ՄՈՒԽՍՈՒ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի քյասիբ մարթ, ըտրան ուներ էրկու տղա, ինքն էլ հիվանդ էր. կանչեց իրենց գեղի վարժապըտին, ասեց.— Վարժապետ ջա՛ն, ղու լավ մարթ ես, ես մեռնըմ եմ, իմ տղեքս տալիս եմ քեզ, ինչ անըմ ես արա իմ տղեքանցը։

Վարժապետն էլ դրա տղեքանցը բերեց դաս տվեց։ Դրա մենձ տղեն լավ էր սովորըմ, լավ տղա դուս էկավ, հըմա պուճուր տղեն թամբալ էր, փուչ դուս էկավ։

Պուճուր տղեն էկավ մենձ ախպորը ասեց.— Ես բաժանվըմ եմ։

Ասեց.— Բաժանվըմ ես՝ բաժանվի։

Վարժապետը էկավ բաժանեց։ Պուճուր տղեն իրա փայը առավ գնաց։ Մենձը մնաց իրա տանը։

Վարժապետը ասեց.— Պըտի էթամ քեզ հըմար ախչիկ ուզեմ, պսակեմ:

Ասեց.— Դու գիդաս, ա՛յ վարժապետ։

Վարժապետը վե կացավ գնաց մի պառավի տուն, որ ըտրա ախչիկը ուզի էտ տղին։ Գնաց տեհավ, որ պառավի ախչիկը նստած ավետարան ա կարթըմ։ Տեհավ ախչիկը հա՛մ կարթըմ ա, հա՛մ լալիս ա, հա՛մ ծիծաղըմ ա։

Ասեց.— Պառա՛վ, ես էկել եմ քու ախչիկը ուզեմ իմ տղին։

Ասեց.— Լավ ես արե, որ դու կուզես՝ ես էլ կտամ։

Էկան էտ ախչկան պսակեցին, բերին էտ տղի տունը։ Տղեն կնկա կուշտը չգնացած, կանչեց վարժապըտին, ասեց.— Ես էթըմ եմ Երուսաղեմ:

Վարժապետն ասեց.— Ա՜յ տղա, հըլա քեզ նոր ենք պսակե, հըլա քու կնկանդ հետ մի վախտ ապրի, եննա գնա՛ Երուսաղեմ։

Ասեց.— Չէ՛, էթըմ եմ, վարժապետ:

Ասեց.— Ա՛յ որթի, որ էթըմ ես, գնա՛ քու ախպորդ բեր դի քու տունդ՝ նոր գնա, էլի ինչքան ըլի, քու ախպերն ա, քու տունդ-տեղդ կպահպանի։

Էն էլ ասեց.— Շա՛տ լավ, ի՜նչ կըլի։

Գնաց ախպորը բերեց տուն։

Էտ օրը մարթ ու կնիկ կարթըմ ին, վարժապետը էկավ անց կացավ։ Փանջարովը թամաշ արեց, տեհավ որ լիս ա վեր էկել: Ետ դառավ ասեց.— Արժան ա՛, թող էթա մուխսի, գա։

Էքսի առավոտը էտ տղեն ճամփա ընկավ, գնաց Երուսաղեմ։

Էս հարսն ու տեքրը ըտեղ ապրեցին։ Էտ հարսը ընենց մի հարսնութուն էր անըմ էտ տեքրին, որ էլ մի՛ ասի: Իրիկուն-առավոտ տեքոր ոնները լվանըմ, գլուխը լվանըմ, տեքոր շորերը հանըմ, առավոտները գալիս շորերը հաքցնըմ, դուս գնալիս էլ խարճլըղ տալիս, որ դես ու դեն չընկնի, գողութուն չանի։

