Նամակներ

Հունիս 9, շաբաթ, Տփխիս, 1881.

Իմ անուշիկ Ոսկի.

Վերջապես դու հեռացար ինձանից, մի անշունչ մեքենայի ուժը խլեց, բաժանեց միմյանցից մեր սիրապատար սրտերը... Դու հեռացար, բայց քո արտասվաթոր աչքերը, քո հրաժեշտի վերջին հայացքը չհեռացան ինձանից, նրանք հետևում էին ինձ ամենուրեք, և այս րոպեին էլ նրանք իմ աչքերի առաջևն են։ Ախ, այդ հայացքը պարունակում է յուր մեջ ամբողջ երկինքը, նա ստեղծում է և ոչնչության մեջ երջանկությունը... Ես երկա՜ր, շա՜տ երկար նայում էի երկաթուղվո երկայնալար գնացքին, որ յուր մեջ կալանավորած տանում, փախցնում էր իմ սիրտը, իմ հոգին... Բայց վաղուց արդեն գնացքը անհետացել է, մեքենայի ժայթքող ծուխը այլևս չկա, բայց ես դեռ կանգնած նայում եմ նրան, կարծելով թե տեսնում եմ քեզ նրա մեջ և թե քո գեղեցիկ դիցական աչքերը դեռ նայում են ինձ վերա...

Վերջապես ես վերադարձա գրասենյակս, թույլ և մոլար քայլերով, ճանապարհին ինձ խոսացնում էին բարեկամ, բարեկամուհիս, ես նրանց պատասխանում էի մեքենայաբար, կամ թե ոչինչ չէի պատասխանում. այդ րոպեին ամեն ընկերություն ինձ համար անտանելի էր. ես կամենում էի առանձնանալ, ես որոնում էի մի ամայություն, ուր ազատ կարողանայի մտածել քեզ վերա, խոսիլ քեզ հետ, երգել քո հրաժեշտի ողջույնը... Օ՜, ես դեռ չգիտեի, թե իրավ այսքան դժվաւր, այսքան տխրեցուցիչ կլինի մեր անջատումը. ես ուրախությամբ կամ գոնե ոչ-տխրությամբ կապկպում էի քո իրեղեններդ. ես պատրաստվում էի քեզ հեռացնել ինձանից, առանց մի րոպե անգամ մտածելու, թե այդ հեռացումը այսքան դժվար պիտի լինի...

Վերջապես, ես այժմ նստած եմ իմ պարպմանց գրասենյակում, շվարած, մտամոլոր. ես չգիտեմ այժմ ինչ գործել կամ ինչից սկսել. ես կարծում եմ թե այլևս ոչ ոքի համար չեմ ապրում, ես կարծում եմ, թե իմ կենդանության կեսը կորուսել եմ և սպասում եմ, որ գտնեմ նրան... Եվ ճշմարիտ, որ այս դրությունը անտանելի է, վախենում եմ, թե նա երկար շարունակվի։ Բայց ոչ, այն ժամանակ դու կարհամարհես ինձ. դու կամենում ես, որ ես ավելի առնական սիրտ ունենամ, քան կանացի, այդպես չէ ։ Ուրեմն` ես կաշխատեմ հաղթել իմ սրտին, ես կաշխատեմ, որ խելքը կառավարե իմ զգացումներս, թեպետ բնականը բռնաբարել անիրավություն է... Ես թողնում եմ գրիչս:

Հ. Գ. Այսօր իմ տոնն էր, գիտեի՞ր, թե՞ ոչ, ես հետո իմացա և մտածեցի, որ գոնե մի փոքր գունավոր օրում հեռացար դու ինձանից. բայց մի փոքր ծիծաղելին այն է, որ այսօր Գրիգոր Լուսավորիչը դուրս է գալիս վիրապից, իսկ ես մտնում եմ այնտեղ...

/ 10 հունիսի, կիրակի, (առավոտ)

Երեկվա տխրությունս մի փոքր անցել է. այժմ զբաղված եմ այն քաղցր մտածմունքներով, թե ինչպես այսուհետև պիտի դեգերեմ քո շրջած զբոսավայրերում, ինչպես պիտի հիշեմ քո յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայացքը, կատակը, և զվարճախոսությունը, և պիտի երգեմ քեզ հետ անցուցած բոլոր ժամերը։ Մի կես ժամ առաջ դեռ մտածում էի, թե ինչու համար դուրս գամ սենյակիցս, ուր գնամ, Ոսկին չկա, ուրեմն բոլոր աշխարհը չկա... բայց այժմ բոլորովին հակառակն եմ մտածում, որովհետև հիշեցի իմ շատ հին անցյալը, երբ ես դարձյալ հեռի էի քեզանից և թափառում էի Մուլտեքտի պուրակներում քեզ հիշելով, քեզ երգելով... Այն ժամանակ միայնությունը շատ քաղցր էր ինձ համար, և բոլոր իմ մենավոր զբոսանաց ժամանակ ինձ ընկերանում էր բնությունը, մենք երկուսս միասին մտածում էինք քեզ վերա, ոգևորվում էինք քեզնով և սիրում էինք քեզ։ Այսօր էլ ահա կվերադառնամ իմ անցյալին և կապրեմ այդ անցյալի սովորական կյանքով։

Այժմ պատրաստվում եմ գնալ մեր պարոնին ճանապարհ դնելու դեպի Տրապիզոն. ես երևակայում եմ, թե ինչ ազդեցություն կանի այս անգամ ինձ վերա երկաթուղվո 3-րդ զանգը.— մի ճանճ կթռչի իմ գդակի վրայից, ահա բոլորը:

Կիրակի, (երեկո)

Երկաթուղուց վերադարձա ժամ 9-ին. գնացի Խատեսյանի տնից քո իրեղենները բերի ինձ մոտ. բոլորը կարգավորեցի. մի երկու բան, որոնց քո ձեռքերը շատ կլինեին դիպած` համբուրեցի. քո պարապմանը վերաբերյալ իրերը այժմ իմ աչքում մի մի մասունքների արժեք ունին. զարմանալի՜ փոփոխություն։ Ժամ 12-ին գնացի Սպանդարյանի տունը։ Այդտեղ Նատալիան ինձ աշխատեց ճգրացնել, բայց ես չհաղթահարվեցա. այնպես կերպարանք ցույց տվի, իբր թե իսկի չեմ մտածում, թե Ոսկին հեռացել է. Սպանդարը մոտեցրավ ինձ քթախոտի ձեռնատուփը և ես շատ հանգստությամբ վերցրի մի պտղունց, և հանդիսավոր ձևով տարի դեպի իմ քիթը: Մենք սուրճ խմեցինք. Սպանդարը խոսաց քո վերջին հայացքի համար. ես չկարողացի ինձ զսպել և փղձկեցա. բայց իհարկե, ոչ ոք ոչինչ չնկատեց։ Վերջապես ժամ 4-ին մենք ճաշեցինք, ես խմեցի քո կենացը— անդրանիկ բաժակով—բայց իհարկե մտքումս. վերջում Նատալիան առաջարկեց քո կենացը և մենք էլի դատարկեցինք։ Ժամը 5-ին մենք գնացինք Մուշտայիդ. եղանակը շատ զով և շատ գեղեցիկ էր, ես միջոց էի որոնում առանձնանալու, այդ նկատեցին, և Նատալիան ասաց, որ դու պատվիրել ես նրան՝ ինձ տխուր և միայնակ չթողնել... Որքան բարի ես դու, իմ անգին Ոսկի։ Դու կամենում ես ապահովել մինչև անգամ իմ միայնության ժամերը. բայց, հոգյակս, այդ ժամերում ես տխուր չեմ լինում, այլ հոգիացած. և այն իսկ այդ ժամերի տխրությունը մի քաղցրություն, մի զվարճություն ունի։ Երբեք մի՛ մտածիր, թե միայնությունս կարող է տխրեցնել ինձ, ոչ, այդ միայնության մեջ ես նմանում եմ այն բարեպաշտ հեթանոսին, որ ծնկաչոք աղոթում է յուր աներևույթ աստվածածնո առաջ։

