Մշակ/1873/8/Ներքին լուրեր
ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ
Մենք լսում ենք, որ փետրվարի 22-ին արվեստագործական ուսումնարանին վերաբերեալ կանօնադրութիւնը վերաքննելու համար Քաղաքային Վարչութենից ընտրած մասնաժողովը ունեցել է իր առաջին նիստը։ Վերջապէս...։ Ասում են, թէ տեխնիկային ընկերութեան ծրագիրը միանգամայն փոխվելու է։
Մենք յիշեցնում ենք մեր ընթերցողին «Մշակ» լրագրի 6-որդ համարի առաջնորդող յօդվածը, և ահա հետևեյալ հարցն ենք առաջարկում՝ մի՞թէ յիշեալ մասնաժողովը նոյնպէս գաղտնի կը պահէ տեխնիկային ընկերութեան պրօէկտը և իր նստերին չի հրաւիրի տեղային ռուս, հայոց և վրաց լրագրութեան ներկայացուցիչներին, կամ չի տայ մեզ պրօէկտի պատճէնը, որ մենք ծանօթացնենք նրա հետ հասարակական կարծիքը...
Ալէքսանդրապօլից գրում են մեզ, որ փետրվարի 15-ին տեղոյս Մայր եկեղեցում կատարվեցաւ վարդանանց նահատակութեան տօնը, որին կից իշխան Ղահրաման Արղութեանցի և շուշեցի Պողոս Գասպարեան Ալէքսանեանցի հոգեգանգիստը տօնուեց։ Մի և նոյն օրը երեկոյեան տեղիս երիտասարդների խումբը յաջողութեամբ ներկայացրեց աղնուականաց ժողովարանում «Սանատրուկ և Սանդուխտ» ողբերգութիւն բարեգործական նպատակով, որ լսածիս նայելով՝ մօտ 250 մանէթ է ժողովել։ Տիկին Զարուհի Գուլումեանցն մեծ և խոր տպավորութիւն ունեցաւ հանդիսականների վրա Սանդուխտի դերի մէջ։ Պ. Գաւառապետը ոչ թէ միայն թոյլ տուեց ներկայացումն, այլ և 10 ռուբլի ընծայեց յօգուտ բեմին։
⁂
Մեզ գրում են Ալէքսանդրապօլից, որ պ. Բէդ-Նազարեանցը տեղիս թեմական դպրոցիս կանօնադրութիւնը մշակելուց յետոյ, այժմ ներկայացրել է Հոգաբարձութեանը, որ ուսումնական յանձնաժողովի քննութեան ենթարկվի։ Յոյս կայ, որ շուտով կուղարկուի Վեհափառին ի հաստատութիւն։
⁂
Ընթերցողը յիշում է, որ դօկտօր Գրիգոր Արծրունուց ներկայացվեցաւ գիւղատնտեսական ընկերութեանը մի պրօէկտը հայ-վրաց գիւղական լրագրի։ Այժմ ընկերութեան խորհուրդը, ասում են ցաւելով յայտնել է, որ դրամական միջոցների պակասութեան պատճառով անկարող է իրագործել պ. Գրիգոր Արծրունու առաջարկութիւնը, բայց ըստ սկզբին համակրում է այդ գաղափարին։ Մի և նոյն ժամանակ լսում ենք որ, վրաց գիւղական լրագիրը զրկվեցաւ օժանդակութենից և ընկերութիւնը հիմնում է իր սեփական գիւղատնտեսական լրագիր,— բայց միայն վրաց լեզվով...։ Իսկ հայոց լեզվով, սիրելի ընթերցո՛ղ, մնում է «Մշակի» խմբագրութեանը կարելին չափ լրացնել, մինչև որ մասնաւոր ոյժերով կը հիմնվի մի հայոց գիւղատնտեսական թերթ։
⁂
Վրաց «Դրօէրա» լրագրիրը հաղորդում է, որ անցեալ տարվայ երաշտութեան պատճառով Սղնախում այժմ սաստիկ սով է։ Կամենում են դժբաղդների համար ստորագրութիւն բաց անել։
⁂
Ուրախ ենք, որ առիթ ունենք յայտնելու, թէ պ. Շահվերդեանը, որի մանկավարժական յօդուածը ծանօթ է «Մշակի» ընթերցողներին, նշանակվեցաւ վարժապետ Ներսիսեան դպրոցի պատրաստական դասատան մէջ։
⁂
Փետրվարի 25-ին, կիրակի օրը գումարվեցաւ Թիֆլիսի Փոխադարձ կրէդիտի ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովը։— Մանրամասերը ուրիշ անգամ։
⁂
Մեզ գրում են Շամախուց՝ փետրվարի 10-ին Շամախու շրջակայքում սաստիկ ձիւնախառն հողմից մի մարդ և երկու կին իրանց երեք կովերով և երեք եզներով սառել են։
⁂
Փետրվարի 14 և 16 Շամախու ռուս ծառայողները ներկայացրին Գօգօլի «Ամուսնութիւն» (Женитъба), «Փափկասուն սրտի ձախորդութիւն» (Бѣда отъ нѣжнаго сердца) կօմէդիաներ և քանի մի վօդէվիլներ։— Ցանկալի կը լինէր որ և հայերը հետևէին այդ գովելի օրինակին և իրանց լեզվով ներկայացնէին։
⁂
Մեր լրագրին գրում է Բագուից պ. Աւագ Գկիգորեանցը՝
Մարդասիրական ընկերութեան խորհրդի նախագահի և անդամոց յունվարի 25-ին եղած ընտրութիւնը հաստատապէս չելաւ։ Այս առթիւ խորհուրդ կազմվեցաւ, որ լինի փետրվար ամսի 11-ին։ Այդ օրը հաւաքվել էին Մարդասիրական ընկերութեան ուսումնարանի դահլիճը թէ հիմնաւոր, թէ անփոփոխ և թէ տարեկան անդամներից ընդամենը 45 հոգի, հաշուատեսութիւն արին և շնորհակալութիւն յայտնեցին նախագահին և անդամներին, որոնք 3 տարվայ ընթացքում աշխատել են այդ գործի մէջ՝ կառուցանելով ուսումնարանները տղաների և օրիորների, տպարանը և մատենադարանը և հոգացին անդամների թիւը շատացնելու մասին։ Հաշուատեսութենից յետոյ ճառախօսութիւն արին նոյն ընկերութեան ատենադպիր և անդամ Սէրգէյ Վարշամեանցը և Յովհաննէս Միրզաբէդեանցը։ Ընտրվեցաւ նախագահ խորհրդոյ՝ Պավել Շամիլիչ Մէլիք-Բէգլարեանց (որ և է նախագահ բէդական կօմիսիի), անդամք՝ Ն. Կրասիլնիկեանց, Գրիգոր Թումայեանց, Յակովբ Ապրէսեանց, Խաչատուր Քանանեանց, Սէրգէյ Վարշամեանց, Գրիգոր Դիլտարեանց, Գրիգոր Այվազեանց և Առաքել Ծատրեանց։ Ցանկանում ենք և սոցա յառաջ տանել աջողութեամբ ընկերութեան գործերը։