Մոգպետ

Սև մոգպետին դիմեցի
Հետս առա ես իմ «Փունջ»,
Եղանակը շատ վատ էր,
Հով էր փչում դառնաշունչ:
Ես ունեի նպատակ...
Ուղիղն ասած, խիստ սխալ,
Սատանայից ի՞նչ բարիք
Կարելի է մեզ հուսալ:
Պատահում է, երբեմն
Մարդ այնպես է մեղանչում,
Խոստովանվելն անգամ
Կարմրում է, ամաչում:
Ի՞նչ օգուտ... Ո՞վ յուր կյանքում
Չէ գործել հիմարություն,
Մոլորությանց ենթակա
Է տկար մեր բնություն:
Ըշտապ-ըշտապ վազելով՝
Հասա նորա կացարան,
Սաստիկ ցրտից սառչելով`
Էլ չէր բացվում իմ բերան:
Ես քաշեցի զանգակը,
Հայտնվեցավ մի ծառա,
Իմ սխալման առաջին
Արդեն լազաթն առա…
Կերբերոսից ավելի
Դժնետեսիլ այդ հիմար`
Ինձ ստիպեց քառորդ ժամ
Դրսում սպասել չարաչար:
— Պարո՜ն, — ասացի նորան,
Դուք հայտնեցեք իմ մասին,
Թե ներկայանալ կամիմ
Ես մոգպետի սպասին:
— Որպե՞ս է ձեր ազգ, անուն, —
Հարցուց ինձանից ծառան,
Պաշտոնական յուր ոճով.
Ես հայտնեցի շուտ նորան:
Նա չքացավ: Ես երկար,
Երկար սպասում էի դրսում,
Անիծելով իմ խելքը,
Զի շատ սաստիկ էի մրսում:
Վերջապես հրավիրեցին
Ինձ մոգպետի կացարան:
Շուտ ՙանուն հոր՚ ասեցի,
Տեսնելով նորա կերպարան:
Բավականին զարդարուն
Էր դահլիճն այն շքեղ,
Նորա կահն ու կարասին
Էր թանկագին բարեգեղ:
Բազկաթոռի մի վերա
Նստած էր քուրմն այն սուրբ,
Մետաքսեղեն հագուստը
Էր փառավոր և շատ նուրբ:
Աստղի նման փայլում էր
Ալմաստի մեծ մատանին,
Ականակուռ մանյակը
Լույս էր բաշխում խավարին:
Երբ որ տեսա ես նորան
Վերարկուն լայնաքղանց,
Կարմիր մախմուռ հողաթափ,
Քնքշությունքը չափազանց`
Կարծում էի, թե արդեն
Դա չէ՜ սևլիկ մի մոգպետ,
Այլ ես շնորհ ունեի
Մի պճնասեր կնոջ հետ:
Ինձ այդ իսկ սխալմունքեն
Ազատեց նորա մորուք,
Մտածելով, թե այդ ազգ
Զարդարվում է որպես կուռք:
Հակամայից ստիպված,
Ես մերձեցա դեպ հառաջ,
(Էլ ի՜նչ մ մեղքը գաղեմ(
Համբուրեցի նորա աջ…
Խոսակցությունը սկզբից
Էր տաղտկալի, կցկտուր,
Զի անհամ, անգույն խոսքերին՝
Միշտ անհամն է տրիտուր:
Գանգատվում էր մոգպետը
Մերթ հիմար ժողովրդից,
Թե նոքա չըգիտեն հարգել
Փառքն ու պատիվն անմահ դից:
Մերթ գանգատվում էր տարվա
Անպիտան եղանակեն,
Զի բանտարկյալի նման
Դուրս չէր գալիս սենյակեն:
Մերթ անիծեր խոհարար,
Ճաշը վատ էր պատրաստում,
Մինչ զզվանոք ամեն օր
Նա խմում էր և ուտում:
Նկատեցի, վերջ չունեն
Այդ գանգատները տրտում,
Զի բացատրում է լեզուն
Ինչ որ ամբարված է սրտում:
Հակամայից ես նորա
Ընդհատեցի այդ տրտունջ,
«Ահա՜, հայրիկ, ասացի,
Ձեզ բերել եմ ես իմ «Փունջ»:
Իսկ մոգպետն էլ չեղավ
Իմ ասածին ուշադիր,
Խիստ ծանր հորանջելով՝
Ծուռը մեկնեց իմ խնդիր՝
— Է՜հ, այդ անիծված փունջն
Ինձ խիստ շա՜տ է վնասում,
Ես նորանից մի օգուտ
Ինձ բնավ չեմ սպասում:
Լավ է ըմպել կոնյակ,
Ռոմ, խերես և շամպան,
Դոքա փոքր ի շատե
Օրինավոր են մի սան:
— Ա՜խ, ես ձեզ սխալեցրիմ,
Ասացի, — հայր պատվական,
«Փունջ՚ և պունշ են դոքա
Որոշ բառեր զանազան:
«Փունջ» ասածս նվաստիս
Է հորինած երգարան:
Այս ասելով՝ ես գիրքը
Տվեցի ձեռքը նորան:
Առեց, թերթեց նա գիրքը,
Նայեց թվին և ամսին,
Որպես թուրքը զզվանքով
Նայում է խոզի մսին:
Նա ետ տվեց ինձ գիրքը, —
«Կարդացեք, ասաց, մի բան.»
(Երբ որ արջն է քո տեսուչ,
Վա՜յ քո հալին, պարտիզպան…(
Մինչ մոգպետը քնքշաբար
Հարդարում էր յուր մորուք,
Սկսեցի ես կարդալ
«Դժոխքի կապալառուք»:
Ուշադրությամբ հայրիկը
Լսում էր իմ ընթերցում,
Որ բորբոքեց նորա մեջ
Սրտի սաստիկ զայրացում:
Գրգռվեցան, վառվեցան
Նորա ողջ չար կրքերը,
Քանզի տեսավ այն ճիվաղ
Հայելումն յուր պատկերը:
Նա ընդհատեց ընթերցում,
Գոռաց ամպի որոտով,
Ես կատաղի նրա դեմքը
Զննում էի անվրդով:
— Այդ ինչե՞ր ես դու գրել,
Լի՜րբ, անամոթ, անիծված,
Ես քեզի ըմպել կըտամ
Այդ թունավոր հորինված:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, դուրս կորի՜,
Էլ չըտեսնեմ քո երես,
Դու կստանաս քո վարձը,
Դու իմ ուժը լսե՞լ ես...
Ես քեզ այնտեղ կորցնեմ,
Լույս չըտեսնես էլ բնավ,
Ուր չէ ծաղկում նշենին,
Բույն չէ դրել ագռավ...
— Այո՜, գիտեմ այդ բոլոր,
Ասացի ես սառնաբար,
Միայն եկա ես քեզ մոտ,
Լավ զննել քո տիպար:
Զի լրացնե պոետը
Քո կյանքի նկարագիր,
Նորան փույթ չէ լինելը
Օտար աշխարհ տարեգիր...