Մորգանի խնամին
ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ
կատակերգություն 4 արարվածով
1926 թ.
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՊԵՏՐՈՍ ՄԻՆԹՈՅԱՆ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ—նրա կինը։
ԺՈՐԺ— նրանց որդին։
ԼԻԴԻԱ—նրանց դուստրը։
ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ։
ՍԵՐՅՈԺԱ—նրանց որդին։
ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ։
ՍՏՅՈՊԱ—նրա որդին, Լիդիայի ամուսինը։
ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐԲՈՒԼՅԱՆ—Մագթաղինեի եղբայրը։
ԻՇԽԱՆ ԱՐԲՈՒԹՈՎ-ԼԱՅՆԱԿԶԱԿ։
ԳՐԻՇԱ—Ժորժի բարեկամներից մեկը։
Գեներալ ՇՊՈՒԼԵՆԿՈ։
ՆԱՏԱՇԱ—գիշերային ռեստորանի պարուհի-երգչուհի։
ՎԱՐԻՉ նույն ռեստորանի։
ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԾԱՆՈԹ։
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ։
ԱՂԱԽԻՆ։
ՄԻ ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ։
ՄԻ ԴԻՄԱԿԱՎՈՐ ԶՈՒՅԳ, պարող։
Սրճարանի և գիշերային ռեստորանի հաճախորդներ, սպասավորներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, պարող-պարուհիներ և այլն։ Գործողությունը կատարվում է 1923 թվականին Պարիզում։
Գրված է 1926 թ. օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Մինթոյանների բնակարանը: Ֆրանսիական ոճով կահավորված բավական ընդարձակ սալոն: Երեք դռներ—երկուսը խորքում, երրորդն աջ պատի մեջ: Խորքի ձախակողմյան դուռը տանում է նախասենյակ, աջ կողմինը՝ սեղանատուն: Աջ պատի միջի դուռը տանում է բնակարանի մյուս սենյակները: Ձախ պատի մեջ երեք լուսամուտներ ճերմակ դանթելյա վարագույրներով: Մի անկյունում դաշնամուր, մյուսում գահավորակ, կիսաբազկաթոռներ, սեղան մետաքսյա գունավոր սփռոցով ծածկված: Պատի տակ, մի փոքրիկ սեղանի վրա տելեֆոնի գործիք:
ՏԵՍԻԼ 1
ՊԵՏՐՈՍ, ՄԱԳԹԱՂԻՆԵ և ԺՈՐԺ ՄԻՆԹՈՅԱՆՆԵՐ
ՊԵՏՐՈՍ. (65 — 67 տարեկան բավական գեր մարդ է. երեսը սափրած է, ալեխառն ընչացքը—թանձր և վար իջած գլուխը ճաղատ է. դեմքի արտահայտությունը, ձևերն ու շարժումները կիսագռեհիկ են. նստած է գահավորակի վրա և ծխում է): Զուր գլուխս մի ցավեցնեք. մի անգամ, որ ասել եմ չեմ տալ, վզովս թոկ գցեք, խեղդեք— չեմ տալու։ ՄԱԳԹԱՂԻՆԵ. (52—54 տարեկան կին է, դեղնագույն ներկված մազերով. հագնված է հավակնոտ ճաշակով և ոչ համապատասխան իր տարիքին. կանգնած է լուսամուտի առջև)։ Պատճառն ի՞նչ է, որ չես ուզում տալ, ասա, ես էլ իմանամ։
ՊԵՏՐՈՍ. Ասեմ. առաջինը, չեմ ուզում տալ, երկրորդը, չեմ ուզում տալ, երրորդն էլ չեմ ուզում տալ։ Բավակա՞ն է։
ԺՈՐԺ. (32 — 33 տարեկան առողջակազմ, կարմրերես երիաասարդ է, երեսն ամբողջովին սափրած, հագնված է նորաձև): Պապա, վերջին անգամ եմ փող խնդրում. այսուհետև էլ չեմ ուզելու։
ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Էդ ո՞ր վերջին անգամն է, հե՞ (վեր է կենում): Չէ, բալամ, բավական է որքան տվել եմ, էլ չունեմ, չունեմ, չունեմ։ Թե խելոք տղա ես, գնա քեզ համար գործ ճարիր ու գլուխդ պահիր։ Ես քո տարիքում հորս խզատակին նստած չեմ եղել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ի՞նչ գործ ճարե. բժի՞շկ է, ինժենե՞ր է կամ մի որևէ արհեստ գիտե՞…
ՊԵՏՐՈՍ. Շոփերություն հո կարող է անել, հե՞, շոփերություն էլի, ոնց որ հանգուցյալ Միխայել Օսիփիչի որդին: Ինչո՞վ է նրանից պակաս կամ ավելի։
ԺՈՐԺ. (Ծիծաղում է): Մամա, լսո՞ւմ ես, պապան ուզում է, որ քո որդին շոֆյոր դառնա, այսինքն կառապան, արաբաչի…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հայելու մեջ նայելով, մազերն ուղղում է): Վույ, աստված մի արասցե… իմ որդին շոֆյոր… ֆիդոն…
ՊԵՏՐՈՍ. Խե՞, մեջքը շիմշադից է, թե՞ մատները չինու մաչինի փարփորից։ Մին մտիկ արա է, կասես, Լոզանի եզ լինի։ Ախպեր, իմ արևը, շոփերությունը լավ բան է, քշիր հա քշիր, համ քեփ արա, համ էլ փող աշխատիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Երբեք իմ որդին շոֆյոր չի դառնալ, երբեք։ Ես սովից կմեռնեմ, թույլ չեմ տալ։
ՊԵՏՐՈՍ. Դե մեռիր, հրը… (Մեկուսի): Իմ ուզածն էլ էդ չէ՞… (Ուզում է գնալ աջ կողմի դռնով):
ԺՈՐԺ. (Մեկուսի): Տեր աստված, ես ի՞նչպես կոտրեմ այդ մարդուն։ (Հանկարծ մի միտք է հղանում)։ Պապա, սպասիր մի րոպե, միայն մի րոպե։
ՊԵՏՐՈՍ. (Կանգ է առնում): Հը, ասա, բայց խելոք բան ասա։
ԺՈՐԺ. Ավելի խելոք, քան Սողոմոն իմաստունը, քան Սոկրատը, Պղատոնը, Արիստոտելը, քան դու ինքդ անգամ։ (Հանդիսավոր)։ Պապա, ես վճռել եմ ամուսնանալ։
ՊԵՏՐՈՍ. Է՛հ, տնգըլպող… (Ուզում է գնալ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Կաց, ա մարդ, տեսնենք ինչ է ասում։
ՊԵՏՐՈՍ. Ես հանաքներ անելու գլուխ չունեմ։
ԺՈՐԺ. Հանաք չէ, պապա, արևս վկա, ամուսնանում եմ։
ՊԵՏՐՈՍ. Ամուսնանում է, որ մի սոված բերան էլ բերե, վզիս կապե։ (Դարձյալ ուզում է գնալ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բարկացած): Ա մարդ, փուչիկդ տրաքու՞մ է մի քիչ համբերիր էլի (Ժորժին): Ո՞ւմ հետ ես ամուսնանում։
ԺՈՐԺ. Իհարկե, ոչ մի պղնձագույն հայ աղջկա հետ, մազերն ագռավի թևեր…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ուրեմն ռուսուհու հե՞տ։
ԺՈՐԺ. (Արհամարհանքով)։ Ֆի, ռուսուհի, քիթը սիսեռ, աչքերը բիզով ծակած, մազերը տափակ…
ՊԵՏՐՈՍ. (Ծաղրով)։ Ա տղա, չլինի՞ փրանսիացի ես ուզում։
Ով գիտե պռեզիդանտի աղջիկը կլինի…
ԺՈՐԺ. Ալոն դոն, ֆրանսուհի. գի՞ժ եմ, որ մի կաչաղակ բերեմ այս տուն։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Անգլուհի՞ է։ Գերմանուհի՞ է, հրեուհի՞…
ԺՈՐԺ. Ոչ, ոչ ու ոչ… (Հանդիսավոր)։ Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ։
ՊԵՏՐՈՍ ՄԱԳԴԱՂԻՆԵ |
Նայում են իրար։ |
ԺՈՐԺ. Հըը… հավանեցի՞ք… То-то брат.
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, մեզ ձե՞ռք ես գցում, թե՞ գլխիտ քամի է փչել։
ԺՈՐԺ. Հավատացնում եմ, պապա, ուզում ես կերդվեմ, ինչով կամենաս։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞վ է այդ ամերիկուհի աղջիկը։ ԺՈՐԺ. Կասեմ, միայն պայմանով, որ ուրախությունից չուշաթափվեք։
ՊԵՏՐՈՍ. (Հետաքրքրված): Ասա, ասա…
ԺՈՐԺ. Դուք լսե՞լ եք Ամերիկայի բանկիրների թագավոր միլիարդեր Պիրփոնտ Մորգանի անունը։
ՊԵՏՐՈՍ. Լսել ենք, ոնց չէ, շատ ենք լսել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, ո՞վ չի լսել այդ մեծ անունը։
ԺՈՐԺ․ Ես ամուսնանում եմ այդ Մորգանի քրոջ աղջկա հետ…
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ, ի՞նչ, մեկ էլ ասա, լավ չլսեցի։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո, մեկ էլ, մեկ Էլ… Ես էլ լավ չլսեցի…
ԺՈՐԺ. Ես ամուսնանում եմ բանկիրների աստված, արխիմիլիարդեր Մորգանի քրոջ աղջկա հետ…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հրճվանքով Պետրոսին): Լսեցի՞ր… Դե հիմի էլ պահանջիր, որ իմ որդին գնա, շոֆյոր դառնա։ Ահ, ես քո հոգուն մատաղ։ (Համբուրում է Ժորժին):
ՊԵՏՐՈՍ. Սպասիր, թող խելքս գլուխս հավաքեմ։ Ա տղա, դու ի՞նչ տեղ ես ծանոթացել Մորգանի քրոջ աղջկա հետ։
ԺՈՐԺ. Ես նրա հետ ծանոթացել եմ Կլարիջ հյուրանոցի սալոններում, պարերի ժամանակ։ Ամեն օր ես նրա հետ եմ պարում։
ՊԵՏՐՈՍ. (Կողմ): Խելքի մոտ բան է ասում, իմ արևը։ (Բարձր): Մաղդաշ, ի՞նչ կասես հե՞. հավատո՞ւմ ես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, հավատում եմ, իմ որդին սուտ ասել չգիտե։
ՊԵՏՐՈՍ․ Բայց ես լսել եմ, որ էդ ամերիկացի աղջիկները անունավոր փեսացուներ են փնտրում։ Օրինակ, իշխան, գրաֆ, մարկիզ, իսկ դու մի հասարակ ազնվական էլ չես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Նա ի՞նչ անե, մեղքը քոնն է, որ չկարողացար Բաբաղուլովի պես գոնե խանություն էլ է ձեռք բերել։
ՊԵՏՐՈՍ․ էդ անիրավ բայլշևիկները չթողին, ի՞նչ անեմ, թե ցարի ժամանակը լիներ, խան էլ կդառնայի, իշխան էլ։
ԺՈՐԺ. Այդ մասին բոլորովին մի մտածեք։ Ես առանց խանության կամ իշխանության էլ գրավել եմ իմ ամերիկուհուն։
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչով ես գրավել։
ԺՈՐԺ. Իմ տեսքով, իմ լեզվով, իմ պարով։ Ես Կլարիջի ամենահրապուրիչ կավալերն եմ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, աշխարհի վրա ո՞ր աղջիկը չի խելագարվիլ քեզ տեսնելով։ Դու առյուծ ես։
ՊԵՏՐՈՍ. Թե նա իր հոր որդին է, պիտի առյուծ լինի, մի բան էլ ավելի։ (Կազդուրվում է):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչպես չէ, քո հորն օղորմի։ Ժորժն իմ որդին է, ոչ թե քոնը։ Այ, մտիկ արա նրան էլ, ինձ էլ։ (Կազդուրվում է, հպարտորեն):
ՊԵՏՐՈՍ. Կնիկ, էդ ի՞նչ անօրեն բան ասացիր, ոնց թե իմ որդին չէ, սիրտս կասկած ընկավ, չլինի թե… (Ժորժին): Ա տղա, մին էստեղ եկ։ (Մոտենում է հայելուն)։ Մոտիկ, մոտիկ, մոտս կանգնիր։
ԺՈՐԺ. (Մոտենում է ու կանգնում հոր կողքին):
ՊԵՏՐՈՍ. (Հայելու մեջ նայում է մերթ Ժորժին, մերթ իրեն): Չէ, ինձ է նման, իսկ և իսկ իմ պատկերն է, միայն իմ աչքերն ավելի կտրուկ են, քիթս էլ ավելի գեղեցիկ է, բայց հասակը մի քիչ բարձր է իմինից։ (Բարձրանում է ոտների ծայրերի վրա): Չէ, հասակով էլ հավասար ենք…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բռնում է Պետրոսի ուսերից և իջեցնում է): Դրուստ կանգնիր։
ՊԵՏՐՈՍ. Լավ, հեռացիր։ (Մագթաղինեին): Էլ օրես դենը սիրտ պղտորող բաներ չասես հա… Բայց էդ երա՞զ է, թե՞ ճշմատություն։ Հըը, ի՞նչ կասես, Մաղդաշ, լավ բան է, չէ՞, միլիարդերի քրոջ աղջկա սկեսուր լինել, չէ՞։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, լավ բան է, դրա դեմ ո՞վ կարող է վիճել։
ՊԵՏՐՈՍ. Ասենք ես էլ մի Մորգան կլինեի, եթե էդ անհավատ կոմունիստները թողնեին. բայց դե ի՞նչ արած։ Ա տղա, հավատա՞մ ասածիդ։
ԺՈՐԺ. Հավատա, պապա, հավատա։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ ես ասում, դե իհարկե, պիտի հավատալ։
ՊԵՏՐՈՍ. Բա որ ճշմարիտ լինի, ես հո կգժվեմ։ Մորգանն իմ խնամին կամ ես Մորգանի խնամին։ (Ժորժին)։ Ի՞նչ ես կարծում, էդ աղջիկը մի տասը միլիոն դոլար կբերի հետը։
ԺՈՐԺ. Տասը միլիոնն ի՞նչ բան է, դու հարյուր միլիոններից խոսիր։
ՊԵՏՐՈՍ. Բա, բա, բա, ուրեմն Հարուն Ալ Ռաշիդ ես դառնալու էլի։ Դե, իմ ասլան Գևորգ, աշխատիր, որ բանը գլուխ գա։
ԺՈՐԺ. Բանը համարյա թե գլուխ եկած պրծած է, եթե դու չխանգարես։
ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե, ե՞ս:
ԺՈՐԺ. Փող չես տալիս։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո, փող չես տալիս։
ՊԵՏՐՈՍ. էլի՞ փող։
ԺՈՐԺ. Իհարկե, պապա, չէ՞ որ ծախսել է հարկավոր հարսնացվիս համար։ Գիտես, ամերիկուհիները չծախսող կավալերներին արհամարհում են։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ եմ արհամարհում։
ՊԵՏՐՈՍ. Կանֆետի համար ես ասո՞ւմ։
ԺՈՐԺ. Կոնֆետներ, ծաղիկներ, զբոսանք Բուա-դը-Բուլոնում, թեյ, շամպայն և այլն։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հապա, հապա, այդ բոլորն անհրաժեշտ է։ Գիտեմ, շատ լավ գիտեմ։
ՊԵՏՐՈՍ. Դե որ միլիարդերի քրոջ աղջիկ է, էդ ծախսերը ինքը կարող է անել էլի։
ԺՈՐԺ. (Կեղծ զայրանալով): Մամա, լսո՞ւմ ես, դու ինքդ խոսիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, անվայել բաներ ես ասում, ինչպե՞ս կարելի է, որ դաման կավալերի համար փող ծախսի։
ՊԵՏՐՈՍ. Ինչո՞ւ չէ, ես էդ կափեներում քի՞չ եմ տեսել դամաներ, որ իրանց կավալերներին փող էլ են տվել։
ԺՈՐԺ. Պապա, դրանք ուրիշ տեսակի դամաներ ու կավալերներ են։ Քեզ նման պատվավոր մարդու որդին չի կարող ալֆոնսություն անել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Ժորժին): Այ, ես քո ջենտլմեն սրտին մատաղ։ Պետյա, հասկացա՞ր ինչ ասաց։ ՊԵՏՐՈՍ. Հասկացա, հասկացա։ (Տալով Ժորժին մի հիսուն ֆրանկնոց): Հըը, վեր կալ։ էդ բանի համար տվածը կորած չէ։
ԺՈՐԺ. (Արհամարհանքով): Հիսուն ֆրա՞նկ… ֆի-դո՜ն… դա նույնիսկ մի շիշ շամպայնի արժեքը չէ։
ՊԵՏՐՈՍ. Խե՞, հրեն Փելիքս Պոտենի խանութում շամպանսկու շիշը տասնուհինգ փռանկով են ծախում։
ԺՈՐԺ. Ի՞նչ ես ասում, պապա, ես խանութներո՞ւմ պիտի շամպայնով հյուրասիրեմ ամերիկուհի հարսնացվիս։ Մամա, դու հասկացրու դրան։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, դու քանի գնում այնքան խելքդ կորցնում ես։
ՊԵՏՐՈՍ. (Մի հիսուն ֆրանկնոց ևս տալով): Հըը, էս էլ վերցրու, ես ժլատ մարդ չեմ։
ԺՈՐԺ. (Թղթադրամները գրպանը դնելով): Քիչ է, պապա, շատ քիչ է։
ՄԱԳԹԱՂԵՆԵ. Իհարկե, քիչ է, մինչև անգամ ամոթ է։ Տուր, ա մարդ, մի խնայիր։
ՊԵՏՐՈՍ. Հապա ինչքա՞ն ես ուզում։
ԺՈՐԺ. Գիտե՞ս, պապա, ես կանանց հոգեբանությունը լավ եմ ուսումնասիրել։ Նրանց վրա տղամարդը ուրիշ տպավորություն է գործում, երբ գրպանից հարյուրանոցներ է դուրս բերում։ Հիսունանոցը ողորմելի բան է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Ժորժը ճիշտ է ասում. ինձ վրա էլ հարյուրանոցներն ավելի խորը տպավորություն են գործում… Իսկ հազարանոցները, օհ, օհ, օհ…
ՊԵՏՐՈՍ. Ամմա մայր ու որդի ետ եկածներն են հաա։ (Տալիս է երկու հատ հարյուրանոցներ): Ըհը, էդ էլ քեզ հարյուրանոցներ, մեկ, երկու։
ԺՈՐԺ. (Հարյուրանոցներն աճապարանոք գրպանը խոթելով): Շնորհակալ եմ, պապա։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես էլ շնորհակալ եմ։
ՊԵՏՐՈՍ. (Ձեռը պարզել է Ժորժին, սպասում է):
ԺՈՐԺ. Ինչ ես ուզում, պապա։
ՊԵՏՐՈՍ. Քանի որ հարյուրանոցներն ստացար, էդ հիսունանոցները ետ տուր։
ԺՈՐԺ. Ներողություն, պապա. կարծեմ այս քո խրատն է․ «Ինչ որ ջեբդ մանե, դուրս չբերես։
ՊԵՏՐՈՍ. Այ ավազակ, իմ դանակովն ես ինձ մորթում։ Բայց ահա, էդ փողերն ինձ պիտի ետ տաս տոկոսներով հաա, հարյուրին հարյուր։
ԺՈՐԺ. Երեխա՞ ես, պապա, հարյուրին հարյուր ի՞նչ բան է․ դու պահանջիր հազար, տասը հազար, հարյուր հազար։ Բայց մի բան պիտի խնդրեմ ձեզնից։
ՊԵՏՐՈՍ. Ասա, որդի, ասա. հիմա մենք ընկանք քո հրամանների տակ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հրամայիր, Ժորժիկս, հրամայիր։
ԺՈՐԺ. Իմ ամուսնության մասին առայժմ ոչ ոքին ոչ մի խոսք…
ՊԵՏՐՈՍ. Հասկանում եմ, կնախանձեն ու կաշխատեն գործը փչացնել…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես իսկի իմ աղջկան էլ չեմ ասելու։ Արևովդ եմ երդվում։
ՊԵՏՐՈՍ. Դե, ես գնացի։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի դուռը): Մորգանի խնամի, այ թամաշա պիտի լինի մերոնց համար, հա՜ա։ (Հանկարծ ետ է դառնում): Ա տղա, չլինի թե քո ամերիկուհին փանտազիա է։
ԺՈՐԺ. (Կեղծ զայրացմամբ)։ Պապա
ՊԵՏՐՈՍ. Լավ, լավ, մի նեղանար․ ուզում եմ հաստատն իմանալ, որ ուրախությունս էլ հաստատ լինի։ (Գնում է ու նորեն ետ գալիս): Բայց աչքերդ բաց պահիր, հա՜ա, որ ուրիշները որսդ ձեռքիցդ չխլեն։ Դա մի կաքավ չէ, թամամ թուրաջ է. թուրաջ։ (Ուրախ շարժումներ անելով․ գնում է աջ դռնով):
ՏԵՍԻԼ 2
ՆՈՒՅՆՔ, առանց ՊԵՏՐՈՍԻ, հետո ԼԻԴԻԱ
ԺՈՐԺ. Մամա, ես գնում եմ ամերիկացիների մոտ. ինձ ճաշին չսպասեք։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Համբուրում է Ժորժին): Գնա, Ժորժիկս, գնա, ես հավատում եմ, որ դու մեզ պետք է փրկես, թե չէ հորդ հանքերի վրա հույս չունեմ։
ԺՈՐԺ. Հոգ մի արա, մամա, քաղցած չենք մնալ։ (Մեկուսի)։ Եթե մի երկու թուղթ կխփեմ, այս կոմեդիան ինձ կներվի։ (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը և հանդիպում է Լիդիային): Ի՞նչ է պատահել, հուզված ես։
ԼԻԴԻԱ. (28—30 տարեկան կին է, համեստ հագնված)։ Ստյոպան այստեղ չի՞ եկել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այսօր չի եկել։
ԼԻԴԻԱ. Երե՞կ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ էլ երեկ։
ԼԻԴԻԱ. (Ժորժին): Դու նրան չե՞ս հանդիպել։
ԺՈՐԺ. Ոչ, բայց գիտեմ այժմ որտեղ է։
ԼԻԴԻԱ. Որտե՞ղ է։
ԺՈՐԺ. Կոլոնիալ կլուբում։
ԼԻԴԻԱ. Ուրեմն էլի՞ խաղում է։ Ահա ինչու երեկ առավոտից տուն չի եկել։ Ահ, անիծվեն ձեր կլուբները։
ԺՈՐԺ. Մեդամ, ես շտապում եմ, au revoir (արագ քայլերով գնում է խորքի ձախակողմյան դռնով):
ՏԵՍԻԼ 3
ՄԱԳԹԱՂԻՆԵ և ԼԻԴԻԱ
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչու՞ ես ներվայնացել, միթե նո՞ր բան է, որ Ստյոպան օրերով տուն չի գալիս՝ թղթախաղով զբաղված։
ԼԻԴԻԱ. Այո՛ նոր բան չէ, բայց դու չգիտես, թե նա այժմ ինչ փողերով է խաղում։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հետաքրքրված): Հապա, հապա, ի՞նչ փողերով է խաղում։
ԼԻԴԻԱ. Երեք օր սրանից առաջ տիկին Արմուլյանը նրան տվել է իր վերջին ադամանդը ծախելու, և նա մինչև այժմ չի երևում։ Երեկվանից դես խեղճ կինը հինգ անգամ եկել է մոտս ու հարցրել։ Մի քիչ առաջ էլ տելեֆոնով ինձ վիրավորեց։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Վիրավորե՞ց, իսկ դո՞ւ։
ԼԻԴԻԱ. Ի՞նչ կարող էի պատասխանել։ Ճարահատյալ լռեցի։ Մամա, ես ուրախությամբ կբաժանվեի այդ մինչև ոսկորների ծուծը փչացած մարդուց, բայց ո՞ւր գնամ իմ երեխայի հետ։ Վերադառնալ իմ ծնողների տունը— չեմ ուզում։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, եթե վերադառնաս, թշնամիներս կուրախանան։
ԼԻԴԻԱ. Ահ, մամա, երանի մի որևէ գործի ընդունակ լինեի, կարող էի իմ աշխատանքով ինձ ու երեխայիս պահել։ Բայց ինչի՞ եմ ես պետք։ Նույնիսկ կար ու ձև կամ որևէ ձեռագործ չգիտեմ մի քանի բախտավորների պես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞ւ, դու գիտես լավ դաշնամուր նվագել, գիտես ֆրանսերեն, դա քի՞չ բան է։
ԼԻԴԻԱ. (Դառն, հեգնական ծիծաղով): Օհ, հո, հո, հո, գիտես լավ դաշնամուր նվագել։ Ինչպես չէ, իմ կոնցերտներով Փարիզը կզարմացնեմ։ Մամա, ես շատ-շատ կարող եմ մի որևէ երկրորդական կամ երրորդական սրճարանի օրկեստրում մասնակցել։ Թույլ կտա՞ք դու և պապան, որ լինեմ կաֆեների երաժշտուհի։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հիմա՞ր եմ, որ թողնեմ։ (Կողմ): Մանավանդ հիմա։
ԼԻԴԻԱ. Ահա տեսնո՞ւմ ես։ Ինչ վերաբերվում է իմ ֆրանսերենին, ծիծաղելի է մինչև անգամ այդ մասին հիշել։ Իմ գիտեցած ֆրանսերենը միայն Կովկասում կարող է ֆրանսերեն համարվել։ Ոչ, մամա, դուք ձեր զավակներից կյանքի մարդիկ չեք պատրաստել, այլ մի տեսակ մանեկեննեը։ Միայն հարստությունն էր, որ թաքցնում էր մեր բարոյական սնանկությունը, այժմ ոսկե քողն ընկել է, և մեր ողորմելի պատկերը պարզվել։ Իմ մտավոր պատրաստությամբ մի երիտասարդ կին առավելը կարող է լինել որևէ մի հարուստ ծերունու սիրուհի։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Զայրանալով): Լիդիա, դու խելագարվում ես։ Ես քեզ արգելում եմ խոսել այդ լեզվով։ԼԻԴԻԱ. Մի վախենար, սիրուհի դառնալու համար էլ շնորհք է հարկավոր։ Ես ոչ այդ շնորհքն ունեմ և ոչ էլ մի բացառիկ գեղեցկություն։ Ես դժբախտ եմ։ (Նստում է բազկաթոռի վրա և հեկեկում է):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Մի քանի վայրկյան լուռ նայում է, ապա մոտենում է ու գրկում Լիդիայի գլուխը): Լիդիա, Լիդիա, հանգստացիր, շուտով կանցնեն այդ դժվար օրերը։ Համբերիր մի փոքր էլ, և մենք նորից կլինենք առաջվա պես...
ԼԻԴԻԱ. (Ընդհատելով): Նորից կլինենք… հարուստ, այնպես չէ՞։ Այո, պապան իր հանքերը կծախի և կդառնա միլիոնների տեր։ Մամա, դու էլ, պապան էլ, Ժորժն էլ թողեք այդ հույսերը… ոչ մի անգլիացի կամ ամերիկացի այնքան հիմար չէ, որ գա ու ձեր դատարկ թղթերը գնե։ Բացի դրանից, զուր եք երևակայում, թե այնտեղ, Ռուսաստանում, նախկին կարգերը, վերականգնվելու են։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ, ամեն բան վերջացած է, մենք այլևս չենք կարող վերադառնալ մեր երկիրը…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Մորեղբորդ խոսքերն ես կրկնում։
ԼԻԴԻԱ. Այո, որովհետև մեր էմիգրացիայի մեջ նա գուցե միակ առողջամիտ մարդն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես իսկի մտադիր էլ չեմ վերադառնալ Ռուսաստան: Խելագարվե՞լ եմ, որ գնամ ընկնեմ այդ դժոխքի մեջ։ (Կողմ): Մանավանդ հիմա։
ԼԻԴԻԱ. Իսկ ես այդ դժոխքում ավելի հաճույքով կապրեի, քան այս արքայության մեջ, եթե թույլ տայիք ինձ գնալու։ Այնտեղ կարող էի գոնե դասերով պարապել։
ՄԱԳԱԹԱՂԻՆԵ. Լավ, բավական է ինչքան արյունդ պղտորեցիր… Մեր հույսերն այժմ մեր հանքերի վրա չեն, հասկանո՞ւմ ես, մենք ուրիշ տեղից ենք սպասում հարստություն և այն էլ մեծ հարստություն, եթե իմանաս, ուրախությունից կթռչկոտես։
ԼԻԴԻԱ. Կկամենայի գիտենալ, որտեղի՞ց եք սպասում այդ մեծ հարստությունը։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ժամանակին կիմանաս, այսօր չեմ կարող ասել…ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Որովհետև… որովհետև… լավ, կասեմ… Գիտես, ժորժը (Ինքն իրեն զսպելով), աման, աման, չէ՛, չէ՛, չեմ կարող… (Մեկուսի): Ինչ դժվար բան է գաղտնիք պահելը:
ԼԻԴԻԱ. Մամա, դու ուզում ես ինձ ուրախացնել, բայց չես կարող, ես հուսահատվել եմ:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Զուր: Տեսնո՞ւմ ես, ես ուրախ եմ, դու էլ սիրտդ ուրախ պահիր: Գիտես, ես այսօր եմ միայն նկատում, որ գլխարկդ հնացել է ու ձևն էլ կորցրել: Մի քիչ փող ունեմ, տամ քեզ, մի նոր գլխարկ գնիր…
ԼԻԴԻԱ. Հարկավոր չէ, մամա, դուք էլ նեղության մեջ եք:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, ես չեմ ուզում, որ դու այդ գլխարկով մեզ մոտ գաս: Գիտե՞ս, այսուհետև մեզ մոտ մեծամեծներ են գալու, ամերիկացիներ, այն էլ ինչ ամերիկացիներ, եթե իմանաս: Սպասիր, ես իսկույն: (Գնում է խորքի աջակողմյան դռնով):
ԼԻԴԻԱ. (Մենակ մնալով, նստում է դաշնամուրի քով և նվագում է ըստ տրամարորության մի ֆրանսիական եղանակ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերադառնում է խորքի աջակողմյան դռնով, ձեռքին մի քանի թղթադրամներ): Ա՜յ, այդպես նվագիր, ուրախացիր: Ահա, վերցրու, հարյուր հիսուն ֆրանկ է… հարյուր եմ տալիս, վաղը, մյուս օրը հազարներ եմ տալու: Այսօր գնա և իսկույն ևեթ մի նոր գլխարկ գնիր:
ԼԻԴԻԱ. Շնորհակալ եմ, մամա: (Թղթադրամները դնում է իր ձեռքի քսակի մեջ): (Զանգակ):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, հյուր: Դու շտապիր, թե չէ մեծ մագազինները շուտով կփակվեն: Ստյոպայի մասին շատ էլ մի անհանգստանալ:
ԼԻԴԻԱ. (Գնում է դեպի խորքը, դռների մեջ պատահում է Արտաշես Բարբուլյանին):
ԱՐՏԱՇԵՍ. (Ներս է մտել խորքի ձախակողմյան դռնով): Բարև:
ՏԵՍԻԼ 4
ՄԱԳԹԱՂԻՆԵ, ԱՐՏԱՇԵՍ, հետո ՊԵՏՐՈՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Համեստ հագնված, լուրջ, մտախոհ դեմքով մարդ է, մոտ հիսուն տարեկան): Պետրոսը տա՞նն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Տանն է։
ԱՐՏԱՇԵՍ. Ասա նրան, որ ես այստեղ եմ։ (Նստում է և ծխախոտ է վառում)։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է աջ կողմի դռնով և շուտով վերադառնում է Պետրոսի հետ):
ՊԵՏՐՈՍ. Հըը՜, Արտաշ, ի՞նչ արին մեր խելոքները:
ԱՐՏԱՇԵՍ. Որոշեցին մի փոխառություն խնդրել։
ՊԵՏՐՈՍ. Ումի՞ց խնդրել։
ԱՐՏԱՇԵՍ. Պարիզաբնակ տաճկահայերից։
ՊԵՏՐՈՍ. Ինչքա՞ն։
ԱՐՏԱՇԵՍ. Մեկ ու կես միլիոն ֆրանկ։
ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Փե՛հ, դա ամեն մեկին մի գրվանքա ղոզհալվասու փող է…
ԱՐՏԱՇԵՍ. Ես կարծում եմ, այդ ակնավաճառներն այդքան էլ չեն տալ և ունին իրավունք չտալու։
ՊԵՏՐՈՍ. Կտան թե չեն տալ, մեզ համար միևնույն է. ինչ կասես, Մաղդաշ, հե՞։ (Աչքով նշան է անում կնոջը):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Խորհրդավոր ժպտալով): Իհարկե, միևնույն է։
ԱՐՏԱՇԵՍ. (Զարմացած նայում է նախ Պետրոսին, ապա Մագթաղինեին): Միևնո՞ւյնն է։
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս…
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է պատահել. հարստացե՞լ եք։
ՊԵՏՐՈՍ. Դեռ չենք հարստացել, բայց շուտով կհարստանանք։ (Հպարտանում է և նայում է Մագթաղինեին խորհրդավոր):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այն էլ ինչպե՜ս... (Ժպտում է):
ԱՐՏԱՇԵՍ. Երևի, հանքերդ ծախել ես։ Անգլիացիների՞ն։
ՊԵՏՐՈՍ. Թող կորչեն քո անգլիացիներն է՜, ես նրանց ատելով ատում եմ։ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ամերիկացիներին ես ծախե՞լ:
ՊԵՏՐՈՍ. Հա՜, ամերիկացիներն ուրիշ բաներ են: Մարդիկ են է՜, մարդիկ, ոսկին ջվալներով են չափում:
ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն շնորհավորե՞մ, էլի:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դեռ մի քիչ վաղ է: (Նայում է Պետրոսին և խորհրդավոր ժպտում է):
ՊԵՏՐՈՍ. Մի օր էլ սպասիր, հետո կշնորհավորես: (Նայում է Մագթաղինեին և խորհրդավոր ժպտում է):
ԱՐՏԱՇԵՍ. Բոլո՞ր հանքերդ ես ծախել, թե մի մասը:
ՊԵՏՐՈՍ. (Փռթկալով): Ադա, Արտաշ, հանքս ո՞րն է, թքել եմ քո Բաքվի էլ, Գռոզնայի վրեն էլ… Հանքեր… դու ուրիշ բանից խոսիր է՜, միլիարդներից:
ԱՐՏԱՇԵՍ. Ինչպես տեսնում եմ, դուք մարդ ու կին ուզում եք ինձ պարացնել…
ՊԵՏՐՈՍ. Պարացնելու ենք հապա, դու էլ ես պարելու, ես էլ Մաղդաշն էլ, մեր բոլոր ազգական ու բարեկամներն էլ:(Զանգակ):
ԱՐՏԱՇԵՍ. Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:
ՏԵՍԻԼ 5
ՆՈՒՅՆՔ, ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և իշխան ԱՐԲՈՒԹՈՎ-ԼԱՅՆԱԿԶԱԿ, որ գալիս են խորքի ձախակողմյան դռնով:
ՄԵԶԲՈՒՐՈՎ. (65 տարեկան բարձրահասակ, չոր կազմվածքով մարդ է): Չարչիներ, խաչագողներ: (Բարևում է ու ձեռ է տալիս ամենքին բարեկամաբար):
ԿԱՐԱՍՈՎ. (Կարճահասակ, 60 տարեկան գեր մարդ է, մեծ փորով, կարճ ոտներով, խոսում է միշտ գրգռված տոնով): Լաբազնիկներ, չորբաշիներ: (Թավալվում է բազկաթոռի վրա և քրտինքը սրբում):
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (55 տարեկան է, բավական բարձրահասակ, ձևերը ռուս արիստոկրատական են, մի քիչ հավակնոտ, քայլվածքը իբր իշխանական է, մարմինը միշտ ուղղաձիգ, հագնված է նորաձև): Խայխոյել հարկավոր չէ, միայն պետք է արխամարխել, որ չեն պախպանում խայ ազգի արժանապատվություն։
ՄԵԶԲՈԻՐՈՎ. Ի՞նչ, մերժել ի՞նձ, Ռոման Սերգեևիչ Մեզբուրովի՞ս։ Ես այդ բոլոր ակնավաճառներին կարող էի գնել միայն իմ մի հորի եկամուտով։ (Ծխախոտ է վառում)։
ԿԱՐԱՍՈՎ. Մոսկվայի մեջ ես այդ կակավետչիներին դվորնիկ չէի ընդունիլ…
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Թքեցեք լեբլեբիջիների վրա, պրծավ գնաց։
ՊԵՏՐՈՍ. (Ինքնագոհ ժպտում է, իբր թե այդ բոլորն իրեն չի վերաբերվում):
ԱՐՏԱՇԵՍ. Ես չէ՞ի ասում, որ մերժելու են։ Եվ ինչո՞ւ չպիտի մերժեին — չեմ հասկանում։
ՊԵՏՐՈՍ. Իմ անունն էլ ասե՞լ եք։
ԿԱՐԱՍՈՎ. Իհարկե։
ՄԵԶԲՈԻՐՈՎ. Ամենից առաջ հենց քո անունը հիշեցինք։
ՊԵՏՐՈՍ. (Վիրավորված): Զուր, բոլորովին զուր։ Ինձ փող հարկավոր չէ։ Ես գնում եմ։
ԿԱՐԱՍՈՎ. Որտե՞ղ ես գնում։
ՊԵՏՐՈՍ. Ամերիկա։ (Նայում է խորհրդավոր Մագթաղինեին):
ՄԵԶԲՈԻՐՈՎ. Այդ ի՞նչ նորություն է։
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, նորություն է։
ԿԱՐԱՍՈՎ.. (Ծիծաղելով): Չլինի՞ թե Ռոքֆելերը քեզ իր մոտ հյուր է հրավիրել։
ՊԵՏՐՈՍ. Ռոքֆելեր է, թե Մորգան — էդ հետո կիմանաք։ Ի՞նչ կասես, Մագթաղ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Այդ տաճկախայեր շատ երախտամոռ են։ Մենք ռուսախայեր քառասուն տարի նրանց պախպանել ենք, իսկ իրենք չեն ուզում մի տարի մեզ պախպանել։
ՄԵԶԲՈԻՐՈՎ. Հապա քանի-քանի անգամ այս կոտրած ձեռքովս Բաքվում փող եմ հավաքել և ուղարկել Կ. Պոլիս պատրիարքին։
ԿԱՐԱՍՈՎ. Հազար իննը հարյուր ի տասնուվեց ամի հունվար ամսին Արմավիրից տասնուհինգ թոփ կտավ ուղարկեցի Ալաշկերտի գաղթականների համար։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ․ Իմ ամուսին նրանց խամար Թիֆլիսում թեյատուն բաց արավ, ես էլ նվիրեցի խարյուր ռուբլի։
ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Կնիկս դռնե դուռն ընկած հին շորեր էր հավաքում նրանց համար։ Է՛հ, ի՞նչ հարկավոր է երկար խոսել, պետք է ասել, որ առհասարակ մարդ արարածը շատ երախտամոռ է։ Ռոմանիի հանքերումս մշակներն այնքան լրբացել էին, որ լրագրների մեջ ինձնից մինչև անգամ բաղնիք էին պահանջում, կարո՞ղ եք երևակայել։
ԱՐՏԱՇԵՍ. (Երեսը մի կողմ դարձնելով, հեգնորեն ծիծաղում է)։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պարոններ, հայտնում եմ, որ ամենքդ այսօր մեզ մոտ եք ճաշում։
ԻՇԽ․ ԼԱՅՆԱԿԶԱԿ․ Մերսի, ես չեմ կարող մնալ, ամուսինս կսպասե։
ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Ես էլ մերսի…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, առանց հակաճառության, թե չէ չափազանց կվիրավորեք ինձ։ (Գնում է խորքի աջակողմյան դռնով)
ՏԵՍԻԼ 6
ՆՈԻՅՆՔ, առանց ՄԱԳԹԱՂԻՆԵԻ
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Սովի տարին ես իմ կալվածքում երեք եզ մորթել տվեցի պախստականների խամար։ Ինչ վերաբերվում է գյուղացիներին, կնիկս վկա է, որ ես մտադիր էի իմ խոզեր բաժանել նրանց։
ԱՐՏԱՇԵՍ․ (Հեգնանքով): Ձերդ պայծառափայլություն, ես լսել եմ, որ ձեր հանգուցյալ հայրն էլ է ունեցել նույն մտադրությունը։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Իխարկե…
ԱՐՏԱՇԵՍ. Երևի ձեր պապը նույնպե՞ս։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես կարծում եմ։
ԱՐՏԱՇԵՍ. Եվ այնուամենայնիվ հողերը ձեր ձեռքումն են մնացել որդվոց որդի։ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (Գրգռվելով): Դե, կոմունիստները չթողեցին, որ բաժանեմ, ես ի՞նչ անեմ։
ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնանքով): Մի՞թե, այ անիրավ կոմունիստներ։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Դուք չե՞ք խավատում իմ ասածին։
ԱՐՏԱՇԵՍ. Ես միայն մի բանի եմ հավատում. այն է, որ մենք ամենքս նույնն ենք, ինչ որ այդ կակավետչիներն ու լեբլեբիջիները։
ԿԱՐԱՍՈՎ. Այսինքն ի՞նչ ենք։
ԱՐՏԱՇԵՍ. Խոզեր…
ՄԵԶԲՈԻՐՈՎ. (Վրդովված): Խոզեր։
ԿԱՐԱՍՈՎ. (Գրգռվելով): Ինչ ասա՞ց։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Խոզե՞ր։
ԱՐՏԱՇԵՍ. Այո, կատարյալ խոզեր. այն էլ մորթելու համար կերակրված խոզեր։
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, Արտաշ, էդ ի՞նչ ասացիր։
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գալիս է խորքի աջակողմյան դռնով): Պարոններ, ճաշը պատրաստ է։ (Գնում է):
ԱՄԵՆՔԸ. (Հետևում են Մագթաղինեին):
ՊԵՏՐՈՍ. (Առանձին Արտաշեսին): Ա տղա, էդ ո՞ր էշը գլխիդ աքացի տվեց։
ԱՐՏԱՇԵՍ. Հավիտենական էշը, որի անունն է ճշմարտություն։
ՄԵԶԲՈԻՐՈՎ. (Կարասովին): Ինչպես երևում է, այդ մարդը բայլշևիկ է դարձել։
ԿԱՐԱՍՈՎ. Պրոպագանդիստ է, ագենտ է, Կրասինը կաշառել է նրան։
ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես մերոնց պիտի ասեմ, որ նրա անունը անցկացնեն սև տախտակի վրա։
ԱՄԵՆՔԸ. (Գնում են ներքին աջակողմյան դռնով):
ՏԵՍԻԼ 8
ՊԵՏՐՈՍ և ԺՈՐԺ
ՊԵՏՐՈՍ․ (Հյուրերին ճանապարհ տալու համար ետ մնալով, նկատում է Ժորժին ու կանգ է առնում)։ Հըը, եկա՞ր, ո՞նց են գործերդ։
ԺՈՐԺ․ (Մռայլ ու մտազբաղ)։ Երեք ֆիգուրա, դամա, վալետ, կարոլ։
ՊԵՏՐՈՍ․ Էդ ի՞նչ ասել է։
ԺՈՐԺ․ Այդ ասել է բյություր։
ՊԵՏՐՈՍ․ (Վախեցած)։ Ըմբո, ուրեմն ամերիկուհիդ բյություր եղա՞վ։
ԺՈՐԺ․ (Ուշքի գալով)։ Ամերիկուհիս, հա, ամերիկուհուս բանը վերջացած է։ Հարսնացուս գրպանիս մեջ է։
ՊԵՏՐՈՍ․ (Ուրախանալով)։ Էդպես ասա է, թե չէ։ Հըը, չլինի՞ թե փողերդ վերջացել են, մի վախենա, էլի կտամ։ (Ձեռը տանում է ծոցի գրպանը)։
ԺՈՐԺ․ (Կեղծ)։ Ոչ, պապա, փող չեմ ուզում։ (Տոնը փոխելով)։ Բայց որ տաս, չեմ հրաժարվի ընդունելու։
ՊԵՏՐՈՍ․ Կտամ, խե չեմ տալ։ (Տալիս է երկու հատ հարյուրանոց)։ Ինքկալ։ Բայց աշխատիր, որդի, որ հարսանիքդ շուտ լինի։ Հա, ի՞նչ էի ուզում ասել, կարելի՞ է, որ ես էդ աղջկան տեսնեմ։
ԺՈՐԺ․ Ոչ, պապա, այդ անկարելի է։
ՊԵՏՐՈՍ․ Խե՞։
ԺՈՐԺ․ Ամերիկյան ավանդություններով հարսնացու աղջիկը մինչև պսակվելը իրավունք չունի մի ուրիշ տղամարդու հետ տեսնվելու։
ՊԵՏՐՈՍ․ Տո ես ի՞նչ տղամարդ եմ, ես քու հայրն եմ։
ԺՈՐԺ․ Մինչև անգամ իր հարազատ հոր հետ չունի իրավունք տեսնվելու։
ՊԵՏՐՈՍ․ Էդ ի՞նչ հոտած օրենք է։ Հապա ինչո՞ւ են ասում, թե Ամերիկայում ազատություն է։
ԺՈՐԺ․ Ազատությունն այնտեղ նեգրերի համար է։
ՊԵՏՐՈՍ․ Աղջկա հոր հետ կարո՞ղ եմ տեսնվել։
ԺՈՐԺ․ Հայրը մեռած է։
ՊԵՏՐՈՍ. Մո՞ր հետ։ԺՈՐԺ. Մայրը Չիկագոյումն է։
ՊԵՏՐՈՍ. Բա էդ աղջիկը մենա՞կ է եկել։
ԺՈՐԺ. (Մեկուսի): Փորձանք է էլի։ (Բարձր): Չէ, պապա, մենակ չէ, մորաքույրը հետն է։
ՊԵՏՐՈՍ. Դե լավ, մորաքրոջ հետ ծանոթացրու ինձ։
ԺՈՐԺ. (Մեկուսի): Եկ, հիմա մորաքույր գտիր։ (Հանկարծ մի միտք հղանալով): Լավ, պապա, ես քեզ կծանոթացնեմ հարսնացվիս մորաքրոջ հետ։
ՊԵՏՐՈՍ. Ե՞րբ։
ԺՈՐժ. Այս գիշեր։
ՊԵՏՐՈՍ. Ըմբո, գիշերո՞վ։
ԺՈՐԺ. Այո, պապա։ Գիտես, հարսնացվիս մորաքույրը մի տարօրինակ կին է, նա ցերեկով ոչ ոքի չի ընդունում, այլ գիշերով, այն էլ Մոնմարտրի մի գիշերային ռեստորանում։ Ես քեզ կտանեմ այնտեղ։ Դու ինձ կսպասես տանը տասներկու ժամին։ Լա՞վ։
ՊԵՏՐՈՍ. Լավ։
ԺՈՐԺ. Դե գնա, պապա, հյուրերդ սպասում են սեղանատանը։
ՊԵՏՐՈՍ. Ահ, մոռացա։ Ես կսպասեմ քեզ։ (Գնում է խորքի աջակողմյան դռնով, ինքն իր հետ խոսելով): Որդիս Մորգանի փեսա՝ ես Մորգանի խնամի, քո տունը չքանդվի, ճըլըպզտանց Պետի…
ՏԵՍԻԼ 9
ԺՈՐԺ և ՏԵԼԵՖՈՆ
ԺՈՐԺ. (Հորն ուղեկցելով, դուռը ծածկում է և արագ քայլերով մոտենում է տելեֆոնին): Պասսի, սենկանտը սենգ, կատար վյան զիզ (Սպասում է): Մադամ, խնդրեմ Մեզբուրով որդուն կանչել ապարատի մոտ։ (Սպասում է): Սերյոժա, դու՞ ես։ Այս երեկո ութ և կես ժամին ինձ սպասիր էքսելսիոր սրճարանում։ Ինչպե՞ս։ Այո, Օսման կլուբումն էի։ Այո՛ դարձյալ տարվեցի, իսկույն էլի գնում եմ բախտս փորձելու Ցտեսություն։ (Տելեֆոնի փողն տեղնե դնում և նորեն վերցնում)։ Էլիզե, սուասանտը դյո, գեռո, տրանտ։ (Սպասում է): Նատաշա, դո՞ւ ե՛ս։ Այո երեկո ինն ժամին եկ էքսելսիոր, շատ կարևոր գործ ունեմ։ Ոչինչ, մի վախենար։ Որեմն, սպասե՞մ։ Շնորհակալ եմ։ Բյուր համբյուրներ։ (Շտապով գնում է խորքի ձախակողմյա դռնով):
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Պարիզի սրճարան: Մի մեծ սրահ, բաժանված մի քանի մասերի: Առաջին պլանի վրա առանձին բաժին, խորքից անջատված մի մետր բարձրությամբ միջնորմով: Այս ու այնտեղ քառակուսի սեղաններ, առանց սփռոցների և սփռոցներով: Մեջտեղ ազատ տարածություն: Մի մեծ ապակյա ինքնապտույտ դուռ ձախ պատի մեջ: Նման մի ուրիշ դուռ նույն պատի մեջ, միջնորմի ետևում: Այս երկու դռներն էլ տանում են դեպի տերրաս, որ կազմում է սրճարանի մի մասը: Միջնորմի աջ ու ձախ ծայրերը անցքեր են, որոնցով երթևեկում են և որոնք առաջին պլանը միացնում են խորքի հետ: Վաղ աշնանային երեկո է, սրճարանի լուսավորությունը պայծառանում է աստիճանաբար: Ամբողջ գործողությունը կատարվում է առաջին պլանի վրա: Վարագույրը բացվելուց մի րոպե առաջ երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թավ ջութակ), որ մերթ նվագում է, մերթ դադարում: Երաժիշտները, խորքում լինելով, չեն երևում:
Գործողության ընթացքում շարունակ գնում-գալիս են երկու սեռի և զանազան ազգությունների ու տիպերի հաճախորդներ, որոնց թվում զույգեր, nր առանց նեղվելու գրկախառնվում են ու համբուրվում: Յուրաքանչյուր հաճախորդ ներս մտնելով և տեղ բռնելով, իսկույն մերձեցող սպասավորին պատվիրում է իր ցանկացած ըմպելիքը: Պատվերները կատարվում են անհապաղ: Մետր դ’օտելը այս ու այն կողմ գնալով, հսկում է կարգապահությունը:
ՏԵՍԻԼ 1
ՍԵՐՅՈԺԱ, ԳՐԻՇԱ, հետո ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ
ՍԵՐՅՈԺԱ ԵՎ ԳՐԻՇԱ. (Առաջին պլանի վրա միջնորմի մոտ, ավանսցենից հետո նստած «նառդի» են խաղում, գարեջուր ըմպելով: Մի առ ժամանակ խաղում են լուռ, բայց ոգևորված: Քարերը զարկում են նարդախտակին ուժգին թափով, հաճախոդների շրջանում առաջացնելով դժկամություն):
ՍԵՐՅՈԺԱ. (Առողջակազմ, կարմիր երեսով, կուշտ դեմքով 37 — 38 տարեկան մեկն է. հագնված է պարիզյան հավակնությամբ, երեսն ածիլված է ամբողջովին, հանկարծ գրգռվում է): Ներողության, շեշ ու դու և ոչ թե դուշեշ:
ԳՐԻՇԱ. (40 — 42 տարեկան տղամարդ է, նիհար, բայց առողջակազմ, երեսն ածիլված է, ընչացքը կարճ խուզած. հագած է հնամաշ հագուստ): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Գոռոզաբար): Ես քեզ ասում եմ շեշ ու դու, ուրեմն շեշ ու դու:
ԳՐԻՇԱ. (Կուրծքը դուրս ցցելով): Երբ նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի պորուչիկ Գրիգորիյ Սոլոմոնովիչ Ամիրխանովն ասում է դուշեշ, ոչ մի շուն շանորդի չի կարող ասել, թե դուշեշ չէ։
ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ։ Շեշ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ձայնը բարձրացնելով): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ձայնը բարձրացնելով): Շեշ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ձեռը զարկելով սեղանին): Շեշ ու դու։
ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Դուշեշ։
ՍԵՐՅՈԺԱ. (Ոտքի ելնելով): Շեշ ու դու։
ՄԵՏՐ Դ’ՕՏԵԼ. (Շտապով գալիս է միջնորմի ետևից): Мessieurs, messieurs, pas de bruit, doucement, doucement[1]: ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):
ԳՐԻՇԱ. (Ֆրանսերեն վատ գիտենալով): Վուի, վուի, գուսման, хорошо, ничего.
ՄԵՏՐ Դ’ՕՏԵԼ. (Ծաղրելով): Karacho, karacho, nitchevo, tout est nitchevo pour ces gens-là[2] :(Հեռանում է գլուխը երերալով):
ՍԵՐՅՈԺԱ. Շարունակեցեք։ (Նստում է):
ԳՐԻՇԱ. Շարունակեք։ (Նստում է):
ԱՌԱՋԻՆ ԱՆԾԱՆՈԹ. (Ֆրանսիացի է, գալիս է աջ կողմի անցքով միջնորմի ետևից, նստում է առանձին սեղանի քով, պատվիրում է մի բաժակ գարեջուր, դուրս է բերում գրպանից օրվա լրագիր և կարդալ ձևացնելով, գաղտուկ դիտում է Սերոժային և Գրիշային):
ՄԻ ԶՈԻՅԳ. (Գալիս է ձախ կողմի դռնով, նստում է հեռավոր անկյունում և սկսում է համբուրվել):
ՍԵՐՅՈԺԱ. (Մի փոքր խաղալուց հետո, հանկարծ զառերը ձգում է նարդախտակի վրա): Էլ չեմ խաղում։
ԳՐԻՇԱ. Ինչո՞ւ։
ՍԵՐՅՈԺԱ. Գրիշա, մենք կորցրել ենք ամեն ինչ, բայց երկու բան պահել ենք և պիտի պահենք, ազնվություն և քաջություն։ Դու երկու քար ավելի թռցրիր։
ԳՐԻՇԱ. Պատիվս վկա, չթռցրի։
ՍԵՐՅՈԺԱ. Ազնվությունս վկա, թռցրիր:
ԳՐԻՇԱ. Սերյոժա, մի՛ մոռանար, որ ես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի Երևանյան գնդի…
ՍԵՐՅՈԺԱ. Թքել եմ, ինձի Սերգեյ Մեզբուրով կասեն:
ՄԵՏՐ Դ’ՕՏԵԼ. (Շտապով գալիս է միջնորմի ետևից՝ այս անգամ կատաղած): ОH lа la oh lа la c’est insup portable[3]։ (Նարդին փակում է և տանում):
ՍԵՐՅՈԺԱ. Նա մեզ վիրավորեց։
ԳՐԻՇԱ. Գնամ քիթ ու պռունգը ջարդե՞մ:
ՍԵՐՅՈԺԱ. Չորս-հինգ կաֆեներից մեզ սկանդալով դուրս են արել, ուզում ես որ այստե՞ղ էլ մեր վզակոթին տան… благодарю покорно.
ԳՐԻՇԱ. Հապա ի՞նչ անենք։
ՍԵՐՅՈԺԱ. Կոնծենք ու մոռանանք։
ԳՐԻՇԱ. Կոնծենք ու մոռանանք, հանճարեղ միտք։ Բայց ես փող չունիմ։
ՍԵՐՅՈԺԱ. Ես կվճարեմ։ Գառսո՜ն։
ՍՊԱՍԱՎՈՐ. (Որ տեսարանը դիտել է հեգնական ժպիտով, բերում է երկու շիշ գինի և երկու դատարկ բաժակ, տանելով գարեջրի դատարկ գավաթները):
ԳՐԻՇԱ. Սերյոժա, դու միշտ փող ունես գրպանումդ։ Այդ որտե՞ղից է։
ՍԵՐՅՈԺԱ. (Ինքնագոհ ժպտալով): Դա Պոլիշինելի գաղտնիքն է։ Համենայն դեպս միջոցներ շատ կան։
ԳՐԻՇԱ. Ահ, եթե ես կարողանայի գտնել մի հարուստ ամերիկուհի թեկուզ վաթսուն տարեկան, թեկուզ կաղ ու կուզ։
ՍԵՐՅՈԺԱ. Ես էլ եմ փնտրում այդպիսի ապրանք։
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ԺՈՐԺ
ԺՈՐԺ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Գրիշա, գեներալ Շպուլենկոն քեզ է փնտրում տերրասի վրա։
ԳՐԻՇԱ. Ահ, երկինքն է նրան ուղարկել ինձ համար։ Այսօր նա մի տեղից հազար ֆրանկ է ստացել, գնամ մի քիչ թափ տամ նրան։ (Շտապով դատարկում է մի բաժակ գինի և գնում է ձախ կողմի դռնով):
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ, առանց ԳՐԻՇԱՅԻ
ԺՈՐԺ. (Աջ ու ձախ նայելով, գրպանից դուրս է բերում մի թղթի կապոց և տալիս է Սերյոժային): Ետ վերցրու ապրանքդ, դժբախտաբար ծախել չկարողացա։
ՍԵՐՅՈԺԱ. (Կապոցը շտապով իր գրպանը դնելով): Կտամ Ստյոպային, նա քեզանից ավելի ճարպիկ է այդպիսի գործերում։ Ի՞նչ նորություն։
ԺՈՐԺ. Ընկել եմ մի կեղտոտ ճահճի մեջ, չգիտեմ ինչպես դուրս գալ: Երկու ժամ առաջ հորիցս խորամանկությամբ պոկեցի մի քանի հարյուր ֆրանկ, գնացի Օսման, այն էլ տանուլ տվեցի։ Նատաշան չի՞ եկել այստեղ, (Գինի է ածում ու խմում):ՍԵՐՅՈԺԱ. Չի եկել: Դու կարծում ես, որ նա կարո՞ղ է քեզ փրկել: (Խմում է):
ԺՈՐԺ. Օօ՜, ոչ։ Իմ բարեսիրտ սիրուհին նույնքան է հարուստ, որքան մեզնից ամեն մեկը, այսինքն անփող։ Ահա Ստյոպան. նրա մոտ չխոսես այդ մասին:
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՍՏՅՈՊԱ
ՍՏՅՈՊԱ. (Գալիս է ձախ կողմի դռնով. 36—38 տարեկան, նիհար, գունատ դեմքով մեկն է. ձևերն ու շարժումները ներվային են, խոսում է արագ-արագ. առանց բարևելու նստում է, գլխարկը մի կողմ շպրտելով):
ՍԵՐՅՈԺԱ. Առանց ասելու երևում է, որ բաներդ բուրդ են։
ՍՏՅՈՊԱ. Տարվեցի մինչև վերջին սանտիմ։ Արթուն եմ մեկել օրվանից դես և հոգնած՝ շան նման։
ԺՈՐԺ. Եվ տանը չես եղել երկու օր ու մի գիշեր։ Լիդիան քեզ փնտրում է ամենուրեք։
ՍՏՅՈՊԱ. (Դատարկ գրպանները շուռ տալով): Ո՞ր օրինավոր մարդը կարող է իր կնոջ աչքին երևալ այս գրպաններով։ Բացի դրանից կա մի հանգամանք, որ ինձ փախցնում է տնից։ Ա՛հ, ավելի լավ է լռենք և խմենք։ (Խմում է): Ինձ փող է հարկավոր, ինչպես ջուրը ծարավից տառապողին։
ՍԵՐՅՈԺԱ. (Թղթի կապոցը գրպանից դուրս բերելով, տալիս է Ստյոպային): Ահա քեզ միջոց, ծախիր և դու էլ կունենաս փող, ես էլ։
ՍՏՅՈՊԱ. Այս ի՞նչ է։ (Կապոցը հոտոտում է): Աա՜, հասկացա։ (Կապոցը շտապով գրպանն է դնում):
ՍԵՐՅՈԺԱ. Կարո՞ղ ես ծախել։
ՍՏՅՈՊԱ. Անտարակույս: Գի՞նը: (Խմում է):ՍԵՐՅՈԺԱ. Ծախիր քանիսով կարող ես, միայն շուտով:
ՍՏՅՈՊԱ. Ճանաչում եմ մեկին, որ կարող է գնել հենց այժմ: Սպասիր, թող նրա հետ խոսեմ տելեֆոնով: (Շտապով) դատարկում է գինու երկրորդ բաժակը և անցնում է միջնորմի ետև):
ԱՆԾԱՆՈԹ. (Որ Ստյոպայի երևալու վայրկյանից ուշադրութունը կրկնապատկել է և ինչ-որ գրել է հուշատետրում, աչքերով հետևում է նրան):
ՍԵՐՅՈԺԱ. Եթե Ստյոպային հաջողվի վաճառել, խոստանում եմ վաստակածի կեսը քեզ տալ:
ԺՈՐԺ. Այդ չի կարող ինձ փրկել:
ՍԵՐՅՈԺԱ. Տոկոսը տալով չե՞ս ազատվիլ:
ԺՈՐԺ. (Հառաչելով): Ո՛չ, ո՛չ, ո՜չ:
ՍՏՅՈՊԱ. (Վերադառնում է միջնորմի ետևից ուրախ դեմքով): Էվալլա... գնողը պատրաստ է. երկու ժամից հետո փողը կբերի Կավո-Կոկասիեն: Եկ այնտեղ, կտեսնվենք: (Շտապով գլխարկը վերցնում ու գնում է ձախ կողմի դռնով):
ԱՆԾԱՆՈԹ. (Անմիջապես հետևում է Ստյոպային)։
ՏԵՍԻԼ 5
ՆՈՒՅՆՔ, առանց ՍՏՅՈՊԱՅԻ, հետո ՆԱՏԱՇԱ
ՍԵՐՅՈԺԱ. Ուրեմն այս գիշեր մի լավ քեֆ ենք անում Կավո-Կոկասիենում: (Ձեռը զարկելով Ժորժի ուսին): Շատ մի հոգար, չկա վատ դրություն, որ իր ելքը չունենա: Ահա և քո Նատաշան:
ՆԱՏԱՇԱ. (Գալիս է ձախ կողմի անցքով, մոտ 35 տարեկան կին է, լավ հագնված, ձևերն ու շարժումներն ազատ են, բայց ոչ կոպիտ, ծխում է. անկանոն կյանքը և ոգելից ըմպելիքներն իրենց կնիքը դրոշմել են նրա գեղեցիկ դեմքի վրա): Բարև: (Սպասավորին, որ անմիջապես մոտեցել է): Յուն օրանժադ: (Ժորժին): Ի՞նչ կհրամայես, սիրելիս։
ԺՈՐԺ. Նատաշա, իմ գործը շատ բարդ է և իմ խնդիրը շատ տարօրինակ։ՍԵՐՅՈԺԱ. (Վեր կենալով): Գուցե իմ ներկայությունն ավելորդ է։
ԺՈՐԺ. Ոչ, ո՛չ, նստիր, ես քեզանից գաղտնիք չունեմ։
ՍԵՐՅՈԺԱ. (Նորեն նստում է)։
ԺՈՐԺ. Նատաշա, այս գիշեր հորս բերելու եմ Կավո-Կոկասիեն։
ՆԱՏԱՇԱ. Մի՞թե։
ԺՈՐԺ. Այո։ Ծանոթացնելով քեզ նրա հետ ասելու եմ, որ դու Նյու-Յորքից եկած ճամփորդուհի ես և այն էլ, ոչ ավելի և ոչ պակաս, հոչակավոր բանկիր Մորգանի քույրը։
ՆԱՏԱՇԱ. Tiens․ Այդ շատ հետաքրքրական է։ (Ծխախոտ է վառում):
ԺՈՐԺ. Դու պիտի լինես իմ հարսնացվի մորաքույրը։
ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ, դու համարձակվել ես նշանվե՞լ. ես քո աչքերը իմ եղունգներով դուրս կգջլեմ։
ԺՈՐԺ. Համբերիր, Նատաշա, ես չեմ նշանվել, այլ այնպես… գիտես, երևակայությամբ…
ՆԱՏԱՇԱ. Ժորժ, ես ոչինչ չեմ հասկանում։
ԺՈՐԺ. Լսիր և կհասկանաս։ Դու գիտես, Նատաշա, որ վերջերս ես թղթախաղում շարունակ տարվում եմ։
ՆԱՏԱՇԱ. Գիտեմ…
ԺՈՐԺ. Այսօր ես խրված եմ պարտքերի մեջ մինչև կոկորդս։
ՆԱՏԱՇԱ. Այդ էլ գիտեմ։
ԺՈՐԺ. Այո, բայց ես քեզ չեմ ասել, որ իմ պարտատերերի մեջ կա մեկը, ամենախոշորը, որ չգիտե խնայել իր հարազատ զավակին անգամ։ Այդ մարդուն ես պարտական եմ տասնուհինգ հազար ֆրանկ։
ՆԱՏԱՇԱ. Oh la la…
ԺՈՐԺ. Երեկ մուրհակի ժամկետն էր։ Որքան խնդրեցի, աղերսեցի պարտատիրոջս թույլ տալ մուրհակը փոխելու, անիրավը չհամաձայնվեց։ Նա սպառնաց դիմել դատարանին, եթե ես իսկույն ևեթ չվճարեմ։ Ճարահատյալ ես տվեցի նրան 15 հազարի մի չեկ։
ՆԱՏԱՇԱ. Էէ՜, ուրեմն օձիքդ ազատեցիր վաշխառվից։ԺՈՐԺ. Ոչ, սիրելիս, այսօր ես սեղմված եմ նրա ճանկերի մեջ ավելի, քան երեկ։
ՆԱՏԱՇԱ. Չեմ հասկանում։
ԺՈՐԺ. Նատաշա, իմ տված չեկը sans provision է։
ՆԱՏԱՇԱ. Այդ ի՞նչ ասել է։
ՍԵՐՅՈԺԱ. Այդ ասել է, որ Ժորժն այդ չեկի դեմ բանկում դրամ չունի, հետևաբար չեկը սուտ է։
ԺՈՐԺ. Նատաշա, իմ արածը ֆրանսերեն կոչվում է escroguerie, այսինքն խարդախություն։ Սերյոժան, ինչպես իրավաբան, կարող է ասել, թե ինչ պատիժ է սպառնում ինձ։
ՍԵՐՅՈԺԱ. Վեց ամսից մինչև երկու տարի բանտարկություն, այնուհետև աքսոր Ֆրանսիայի սահմաններից, որովհետև օտարական ես։
ՆԱՏԱՇԱ. Ահ, ես սարսափում եմ։
ՍԵՐՅՈԺԱ. Պարտատերդ գիտե՞ արդեն, որ չեկդ կեղծ է։
ԺՈՐԺ. Դեռ ոչ. երեկ տոն էր, այսօր կիրակի, բանկերը փակ էին։ Վաղը բացվելու են, և իմ խարդախությունը պարզվելու է։
ՍԵՐՅՈԺԱ. Եվ դու ձերբակալվելու ես ու անունդ լրագրերի մեջ է ընկնելու։
ՆԱՏԱՇԱ. Ժորժ, այդ ի՞նչ ես արել։
ԺՈՐԺ. Ահ, ջրում խեղդվողն օձին էլ է փաթաթվում։ Հիմարությունը գործված է, այժմ միայն մի բան է մնում անելու։
ՍԵՐՅՈԺԱ. Մինչև վաղն առավոտյան ինն և կես ժամը գտնել 15 հազար ֆրանկ։
ԺՈՐԺ. Մի գումար, որ ոչ ոք չունի մեր բարեկամներից ու ծանոթներից։
ՍԵՐՅՈԺԱ. Եվ ունեցողն էլ չի տալ։
ԺՈՐԺ. Միայն մի բան կա, որի վրա դրել եմ վերջին հույսս։
ՆԱՏԱՇԱ. Ա՞յն է։
ԺՈՐԺ. Թղթախաղը։
ՆԱՏԱՇԱ. Դարձյա՞լ։
ԺՈՐԺ. Այո։ Այն, ինչ որ կործանում է ինձ նման մարդկանց, երբեմն փրկում էլ է։ Բայց խաղալու համար փող է հարկավոր, որ ես չունեմ։ Այսօր հորիցս մի քանի հարյուր ֆրանկ գջլելու համար ես հնարեցի, թե ամուսնանում եմ Մորգանի քրոջ աղջկա հետ և շուտով միլիոնատեր եմ դառնալու իմ կնոջ օժիտով։ Մորգան անունը ծերունուն հարբեցրեց։ Նա հավատաց իմ ստին և այժմ իրեն արդեն Մորգանի խնամի է համարում։ Բայց, միևնույն ժամանակ, նա պահանջեց, որ ես նրան ծանոթացնեմ հարսնացվիս կամ նրա ծնողների հետ։ Որտե՞ղ գտնեի նրանց։ Ճարահատյալ խոստացա առայժմ նրան ծանոթացնել երևակայական հարսնացվիս երևակայական մորաքրոջ հետ։ Նատաշա, սիրելիս, եղիր մի երկու ժամով դերասանուհի, կատարիր այդ մորաքրոջ դերը։
ՆԱՏԱՇԱ. Կկատարեմ։ Բայց ի՞նչ օգուտ պիտի ունենաս դրանից։
ԺՈՐԺ. Նատաշա, դու հրապուրիչ կին ես, մանավանդ մի ծերունու համար։ Գրավելով հորս, դու կհամոզես նրան այս գիշեր, որ ինձ տա գոնե մի երկու հազար ֆրանկ։ Նատաշա, ես ուրիշ ելք չունեմ, ես պետք է այս գիշեր խաղամ և հավատացած եմ, որ տանելու եմ։
ՆԱՏԱՇԱ. (Ոգևորելով): Բրավո, բրավո, սքանչելի է մտածված։ Խաղում եմ հարուստ ամերիկուհու դերը, եթե ոչինչ էլ, գոնե հետո մի լավ կծիծաղենք։ Բայց սպասիր, ես անգլերեն լավ չգիտեմ, ի՞նչպես կարող եմ կատարյալ ամերիկուհի դառնալ։
ԺՈՐԺ. Ի՞նչ, դու կարծում ես, որ իմ պատվելի պապաշան Օքսֆորդի համալսարա՞նն է ավարտել։ Դու նրա հետ կխոսես հայերեն լեզվով։
ՆԱՏԱՇԱ. Մորգանի քույրը հայերե՞ն։
ԺՈՐԺ. Ինչո՞ւ չէ. չկա՞ն հայերեն խոսող ամերիկուհիներ։
ՆԱՏԱՇԱ. Հասկացա, հասկացա, կարելի է…
ԺՈՐԺ. Միայն պետք է մի քանի անգլերեն բառեր խառնել։
ՆԱՏԱՇԱ. Գիտեմ, գիտեմ, yes, yes, thank you wery much․ (իյես, իյես, տանք յու վերի մաչ)։
ՍԵՐՅՈԺԱ. Լավ կլինի մի քանի տաճկահայ խոսքեր էլ ներս խոթել:ՆԱՏԱՇԱ. Այդ էլ կարող եմ. հոս, հոն, կոր, մոր, ասիկա, ատիկա, աղեկ, զեվզեկ…
ԺՈՐԺ. Այդքանը բավական է:
ՆԱՏԱՇԱ. Հրաշալի է, սքանչելի, ես արդեն ոգևորվեցի իմ դերով: (Վեր է կենում): Բեր այս գիշեր հորդ Կավո-Կոկասիեն, դու կտեսնես քո Նատաշան ինչ տաղանդով կկատարի իր դերը… Արի համբուրվենք: (Համբուրվում է Ժորժի հետ): Շատ մի մտածիր… Ցտեսություն։ (Գնում է ձախ կողմի դռնով)։
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ, առանց ՆԱՏԱՇԱՅԻ
ՍԵՐՅՈԺԱ. Տեսնենք ինչո՞վ կվերջանա այդ կոմեդիան:
ԺՈՐԺ. Ինչով էլ վերջանա, իմ վերջը կամ բանտն է, կամ աքսոր, կամ ինքնասպանություն, ես ուրիշ ապագա չեմ տեսնում ինձ համար: Ահ, հոգնել եմ…
ՍԵՐՅՈԺԱ. Քիչ խոսիր, միևնույն է, մենք մեր կյանքը չենք կարող փոխել: Ապրել է հարկավոր և ուրախ ապրել թեկուզ այդ բոլշևիկների ջգրու, իսկ միջոցները — наплевать: Քո կենացը: (Խմում է, բաժակը զարկելով ժորժի բաժակին. բարձր): Garçon, encore deux bouteilles…
ՍՊԱՍԱՎՈՐ. (Դատարկ շշերը տանում է, բերում է լիք շշերը):
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ
ԼԻԴԻԱ. (Գալիս է ձախ կողմի դռնով, բարևում է գլխի թեթև շարժումով, նոր գլխարկ է դրել): Ստյոպային չե՞ք տեսել:
ՍԵՐՅՈԺԱ. (Ոտքի ելնելով, Լիդիայի ձեռը համբուրում է): Մի փոքր առաջ այստեղ էր։ԼԻԴԻԱ. Ո՞ւր գնաց։ (Նստում է): Garçon, սո café au lait․
ՍՊԱՍԱՎՈՐ. (Կատարում է Լիդիայի պատվերը, բերելով մի բաժակ սուրճ):
ՍԵՐՅՈԺԱ. Դժվար է ասել, բայց կես գիշերից հետո նա կլինի մի տեղ, ուր ես նրա հետ ժամադրություն ունեմ։
ԼԻԴԻԱ. Կարո՞ղ եմ ձեզ հետ գնալ այդտեղ։
ՍԵՐՅՈԺԱ. Իհարկե, ես ուրախությամբ կուղեկցեմ ձեզ։
ԺՈՐԺ. Բայց, Լիդիա, դա մի գիշերային ռեստորան է. հարմա՞ր է, արդյոք, քեզ համար այնտեղ գնալը։
ԼԻԴԻԱ. Ես Ստյոպայի հետ մի քանի անգամ եղել եմ Կավո-Կոկասիենում։
ԺՈՐԺ. Դու գիտես։ (Սերյոժային հանդիմանական նշան է անում)։
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ, ԳՐԻՇԱ և գեներալ ՇՊՈՒԼԵՆԿՈ
ԳՐԻՇԱ, ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Գալիս են ձախ կողմի անցքով․ հարբած են, բայց ոչ չափազանց):
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Կուբանյան կազակի միջին տիպար է, մոտ 50 տարեկան, եվրոպական հագուստով է): Սխալվում ես, Գրիշա, երեք միլիոն չէ, քսան միլիոն է։ (Համբուրում է Լիդիայի ձեռը, մյուսներին բարևում է գլխի թեթև շարժումով):
ԳՐԻՇԱ. Ո՛չ, ձերդ գերազանցո՛ւթյուն, քսան միլիոն առաջ էր, բայլշևիկները 17 միլիոնն այրեցին իբրև վառելիք, փայտ չունենալու պատճառով։
ԺՈՐԺ. Այդ ինչի՞ մասին եք վիճում։
ԳՐԻՇԱ. Նորին գերազանցությունն ուզում է իմանալ, որքան հեռագրական սյուներ կան Ռուսիայում։
ՍԵՐՅՈԺԱ. Ինչո՞ւ համար։
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Ուզում եմ իմանալ՝ բոլոր ջհուդներին կախ տալու համար։ Գրիշա, երեք միլիոնը քիչ է, մնացյալին ես կստիպեմ իրենց ձեռքով փորել իրենց գերեզմանները…
ԳՐԻՇԱ․ (Հրճվանքով)։ Եվ այնտեղ թաղել կտանք նրանց կենդանի-կենդանի, չէ՞․․․ Հրաշալի գաղափար, հանճարեղ միտք։ Ամենքի՞ն…
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Ոչ, մի հատ կթողեմ նմուշի համար թանգարանում։
ԼԻԴԻԱ. Եվ այդպես բոլոր հրեաներին ջնջելուց հետո անշուշտ հերթը կգա հայերին, վրացիներին և բոլոր օտար ազգություններին, այնպես չէ՛, գեներալ։
ՇՊՈԻԼԵՆԿՈ․ Ես այդ չասացի:
ԼԻԴԻԱ. Ներողություն, դուք արդեն ասել եք այդ և շատ անգամ։
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Գրիշա, ես չէի՞, որ Կիսլովոդսկում հայերին պաշտպանեցի։
ԳՐԻՇԱ. Ճիշտ է, ձերդ գերազանցություն, կարող եմ երդվել։
ԼԻԴԻԱ. Ես կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե դուք չպաշտպանեիք մեզ։
ԺՈՐԺ․ (Հանդիմանաբար)։ Լիդիա, էլի՞ սկսեցիր մորեղբորդ երգը երգել։ Լռի՛ր։
ԼԻԴԻԱ. Ինչո՞ւ պիտի լռեմ։ Գեներալն ամեն տեղ պարծենում է, թե հայերին ազատել է կոտորածից և անարգում է մեզ, որ փող չենք տալիս նրան։ Այնպես չէ՞, ձերդ գերազանցություն, իրավ որ արժանի ենք, որ դուք մեզ կոտորեիք։ Բարեբախտաբար, բոլշևիկները ձեզ չեն թողնիլ, որ ոտք դնեք Ռուսիա։
ԺՈՐԺ. (Բարկացած)։ Լիդիա…
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Գրգռված)։ Հիսուն հազար առյուծներ են սպասում իմ հրամանին Բալկանյան թերակղզու վրա։ Բայց Նիկոլայ Նիկոլայևիչն ասում է, թե դեռ ժամանակը չէ արշավելու, և ես համաձայն եմ նրա հետ։ Garçon, deux bouteilles de soterne:
ՍՊԱՍԱՎՈՐ. (Հասարակ գինու շշերը տանում է և բերում է երկու շիշ սոտերն)։
ԼԻԴԻԱ. (Միշտ հեգնանքով)։ Հիսուն հազար առյուծներ, որոնց թվում և մի քանի վագրեր, ինչպես իմ ամուսինը, իմ եղբայրը, նրանց ընկերները։ Ախ, մոնարխիստներ դուք քաջ եք միայն գինի կոնծելում և սկանդալներ սարքելում…
ԺՈՐԺ. Լիդիա, ես քեզ արգելում եմ այդ լեզվով խոսել։
ԼԻԴԻԱ. Քո արգելքն ինձ համար օրենք չէ և ոչ էլ ես վախենում եմ որևէ մեկից…
ԳՐԻՇԱ. (Կուրծքն ուռցնելով)։ Լիդիա Պետրովնա, ես որպես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆիցեր, բողոքում եմ… (Սոտերնի բաժակը մի անգամից դատարկելով, զարկում է սեղանին)։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են)։
ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ. (Ավելի ամուր են գրկախառնվում)։
ԼԻԴԻԱ. (Բարձրաձայն ծիծաղելով)։ Նորին կայսերական մեծությո՜ւնը… Ո՞ւր է այդ մեծությունը։ Չկա. ոչնչացավ։ Իսկ ձեր Կիրիլլն իր հրովարտակով, հա, հա, հա… Երևակայում եմ, այնտեղ, երկրում որքան են ծիծաղել այդ հրովարտակը կարդալով։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Լիդիա Պետրովնա, եթե դուք տղամարդ լինեիք, ես ձեզ մենամարտության կհրավիրեի։ Բայց որովհետև կին եք, խմում եմ ձեր կենացը։ (Հրամայողական տոնով): Գրիշա՛…
ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով)։ Լսում եմ, ձերդ գերազանցություն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Խմենք ու երգենք։
ԳՐԻՇԱ. Խմենք ու երգենք, ձերդ գերազանցություն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ի՞նչպես է քո հնարած մարշը։ Երգիր, ես քեզ կձայնակցեմ։
ԳՐԻՇԱ. (Ռազմական կեցվածք ընդունելով, երգում է)։ Պռոմ, պռոմ պոն պոն, շա՛գոմ, շա՛գոմ, պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ոգևորված, բաժակը սեղանին զարկելով): Պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն, զդարովո րեբյատաա՜…
ԳՐԻՇԱ. Զդրավիյե ժելայեմ, վաշե պրեվոսխոդիտեյլստվո…
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ․ (Խորքից գալով, ոմանք ծիծաղում են, ոմանք վրդովման նշաններ են անում):
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ (Շտապով գալիս է խորքից): Oh la՛, oh la՛ la. Monsieur le général, taisez je vous en prie, taisez-vous[4]։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, ի՞նչ է ասում այդ ռեխը… Գրիշա, զարկիր… ջհուդ է…
ԳՐԻՇԱ. (Սպառնալիքով ձեռը բարձրացնում է իբր թե մետր դ՚օտելին զարկելու, բայց իսկույն ժպտում է և բաժակը վերցնելով, գոչում է): Ա ոտր սանտե, մոսիո։
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ. (Գլուխը երերալով, ապշած): C՚est inсrоуаblе, tout les russes sont fous[5].
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Բարձրաձայն ծիծաղելով հեռանում են):
ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես ո՞ւր սպասեմ ձեզ տասներկու ժամին այնտեղ գնալու համար։ (Ոտքի է ելնում):
ՍԵՐՅՈԺԱ. Տանը, ես ինքս կգամ ձեր ետևից։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Դուք վիրավորվեցի՞ք, Լիդիա Պետրովնա։
ԼԻԴԻԱ. Ամենևին: Մնացեք բարով: (Գնում է ձախ կողմի դռնով):
ՏԵՍԻԼ 9
ՆՈՒՅՆՔ, առանց ԼԻԴԻԱՅԻ
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ժորժ, ձեր քույրը կոմունիստ է, թող զգուշանա:
ԺՈՐԺ. Ո՛չ գեներալ, նա միայն իմ մորեղբոր խոսքերն է կրկնում։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Աա, ձեր մորեղբա՞յրը. մի ժամ առաջ նրա անունն իշխան Արբութով-Լայնակզակի առաջարկությամբ անցկացրինք սև տախտակի վրա։
ԺՈՐԺ. Այդ ի՞նչ ասել է։
ԳՐԻՇԱ. Այդ ասել է, որ երբ Ռուսիան մեր ձեռքը կանցնի, նրան էլ կախաղան կբարձրացնեն, ջհուդների հետ…
ՍԵՐՅՈԺԱ․ Ժորժ, հայրդ…
ԺՈՐԺ. (Շտապով վեր է կենում և առաջ գնում հորը դիմավորելու համար)։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գրիշա, գնանք, մի քիչ թարմանանք։ (Գրիշայի հետ գնում են խորքը և նստում ուրիշ սեղանի քով)։
ՏԵՍԻԼ 10
ԺՈՐԺ և ՊԵՏՐՈՍ առանձին
ՊԵՏՐՈՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով. հագած է ֆրակ, որ նեղ լինելու պատճառով լավ չի նստած վրեն, և գունավոր պանթալոն. վերարկուն ձգած է ուսի վրա, տրամադրությունը հանդիսավոր է):
ԺՈՐԺ. (Դիմավորում է հորն ընկերների սեղանից հեռու, ավանսցենի մոտ): Պապա, ինչո՞ւ համար ես եկել։
ՊԵՏՐՈՍ. Ըմբո, եկել եմ, որ գնանք խնամուս մոտ։
ԺՈՐԺ. Բայց դեռ կանուխ է, պապա, անհարմար է տասներկու ժամից առաջ գնալ։
ՊԵՏՐՈՍ. Դե լավ, էստեղ կսպասեմ։ Թող մի քիչ մուզիկ լսեմ։ Դու գնա ընկերներիդ մոտ, ես ջահիլների հետ չեմ նստիլ։
ԺՈՐԺ. (Հանկարծ նկատելով նոր ֆրակը): Պապա, այդ ի՞նչ ես հագել։
ՊԵՏՐՈՍ. Փռակ է, էլի հըը, տես։ (Վերարկուն ուսերից վերցնում են):
ԺՈՐԺ. Բայց լավ չէ, պապա, չի սազում։
ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ նեղ է վրես։ Դե հարսանիքիս փռակն է, կարվելու ժամանակ նազուկ տղա էի, հիմի մի քիչ չաղացել եմ։
ԺՈՐԺ. (Ավելի է զարմանում, պանթալոնը նկատելով)։ Իսկ պանթալոնդ, պապա, այդ ի՞նչ գույն է։
ՊԵՏՐՈՍ. Շալվարս ես ասո՞ւմ, դե օրինավոր շալվար է, էլի, չես հավանո՞ւմ։
ԺՈՐԺ. Պապա, ֆրակի հետ սև պանթալոն են հագնում և ոչ թե մոխրագույն։
ՊԵՏՐՈՍ. Էդ բանը մայրդ էլ ասաց, ես էլ գիտեմ, բայց ի՞նչ անեի, սև շալվարիս քամակը մաշված էր, ուզեցի հագնել, պատռվեց։ Էհ, ոչինչ, յոլա կերթա։
ԺՈՐԺ. Ո՛չ, պապա, ես այդ հագուստովդ քեզ հետ ոչ մի տեղ չեմ գնալ։ Վերադարձիր տուն և ամենօրյա հագուստդ հագիր։ (Մեկուսի): Այ քեզ պատիժ։
ՊԵՏՐՈՍ. Դե լավ, թող մի բաժակ պիվա խմեմ, ծարավ եմ:ԺՈՐԺ. Լավ, նստիր հենց այստեղ։ Բայց վերարկուդ հագիր։ (Օգնում է վերարկուն հագնելու): Կոճկիր։ Այ, այդպես։ Նստիր ու ոտներդ թաքցրու սեղանի տակ։ Չշարժվես: (Նստեցնում է առանձին սեղանի մոտ՝ ավանսցենի կողմում):
ՊԵՏՐՈՍ. Էս էլ ոտներս, դե ասա, որ պիվա տա։
ԺՈՐԺ. (Գարեջուր է պատվիրում սպասավորին, որ ոչ հեռու կանգնած ծիծաղում է Պետրոսի վրա):
ՍՊԱՍԱՎՈՐ. (Պետրոսի համար բերում է մի մեծ գավաթ գարեջուր):
ՊԵՏՐՈՍ. Դե դու ինձ մենակ թող, որ մտածեմ, թե ինչ պիտի ասեմ խնամուս։
ԺՈՐԺ. (Մոտենում է իր ընկերներին):
ՏԵՍԻԼ 11
ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է ձախ կողմի դռնով, ուզում է նստել, բայց Պետրոսին տեսնելով, զարմանում է ու մոտենում նրան)։ Բահ, դու այստե՞ղ, ո՞ր քամուց։
ՊԵՏՐՈՍ. Քամի-մամի չկա, քեփս տվեց — եկա։ Թե ուզում ես, նստիր։
ԱՐՏԱՇԵՍ. (Նստելով): Այդ ինչո՞ւ ես վերարկուդ այդպես կոճկել ու կուչ եկել։
ՊԵՏՐՈՍ. Ցուրտ է։
ԱՐՏԱՇԵՍ. Դու մրսո՞ւմ ես:
ՊԵՏՐՈՍ. Հա, մի քիչ հարբուխ ունեմ։ (Կեղծ հազում է ու փռշտում):
ԱՐՏԱՇԵՍ. Դու ե՞րբ ստացար հարբուխ, մի երկու ժամ առաջ առողջ էիր։
ՊԵՏՐՈՍ. (Փռշտում է): Աշխարհիս բաներն էդպես են. մի ժամ առաջ առողջ էիր եզան պես, մեկ էլ տեսար տնգլփստան տվիր, կամ մի օր առաջ գրպանումդ քամիներ էին խաղում, մեկ էլ տեսար աստված միլիոններ ուղղարկեց։ Չարխ էէ՜, գիշեր-ցերեկ պտույտ է գալիս, մեկին բարձրացնում է, մյուսին տակովն է անում։ (Հազում է):
ԱՐՏԱՇԵՍ. Այդ ի՞նչ է պատահել քեզ, այսօր հանելուկներով ես խոսում։
ՊԵՏՐՈՍ. Հանելուկին մեջ թաղված իմաստությունը պիտի հասկանալ, թե առակս զինչ ցուցանե։
ԱՐՏԱՇԵՍ. Պետրոս։
ՊԵՏՐՈՍ. Հը՞ը ասելու բան ունես՝ ասա։
ԱՐՏԱՇԵՍ. Ես քեզ մի տեսակ փոխված եմ տեսնում:
ՊԵՏՐՈՍ. Փոփոխություններ կան, որ հասկանալ չես կարող, ինչքան էլ խելքիդ զոռ տաս։ (Մեկուսի): Որ հասկանաս, կտրաքես նախանձից։
ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Կարծես փեսայիս ուղեղը մթնում է ծերությունից։ (Բարձր): Պետրոս, երա՞զ ես տեսել։
ՊԵՏՐՈՍ. (Տաքանալով): Երազ չէ, ա մարդ, իսկություն է, իսկություն։
ԱՐՏԱՇԵՍ. Դե ասա տեսնենք, այդ ի՞նչ իսկություն է։
ՊԵՏՐՈՍ. Խե՞ պիտի ասեմ, որ պարալիչ ստանա՞ս։ (Երաժշտության եղանակով զանազան շարժումներ է անում, մատները զարկելով սեղանին):
ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Տեր ողորմած աստված, այս մարդը ճշմարտապես ցնդվել է։ (Բարձր): Պետրո՛ս, Պետրո՛ս, այդ ի՞նչ ես անում։
ՊԵՏՐՈՍ. Մտքումս երգ եմ ասում. էդ մուզիկն էլ էսօր իմ քեփովն է, տայ տրա, տայ տա, տայ տա տա։ Ամերիկա, Ամերիկա, դոլլար, դոլլար, դոլլար…
ԱՐՏԱՇԵՍ. Հաա՜, հիմա հասկացա, դու չքնած երազում ես, որ հանքերդ ծախել ես ու դոլլարներ ես համրում։
ՊԵՏՐՈՍ. Ադա, խե՞ չես մի բան խմում։ Դե ասա, հրամայիր, լիկյոռ, բենեդիկտին, չարտռյոզ, ինչ որ քեփդ է։ (Բարձր): Ադա, չալավեկ։
ԱՐՏԱՇԵՍ. (Սպասավորին): Donnez-moi un cafe nature.
ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի գավաթ սև սուրճ): (Մյուս սեղանի քով)
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Բոլորովին հարբել է): Գրիշա…
ԳՐԻՇԱ. (Նույնպես հարբել է)։ Լսում եմ, ձերդ գերազանցություն:ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ձեռով ցույց տալով համբուրվող զույգի վրա)։ Այդ զույգն իր համբույրներով ինձ գրգռեց, տար ինձ մի ուրախ տեղ։ (Վեր է կենում երերալով)։
ԳՐԻՇԱ. Գնանք Շաբանե, ձերդ գերազանցություն։ (Վեր են կենում երերալով)։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գնանք։ Վճարեցի՞ր։
ՍԵՐՅՈԺԱ. Դուք գնացեք, ես կվճարեմ։
(Շպուլենկոն և Գրիշան թև թևի տված երերալով և երգելով պռոմ պռոմ պռոմ, գնում են ձախ կողմի անցքով։ Հաճախորդները ծիծաղում են)։
ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ, առանց ՇՊՈՒԼԵՆԿՈՅԻ և ԳՐԻՇԱՅԻ, ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ
ՊԵՏՐՈՍ. (Ձեռը զարկելով Արտաշեսի ուսին): Ադա, աչքունքդ բաց արա, է, ի՞նչ ես քացախել: Ես քո բոլշևիկների ջիգարն եմ դաղելու իրենց փորերի մեջ: Հենց որ բանը գլուխ եկավ վերջացավ, թուշ, գնալու եմ Նիկոլայ Նիկոլաևիչին կուշտը…
ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ ես գնալու:
ՊԵՏՐՈՍ. Գնալու եմ, որ ասեմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, գատովո»:
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչն է գատովո:
ՊԵՏՐՈՍ. Ադա, փողը էէ՜, փողը, ինչ անհասկացող մարդ ես դու։ Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նեխվատաի՞տ, նա, վազմի սկոլկո խոչիշ…»:
ԱՐՏԱՇԵՍ. (Հետաքրքրվելով): Հետո, հետո՞։
ՊԵՏՐՈՍ. Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, նաշի սպասիտել, պառա նաչինայտ», ես կասեմ, նա էլ նաչինայտ կանե:
ԱՐՏԱՇԵՍ. (Հազիվ ծիծաղը զսպելով)։ Ի՞նչը «նաչինայտ» կանե։
ՊԵՏՐՈՍ. Կռիվը։ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւմ դեմ։
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, դու ինչ դմբո մարդ ես։ «Ո՞ւմ դեմ»։ Քո էդ ավազակ բոլշևիկների դեմ։ Բայց առաջ-առաջ էդ Միլյուկով շան տղին պիտի սպանել տամ։
ԱՐՏԱՇԵՍ. Միլյուկովը բոլշևիկ չէ։
ՊեՏՐՈՍ. Նա բոլշևիկներից էլ բեթար է, դու չես ճանաչում։ Կռիվը կտանենք ու տարժեստվենի կմտնենք Ռուսաստան, բոժե ցարիա խրանի. չաստնիյ սոբոստվենոստը վաստանավիտ կանենք, հանքերս կծախեմ, փողերս գրպանս կդնեմ ու հայդա էլի Պարիժ։ Ինձանից հետո թող քո Ռուսաստանն էլ, քո Կավկազն էլ և քո Հայաստան-մայաստանն էլ քարուքանդ լինեն, այնումս չեմ գցիլ։ Չալավեկ։ Ադա, հրամայիր մի լավ բան բերի։
ԱՐՏԱՇԵՍ. Լավն այն կլինի, որ վեր կենաս, գնանք տուն, տասնումեկ ժամն է։
ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով)։ Տուն գնանք։ Խե՞, ես գժվե՞լ եմ։ Ամերիկայում գիշերվա գործն առավոտյան չեն գցում։
ԱՐՏԱՇԵՍ. էլի՞ Ամերիկա։ Փեսա, ինչպես տեսնում եմ, գլուխդ ուսերիդ վրա չէ։
ՊեՏՐՈՍ. Ներողություն։ Էդ քո գլուխն է, որ շալթայ-բալթայ է անում, բան չես հասկանում։ Մին էնտեղ մտիկ արա է, տեսնո՞ւմ ես իմ ասլան որդուն, պարծեցիր հաա, քո քրոջ որդին է։
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է արել, որ պարծենամ, բացի թուղթ խաղալուց, հարբելուց ու դանսինգներում պարելուց։
ՊԵՏՐՈՍ. (Ծիծաղում է): Պարելուց։ Հենց էդ պարելու մեջ է մեր ժամանակի զորությունը։ Էդ նրա պարելն է, որ պիտի փրկե իրան էլ, ինձ էլ, քեզ էլ ու մեր բոլոր ազգական-բարեկամներին էլ։ (Բաց է անում վերարկվի կոճակները)։ Փահ, շոգ է, քրտնեցի։
ԱՐՏԱՇԵՍ. Օհո, ֆրակ ես հագել։
ՊԵՏՐՈՍ. Խե՞ չեմ հագնիլ: Օրես դենն ինձ փռակ էլ է սազելու, սմոկինգ էլ (Երգում է)։ Տրա՜-րա՜-րա՜, տա՜-տա՜-տա՜, տա՜-րա՜-տա՜…
ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Չէ՛, սրան պետք է անպատճառ տուն տանել։ԺՈՐԺ. (Մոտենում է): Պապա, գնալու ժամանակ է։
ՊԵՏՐՈՍ. (Աշխույժով ոտքի ելնելով): Հա՛, գնանք, քե մատաղ: (Ուզում է վճարել): Չալավեկ։
ԱՐՏԱՇԵՍ. Լավ, դու գնա, եա կվճարեմ։ (Ժորժին): Շուտ տար տուն դրան, ես դրա բանը լավ չեմ տեսնում:
ՊԵՏՐՈՍ. Դե, ցտեսություն, Արտաշ, էգուց եկ ինձ տեսնելու, ես մի շատ ուրախալի բան եմ ասելու քեզ։ Գնանք Ժորժ, մեզ սպասում են։ (Գնում է ձախ կողմի դռնով)։
ԱՐՏԱՇԵՍ. Խեղճ մարդ։ Գարսոն, պեյե վու։ (Վճարում է)։
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Գիշերային ռեստորան Մոնմարտրում։ Մի մեծ դալիճ՝ լայն կամարով բաժանված երկու մասերի: Ճաշակով դասավորված և ծաղիկներով զարդարված սեղաններ: Պատերի վրա ռուս նկարիչների նկարներ` չափազանց վառ գույներով: Հատակը մեջտեղում բաց է պարերի համար, պատերի կողմում ծածկված է ֆրանսիական գորգերով: Կահ-կարասիքի ընդհանուր ոճը հավակնոտ արևելյան է՝ խառը ռուսական և ֆրանսիականի հետ: Երեք դռներ, որոնցից երկուսը աջ, մեկը ձախ պատի մեջ: Աջ կողմի առաջին դուռը տանում է նախասենյակ, երկրորդը մի ուրիշ սենյակ, ուսկից սպասավորները բերում են ըմպելիքները և ուտելիքները: Ձախ կողմի դուռը տանում է պարող-պարուհիների ու երգիչ-երգչուհիների զգեստավորման սենյակը:
Առանձին հարմար անկյուններ՝ էլեկտրական կարմիր ու դեղնագույն լամպարիկներով լուսավորված:
Երաժշտությունը նվագում է, պարերն ու երգեցողությունները տեղի են ունենում մեծ մասամբ կամարի մյուս կողմում: Կամարը, շատ լայն լինելով, ցուցադրում է տեսարանի ամբողջությունը, բացի նրա ետևում գտնվող հաճախորդներից:
Նվագելով եղանակները և երգված երգերը մեծ մասամբ ռուսական և ցիգանային են, իսկ պարերը հաջորդաբար խառը։ Հանաճախորդները մեծ մասամբ անգլիացիներ, ամերիկացիներ և ռուսներ են՝ երկու սեռերից։
ՏԵՍԻԼ 1
(Վարագույրը բացվելիս հաճախորդներ կան արդեն: կամարի մյուս կողմում երաժշտություն: Երաժիշտները հագած են ռուսական կամ ցիգանային զգեստներ: Երևում են պարող-պարուհիներ նույն զգեստներով. մեկը միայն նրանցից հագած է կովկասյան լեռնականի զգեստ, մեջքին կապած դաշույն: Ուսերի վրա ունի կարմիր բաշլղ (գլխնոց):
ՆԱՏԱՇԱ. (Հագնված է ավելի շքեղ, քան երկրորդ արարվածի մեջ): Այս գիշեր մենք կունենանք մի զվարճալի հյուր։
ՎԱՐԻՉ. (Շիկահեր մարդ է, մոտ 45 տարեկան, հագած է ֆրակ): Ո՞վ է։
ՆԱՏԱՇԱ. Ժորժ Մինթոևի հայրը։
ՎԱՐԻՉ. Այդ հայտնի նավթարդյունաբերն ու կալվածատե՞րը, որի մասին ասում են, թե առաջ սայլապան է եղել։
ՆԱՏԱՇԱ. Սայլապան լինելն անեկդոտ է, բայց տգետի մեկն է։
ՎԱՐԻՉ. Աշխատիր լավ քամել։ Այդ միլիոնատեր էմիգրանտները ալյուրի տոպրակներ են, որքան թափ տաս, էլի անկյուններից մի բան կթափվի։
ՆԱՏԱՇԱ. Կաշխատեմ, միայն պայմանով, որ տոկոսս ավելացնես այս գիշեր:
ՎԱՐԻՉ. Շատ լավ։
ՆԱՏԱՇԱ. Մի ուրիշ պայման, այս գիշեր ես Նատաշա չեմ, այսինքն՝ ոչ պարուհի, ոչ երգչուհի։
ՎԱՐԻՉ. Հապա ի՞նչ ես։
ՆԱՏԱՇԱ. Նյու-Յորքից եկած մեծահարուստ ամերիկուհի, այն էլ հռչակավոր միլիարդեր Մորգանի քույրը։
ՎԱՐԻՉ. Tien!, ա՞յդ ի՞նչ նոր կոմեդիա է։
ՆԱՏԱՇԱ. Հետո կբացատրեմ։ (Նկատելով առաջին անծանոթին): Հյուր եկավ, գնա ընդունելու։
ԵՐԱԺՇՏՈԻԹՅՈԻՆ. (Նվագում է մի կարճ քայլերգ):
ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ԱՆԾԱՆՈԹ
Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Երկրորդ արարվածի ֆրանսիացին է, որ այժմ հագած է ֆրակ: Գալիս է աջ կողմի առաջին դռնով և նստում է աջ կողմի սեղաններից մեկի քով, մուտքին մոտիկ):
ՎԱՐԻՉ. (Շտապով կարգադրել է, որ սպասավորը ծառայե Անծանոթին և նորեն մոտեցել է Նատաշային): Գիտե՞ս ով է։ (Թեքվելով ինչ-nր շշնջում է Նատաշայի ականջին):
ՆԱՏԱՇԱ. (Ցնցվելով): Մի՞թե։ (Երկյուղով նայում է Անծանոթի կողմ):
ՎԱՐԻՉ. Այո, ես նրան ճանաչում եմ։ Հավատացնում եմ, որ առանց նպատակի չի եկել այստեղ։ (Տեսնելով Ստյոպային): Ահա եկավ քո բարեկամներից մեկը։ Ընդունիր ինքդ։
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ՍՏՅՈՊԱ
ՍՏՅՈՊԱ. (Եկել է աջ կողմի առաջին դռնով, հագած է սմոկինգ):
ՆԱՏԱՇԱ. (Մոտեցել է Ստյոպային): Ինչո՞ւ ես մենակ։
ՍՏՅՈՊԱ. Մյուսներն էլ կգան։
ՆԱՏԱՇԱ. Որ այդպես է, անցիր կամարի ետև:
ՍՏՅՈՊԱ. (Գնում է կամարի ետև):
ԱՆԾԱՆՈԹ. (Աչքերով ուղեկցում է Ստյոպային):
ՎԱՐԻՉ. (Նկատելով Անծանոթի Ստյոպային հետևելը, մոտենում է Նատաշային): Այս գիշեր քո բարեկամի այստեղ գալն ինձ դուր չի գալիս։
ՆԱՏԱՇԱ. Ինչո՞ւ։
ՎԱՐԻՉ. Տեսա՞ր, այդ մարդն ինչպես նայեց նրա ետևից։
ՆԱՏԱՇԱ. Թող նայե, մե՞զ ինչ։ (Նկատելով Պետրոսին և Ժորժին)։ Ահա իմ հյուրն եկավ։ Ընդունիր նրան մեծ հարգանքով, իսկ ես հետո կմոտենամ։ (Շտապով գնում է կամարի ետև):
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ, ՊԵՏՐՈՍ և ԺՈՐԺ
(Պետրոսը և ժորժը ներս են մտել աջ կողմի առաջին դռնով: Պետրոսն այժմ առօրյա հագուստով է, իսկ Ժորժը սմոկինգ է հագած):
ՊԵՏՐՈՍ. Էս ի՞նչ պայծառ լուսավորություն է. կասես հարսանիքի տուն է:
ԺՈՐԺ. Այստեղ ամեն գիշեր հարսանիք է, մի բան էլ ավելի:
ՎԱՐԻՉ. (Հարգանքով դիմավորելով Պետրոսին, ցույց է տալիս ձախ կողմի անկյուններից մեկը ավանսցենի կողմ):
ՊԵՏՐՈՍ. (Նստում է, ձեռը տանելով դեպի մեջքը): Ուֆ, զահրումար մեջքացավս էլի սկսում է:
ԺՈՐԺ. Ի՞նչ կկամենաս խմել, պապա:
ՊԵՏՐՈՍ. Ես ծարավ չեմ:
ԺՈՐԺ. Ոչ, պապա, մի բան պետք է պատվիրել:
ՊԵՏՐՈՍ. Թող մի պիվա բերի:
ՎԱՐԻՉ. (Երեսը մի կողմ դարձնելով, ծիծաղում է):
ԺՈՐԺ. Այստեղ պիվո չեն խմում: (Սպասավորին, որ մոտեցել է): Cordon rouçe.
ՍՊԱՍԱՎՈՐ. (Անհապաղ բերում է մի շիշ շամպայն):
ՎԱՐԻՉ. (Շամպայնի շիշը բաց է անում իր ձեռքով):
ԺՈՐԺ. Պապա, դու մի քիչ զրույց արա դիրեկտորի հետ, ես տեսնեմ հարսնացվիս մորաքույրն եկե՞լ է, թե չէ: Գնում է կամարի ետև):
ԿԱՄԱՐԻ ԵՏԵՎՈՒՄ. (Երգեցողություն, բուռն ծափահարություններ: Բրավո, բրավո՜…)։
ՏԵՍԻԼ 5
ՊԵՏՐՈՍ և ՎԱՐԻՉ
ՊԵՏՐՈՍ. (Վարիչին): По русски знаешь?
ՎԱՐԻՉ. Знаю.
ՊԵՏՐՈՍ. Мигрант?
ՎԱՐԻՉ. Да, я мигрант. (Շամպայն է ածում Պետրոսի համար):
ՊԵՏՐՈՍ. Бежал?ՎԱՐԻՉ. Бежал.
ՊԵՏՐՈՍ. Откуда?
ՎԱՐԻՉ. Из Ростова на Дону.
ՊԵՏՐՈՍ. Служил?
ՎԱՐԻՉ. Нет, я был фабрикантом.
ՊԵՏՐՈՍ. Какой фабрику имел?
ՎԱՐԻՉ. Я имел фабрику сургуча и гильз для папирос.
ՊԵՏՐՈՍ. Հայ գիդի հա՜, все пропало.
ՎԱՐԻՉ. И все вернется вновь. (Շամպայն է ածում Պետրոսի համար)։
ՊԵՏՐՈՍ. Держи карман шире.
ՎԱՐԻՉ. Вы не верите?
ՊԵՏՐՈՍ. Знаешь, земляк, армянски пословица говорит: пока канаву вода пойдет, лягушки глаза вискачит.
ՎԱՐԻՉ. (Ծիծաղում է): Я эту пословицу знаю. Я армянин.
ՊԵՏՐՈՍ. Ըմբո՜, армянин? А почему ты рыжий?
ՎԱՐԻՉ. Это уж я не знаю.
ՊԵՏՐՈՍ. Может быть мамаша знает.
ՎԱՐԻՉ. Виноват, гости. (Ծիծաղելով հեռանում է նոր հյուրերին ընդունելու)։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Մի խումբ ամերիկացիներ ու ամերիկուհիներ, որ գալիս են աջ կողմի առաջին դռնով և տեղավորվում են խորքում:
ԿԱՄԱՐԻ ԵՏԵՎՈԻՄ. (Երաժշտություն, երգեցողություն, պարեր փոփոխաբար)։
ՏԵՍԻԼ 6
ՊԵՏՐՈՍ, ԺՈՐԺ և ՆԱՏԱՇԱ
ԺՈՐԺ ԵՎ ՆԱՏԱՇԱ. (Թևանցուկ գալիս են կամարի ետևից):
ԺՈՐԺ. Խնդրեմ ծանոթանաք։ Իմ հայրը։ Պապա, իմ հարսնացվի մորաքույրը, միստրիսս Ալիս Ջերալդ, ծնյալն միսս Մորգան։
ՆԱՏԱՇԱ. (Հանդիսավոր): Անսահման երջանիկ կզգամ ինքզինքս, ծանոթանալով իմ ապագա փեսայի ազնվազարմ ծնողին հետ:ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել չափազանց շփոթված): Ես քեզանից էլ ավելի երջանիկ եմ, որ է… Պյոտր Իվանիչ Մինթոև բակինսկի-գռոզնսկիյ նեֆթապռոմիշնիկ, նստիր, քե մատաղ։
ՆԱՏԱՇԱ. (Նստելով): Շնորհակալ եմ մեծապես։
ՊԵՏՐՈՍ. Այ, տղա, հրամայիր մի մազա բերի։ Բուտերբրոդ կուզե՞ս։
ՎԱՐԻՉ. (Երեսը դարձնելով, ծիծաղում է)։
ՆԱՏԱՇԱ. Ոչ, շնորհակալ եմ։ Ես ծարավ եմ։ (Լցնում է իր և Պետրոսի բաժակները)։
ՊԵՏՐՈՍ. Խմիր, մատաղ, խմիր։ (Ժորժին)։ Դու կարող ես գնալ, մենք զրույց կանենք։
ԺՈՐԺ. (Նատաշային առանձին): Չմոռանաս խնդրածս։ (Բարձր)։ Պապա, ես գնում եմ իմ ընկերոջ մոտ։ (Գնում է կամարի ետև)։
ՏեՍԻԼ 7
ՊԵՏՐՈՍ և ՆԱՏԱՇԱ
ՊԵՏՐՈՍ. Հրամանքդ, ի՞նչ տեղ ես սովորել հայերեն խոսելը:
ՆԱՏԱՇԱ. Ստամբոլում։ Մարդս հոն շատ տարիներ դեսպան եղած է։ Մենք ամերիկացիքս շատ կսիրենք հայ ազգ ու կջանանք անոր լեզուն սովրել։ Իմ ուսուցիչ հայ միսսիոներ մը եղած է — Արտաքսոս Բունգուլտաշյան: Ձեր կենացը։ (Խմում է)։
ՊԵՏՐՈՍ. Այ շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ (Խմում է)։ Մարդդ հիմա ի՞նչ տեղ է։
ՆԱՏԱՇԱ. Մարդ չունիմ։ (Պետրոսի բաժակը նորեն լեցնում է)։
ՊԵՏՐՈՍ. Խե՞։
ՆԱՏԱՇԱ. Հինգ տարի առաջ մարդս կլորվեց։
ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե կլորվեց:
ՆԱՏԱՇԱ. Այո, մենք այդպես կըսենք. երբ մեկը կմեռնե հանկարծ, առանց զգուշացնելու։ՊԵՏՐՈՍ. Ուրեմն սիրտը տրաքե՞լ է, հե՞։
ՆԱՏԱՇԱ. Այո։
ՊԵՏՐՈՍ. Խե՞:
ՆԱՏԱՇԱ. Որովհետև հարբեցող էր։
ՊԵՏՐՈՍ. Ըմբո՞:
ՆԱՏԱՇԱ. Այո, հարբեցող, թուղթ խաղացող, շառլատան, կռվարար, սրիկա, ապուշ, սկանդալիստ…
ՊԵՏՐՈՍ. Բո, բո, բո, Ամերիկայի պես մի մեծ պետության դեսպան ու սկանդալի՞ստ։
ՆԱՏԱՇԱ. (Շփոթված): Դեսպան, այո, իհարկե, դեսպան էր, օպերետտի հուշարար չէր, ներողություն, միտքս մի քիչ խառնվեց։ (Բաժակը զարկելով Պետրոսի բաժակին): Խմենք։
ՊԵՏՐՈՍ. (Մեկուսի)։ Էս կնոջից խելքս բան չի կտրում, բայց թե ո՞վ գիտե, ամերիկուհի է։
ՆԱՏԱՇԱ. (Բաժակը նորեն զարկելով Պետրոսի բաժակին)։ Այս էլ իմ կենացը։
ՊԵՏՐՈՍ. Ախ, ներողություն, հրամանոցդ կենացը։ (Խմում է)։ Հա, էն էի ուզում ասել, խնամի։ (Կողմ): Չգիտեմ, ո՞նց սկսել։
ՆԱՏԱՇԱ. Ասացեք, միստեր Մինթոև, իմ լսողություն ձեզի համար բաց է, կրնաք չզարնել անոր դռներ։
ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ անուշ բան ասացիր, խնամի, ուրեմն կարող եմ համարձակ խոսել, չէ՞։
ՆԱՏԱՇԱ. Հարկավ, միստեր Մինթոև, հարկավ, մենք ամերիկացիքս կսիրենք ըլլալ պարզ, համարձակ, քիչ մալ ավելի։ (Թեթևակի մերձենում է Պետրոսին)։ Քիչ մալ ավելի…
ՊԵՏՐՈՍ. (Հաճելի ցնցումով)։ Աֆարիմ, բալեն կծեմ, աֆարիմ… հենց էդ է պատճառը, որ մենք էդքան սիրում ենք ձեզ։ Հա, գիտես, ես ուզում էի մի քիչ խոսել գործի մասին։
ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ գործի։
ՊԵՏՐՈՍ. Դե գիտես էլի, խոսքս իմ որդու ու քո քրոջ աղջկա մասին է, խնամի…ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով)։ Հասկացա, միստեր Մինթոև, հասկացա, կամիք գիտնալ, թե իմ քրոջ դուստր ինչպիսի աղջիկ մըն է, այո՞։
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, դե ամենից առաջ հենց էդ է հարկավոր իմանալ, հետո էլ…
ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Ասեմ, շատ աղվոր օրիորդ մըն է, տանը երեսուն ու իննը տարեկան, դրսում քսաներկու, համեստ է ինչպես կատու, բարի է ինչպես կապիկ: Շատ աստվածապաշտ է, ավետարանն անգիր գիտե, պոռնոգրաֆիա շաբաթվա մեջ է միայն կարդում, կիրակի օրերը գնում է եկեղեցի, խմելը մեզնում արգելված է, բայց մեկ-մեկ թաքուն խմում է: Արտաքի՞նը կուզեք գիտնալ. ամեն գովասանքից բարձր է. ճերմակ է ինչպես կճեպած ձու, թշերը կարմիր են, հասակը բարձր է ինչպես տելեգրաֆի սյուն, կուրծքը տափակ է տախտակի պես, ծծերը փորի վրա են, ոտները գեղեցիկ են ինչպես Վենետիկի գոնդոլներ, ատամները երկար ինչպես ձիու ատամները... Մի խոսքով կատարյալ ամերիկուհի է…
ՊԵՏՐՈՍ. (Որ լսել է զարմացմամբ, հիսաթափված): Ըմբո, էդ ի՞նչ գովասանք է, խնամի։
ՆԱՏԱՇԱ. Մենք ամերիկացիքս գովելու շնորհք չունենք, մենք չգիտենք բարբառել, մենք գործնական ենք, գիտե՞ք գործնական։ Խմենք։ (Բաժակները նորեն լցնելով, աչքով նշան է անում ոչ հեռու կանգնած սպասավորին, նոր շիշ բերելու)։
ՍՊԱՍԱՎՈՐ. (Ուզում է կիսատ շիշը վերցնել)։
ՊԵՏՐՈՍ. (Շիշը բռնելով): Թողիր մնա, դեռ մեջը շատ կա:
ՍՊԱՍԱՎՈՐ. (Բերում է մի նոր շիշ և այնուամենայնիվ կիսատ շիշը տանում է):
ՊԵՏՐՈՍ. Խնամի, ես ուրախ կլինեի, եթե իմ հարսը տեսքով քեզ նման լիներ:
ՆԱՏԱՇԱ. Ինձ նմա՞ն... oh la la. Ես ի՞չ եմ նրա համեմատ: Ոչինչ: Նրա նման մի ուրիշը չկա աշխարհի երեսին:
ՊԵՏՐՈՍ. Դե հիմի ուրիշ բանի մասին խոսենք: Խնամի, հրամանքդ ասացիր, որ ամերիկացիներդ գործնական մարդիկ եք։ Ես ինքս էլ համարյա թե մի ամերիկացի եմ, ծոտիպոտի բաներ չեմ սիրում։ Ուզում եմ ասել, թե ինձ հետաքրքրողն օժիտը չէ։ Փողն ի՞նչ բան է։ Ոչինչ, ես ինքս ինձ համար մի Մորգան եմ։ Բայց, դե մարդ ենք էլի, ինչ որ էլ լինի, բանը պիտի պարզենք։
ՆԱՏԱՇԱ. (Ընդհատելով): Միստեր Մինթոև, կամի՞ք լսել ապաշների երգ։
ՊԵՏՐՈՍ. Ցավդ առնեմ, ինչ որ դու սիրում ես, ես էլ եմ սիրում։
ՆԱՏԱՇԱ. Գնանք մոտիկ լսելու։ (Պետրոսի թևը բռնած գնում են խորքը):
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ. (Օգտվելով Պետրոսի բացակայությունից, սպասավորին հրամայում է նրա սեղանի վրա դնել անանաս, բիսկվիտ և այլն):
ՊԵՏՐՈՍ. ՆԱՏԱՇԱ. (Երգը լսելուց հետո վերադառնում են իրենց սեղանի քով):
ՆԱՏԱՇԱ. Հավանեցի՞ք ապաշների երգը։
ՊԵՏՐՈՍ. Շատ հավանեցի, շատ։ Հա, էն էի ասում, խնամի։ (Հանկարծ նկատել է սեղանի վրա ավելացվածը): Ըմբո, էդ ինչ է։
ՆԱՏԱՇԱ. Ուտելիք է, մազա, ուտենք։
ՊԵՏՐՈՍ. Հա, ուտենք։ Դե, խնամի, ագահություն չկարծես, հաա՜, լոխ աշխարհը գիտե, որ ես ագահ մարդ չեմ... Հասկացա՞ր։
ՆԱՏԱՇԱ. Հասկացա, խնամի, հասկացա, դուք ուզում եք բանը պարզել։ Խնամի, պետք է ասեմ, որ քրոջս աղջկա օժիտը մի մեծ բան չէ։
ՊԵՏՐՈՍ. Օրինակ, ինչքա՞ն է։
ՆԱՏԱՇԱ. Ոչինչ, չորսից մինչև հինգ հարյուր միլիոն...
ՊԵՏՐՈՍ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն ի՞նչ։
ՆԱՏԱՇԱ. Տանձի կորիզ։
ՊԵՏՐՈՍ. Տանձի կորի՞զ։ (Վախեցած):
ՆԱՏԱՇԱ. Այո, միստեր Մինթոև, մենք ամերիկացիքս դոլարին տանձի կորիզ ենք անվանում։
ՊԵՏՐՈՍ. (Թեթևության հառաչանք արձակելով): Հաա՜, էդպես ասա էէ, թե չէ... (Կողմ): Խնամիս շատ մազալու կնիկ է։ՆԱՏԱՇԱ. Չորսից մինչև հինգ հարյուր միլիոն դոլլարը քիչ է, այնպես չէ՞։
ՊԵՏՐՈՍ. Չէ, էնքան էլ քիչ չէ, ջահելներ են, կարող են մի կերպ ապրել, դե, ես էլ մի բան կավելացնեմ։ (Կողմ): Ոնց չէ, քո հորն օղորմի։
ՆԱՏԱՇԱ. Մի քիչ էլ ես կտամ։ Մի հարյուր կամ հարյուր հիսուն միլիոն տանձի կորիզ։
ՊԵՏՐՈՍ. Մարդդ մե՞ծ կարողություն է թողել քեզ համար։
ՆԱՏԱՇԱ. . (Մեկուսի): Շատ մեծ։ Մի կոտրած ածելի, երկու շիշ սմիրնովկա։ (Բարձր): Իհարկե, հանգուցյալը շատ մեծ մարդ էր, նա Մորգանից էլ հարուստ էր։ Հապա իմ կենացն էլ չե՞ք խմում։ (Իր և Պետրոսի բաժակները լցնելուց հետո, կիսատ շիշը մի կողմն է դնում և սպասավորին գլխով նշան է անում):
ՍՊԱՍԱՎՈՐ. (Կիսատ շիշը տանում է և նորն է բերում):
ՊԵՏՐՈՍ. (Մի թշնամական նայացք է ձգել սպասավորի վրա): Ներողություն խնամի, խոսքով եղա, էլի ձեր կենացը։ (Խմում է):
ՆԱՏԱՇԱ. Thank you very much (Թենկ յու, վերի մաչ): Բայց, խնամի, մի լավ հարսանիք պիտի սարքեք, հե՞, կովկասյան հարսանիք։ Մենք, ամերիկացիքս շատ կսիրենք ձեր հարսանիք։ (Խմում է):
ՊԵՏՐՈՍ. Մին սհարի ածել տամ, որ ձենը ձեր Ամերիկա հասնի։ (Կողմ): Խնամիս փափուկ ապրանք է։
ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, պարել գիտե՞ք։
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ պար։
ՆԱՏԱՇԱ. Տանգո, ֆոկստրոտ, չառլըստոն և այլն։
ՊԵՏՐՈՍ. Չէ, էդ փոքստրոտ-մոքստրոտն իմ խելքի բան չէ, ուրիշն ասա։
ՆԱՏԱՇԱ. Ռուսաց պարեր գիտե՞ք։
ՊԵՏՐՈՍ. էդ էլ չգիտեմ։ Ջահել ժամանակս շատ եմ պարել թարաքամա, թրինգի, ուզուն-դարա։ Դու սիրո՞ւմ ես պարել։
ՆԱՏԱՇԱ. Օ՜օ, պաշտում եմ։ Կամենաք, ձեզ համար կպարեմ մի ռուսաց պար։
ՊԵՏՐՈՍ. Ուզում եմ, բայց ավելի լավ կլինի, որ կշտիցս չհեռանաս։ (Փորձի համար մի քիչ սեղմվում է Նատաշային):
ՆԱՏԱՇԱ. (Ինքն ևս սեղմվելով Պետրոսին). Ո՛չ, ո՛չ, ես այնքան սիրեցի ձեզ, որ պետք է անպատճառ պարեմ։ Արդեն ոսկորներս պարում են։ (Շտապով վեր է կենում, նշան է անում խորքի երաժիշտներին մի ռուս կամ կովկասյան պար նվագելու և պարում է):
ՊԵՏՐՈՍ. (Ոգևորված ծափ է տալիս): Մաշալլա՜հ, մաշալլա՜հ աֆերի՛մ։
ՆԱՏԱՇԱ. (Մի քանի րոպե պարելով, նորեն նստում է և այս անգամ ինքն է սեղմվում Պետրոսին): Ահ, մինչև լույս պարեմ— չեմ կշտանալ։
ՊԵՏՐՈՍ. Ապրես, խնամի, ապրես, դու պարելում ուստաբաշի ես, Էլի քո կենացը։ (Ավելի է սեղմվում Նատաշային. կողմ): Ձեր արևը, կմշտելս գալիս է...
ՆԱՏԱՇԱ. Thank you very much. (Խմում է):
ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ ասացիր։
ՆԱՏԱՇԱ. Թենքիու վերի մեոչ, կնշանակե շատ շնորհակալ եմ, թենքիու վերի մեոչ...
ՊԵՏՐՈՍ. Հա՜ա. ես կարծեցի ուզում ես ասել մին պա՞չ...
ՆԱՏԱՇԱ. Մին պա՞չ։ Ուզում ե՞ք, պաչեցեք։ (Երեսը մոտեցնում է Պետրոսին): Մենք, ամերիկուհիքս սիրում ենք պաչվել...
ՊԵՏՐՈՍ. (Ուրախացած): Ա՜յ, օրհնվի ձեր ազգը։ (Շրթունքներն անձեռոցիկով սրբելով, ամուր համբուրում է Նատաշային): Ուխա՜յ...
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են և աղմկալի ծափահարում): Բրավո՜, բրավո՜...
ՊԵՏՐՈՍ. (Շփոթված ետ է նայում)։ Էդ ի՞նչ էր։
ՆԱՏԱՇԱ. Ոչինչ, ոչինչ, ուշադրություն մի դարձնեք։ Ներեցեք, միստեր Մինթոև, դուք քանի՞ տարեկան եք։
ՊԵՏՐՈՍ. (Տատանվելով): Վալլահ, ծնվելուս օրը միտս չէ:ՆԱՏԱՇԱ. Ես կարծում եմ, որ դուք պետք է լինեք մոտ քառասուն տարեկան:
ՊԵՏՐՈՍ. Չէ, դրուստն ասած, մի քիչ ավելի է, շատ քիչ է, շատ քիչ…
ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք կարծում, ես քանի՞ տարեկան եմ:
ՊԵՏՐՈՍ. Իմ հաշվով դու պիտի լինես մոտ երեսուն տարեկան:
ՆԱՏԱՇԱ. Ի՞նչ եք ասում, ի՞նչ երեսուն, ի՞նչ քառասուն, ի՞նչ հիսուն, ես վաթսուն ու երկու տարեկան եմ:
ՊԵՏՐՈՍ. Ըմբո, ուրեմն իմ տարոքն ե՞ս: Չեմ հավատում:
ՆԱՏԱՇԱ. Մի զարմանաք, մենք, ամերիկուհիքս շատ ուշ ենք ծերանում: Մենք գիտենք մեր թարմությունը պահպանել...
ՊԵՏՐՈՍ. Էդ ո՞նց եք պահպանում:
ՆԱՏԱՇԱ. Ամեն օր ճաշից առաջ կանդալուպ ենք ուտում:
ՊԵՏՐՈՍ. Կանդալո՞ւպ... էդ ի՞նչ բան է:
ՆԱՏԱՇԱ. Կանդալուպը սեխի պես մի բան է, շատ համեղ:
ՊԵՏՐՈՍ. (Գրպանից դուրս բերելով հուշատետրն ու մատիտը, տալիս է Նատաշային): Գրիր այդտեղ այդ օրհնված պտուղի անունը: Մին կնոջս ասեմ, որ ամեն օր ուտե:
ՆԱՏԱՇԱ. (Ինչ-որ գրում է, հուշատետրը ետ է տալիս):
ՊԵՏՐՈՍ. Ես կփամփեմ էն մարդու գլխին, որը կասե, թե դու երեսնուհիգ տարեկանից ավելի ես:
ՆԱՏԱՇԱ. Խնամի, այս բաժակն էլ խմենք հարսնացվի և փեսացվի կենացը (Բաժակը բաժակի է զարկում և նորեն հպում է Պետրոսին): Ալահվերդին ձեզ մոտ:
ՊԵՏՐՈՍ. Այ ապրես, սրտիցս խոսեցիր: (Կողմ): Կմշտեմ, թե՞ չէ:
ՆԱՏԱՇԱ. (Նշանով կանչում է սպասավորին և ինչ-որ պատվիրում է նրան):
ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով գնում է խորքը):
ՆԱՏԱՇԱ. (Կրկնում է): Ալահվերդին ձեզ մոտ, խնամի: (Խմում է):
ԵՐԿՈՒ ԵՐԳԻՉ ԵՎ ՄԻ ԵՐԳՉՈԻՀԻ. (Գալիս են խորքից, երգելով):
К нам добро пожаловать,
Петр Иванович, Аллаверди.
Славный друг артистов бедных,
Аллаверди, Аллаверди.
Минтоеву нет равнаго
Ни здесь, ни там, во всем мире,
Аллаверди, Аллаверди…
ՆԱՏԱՇԱ. (Ձայնակցել է երգիչներին):
ԵՐԳՉՈՒՀԻ. (Սեղանի վրայից վերցրել է մի բաժակ շամպայն, դրել է ափսեի վրա և պահել է Պետրոսի առջև, երգը շարունակելով) :
ՆԱՏԱՇԱ. Ահ, կպաշտեմ ձեր երգեր, ձեր պարեր, ձեր բոլոր զվարճություններ։ (Նորեն հպվելով Պետրոսին): Արտիստներին պիտի մի բան բաշխել։ (Ձևացնում է, թե իբր իր քսակից դրամ է ուզում դուրս բերել):
ՊԵՏՐՈՍ. (Նատաշայի ձեռը բռնելով): Համբերիր, խնամի, ի՞նչ ես անում, ես չեմ թողնիլ։ (Գրպանից դուրս է բերում մի թղթադրամ և ձգում է ափսեի վրա)։
Երգչուհի և երգիչները գլուխ են տալիս և վերադառնում են կամարի ետևը: Կամարի ետևում երգերը փոխվում են պարերի: Մի քանի ամերիկացի զույգեր, կամարի ետևից ֆոկստրոտ պարելով, գալիս են առաջին պլանի վրա և նորեն ետ գնում:
ՊԵՏՐՈՍ. (Արդեն բավական գինովցած): Էս էլ խմենք եղբորդ կենացը։
ՆԱՏԱՇԱ. Եղբայրս աքսորված է Կամչատկա։
ՊԵՏՐՈՍ. Ո՞նց թե աքսորված է, ո՞վ է համարձակվել ամերիկացի Մորգանին Սիբիր աքսորելու։
ՆԱՏԱՇԱ. Ա՜հ, մոռացա, ամերիկացի՞ եղբորս մասին եք խոսում։ Yes, yes, նա կենդանի է, Նյու-Յորքումն է։ Շնորհակալ եմ, միստեր Մինթոև, աղեկ, զեվզեկ, աղեկ, հոսհոս։ Տեսեք, ինչ են պարում, այդ մեզ համար է։
ՊԵՏՐՈՍ.. (Նայելով դեպի խորքը): Էդ հո մեր լեզգավարն է, պարողն էլ մերոնցից է։ (Ոգևորված ծափ է տալիս):
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԳԵՍՏՈՎ ՊԱՐՈՂ. («Նաուրսկի» պարելով գա- լիս է խորքից, դաշույնը խաղացնելով, մի քանի պտույտներ է անում Պետրոսի առջև):
ՊԵՏՐՈՍ. (Բոլորովին հափշտակված): Մաշալլա, մաշալլա: Տեսնո՞ւմ ես, խնամի, մենք էդպես ենք այ, մենք, կովկասցիներս, կրակոտ, կրակոտ: Այ ղոչաաաղ: (Ուժգին ծափ տալով):
ՆԱՏԱՇԱ. Հիանալի է, սքանչելի, զմայլելի, մենք ամերիկացիքս կսիրենք էկզոտիկ պարեր:
(Կովկասյան զգեստով պարողը պարելով հանկարծ դաշույնը ուժգին թափով Պետրոսի և Նատաշայի սեղանի վրա ձգում է ցցված դիրքով):
ՊԵՏՐՈՍ. (Ցնցվելով, ետ է մղվել): Ըմբո, է՞դ ինչ օյինբազություն է:
ՆԱՏԱՇԱ. Դուք վախեցա՞ք դաշույնից:
ՊԵՏՐՈՍ. (Կազդուրվելով): Ի՞նչ... վախեցողի հերն եմ անիծել... Ես կովկասցի եմ, դաշույնը ինձ համար ի՞նչ է, ոնց որ ասեղը քեզ համար...
ՆԱՏԱՇԱ. Պետք է արտիստին մի բան բաշխել…. (Դարձյալ ձևացնում է, թե իբր քսակից դրամ է ուզում դուրս բերել):
ՊԵՏՐՈՍ. Չէ, խնամի, ես մեռնեմ, մի՛ արա, էս գիշեր ես եմ ղոնաղ անում, ոչ մի կոպեկ չպիտի ծախսես: (Պարողին տալիս է երկու թղթադրամ): Ա՜յ, էս ի՛նձ համար, էս էլ քե՛զ համար:
ՊԱՐՈՂ. (Գլուխ է տալիս, գնում է խորքը): Կամարի ետևում երգեցողություն:
ՆԱՏԱՇԱ. Միստեր Մինթոև, դուք շատ առատաձեռն մարդ մըն եք, մենք ամերիկացիքս շատ կսիրենք ձեզի պես ջենտլմեններ:
ՊԵՏՐՈՍ. Իմ ջենտլմենությունը լոխ աշխարհը գիտե. Բաքվում քանի-քանի անգամ զուռնաչու ճակատին հարյուրանոց եմ թխել:
ՆԱՏԱՇԱ. Երևի ձեր որդին էլ ձեզ նման է:
ՊԵՏՐՈՍ. Դե, ասլանի տղան ասլան պիտի լինի, չախկալ հո չի լինիլ: Ուզում ես, թող գա, փող տամ, որ նա էլ ծախսե:
ՆԱՏԱՇԱ. Իհարկե, լավ կլինի, որ մի երկու հազար ֆրանկ ունենա գրպանում։ՊԵՏՐՈՍ. (Մեկուսի): Բա՛, քո տունը տերը շինի, լոբի՞ է:
ՆԱՏԱՇԱ. (Ասել է սպասավորին, որ ժորժին կանչե կամարի ետևից):
ՊԵՏՐՈՍ. Կտամ, խի՞ չեմ տալ...
ՆԱՏԱՇԱ. Եթե ձեզ մոտ չկա, ես կտամ։ (Դարձյալ ձևացնում է, թե իբր ուզում է քսակից փող դուրս բերել):
ՊԵՏՐՈՍ. Թող, խնամի, ես փող ունեմ, ունեմ։ (Մեկուսի): Հինգ հարյուր կտամ, կասեմ հազար է։
ԺՈՐԺ. (Գալիս է խորքից): Պապա, ի՞նչ ես հրամայում։
ՊԵՏՐՈՍ. (Տալով մի հինգ հարյուրանոց): Հը, առ քեզ հազար ֆրանկ, գնա, քեփ արա։
ԺՈՐԺ. (Նայելով թղթադրամին): Սխալվում ես, պապա, հազարանոց չէ, այլ հինգ հարյուրանոց։
ՊԵՏՐՈՍ. Որ լավ մտիկ անես, հազարանոց կերևա: (Աչքով նշան է անում ժորժին հեռանալու):
ԺՈՐԺ. Լավ, թող հազարանոց լինի, շնորհակալ եմ։ (Նատաշային առանձին): Այժմ Օսման կլուբում խաղի լավ ժամանակն է։ Ես հավատացած եմ, որ պիտի տանեմ։
ՆԱՏԱՇԱ. Հաջողություն։
ԺՈՐԺ. (Շտապ գնում է աջ կողմի առաջին դռնով):
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ տեղ գնաց։
ՆԱՏԱՇԱ. Գնաց տելեֆոնով հարսնացվի հետ զրույց անելու։ Իմ քրոջ աղջիկը գիշերները չի քնում, մինչև որ Ժորժը նրա հետ տելեֆոնով չխոսի։
ՊԵՏՐՈՍ. Երևում է, որ իրարու շատ են սիրում։
ՆԱՏԱՇԱ. Կպաշտեն կոր զիրար։ Մի շիշ էլ խմե՞նք։
ՊԵՏՐՈՍ. Մեկն էլ, երկուսն էլ, երեքն էլ։ Չալավեկ։
ՆԱՏԱՇԱ. Բայց արտիստներին էլ պիտի հյուրասիրել։
ՊԵՏՐՈՍ. Էդ էլ իմ աչքի վրա։ (Գոռալով): Չալավեկ։
ՆԱՏԱՇԱ. Ես ինքս կկարգադրեմ: (Սպասավորին): Մի շիշ մեզ համար բերեք, երեք շիշ էլ տարեք արտիստների համար։
ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով հեռանում է պատվերը կատարելու):
ՊԵՏՐՈՍ. Ես էլ եկել եմ խնամուս հետ մի քիչ զրույց անելու: Դե, ծանոթացեք, խնամի, սա իմ աղջիկն է:ՆԱՏԱՇԱ. (Տեղից չշարժվելով, շատ թեթև գլուխ է տալիս):
ԼԻԴԻԱ. Ի՞նչ ասացիր, պապա, խնամի՞: (Ուշադրություն չդարձնելով Նատաշայի վրա):
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, թե ուզում ես, նստիր մի բաժակ շամպանսկիյ անուշ արա: (Սերյոժային): Հըը, մեր տղա, ո՞նց ես կոնծել, ածե՞մ:
ՍԵՐՅՈԺԱ. (Ծիծաղը զսպելով): Շնորհակալ եմ, նեղություն մի քաշեք:
ՊԵՏՐՈՍ. Խնամի, խե՞ լռեցիր, քեփ արա: Սուս կենալը չի սազում ամերիկուհուն:
ԼԻԴԻԱ. Պապա, ինչե՞ր ես ասում, ի՞նչ խնամի, ի՞նչ ամերիկուհի, դա այս ռեստորանի պարուհի ու երգչուհի Նատաշան է:
ՊԵՏՐՈՍ. Աղջի, տազ արա է: Նա իմ էլ խնամին է, քոնն էլ, մորդ էլ:
ԼԻԴԻԱ. (Սերյոժային): Լսո՞ւմ եք, Սերյոժա, հայրս կարծեմ, հարբել է: Պապա, ազատիր ինձ այդ տեսակ խնամիներից: Այդ կինն է, որ փչացրել է իմ մարդուն էլ, քո որդուն էլ։ (Նատաշային): Այնպես չէ՜, ասա։ Տեսեք ինչպես է փքվել։
ՆԱՏԱՇԱ. J dónt now you (Այ դոնտ նոու յու)[6]։
ՊԵՏՐՈՍ. (Բարկանալով): Աղջի, քիչ խոսիր, թե չես ուզում բարեկամանալ, գնա բանիդ, թող մեզ մեր քեփին։ Խնամի, ներողություն կանես, աղջկաս կատարը մի քիչ դատարկ է։ (Բաժակը զարկելով Նատաշայի բաժակին): Մի անգամ էլ հարսնացվի ու փեսացվի կենացը։
ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես կխելագարվեմ, դուք խոսեցեք, այս ի՞նչ կոմեդիա է։
ՊԵՏՐՈՍ. Կոմեդիա-մոմեդիա չկա, ներողություն խնդրիր եղբորդ հարսնացվի մորաքրոջից։ Հասկացիր է՜, հասկացի՜ր, դա բանկիրների թագավոր Մորգանի քույրն է։
ՆԱՏԱՇԱ. Yes, yes, միստրիս Ալիս Ջերայլդ...
ՍԵՐՅՈԺԱ. (Չկարողանալով ծիծաղը զսպել, փռթկում է):
ԼԻԴԻԱ. Տեսեք, տեսեք, ինչպես է փքվել հնդկահավի պես։ Սերյոժա, ինչո՞ւ չեք խոսում, չե՞ք ճանաչում ձեր Նատաշային։ Դուք լռո՞ւմ եք, ծիծաղո՞ւմ եք, ուրեմն դուք էլ խառն եք այդ կոմեդիայում։ Բայց ահա Գրիշան. նա այդ մարդու աչքերը կբանա։
ՏԵՍԻԼ 9
ՆՈԻՅՆՔ, ԳՐԻՇԱ և ՇՊՈԻԼԵՆԿՈ
(Գրիշան և Շպուլենկոն գալիս են աջ կողմի առաջին դռնով. երկուսն էլ ծայրահեղ հարբած են):
ԳՐԻՇԱ. (Երերալով մոտենում է Նատաշային): Նատաշա, հոգյակս, ես կարոտել էի քեզ, եկա համբուրելու։ (Հարձակվում է Նատաշայի վրա, ուզում է համբուրել):
ՆԱՏԱՇԱ. What a foll (վուատ է ֆուլ)։ (Հրում է Գրիշային):
ԳՐԻՇԱ. Ի՞նչ, չե՞ս ուզում, որ համբուրեմ։—Նորեն Կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆից... (Նորեն հարձակվում է և նորեն հրվում է)։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Իսկ ինձ չես կարող մերժել: (Գրկում է Նատաշային ետևից և համբուրում է):ԼԻԴԻԱ. Տեսնո՞ւմ ես, պապա, հիմա ճանաչեցի՞ր քո խնամուն:
ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել և ապշած նայում է):
ՆԱՏԱՇԱ. (Ազատվելով Շպուլենկոյի և Գրիշայի գրկից): Ну вас всех к чёрту… (Վազում է կամարի ետև):
ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ բան է, երազումս եմ, թե խելքս կորցրել եմ:
Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Եկել է կամարի մյուս կողմից, ինչ-որ ասել է Ա. Անծանոթին. վերջինի հրամանով գնում է շտապով աջ կողմի դռնով և քիչ անցած վերադառնամ է):
2 ՈՍՏԻԿԱՆ. (Երևում են աջ կողմի առաջին դռների մեջ):
Ա. ԵՎ Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Գալիս են կամարի ետևից, մեկը նրանցից բռնել է Ստյոպայի թևը, մյուսը ձեռքում ունե այն թղթե կապոցը, որ Սերյոժան տվել էր Ստյոպային): Երաժշտությունը և երգեցողությունը դադարում են կամարի ետևում
ՍՏՅՈՊԱ. (Գունատվել է, դողում է):
ԼԻԴԻԱ. (Տեսնելով Ստյոպային): Ստյոպա, Ստյոպա: (Ուզում է մոտենալ Ստյոպային):
Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Ձեռը բարձրացնելով): Madame, ne vouz approchez pas, je vouz prie.
ՍԵՐՅՈԺԱ. (Ուզում է փախչել, ոստիկանները չեն թողնում):
Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Գրպանից դուրս է բերում բազկակալները և շղթայում է Ստյոպայի և Սերյոժայի ձեռները):
ԼԻԴԻԱ. Այդ ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում իմ ամուսնուն: (Լալիս է և վազում է մյուսների ետևից): Ստյոպան և Սերյոժան Անծանոթների և ոստիկանների ուղեկցությամբ գնում են աջ կողմի դռնով, հաճախորդներն ու բոլոր արտիստները խմբված դիտում են տեսարանը:
ՎԱՐԻՉ. (Հաճախորդներին): Ոչինչ, ոչինչ, հանգստացեք, պարոններ: Էյ, երաժշաությո՜ւն...
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Վերադառնում են իրենց տեղերը):
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. (Նվագում է մի փոթորկալի եղանակ):
ՎԱՐԻՉ․ (Նատաշային): Տեսա՞ր, ես չէի՞ ասում։ՆԱՏԱՇԱ. Ինչո՞ւ նրանց ձերբակալեցին։
ՎԱՐԻՉ. Հետո կասեմ։ (Մոտենում է Պետրոսին մի թուղթ ձեռքին): Monsieur, I’additon։ (Թուղթը տալիս է Պետրոսին):
ՊԵՏՐՈՍ, (Որ շփոթված վեր է կացել և խառնվել ամբոխին, առաջ է գալիս): Բա բա բա, ինչ խայտառակությո՜ւն։ (Թուլացած նստում է աթոռի վրա):
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ
Առաջին արարվածի սենյակը նույն կարասիով:
ՏԵՍԻԼ 1
ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՊԵՏՐՈՍ. (Հագնված է պիժամա, չափազանց գրգռված անցուդարձ է անում)։ Էդպես էլ անամոթություն, էդպես էլ անօրինություն։ Օրես դենն էլ ի՞նչ երեսով երևամ բարեկամներին ու չարակամներին։ Կնիկ, չորանար քո արգանդը, որ էդ լակոտին լույս աշխարհ չձգեիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Տխուր դեմքով նստած է լուսամուտներից մեկի առջև): Լավ, բավական է, քիչ կատաղիր ու իմ արյունն էլ պղտորիր։ (Ուսերի վրա ձգված է մի քիրմանի շալ)։
ՊԵՏՐՈՍ․ Քիչ կատաղիր, հեշտ է ասել։ Անիրավը երեկ ցերեկով ինձ բարձրացրեց դրեց էն-էն-էն Էյփելի աշտարակի գլխին, գիշերով աքացի տվեց, գլորեց գետին։ Բա՜, բա՜, բա՜, ինչ տեղ էի, ինչ տեղ ընկա, թյու... (Կանգ է առնում): Գիտե՜ս, Մաղդաշ, էդ բանի մեջ դու էլ մեղավոր ես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞վ եմ մեղավոր։
ՊԵՏՐՈՍ․ Նրանով, որ երեկ իմ կուրացած աչքերը բաց չարեցիր։ Ասենք, ես մի թյունի մարդ եմ, բա քո՛ խելքը ո՞րտեղ էր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ես ի՞նչ գիտեի. լսել էի, որ ամերիկացի աղջիկները, աշխարհներ պտտելով, սիրուն-սիրուն ամուսնացուներ են փնտրում։ Էհ, մտածեցի, ումից է պակաս մեր որդին իր տեսքով և ինչո՞ւ չի կարող թեկուզ քո Մորգանի աղջկան գրավել։
ՊԵՏՐՈՍ. Ափսոս էն փողերը, որ մի գիշերվա մեջ ծախսեցի։ Ըհը, հաշիվը պահել եմ, որ աչքի մեջ խոթեմ։ (Դուրս է բերում գրպանից ռեստորանի հաշիվը): Տես, երկու հազար հարյուր ութանասուն փռանկ, մի կողմ թողած սազանդարներին ու հողկաբազներին բաշխածս ու իրան էլ տված հինգ հարյուր փռանկը։ Ափսո՜ս, ափսո՜ս։ (Հաշիվը դնում է գրպանը):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչո՞ւ ափսոս, մինչև լույս զվարճացել ես մի գեղեցիկ պարուհու հետ։ Դեռ ով գիտե, գուցե գրկել ու համբուրել էլ ես։
ՊԵՏՐՈՍ. Էդ մեկը ճշմարիտ ասացիր, բայց ափսոս որ չկմշտեցի էդ Նատաշային։ Կապիտալս կորցրի, գոնե տոկոսն առած կլինեի։ (Մեկուսի): Բայց ինչ ապրանք էր, լյազաթ..․
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բարկացած ոտքի ելնելով): Անամո՛թ, գոնե ամաչիր կանդազ գլխիցդ։
ՊԵՏՐՈՍ. Ամաչիր դու, որ էդ լակոտին ծնել ես։ Բայց տես, կնի՛կ, էլ նա իմ որդին չէ, հաա՜, իմացիր... հրամանքս, իմ որդին չէ...
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Օհո՛, երեկ ձեռիցս խլում էիր, այսօր հրաժարվո՞ւմ ես։
ՊԵՏՐՈՍ. Երեկ սխալվեցի։ Ժորժն իսկի նմանում չէ ինձ։ Նա իսկ և իսկ քո պատկերն է։ Մին լավ մտիկ արա քեզ ու նրան—կտեսնես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Որ այդպես է, ես էլ կասեմ. այո, Ժորժը քեզանից չէ... Դե, գնա...
ՊԵՏՐՈՍ. Հե, հե, հե, տազ արա, թե չէ տեսնո՞ւմ ես։ (Ցույց է տալիս բռունցքը):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Լավ, բավական է ինչքան գլուխս ցավացրիր։ Ժորժը մինչև հիմա տուն չի եկել, ես վախենում եմ:
ՊԵՏՐՈՍ. Երես ունի՞, որ տուն գա: (Կատաղելով): Ը՜ը, նրա քոքը կտրվի տակից, թյո՜ւ, կատաղությունից խեղդվում եմ: (Արագ-արագ անց ու դարձ է անում, ոտքով ու ձեռքով զարկելով բազկաթոռներին ու սեղաններին):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հանդարտվիր, ի սեր աստծու: Ասա տեսնեմ, Ստյոպային ինչո՞ւ են տարել ոստիկանատուն:
ՊԵՏՐՈՍ. Հա, մի շան լակոտ էլ էդ քո Ստյոպան է: Ես ի՞նչ գիտեմ ինչու են տարել, ուշքս վրես էր, որ հարց ու փորձ անեի: (Զանգակ):
ՊԵՏՐՈՍ. Հա, էն է լակոտդ եկավ: (Թևերը ետ ծալելով): Ես պիտի մի լավ դնգսեմ նրան: Ձեռներս չպահես, հաա՜: (Դիմում է դեպի խորքի դուռը. հանդիպում է Լիդիային, ետ է քաշվում խեղճացած): Դո՞ւ ես, Լիդիա ջան, ե՛կ:
ՏԵՍԻԼ 2
ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ
ԼԻԴԻԱ. (Շտապով եկել է խորքի ձախակողմյան դռնով, հուզված է, ուշադրություն չի դարձնում հոր վրա): Ա՛հ, ուժ չմնաց: (Նստում է): Ամբողջ գիշեր անքուն, հետո դես ու դեն վազիր, անիծվի այս տեսակ կյանքը:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Գնացի՞ր ոստիկանատուն:
ԼԻԴԻԱ. Գնացի, ոչինչ չկարողացա իմանալ: Կոմիսարն ինձ ասաց. «Տիկին հանգստացե՛ք, համենայն դեպս ձեր ամուսնուն գիլյոտին չի սպառնում»: Ես հարցրի, «ինչո՞ւ համար նրան ձերբակալեցիք»: Նա պատասխանեց. Ահա ինչու համար և ցույց տվեց գրասեղանի վրա դարսած մի թղթե կապոց: Ես ուզեցա այդ կապոցը բաց անել, որ տեսնեմ ինչ է այդ, նա չթողեց: Ես դուրս եկա արտասուքն աչքերիս և գնացի քեռի Արտաշեսի մոտ: Խնդրեցի նրան գնալ կոմիսարիատ, գուցե նրան մի բան ասեն: Մամա, մամա, ավելի լավ չէ՞ր լինի, ես քո տանն աղախին մնայի, քան կյանքս կապեի մի այդպիսի ամուսնու հետ:
ՊԵՏՐՈՍ. (Կամացուկ): Ես էլ այդպես եմ կարծում, էդ Ստյոպան թոկից փախածի մեկն է։(Զանգակ):
ԼԻԴԻԱ. Ահ, անշուշտ քեռին է, տեսնենք ինչ լուր է բերում։
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով. Պետրոսին տեսնելով, առանց բարևելու մի երկարատև հանդիմանական հայացք է ձգում նրա վրա):
ՊԵՏՐՈՍ. (Արտաշեսի հայացքից շփոթված, դես ու դեն է նայում, խուսափելով նրանից):
(Պատկերավոր տեսարան):
ԼԻԴԻԱ. (Անհամբեր): Քեռի, տեսնվեցի՞ր կոմիսարի հետ։
ԱՐՏԱՇԵՍ. Տեսնվեցի։
ԼԻԴԻԱ. Նո՞ւ։
ԱՐՏԱՇԵՍ. (Նստում է): Գործն ավելի լուրջ է, քան ես կարծում էի։
ԼԻԴԻԱ. Ուրեմն այսօր Ստյոպային չե՞ն արձակելու։
ԱՐՏԱՇԵՍ. Ստյոպային այդ Սերյոժա Մեզբուրով կոչված անասնի հետ ուղարկեցին բանտ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բա՞նտ։
ԼԻԴԻԱ. Բա՞նտ։ (Թուլացած ընկնում է բազկաթոռի վրա):
ՊԵՏՐՈՍ․ Էրի հաա։ (Համարձակվում է խորքից մի քիչ առաջ շարժվել):
ԱՐՏԱՇԵՍ. Ի սեր գործի լրջության, սառնարյուն եղեք և լսեցեք։ Ստյոպան և այդ Սերյոժան բռնվել են արգելված ապրանք ծախելու մեջ—en flagrant délit․
ՊԵՏՐՈՍ․ (Քթի տակ): Դյալի՜…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այդ ի՞նչ ասել է։
ԱՐՏԱՇԵՍ. En flagrant délit․ ասել է՝ հանցանք գործելու միջոցին, на месте преступления.
ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ): Ոնց որ ես բռնվեցի։
ԼԻԴԻԱ. Բայց ի՞նչ արգելված ապրանք է այդ։
ԱՐՏԱՇԵՍ. Այն թղթե կապոցը, որ դու տեսել ես կոմիսարի գրասեղանի վրա—կոկային է։ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ արհամարանքով): Փահ, դա ինչ մի մեծ մեղք է։
ԱՐՏԱՇԵՍ. (Մի ծուռ հայացք ձգելով Պետրոսի վրա): Կոկայինը թույն է։ Կոմիսարն ասում է.— Մեզ հայտնի է, որ կոկայինը գալիս է Գերմանիայից։ Մեր կարծիքով այն անձինք, որոնք պարապում են այդ թույնի վաճառումով, գերմանական գործակալներ են։ Մեր թշնամի բոշերը վճռեցին ֆրանսիական ազգաբնակությունը բնաջինջ անել, սիստեմատիկաբար թունավորելով նրան։ Ergօ ձեր քրոջ աղջկա ամուսինն իր ընկերոջ հետ ոչ միայն մաքսանենգներ են, այլև քաղաքական հանցավորներ։
ՊԵՏՐՈՍ. Քաղաքական-մաղաքական չեմ իմանում, բայց կոնտրաբանդնի ապրանք ծախելն իսկի էլ մեղք չէ։
ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնաբար): Մի՞թե։
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս. եթե կոնտրաբանդությունը մի մեծ բան լիներ, իմ ոսկորները վաղուց պիտի փտած լինեին բանտերի մեջ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ես ասում, ամոթ է։
ՊԵՏՐՈՍ. Փա՜հ, կարծես դու չգիտես, ինչքան ապրանք եմ բերել Պարսկաստանից Էնզելիի վրայով։ Հենց էդ ուսերիդ վրա գցած քիրմանի շալն էլ կոնտրաբանդսկի է…
ԱՐՏԱՇԵՍ. Ես կոմիսարին հարցրի․ «իսկ պատի՞ժը»։ Նա պատասխանեց, թե պատիժը կախված է օրենքի հայեցողությունից։ Եթե դատարանը գործի մեջ չգտնի cironstances atténuantes, այսինքն հանցանքը մեղմացնող հանգամանքներ, պատիժը կլինի բավական երկարատև բանտարկություն և հետո աքսոր Ֆրանսիայի սահմաններից։
ԼԻԴԻԱ. (Գրգռված ոտքի ելնելով): Այդ լավ է, շատ լավ է, թող մեզ վռնդեն այս գեղեցիկ երկրից, տեղն է, ի՞նչ գործ ունենք այստեղ, եկել նստել ենք։ Ինչ վերաբերվում է ինձ, ինչով էլ վերջանա գործը, վերադառնալու եմ Ռուսաստան։ Ավելի լավ է այնտեղ Չեկայի ձեռքն ընկնել։ քան տեսնել այս խայտառակությունները։ Քեռի, ես կարո՞ղ եմ Ստյոպայի հետ բանտում տեսնվել։
ԱՐՏԱՇԵՍ. Այո՛, ես թույլտվություն վերցրել եմ քեզ և ինձ համար։
ԼԻԴԻԱ. Գնանք։
ԱՐՏԱՇԵՍ. Իսկույն։ Պատվելի փեսա, մի քիչ էլ քո գործով զբաղվենք։ Երեկ երեկո դու հրամայեցիր, որ այսօր գամ քեզ մոտ մի շատ ուրախալի լուր լսելու։ Ահա եկել եմ. ասա տեսնենք։
ՊԵՏՐՈՍ. Փեե՜, թող, քո հորն օղորմի է։
ԱՐՏԱՇԵՍ. Իսկի էլ չեմ թողնիլ: Հըը՜, էլ Նիկոլայ Նիկոլաևիչի մոտ չե՞ս գնում, որ ասես «վաշե իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նե խվատայիտ, վոտ բերի, սկոլկո խոչիշ»։ Լսո՞ւմ ես, Մագթաղ, մարդդ պատրաստվում է բոլշևիկներին պատերազմ հայտարարելու։
ՊԵՏՐՈՍ. (Լիդիային): Էդ դո՜ւ ես դրան պատմել երեկվա պատահմունքը, հա՞։
ԼԻԴԻԱ. Այո, ես եմ պատմել: Համոզվեցի՞ր, վերջապես, որ այդ կինը Մորգանի քույրը չէ, այլ անառակի մեկը։
ՊԵՏՐՈՍ. (Կատաղելով): Իսկի էլ անառակ չէ էդ Նատաշան, ու ես էլ շատ լավ եմ արել, որ նրա հետ քեփ եմ արել, քե՞զ ինչ։ Քո ջգրու էս գիշեր էլ գնալու եմ ու մեկ էլ եմ քեփ անելու։ Դե, կերա՞ք, էհե՞, թողեք ինձ հանգիստ։ (Արագ քայլերով գնում է աջ կողմի դռնով)։
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ, առանց ՊԵՏՐՈՍԻ
ԼԻԴԻԱ. Քեռի, ես գնացի։ (Գնում է խորքի ձախակողմյան դռնով):
ԱՐՏԱՇԵՍ. Գալիս եմ։ (Հետևում է Լիդիային)։
ՏԵՍԻԼ 5
ՄԱԳԹԱՂԻՆԵ և տելեֆոն
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերցնում է տելեֆոնի փողը): Օպերա, տրանտ տրուա, զեռո, տրուա։ (Սպասում է): Օսման կլո՞ւբն է: Ժորժ Մինթոևն այդտե՞ղ է: Ե՞րբ դուրս եկավ: Քառորդ ժամ առա՞ջ: Շնորհակալ եմ: (Փողը տեղը դնելով, ուզում է գնալ խորքի ձախակողմյան դռնով, տեսնում է Ժորժին, կանգ է առնում):
ՏԵՍԻԼ 5
ԺՈՐԺ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ԺՈՐԺ․ (Մտել է խորքի ձախակողմյան դռնով, անքուն գիշերը, երկու օրվա հոգեկան տանջանքները իրենց դրոշմը դրել են նրա գունատ դեմքի վրա․ չափազանց հուզված է և հոգնած․ թուլացած նստում է բազկաթոռի վրա և ծխախոտ է վառում)։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Նայել է Ժորժին մի քանի վայրկյան լուռ)։ Ժորժ, ի՞նչ է պատահել։
ԺՈՐԺ. Պապան տա՞նն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո՛։
ԺՈՐԺ. Հրամայիր աղախինին, որ ճամփարկղ պատրաստե։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դու գնո՞ւմ ես։
ԺՈՐԺ. Այո։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞ւր։
ԺՈՐԺ. Մամա, ժամանակ չունեմ, շուտ հրամայիր։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ի՞նչ պետք է դնել ճամփարկղի մեջ։
ԺՈՐԺ. Ամեն ինչ, որ կարող է տանել իմ մեծ ճամփարկղս։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իսկույն։ (Գնում է խորքի աջակոմյան դռնով)։
ՏԵՍԻԼ 7
ԺՈՐԺ մենակ
ԺՈՐԺ. (Մենակ մնալով, ոտքի է ելնում և սկսում է անց ու դարձ անել, հառաչելով ու մազերը փետրելով)։ Հիմար եմ, հիմար, ապուշ․․․
ՏԵՍԻԼ 8
ԺՈՐԺ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վերադառնում է խորքի աջակողմյան դռնով): Ճամփարկղդ իսկույն պատրաստ կլինի, բայց դու ինձ պիտի ասես, թե ուր ես գնում և ինչու։
ԺՈՐԺ. Միևնույնը չէ՞ քեզ համար, ուր եմ գնում և ինչու։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Գոնե ասա՝ ուրախ գործով ես գնում, թե՞․․․
ԺՈՐԺ. Ուրախ գործով, մամա, ուրախ, հանգիստ կաց։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հապա ինչո՞ւ ես այդպես տխուր և հուզված։
ԺՈՐԺ. Տխուր չեմ, մամա, ընդհակառակը, ահա քեզ ապացույց։ (Նստում է դաշնամուրի քով և նվագում ու երգում է):
ՏԵՍԻԼ 9
ՆՈՒՅՆՔ և ՊԵՏՐՈՍ
ՊԵՏՐՈՍ. (Կամացուկ ներս է մտնում աջ կողմի դռնով և, կանգ առնելով, նայում է, գլուխը երերելով և բարկացկոտ շարժումներ անելով):
ԺՈՐԺ. (Մի քանի վայրկյան չի նկատել Պետրոսին, նկատում է և դադարում է երգել ու նվագել):
ՊԵՏՐՈՍ. Երգիր էլի, անօրեն, երգիր, անպատկառ, երգիր, ինչո՞ւ լռեցիր։ Ը՜, քեզ մարդ ասողի հերը թյունբաթյուն լինի։ Ադա, դու ամոթ ասած բանն ունե՞ս, թե՞ չէ, ադա, քո երեսի վրա մեռոն մնացե՞լ է, թե չէ, ադա, էդ ի՞նչ օյին էր, որ իմ գլխին խաղացիր։ (Անց ու դարձ է անում):
ԺՈՐԺ. (Հանգիստ): Ի՞նչ եմ արել, պապա։
ՊԵՏՐՈՍ. (Կանգ առնելով): Դրան մտիկ արեք, դրան, լեզու էլ ունի խոսելու։ Ադա, չախկալի ծնունդ, էլ ուրիշ օյինբազություն չունեի՞ր, ադա՜, ադա՜, տեր մեղա քեզ աստված, սատանան ասում է, տուր քիթ ու պռունգին, շան սատակ արա։ (Ուզում է իբր թե հարձակվել):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Որ «չախկալի ծնունդ» բառերը լսելիս կատաղել է, մեջ է ընկնում): Չհամարձակվես, տեղդ կանգնիր...
