Մուկուչ Թոփալյանի ֆելիետոններ

ՄՈՒԿՈՒՉ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐԸ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք երկրորդ (անտիպ)։

ՄՈՒԿՈՒՉ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐԸ


ԹՂԹԻ... ՎԱՃԱՌՔ

Մեր քաղաքում ամեն խանութ չէ, որտեղ սպասարկման կուլտուրան իր բարձրության վրա է գտնվում։ Մեզնից յուրաքանչյուրն անձնական գործերով լինում է երկրի խոշոր քաղաքներում, գնումներ կատարելու նպատակով խանութ մտնում ու... հիանում սպասարկման կուլտուրայի բարձր մակարդակով։ Բարձր տրամադրությամբ վերադառնում ենք հայրենի քաղաք, իսկ վերադարձին՝ գտնում <<նույն ջուրն ու նույն ջրաղացը>>։
Մեր քաղաքում ամեն խանութ չէ, որ փայլում է դատարկ դարակների առատությամբ։ Բայց, իհարկե, շատ խանութներ կան, որտեղ այդպիսի դարակները չափից ավելի շատ են դատարկ։
Օրինակ՝ Կիրովի պողոտայի վրա գտնվող Մաքսիմի <<գաստրոնոմում>>, կամ մի քիչ ներքև՝ Հրանտիկի մոտ, քաղաքի մթերային որևէ այլ խանութում մոտենում ես հատով վաճառվող ապրանքների բաժնին և ուղղակի հիանում <<հատով>> դարակներով։ Դի՛փ-դատարկ...
Ի՞նչ անել։ Չխոսելն անտարբերություն է համարվում, խոսելը՝ <<ձայն բարբառո յանապատի>>։ Բայցևայնպես՝ ո՞նց կարելի է շրջանցել այս պրոբլեմը, կամ անհոգությամբ ընկալել այն փաստը, որ շատ հաճախ մեր մթերային խանութներից հանկարծակիորեն անհետանում են շաքարը, լուցկին, բրինձը, ամիսներով չեն լինում կարամելի թեկուզ ամենահասարակ տեսակները։ Իսկ <<գրեչկա>>-ձավար ե՞րբ է եղել ո՜ր...
Հաճախ էլ այնպես է պատահում, որ խանութում գնելու բան ես գտնում և գնումները կատարելուց հետո մնում մեղավոր-մեղավոր կանգնած, թե ինչ է՝ փաթեթավորման համար թուղթ չկա։ Հետդ էլ չես բերել։
Հաճախ էլ, վաճառողները ոչ մի կտոր թուղթ չստանալով՝ չեն դժգոհում, չեն բողոքում <<վերևներում>> նստածներին, այլ՝ եռանդագին թուղթ են փնտրում, գտնում-բերում են՝ գնորդին հաճոյանալու, որ իրենց նախանձ չհարուցող վիճակից դժգոհող չլինի։ Ի՞նչ են քողարկում դրանով, ո՞ւմ են քողարկում՝ մարդ մի կարգին չի կարողանում բան հասկանալ։ Համ էլ՝ ինչո՞ւ վատամարդ դառնան, ասում են՝ կհեռացնեն աշխատանքից, կմնան անգործ, պարապ-սարապ։
Հաճախ էլ՝ այդ թուղթը ուրիշ խանութներում վաճառվում է... կարագի գնով ու կարագի կտրոնով։ Զարմանո՞ւմ եք։ Իհարկե, զարմանալի է, որ քաղաքակիրթ այս դարում կան մարդիկ, ովքեր կարագի գնով ու կարագի կտրոնով թո՜ւղթ են առնում։ Ինչի՞ համար՝ ո՞վ գիտե...
Խանութների հասցեներ, վաճառողների անուն-ազգանուններ, կարծում եմ, պետք չէ թվարկել, բայց ինքնին հետաքրքրական է այն փաստը, որ միայն 1988 թ. տնտեսական տարվա ընթացքում, հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մեր քաղաքի յուրաքանչյուր մթերային խանութում (այսպես կոչված՝ <<գաստրոնոմում>>) վաճառվել է մոտ 150-160 կիլոգրամ թուղթ։ Այո, այո, կարագի կտրոնով ու կարագի գնով։ Իսկ թե այդքան կիլոգրամ կարա՞գն ուր է գնացել՝ ոչ ոք ստույգ ոչինչ ասել չի կարող։ Ուստի, ես, ստեփանակերտցի մի հասարակ քաղաքացի՝ Մուկուչ Թոփալյան անուն-ազգանունով, դիմում եմ <<Ինտերպոլին>>. <<Հարգարժան ինտերպոլցիներ, խնդրում եմ մեր կորցրած կամ գողացված (ինչպես ուզում եք՝ ձևակերպեք) կարագը գտնելու դեպքում գողունն անպայման հանձնեք Եվրոդատարանին՝ հետաքննության, իսկ թուղթն անմիջապես մեզ ուղարկեք, հա՜... Եթե փաթաթելու բան չճարենք՝ գոնե մատերիալից-բանից կգրենք>>...

1989, օգոստոս, Ստեփանակերտ


ԵՍ ՀՈՍԱՆՔ ԵՄ ՈՒԶՈՒՈ՜ՒՄ...

- Չէ, հաստատ որոշել եմ, վաղը <<ձախ>> գիծ եմ քաշելու, թե չէ՝ էս մթության մեջ ինչքա՞ն կարելի է խարխափել։ Հոսանքը միացնելու եմ՝ նստեմ հեռուստացույցի առաջ։ Ողջ օրը...
Ամեն անգամ կինս հանդիմանում է.
- Գործ չունես, կտուգանեն, 50 հազարը որտեղի՞ց ես տալու։ Մեզ հոսանք պետք չէ։ Թեև փայտ էլ չունենք, բայց էլի մի կերպ յոլա կգնանք...
Է՜, յոլա ենք գնացել է՜, որ մնացել ենք էս անտեր հանրակացարանին դատապարտված։ Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքն են անջատել։ Կոյուղու մերը չմեռնի, որ խափանվում է՝ սաղ միջանցքը ջրով լցվում է, պատերից էլ՝ հոսում դեպի բնակարանները։ Օրերով, շաբաթներով՝ <<չլը՜մփ, չլը՜մփ, չլը՜մփ>>, մեր քայլերից ջուրը մեկ տեղատվություն ու մեկ էլ մակընթացություն է ապրում։
Մի հարցնող չկա.
- Բա ձեր հանրակացարանը տեր ու տնօրեն չունի՞։
Ունի, ինչո՞ւ՝ չէ, աշխատավարձ ստանող կա, անունն ինչ էր նրա՞, էն, որ մեկ-մեկ հանրակացարան էլ է գալիս։ Է՜, անունն ի՞նչ կարևոր է։ Կարևորը տեր ունենալն է։
Կոյուղու խափանումները քիչ էին, հիմա էլ հոսանքը չկա։ Սաղ քաղաքը լույսով ողողված՝ մեր էս անտեր հանրակացարանում խավար է ու խավար։ Անտեր ասացի՝ լավ է՝ կինս չլսեց, թե չէ՝ էլի կհակաճառի, կասի՝ տեր ունի։ Տեր ունի, իհարկե, կարծում եք՝ չգիտե՞մ, թե՞ մտածեցիք՝ կարող է վախից անունը չտամ։ Չեմ վախի։ Թուրքի առաջ կանգնել ենք՝ չենք վախեցել, հիմա՞ ումից պիտի վախենանք։ Էստեղ են ասել է՜, քնածը վեր կացավ՝ արթունին վախեցրեց։
Չէ, էսպես չի լինի, մի ամսից ավելի է՝ խավարում խարխափում ենք։ Վաղն անպայման պիտի գնամ, դուռն առանց բախելու բացեմ ու մտնեմ ֆաբրիկայի փոխտնօրենի առանձնասենյակը և ասեմ.
- Հարգարժան պարոն Յուրի Բարսեղյան, մեզ ինչի՞ համար ես պատժում, նրա՞ համար, որ փողը ժամանակին մուծել ենք...
- Ի՞նչ փող,- իբր անտեղյակ՝ կհարցնի։
- Էն էլի՜, օգտագործված հոսանքի արժեքը։
- Հա՜,- միանշանակ կժպտա հարգարժան պարոնն ու,- ձեզ չեմ պատժում է՜, նրանց եմ պատժում, ովքեր դեռ մինչև հիմա չեն մուծել...
- Բա որ մեր շենքի ոմանց բնակարաններում հոսանք կա՝ նրա՞նց ով պիտի պատժի...
- Ես նրանց հետ գործ չունեմ։ Նրանք <<ձախ>> գիծ են քաշել՝ թող էլեկտրացանցն այդ գործով զբաղվի։ Ուզում է՝ պատժի, ուզում է՝ չպատժի, ինձ համար մեկ է...
Էլեկտրացանցում էլ երևի կասեն՝ մեր ի՞նչ գործն է, շենքն իրենցը չի՞, թող իրենք էլ գլխացավանքի մեջ ընկնեն։
Ես էլ չեմ ուզում գլխացավանքի մեջ ընկնել։
Կինս ճիշտ է ասում.
- Գործ չունես, նրանք թիկունք ունեն՝ <<ձախ>> գիծ են քաշել։ Դու թիկունք չունես, նրանց հետ չես կարող չափվել...
Իհարկե, չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ։ Ես հոսա՛նք եմ ուզում, հոսա՜նք... Թե չէ՝ հոսանքն անջատած, գազն անջատած... Ժողովուրդ, խնդրում եմ աչքով չտաք՝ հանկարծ ջուրն էլ կանջատեն... Բա՞՜...