Բայց գիտես, մենք այսօր ուղղակի գնացինք «ձկների այգին», Նատալիան առաջին անգամն էր տեսնում այդ տեղը, «ինչ գեղեցիկ է, ափսո՜ս մի անգամ օրիորդին այստեղ չբերինք», բացականչեց նա. ես ծիծաղեցի, և այդ ծիծաղով մատնվեցա։— «Անպիտաններ, դուք ուրեմն գիտեիք այս տեղը, ասաց նա, և մեզ չէիք ասում»։— «Շատ միամիտ ես, Նատալիա, նկատեց Սպանդարը. ինչ արժեք ունի սիրահարությունը, եթե նրա համար մի անհայտ ծածկարան գոյություն չունենա»։ Մենք այդտեղ թեյ խմեցինք, խոսացինք, ծիծաղեցինք և վերջը մի կես ժամ էլ առանձնանալով—բնության և քեզ հետ խոսացի, երգեցի և ապա միասին վերադարձանք տուն։ Ճանապարհին ձիաքարշի մեջ Սպանդարը կռվեց մի մալականի հետ, որը հրել էր փոքրիկ Սպանդարին, բղավոց, ճղավոց տեղի ունեցավ, բայց առանց մի զգալի հետևանքի անցավ։ Տուն հասնելուց հետո գնացինք Շինինգի մոտ. մի ժամ էլ այնտեղ մնացի և այժմ եկա տուն։ Այստեղ— բարի գիշեր, համբուրում եմ քեզ։

11 հունիսի, երկուշաբթի (երեկո)

Սիրեցյալդ իմ. Այսօր ամբողջ օրը անհամբերությամբ սպասում էի քո հեռագրին, բայց չստացա. անհանգստությունս յուր չափը անցըրեց։ Տխրությունը րոպե առ րոպե աճում է սրտիս մեջ։ Ինչ պատահեցավ քեզ, ինչու հեռագիր չեմ ստանում։ Այս գիշեր շատ մեծ անձրև էր եկել, ես վախենում եմ. ես հազար մի տխուր գուշակություններ եմ անում։ Գուցե երկաթուղվո գիծը վնասվել է։ Գուցե Թարթարը վատացել է և չեք կարողանում անցնել։ Գուցե... 0՜հ, սիրտս պատռվում է, չեմ ուզում ոչինչ գրել, չեմ էլ ուզում մտածել։ Բայց գուցե դու այժմ հանգիստ նստած ես տանը, և քաղցր խոսակցում ես սիրելիներիդ հետ, առանց մտածելու, որ յուրաքանչյուր սլացող վայրկյան խլում է իմ կենդանությունից մի բաժին… Բայց հոգ չէ, երանի թե դու ողջամբ հասած լինես տուն, ես կարող եմ մի քանի ժամ էլ ավելի սպասել, մի քանի օր էլ… Բայց ոչ, թե մի օր ավելի անցնի հուսահատությունը կսպանի ինձ, ես ավելին չեմ ուզում սպասել. ես կամենում եմ, որ քո հեռագիրը այժմ արդեն ճանապարհին լինի։ Ախր չէ՞ որ դու խոստացար Խանքեանդիից հեռագրել ինձ, դու երեկ երեկոյան հաշվով այնտեղ պիտի լինեիր, և թե նույն ժամույն հեռագրած լինեիր. ես այսօր, կեսօրին գոնե կստանայի։ Օհ, չգիտեմ, չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ ինչ մտածեմ, որ կողմը որ դառնում եմ տխուր մտածմունքները պաշարում են ինձ, իսկ իմ անիծյալ երևակայությունը ինչ սարսափելի տեսարաններ ասես, որ իմ աչքերի առաջ չէ պատկերացնում, ես մինչև անգամ լսում եմ շշուկներ, գաղտոգողի խոսակցություններ, անախորժ հառաչանքներ… о՜հ, գլուխս փոթորկում է, էլ ոչինչ չեմ ուզում գրել, սպասում եմ, շուտ, շուտ շտապիր, աղաչում եմ…

Հունիս 12, երեքշաբթի (առավոտ)

Հոգյակս, այժմ ուրախ եմ. շատ ուրախ։ Հենց նոր մտի գրասենյակս և ահա հեռագրատան ցրվիչը բերավ հեռագիրը։ «Ողջամբ հասի» ահա երկու բառ, որոնք ինձ անսահման ուրախություն պատճառեցին. ես ցրվիչին ավելի վարձատրեցի, քան հարկավոր էր. ես մինչև անգամ մի փոքր էլ նրա հետ զվարճախոսություն արի. այդ իհարկե իմ ներքին ուրախության արտահայտությունն էր։ Աստվա՜ծ իմ, ինչու բախտավոր մարդիկ միշտ բարի, միշտ քաղցր և միշտ զվարթերես չեն ներկայանում մեզ։ Նրանք չե՞ն հասկանում իրենց դրության արժեքը, թե՞ կեղծում են մեր առաջ։ Այսպես թե այնպես, այդ մարդիկ իրենք պափծում են իրենց չվայելելով այն, ինչ որ իրենցն է։ Բայց սիրելիս, քո հեռագիրը շատ կարճ էր. միթե այդքան կարելի է խնայող լինել. ինչ կլիներ, թե մի երկու ուրիշ բառ էլ ավելացնեիր, մի երկու գողտրիկ, սիրալիր բառեր… Բայց ահա մարդկային ագահություն։ Երեկ դեռ բոլոր ունեցածս կտայի ստանալու համար այն, ինչ որ արդեն ստացա, իսկ այժմ դեռ մի բան էլ ավելի եմ պահանջում… ճշմարիտ, որ մենք արաժնի ենք պատվժելու։ Բայց միթե ես մեղավոր եմ. սիրել, այդ նշանակում է գրավել բոլոր երկինքը, տիրել համատարածին, իսկ չէ որ վերջինս սահման չունի… Ով որ ագահ է նյութական բարիքներ ժողովելու մեջ, թող մարդկությունը դատափետե նրան, բայց ով ինչ ունի այն սրտի դեմ, որ ագահ է սիրո մեջ, որ ձգտում է հոգիանալու և մարդկային դատարկությունը աստվածային անսահմանությամբ լցնելու… Եվ իրավ սառը լեզվով ենք արտասանում «սիրել» բառը. մի բառ, մի խոսք:

Հունիս, 16, շաբաթ. (առավոտ), Տփխիս, 1884.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Երեկ մի նամակ ունեի քեզ գրած, որը այսօր կարդալով պատռտեցի, որովհետև չափից դուրս տխուր էր։ Այդ նամկը Սամսոնի ինձ վերա գրած մի նամակի առթիվ էր։ Դու անշուշտ հիշում ես, սիրելիս, որ ես ասացի, թե` Սամսոնին մի նամակ պիտի գրեմ, իմ գործած սխալի վերաբերությամբ և խոստովանվեմ նրան, որ իմ արածը բոլորովին անգիտակցաբար և անփութությամբ է եղած, և որ ես ինքս վշտանալու չափ զղջացած եմ իմ արածից։ (Իմ զղջումը և վշտացումը իհա՛րկե իմ նամակի վերջին կտորի համար էր)։ Այդ նամակը գրեցի ես նրան։ Բայց թե ինչ գրեցի. ամբողջապես կրկնել նրան այստեղ անկարելի է, որովհետև երկու մեծ թերթ լիք էր։ — Միայն այսքանը կասեմ, որ իմ այդ գրության մեջ 1) ես վերջացնում էի նրան հետ իմ բարեկամությունը— թեպետ շատ ցավելով։ 2) Հիշում էի մի քանի մանրամասնություններ այն տխուր անցյալից, որը եղավ գլխավոր պատճառը իմ ձեր ընտանիքի և հետևապես յուր հետ բարեկամանալուն: 3) Անում էի մի քանի ակնարկ քո առ իս ունեցած նամակագրությանդ համար։ 4) Մի քանի հիշողություններ յուր իմ դեմ ասած խոսածներից և 5) իմ անկեղծաբար խոստովանթյունը իմ գործած անմիտ սխալի մասին։ Վերջում ես նրան իրավունք եմ տալիս հրապարակով հայհոյել, անպատվել ինձ, որքան կարող է, (իմ յուր մասին գրածների վերաբերությամբ իհարկե)։ Բայց խնդրում եմ անշոշափելի թողնել իմ այն վերքի կետը, որը ես հիմարաբար բաց էի թողել իմ հովածում:

Երևակայիր, ես կարծում եմ, թե Սամսոնը այնքան ազնվություն կունենա, որ իմ այդ խոստովանությունը կարդալով, վեհանձնաբար լռությամբ կանցցնե ամեն բան և շատ կբավականանա` իմ յուր մասին գրածներիս վերաբերությամբ մի հոդված կամ պատասխան գրելով «Մշակ»-ում։

Քո գնալուց հետ այս դեպքը ինձ վերա շատ ավելի տխուր ազդեցություն էր արել և քարի պես ծանրանում էր սրտիս վերա։ Աղայանցն էլ երբ ինձ նկատողություն արավ այդ մասին. ես նրան նույնպես հայտնեցի բոլորը. նա տեսավ իմ հոգեկան տանջանքը և սկսավ մխիթարել ինձ և մինչև անգամ էլ ծիծաղեց իմ այս աստիճան զգայության վերա, ասելով, թե դուք ինքներդ եք այդ բանին այդքան մեծ նշանակություն տալիս, թե չէ, ես, որ ամեն բանին ծանոթ եմ, իսկի ինձ համար էլ դա մի նշանակություն չունեցավ. և ավելացնում էր, որ Սամսոնն էլ այնպիսի անտարբերությամբ կամ գոնե վեհանձնությամբ կվերաբերվի դեպի իմ այդ սխալը, մանավանդ, որ ես նրան նամակ եմ գրել։

Ես էլ այդպես համոզվեցա։ — Բայց երեկ մի նամակ եմ ստանում Սամսոնից։ Եվ ինչ նամակ, աստված իմ, թե ես մի մարդու սիրելին անգամ մորթած լինեի, բայց նրան զղջման նամակ գրեի, դարձյալ այնչափ անսիրտ, անհոգի, խայտառակ և լրբախոս պատասխան չէի ստանալ։ Մի բան չէ մնացել իմ մեջ, որ նա չհայհոյե, էլ սիրտ, է՛լ հոգի, էլ զգացմունք չի թողել, բոլորը, բոլորը ոտի տակ է առել ինչպես մի վայրենի։ Նրա նամակը կարդացողը կկարծեր, թե ես մի աններելի հանցանք եմ գործել. մինչդեռ իմ հանցանքը բնավ իրեն չէ վերաբերում, ես ինքս եմ ինձ տանջում, թե ինչու իմ գրչից անմիտ բան դուրս գար։ Բայց երբ տեսել է թե ես իմ արածին շատ մեծ նշանակություն եմ տալիս, ինքը, որ իսկապես կատաղած է ինձ դեմ յուր մասին գրած ճշմարիտ կետերի համար և ոչ թե այն վերջին կետին, որը ես հիշում եմ հիմա սկսել է ինքն էլ այդտեղից բռնել և ներկայացնել ինձ իբրև անամոթ, իբրև մի խայտառակ, իբրև ազնվություն վաճառող մի սրիկա։ Այդ նամակը կարդալուց հետ ես խելագարվելու չափ վրդովված էի, մանավանդ, երբ զգում էի (ախր ես էլ մի փոքր խելք ունիմ), թե իմ գործած սխալը այդ խիստ պատժին, այդ անարգանաքը արժանի լինելու չափ մեծ չէ։ Ես չափից դուրս նեղասրտած լինելով գնացի Աղայանցի մոտ մի փոքր տարտընալ լինելու. ես նրան տվի Սամսոնի նամակը, որը կարդալով ապշեց և զզվանքով հեռացրավ իրանից նամակ։ «Ես այդպիսի խելագար չէի կարծում նրան ասաց նա. այդ տղայի սրտում ազնվության մի կաթիլ արյուն անգամ չկա»։

Ես նրա նամակին մի պատասխան էլ գրեցի, որը կարդալուց հետո թե նա չի ամաչիլ, այդ նշանակում է, որ նա մարմնացյալ կեղտոտություն է, որ նրա սիրտը գարշելյաց ընդունարան է, որ նա մարդ չէ...

Բայց հավատացնում եմ քեզ, սիրելիս, ես ինքս ամաչում, կարմրում եմ, երբ ստիպված եմ այդպիսի մարդու հետ գրագրություն ունենալու, երբ ինձ ստորացնում եմ այն աստիճան, որ նրան պատասխան եմ գրում այն ժամանակ, երբ նա ասում է ինձ, թե` «Ձեզ առանձին նամակ գրելը սրբապղծություն է, բայց այս անգամ ես գործում եմ այդ սրբապղծությունը...»։ Բայց, իհա՛րկե, իմ «ստիպված» բառը դու ոչ մի բանի չվերագրես, ես ստիպված եմ իմ խղճից, իմ սրտի և արդարության ձայնից. ես մտածում եմ, թե խաբվելով մի հանցանք եմ գործել, ուստի խոստովանությամբ և զղջմամբ կամենում եմ թեթևացնել իմ խիղճը. բայց, իհա՛րկե, ես մարգարիտը գցում եմ խոզի առաջ. Սամսոնի նման հոտած և փտած սիրտ ունեցողը ինչպե՞ս կարող է գնահատել իմ խոստովանությունը. նա ընդհակառակը ինձ եզվիտ և կեղծավոր է անվանում, որովհետև նրան բացատրությամբ նամակ եմ գրել... Օ՜ , որքան դժվար է մարդ լինելը...

