Ֆիլիէտօն

ՖԷԼԻԷՏՕՆ


Մեր յառաջադիմութիւնը կադրիլ է խաղում։— Բնութիւնն էլ՝ դրա օրինակին է հետևում։— Ես երկաթուղու փառքը չեմ նսեմացնում։— Համլէտի դերի կատարումը երկաթուղու վերա։— Ինչ ենք մտածում։— Հաւլաբարն էլ որ գազով լուսաւորենք, ու ջրանցքներ շինենք, լաւ կը լինի՞, թէ չէ՛։— Ինչ է ասում էդ մասին Հումբոլդը. ինչ եմ ասում ես. և ինչ ընթացք տուին էդ գործին մեր princes de la bourse հերոսները։— Մեր հասարակութեան non possumus-ը։— Վրաց գրականութիւնը։— Տեղական ռուս պարբերական թերթերի ճոխութիւնը։— Ինչով են պարապում Պօլսու մեր Էֆէնդիքը։— Ինչ ժամանակ պէտք է կարդացած Ալեքսանդր Դիւման։— Ինչ խորհուրդ եմ տալի ես պարոնայք Էֆէնդիներին...։


Չը գիտեմ, ուրիշից լսեցի, թէ իմ գլխից եմ հնարում, որ,— մեր հասարակութեան յառաջադիմութիւնը՝ իր համար մի որոշուած սահման ունի, որին հասնելու պէս՝ այլևս առաջ գնալը՝ անկարելի է։

Հասարակութիւնը ալիքների նման՝ առաջ կը վազի, կը ստեղծի նոր մտքեր, նոր գիւտեր. կը յայտնի հանճարեղ գաղափարներ, կը բացադրի իր պահանջողութիւնների դժուարին հարցերը, կիրագործի շատ բաներ, կը վերացնի շատ արգելքներ, որ հասնի, իր յառաջադիմութեան որոշուած կէտին, սահմանին, որպէս զի, հասնելուց յետոյ, իսկոյն, ժայռերի վերա փշրուող ալիքների նման՝ սկսի,— մի և նոյն արագութեամբ յետ մղվիլ, յետ դիմել, և իր սկզբնական անկրթութեան դիրքը բռնել, որ նորից սկսի առաջ գնալ— նորից յետ դառնալու, էլի առաջ գնալու,— էլի մի և նոյնը կրկնելու...։ Մի խօսքով՝ փաստաբանի մետօդի պէս՝— երբ կամենայ կը սևանայ, երբ կամենայ կը սպիտակի, կամ գիժ կովի պէս՝ առաջ կաթ կտայ— որ յետոյ թափի, էլի կաթ տալու, էլի թափելու համար, կամ աւելի պարզն ասենք, կսկսի— կադրիլ խաղալ...։

Առաջին կադրիլ խաղացողը՝ մեր ամէնիս մայր բնութիւնն է, որ առաջ պայծառ, յետոյ ամպոտ, յետոյ ջերմ, յետոյ խոնաւ, էլի ջերմ, էլի քամօտ և անձրևային օրերը կրկնեց։ Մի բանի մէջ միայն բնութիւնը անփոփոխ մնաց, որ ձմեռը անցաւ, իսկ մենք համարեա թէ՝ օրինաւոր ձուն ասած բանը աչքով չը տեսանք։ Չը լինի թէ՝ բնութեանը՝ մեր կոյր բաղտի չար ոգին իմաց է արել, որ մեր աչքերը սպիտակ լոյսի սովոր չեն, այդ պատճառաւ էլ, բնութիւնը կասկածել է, թէ մի գուցցէ ձան վերա նայելով՝ բոլորովին շլանայինք...։

Եթէ բնութեան նպատակը էդ չէր, ուրեմն իմ կարծիքով, նրա համար մենք ձուն տարի չունեցանք, որ մեր երկաթուղին, դրա պատճառաւ, (այսինքն,— ձան մահանով....) իր գնացքը օրերով չը դադարեցնի ասելով՝ թէ՝— ճանապարհները պէտք է իստակած...։ Բայց ի սէր Աստուծոյ, չը կարծէք թէ՝ սրանով ես կամենում եմ մեր երկաթուղու փառքը նսեմացնել. ընդհակառակը, ես ի բոլոր սրտէ ցանկանում եմ, որ ոչ թէ միայն ճանապարհները, այլ երկաթուղու ամբողջ պաշտօնատեղերն էլ որ իստակեն, վատ չի լինի...։ Բայց կացէ՛ք, a propos (ի դէպ) էդ մասին. ես ձեզ մի բան պատմեմ։

Սրանից մին քանի շաբաթ առաջ էդ մի և նոյն բնութիւնը, որը մեր աչքերի վերա այդքան խնամք է տանում, չը կամենալով նրանց սպիտակ երևոյթների արժանացնել, բարեհաճեց վճռել, որ,— Սուրամից փոքր ինչ այս կողմը, փոքր ինչ էլ այն կողմը, ճանապարհները յորդ ձնով ծածկի։ Թիֆլիզից Փօթի ուղղևորուող երկաթուղին։ Էդ բանը մատին փաթաթան շինեց, մի քանի օր գնացքը դադարեցրեց, ու «աղօթած էշ կտրվեց» ինչպէս որ ասում է ժողովրդական առածը...։ Էշ կտրվելու վերա ես չեմ զարմանում, բայց արի տե՛ս որ աղօթքի զօրութեանը գլխաւոր մեքենապետը (մաշինիստը) որը անգլիացի է, չը կամեցաւ ենթարկվիլ։ Նա հաւատարիմ մնալով իր ազգի յատկանիշ բնաւորութեանը, չը կարողացաւ պարապութիւնը սիրել. այդ պատճառաւ էլ՝ նշանակեց, որ էդ օրը, մի վճռական կրկնութիւն (րէպէտիցիա) անեն, որ կարողանան փորձել մի նոր մաշինիստի ընդունակութիւնը էդ խորհրդաւոր պաշտօնի մէջ, որից պէտք է պարզապէս երևար, թէ էդ տեղացի անփորձ անձը, կարո՞ղ է արդեօք գլխաւոր րէժիսօրի (անգլիացի մեքենապետի) օգնական «լինե՞լ, թէ չը լինել»։ Համլէտի դրութիւնը ինձ ծիծաղելի թուաց, երբ նոր դէբիւտանտը, իր նշանաւոր դերի գերազանց անգիտութեամբը՝ շատ շուտով վճռեց էդ հարցը։ Երբ անգլիացի րէժիսօրը մօտ գնաց մեքենայի մի անյարմարութիւնը տեսնել, իսկոյն, նոր դեպիւտանտի գովանի անզգուշութեամբ՝ մեքենան անցաւ րէժիսօրի վերայով...։

Մէկ րօպէի մէջ,— անգլիացին միջաճեղք եղաւ, երկու օրուայ ընթացքում— Սուրամի ձնով ծածկած ճանապարհները իստակվեցան, բայց երեք շաբաթ աւելի է, որ— հանգուցեալ մեքենապետի անփորձ օգնականը՝ իր տեղը աւելի փորձուածի համար չիստակեց...

Հարկաւոր էլ չի որ իստակվի, քանի որ մեզանում, կեանքը առաջ է գնում քօռ քօռնայ, կամ ինչպէս տաճիկն ասում է «ալլահ եօնայ»...

Փառք Աստուծոյ, գործ շինել— չենք կամենում, քաղաքականութիւնով— չենք պարապում, հասարակական կեանք— չկայ մեզանում. հասարակական հարցերն էլ— նմանապէս։ Փառասէր էլ չենք, որ գոնեա, էդ մեղքի առիթով ուրիշների յառաջադիմութիւնը նախանձ գռգռէր...։ Անճարացած, խելքներիս զօռ տուող բաների վերա են մտածում...