<<ԼՂ հանրապետություն>>,
20 հուլիսի 1995 թ., թիվ 120 (151), էջ 5



ԲԱՆՆ ԱՐԱՂԻ ՄԵՋ ՉԷ, ԱՅԼ…

- Յա՜, էս ի՞նչ բան է, էս ուսանողները փոխանակ դասախոսությունը լսեն՝ մի բերան հրհռում են,- ինքն իրեն մտմտաց պրոֆեսոր Ռուբեն Զաքարյանն ու դիմեց երկրորդ շարքի երրորդ նստարանի ուսանողուհիներից մեկին.
- Հապա մի կրկնի՛ր ասածս վերջին բառերը։
Ուսանողուհին կանգնեց ու... Ասես բերանը ջուր էր առել։
Վերջին նստարանի ուսանողուհիներից մեկն այլևս չէր կարողանում համբերել.
- Պարոն պրոֆեսոր ջան, պարոն պրո...
- Սո՛ւս կաց,- բոթեց կողքինը,- մի՛ ասա,- ու հրհռոցն ավելի աշխուժացավ։
Պրոֆեսոր Զաքարյանը նորից մտատանջության մեջ ընկավ. <<Էս ուսանողներն ի՞նչ են լսել էսօր>>։
Ու այդպես էլ, մինչև օրվա վերջը, ոչ մի բան կարգին գլխի չնկավ։ Դասերն էլ՝ <<լավ-օսալ>> վերջացրեց ու երեկոյան բռնեց տունդարձի ճանապարհը։
Ճանապարհին էլ՝ նկատում էր, որ մարդիկ ուրիշ ձևով են նայում իրեն, իսկ ծանոթներն էլ՝ <<ծիծղըմ-ծիծղըմ>> տալով բարևում-անցնում են, բան ասող չկա։
- Ա՛յ մարդ, էս ի՞նչ է պատահել սրանց,- անհանգստացած պրոֆեսորն ավելի արագացրեց քայլերը։
Վերջապես հասավ տուն։ Տան շեմին կոշիկները հանելիս միայն նկատեց, որ... կոշիկի մի <<թայն>> իրենը չի։
- Հաբա ո՞ւմն է,- նորից մտատանջության մեջ ընկավ։ -Հա՜, առավոտյան մտա քրոջս տուն, չլինի՞ էնտեղ են գլխիս <<օյին>> խաղացել։
Էլ ետ նորից հագնում է կոշիկներն ու, հայդա՝ քրոջ տուն։ Ճանապարհին էլ չէր կարողանում հանգստանալ.
- Այ մարդ, դե, ասենք, առավոտյան մտա տուն։ Նախաճաշում էին, ինձ էլ հրավիրեցին, նստեցի, դեռ էն տղին էլ մի գլուխ քարոզ էի կարդում, որ քիչ կոնծի, որ արաղ կոնծելով մարդ չեն դառնում։ Իսկ ես մի կում անգամ բերանս չառա։ Դուրս գալիս էլ, կարգին չեմ հիշում, կարծեմ՝ ուշանում էի, վռազ հագա կոշիկներս ու գնացի։
...Դուռը քրոջ տղան՝ Սեյրանը, բացեց.
- Հը՛, ո՞նց անցավ օրդ, քեռի՛ պրոֆեսոր ջան։ Հո կոշիկս ոտքդ չէ՞ր սեղմում։
- Սո՛ւս, խաղք ու խայտառակ դառա։
- Քեռի՛, էսքան տարի է՝ խմում եմ, լսած կա՞ս, որ կոշիկս թարս եմ հագել, կամ էլ՝ իմի փոխարեն հագել եմ ուրիշինը։ Դե՝ իմացիր, որ բանն արաղի մեջ չէ, այլ...
Կիսատ թողեց խոսքը, որ պրոֆեսոր քեռին հանկարծ չվիրավորվի.
- Դե՛, քեռի ջան, էլ գլխիս քարոզ չկարդաս, լա՞վ...

<<Մարտիկ>>, 21-27 հունվարի 1998 թ., թիվ 4 (249), էջ 8
<<Պըլը-Պուղի>>, թիվ 10, 2001 թ., էջ 2




ՓՈՂԵ՜ՐՍ, ՓՈՂԵ՜ՐՍ…

Արդեն քանի օր է՝ հանգիստս կորել է։ Ի՞նչ մարդիկ են, չեն գնում իրենց փողը ստանան, որ ես էլ տեսնեմ՝ ինչ եմ անում։ Ճանապարհին էլ, ամեն անգամ, որ պատահում եմ, մի կերպ զսպում եմ ինձ, որ հանկարծ չհարցնեմ այդ մասին, բայց դե, մեկ է, էսպես երկար շարունակվել չի կարող։
Չէ, էլ համբերել չկա, ահա, գալիս է.
- Հը, հորոխպեր, էդ էլի անտառ ես գնում, հա՞։ Այ մարդ, էդ անտեր անտառում ծառ չես թողնելո՞ւ, մի քիչ հանգստացիր, էլի։
- Է՜, ի՞նչ հանգստանամ, մե՛ր տղա։
- Մի օր տանը նստիր, կամ էլ՝ հենց շրջկենտրոն գնա, էն փողերը չեն տալի՞ս, գնաս ստանաս։
- Տալիս են, է՜, բայց դե, դրա համար վեր կենամ շրջկենտրոն գնա՞մ, աղջիկս կստանա-կուղարկի, է՛լի։
- Հա՜...
Լավ... Ճարս՝ ի՞նչ։ Էլի ստիպված պիտի սպասեմ։ Քունս էլ չի տանում էդ անտեր մտքից։ Գիշերները ո՞նց կլուսացնեմ։
Հը՜մ։ Երկրորդ օրն էլ անցկացրի, կրկին երեկոյանում է, ցերեկներն էլի որոշ չափով հեշտ եմ տանում, գիշերը շատ է դժվար։
Հը՞, էս ոնց որ մեր հորոխպերը լինի չէ՞, էս ո՞ւմ կովն է առաջն արած բերում։ Բա իրենցը գոմեշ չի՞։ Ոնց որ փողն արդեն ստացել ու առոք-փառոք ծախսում են, ես էլ՝ ուղտի ականջում քնա՞ծ։ Լավ չի, լավ չի։ Անցնեմ դռան ետևը, ինձ չնկատի։ Վաղն ևեթ գործի կանցնեմ։
Հենց լուսանում է թե չէ՝ իսկույն բակում եմ։ Ախպեր, ինչ սովորություն է, հա՛։ Դե մեր տունը ճանապարհի վրա է, եկող-գնացողներն էլ՝ աչքիս առաջ։
Հա՜, հորոխպոր կինը գալիս է, մոտենամ։
- Հորոխպորկի՞ն, առավոտ-առավոտ էդ ո՞ւր ես վազում տհենց, չլինի՞ հորոխպերս հիվանդացել ա։
- Հորոխպերդ լավ է, հրեն՝ <<հանդի>> բոստանում աշխատում է։ Հիվանդը ես եմ, բուժկետ եմ գնում, տեսնեմ՝ բուժքույր Սոնյան դեղից-բանից կունենա՞, գուցե օգնի։
Հա՜... Գործերս ոնց որ աջ են գնում։ Տանը մարդ չկա։ Կինը գյուղամեջ գնաց, մինչև ետ կգա՝ առնվազն մեկ ժամ կքաշի, ամուսինն էլ <<հանդի>> բոստանում է, երեկոյան տուն կգա երևի։ Գնամ, էլ ինչո՞ւ եմ ուշացնում, բայց դե՝ տուն մտնելիս մարդ-մուրթ չտեսնի՞ հանկարծ։ Էս վերջերս գողերի նկատմամբ աչալրջությունն ուժեղացել է գյուղացիների մոտ։ Չէ, ոնց որ՝ մարդ չկա, մտնեմ բակ, հետո՝ տուն։ Պատուհանով։
Էս ի՞նչ է, դուռը բա՞ց են թողել խելոքները։ Ոնց որ կոմունիզմի օրոք ապրելիս լինեն, կողպեք էլ չեն դնում դռան վրա։ Լավ, սկսեմ մուտքից, անցնեմ բոլոր սենյակներով։ Ամեն ինչ տակնուվրա կանեմ, բայց փողը կճարեմ։ Ժամանակս էլ՝ բոլ-բոլ հերիքում է։ Բայց էս ի՞նչ է, էրկու սենյակն արդեն խառնեցի իրար՝ փող չկա։ Աղջիկն էլ քաղաք է գնացել, լավ է՝ ձեռքի պայուսակը թողել էր՝ մի հինգհազարանոց կար մեջը։ Երկրորդ սենյակում էլ բան չգտա։ Էս մարդիկ մի՞թե փողը լրիվ ծախսել են, բա պարտքերս ինչո՞վ պիտի տամ։ Վա՜խ, պարտքերս, պարտքերս։ Ես էլ հույս եմ պահել, որ պարքերիս գոնե կեսը սրանց փողով կմարեմ։
Ուրեմն իզո՞ւր էսքան չարչարվեցի, էսքան ապրանքը դես ու դեն ցրեցի, գոնե չարչարանքիս վարձը ստանայի։ Թե չէ՝ հինգ հազա՜ր դրամ։ Ի՞նչ փող է դա։ Էդքան փողով ո՞վ էսքան գործը կաներ։ Բա ես էլ մարդ եմ, չէ՞։ Բա գոնե էսօրվա իմ չարչարանքը չվարձահատուցվի՞։ Բա՞։ Հիմա ամեն ինչ հաշիվ-հաշվարկով է, չէ՞...

<<Պըլը-Պուղի>>, թիվ 8, 2000 թ., էջ 3




ՎԱԽ՝ ԱԾԱՆՍ, ՎԱԽ՝ ԿՉԿՉԱՆՍ…

Համագյուղացի մի կին խնդրեց ֆելիետոն գրել իր Ածան ու Կչկչան հավերի մասին և բառացիորեն պատմեց հետևյալը.
- Իմ մասին երկու բառով ասեմ, որ վերաբնակչուհի եմ և ապրում եմ գյուղի ծայրամասում գտնվող մեր նորակառույց տանը։ Ոչ մեկին չեմ խանգարում, ոչ մեկի բոստանից ոչ մի բան չեմ թռցնում, ոչ մեկի հավերի վրա էլ, բնական է, աչք չունեմ։ Բայց արի ու տես, որ...
Ես ընդամենը երկու սեփական հավ ունեմ։ Մեկը՝ Ածան, մյուսը՝ Կչկչան։ Ածանը հա՛ ածում է, իսկ Կչկչանը՝ հա՛ կչկչում։ Ածանի ձվով ենք յոլա գնում։ Դե, Կչկչանի արածն էլ քիչ չէ, զրուցընկեր է էլի, ես աշխատում եմ բոստանում, ինքը՝ կչկչում է դեսից-դենից։ Համա որ լեզուն մի քիչ լավ չեմ հասկանում՝ վատը դա է։
Այդպես էլ ապրում ենք։ Բայց մի օր, ավելի ստույգ՝ երկու օր (մայիսի 7-ին և 8-ին) մեր այդ համերաշխ զույգը տան ներքևի ճանապարհի տակ ամեն օրվա պես քուջուջ անելիս է լինում, հանկարծ Կչկչանը սովորականից մի քիչ ավելի ուժեղ է կչկչում։ Իսկույն վազում եմ դեպքի վայրը և ի՞նչ տեսնեմ։ Կչկչանիս գլուխը չկա, իսկ Ածանից էլ միայն մի քանի փետուր է մնացել։
Դու մի ասի, այդ օրերին որսկան Գուրգենն իր <<որսկան>> շան հետ այդ կողմերով անցկացած է լինում։ Ինքն էլ է լսած լինում Կչկչանիս այդ արտասովոր կչկչոցը, իսկույն էլ մոտ է կանչում <<ընկերոջը>>՝ հանկարծ անպիտանը մի բան արած չլինի՞...
Կասկածում է, հա, բայց դե՝ շան փոխարեն երդվում է.
- Չէ, ի՞նչ եք ասում, իմ շունն այդպիսի բան չի անի։ Գլուխը պոկի տանի, ջանսաթը թողնի՞, լինելո՞ւ բան է։ Կարո՞ղ է իմ շանը լավ չեմ ճանաչում, ողջ օրը միասին ենք՝ առավոտից-իրիկուն։ Այդ ո՞ւր՝ որսի, այդ որտե՞ղից՝ որսատեղից։ Այդպես՝ ամեն օր։ Ամեն տեսակի միս կերած է, բայց այդ անպիտանը, մեղմ ասած, հավի մսից խոկում է։
Ասում-գնում է։ Չեմ կարողանում <<հախ>> անել վզին։ Ես էլ, ախր, գիտեմ, որ այդ օրերին, բացի որսկան Գուրգենից ու իր որսաշնից, ոչ ոք այդտեղով ոչ անցել է, ոչ էլ Կչկչանիս ուժեղ կչկչոցը լսել է։
Իսկ մի օր էլ, որ ասացի.
- Բա ինչո՞ւ շանդ վռազ մոտդ կանչեցիր,- զգաստացավ մի քիչ, բայց իրեն չկորցրեց, ասաց.
- Դե, կարող է փռշտացել եմ նաև, կամ էլ՝ հազել, քո՞ ինչ գործն է։ Համ էլ՝ ես շանս չեմ կանչել։
Մի քանի օր էլ է անցնում։ Ինքս ինձ մտածում եմ. <<Չէ, ոնց որ՝ սարում որսը պակասել է>>։
Ասում եմ.
- Կարող է՞ արդեն գյուղում ես որս անում։
- Յա՜, հլա ուբեդիտ չես եղե՞լ, որ դա իմ շան արածը չի,- ասում է ու,- դրա ասողի բերանը...
Չէ, չեմ զարմանում, այլանդակ մարդուց միայն այլանդակ բառեր կարող ես լսել։ Ես էլ՝ ի՛մ իմացածն եմ ասում՝ անասուն, ապուշ, հիմար...
- Որ կարգին պատվի տեր լիներ է՜, մարդ չէր նեղանա,- <<փիլիսոփայում է>> որսկանն ու իբր նեղացած՝ հեռանում։
Մի օր էլ կանգնում է գյուղապետի կողքին, թե.
- Մարդուն տարա քիթը դեմ արի, դակազատ արի, որ իմ շունն այդպիսի բան չի անի։ Խի էդքան դոնգի է՞, ի՞նչ կա հավի չոր գլխի մեջ, որ տանի։ Հը՜մ, մարդ էլ ասո՜ւմ եմ։ Տյոտա է։ Արշակ տյոտա՜...
Հողեմ գլուխդ, Արշակիս դու տյոտա ասես՝ ես սուս անե՞մ։ Լինելու բա՞ն է դա։ Կբողոքեմ, բա՞։ Այդ նույն գյուղապետին, մեր՝ Ամառանոցայինի գյուղական համայնքի ղեկավար պարոն Օսկան Վարդապետյանին։ Կասեմ. <<Պարոն գյուղապետ, խնդրում եմ (առայժմ) միջոցներ ձեռնարկես։ Համապատասխան։ Պա՞րզ է։ Չձեռնարկես՝ ավելի բարձրին կբողոքեմ։ Թերթում գրել կտամ։ Աշխարհքով մեկ՝ խաղք ու խայտառակ կանեմ։ Նրա՛ն էլ, քե՛զ էլ>>...
Որսկան Գուրգե՞ն, դու քո շան հետ իմ հավերն ուտես ու անպատիժ մնա՞ս։ Անունս կփոխեմ։ Ես քեզ ջրի երեսը կհանեմ։ Ես քեզ ուշունց տա՛լ ցույց կտամ։ Ես քե՛զ...

<<Պըլը-Պուղի>>, թիվ 2, 2002 թ., էջ 4


ԶԳՈ՜ՒՅՇ…

Կրթական հաստատության հիմնադրման կեսդարյա հոբելյանն էր նշվում։ Ինչն էլ՝ լայնորեն լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Բայց, թերևս, այնքան էլ պարզ չէր՝ կրթական հաստատության հիմնադրմա՞ն հերթական տարեդարձն էր, շենքի կառուցմա՞ն, թե՞ 50-րդ թողարկման։ Համ էլ՝ դա ի՜նչ կարևոր է։ Կարևորը հավաքվելու առիթ ունենալն է, մարդկանց հրավիրել-հյուրասիրել կարողանալը։ Իսկ հրավիրված-հավաքվածները շատ-շատ էին, հյուրասիրությունն էլ՝ ճոխ։
Տոնական միջոցառմանը (թեև ծրագրով նախատեսված չէր) համընկել էր նաև դպրոցի զոհված շրջանավարտների հիշատակին պատրաստված նոր վահանակի տեղադրում-բացումը։
...Հրավիրվածների մեջ կային նաև որդեկորույս մայրեր, զոհված ազատամարտիկների հարազատներ։ Դե, սևազգեստ մայրը, որ, ընդհանրապես, ուրախ առիթներով կազմակերպվող միջոցառումներին այնքան էլ <<չի բարեհաճում>> ներկայանալ-մասնակցել, ու, թեև այս անգամ էլ չէր ուզում, բայց անհարմար զգաց մերժել հրավերը։ Հրավիրել են՝ պիտի գնաս։ Որդուդ՝ նվեր մի քանի ծաղիկ կվերցնես ու կգնաս։ Համ էլ՝ ընկերների <<շրջապատում>> (կողք-կողքի շարված շրջանակների մեջ) մի անգամ էլ կտեսնես որդուդ։ Թե չէ, տանը ողջ օրը նկարի հետ զրուցում ես, զրուցում ու վերջը չի երևում։
...Մտքերից սթափվեց՝ երբ արդեն վահանակի մոտ էր, տեղադրեց որդուն նվեր բերված ծաղիկներն ու գլուխը կամաց վեր բարձրացրեց, հայացքը սահեցրեց նկարների վրայով, տնտղեց մեկ-մեկ, ու... չհասցրեց հասկանալ, թե ինչ կատարվեց. <<Ո՞ւր է... Բա ո՞ւր է... Չէ՞ որ կար։ Թե՞ սխալվում եմ։ Չկա՞ր։ Գուցե չի՞ էլ զոհվել բալաս>>... Ավելի մտազբաղ դառած, թեև առանց այդ էլ՝ անհանգիստ էր, թողեց դահլիճը։
- Ձեր որդին, մայրիկ, այս դպրոցում չի սովորել, դրա համար են նկարը հանել,- կասեն ու գործը դրանով փակված կհամարվի։
Իսկ հաջորդ ուսումնականն սկսվելուն պես աշակերտները թարմ ծաղիկներով դեպի նորացված վահանակը կվազեն, կբարևեն հին ծանոթների պես, կմատուցեն ծաղիկները, բայց պատասխան բարևների մեջ իսկույն կնկատեն պակասը՝ Շամիրյան Ալեքսանդրի չբարևելը։ Ինչո՞ւ... Եվ իսկույն դասարան կվազեն՝ համադասարանցուն.
- Բա քո հայրիկը... քո հայրիկը...
- Իմ հայրիկը՝ ի՞նչ...
- Քո հայրիկը... չի՞ զոհվել,- մանկական անմեղ ձայնն ավելի կմեղմանա,- սխա՞լ էր, որ նկարը կար նախկին վահանակի վրա...
Նահատակ զինվորի երկու տղաները չեն հասկանա ոչինչ, ու գլխիկոր, կողք-կողքի, կկանգնեն նորացված վահանակի առաջ...
- Չի՞ զոհվել։ Չի՞՜...
Ձայնն արձագանք կտա դասասենյակներում ու հերոս նահատակների արյան գնով ձեռք բերված խաղաղության մասին պատմվող նոր դասը կիսատ կմնա, բառերը կսեղմվեն ուսուցչուհու կոկորդում ու տղաների աչքերին նայել չի կարողանա։
- Ես ի՞նչ մեղավոր եմ, որ նկարը հանել են,- անիմաստ-տխուր կժպտան նրա աչքերը, և սրտի խորքում վիրավորված ապագա զինվորներն այլևս չեն հավատա այդ աչքերին՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ երբեք...
...Իսկ երբ նման երևույթներ են կատարվում մեր շրջապատում՝ մենք մեր աչքերին ինչպե՞ս ստիպենք չտեսնել, ականջներին՝ չլսել, լեզվին՝ այդ մասին չխոսել...
Մինչև ե՞րբ...

<<Բերդ>>, 8 նոյեմբերի 2002 թ., թիվ 17, (1902), էջ 3




ԱՀԱ, ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵ՜Ր…

1988-ի փետրվարյան ընդվզումից երեք ու կես տարի անց անկախություն ձեռք բերած մեր երկու հայկական պետություններում բնակչությունը, հիմնականում, միատարր է, ինչը, երևի թե, չի կարելի ասել Պաշտպանության բանակի անձնակազմի մասին։
Վերջերս էլ՝ բանակի մասշտաբով մի անլսելի-անիմանալի լուր է տարածվել, ինչը ցնցել է շատերին։ Բանն այն է, որ բանակի ուսումնական զորամասերից մեկում հինգ լեզվով խոսող մի կուրսանտ է հայտնաբերվել, ով նաև գրում է բանաստեղծություններ ու վեպեր, երգում է, նվագում և այլն։
Թղթակիցների մեր խումբն անմիջապես զորամաս այցելեց՝ այդ արտակարգ իրողությունը պատշաճ ձևով լուսաբանելու նպատակով։
Զինվորը ներկայացավ մեզ և, ի զարմանս բոլորի, հայերենով հնչած մեր բոլոր հարցերին միանշանակորեն պատասխանեց օտար (մեզ՝ դեռևս ոչ հեռու անցյալի հասարակարգից քաջածանոթ) լեզվով։
Հենց այդ օտար լեզվով էլ ներկայացրեց իր կենսագրությունը, հետաքրքրությունների շրջանակը և այլն։
Պարզվեց, որ նա Կնյազ Թորոնի Թամոյանն է, ազգությամբ՝ եզդի, չորս-հինգ լեզու իմացող (հայերեն՝ ոչ), զորակոչվել է Հայաստանի հյուսիսային հարևան երկրից և շատ լավ է խոսում նաև այդ երկրի լեզվով։ Նաև՝ այդ լեզվով բանաստեղծություններ էլ է գրում։
Բանաստեղծություններն, իհարկե, մենք չտեսանք, նաև՝ նոր սկսած <<վեպը>> մեր բանակի մասին։ Վախեցավ չկարողանանք ընթերցել։ Երևի մտածեց, որ միատարր բնակչություն ունեցող պետությունում միայն մայրենիով են կարողանում հաղորդակցվել, մոռանալով, որ դարեր շարունակ այս երկիրը խաչմերուկն էր բոլոր լավի ու վատի, արժեքավորի ու անարժանի, քաղաքակրթության ու վայրենաբարոյի։ Իսկ ժողովուրդն էլ, պարզ է, սովոր է ամեն ինչի՝ և՛ շառ ու շուռի, և՛ թշնամանքի ու կեղծ բարեկամության։
Համենայնդեպս, ո՛չ վրացերենով, ո՛չ էլ ռուսերենով գրած ոչինչ չտեսանք։ Դրանից հետո էլ պարզվեց, որ մեր հերոս Կնյազը նաև արհեստավարժ երգիչ է, երգում է վրացերեն, ռուսերեն, հունարեն, մի քիչ արաբերեն, մի այսքան էլ (ցուցամատի ծայրի չափ)՝ հայերեն։ Ճիշտն ասած՝ զարմացա, որ մեր կես ժամից ավել տևած զրույցի ընթացքում հայերեն մեկ բառ անգամ չարտասանած մարդը կարող է երգել նաև հայերեն։
Իսկ երբ հարցրի (իհարկե՝ ոչ հայերենով), թե հայերեն չիմացող զինվորն ինչպես է հաղորդակցվում իր հայ ծառայակիցների ու հրամկազմի հետ, ինչպես է մասնակցում հայերենով անցկացվող պարապմունքներին ու յուրացնում օրվա դասանյութը և այլն՝ Թամոյանի պատասխանը կարճ էր ու լակոնիկ.
- В этом и вся проблема!
Այո, <<проблема>>-ն հասկացանք, բայց թե ինչպես է լուծվում դա՝ այլ խնդիր է։ Նրան զինվորական կանոնադրությունների ռուսալեզու գիրք է տրամադրվել, բայց հո մարտական ու մասնագիտական պատրաստության բոլոր առարկաների գծով չի կարող չէ՞ ռուսալեզու գրականություն ձեռք բերել և, բոլորի հետ ու բոլորից առանձին, հմտանալ իր զինվորական մասնագիտության մեջ։
Թամոյանի համբավը նաև զորամասում ստուգումներ իրականացնող հանձնաժողովի սպաներին էր հասել։ Նրանք էլ փորձեցին Թամոյանի թվաբանական գիտելիքները ստուգել։ Բայց երբ պարզվեց, որ 2+2x2-ը ոչ թե 6, այլ 8 է անում՝ տարակուսած հեռացան։
Ահա, այսպիսի բաներ։ Ճիշտ են ասել, չէ՞. ի՜նչ ասես, որ չի կարող պատահել կյանքում։ Բայց որ սկսել է բանակում էլ պատահել՝ դա արդեն իսկապես որ... <<проблема>> է։



ԽԱՂՈՂԻ...ԺԱՎԵԼ

Երբ առաջին անգամ այդ խանութից խաղողի ինքնաթոր օղի առա՝ կատակով ասացի.
- Ոնց որ՝ ժավել լինի։
Դրանից հետո այդ խանութից օղի առնելիս՝ ժավել էի խնդրում, ինձ պետք եղածը ստանում ու տուն գալիս։
Կինս անընդհատ ասում էր.
- Ինչո՞ւ ես միշտ օղի առնում, մի անգամ էլ ուրիշ բան բեր, էլի՞...
Ասում եմ.
- Մեղավո՞ր եմ, ես ժավել եմ ուզում՝ իրենք խաղողի թորած օղի են տալիս։
- Այդպիսի բա՞ն կլինի, թե՞ էլ ուրիշ հեքիաթ չունես պատմելու։
...Ուրեմն՝ կինս չի հավատում ինձ։
Լավ, հաջորդ անգամ միասին կգնանք։
Մտնում ենք խանութի դռնից ներս և պոլիէթիլենե շիշն անմիջապես մեկնում եմ գործակատարին ու խնդրում շշի մեջ ժավել լցնել։ Կինս համակ ուշադրությամբ հետևում է նրա գործողություններին, իսկ սա ամեն անգամվա պես բացում է թորած օղով լի տակառիկն ու լցնում շիշը։
- Տեսնո՞ւմ ես,- դիմում եմ կնոջս,- ասում եմ՝ չես հավատում։
Կինս ծիծաղում է։ Վերցնում ենք շիշն ու գալիս տուն։
Այդպես շարունակվեց մինչև...
...Խանութպան Սերժիկն ամեն անգամ ասում էր.
- Էսա նոր խանութիս շենքի կառուցումը որ ավարտեմ ու տեղափոխվենք այնտեղ, սպասարկումն ավելի բարձր մակարդակի վրա է լինելու։ Էլ հետդ դատարկ շիշ բերելու կարիքը չես ունենա։ Շշալցված-պատրաստ՝ խանութում դրված է լինելու։ Գալու ես վերցնես՝ գնաս։
Այդ օրն էլ եկավ։ Ուրախ-ուրախ, որ արդեն կարող եմ առանց դատարկ շշի գալ, մտա խանութի նոր շենքի դռնից ներս և Սերժիկին ուղղված շնորհավորական ոչ երկար խոսքից հետո մոտեցա նոր գործակատարին։
- Ես ժավել եմ ուզում,- ասացի՝ ամեն անգամվա պես։
- Այ, այնտեղ է, վերցրեք,- ցույց տվեց հատակին շարված շշերը։
Վերցրի շիշն ու մնացի կանգնած.
- Բայց... սա... ժավե՞լ է։
- Իհարկե, բարձր որակի,- անմիջապես վրա բերեց գործակատարը։
Տարակուսանքն ինձ գամել էր տեղում։
- Բայց... սա... ոնց որ իսկակա՛ն ժավել լինի,- հազիվ ինքս ինձ լսելի ձայնով ասացի։
Ու երբ վճարելուց հետո մանրը նախկինից ավելի շատ վերադարձվեց՝ տարակուսանքս համոզմունքի վերաճեց։ Շարունակեցի մնալ կանգնած։
- Ի՞նչ,- գործակատարի դեմքի հարցական արտահայտությունը սթափեցրեց ինձ։
- Ես... սա երևի... չվերցնեմ։
- Ի՞նչ, չվերցնե՞ք։ Բայց Դուք ժավել չէի՞ք ուզում։
- Ժավե՞լ։ Ուզում էի։ Ես խաղողի՛ ժավել էի ուզում։ Խաղողի՛ ժավել...