Եվ այս բոլոր վիրավորանքների, այս բոլոր վրդովմանց և հուսահատության մեջ դարձյալ մի մխիթարություն, մի սփոփանք գուրգուրում է իմ սիրտը, երբ մտածում եմ, թե դու ինձ ճանաչում ես, թե դու ինձ չես դատապարտում, թե դու ինձ անազնիվ և կեղծավոր չես ճանաչում... Եվ հենց այստեղ եմ հասկանում ես հույն փիլիսոփայի խոսքը, թե «Մի ճշմարիտ բարեկամ, և բոլոր աշխարհն ունիմ»։ Միայն կցանկայի իմանալ, թե մամադ է նույն կարծիքի է իմ մասին, ինչ որ յուր եղբայրն է. թե տարիներով հեռու լինելն կարողացել է մոռացնել տալ նրան, թե «ո՛վ է Գրիգորը» և թե նա ընդունակ է անազնվության։

Ես կամենում էի ղրկել քեզ Սամսոնի նամակը, բայց չուզեցի պղտորել քո սիրտն ու հոգին, առանց այն էլ այս նամակը պիտի վրդովեցնե քեզ։ Բացի այս, գիտեմ, որ Սամսոնը քեզ էլ նամակ գրած կլինի և երևակայում եմ, թե ինչեր կլինի գրած. իմ կյանքում առաջին անգամն եմ պատահում այդ տեսակ անխիղճ, անհոգի և անսիրտ մարդու։ Բայց աղաչում եմ քեզ, Ոսկի, հոգյակս, անտարբեր եղիր դեպի այս դեպքը և նրա գրությունները. դու էլ գիտես, որ ես մի մեծ հանցանք գործած չունեմ, և որ այդ իմ գրած բանը ինքնըստինքյան մի ծանրակշիռ բան չէ. ուրիշների հետ ամենախայտառակ անցքեր են պատահում, և նրանք դարձյալ այնքան իրենց սրտի վերա չեն առնում։ Ախր ինչ է պատահել մեզ, ինչու ամեն չնչին բաների համար պիտի այս աստիճան վրդովվինք և մաշենք մեր սիրտը. էլ երբ պետք է ապրինք մենք, էլ երբ պետք է ուրախ լինենք` առանց այն էլ սպառելու մոտեցած մեր կյանքում։ Այս մինևույն խոսքերն խնդրում էր, որ գրեմ քեզ և Աղայանցը, որովհետև նա էլ գիտեր, որ դու այդ բանի վերա շատ կմտածես, և ասում էր, որ խորհուրդ տամ քեզ բնավ չմտածել այն մասին, որովհետև դեպքն ինքնըստինքյան չնչին և աննշան բան է, մենք ենք նրան մեծ նշանակություն տալիս. եթե, ասում էր, մինչև անգամ «Մշակ» -ում նա խայտառակ պատասխան գրի, դարձյալ չվրդովվես, եղածը կանցնի, բայց սրտի ստացած վերքը դժվարավ կբուժվի։

Թանդոյանի ուսումնարանում քո պաշտոն ունենալդ որոշվեցավ վերջացավ, մանրամասնությունները կգրեմ մամիդ նամակումը։
Հունիս 17, կիրակի (առավոտ)

Հոգվույս անզուգական հատոր.

Ահա դարձյալ կիրակի է. դարձյալ գեղեցիկ առավոտ. պատուհանիս առջև մեղմիկ ծածանում են վարդենիները, և փոքրիկ բուրաստանը նայում է ինձ՝ յուր հազարավոր գույնզգույն աչերով. նա կարծես դիտմամբ այսօր ավելի է պճնվել իմ նախանձը գրգռելու համար. նա երևի գիտե, որ դու չկաս, որ դու ինձնից հեռու ես, որ ես յուր ծաղիկներից չեմ կարող փունջ կապել քեզ բերելու համար… Ասա ինձ , հոգյակս, ասա ինձ, իմ անուշիկ Ոսկի, ուր գնամ, որտեղ զբոսնեմ, կամ ինչով պարապեմ: Առանց քեզ ապրել կնշանակե չլինել, չզգալ, չշնչել… Քեզնից հեռու ապրել, կնշանակե երկինքը սև ունենալ, արեգակը՝ խավար, բնության գիրկը՝ գերեզման… Ես հիշում եմ, թե որքան թեթև էի զգում ինձ՝ երբ լուսանում էր կիրակին. ես մի ակնթարթում պատրաստվում էի և թռչում էի դուրս : Մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո քեզ տեսնելու հույսս, տակավ առ տակավ պատրաստում էր սրտիս մեջ սիրո և խանդաղատանաց կոհակներ, կրակի ալիքներ, որ քեզ տեսնելու բախտավոր րոպեի մեջ, թափեի նրանց քեզ վերա, խեղդեի քեզ նրանց մեջ… Բայց թե գիտենայի որքան, որքան շատ զսպում էի ինձ, որքան մեղմություն ու հանդարտություն էի կեղծում դեմքիս վերա. մինչդեռ սրտիս մեջ անընդհատ ծփում, ալեկոծում էր սիրո անհանգիստ մի օվկիանոս…

Իսկ այժմ… Ավաղ, ես նմանում եմ այն ծիծռան, որ կորուսել է յուր վարուժանը. այն եղջերուն, որ անտառի պուրակներում որոնում է յուր եղնիկին: Ահա մի կյանք որ կա, բայց որի գոյությունը չես կարող հաստատել…

( Կիրակի ( ժամ 1 կես ավուր)

Կես ժամ առաջ ես Բոտանիկական այգումն էի: Արեգակը դեռ չեր այրում. տխուր և գեղեցիկ լռություն. ծառերի քաղցր սոսափյուն. գրեթե ոչ ոք չկա այդտեղ։ Ես իսկույն իջա այն հովանուտը, որտեղ «Մեղվի» թերթը քեզ համար սփռոց շինեցի և դու նրա վերա նստելով կարդացիր ինձ այն զույգ հիմարների նամակները։ Բայց ես իսկույն նրանց մոռացա. արժեր միթե իմ սրբազան ոգևորությունը խանգարել այդ տեսակ մարզիկների վայրաբանությանց հիշատակությամբ… Բայց ես հիշեցի մեր քնքշիկ զրույցները, մեր սիրապափար զգացմունքի թռույցքները քո Շուշի գալուդ մասին խոսածներդ և վերջապես քո փախուստը՝ երևակայական օձի սողալուց… Ես հիշեցի սիրուն անձրևը, բարերար մառախուղը, որ պատսպարեց մեզ երթևեկների աչքերից և քարայրը, ուր մենք նախաճաշ արինք գերմանացի և ռուս ընտանիքների ընկերակցությամբ։