ՊԵՏՐՈՍ. Հը, պաշտպանիր, լակոտդ է էլի: Մտիկ արեք դրանց սիր ու սիփաթներին, կասես մի փթած ձմերուկ լինեն միջից կտրած: (Ժորժին): Ըը, քո մոր ցեղի արմատն անիծվի, արմատը:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Վրդովման շարժումներ է անում):
Ժորժ․ (Սառնասիրտ): Պապա, այդպես չի կարելի, չէ՞ որ պիտի ասես քո կատաղության պատճառը։
ՊԵՏՐՈՍ․ Կասեմ, կասեմ մի անգամ ոչ, հազար անգամ կասեմ։ Ադա, երեկ գիշերվա էն սիրուն կնիկն ո՞վ էր, հը․․․
ԺՈՐԺ․ Նա՞, Նատաշան էր, մեր բարի, սիրելի, անուշիկ Նատաշան, Կավո-Կոկասիեն գիշերային ռեստորանի պարուհին ու երգչուհին։ Չհավանեցի՞ր։
ՊԵՏՐՈՍ․ Բա դու չասացի՞ր, որ Մորգանի քույրն է, քո հարսնացվի մորաքույրը։
ԺՈՐԺ․ Ասացի, որովհետև հարկավոր էր այդպես ասել։
ՊԵՏՐՈՍ․ Ո՞նց թե հարկավոր էր, ուրեմն դու ինձ խաբեցի՞ր էլի։
ԺՈՐԺ․ Խաբեցի և ինչպես — ամենայն ազնվությամբ։
ՊԵՏՐՈՍ․ Ադա, դու գժվե՞լ ես, մեղա քեզ տեր ողորմած։ Մաղդաշ, դու բան հասկանո՞ւմ ես։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Ինձ հանգիստ թող։
ԺՈՐԺ․ Պապա, լսիր համբերությամբ և ամեն բան կհասկանաս։
ՊԵՏՐՈՍ․ Հը, ասա, ասա տեսնեմ։
ԺՈՐԺ․ Պապա, երեկ գիշեր հարսնացվիս մորաքույրը պիտի գար այդ ռեստորանը, չէ՞։
ՊԵՏՐՈՍ․ (Ծաղրով ու անհամբեր): Հրամանքս։
ԺՈՐԺ․ Ես քեզ տարա այնտեղ նրա հետ ծանոթացնելու, չէ՞։
ՊԵՏՐՈՍ․ (Հեգնաբար): Լավ ծանոթացրիր։
ԺՈՐԺ․ Պապա, եկանք թե չէ, ես քեզ թողի ռեստորանի դիրեկտորի հետ ու ինքս գնացի հարսնացվիս մորաքրոջը փնտրելու, չէ՞։
ՊԵՏՐՈՍ․ (Համբերությունն սպառված): Լավ, լավ, ասա վերջացրու։ԺՈՐԺ․ Փնտրեցի, չգտա։ Տելեֆոնով հարցրի, ասաց, թե միգրեն ունե, չի կարող գա։ Է՜հ, ի՜նչ անեի․ եթե քեզ ասեի, պիտի կատաղեիր։ Ես էլ մտածեցի, հայրս իր կյանքում առաջին անգամ Մոնմարտր է եկել, ինչո՞ւ նրան ետ տանեմ, սիրտը կոտրած է։ Եկ, այս գիշեր նրան մի լավ զվարճացնեմ։ Եվ ահա մեր սքանչելի պարուհուն, մեր աստվածային Նատաշային խնդրեցի, որ կատակի համար մի գիշեր փոխարինե հարսնացվիս մորաքրոջը և բերեցի, նստեցրի քո կողքին։ Ասա խնդրեմ, վա՞տ բան եմ արել, չե՞ս զվարճացել, կամ կյանքումդ երբևիցե մի այդպիսի շիկ կնոջ հետ գլուխ-գլխի տված մինչև լույս քեփ արե՞լ ես։
ՊԵՏՐՈՍ․ Ասենք էդ մեկը դրուստ է․ Նատաշը երևելի ապրանք է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Ատամները կրճտելով): Ը՜ը, անամո՛թ․․․
ՊԵՏՐՈՍ․ Բայց հարսնացո՞ւդ, հարսնացուդ ու նրա մորաքույրն ի՞նչ տեղ են։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Այո՛, այդ ասա։
ԺՈՐԺ․ Հարսնացուս ու նրա մորաքույրն այս րոպեիս Կլարիջ հյուրանոցում փառավորապես նստած սուրճ են անուշ անում։
ՊԵՏՐՈՍ․ Ադա, էլի՞ ես ուզում փոքուս-մոքուս սարքել իմ գլխին։
ԺՈՐԺ․ Ամենևին, ես ասում եմ զուտ ճշմարտությունը։
ՊԵՏՐՈՍ․ Մաղդաշ, հավատա՞մ, թե չէ։
ՄԱԳԹԱՂԵնԵ․ Եթե որդիս ինձ է նման, պետք է հավատալ։
ՊԵՏՐՈՍ․ Գնանք, ցույց տուր ինձ, ես ուզում եմ իմ աչքովս տեսնել նրանց։
ԺՈՐԺ․ Այ, պապա, էլի անկարելի բան ես պահանջում․․․
ՊԵՏՐՈՍ․ Ինչո՞ւ է անկարելի։
ԺՈՐԺ․ Հագնված չես։ Կարո՞ղ եմ ես այդ պիժամայով քեզ նրանց մոտ տանել։
ՊԵՏՐՈՍ․ Կհագնվեմ։
ԺՈՐԺ․ Բայց կուշանանք, պապա, կուշանանք։ Հասկանո՞ւմ ես։ (Ժամացույցին նայելով, անհամբերության շարժումներ է անում):
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Այդ ինչի՞ց կուշանաք։
ԺՈՐԺ․ Հավրի գնացքին, մամա։ Վաղը Հավրի նավահանգստից մի ամերիկյան շոգենավ է ուղևորվում Նյու-Յորք, իսկ մենք տոմսակներն արդեն վերցրել ենք։
ՊԵՏՐՈՍ․ (Զարմացած): Ուրեմն...
ԺՈՐԺ․ Այո, պապա, ուրեմն, բոլորովին ուրեմն։ Մենք գնում ենք։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Ամերիկա՞։
ԺՈՐԺ․ Դե, իհարկե, Ամերիկա, զարմանալի մարդիկ եք։ Հարսնացվիս մայրը պահանջում է, որ մեր պսակադրությունը կատարվի Նյու-Յորքում, ամերիկյան օրենքով և ահա այսօր, հենց այս ժամիս գնում ենք։ Մամա, տես ճամփարկղս պատրա՞ստ է․․․ Ո՜ւֆ․․․ (Նայում է ժամացույցին)։
ՏԵՍԻԼ 10
ՆՈՒՅՆՔ և ԱՂԱԽԻՆ
ԱՂԱԽԻՆ․ (Գալիս է խորքի աջակողմյան դռնով մի ճամփարկղ ձեռին): Պատրաստ է։
ԺՈՐԺ․ (Շտապով): Դե, թանկագին ծնողներ, մնացեք բարով։ Մամա, համբուրվենք։ (Համբուրվում են): Պապա, ներիր ինձ, մնաս բարով։ (Համբուրվում են․ ճամփարկղը շտապով խլելով աղախնից, վազում է խորքի ձախակողմյան դռնով):
ՏԵՍԻԼ 11
ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՊԵՏՐՈՍ․ (Անշարժ նայել է Ժորժի ետևից, չկարողանալով ոչինչ անել):
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Հըը, ի՞նչ ես քարացել, չես խոսում։
ՊԵՏՐՈՍ․ Ի՞նչ խոսեմ, լեզուս պապանձվեց։
ՄԱԳԹԱՂՒՆԵ․ Անհավատ ես, է, անհավատ։ Որդիդ գնաց պսակվելու, դու քարացել ես։ (Արտասվում է):ՊԵՏՐՈՍ․ Հավատում եմ, հավատում եմ, ես նրա հոգուն մատաղ։ Օրհնվի քո ծնունդը, օրհնվի, արի պաչվենք, արի, արի։ (Գրկում է Մագթաղինեին ու համբուրում):
ՄԱԳԹԱՂՒՆԵ․ Թող ինձ, ես նեղացա քեզանից։ Դու Ժորժին ճամփի փող չտվեցիր։
ՊԵՏՐՈՍ․ Էլի փո՞ղ։ Դե էն ա հարսնացուն իր ծախքով տանում է էլի... Ի՞նչ ես ուզում։ (Զանգակ):
ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈԻՐՈՎ
(Կարասով և Մեզբուրով, գալիս են խորքի ձախակողմյան դռնով: Երկուսն էլ վրդովված են, մանավանդ Կարասովը):
ՄԵԶԲՈՒՐՈՎ․ (Թեթև գլուխ տալով Պետրոսին և Մագթաղինեին): Բաս, այդ էր պակաս ինձ․․․ (Նստում է):
ԿԱՐԱՍՈՎ․ (Հուզմունքից չի կարողանում խոսքեր արտասանել): Փուֆ, փուֆ, հը՞, հը՞, հը՞․․․ (Թավալվում է բազկաթոռի վրա հևալով և քրտինքը սրբում է):
ՄԵԶԲՈՒՐՈՎ․ (Պետրոսին): Դու այնտե՞ղ ես եղել, հա՞ա։
ՊԵՏՐՈՍ․ Հրամանքս։
ՄԵԶԲՈՒՐՈՎ․ Հեր օրհնած, չէի՞ր կարող այդ կոմիսարի ձեռքը ճխտել մի քանի հարյուր ֆրանկ ու անմեղ երեխաներին ազատե՞լ։
ՊԵՏՐՈՍ․ Դու իմ տեղը լինեիր, տեսնենք կարո՞ղ էիր անել։ (Կողմ): Խելքս գլխումս է՞ր․․
ԿԱՐԱՍՈՎ․ Լաբազնիկներ, բոսյակներ,— պատերի վրա գրել են «ազատություն, հավասարություն, եղբայրություն», կոկային ծախելու համար մարդկանց բռնում են ու բանտ կոխում։ Այ ես դրանց հավատը․․․
ՊԵՏՐՈՍ․ Լավ, մի կատաղիր, հաստ մարդ ես, ով գիտե ինչ կարող է պատահել։
ԿԱՐԱՍՈՎ․ Ո՞նց թե մի կատաղիր։ Պետք է գոռամ, աղաղակեմ, աշխարհը պետք է տակն ու վրա անեմ։ (Վեր է կենում ու սկսում է անցուդարձ անել):ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Անօրեններ, հերիք չէ մեր երեխաներին ծակուռ են մտցրել, մեր անուններն էլ գցել են իրանց լիրբ լրագիրների ռեխը։ Այ գիդի Բաքու... թող այնտեղ լիներ այդ բանը, կտեսնեին։
ՊԵՏՐՈՍ․ Դու էլ բան ասացիր, ի՞նչ են այդ լրագիրները, որ ականջ ես դնում նրանց։ Որ ամեն օր էլ գրեն իմ մասին, այնումս չեմ գցիլ։
ԿԱՐԱՍՈՎ․ Ոչ, ես համբերել չեմ կարող, ես կտրաքեմ։ Մագդալինա Գերասիմովնա, հրամայեցեք, որ մի բաժակ ջուր տան ինձ... ես տրաքում եմ։
ՊԵՏՐՈՍ․ Դեհ տրաքիր, ինձ ինչ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Գնում է խորքի աջակողմյան դռնով և իսկույն ետ է գալիս, բերելով մի բաժակ ջուր):
ԿԱՐԱՍՈՎ․ (Կատաղելով): Ո՞նց թե քեզ ինչ։ Ասենք քո որդուն չեն բռնել, բայց չէ՞ որ իմ որդին քո աղջկա ամուսինն է։
ՊԵՏՐՈՍ․ Թող լինի, մենք էլ մեր հաշիվն ունենք։ (Աչքով է անում Մագթաղինեին):
ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Այդ ի՞նչ հաշիվ է։
ԿԱՐԱՍՈՎ․ (Ջրի բաժակը դատարկելուց հետո): Շնորհակալ եմ։ (Պետրոսին): Ինչ ասացի՞ր, դու էլ քո հաշի՞վն ունես։ Դա ի՞նչ խոսք է, խնամի․․․
ՊԵՏՐՈՍ․ Ես հրամանոցդ խնդրում եմ օրես դենը խնամումության մասին սուս կենալ․․․
ԿԱՐԱՍՈՎ․ Ո՞նց թե սուս կենալ, ա՞յդ ինչ նորություն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ասացիր։
ՊԵՏՐՈՍ․ Էն ասացի, ինչ որ մի օր պիտի ասեի։ (Կարասովին): Որդիդ իմ աղջկա օրը միշտ սևացրել է, էսօր էլ նրան խայտառակեց իր վարմունքով։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Պետյա, Պետյա։
ՊԵՏՐՈՍ․Դու սուս կաց, քո բանը չէ։
ԿԱՐԱՍՈՎ․ (Բոլորովին բորբոքված)։ Ինչ ասացի՞ր, ինչ ասացի՞ր.. Ուրեմն դու հրաժարվո՞ւմ ես իմ խնամությունից։ (Մոտենում է Պետրոսին սպառնալիքով):
ՊԵՏՐՈՍ. (Ետ քաշվելով): Դենը տար էդ տկճորը: Քո խնամությունից չեմ հրաժարվում, բայց շատ էլ չեմ ուզում մոտենալ:ԿԱՐԱՍՈՎ. Ռոման Սերգեևիչ, լսեցի՞ր, ասա է, խոսիր է, ես կտրաքեմ, կտրաքեմ…
ՄԵԶԲՈՒՐՈՎ. Պյոտր Իվանովիչ, երազո՞ւմդ ես, թե ձախ ոտով ես արթնացել:
ՊԵՏՐՈՍ. Ոչ երազում եմ, ոչ հարբած, խելքս էլ կատարիս մեջ է: Ճշմարիտ է, նա իմ խնամին է, բայց հիմի ես մի ուրիշ խնամի էլ ունեմ, որի բարեկամությունն ինձ ավելի է հարկավոր:
ԿԱՐԱՍՈՎ. Մագդալինա Գերասիմովնա, Մագդալինա Գերասիմովնա, խոսեցեք, խոսեցեք... ես չեմ կարող. ես տրաքում եմ... ո՜ւֆ, ո՜ւֆ...
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, չպիտի ասեիր, որ սկսել ես — վերջացրու:
ՊԵՏՐՈՍ. Կվերջացնեմ, բաս չէ՞: Կարպ Սպիրիդոնովիչ, էսօր-էգուց մենք գնում ենք էս երկրից ու մեր աղջկան էլ մեզ հետ պիտի տանենք:
ԿԱՐԱՍՈՎ. (Կատաղությունից խեղդված ձայնով): Այդ, այդ, այդ, որ, որ՞… տեղ եք գնում, հեե՞...
ՊԵՏՐՈՍ. Ամերիկա, մեր նոր խնամու մոտ:
ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ո՞վ է այդ նոր խնամին:
ՊԵՏՐՈՍ. Բանկիրների թագավոր միլիարդեր Մորգանը...
ԿԱՐԱՍՈՎ. Բու-բու-բու-բու... (Ընկնում է բազկաթոռի վրա):
ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ճշմարի՞տն ես ասում:
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, էս օրերս իմ որդին՝ Ժորժը պիտի պսակվի Մորգանի քրոջ աղջկա հետ: (Կարասովին): Հիմի հասկացա՞ր (հպարտ-հպարտ անց ու դարձ է անում):
ԿԱՐԱՍՈՎ. (Աշքերը ճլզած նայում է ապուշ հայացքով Մագթաղինեին):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո՛: (Հպարտ նայում է Մեզբուրովին): (Զանգակ):
ՊԵՏՐՈՍ. Աղջի, մին տես ո՞վ է, եթե օտար մարդ է, ասա աղախնին, որ չընդունե:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է դեպի խորքի ձախակողմյան դուռը, հանդիպում է Արտաշեսին):
ՏԵՍԻԼ 13
ՆՈՒՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով, տխուր է, հուզված): Ժորժը տա՞նն է:
ՊԵՏՐՈՍ. (Պարծանքով): ժորժը գնաց, Արտաշես, գնաց:
ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ազատվեց, թեև ժամանակավոր:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչի՞ց ազատվեց:
ԱՐՏԱՇԵՍ. Բանտից, միամիտ քույրիկս, բանտից:
ԿԱՐԱՍՈՎ. (Չարախնդությամբ): Ըհը, էդ էլ ձեր որդին:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ է ասում Արտաշեսը:
ՊԵՏՐՈՍ. Քամի կուլ տվող է, փչում է էլի:
ԱՐՏԱՇԵՍ. Խելքի եկ, մարդ, և լսիր: Ժորժը մի վաշխառվի իր պարտքի փոխարեն տվել է տասնուհինգ հազար ֆրանկի չեկ: Պարտատերն այսօր գնացել է դրամը գանձելու, հայտնվել է, որ չեկը սուտ է, Ժորժը բանկում դրամ չունի: Անպիտանն իսկույն ևեթ այդ մասին հայտնել է ուր հարկն է, այժմ ոստիկանությունը Ժորժին փնտրում է և, երևի, շուտով կգա այստեղ: Լավ է, որ Ժորժը փախել է:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ժորժը չի փախել: Նա գնացել է Ամերիկա:
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, գնաց Ամերիկա, Մորգանի քրոջ աղջկա հետ ամուսնանալու:
ԱՐՏԱՇԵՍ. (Գրգռվելով): Ինչ Ամերիկա, ինչ Մորգան, խելագարվե՞լ եք, ինչ է: Ժորժը կարող է մի օր գնալ Ամերիկա, երբ փող կունենա, իսկ առայժմ հեռու փախչելու համար միջոցներ չունի...
ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Գնա դեն, է, հըռըլհոփ։ Քո լեզուն միշտ չար է եղել, էդպես էլ մնացել է:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, սիրտս վկայում է, որ Արտաշեսի ասածը ճիշտ է:
ՏԵՍԻԼ 14
ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ
ԼԻԴԻԱ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով մի pneumatique ձեռքում): Մեկը քիչ էր, այժմ մյուսը… Պապա, կարդա: (Թուղթը տալիս է հորը):
ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ է:
ԼԻԴԻԱ. Պնեոմատիկ, օդային փոստով եկած նամակ Ժորժից:
ԱՄԵՆՔԸ. (Հետաքրքրված մոտենում են Պետրոսին):
ՊԵՏՐՈՍ. (Ակնոցը դնելով կարդում է): Սիրելի Լիդիա, ես քաջություն չունեցա իմ ծնողներին խոստովանելու իմ հանցանքը և անամոթաբար խաբեցի նրանց: Խնդրում եմ հայտնել, որ ես ոչ հարսնացու ունեմ և ոչ էլ Ամերիկա եմ գնում: Թե ուր պիտի փախչեմ, ինքս էլ չգիտեմ, առ այժմ պետք է ազատվել ձերբակալությունից: Ոստիկանությունն ինձ փնտրում է իմ մի հիմար գործողության համար, որի մասին կը.. լսեք... առանց... իմ... իմ գրելու էլ... (Թուլացած ընկղմվում է բազկաթոռի վրա, ձեռքից բաց թողնելով փոքրիկ կապտագույն նամակը):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ահ, (Թուլացած նստում է աթոռի վրա):
ԼԻԴԻԱ. (Երեսը ծածկելով հեռանում է խորքը): Ամո՛թ մեզ, ամո՛թ մեզ:
ԱՐՏԱՇԵՍ. Ես ուրիշ բան չէի սպասում այդ անասունից:
ԿԱՐԱՍՈՎ ԵՎ ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ա՜յ քեզ Մորգանի խնամի:
(Բարձրաձայն և երկարատև ծիծաղ):
Վարագույր