12. ՄՈԹԱԼԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի մարդ, մի կնիկ․ սրանք ըսկի պտուղ չեն ունենում։ Էս խեղճերը մեռան սրբերի դուռը էթալո՛ն, մատաղ անելո՛ն, ողորմություն տալո՛ն՝ չէ՛, չէլավ. աստոծ սրանց պտուղ չտվեց։

Անց կացավ ըսենց հի՛նգ տարի, տա՛սը տարի, քսա՛ն տարի․ վերջը մարդը միտք արեց՝ իրանց դռան աղաքին մի նոր ֆոր փորիլ տա․ էրեսըհանց ընենց ֆողով ծածկի, որ մալում չանի:

Ասեց.— Ո՛վ կգա մի ղաֆիլ էս ֆորի մեջը կընկնի՝ հենց նրա յախեն ղայիմ բռնեմ, ասեմ. «Դո՛ւ կարաս իմ դարդին դարման անի, էլ մարդ չէ՛»։ Բերում ա ըտենց էլ անում ա՝ իրանց քուչի դռան կշտին մի քառասուն գազանոց ֆոր ա փորիլ տալի, էրեսըհանց էլ ֆողով ծածկում, կոկլկացնում, դզում, որ վրովը անցկացողը իսկի չէր ֆահմի, թե տակին[1] եքա ֆոր ա քանդած։

Առավոտը, դեռ լիս ու մութը չբաժանված, էս մարդը վեր ա կենում տենում՝ ֆորի միջիցը մի նվոցի ձեն ա գալի։ Էթում ա ֆորի բերանը բաց անում, տենում քոռաղադընա մի դարվիշ ա ընկե մեջը։

— Ա՛սսու սիրուն,— ասում ա դարվիշը,— մի ինձ ըստիան ազատա, ի՛նչ ուզես՝ կտամ. թե կնիկդ էրեխա չի բերում՝ ընենց կանեմ, որ էրեխա բերի, թե տանդ հիվանդ ունես՝ կլավացնեմ. մախլաս, ի՛նչ հունար ասես՝ ձեռիցս կգա․․․։

— Զա՛թի ես հենց քեզ ի ման գալի, դա՛րվիշ աղպեր, էդ լա՛վ էլավ: Էսքամ տարի մեռա դեղ, դարման անելոն, սրբերի դուռը մաշելոն՝ ճար, իլլաջ չէլավ, կնիկս պտուղ չբերեց, որ կարենաս ըտենց մի բան անի՝ դեռ հլա քեզ բոլ փող էլ կբաշխեմ:

Դարվշին հանում ա ֆորիցը, տանում իրանց տունը:

Դարվիշը մի խնձոր ա ուզում, կես անում, տալի էն մարդին։

— Ա՛ռ,— ասում ա,– խնձորի մի տապակը դո՛ւ կուտես, մի տապակը կտաս կնկա՛նդ, վեց ամսեն վրա կնիկդ մի տղա կբերի:

Էն մարդը դարվշին բոլ փող բաշխեց, ճամփու դրեց: Ուրախ–ուրախ խնձորի մի տապակը ինքը կերավ, կեսն էլ պահեց, որ կնկանը տա՝ չունքի կնիկը տանը չէր, հարևանի տունն էր գնացե: Շատ կա՛ցավ, կա՛ցավ՝ տեհավ եդանում ա. ասեց.— Արի՛ էս մի տապակն էլ ես ուտեմ, ինչ պտի ըլնի. մին չի՞, ե՛ս կերած՝ կնի՛կս կերած: Վեր ա ունում էն մի տապակն էլ ա ուտում:

Անց ա կենում մի՛ ամիս, է՛րկու ամիս, մախլասի վե՛ց ամիս էս մարդը էրկըֆոդսանում ա, ազատվում, բերում ա ըն էլ ի՛նչ մի մոթալի տիկ։ Հենց տղատվելիս էլ ինքը մեռնում ա:

Խեղճ կնիկը մնում ա միտք անելոն, թե էս մոթալի տկի մեջը ի՞նչ զորություն պտի ըլնի, որ ո՛նչ բերան ունի, ո՛նչ ոտ, ո՛նչ ձեռ, մախլաս, ո՛նչ մի մարդի նշան չկա վրեն։ Վեր ա ունում էդ տիկը տանում իրանց շիրախանում վե քցում. ասում ա. «Տենամ, բա՛լի սրա միջին մի բան կա. թո՛ղ մնա մի քանի շաբաթ էլ, տենանք ինչ կըլնի»:

Անց կացավ մի շաբաթ, էրկու շաբաթ, տեհավ շիրախանում մինը իրան ձեն ա տալի.— Ա՛զի, ա՛զի, արի՛ ըստե, բան եմ ասում։

Մնում ա զարմացած, վեր ա կենում էթում տենում՝ էն մոթալի տիկն ա ձեն տվողը։ Հիսուս-Քրիստոս ա անում՝ մոտին կաննում:

— Ա՛զի,— ասում ա Մոթալը,— էգուց կէթաս մեր թագավորի կուշտը, նրա աղջիկը կուզես ինձ, կասես. «Թագավորն ապրած կենա, իմ Մոթալ տղեն աղջկանդ ուզում ա»։

— Ի՛նչ ես ասում, ա՛յ որդի, գիժ ես, խև ես, ի՛նչ ա. քեզ ո՞վ աղջիկ կտա. ուզում ես իմ գլուխն էլ կտրիլ տաս, հենց էն ըլնի՞:

— Ա՛յ մեր, ես քեզ ասում եմ գնա՝ գնա՛․ էդ քու բանը չի՝ կտան, չեն տա:

Խեղճ կնիկը չի իմանում ի՛նչ անի. ո՞նց էթա թագավորի աղջիկը ուզի Մոթալին։ Համա որ տենում ա Մոթալը շատ ա զոռում՝ վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը դուս ա գալի, հարցնում.— Ա՛յ մերա, խի՞ ես էկե. ի՞նչ խնդիրք ունես ասելու:

— Թագավորն ապրած կենա, ի՞նչ ասեմ. մի տղա ունեմ, ինձ զոռով-գյուջով ղրկել ա, որ քու աղջիկը ուզեմ նրան։ Ես հազար ասեցի, թե թագավորը քեզ աղջիկ չի տա՝ չլսեց․ հմի էկել եմ ոններդ եմ ընկե, դու քու աստոծը, ինչ ուզում ես արա՛։

— Կտամ, խի՞ չեմ տա. համա իրեք բան կուզեմ, թե տղեդ կարաց բերի՝ հո աղջիկս իրանն ա ու իրանը, թե չէ՝ էրկսիդ գլուխն էլ թռցնիլ կտամ: Էս հետ կէթաս տղիդ կասես, թե՝ թագավորն ուզում ա օխտը ընենց դև, որ հա՛մ քոռ ըլնեն, հա՛մ քառ, հա՛մ լալ։ Իմ ուզած իրեք բանից մինն էս ա:

Խեղճ մերը վեր ա կենում, դառը, տխուր գալի տուն, հեննեն ճամփին տղին անըծում. «Ժո՛ւռ ու մուռ ըլնես,— ասում ա,— ա՛յ Մոթալ, որ ինձ ըսենց կրակի մեջ քցեցիր. հմի ո՞րդիան պտի ճարենք օխտը էն թավուր դև, որ հա՛մ քառ ըլնեն, հա՛մ քոռ, հա՛մ լալ»։

Գալիս ա Մոթալին ասում թագավորի ուզածը:

Մոթալն ասում ա.— Կէթաս գերեզմանատունը, ֆլան Մարմարե քարին իրեք հետ մատդ կքսես, կասես. «Մոթալը քեզանից օխտը դև ա ուզում, որ հա՛մ քառ ըլնեն, հա՛մ քոռ, հա՛մ լալ», էլ եդ կգաս։

Մերը վեր ա կենում էթում գերեզմանատունը, ման գալի, էն Մարմար քարը գտնում, մատը իրեք հետ քսում քարին, ասում.— Մոթալը քեզանից օխտը էնթավուր դև ա ուզում, որ հա՛մ քոռ ըլնեն, հա՛մ՝ քառ, հա՛մ լալ,— էլ եդ գալի տուն:

Մոթալը հարցնում ա.— Ա՛զի, գնացի՞ր, գտա՞ր Մարմար քարը. ասե՞ցիր:

— Հա՛, ա՛յ որդի․ գտա, ասեցի. համա ըսկի բան չասեց։

— Լա՛վ, գնա՛, հմի դևերը գնացած կըլնեն թագավորի կուշտը. ասա՛, տենանք՝ է՞ս ինչ ա ուզում։

Մերը վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի:

— Հը՛, մերա. էս մինը տղեդ բերիլ տվեց. մնաց էրկուսը: Էս հետ էլ կէթաս տղիդ կասես, որ աղջկանս հմար մի ձեռք էնթավուր շոր կարիլ տա, որ ո՛նչ մկրատ դիպած ըլնի, ո՛նչ ասեղ, ո՛նչ թել. ինքն էլ ակն ու մարգարտներով, բռլիանտներով զարդարած. որ աղջիկս հագնի թե չէ՝ դուզ վրեն գա, ո՛նչ ավել ըլնի, ո՛նչ պակաս։

Մերը վեր ա կենում գալի տղին ասում թագավորի ուզածը։

Մոթալը ասում ա.— Գնա էլի էն Մարմար քարին իրեք հետ[2] մատդ քսա՛, իմ անումը տո՛ւ, ասա. «Մոթալը քեզանից էնթավուր մի ձեռք աղջկա շոր ա ուզում, որ վրեն ո՛նչ մկրատ բանած ըլնի, ո՛նչ ասեղ, ո՛նչ թել»:

Մերը վեր ա կենում էթում, էն Մարմար քարին իրեք հետ մատը քսում ա, ասում.— Մոթալը քեզանից մի ձեռք էնթավուր աղջկա շոր ա ուզում, որ ո՛նչ մկրատ դիպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ ասեղ,— էլ եդ գալի տուն։

Մոթալը հարցնում ա.— Հը՛, ա՚զի. գնացի՞ր, Մարմար քարին ինչ ասել ի՝ ասե՞ցիր։

— Հա՛, որդի, գնացի, ասեցի. համա չեմ գիտա խոսքդ կլսի՞, թե չէ:

— Թե ասել ես, բա՚ս հմի ղրկած կըլնի. գնա՛ թագավորի կուշտը, հարցրա՛, տես էն մի ուզածն ի՞նչ ա. քեզ արի՛, ինձ խարար բե՛։

Մերը վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի:

Հը՛, մե՛րա. էլի էկել ե՞ս: Տղեդ իմ ուզած մի ձեռք շորն էլ ա ղրկե. մնաց մի բան. թէ որ ըս էլ կարաց անի՝ հո պրծած ա. աղջիկս ոտով-գլխով տղինդ ա: Իմ պալատիցը ընչանք ձեր տունը պտի էնթավուր չորս ատեժ տներ շինի, որ պատերը սաղ բռլիանտներո՜վ, մարջաններո՜վ, ակներո՜վ զարդարած ըլնի, որ ֆըրֆըրահար գա՝ մարդի խելք գլխիցը տանի. աղջիկս ըստիան օթախների. միջով գա ձեր տունը, ընդիան գա ըստե։ Հրե՛ս իմ մի ուզածն էլ էս ա, գնա տղիդ ասա՛, թե արեց՝ հո արեց. թե չէ՝ էրկսիդ էլ պտի քյալլա անեմ:

Մերը վեր ա կենում գալի տուն՝ Մոթալին ասում թագավորի ուզածը։

Մոթալն ասում ա.— Էս հետ էլ գնա էն Մարմար քարի կուշտը, ասա. «Մոթալը քեզանից ուզում ա, որ թագավորի պալատիցը ընչանք մեր տները էնթավուր չորս ատեժ տներ շինես, որ պատերը քոմմա ակների, բռլիանտների, մարջանների ձեռիցը ֆրֆրահար գա»։

Մերն էթում ա էլի էն Մարմար քարին իրեք հետ մատը քսում, ասում.— Մոթալը քեզանից էնթավուր չորս ատեժ տներ ա ուզում, որ թագավորի պալատիցը ընչանք մեր տները ձգվի, օթախների պատերն էլ քոմմա ակներով, մարգարտներով զարդարած ըլնի:

Ասում ա, եդ գալի տուն։

Մոթալը հարցնում ա.— Աղի՛, հը՛, ի՞նչ էլավ, գնացի՞ր. Մարմար քարին ասեցի՞ր։

— Հա՛, ա՛յ որդի. գնացի, ինչ որ թամբահ իր արե՝ ասեցի։

— Բաս լա՛վ, առավոտը թագավորի ուզած օթախները հազիր կըլնի. էս հետ էլ տենանք թագավորը ի՞նչ պտի մհանա բռնի՝ աղջիկը չտա:

Ղո՛րթ որ, թագավորը առավոտ վեր ա կենում տենում՝ իրա ուզած չորս ատեժ տները հազիր ա։ Տնե՜ր, տնե՜ր եմ ասում, որ տենողի խելքն էր էթում։ Թագավորը ասեց.— Է՛ս հետ որ պառավի տղեն աղջկանս տարավ։

Մոթալի մերը վեր ա կենում, թազա շինած օթախների միջովը էթում դուզ թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա՛ գալի։

— Հը՛, մե՛րա. էկել ե՞ս. բա տղե՞դ ուր ա. դե գնա՛, բե տենանք. էս հետ որ աղջիկս նրան հալալ ա. էլ ասելու բան չունեմ։

Մերը գալիս ա Մոթալին ասում, թե.— Թագավորը կանչում ա։

Մոթալն ա՝ թոլեթոլ ըլնելո՛ն, թոլեթոլ ըլնելո՛ն, օթախների միջովը գալիս ա թագավորի աղաքին կաննում։ Թագավորը Մոթալին որ տենում ա, մնում ա զարմացած թե էս ի՞նչ թավուր իսան ա, որ ո՛նչ ոտ ունի, ո՛նչ ձեռ, ո՛նչ զադ։

Ուզում ա աղջիկը չտա Մոթալին, համա աղջիկը ինքը իրա բերնովն ա ասում.— Չէ՛, ա՛յ հեր. ինչ որիս ա, ինձ ղաբուլ ա. ես պտի դրան առնեմ, հալբաթ դրա միջին մի հունար կա:

Թագավորն էլ ի՛նչ պտի ասեր, որ աղջիկը ինքը ղաբուլ էր։ Բերեց էրկսին էլ նշան դրեց՝ պսակեց, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց: Պսակից եդը Մոթալը թագավորի աղջկանը վե կալավ, տարավ իրանց տունը։

Ասենք, թագավորի աղջիկն ու Մոթալը իրար հեննա խոսում ին, զրից անում՝ համա թագավորի աղջիկը չէր իմանում, թե Մոթալի միջին ինչ թավուր զադ կա: Մի օր էլ, որ մարդ ու կնիկ մենակ ին մնացե տանը, Մոթալը խրխու միջիցը դուս էկավ. դուս էկավ, ի՜նչ դուս էկավ. մի սի՛րուն, նա՛շխուն, բոյ ու բուսաթով տղամարդ, որ չուտեիր, չխմեիր՝ հենց նրան թամաշ անեիր, ի՛նչ ասեմ, մի խոսքով թագավորի աղջկանիցը սիրուն։

Թագավորի աղջիկը էս որ չտե՞հավ, էն սհաթը վազեց փաթըթվեց Մոթալի ճտովը, լաց էլավ.— Տնաշեն,— ասեց,— դու որ էս թավուր սիրուն տղամարդ իր, բա խի՞ իր մեզ ըսենց լեղաճաք անում, թողում. բաս արի՛, թե՛ղ, էս սհաթին էթանք հորն ու մորս կուշտը՝ մի տենան, նրանք էլ ուրախանան։

— Չէ՛, ա՛յ կնիկ, չէ՛. ես ըսենց եմ ստեղծվե. աստոծ հրամայել ա, որ հուր-հավիտենական ես էս խրխու միջիցը դուս չգամ, խալխին չէրևամ: Ասենք դո՛ւ, հերն ու մերդ ինձ տենաք՝ բան չկա. համա ուրիշ մարդ չպտի տենա, թե չէ վերջը փիս կըլնի։

Թագավորի աղջիկը էն սհաթը գնաց հորն ու մորն ասեր իրա տեհածը։ Հերն ու մերը ուրախացան, աշխարով մին էլան. համա խեղճերը չին իմանում ի՛նչ անեն, որ Մոթալը էլ խրխու մեջը չմննի։

Վերջը միտք արին, որ մի օր թունդիրը վառեն, Մոթալին բռթեն քցեն մեջը, բալի խրխին էրվի՝ պրծնի: Ըտենց էլ արին, թունդիրը լավ թեժ վառեցին ու Մոթալին բռնեցին քցեցին կրակի մեջը։ Խրխին էրվեց, համա խեղճ Մոթալին չկարացին եդ կրակի միջիցը հանի. ինքն էլ խրխու հեննա էրվեց, մնձրվեց՝ քուլ դառավ։ Շատ գլխներին վա՛յ տվին, համա էլ որդե՝[3] բանը բանից անց էր կացե։

Մի քիչ կացան՝ տեհան էն քլի միջիցը մի նա՜շխուն, սի՜րուն աղունիկ դուս էկավ, թռավ իրանց երդկի վրա նստեց։

— Թագավորի աղջիկ,— ասեց աղունիկը,— դու որ ինձ էս օրը քցեցիր՝ քեզ էլ չի մնա։ Էրկաթե տրեխներ կհագնես, պողպատե գավազան կառնես ձեռդ, լալով, լալաշկով կգաս եննուցս ման կգաս։ Էնքա՛մ ման կգաս, որ տրեխներդ կծակվի, գավազանիդ կեսը կմաշվի, որ նոր ինձ կգտնես։

Էս ասեց թե չէ, աղունիկը թռավ գնաց։ Խեղճ թագավորի աղջիկը մնաց եննուցը սառած մտիկ անելոն։

Շատ միտք արեց, վերջը ասեց հորն ու մորը.— Պտի էրկաթե տրեխ հագնեմ, պողպատ եգավազան առնեմ ձեռս՝ էթամ մարդիս եննուցը, աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ. էնքա՛մ ման գաս, որ գտնեմ։ .

Հերն ու մերը աղջկանը ղադաղա չարին, ասեցին.— Էթում ես՝ գնա՛։

Թագավորի աղջիկն ա՝ շորերը փոխեց, տղամարդի գեյիմ մտավ, էրկաթե տրեխներ հագավ, պողպատե գավազան առավ ձեռը ու ընկավ ճամփա։ Գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիաա, սարե-սար դիպավ, քոլե-քոլ դիպավ՝ վերջը մի անմահական բաղչի ռաստ էկավ։ Պատովը վեր էկավ[4] բաղչեն՝ տեհավ լա՛վ–լա՛վ անմահական խնձորներ, տանձեր, հավողներ ու հազար մի չեշուտ-չեշուտ բար ու նուբարներ, որ տենողի խելքն էթում էր։ Համա ո՛ր բարին մոտացավ, որ պոկի ուտի՝ տեհավ ձեն տվեց. «Բազմանչի՛, ինձ կերան, հասի»։

Վերջը տեհավ որ չէ՛, էս բաղն էլ իրան տեղ չի տալի, որ գշերը ընդե սթար անի՝ դուս էկավ ընդիան, գնաց։ Գնաց, գնաց, շատ ու քիչը աստոծ գիտա, մի ուրիշ գյուլլի բաղի ռաստ էկավ։ Նի մտավ մեջը՝ տեհավ լա՛վ-լա՛վ ամարաթներ, լա՛վ-լա՛վ շենքսեր. ասեց.— Հա՛լբաթ ըստե մարդ ա կենում. էթամ տե՞նամ։

Ուսուլով ամարաթի դուռը բաց արեց, տուն մտավ. տեհավ սուփրեն քցած՝ հազար ու մի տեսակ կերակրներ վրեն դրած. համա որ ասես մարդ չի էրևում: Է՛ս մի օթախը մտավ, է՛ն մի օթախը մտավ՝ տեհավ իսանորդի չկա, ինքն էլ զաթի սոված, նխտից ընկած՝ հենց էսթավուր բանի[5] էր ման գալի։

Ասեց.— Նստեմ էս կերակրներիցը մի կուշտ ու կուռ էլա ուտեմ։

Համա խեղճը հենց ո՛ր կերակրի վրեն ձեռ դրեց՝ տեհավ ամանը շուռ էկավ, թափվեց։ Մախլասի, ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց էն կերակրներիցը բերանը զադ դնի՝ մնաց էլ եդ սոված:

— Էրևում ա,— ասեց,— որ էս կերակրները մի մարդի հմար են հազրե. դու արի՛ ես մննեմ էս բուխարին, տափ կենամ. տենամ ո՞վ ա գալի էս կերակրներիցը ուտում:— Մտավ բուխարին՝ տափ կացավ։

Անցկացավ մի սհաթ, էրկու սհաթ՝ մըն էլ տեհավ էկան իրեք սիրուն, նաշխուն աղունիկ, խրխիքը հանեցին վըրներիցը՝ տեհավ իրեք ջահել-ջիվան տղերք։ Նստեցին էդ սուփրի վրեն, կերան, մեր Մոթալն էլ սրանց միջին էր, կերան պրծան, եննա իրար կենաց խմեցին։

Որ դորը Մոթալին էկավ՝ թասը[6] գինի լցրեց, ասեց.— Ըս էլ խմենք է՛ն թագավորի ու նրա աղջկա կենացը, որ ինձ էս օրը քցեցին,— ասեց ու դարդկեց թասը: Թագավորի աղջիկը բուխարուց էս քոմմա տենում էր։

Աղջիկը էնքամ կենում ա, որ հացները ուտում են պրծնում, ուզում են էլ եդ իրանց խրխիքը հագնի, թռնի՝ էն սհաթը բուխարու միջիցը դուս ա գալի, Մոթալի ճտովն ընկնում, փաթթվում։

— Քե՛զ էլ մեղա՜, քու ստեղծողին էլ մեղա՜, ի՛նչ էլավ՝ էլավ, բա՛ն չկա,— ասում ա ու աղբրի պես արտասունքը աչքերիցը թափում։

Մոթալը կնկանը բաշխում ա ու էրկսով աղունիկ են ըլնում՝ թռնում էլ եդ իրանց երկիրը:

Էս վախտերքը էն Մարմար քարը աշըղ էր դառե, սազն առե ձեռը՝ աշխարե-աշխար, երկրե-երկիր ընկե, որ Մոթալին գտնի, իրա ինադը նրանից հանի, որ խրխուն լավ մուղաթ չէր կացե՝ էրիլ էր տվե: Որդե էթում էր, ո՛ր մի սազին չէր տալի, հեննեն ձեն հանում՝ սա՛ր, քա՛ր, քո՛լ լացացնում էր, թողում, մի խոսքով, հենց իմանաս բերնիցը կրակ էր թափում: Լսել էր, որ Մոթալը էն գյուլլի բազումն ա՝ վեր էր կացե էկե ընդե. համա ասել ին, որ իրա կնկա հեննա աղունիկ ա էլե, թռե՝ ինքն էլ հա՛յդե-հայդ ընկել էր սրանց եննուցը, որ հասնի:

Է՛կավ, է՛կավ, հենց էն ա հասվեհաս էր՝ Մոթալը եդ մտիկ արեց, տեհավ Մարմար քարը ետևներիցը գալիս ա ու որդե որ ա՝ կհասնի, կնկանն ասեց.— Ա՛յ կնիկ, թե՛զ մեր գլխի ճարը տենանք. Մարմար քարը ետևներիցս գալիս ա, մեզ մի զիան կտա. ես հրես բոստան կըլնեմ, դու էլ կըլնես բոստանչի։ Կգա ինչքամ սազ կածի, կասի. «Ձմերըկից, եմշից տո՛ւ ուտեմ», չըլնեմ-չիմանամ տաս, հա՛, իմաց կա՛ց, որ ի՛նչ տաս՝ էն ե՛ս եմ, վեր կունի կտանի։

Մոթալն ըլնում ա բոստան, կնիկը՝ բոստանչի։ Մարմար քարը գալիս ա, սազը ածում, ածում՝ վերջը ասում.— Քու արևի սադաղին, ա՛յ բոստանչի. մի ձմերուկ յա մի եմիշ տա՛ս ուտեմ՝ սիրտս հովանա, շոքու լերթ ու ջիգյարս էրվում ա։

— Կորի՛, շա՛նորդի,— ասում ա տղջիկը,— քեզ ո՞վ էր ասում գաս սազ ածես, որ հմի ձմերուկ ես ուզում․ գնա՛, գնա՛, ես քեզ տալու ձմերուկ չունեմ։— Ասում ա ու դուս անում։

Մարդ ու կնիկ էլ եդ աղունիկ են ըլնում, թռնում։ Մխելի տեղ թռնում են, թռնում՝ տենում են էլի Մարմար քարը ետևներիցը գալիս ա, գալիս ա, ո՜նց ա գալի՝ ո՛նց որ մի գյուլլա։

— Ա՛յ կնիկ,– ասում ա Մոթալը,— էս չէլավ. Մարմար քարը հրեն էլի ետևներիցս գալիս ա. պտի մի իլլաջ անենք։ Ես կըլնեմ ջաղաց, դու ի՛լ ջաղացպան, կգա ինչքամ սազ կածի, աղաչանք կանի, ալրից, յա կլոճից կուզի՝ չես տա, հա՛։

Մոթալն ըլնում ա ջաղաց, կնիկը՝ ջաղացպան։ Մարմար քարը գալիս ա ջաղացի դռանը կաննում՝ սազը քոքում։

Ածում ա ածում, վերջը ասում.— Ա՛սսու սիրուն, ջաղացպան աղպեր. մի բուռը ալիր, յա մի կլոճ տա՞ս, սոված մեռնում եմ, ուտեմ։

— Գնա՛, կորի՛, շա՛նորդի. շան էրես ունես, էլի էկա՞ր. գնա՛, ռադ ի՛լ գլխիցս. ես ո՛նչ ալիր ունեմ, ո՛նչ կլոճ։— Ասում ա ու ջուղաբ անում։

Մարմար քարը որ էթում ա, մարդ ու կնիկ էլ եդ աղունիկ են ըլնում, թռնում։ Թռնում են, թռնում, շատն ու քիչը աստոծ գիտա, գալիս են հասնում իրանց երկիրը։ Թռնում են էթում էրկսով էլ դուզ թագավորի պալատը մննում. տենում են թագավորը թախտի վրա նստած ա։ Մինը թագավորի աջ թևի վրա ա նստում՝ մինը ձախ թևի։