Էկավ մի վախտ էտ հարսը ըտենց իրա տեքորը պահեց, ղուլլուղ արեց։ Մի օր, էրկու օր ըտենց, տեքրը հարսի փեշը քաշեց,— բանի տեղ չդրավ, գնաց մտավ օթախը՝ քնեց։ Հարսը էլեդ իրա հարսնութունը արեց, տեքրը էլի փեշիցը քաշեց՝ էլի բանի տեղ չդրեց։

Է՜ գանք խաբարը ո՞ւմնից տանք՝ մուխսուցը։

Մուխսին գալիս ա. է՛, վե կացան, բարեկամներով գնացին մուխսու առաչը։ Ախպերն անմենքիցը առաչ գնաց: Ըտե ճամփին մի քանի տղի սարվացրեց, թե էն վախտը որ ախպերս կգա տուն, էկեք քարով տվեք, մեր շուշեքը ջարթեք: Ես էլ դուս կգամ ձեզ հ՚ուշունց կտամ:

Գնաց դա ախպոր առաչը, բարևեց, համփուրվեցին.— Է՞,— ասեց առաչի խոսքը,— ախպե՛ր, դու էլ կնիկ առա՜ր։

Ասեց.— Խի՛, ա՜յ ախպեր։

Ասեց.— Նա մի լիրփ, անզգամի մինն ա, նա ի՞նչ ա, որ դու բերեցիր մեր տունը: — Լա՚՛վ,— ասեց,— էթանք տուն, ե՛ննա։

Ասեց.— Հա՛, կգաս տուն, կտենաս:

Էհ, վե կացան դրանք գնացին մուխսու տունը: Գնացին տուն, մուխսին մտավ նեքսև, տեհավ կնիկը մի մենձ պատրաստութուն ա տեհել: Նստեցին, կերան խմին ըտեղ։ Էտ վախտը էն տղեքը տվին շուշեքը ջարթին: Պուճուր ախպերը դուս էկավ դուռը, ուշունց տվեց ըտրանց, էկավ նեքսև, ասեց.— Հը՛, ախպեր, տեհա՞ր, իմ ասածներս արթարացավ։

Մուխսին ասեց.— Դե որ ըտենց ա, վե կալ կնկանս տար մի մեշի միչի, ընչար ծծերը ֆորա, թող ըստիան հետը բաց մնա, թո՛ղ արի:

Պուճուր ախպերը վե կալավ հարսին, տարավ մի մեշի միչին ծծերից հետը ֆորեց, ետ դառավ:

Հարսը անըծեց տեքորը, ասեց.— Քե՛զ տենամ, քթոցով տանե՜ն դուռը, բերեն:

Տեքրը տուն հասնելուն պես կոնդացավ, ըստուց դենը մուխսին քթոցով տանըմ էր տուն ու բերըմ:

Օրերի մի օրը թաքավորի տղեն ու վեզիրը էկան ըտեղ ման գալու. էկան, թաքավորի տղեն ձին քշեց, բիրդան ձին հուրթլամիշ էլավ, ետ դառավ:

Թաքավորի տղեն վեզրին ասեց.— Վեզի՛ր, տես ըտեղ ի՞նչ կա, որ ձին ըսենց հուրթլամիշ էլավ, ետ դառավ:

Վեզիրը ձին քշեց, գնաց տեհավ, հրետ մի ախչիկ ըտեղ ֆորած:

Ետ դառավ թաքավորի տղին ասեց.— Թաքավորի տղա՛, ըստեղ մի ախչիկ կա ֆորած:

Թաքավորի տղեն էկավ տեհավ, որ մի ախչիկ ֆորած ա, ավետարանը առաչը դրած հա՛մ կարթում ա, հա՛մ լալիս ա, հա՛մ ծիծաղըմ:

— Տեր աստվա՛ծ,— ասեց,— ախչի՛, դու ի՞նչ ախչիկ ես:

— Է՜,— ասեց,— թաքավորի որթի, ախչիկ եմ էլի, բերել են ըստեղ ֆորել են։

— Ախչի՛,— ասեց,— ես պըտի քեզ հանեմ, տանեմ մեր տունը:

Ասեց.— Թաքավորի որթի, թե կտանես ինձ քուր դեին կպահես՝ տար, թե քեզ հըմար կնիկ պըտի տանես, մի՛ տանի։

Ասեց.— Ա՛յ ախչիկ, ասսու մոտ ախտ ու շառթ եմ անըմ, որ ոնց որ մենք մի մորից էլած քիր ու ախպեր ըլնենք։ — Դե որ ըտենց ա, տա՛ր։

Թաքավորի տղեն հանեց ախչկանը ֆորիցը, քաշեց թարքը՝ տարավ իրանց տուն։

Մի ժամանակ անց կացավ, վեզիրը աշկը քցեց էտ ախչկանը: Ախչիկը տեհավ, որ վեզիրը իրա հետ ուրիշ ա վարվում։

Վեզիրն ասեց. — Լավ, ա՛յ ախչի, կտենաս ես քու գլուխը ինչ կհանեմ:

Վեզիրը քշեց գնաց մտավ էտ ախչկա օթախը, տեհավ, որ ախչիկը քնած ա։ Ախչկա ջեբիցը դանակ հանեց, գնաց մտավ թաքավորի օթախը։ Ըտեղ տեհավ, որ թաքավորի տղեն ու հարսը քնած են. էրեխեն էլ օրորոցումն ա՝ մշմշալեն քնած, էրեխուն մորթեց, դանակը արնաթաթախ տարավ քցեց էն ախչկա ջեբը, ինքն էլ գնաց թեք ընկավ իրա տեղըմը մռփեց։

Առավոտը թաքավորի հարսը վե կացավ տեհավ, որ էրեխեն օրորոցի միչին մորթած ա. մոլորվեցին, գլխները կպավ։

Խաբարը տարան թաքավորին. ասին.— Թաքավո՛ր, արի, որ ըսենց բան կա։

Թաքավորն էկավ տեհավ, որ էրեխեն մորթած ա, ինքն էլ մնաց մոլորված։

Ըտեղ վեզիրն էկավ առաչ, ասեց.— Թաքավո՛ր, էտ ինչ ա էլե:

Ասեց.— Վեզի՛ր, ես յաշս քաշել եմ ըտենց բան չեմ տեհել։

Վեզիրն ասեց.— Թաքավոր, էկեք բիրադնի ջեբերքը ման էկեք, էս տանն էլ ո՞վ կա, մենք ենք էլի. ես իմ, քու հարսն ա, քու տղեն ա, մեկ էլ էն ախչիկն ա։

Թաքավորը բիրադնի ջեբերը ման էկավ, էկան ախչկա ջիբից արնոտ դանակը հանեցին։

Արնոտ դանակը որ ջիբիցը հանեցին, թաքավորն ասեց.— Ա՜յ ախչի, դու ես մորթել իմ թոռին։

Ախչիկն ասեց.— Մեղա աստծու, ես եմ արել, մեղավոր եմ, տերն եմ։

Թաքավորն ասեց.— Է՜ բալամ, էտ էլ մեր լավութունի փոխն էր, որ էն նեղութունի տեղիցը քեզ ազատեցինք, բերեցինք. վերչը մեր գլուխը քյալագ հանեցիր:

Թաքավորն ասեց.— Վեզի՛ր, վե կալեք ըտրան տարեք մի մեշի միչի բրախեք ու էկեք, ջին կուտի, ջանավար կուտի, թաքիլա մեզանից հեռանա։ Վեզիրը վե կալավ էտ ախչկանը տարավ մի խոր մեշի միչի բրախեց, ինքը թողաց որ ետ դառնա, ախչիկն ետևիցը ասեց.— Գնա՛, վեզիր, քեզ տենեմ աշխարի տակին ջուխտ աշկով քոռ մնաս։ Վեզիրը մինչի ետ դառավ էկավ տուն՝ հ՚աշկերը բռնվեց:

Է՜, էտ ախլիկն էր, մեշիցը դուս էկավ գնաց ընկավ հանդամեչ: Տեհավ, որ հրես մի չոբան ոչխարն առաչին գալիս ա:

Ախչիկն ասեց.— Բար՚աջողո՛ւմ, չոբան ախպեր։

Չոբանը ասեց.— Ասսու խեր ու բարին, քույրիկ ջա՛ն։

Ախչիկն ասեց.— Է՜, չոբան ախպեր, չի՛ ըլնի, որ մի ոչխար մորթես, իրար հեննա ուտենք։

Չոբանն ասեց.— Ա՛յ քույրիկ, էս ոչխարը տիրունի ա, որ մորթեմ, յա պըտի ջառմեն տամ, յա պըտի ոչխարը տամ։

Ախչիկը ձեռը տարավ ջեբիցը հինգ մանեթ հանեց, ասեց.— Է՜, չոբան ախպեր, էս էլ քու ոչխարի գինը։

Չոբանը էն սհաթին սուրուի միչիցը մի լավ թոխլի ջկեց, մորթեց։ Մորթելու վախտը ախչիկը թաքուն զառինը վե կալավ պահեց։ Չոբանը խորոված արեց, նստեցին կերան։

Չոբանը ասեց.— Ախչի, տենում եմ, որ անտեր ախչիկ ես, արի ինձ առ, ըստե իրար հեննա կապրենք:

Ախչիկն ասեց.— Է՛հ, չոբան, ես քու ասածը չեմ, որ դու էտ խոսքը ինձ ասեցիր, քեզ տենեմ աշխարի տակին կոնդ ապրես։

Ախչիկը թողաց ու գնաց։

Ախչիկը շատ գնաց, քիչ գնաց, մի ջրի վրա կաննեց, էտ զառինը մի լավ լվաց, մազերը գլխին թոփ արեց, զառին էլ ճխտեց գլուխը։ Ախչիկն էլավ մի քաչալ: Գնաց մտավ մի քաղաք. գնաց էտ քաղաքըմը մի պատի տակի կուչ էր էկե կաննե։ Մեկ էլ էն տեհավ՝ էտ քաղաքըմը լավ-լավ մարթիք են հնդրե, ուզում են, իրանց հըմար թաքավոր դնեն։ Դովլաթ ղուշին քցեցին, էկա՜վ կաննեց քաչալի գլխին։

Էտ քաղաքացիքը հերսոտեցին, էկան էտ քաչալին ասեցին.— Է՜, մուռտար, դո՞ւ իր մնացել մեզ թաքավոր ըլնելու, — դմփռտելով տարան կոխեցին մի մութը տուն։

Էկան թազա իրանց դովլաթ ղուշին քցեցին, քցեցին էլեդ էկավ էրթկովը մտավ, կաննեց քաչալի գխին։

Քաղաքի մարթիքը էկան ասեցին.— Ա՜յ ջանըմ, մարթը կտրվել էր՝ էտ քա՞չալն էր մնացել, որ մեզ թաքավոր ըլնի: Ասեցին. — Ըտրան վե կալեք, տարե՛ք կոխեք մի մութը զաղա, որ ո՛չ էրթիկ ունենա, ո՛չ փանջարա:

Է՜, էտ քաչալին, տարան կոխին մի մութ զաղա։

Ըլեդ էկան իրանց դովլաթ ղուշին քցեցին. էտ անդերի դովլաթ ղուշին՝ ինչքան քցեցին, էկավ էտ զաղի կտրանը կաննեց։

Վե կացան ասեցին. — Ախպե՛ր, մեր թաքավորացուն էտ ա որ կա, բերեք էտ մարթին դնենք թաքավոր, բալի աստված ա ղրգել։

Գնացին զաղիցը հանեցին, ասեցին. — Ա՛յ տղա, դու մեր թաքավորն ես, — բերին քաչալին դրին թաքավոր։

