Մշակ/1873/9/Նամակ Վաղարշաբատից
ՆԱՄԱԿ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻՑ
1791 թուին վախճանվում է Կալկաթայում ոմն Սարգիս Ծատուրեան Դաւիթ Օրբէլեան թողնելով անգղիական բանկում 80,000 յուն ոսկի (դրամի անուն)։ Յիշեալ գումարը նա կտակում է յանձնել իւրեան յայտնվող ժառանգներին։
Հովհաննէս և Յակոբ Օրբէլեանցները,— 1835 թուին սեպտեմ․ 25–ին, առնելով իւրեանց հետ մի վկայական, որ վաւերացրած է լինում Տաթևու վանահօր Սիմէօն վարդապետի, Նորա միաբան մի քանի վարդապետների, մետրոպօլիտ Հասան– Ջալալեանի և այլ շատ ծեր մարդերի ստորագրութեամբ,— դիմում են Կալկաթայ, և յայտնում են իւրեանց որպէս ազգականներ հանգուցեալ կտակօղի։ Տեղային կառավարութիւնը չէ յարգում նոցա վկայագիրը իբրև չը վավերացրած բարձ․ հոգևոր իշխանութեան կողմից։
1868 թուին ըստ խնդրանաց Հովհաննեսի և Յակովբայ Օրբէլեանց Ղարաբաղու կոնսիստօրեան հրամանագրով ի 14 հոկտ․ № 2 կարգում է քննիչ, աստիճանաւոր ոմն Արտեմեանց ստուգել Զակաղին, Գիւդկում, Վաչական, Բաղաբուրջ և Բէխ գիւղերում նոցա ազգաբանութեան մասին։ Բայց յիշեալ գիւղերի բնակիչներն դիմում են բողոքագրով ի 12 նոյեմ․ նոյն ամի Զանգէզուրի գաւառապետին և ի 30 դեկտ․ նոյն ամի Սինօղին յայտնում են, թէ Արտեմեանցը, ամենին տեղեկութիւն չը հաւաքելով, նոցանից, սուտ վկայական է տուել Յովհաննէս և Յակոբ Օրբէլեանցներին։
Նոյն Յովհաննէս և Յակոբ Օրբէլեանցները երեք խնդրագրով, ի 26 յունիսի, ի 28 յուլիսի 1868 ամի և ի 12 հոկտ․ 1869 ամի, խնդրում են սինօդից տեղեկութիւն տալ նորանց Սարգիս Ծատուրեանի կտակի մասին Վեհ․ Ներսէս Կաթողիկոսի գործերից։ Սինօդն ի 31 դեկտ․ 1869 ամի № 2564, և ի դեկտ․ (թիւն անյայտ է) 1872 ամի (№ անյայտ է) հաղորդում է նորանց ի ձեռն Ղարաբաղու կօնսիստորային թէ Ներսէսի գործերի մէջ չկայ ոչ կտակը, ոչ նորա պատճէնը, և ոչ մի այլ տեղեկութիւն Ծատուրեանի կտակի մասին։ Այսու ամենայնիւ Սինօդը ի 13 նոյեմբ․ 1870 ամի № 2019 հաւատարմագիր է ուղարկում Կալկաթայ Աբգարեան ընկերութիւնը աշխատել, դուրս բերել Ծատուրեանի կտակած փողը արքունի բանկից, որը չէ յաջողվում։
Ի 1872 ամի յայտնվում են Էջմիածին Օրբէլեանցների մի խումբ Ծատուրեանի կտակի մասին, որք էին Կոստանդնուպօլսոյ բնակիչ Ալէքսան Մկրտչեան Օրբէլեանց, Շուշեցի մահտեսի Յովհաննէս Կարապետեան Օրբէլեանց, Սիւնեաց նահանգէն Աստիճանաւոր Մատթէոս տէր–Կօստանտեան Օրբէլեանց։ Իսկ նոքա ոչինչ բաւականութիւն չստանալով իւրեանց ի 25 մայիսի 1872 ամի Վեհ․ Կաթողիկոսին մատուցած խնդրքեէն, հեռանում են։
Յիշեալ պարոններից ոմանք անցեալ տարուայ աշունքից գնացել են Կալկաթայ հանգուցեալ Ծատուրեանի կտակած փողն ստանալու, չը նայելով որ մի անձն կողմնակի կերպով աշխատում է նոյնը իւր ձեռքը ձգել․․․
Որքա՜ն այդպիսի գումարներ կորան և կորչում են ազգի անուշադրութիւնից․․․։