30.10.2011, Ստեփանակերտ


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ... ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականների ղարաբաղյան ասոցիացիայի (ԳՂԱ) մամուլի քարտուղար Մուկուչ Թոփալյանը վերջերս հույժ կարևոր տեղեկատվությամբ հանդես եկավ լրագրողների առաջ։ Բանն այն է, որ ասոցիացիայի հերթական գիտաժողովի «թիրախ» էր դարձել բարձրագույն... թվաբանությունը։
«Թվաբանական չորս գործողությունները և դրանց նշանակությունն առօրյա կյանքում» թեմայով հրավիրված գիտաժողովին ներկայացել էին ոչ միայն արցախցի գիտնականներն ու լրատվական դաշտի ներկայացուցիչները։ Ներկա էին նաև գիտնականներ, միջազգային դիտորդներ ու լրագրողներ` մերձավոր ու հեռու արտասահմաններից։
Գիտաժողովի կազմակերպման գործըն իր վրա վերցրած ԳՂԱ-ի աշխատակազմն ամեն կերպ պատրաստվել էր թվաբանության առկա դրությունը բարձրագույն կարգավիճակի հասցնելու համար։ Այդ առումով ուսումնասիրվել է գիտնականների միջազգային մի շարք ասոցիացիաների առաջավոր փորձը, տրվել ղարաբաղյան հակամարտությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում թվաբանության դերի ու նշանակության իրական գնահատականը։
Հիմնական զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի գլխավոր քարտուղար Արմանք Զարմանքյանը։ Նա ասաց, որ ետխորհրդային ժամանակահատվածում թվաբանության դերն զգալի աճել է։ Բանն այն է, որ մարդիկ վերջապես հասկացել են, թե ինչպես կարելի է քիչ ջանքերի շնորհիվ մեծ եկամուտներ ձեռք բերել` հակադրելով երկրի տնտեսական շահը անձնական շահին։
Եթե խորհրդային տարիներին կոլտնտեսության ֆերմաներում յուրաքանչյուր կթան կովի ստիպում էին օրական տալ առնվազն 5600-6000 կգ կաթ, հիմա այդ կաթն առատորեն կարելի է ստանալ առանց կովերին չարչարելու։ Այստեղ օգնության է գալիս Նորին Վսեմափայլություն Քիմիան, որի դերը նույնպես, որպես գիտություն, խորհրդային տարիներին, մեղմ ասած, զգալիորեն նսեմացված էր։ Հիմա քիմիայի անձնվեր ծառայության շնորհիվ կարելի է ստանալ գյուղատնտեսական գրեթե բոլոր մթերքները, առանց դաշտ ու վերամշակման գործարան մտնելու։ Պարզապես գտնում ես քո ուզած ուտեստի կամ ըմպելիքի քիմիական ֆորմուլան և ազատ կարող ես սննդի խնդիր ընդհանրապես չունենալ։
Սա` ի միջի այլոց։ Հիմնական զեկուցողը վերադարձավ խնդրո առարկայի դաշտ։ Ինչպե՞ս անել, որ թվաբանության դերը հասցվի բարձրագույն մաթեմատիկայի մակարդակին։ Քանի որ շատերն այսօր, մեղմ ասած, չեն ուզում գլուխ տրաքացնել, բայց բարձրագույնի դիպլոմ անպայման ձեռք բերելու մոլուցքով են տարված` որոշել են այնքան էլ չխորանալ բարձրագույնի գիտություններում, այլ` գոնե որոշ չափով կատարելագործել դպրոցական կարողությունները։
Թվաբանության օրինակով պրոֆեսոր Արմանք Զարմանքյանը բավականին լուրջ առաջարկություններ ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին։ Նա գտնում է, որ արդեն հնարավոր է քիչ ջանքերի գնով մեծ հաջողությունների հասնել։ Այդ գործում անհատ ձեռներեցների մեծագույն աջակիցը Նորին Վսեմություն Թվաբանությունն է` իր չորս պարզ ու հասարակ գործողություններով։ Գումարում ես, հանում ես, բաժանում ես, և որ ամենակարևորն է` վերջում բոլորը բազմապատկում ես ու դառնում...
Բայց ամեն ինչ` հերթով։ Կարևորը` ձեռներեց ու խաբելու որոշակի հմտություններ ունենաս, կարողանաս աշխատատեղերի բացման գլխավոր նպատակաուղղվածություն (թեկուզև` կեղծ) ունեցող ֆիրմա ստեղծել և աշխատողներ հավաքել, գումարել իրար, հանել արածը, բաժանել մի չնչին մասը, մնացածը կրկին բազմապատկել ողջ ունեցածով։ Արդյունքը` հասկանալի է։
Հարակից զեկուցումներով հանդես եկած գիտնականները ևս ի հարկե նշեցին թվաբանության դերն ու նշանակությունը հանրային կյանքում, մատնանշեցին հատկապես այն կարևոր հանգամանքը, թե ինչպես կարելի է կատարել աշխատաժամանակի բաշխումը, տնտեսումը` օգտագործելով ի շահ տնտեսվարողի։
Շատերն, իհարկե, չեն հասկանա, հասկացողներն էլ կլռեն, չէ՞ որ կարող են զրկվել աշխատանքից, հետո՞ ինչ պիտի անեն։ Ինչքան ասես` ստիպված կլինեն աշխատել, վերջում էլ դեռ շնորհակալ պիտի լինեն, որ աշխատանք ու աշխատավարձ ունեն։
Զեկուցողներից մեկը նույնիսկ այսպիսի մի պատկերավոր օրինակ բերեց։ Ասաց, որ մի քանի ժամերի հանում-գումարումից էլ նույնիսկ կարելի է շահույթ ստանալ։ Մի քանի ժամերի հանում-գումարումից ոչինչ էլ չի փոխվի, հասարակ թվաբանություն է չէ՞, 4 ժամ (աշխատանք) + 1 ժամ (ընդմիջում) + 4 ժամ (աշխատանք) - 1 ժամ (եսիմ` ինչ) = է 7-ժամյա աշխատանքային օրվա։
Ճաքես, տրաքես` չես կարա գլուխ հանես։ Կամ էլ` հակառակն ապացուցես։ Համ էլ` գլխի ընկնո՞ղն ով է, ստուգո՞ղն` ով, որ չկարողանան «գնել»։ Մեռնեմ բարձրագույն... թվաբանությանը։
Ամենակարող չէ` ի՞նչ է։

30.11.2012, Ստեփանակերտ