Էկավ գլխի զառինը վե կալավ՝ նստեց թաքավոր: Էտ ախչիկը ընենց մի անըմներ ետ քցեց, որ էլ չեմ կարա ասեմ: Էտ ախչիկ թաքավորը քնեց, մի էրազ տեհավ: Էրազըմը տեհավ, որ էրկու աղունիկ էկան կաննեցին ակուշկին, էտ աղունիկները ըտրան ասեցին. — Ա՛յ թաքավոր, մենք մի շուշա դեղ ենք բերել, մեր բմբլներիցն էլ էրկու հատ վե կքցենք, դու ըտոնք վե կունես, աշխարի տակին ինչքան կոնդ կա, կուր կա, էս բմբլներով դեղը քսես, կլավանան։

Էտ առավոտը թաքավորն աշխարի տակին ինչքան կոնդ կար, կուր կար, կանչեց: Էկան թոփ էլան: Մուխսին իրա ախպորը վե կալավ բերեց, թաքավորի տղեն իրանց վեզրին բերեց, չոբանի հերը՝ չոբանին բերեց։

Էտ ախչիկ թաքավորը ըտոնց որ տեհավ, էն հադաղը ճանանչեց։

Առաչ մուխսուն կանչեց, ասեց. — Բեր ախպորդ,— ասեց,— ա՜յ տղա, էտ ցավը ո՞րդի քթար, ասա տենանք։

Էտ տղեն իրա գլխի էկածը պատմեց:

Թաքավորն ասեց. — Դրուստն ասա, էտ հարսիդ հետ հո ուրիշ թավուր չվարվեցիր։

Ասեց. — Երկի՜նք, Գետի՜նք վկա, որ չէ։

Ասեց. – Լսեցի՞ք, ա՛յ ժողովուրթ:

Ասեցին. – Հա՛։

Ասեց. — Դե՛, դու դենը կաննի։

Ասեց. – Վեզի՛ր, դե դու արի։

Է՜, վեզիրն էլ պատմեց իրա գլխի անցանքը։

Ասեց. — Վեզի՛ր, էն ժամանակը հո դու էն ախչկա հետ ուրիշ թավուր չվարվե՞ցիր։

Ասեց.– Չէ՛ , ասսուն էլ հայտնի ա։ Ասեց. — Լսեցի՜ք, ժողովուրթ:

Ասեցին. — Լսեցինք:

Ասեց. – Դե՛, դու էլ ղրաղ կաննի:

Նա էլ ղրաղ կաննեց:

Ասեց. – Չոբան, դու արի։

Չոբանն էկավ։

Ասեց. – Չոբան, քու ցավն ընչի՞ց ա պատահե:

Էն էլ պատմեց էլեդ իրա գլխի անցանքը:

Ասեց. – Չոբան, դրուստն ասա, էն ախչկա հետ հո ուրիշ թավուր չվարվեցիր։

Ասեց. — Չէ՛, աստված էլ գիտա, չէ՛:

Նոր ըտեղ բերեց դեղը քսեց չոբանի ջանը, չոբանը սաղացավ գնաց։

Վեզիրին էլ քսեց, վեզիրն էլ լավացավ, ասեց. — Դե դու էլ գնա։

Կանչեց իրա տեքորը, ասեց. — Արի՛:

Էկավ։ Դեղը քսեց, դա էլ լավացավ։ Որ լավացավ, ասեց. — Դե՛ մուխսի, ա՛ռ ախպորդ գնա։

Մուխսին շվարեց, ասեց. – Դու ի՞նչ իմացար թե ես մուխսի եմ։

Ասեց. – Ոնց չիմանամ, չէ՞ որ դու իմ մարթն ես. ես քու կնիկն եմ։ Արի՛ դու նստի թաքավոր, ես էլ կըլեմ թաքուհի։

Նորից ըտե օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, առոք-փառոք պսակեցին։

Ըտրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսուց իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ անկաջ անողին: