Նամակ Օդէսսայից

ՆԱՄԱԿ ՕԴԷՍԱՅԻՑ[1]


Շվաբէնի և Մօրի ընկերութեան մէջ, վերջինը արդէն չը կայ, իսկ առաջինը մասնակցում է ընկերութեան մէջ լոկ անունով միայն։ Բայց առ հասարակ ասում են, որ նրանք ոչինչ դրամագլուխ չունեն։ Ոչ մի կապալառու չէ համաձայնում նրանցից աշխատանք վերցնել, երկիւղ քաշելով վարձատրութեան անճշտութիւնից։

Նրանք պարտավորվեցան 2 տարվայ ընթացքում մեր քաղաքում ջրանցք գլուխ բերելու, բայց ահա երկրորդ տարին վերջանալու վրա է արդէն, և հազիւ աշխատանքի մի տասերորդ մասը շինված է։ Կօնտրակտի զօրութեամբ պայմանաժամի յետաձգումն 6 ամսով տրվում է, բայց 49 տարվայ կօնցէսսիայից 6 տարին հանվում է։ Իսկ այնուհետև ջրանցքը, թէև չը վերջացած, քաղաքիս սեփականութիւն է դառնում և կօնցէսսիան ոչնչանում է (սակայն 4 ամիս ժամանակ տրվում է շինած ջրանցքի մասերը կրկին հաւաքելու)։

Դնէստր գետի մօտ[2] գլխաւոր աշխատութիւնները դանդաղ են գնում, բայց քաղաքում սկսել են խողովակներ դարսել, և այն էլ փոքրացնելով խողովակների դիամէտրը ի վնաս ջրի հոսանքին, ուստի և ջրանցքի երկարատևութեանը,— բայց նրա համար միայն, որ սկզբնական ծախսերը փոքր լինեն,— այդպէս են անում բոլոր կօնցէսսիա վերցնողները։ Իսկ երկու բուրջերը՝ մինը քաղաքում, միւսը՝ Դնէստրի մօտ և մեքենաների համար շինութիւնը սկսած չեն դեռ ևս։ Երևում է որ շինում են ոչ թէ ամենահարկաւորը, այլ այն, որ աւելի հասարակութեան աչքերին է ընկնում։

Իսկ առ այժմ մենք վատ ջրի համար աւելի թանգ ենք վճարում, քան թէ շատ տեղերում՝ լաւ գինու համար։

Ինչ որ վերաբերում է Թիֆլիսի ջրանցքին, կարծեմ, որ աւելի ապահով կը լինէր յանձնել նրան մի ուրիշ ընկերութեան, որ աւելի երաշխաւորութիւն կը ներկայացնէ և իրան յայտնած լինէր մի բանով։

Սակայն ես խորհուրդ կը տայի բոլորովին չը յանձնել ձեր ջրանցքը կօնցէսսիայով, այլ թող քաղաքը ինքն վերցնի իր հաշվով և գտնի մի անձին որ ձեռնարկութիւնը յանձն առնէ գլուխ բերել յայտնի գումարով, մշակված պրօէկտի հիման վրա։

Այդ տնտեսական սկիզբը այժմ ճանաչված է ամբողջ Եւրօպայում, այնպէս որ քաղաքներից շատերը յայտնի գումարով կրկին յետ են առնում իրանց ջրանցքի կօնցէսսիան։

  1. Քաղուած մասնաւոր նամակից Թիֆլիզի ջրանցքի և Շվաբէն և Մօրի ընկերութեան առիթով։
  2. Այդ տեղից և պէտք է անցկացնեն ջուրը քաղաքի մէջ։