ՄՈՇԵՆՈՒ ԹՈՒՓԸ


Շատրվանում են շյուղերը ասես
Ու տարածվում են գետափներն ի վար։
Քամին գալիս է,
Գնում է քամին,
Եվ ամեն անգամ՝ բռնում մի շյուղից,
Եվ ամեն անգամ՝ մի շյուղից ձգում։
Համառությունը բացվում է փուշ-փուշ,
Հասնում է մոշը-սեւորակ, պուտ-պուտ՝
Մոշենու դալար թեւերի վրա։
Շյուղերը դեռ մայր հողին չդիպած,
Արմատ են ձգում
ՈՒ հողից բռնում։
Եվ ինչքան հողին ամուր են կպած,
Այնքան անո՜ւշ է պտուղը լինում։