Իսկ այս ամենից հետո ես շրջագայեցի այն նեղ ճանապարհի վերավանդակների մոտ, ուր մենք զբոսնում էինք, և ուր մենք ն… նախանձ բերելով հրեշտակներին։ Ամբողջ չորս ու կես ժամ ես այստեղ էի, բայց թե ինչպես շուտ էր անցել այդ ժամանակը, ես ափշեցա։ Ուրեմն միայն քեզ հետ խոսելը չէ, որ ժամերը րոպեների է փոխարկում, քեզ վերա մտածելն էլ այդ դյութական զորությունը ունի ժամանակի վերա։

Իսկ այժմ, երբ ես դառնում էի, ավերակի մոտից նայեցի ձեր տան բակին, տեսի այնտեղ քո պատուհանները և, աստվա՜ծ իմ, կարծեցի, թե դու էլի այնտեղ ես, կարծեցի դու ինձ տեսնում ես, և ես խոսեցի քեզ հետ, իսկ հետո… հետո ես արտասվեցի… օհ, դժվար է, դժվար է… իմ հոգին շատ թույլ է…

Կիրակի (երեկոյան — ժամ 10)

Հենց այս րոպեին վերադարձա Մուշտեիդից։ Սպանդարի հետ ճաշելուց հետո նա գնաց տանը մի փոքր քնելու, իսկ ես քայլերս ուղղեցի դեպի իմ սիրելի զբոսարանը։ Երկու քառորդ ժամ թափառելուց հետ ես գնացի և պառկեցի այն մանվածապատ ածուներից մինում, որտեղ պատահեցինք Լալայանցին։ Ծառերը գեղեցիկ հովանի էին անում ինձ վերա, կանաչ խոտը ծառայում էր օթոցի տեղ և քաղցր հովը գուրգուրում էր իմ դեմքը։ Երկար ես այդտեղ քնեցի, բայց հազար և մի երազներում, որոնք պտտվում էին իմ գլխում, ես քեզ չտեսի, այդ բանը հետո ինձ շատ վշտացրեց։ Երբ աչքերս բացի, արդեն երկինքը սկսում էր մթնշաղ և ամենի առաջ աչքովս ընկավ լուսնի եղջյուրը, ես նայեցի նրան և հիշեցի քո այն խոսքը, որ ասում էիր, թե ամեն երեկո ես պիտի հառեմ իմ աչքերս լուսնին, դու էլ այնպես արա, որպեսզի մեր հայացքները այդ լուսավոր գնդի վերա միանան իրար հետ... ես երկար նայում էի նրան, մրմնջալով իմ վաղեմի` զրկված սիրահարության երգերը, բայց չգիտեմ դու էլ նայում էիր, թե ոչ...

Այժմ խիստ հոգնած եմ, պատրաստվում եմ կաթս խմել և Մորփեոսի գիրկը անցնել։ Բայց սիրեցյալդ իմ, ես շատ անհանգիստ եմ քո վերաբերությամբ. ամսույս 9—12 մի նամակ ունեի քեզ գրած Մեկիչի ձեռքով, չգիտեմ է, ստացար, թե ոչ։ Բայց թողնենք այդ նամակը, այսօր ինն օր դարձավ ինչ դու հեռացել ես, և քո երկբառ հեռագրից զատ էլ քեզնից ոչ մի լուր չստացա, ի՞նչ պատահեց քեզ, ինչո՞ւ ես նամակդ ուշացնում։ Ես սկսում եմ արդեն անհանգստանալ։ Հազար և մի տեսակ մտածմունքներ ամբարվում են գլխիս մեջ։ Ով գիտե, գուցե դու հիվանդացար, գուցե այն անպիտանը քեզ նամակ է գրել և տխրեցրել, գուցե ձեր տան մեկը հիվանդ է` վերջապես մի բան կա, և ես չգիտեմ, ապա 9—10 օրում ինչպես կարելի էր, որ դու նամակ չգրեիր, միթե քո սիրտը այդքան պինդ է, կամ գուցե Ղարաբաղի օդը ներգործեց քեզ վերա։

Էհ, չեմ իմանում, չգիտեմ, միայն թե վաղն էլ նամակ չստացա, ես կմեռնեմ, դու հո գիտես իմ բնությունը, դու իրավունք չունես ինձ չարշարելու, ախր առանց այն էլ շատ ես չարշարել, պետք է այժմ խնայող լինիս և չսպառես իմ ուժերը...

Բարի գիշեր, իմ անուշիկ Ոսկի, համբուրում եմ զույգ աչերդ... բայց ասա ինձ, միթե նեղանում ես, որ ես այսքան երկար եմ գրում։

քո Գիքոր
Բյուր անգամ սիրեցյալդ իմ.

Այսօր իմ ուրախությունր կատարյալ էր, ինձ պակասում էին միմիայն երկու թևեր... որովհետև այսօր առավոտ ստացա քո թանկագին նամակը, որին այնքան փափագանոք սպասում էի: Նրա պատասխանը ես իսկույն չգրեցի, ես սաստիկ զբաղված էի և կամեցա մի փոքր հանգստությամբ խոսակցիլ քեզ հետ:

Եվ ահա դու առողջութամբ հասել ես ընտանյացդ գիրկը, և ես ուրախ եմ... էլ ուրիշ ինչ գրեմ, միթե այսքանը բավական չէ։ Ես մի փոքր տխրեցի, որ ճանապարհին նեղություներ ես քաշել, բայց այդ տխրությունն էլ տեղի է տալիս այն հսկա ուրախության առաջ, որ միմիայն քո նամակը տեսնելով աճում է սրտիս մեջ։ Այսօր 5 — 6 անգամ կարդացի քո նամակը և էլի պիտի կարդամ։ Բայց ավաղ, նա շատ կարճ է. մեկ շնշով ես կլանում եմ նրան, ինչու համար այդքան խնայող լինել, չէ՞ որ այսուհետև անկարելի է այդպես վարվիլ: Դու այս անգամ շատ բաներ կարող էիր գրել.— Օրինակ, ինչպե՞ս անցուցիր վագոնում, ընկերուհիներդ կարողացան զբավեցնել քեզ. ե՞րբ հասիք Եվլախ, կամ ինչպե՞ս անցուցիր գիշերը այնտեղ. ինչով եկաք տուն, ովքեր և որտեղ դիմավորեցին քեզ և այլ այս տեսակ մանրամասնություններ, որոնց ես կկամենայի լսել քեզանից։ Եվ վերջապես ինչ է պատահել Թարթարի վերա, միթե քեզ վտանգ էր սպառնում, միթե վախեցել ես։ Եվ ես, աստված իմ, երևի այդ ժամանակ հանգիստ նստած էի այստեղ և չգիտեի, որ իմ հոգին, իմ սիրտը, իմ կյանքը վտանգի մեջ է, որ ալիքները սպառնում են նրան, օ, ոչ, իմ սիրելի Ոսկի, ոչ մի ալիք, ոչ մի ուժ աշխարհում չպիտի կարողանան վնասել քեզ, դու իմս ես, ես քեզ սիրում եմ, և աստված կպահե քեզ, որովհետև նա օրհնել է սիրող սրտերը...

Այսուամենայնիվ, որքան շատ գողտրիկ է քո նամակը, ինչպես դու սովորել ես որպես կելեցի հետ խոսել... Ավաղ, իհարկե, դու այդպես չէիր, առաջ քո խնայողությունը հասնում էր ծայրահեղության, քո համեստությունը բռնաբարում էր իմ սիրտը. այդ իհարկե լավ չէր, իմ քաղցած և սովալլուկ հոգին դու կերակրում էիր սիրո չնչին փշրանքներով, իսկ այժմ դու հասկացել ես, որ ամեն մի հասարակ դեպք, ամեն մի աննշան խոսակցություն, որ վերաբերում է մեր սիրույն, ինձ հետաքրքրում, ուրախացնում և հափշտակում է։ Եթե գիտենայիր թե որքան հիացմունքով կարդում էի քո փոքրիկ և սիրալիր պատմությունները։

Դու ասում ես, որ մենք երջանիկ ենք և թե այդ գիտենան բոլորը մեզ կնախանձին։ Այդ ճշմարիտ է, հոգյակս, բայց նախանձելը դեռ շատ փոքր է, թե այդ բոլորը ըմբռնեն մի֊անգամ այն, թե որքան քաղցր է սիրելը, նրանք չեն նախանձիլ, այլ իրենք էլ կսկսին սիրել... երջանիկ լինելու համար։ Դու շատ լավ ես արել, որ մամի մոտ այդպես շուտ բացվել ես, ինչ հարկ կա գաղտագողի մեր սիրակցությունը ծածկելու, ինչու համար մենք պիտի ամաչենք այն բանից, որ հավասարապես պատիվ է բերում թե մեզ և թե մեր ծնողներին։ Սերը նույն ինքն աստված է, սերը նույն ինքն քրիստոսն է, և երբ մենք կամենում ենք բարձրանալ մեր սիրով մինչև այդ գերբնական անունները, ինչու պիտի վշտանան մարդիկ, միթե լավ է նրանց համար տեսնել մեզ աղտեղությանց մեջ քարշ գալիս... Քո մայրը խելոք կին է, նամանավանդ, նա անսիրտ չէ մյուս կանանց նման, բաց արա քո սիրտը նրա առաջ, ազատ խոստովանիր նրան այն ամենը, ինչ որ քո և քո սիրելվույդ երանությունն է կազմում, թող նա լինի քո հավատարիմ ընկերուհին— խանդակաթ մայր լինելով հանդերձ։ Եվ երբ գերդաստանի մեջ տիրում է անկեղծությունը, երբ մոր և որդիների մեջ մտնում է ընկերակցությունը — անբաժան հարգանքից և հնազանդությունից, այդ ժամանակ արտաքին վիրավորանքները էլ չեն ներգործում այդ գերդաստանի վերա, նրա միությունը մնում է անբաժան, սրտի հանգստությունը անխափան... Դուք առանց այն էլ բարեկամական շրջաններ չունիք, թող այդ ամենը ամփոփվի ձեր փոքրիկ, բայց անկեղծ ընկերության մեջ։ Եվ ճշմարիտ, ինչի նման է այն կյանքը, որի քաղցրությունը ծնողական աչքերից հեռու պիտի վայելենք. միթե կա մի ուրիշ սիրտ, որ ավելի խնդա, ավելի զվարճանա մեր երջանկւոթյան վերա, քան խանդակաթ մոր սիրտը. կա մի ուրիշ գիրկ, որ այնքան ջերմությամբ, այնքան անկեղծությամբ փայփայե քեզ յուր մեջ, քան մի մոր գիրկը, կա մի ընկերակցություն, որ այնքան սիրալիր և հաճոյական լինի քեզ համար, քան քրոջ և եղբոր ընկերակցությունը. և ով որ պաշտում է յուր իդեալը այսպիսի ընկերության մեջ և նրա հաճությամբ, նա կրկնապատիկ երջանիկ է...

Մի քանի խոսք էլ գործի մասին։ Թանդորյանցի ուսումնարանի խնդիրը վերջացավ։ Եպիսկոպոսն ու Աղայանցը կանչել են այն քահանա-տեսչին և նրա հետ վերջացրել այսպես. Դու կունենաս շաբաթական 18— 24 դաս. դասը` 30 ռ. այնպես որ, թե 18 դաս կվերցնես, կստանաա 540 ռ. թե 24 դաս` կվերցնես— 720 ռ.։ Ւհարկե այդ դեպքում դու կնայես քո ուժերիդ։ Տեսչությանը առայժմ նպատակահարմար չէ համարվիլ, որպեսզի քո մուտքդ խռովությամբ չլինի, որ կարող էր անախորժություններ ծնեցնել, որ մեզ հաճելի չէ դեռ, հատկապես, որ ամրանա այդտեղ և հետո ամեն բան հեռու է: Կարելի է այնպես անել, որ քահանան հենց ինքը քեզ վերա թողնե այդ պաշտոնը յուր հոժարությամբ։ Դեռ տեսնենք։ Այն դպրոցի բակում էլ մի մաքուր բնակարան կա, Աղայանցն ասել է քահանային, որ աչքի առաջ ունենա ձեզ համար պատրաստելու, բայց ես դեռ չեմ գնացել տեսել, շուտով կգնամ։ Ավետի մասին Աղասին խոստացավ ուղղակի խոսել դպրոցի կառավարչին հետ, տեսնենք. այն գրքերի ցուցակն էլ կղրկեմ. տիկ. Նատալիան երեխաների հետ ամսույս 13 -իս գնացել է Ծղնեթ. մենք դեռ չենք գնացել։ Լրագրի մասին աշխատում ենք։ Կաթողիկոսական ոչինչ նորություններ չկան, նույնպես ազգային։ Ներսիսյան դպրոցի բոլոր կազմակերպությունը վռնդվում է տեսչից սկսած մինչև վերջը, մի քանի բացառությամբ։ Արասխանյանցի համար ասված է (վճռի մեջ) ոչ միայն ավելորդ և վնասակար է նրան աշակերտների մեջ պահել։ Խեղճ «տվածները» այժմ աշխատում է հաստատել, որ երեքը երկուսից շատ է։ Աղայանցը դեռ այստեղ է։ Սաստիկ շոգերը սկսվեցան. կրակ և հուր. բոլորը քաշվում 159 են ամառանոցները։ Շատ ուրախ եմ, որ դու ժամանակին հեռացար։ Երկու խոսք էլ, վերջացնում եմ։

Քո գնած բաշմակների մասին ես բանակցություններ անել չեմ կարող. շատ լավ է դառել, որ մեկը պատռվել է և մյուսը փոքր է. ախր քո առած բանը ինչ կլինի. սաղ Թամամշովի քարվանսարան զվիր են եկել քո ձեռքից. անցյալ օրը մոտ 70 շկափչիկներ հավաքվել էին Դուդուկովի մոտ և քեզ Կովկասից աքսորելու համար համախոսական բողոք էին ներկայացնում։ Օխտը շահով մի ձեռք շոր կարող ես դու. քու ձեռքիդ մա՞րդ կդիմանա։ Կատինկի և Հայկանուշի նոմերներն ղրկիր նորը գնեմ և ղրկեմ. դու միշտ պարծենում ես քո էժան գնած մսովդ, որը երբեք խոշում չի ունենում, գրում ես, թե եկար և բոլորին հիվանդ գտիր։ Այդ բանը ինձ շատ տխրեցրեց. բայց թե ինձ գրել էին, որ առողջացել են։ Ինչ է պատահել, որ բոլորն էլ միանվագ հիվանդ են կամ ինչով, չես գրում։ Բայց հույս ունեմ քո գալդ բոլորին էլ կառողջացնե։

Հարգելի մամիդ, Կատինկին, Ավետին և Հայկանուշիդ հազար բարև։ Կարծեմ այս անգամ ձանձրացար, այդպես չէ՞, բայց, ոչինչ կանցնի։

Նամակի և ադրեսի համար գրիր, հարկ եղածն։

Քո Գրիգոր
Հունիս 22, ուրբաթ (առավոտ), Տփխիս, 1884

Սիրեցյալդ իմ.

Այս րոպեին մի անտանելի տխրություն ծանրացել է սրտիս վերա։ Ես այնքան տխուր եմ, որքան ամսույս 8-ին Ս…-յանի տանը, իմ հոդվածի առթիվ։ Հարցնում ես, թե ի՞նչ է պատճառը, իսկույն կասեմ։— Երազումս ամբողջ գիշերը քեզ էի տեսնում, բայց այնպիսի դրության մեջ, որը այս րոպեին էլ մտաբերելով սարսափում եմ. այդ դրությունը վերաբերում է այնպիսի դեպքի, որի մասին ես շատ ուշ կարող եմ քեզ մի բան ասել։ Իմ սիրտը ճմլվում է. ես կարծում եմ, որ դու հիվանդ ես— ֆիզիկապես թե հոգեպես, չգիտեմ, բայց անշուշտ դու տանջվում ես մի ցավով, անկարելի է, որ իմ սիրտը խաբե ինձ. ես ավելորդ տեղից երազներ չեմ տեսնում։ երազները, երբ քեզ են վերաբերվում միշտ կատարվում են։ Այժմ կէրթամ կանտոր, թե այնտեղից քեզանից նամակ չստանամ, ավելի ևս պիտի բազմապատկվի մտատանջությունս։ Ախ, որքան շատ դժվար է սիրելը, որքան տատասկոտ և առապար է նրա ճանապարհը... Ես այժմ միայն զգում եմ այս աստվածային զորության, այս դիցական կրակի մարդկային տկար սրտում պարունակելու անկարելիությունը. թող սիրեն աստվածները, թե գոյություն ունին նրանք. մահկանացուն միայն կարող է կարդալ սիրո համար և լսել նրա պատմությունը։ Այն սրտով, որը մենք ունենք, միայն կարելի է ցանկանալ ապրել. և ապրել խաղաղ, անհոգ, առողջ և զվարթ։ Բայց սիրել... Օ՜հ, այս տկար սրտով անկարելի է...

Նույն օրը.

Եկի կանտոր. ոչինչ չկա. երևի երազս ինձ խաբում է։ Մի փոքր ուրախ կլինեի, եթե այս կարծիքը հաստատվեր իմ մեջ, բայց դեռ սպասում եմ։

Այս րոպեիս ստացա «Նոր-Դարը», քո թարգմանությունը նրա մեջն է։ Բայց որքան շատ սխալներ կա. այդ կույր սրբագրիչը կարծես ավելի է կուրացել քո հոդվածի մեջ, այնտեղ ամբողջ բառեր կան դուրս թողած, այնպես որ միտքը անորոշ է մնում. բայց հոգ չէ. ընթերցող հասարակությունը մեր աչքերովն չէ կարդում. ստորագրության մասին ես ոչինչ չեմ ասել. Սպանդարն է «օր. XXX» դրել, գոհ ես թե դժգոհ:

Երեկ երեկոյան պատահեցի Սեդրակ Մանդինյանին, նա նոր է եկել էջմիածնից և շուտով էլ պիտի գնա։ Շատ հետաքրքիր բաներ էր պատմում կաթողիկոսական ընտրության ժողովից. բաներ, որոնց նամակում գրել անկարելի է… Ճնշումներ, խանդավանանք... Ամոթ, հազար ամոթ ներսեսականներին և մեծ արջին... Մակարի մասին մեծ գովեստներով էր խոսում։ Եվ ճշմարիտ, թե այդ մարդը այդքան անձնվիրություններ է արել, ինչ որ պատմում են Մանտինյանը և Պալասանյանը, ուրեմն նրան պետք է շատ ակնածությամբ հարգել: Երեկ «Նոր-Դարում» հեռագիր կար Էջմիածնից, որ տեսուչն— Նահապետյանց արտաքսված է ճեմարանից։ Երևի մյուս վարժապետներն էլ նրա բախտին կարժանանանք: Ս. Մանտինյանցն ասում է, որ ինքն էլ չի գնալ, թե իրավ Նահապետյանցն հրաժարեցրված է։ Ցավալի դրություն է, տեսնենք վերջն ուր կհանգի։

Հունիս 23. շաբաթ (առավոտ)

Չնայելով, որ երեկ երեկոյան ես ինքս սրբագրեցի քո հոդվածի մյուս ձեռն, այսօր դարձյալ սխալներով լիքն է. էլի ամբողջ բառեր պակաս են, երևի անպիտանությունը գրաշարներիցն է, որոնք ծուլանում են սրբագրածն ուղղել։ Այսօրվա համարի մեջ շատ գեղեցիկ առաջնորդողն էլ` հանել է ցենզորն, որը «Քաղաքականության» շարունակությունն էր, շատ ափսոսացի մանավանդ դրա համար։ Ինչ կարելի է անել, սիրելիս, ահա քեզ և գեղեցիկ բան. բայց միթե մեր ձեռքն է գեղեցիկ խոսելն։ Այն որ ասում են, թե «Մեղուի» մեջ Ս…յանը լավ էր գրում. իսկապես լավ այն ժամանակվա լրագրական ազատությունն էր։ Երբ մարդ զոռով յուր ստեղծածն խեղդում, կտրտում է` յոթնաբերան վիշապի ժանիքներից դուրս սողացնելու համար, իհարկե այդ խեղդածի մեջ հոգին էլ խեղդած կլինի... Լրագրությունը մի նավ է, որ լողում է օվկիանոսի մեջ. որքան էլ նրա նավապետը փորձված և հմուտ լինի, դարձյալ Պոսիդոնի (ծովերի աստծո) երեքժանիից կախումն ունի.— շարժեց Պոսիդոնը երեքժանին,— մրրիկները պատրաստ են, ալիքները գոռում են, նավը երերում է և մեր հմուտ նավապետը սրտատրոփ չոքում է լեռնակառկառ ալիքի առաջ, որ գալիս է նրա բոլոր պետությունը կործանելու։

