Մշակ/1873/9/Նամակ Կ. Պօլսից
ՆԱՄԱԿ Կ. ՊՕԼՍԻՑ
Տաճկաբնակ Հայերը, լսում ենք, թէ վայելում են ազատութիւն։ Տաճկաբնակ Հայերը, ասում են թէ, յառաջ են ընթանում։ Այդ խօսքերը խիստ քաղցր կերպով հնչվում են, ոչ միայն ամէն մի Հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկութեան բարեկամներին նոքա հաճութիւն են պատճառում։
Եւ իրաւ, լրագրների մի շարք, որք ցօլացօղ աստղերի նման, յաջորդաբար երևում են, փայլում են, և դարձեալ կորչում են հայկական գրականութեան խաւար մթնոլորդի մէջ. ազգային սահմանադրական վարչութիւն, հրապարակական դասախօսութիւններ, թատրօնական բեմ, երկսեռ դպրոցներ և այլն,— այդ ամէնը պնդում են լսօղների համոզմունքը տաճկաբնակ Հայերի յառաջադիմութեան մասին։
Բայց խորին կերպով հետազօտելով այդ ուրախացուցիչ երևոյթների ներքին էութիւնը, մենք գտանում ենք անմխիթահար դադարկութիւն։
Լրագրութիւնը ավելի զբաղուած է օտարներով, քան թէ իւրեանով։ Նա յայտնում է, թէ ինչ է խօսում ամէն օր Թիերը իւր կաբինետում, բայց չը գիտէ իւր տան մէջ ինչեր են լինում, չը գիտէ թէ Վասպուրականի, Մշու Բաղէշի, Կարնու, և փոքր Ասիայի զանազան անկիւններում, ի՞նչեր են պատահում խեղճ Հայերի հետ և ի՞նչ դրութեան մէջ է նոցա վիճակը։ Նա ընդհանուր Եւրօպայի ճակատագիրն է վճռում, բայց յիշեալ երկրներում բնակուող իւր ազգայինների տնտեսական և մտաւորական կեանքի մասին շատ քիչ է մտածում։
Փոխանակ ազգի վիճակագրական և նորան տնտեսական դրութիւնը արտայայտող յօդուածների և գաւառական նամակների, մենք կարդում ենք լրագրութեան մէջ շատ անգամ աննշան և աննպատակ բանակռիւներ, որք աւելի անձնականութեան էին դիպչում, որք պարունակում են իւրեանց մէջ աւելի երգիծական սրախօսութիւններ և յաճախ կեխտոտ հայհոյանքներ, քան թէ միտք, լօգիկայ և առողջ դատողութիւն։
Ի հարկէ, լինում են բացառութիւններ, բայց այդ բացառութիւնները դժբախտաբար այնքան փոքր են թւով, և այնքան չնչին, մինչ ընդհանուրի մէջ կորցնում են իւրեանց նշանակութիւնը։
Ազգային սահմանադրութիւնը հանապաղ երերման մէջ է։ Նա եղել է խաղալիկ զանազան կուսակցութիւնների և նոցա ներկայացուցիչ այս և այն էֆենդիների։ Նա զբաղուած է միշտ Պօլիսով և Բիւզանտիօնի պարսպներից դուրս չէ՛ գնում։ Կարծես թէ, մեր միւս տաճկաբնակ Հայերը զուրկ լինեն այդ արտօնութենից...
Հրապարակական դասախօսութիւնները ունեն փոքր ի շատէ բաւականացուցիչ կերպարանք իւրեանց ներկայիս համապատասխան բնաւորութեամբը։ Որոյ ընդհակառակն թատրօնական բեմը հայոց խօսքով դեռ մեծ մասամբ ֆրանսիական վայրի վերոյ, միմիայն երևակայութեան և աչքի վերայ ազդօղ պիեսաներ է ներկայացնում, թողելով բուն ազգային կեանքի դաշտը։
Դպրոցները,— իբրև այս և այն պարոնի, իբրև այս և այն սրբազանի մենավաճառութեան մեքենայ,— անհաստատ դրութեան մէջ են։ Նոքա կողպվում են, բացվում են, ընկնում են, կանգնում են և հանապաղ փոփոխութիւնների մէջ են ապրում, որքան փոխվում էին այն անհատները, որոց կամքից և կրքերից կախումն ունի հասարակական կրթութեան գործը։
Ժողովուրդը այդպիսի հանգամանքներում բոլորովին կրաւորական դեր է խաղում։ Նա՛, որոյ ուսերի վերայ է բարձած այդպիսի հիմնարկութիւնների բոլոր նիւթական ծանրութիւնը, նորա իրաւունքները սարսափելի բռնարարութեան ենթակայ են։
Գրականութիւնը չէ ներկայացնում մի բաւականացուցիչ երևոյթ։ Դրական գիտութիւնների ինքնաստեղծ, ինքնուրոյն հեղինակութիւնները այնքան աննշան են, որ չը լինելութեան հաշվում պէտք է դնել նորանց։ Թարգմանութիւնը,— փոխանակ իւրեան պարապեցնելու Եւրօպայում ընդունուած մանկաւարժական, գիտնական և արհեստական գրքերի ի հայ լեզու վերածելուն, որոցմէ այնքան զուրկ են դպրոցները,— զբաղուած է վէպերով, ռօմաններով, և երգերով։ Այդպիսի գրքերի ազդեցութեանը պէտք է վերաբերել Պօլսեցի հայի այն դիւրագրգիռ և ոչնչով ոգևորուող, ֆրանսիական թեթևութիւնը, որ է յատկանիշ նորա աշխոյժ բնաւորութեանը։
Մի առարկայ,— որ առաւելապէս զբաղեցնում է տաճկաբնակ Հայոց կրթեալ դասի մտածմունքը, մի առարկայ, որին գլխաւորապէս նուիրել է իւրեան ազգային մամուլը,— է կղերական խնդիրը։ Այդ պարոնները աշխատում են նորից կեանք տալ կղերին, կրթել նորան, բարւոքել նորա դրութիւնը, որպէս զի նա, նորից ոյժ ստանալով, կարողանա համարձակ տանել ազգային վարչութեան սանձը։ (??)
«Ասանկ ալ պէտք է ընել, ախբար, մեր ազգը կրօնական ազգը մը է կոր»։ Ասում է ինձ մի ֆէսուոր պարոն։
— Կղերի դարը անցաւ։
Մենք տեսանք և տեսնում եմք այն ազգերի թշուառ վիճակը, որք իւրեանց կառավարութեան սանձը յանձնել էին կղերին։
Թո՛ղ նոքա կարդան իւրեանց սաղմոսը և նարեկը և ազգի հանգուցեալների հոգուն աղօթք ունեն։ Իսկ կենդանիների վերայ մտածելը նորանց չէ՛ պատկանում։
Ինչ եմք հասկանում մենք այդ խօսքերովս կենդանիներ։ Արդեօք վսեմափառ ամերայերն են դոքա, թէ մեծապատիւ էֆենդիները։ Արդեօք արծաթասէր չօրբաջիներն են դոքա, թէ շնորհավաճառ փափազները։— Ոչ, դոցանից և ոչ մինը։ Դոքա ազգային մարմնի կազմուածքի մէջ փտած նիւթեր են։
Կենդանիներ ասելով, մենք հասկանում ենք՝ Պօլսի և Տաճկաստանի զանազան քաղաքներում գաղթած այն պանդուխտ մշակները, որք խաներում, իսկալայներում, մէյդաններում, սօխախներում մաշվում են բեռնակրութեամբ։ Կենդանիներ ասելով, մեք հասկանում ենք, Ռումէլիիի, փոքր Ասիայի, Բաղէշու, Մշու, Կարնի, և այլն մեր թէ գիւղացի և թէ քաղաքաբնակ ազգայինները, այն ճնշուած և հարստահարութեանց մէջ մաշուած Հայերը, որոց մէջ դեռ ևս պահպանուել է ազգային առանձնութիւնների կենդանի տարրը, որք կազմում են ազգայնութեան գլխաւոր ուժը։
Նոցա համար պէտք է մտածել, նոցա համար պէտք է գործել, մեր յոյսը նոքա են...