Մարմար քարն էլ ա սրանց եննուցը գալի՝ սազը ձեռին դուզ մննում թագավորի պալատը։ Ո՛ր սազին չէ՜ր տալի, հեննեն հաղ ասում՝ սաղ պալատը նրա ձենը վեր էր ունում, դըմբդրմբում, զընգզընգահար գալի։ Թագավորը իրա օրումը էս թավուր աշըղ չէր տեհե, մնացել էր հայիլ-մայիլ նրա ձենին, սազ ածելուն։

— Ա՛յ հողածին,— ասում ա թագավորը,— չունքի դու էդքամ լավ սազ ածող ես, ի՞նչ ես ուզում, ասա՛ տամ. որ թագավորութու՜նիս կեսն էլ ուզես՝ կտամ, արխեյին կա՛ց:

— Թագավորը սաղ ըլնի,— ասում ա Մարմար քարը,— ըսկի զադ չեմ ուզում՝ մենակ ձախ թևիդ վրի նստած աղունիկը տո՛ւ ինձ։

Թագավորը, ասենք, չէր ուզում տա, համա ինչ աներ, մի հետ խոստացել էր. վե կալավ տվեց նրան։ Էդ ձախ թևի աղունիկը թագավորի աղջիկն էր. ո՛ր տվեց Մարմար ցարին թե չէ՝ էն սհաթը աղունիկը կորեկ էլավ, նրա ձեռիցը վեր ընկավ, Մարմար քարն էլ հավ էլավ, ուզեց կորեկը կտցի ուտի, է՛ն դհիցը Մոթալը աղվես էլավ, հավին կոխեց տակը հեղտեց, չթողաց որ ուտի: Մոթալը էլ եդ էլավ մարդ։

Թագավորը մնացել էր սառած կաննած. թէ էս ի՞նչ խաբար ա. իրա աչքի աղաքին էս ի՜նչ թավուր բաներ են ըլնում։ Նոր Մոթալը գեննիցը կորեկը վե կալավ, մոտացավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա,— ասեց,— ինձ ճանանչո՞ւմ ես, թե չէ՛. ես ձեր Մոթալ փեսեն եմ, որ գցեցիք թունդիրը՝ էրեցիք, հա՛. միտդ գա՞լիս ա։ Բա՛ ո՞ւր ա աղջիկդ, չի էրևում։

Թագավորն ասում ա.— Էս թամա՛մ օխտը տարի ա, խեղճ աղջիկս էրկաթե տրեխներ ա հագե, պողպատե գավազան ա առե ձեռը՝ քու եննուցն էկե. չենք գիտա ի՞նչ էլավ՝ ղո՛ւշ կերավ, զո՛ւրդ կերավ, ջանավա՛ր կերավ, թե ընչանք հմի սաղ ա։

Նո՛ր Մոթալը կորեկը էլ եդ աղջիկ ա շինում, ընդե կաննացնում։

Ասում ա.— Հրե՛սիկ ըս էլ ձեր. աղջիկը։

Էն սհաթը թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, Մոթալին իրա տեղը նստացնում։ Էլ ի՜նչ մատաղներ անիլ, էլ ի՜նչ աղքատների ողորմություն տալ, էլ ի՜նչ ուրախություն անիլ։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

  1. Տպագիր տեքստում նախորդում է՝ նրա, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.)։
  2. Տպագիր տեքստում՝ դան, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում՝ ուր, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  4. Տպագիր տեքստում այս արտահայտության փոխարեն եղել է՝ աջմիշ էլավ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  5. Տպագիր տեքստում՝ կերակրի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  6. Տպագիր տեքստում այս բառի փոխարեն եղել է՝ բաս, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):