այսուհետև, միւս ազգաց նման, սեփականութիւններ ունենայ, հողեր թափի ընէ և իւրաքանչիւր անհատ ևս իւր զաւակներ ուսմանց և արհեստից մէջ կրթէ։ Հապա թէ ո՛չ, քիչ միջոցի մէջ, եթէ այս դրութեան կենայ՝ բոլորովին վերջին աղքատութեան և յուսահատութեան ծայր հասած, հարևան խաղաղ բնակիչները պիտի ցիր և ցան լինեն և գնան ի սահմանս այլոց տէրութեան՝ ի Ռուսաստան ի Պարսկաստան և այլ կողմերը, ինչպէս ապացոյցներն ևս յայտնի տեսնուեցան, շնորհիւ Շխսապեթուլլահ մեռած բռնաւորին և իւր չարագործ որդոյն, որ բնակ ի Հիզան, թէ ո՞րքան հազարաւոր անձինք ի մօտակայ գաւառաց, իրենց հայրենիքէն զրկուած և սեփականութիւններն թողուցած, հանդերձ ընտանեօք գաղթեցին օտար երկրները։

Թէև շատ անգամ սոյն ողորմելիք բիւրաւոր հարստահարութեանց և անթիւ ցաւոց մասին աղաղակ բարձին, դիմելով բողոքով բարձր կառավարութեանը ուր որ հարկն էր, բայց ամենևին անլսելի եղաւ նոցա ձայնը և յիշեալ չխին գերդաստանը իւր տեղ անշարժ կը կենայ օր աւուր ևս զանազան բարութիւններով ճոխացած, յառաջ կը գնայ։

Սակայն դեռ ևս չեմք յիշեր այստեղ բոլոր չարիքները, որ օր աւուր կը գործեն ի վնաս բոլոր հասարակութեան, չեմք յիշեր ամենևին քուրդ բռնաւորներուն անհամար սպանութիւններ, գողութիւններ, յափշտակութիւններ և զրկանքներ, որք հանապազօր, անձրևի նման կը դեղան ի գլուխս ողորմելի բնակչաց յիշեալ գաւառայնոց։

Ահա այս մեր ըսածներուս ըստ արժանոյն գործադրութիւնը և յիշեալ անթիւ ցավերին փութով դարման մատուցումն՝ Օսմանեան տէրութեան առատ խնամոց կը յանձնեմք։

Պետրոս Մշեցի