Մուտք
Ժամանակն ամենակուլ դատավոր է, կյանքը նրանում ընդգրկված անհույս որոնումների շղթա ու մեղքի տուրևառություն: Վարդան Վարդազարյանի բանաստեղծությունները տոգորված են ժամանակի այժմեականության ու հավերժականության սերտ, բայց մարդկային խղճով քննվող անհարիրությամբ: Ժամանակը ոխերիմ է, ջնջում է ամեն ինչ և մարդուց լոկ ոսկրակույտ է թողնում: Ունայնությունն ասես միակ գյուտը լինի, սակայն ժամանակի հարահոսի իմաստավորումը, մարդկային կարճատև կյանքը բովանդկալից դարձնելու համար Վարդան Վարդազարյանը կարևորում է գենի հիշողությունը: Գենն է որ մեզանից հետո շարունակում է մեզ, սակայն այստեղ էլ հաճախ ժամանակն անողորմ է գտնվում: Գենի աղճատումը, հայրենի հողը լքելը, տունն անկառույց ու կիսատ թողնելը, օտարության մեջ անիմաստ դեգերումները ժամանակի հանդեպ մեր միակ հաղթությունը հուշազրկում են:
Արտագաղթը, չամբողջանալը, մասնատվելը հայրենասեր բանաստեղծի կսկիծն է ժամանակի որոգայթներում:
Վարդան Վարդազարյանն իր հայրենիքի շինարարն ու մշակն է, հարազատության բոլոր զգացումները սերտորեն կապված են հայրենի տան կուռ ամրության հետ, նրա հոգին չի համակերպվում օտարի հետ:
Բանաստեղծի կերպարը հստակ ընդգծված է: Նա երբեք չի դավաճանում ինքն իրեն, նա կարողանում է խոսքը համոզիչ դարձնել առանց պաթոսի, առանց ծեքծեքումների ու շատախոսության, հստակ ու պարզ արտահայտչամիջոցներով: Այս ազնվությունն առինքնող է:
Վարդան Վարդազարյանը չի սիրում հայրենասիրության մասին խոսել, դրա կարիքը ամենևին չկա էլ, սակայն ընթերցողը նրա այս գրքին հարաբերվելիս սկզբից մինչև վերջ կզգա այն հայրենիքը, որը մեր ներսում ենք կրում և որը պետք է ամբողջական ու անխաթար պահենք: