Մշակ/1873/9/Կաթօլիկութիւնը Շվէյցարիայում

Կաթօլիկութիւնը Շվէյցարիայում

ԿԱԹՕԼԻԿՈՒԹԻՒՆԸ ՇՎԷՅՑԱՐԻԱՅՈՒՄ


Դեռ Շվէյցարիայի նոր դաշնակցական սահմանադրութեան առաջ Սէնտ Գալլէն նահանգը, 1848 թուին, անվանվում էր Հաւասարակշռութեան կանտօն, որովհետև այդտեղ երկու կուսակցութիւններ՝ ազատամիտը և կղերականը միշտ միմեանց հետ պատերազմելով, ներգործում էին և ամբողջ Շվէյցարիայի քաղաքական դրութեան վերա։

Յետոյ այդ նշանակութիւնը ստացաւ Արգաու նահանգը, իսկ մեր ժամանակներում Հռօմի իշխանութեան չափազանցութիւնների դէմ պատերազմի մէջ գլխաւորապէս 2 կանտօններ յայտնվեցան՝ Ժէնէվ և Զօլօթուրն։

Մինչև 1815 թիւը Ժէնէվ քաղաքը կալվինական բողոքականութեան կենդրօն լինելով, պաշտօնապէս ճանաչում էր բողոքականութիւնը որպէս պետական տիրապետող եկեղեցի։

Երբ Սավօյա գաւառի մի մաս միացաւ Ժէնէվ կանտօնի հետ, կաթօլիկ դաւանութեանը պատկանող նահանգի քաղաքացիք փոքր առ փոքր բազմութիւն կազմեցին ընտրութիւնների մեջ։

Մանաւանդ նշանակութիւն ստացաւ կաթօլիկ կուսակցութիւնը 1855 թուից մինչև 1862 թիւը երբ Ժէնէվ կանտօնի կառավարութեան գլուխը դարձաւ Ժամս Ֆազի, որ ներկայացուցիչ լինելով արմատական կուսակցութեան, կարողացաւ իր կողմը գցել կաթօլիկներին և այդպիսով գրաւեց իր նպատակների համար ժողովրդի և պետական խորհրդի բազմութիւնը։

Այն ժամանակից կաթօլիկութիւնը քանի գնում է, նշանակութիւն է ստանում Ժէնէվ կանտօնի մեջ։

Վերջապէս նորերումս Մէրմիլիօ անունով մի հոգևորական յանդգնաբար յայտնում է, որ ինքն նշանակված է Ժէնէվ կանտօնի եպիսկոպոս Պապի ձեռքով, և որ Ֆրէյբուրգ քաղաքում նստող Ժէնէվի և Լօզանի եպիսկոպոսը հրաժարվել է իր պաշտօնից իրան յաջորդ նշանակելով սրբ. Մէրմիլօին։

Այդ յանդուգն քայլը յարուցեց մեծ անբաւականութիւն ժողովրդի մէջ, իսկ Ժէնէվի կառավարութիւնը բողոքեց այդ անիրաւութեան դէմ, որովհետև 1819 թուի կօնկօրդատ անվանված պայմանագրի զօրութեամբ Ժէնէվի մէջ եպիսկոպոս նշանակվելու համար հարկաւոր էր կանտօնի ընտրված կառավարութեան համաձայնութիւնը։

Կառավարութիւնը Մերմլիօին այդ ինքնակամ վարմունքի համար պատժելու դիտաւորութեամբ, չը ճանաչելով նրա եպիսկոպոսական պաշտօնի մէջ հրաժարեցրեց նրան և քահանայութեան պաշտօնը կանտօնի մէջ վարելուց։

Եւ ահա բարձրացաւ ամեն կողմից աղմուկ։ Ֆրանսիական կղերական լրագրութիւն վրդովմունքի մէջն ընկաւ, Շվէյցարիայի մնացած եպիսկոպոսները յորդորում էին Սրբ. Մէրմիլիօյին շարունակել ժողովրդական կառավարութեան դէմ իր ընդիմադրութիւնը։

Ժէնէվի պետական խորհուրդը ուշադրութիւն չը դարձնելով այդ դարդակ բողոքների վրա, մշակեց քանի մի նոր կանօններ և առաջարկեց Շվէյցարիայի կենդրոնական Մեծ — Խորհրդին ՚ի հաստատութիւն։ Նախ քան Մեծ-Խորհրդին առաջարկվի կանօնադրութիւն, նա պիտի ենթարկվի կանտօնի ժողովրդական քուէարկութեան։ Այդ կանօններից ամենանշանաւորը այն է, որ իւրաքանչիւր համայնքը պիտի իրաւունք ունենայ ինքն իր քահանաներ ընտրելու ձայների բազմութեամբ։

Խաւարասէրների դիմադրութիւնը ոչինչ չօգնեց և նորերումս մենք լրագիրներից տեղեկացանք, որ Ժէնէվ և Զօլօթուրն կանտօնների մէջ ժողովուրդը ընդհանուր քուէարկութեան ձայների մեծ բազմութեամբ վաւերացրեց այդ նոր օրէնքը։

Երևի այսուհետև կը տարածվի և Շվէյցարիայի միւս կանտօնների մէջ այդ նոր օրէնքը, որի զօրութեամբ ինքն ժողովուրդը ընտրում է իր քահանաներ և եպիսկօպոսներ։