Մտածում ենք,— որ մեր քաղաքը, գազով լուսաւորենք, ու ջրանցքներ շինենք, մաքուր ջուր խմելու և փողոցները իստակելու համար։ Ի հարկէ էս մտածմունքը հաւլաբարին չէր վերաբերում... որոնց նահապետական պարզ և խաղաղ կեանքին էդպիսի հեշտասիրութիւնը խիստ անյարմար գըգար...։ «Մարդու սովորական դրութիւնը, յանկարծակի, նոր դրութեան փոխելով, դուք կը վնասէք ուղեղին» ասում է երեւելի գիտնական Հումբօլդ գերմանացին։ Հաւլաբարի խաւար քուչէքը լուսաւորելով՝ նրա բնակիչներին մաքուր ջուր խմեցնելով, և առողջապահական կանոնները պահպանել տալով՝— ամենասարսափելի հետևանքներ կառաջանայ, ասում եմ— ես անգէտ հայ ֆիլիէտօնիստս...։ Առաջին՝ լուսաւորուած փողոցներում, գողութիւն քիչ կը լինի, երկրորդ՝ առողջ պայմաններով ապրելը, մեռելների թիւը կը պակասացնի, (յայնժամ ողբամ զձեզ՝ հայոց հոգևորականնե՛ր և մղդսիք...) և երրորդ՝ խելքահիւանդների թիւը կաւելանայ, ինչպէս որ ասում է Հումբօլդը...։ Էս վերջինը (հաւլաբարի գժերի աճելը և բազմանալը...) ամենատխուր մտածողութիւններ է զարթեցնում իմ խելապատակի մէջ։ Ես կասկածում եմ, որ էդպիսի պատահարից՝ Նաֆթգլուխի Դեղին-ճեմրանի (!!!) ուսանողաց թիւը այնքան շատանայ, որ էդ տարօրինակ ճեմարանի մարդասէր վերակացուաց (պարոնայք ֆէլդշերաց և ծառայից) ողորմած բազուկները դադրեն, ամբողջ օրը հէնց մի գլուխ շատ մտրակելուց...։ Իհարկէ, թէև էդ գթասիրտ ֆէլդշէրների (!!) առողջ բազուկների յօգնելը, ամենամեծ քամբաղտութիւնն է մեր հասարակութեան համար, (!) բայց հաստատ համոզուած եմ, որ դրանց ծանր պաշտօնի էդ դառնութիւնը՝ միշտ և ամենայն ժամանակ, հիւանդի տէրերը կարող են քաղցրացնել մի գլուխ շաքարով...։ Ես միայն մի բանից եմ վախենում, թէ տէրը մի արասցէ, եթէ գազի և ջրանցքների հարցով զբաղուած «Անանուն ընկերութեան» անդամներից մէկն ու մէկը փափագի էդ ճեմարանի մէջը մտնելու... այն ժամանակ, ի սուգ և ի տխրութիւն մեր հասարակութեան (¡)— այլ ևս տեղ չը լինի դրանց համար....

Անպատճառ չի լինի, քանի որ մեզանում, մեր այսպէս անուանուած princes de la bourse հերոսների տուած համակրութիւնը՝ այդպիսի հասարակական դէպքերում, հազիւ թէ համեմատուի ատօմի ⅒ մասի հետ։ Չը գիտեմ, դուք ինչ կարծիք ունէք դրանց մասին, միայն շատ լաւ իմանում եմ, որ եթէ ձեզ պատմեմ թէ ինչ ընթացք տուինք բուն քաղաքի (հաւլաբարը քաղաքի մասը չէ՞, նա Թիֆլիզի խորդ որդին է...) զանազան մասերը գազով լուսաւորելու և ջրանցքներ շինելու հարցին, իսկոյն կը հարցնէք ինձ,— յետո՞յ։ Բանն էլ էդ յետոն է պարոննե՛ր....

****

Ամէնից առաջ ասինք «արի՛ կրակի պէս ոգևորուինք»— ու ի հարկէ, ոգևորուեցանք։ Յետոյ էլ ասինք «մի մասնաժողով կազմենք»— որը իսկոյն կազմեցինք։ Դատեցինք, հաշուեցինք, չափեցինք, ձևեցինք, վիճեցինք, համաձայնեցինք, հաշտուեցինք, էլի հակառակեցինք. մինչի որ, հազիւ թէ՝ էդքան կռկռալուց յետոյ — մի մուկ անգամ չը ծնեցինք... թէև, (պէտք է խօստովանած...) որ մկի փոխարէն «Անանուն ընկերութիւնից» հետևեալ renomee-ն ժառանգեցինք։ «Իստակութիւնը, լուսաւորութիւնը, մաքուր ջուր խմելը, թէև շատ լաւ բաներ է, բայց որովհետև փողը ևս առաւել պատուականագոյն է քան զամենայն առողջապահական միջոցները, և որովհետև առանց փողի, առանց զոհաբերութեան (ընդ ամենայն ծագս աշխարհի որ հարցնէք...) էդպիսի բաները իրագործելի չեն, վասնորոյ, լաւն էն կը լինի, եթէ էդ բոլոր մտքերը՝ ծալե՞նք — ղրաղ դնենք, ձէններս կտրե՞նք,— տազ անենք, մինչի որ, էդպիսի երևոյթները հասած խուրմի պէս՝ ինքը մեր բերանը ընկնի։ Իսկ առ ժամ

Էս չը սատկես
գարունը գըգայ
եօնջա կուտես

ասելով՝ մէկ մէկու non possumus պատասխանենք...

Մեր հասարակութեան non possumus՚ը։ Բայց գիտէ՞ք արդեօք, թէ՝ ի՞նչ բան է։ Շոր չէ՛ — որ հագնէք։ Գօտիկ չէ՛,— որ հեդ անէ՛ք։ Շապիկ չէ՛ — որ փոխէ՛ք։ Կօշիկ չէ՛ — որ մաշէ՛ք։

Մեր non possumus-ը նմանում է հիւանդ չարաճճիկ երեխի կապրիզին։ Խնձոր գուզե՞ս,— չէ՞։ Տանձ գուզե՞ս,— չէ՛։ Մեղր գուզե՞ս,— չէ՛։ Շաքար գուզե՞ս,— չէ՛։

—Բաս ի՞նչ գուզես։ —Ես ուզում եմ տնքայ...

****

Այո՛ պարոննե՛ր մենք շատ վատ ենք տնքում........

Դիցուէ թէ՝ ինձ նման մին քանի անխելք մարդիք մնացած խելքն էլ հաց ու պանրի հետ ուտէին, ու մեր հասարակութեանը՝ ինչպէս մի հիւանդ երեխի, խնձորի տեղ — ուսում, տանձի տեղ — թատրոն, մեղրի տեղ — գիւղական տնտեսութիւն, շաքարի տեղ — ընթերցարան, անհատի իրաւունք, ապահովական ընկերութիւն, օրինաւոր վաճառականութիւն, ճիշդ հաշուատեսութիւն, ժողովրդական գրեանք, և այլ էսպիսի հիւանդի դրութեանը յարմար բաներ առաջարկէին։ Խելքս չի՛ կտրում՝ թէ հասարակութիւնը դրա համար մեր ճակատը համբուրէր...

Երդվում եմ ձեզ պարոննե՛ր էս գիշերուայ իմ ֆէլիէտօնական դազգահովս, կարգով սարգովս, գրչով ու թանաքովս, երկու հատ սաղ, բայց մի հատ կոտրած աթոռովս, չորս օր շարունակ փայտից խռոված վառարանովս, ճեղքած հալիլովս, իմ սաղ օրը ոչինչ չը կերած կատուովս, մին քանի գրքերովս, իմ չարքաշ դրութիւնովս, վերջապէս երեք ամսուայ վարձը դեռ չը վճարած սենեակովս. պ. Ծատուրեանցի մագազինից առած պատուական լամպօվս, և նրա մէջը գտնուած պ. Միրզոյեանցի ծախած անպիտան նաֆթովը, որ հասարակութիւնը — այս կը պատասխանի, ամէն մի ցաւակցութեամբ յայտնած առաջարկութիւններին «ի՞նչ էք կամենում մեզանից։ Կացէ՛ք ձեր գրականական շրջանում, և միք խառնվի մեր գործերում։ Դուք միտք էք փնդռում — մենք փող։ Ձեզ համար երկար գովասանական յօդուածներ, կրիտիկական հայացքներ, գիտնականների յարգանքը, իսկ մեզ,— եղ ու փլաւ։ Դուք հարբէցէք ազնիւ ձգտողութիւններով և նպատակներով, իսկ մենք, ձեր էդ բոլոր առաջարկութիւնների վերա,— կը գնենք մեր veto-ն, կը մնանք մեր statu quo-ի մէջ, և կարդարացնենք մեզ non possumus պատասխանով։ Ի սէր Աստուծոյ, չը նախանձինք մէկ մէկու։ Մենք կուտենք, կը խմենք, կը կռվենք. իսկ վերջ ի վերջոյ կուշտ և տաք կը մնանք, իսկ դուք — գրեցէ՛ք, հիացէ՛ք, ծափահարեցէ՛ք, ու շուացրէք մէկ մէկու, բայց վերջը՝ աղքատ մնացէք...

Աղքատ կը մնայինք, եթէ այժմեան տեղական պարբերական թերթերը չը հարստացնէին մեզ — իրանց ընդհանուր նպատակից շեղված նիւթերովը։

Վրաց Օրագրութեան մասին բան չեմ ասի, որովհետև, ոչ նրանց այբ-ժէ-ճէ-ռան գիտեմ, ոչ բեն-ինի-մեն-սիմը։ Բոլոր իմացածս միայն էն է, որ ամէն մի դէպքում, երբ իմ սիրական ազգի վերաբերութեամբ յօդուածներ են տպում, պէտք է խօստովանած, որ էդ գրուածներից, հայութեան քնթի համար անախորժ հոտ չէ փչում...։ Իսկ ինչ որ վերաբերում է ռուս պարբերական թերթերին, օ՜ օ՜... ես սիրահարուած եմ դրանց բազմակողմանի և հարուստ — յայտարարութիւնների վերայ...։ Քու դուշմանը, ի՞նչ կը լինէր մեր հասարակութեան հալը, եթէ էդ թերթերը, իրանց էջերը չը լքցնէին — ծախուող տների, վարձու տալու հիւրանոցների, մագազինների, հաւանի ցիգարների, դիպլօմաւոր ձիանների (лошадъ получившій хорошій атостать) տանիցը փախած, կամ տիրոջը կորցրած պուդէլների, (արիստօկրատ շների) տուալէտի դմակների, առջերին գետին փռող որսորդական հրացանների, իրանց երկրում սափրիչութիւն, իսկ մեր երկրում մանկավարժութեամբ պարապող ֆրանսիացիների, demi-monde-ի գերդաստանում զարգացած գուվէրնանտկաների, տասը տեղից դուրս արած, բայց էլի նոր տեղ պտտող իմէրէլ ծառայից — յայտարարութիւնների...

Կան և ուրիշ տեսակ յայտարարութիւններ, որք են։ Գիշերօթիկ դպրոցների,— որտեղ ոչ ոք բան չէ՛ սովորում, բժշկատան (լէչէբնիցա ասուածի)— ու շատ քիչն են առողջանում, ռուսաց թատրոնի,— որտեղ չեն ման գալի, փոխատու ընկերութեան,— որ ամէնքի համար չէ մերձենալի...

—Էլ ուրիշ բան կա՞յ թէ չէ։ —Կա՛յ, ի՞նչպէս չէ։ Միայն մէկ հարցի վերաբերութեամբ «քառասուն հատ առաջնորդող յօդուած գրվեցաւ» երևի այն նպատակաւ, որ հասարակութիւնը, քառասուն հատ եգիպտոսեան բուրջեր կանգնացնի ի փառս և ի պարծանս յիշեալ լրագրի renomee-ին...։ Նորերումս լսեցի, թէ էդ բուրջերի համար, ստորագրութիւն է բաց եղել „Голосъ“ լրագրի խմբագրատնում իսկ շինուածքի պարագայքն էլ (մասալէքը) մեր քաղաքի մէջը յարմար և վայելուչ տեղ չը լինելու պատճառաւ, պէտք է հաւաքուի — Բուխարիայի անապատում....

—Իսկ հայ օրադրութի՞ւնը... —Հայ օրադրութեան մասին բան չեմ ասի։ Նա „դեռ չէ մտել՝ աւազան, որ ձեռին բռնել տանք գաւազան“ թէև, ճշմարիտը ասած, գաւազանի կարօտութիւն ունի։ Բան է, եթէ ռուսահայոց գրականութիւնը, չափազանց հարստանայ կենդանի հարցերի չափազանց աղքատութեամբ, էդպիսի հարկաւոր դէպքերում, աղքատի պէս թող գաւազանը ձեռին դռնէ դուռը ման գայ, ու մուրացկանութիւն անէ....

Թող հետևի Պօլսու, մեր հայ եղբայրց օրինակին։ Նրանք ի սկզբանէ անտի հէնց մի գլուխ մուրացկանութիւն են անում։ Բայց ո՞ւմնից։ Ի հարկէ, մեզնից ոչինչ չէին խնդրի, որովհետև մենք ոչինչ չունենք տալու։ Կարծիք չը կայ, որ — Եւրօպացիներից։ Էֆէնդի Այրին՝ դուր եկաւ Դիւման,— իսկոյն թարգմանեց. Էֆենդի Բենին Էլ Հիւդօն — իսկոյն հրատարակեց։ Մի ուրիշ Էֆենդու Էլ Թիերի ճառերը — ամբողջապէս տպեց... Մի բան միայն դուր չեկաւ այրից սկսած, մինչի այբ-ծա-աստուած, ինի-մեն-իմ — էֆէնդիներին, որ հայութեան պահանջմունքին յարմար, ինքնուրոյն, մտաւոր արդիւնաբերութեանը ձեռնամուխ չեղան։ Երևի այն պատճառաւ, որ ձեռները չը հասաւ...։ Շատ բարի։ Գոնեա թարգմանութիւնների մէջ թող ընտրութիւն անեն։ Փառք աստծու՝ մէկ մէկու յետևից հրատարակուող բազմաթիւ հատորներով գրեանքը հաստատում են, թէ՝ Պօլսու մեր հայ եղբարց ընթերցասիրութեան տոպրակը, շատ մեծ է, կարող է շատ բան մուրալ, շատ բան տանել։ Որքան էլ որ կամենային մեզ յուսահատեցնել խաւարասերները, այնուամենայնիւ, հոգով, սրտով, գլխով և ուղեղով համոզուած եմ, որ ընդհանուր քաղաքակրթեալ ազգերի զարգացման կայծերը արդէն երևում են մեր կեանքի մէջ։ Դա միայն ժամանակի հարց է դառել, որ գիտութեան այդ կայծերից բոց առաջանայ...։ Մենք յուսով ենք, որ առաջին հրդեհը Պօլսոյ հայերը կը գցեն...։ (Նրանք հրդէհների սովոր են...)

Մի բանից միայն վախենում են, որ Ալէքսանդր Դիւմանի, և դրա նման հեղինակների քամիքը հանգցնեն գիտութեան այդ կայծերը...։ Էդպիսի գրեանքը որքան տպվում են, դրանք ունեն միայն ճաշակի արժանաւորութիւն, իսկ հայութեան պահանջմունքները յագեցնել չեն կարող...։ Աֆիօնը խմելուց յետոյ, երբ մարդու ջղերը բոլորովին թուլանում է...։ Էդ հեղինակների գրեանքը պէտք գգայ,— խօսկ չը կայ (!!!) Pour passer le temps ահա դերապատիւ Դիւմայի հարւրաւոր հեղինակութիւնների ամբողջ կրիտիկան, թէև պէտք է խոստոուանած, որ էդ գրքերում, ինչ ասես մէջը կայ. հրեշտակ, սատանայ դժոխք, կայծակ, արիւն և այլ էդպիսի բաներ...։ Երբ որ բանը մուրալուն է ընկել,— թող մուրանք բան չկայ։ Երբ որ պէտք է պասերս կոտրենք, թող թանէ սպաս չուտենք, որ գիտութեան քաղցածութիւնից մեռնող հայերիս սնունդ կարողանայ դառնալ։ Իսկ pour passer le temps (ժամանակ անցկացնելու համար) իմ մեծապատիւ էֆենդի՛ք, կամ ձեր հռչակուած բաղանիքները գնացէ՛ք — հռչակուած մեղքերդ (եթէ ունէք միայն...) իստակելու համար, կամ Բօսֆօրի գեղեցկութեամբը սիրահարվեցէք,— մէկ մէկու ատելու փոխարէն, կամ ձեր հիւանդանոցի մեռելներին թաղեցէք,— բան չունենալու աղաղաւ և կամ եթէ էդքան բաները հերիք չէ, էլի Բ. Դռան, ամէն մի կարգադրութիւնը, ամէն մի վէզիրի ու ոստիկան փաշայի իմաստութիւնը գովեցէք, որից պարզ կերևայ (!!) թէ՝— Տաճկաստանը, աշխարհիս մէջ՝ ամէնից զարգացած և քաղաքակրթեալ տէրութիւնն է...։

Չաքուճ