Լրագրական կուլիսից առ այժմ քեզ հաղորդելիքս հետևայալն է. նոր նամակներ և տեղեկություններ են ստացված, որոնք հույս են տալիս, որ Մելիքսեդեկը կհաստատվի կայսրից կաթողիկոս։ Մինիստրությունը ամեն տեղերից հարց ու փորձ է անում. Մակարից էլ է հարցրել. Սիմեոնյանցն ասում էր, որ Պետերբուրգում էլ այդ մասին խանդով աշխատողներ կան: Տեսնենք: Ելքը քեզ կհեռագրեմ

Նույն օր (Ժամ 12)

Սիրելիս. Շուշվա փոստը ստացվեցավ մեզ մոտ, և ես դարձյալ նամակ չունիմ. սիրտս դողում է. ախ երեկվա երազը, այն անիծյալ երազը տանջում է ինձ, ձեռքս գործ անել չէ կարողանում և ահա ուղիղ մի ժամ է, որ մայր-հաշիվս առաջս դրած, մի տող անգամ չկարցա գրել, ամբողջ ժամանակ խոսում եմ, վիճում եմ և երբեմն էլ կռվում եմ քեզ հետ, արթնության ժամանակ էլ ես երազի մեջ եմ։ Ինչ կլինի սրա վերջը, ես չգիտեմ, իմ ուղեղը խառնված է, դու գիտես… է'հ, իհարկե դու էլ ոչինչ չգիտես. մենք երկուսս էլ ցնորվածներ ենք, ահա ճշմարիտը, ահա բոլորը։

Երեկ երեկոյան Սպանդարը խնդրեց ինձ, որ վաղը` կիրակի գնամ Ծղնեթ, որովհետև ինքը չի կարողանալու գնալ, բայց ես էլ չեմ ուզում գնալ, մանավանդ միայնակ ինչ պիտի շինեմ այդտեղ, դու էլ գիտես, որ տիկ. Նատալիան ինձ չէ կարող զբաղեցնել. նա ամբողջ օրը յուր երեխաներով պարապված կլինի, մեկ էլ որ նա արդեն անզգա է դեպի մեր դրությունը։ Շատ անգամ էլ, որ բաժանում էր մեր զգացմունքները, դա էլ մեր սիրտը չկտրելու համար էր, թե չէ այժմ նա ոչինչ չէ զգում։ Ախր ինչ անի խեղճը. դժբախտության հարվածները նրան բարոյական դալմա են շինել… Բայց մեկ էլ մտածում եմ, որ անպատճառ գնամ գյուղ, գուցե այնտեղ ավելի ժամանակ կունենամ միայնակ անտառների մեջ խորասուզվելու և քեզ վերա մտածելու` քեզ երգելով, քեղմով խելագարվելու… Ինչ ունիմ աշխարհում բացի քեզ, և քեզ վերա մտածելն էլ միթե միևնույնը չէ, ինչպես քեզ հետ ապրելն է…

Հունիս 23. շաբաթ (5-րդ ժամ կեսօրից հետ)

Ահա, սիրելիս, քո նամակդ էլ ստացա. ճաշից հետո մի դեսերտ,— մի դառն դեսերտ։ Չգիտեմ ինչու համար այս նամակը ձեռք առնելուս պես ձեռքերս սկսան դողալ. կարծես թե գուշակում էի, որ նա ինձ պիտի տխրեցներ, կարծես թե գիտեի, որ նա իմ երազների լրումն է... Ես առասպելներին չեմ հավատում, ես նախապաշարմունքը ատում եմ, բայց նախազգացմունքը խոստովանում եմ, որ կա։ Ինչ որ նախազգացել և տեսել էի երազումս, ահա և կատարվեցավ. իմ սիրտը դողալով սպասում էր սրան... այս րոպեին։

Ահա քեզ մի նամակ. ընդամենը 7 տողից գրված։ Ինչ հասկանամ ես նրանից. այնտեղ ոչինչ հիշված չէ. այնտեղ մի բառով չէ ասված, որ գոնե իմ նամակներս ստացել ես թե ոչ, ինչ եզրակացնեմ ուրեմն քո այդ վարմունքից. այն, որ դու չկաս... որ դու հոգեպես մեռած ես։ Ապա թե ոչ, ինչ կնշանակե ինձ վրա նամակ ուղղել այն էլ 7 տող՝ կից կտուր խոսքերով։ Բայց հանգիստ եղիր. հենց այդ 7 տողերն էին, որոնք ինձ այնքան շատ բան ասացին, այնպես լավ նկարագրեցին քո և քո ընտանիքի ողբալի դրությունը, որ էլ քո երկար գրելդ ավելորդ կլինի...—«Լրագրի լուրը կարդացվել է. Սամսոնը (ուրիշ բառով՝ դժոխքի դահիճը) նամակ է գրել ձեզ և մայրդ քանի օր է վատ դրության մեջ է». էլ ուրիշ բան կուզեիր ասել այսքանը արդեն բավական մեծ պաշար է իմ երևակայության համար, որ պատկերացնե ամեն բան իմ առաջ և իմ հոգին համակե սև տխրությամբ... Ես գիտեմ մինչև անգամ ինչեր կլինի եզրակացրած մայրդ, հոդվածս կարդալով, որքան բորբոքած կլինի յուր առանց այն էլ վառ երևակայությունը, ինչ մեծ խայտառակություն կլինի համարած այդ իսկապես չնչին (ուրիշների նկատմամբ իհարկե) անցքը, որքան անիծած կլինի յուր սիրտը վրդովող պատճառներին...

Այս բոլորի վրա էլ ավելացրու Սամսոնի, այն անսիրտ և անխիղճ ճիվաղի նամակը, և ամեն բան կատարյալ կլինի։ Եթե այն մարդը այն նամակն է ինձ գրել, երևակայում եմ, թե ձեզ ինչեր, ինչեր կլինի գրած։ Ախր խո իմ հոդվածի վերջին կետի դարդումը չէ, այլ մյուս կետերում յուր ոչնչությունը նշանակված տեսնելով, այն կետիցն է բռնել, որ ձեզ էլ յուր հետ քաշ տա, գրգռե ձեր մեջ յուր սատանայական ատելությունը դեպի ինձ՝ և այդպիսով վրեժ հանե ինձանից։

Բայց ես առայժմ թողնում եմ տաքությունը և կամենում եմ մի փոքր սառնությամբ խոսել քեզ և քո մոր հետ։ ա) Ես Սամսոնին գրած երեք նամակներումս էլ հայտնած եմ իմ կատարյալ զղջումս այդ անգիտակցաբար գործած սխալիս համար։ Այս հանգամանքը ուրեմն կիսով չափ պիտի նվազեցնե վատ ազդեցության ներգործությունը:

բ) Այդ հոդվածի ձեզ վերաբերյալ կետը այնքան աննշան բան է, որ ոչ ոք նրա վերա ուշադրություն չի կարող դարձնել, բացի այն անձինքներից, որոնց հայտնի է գործի էությունը և որոնց թիվը 5-ից 10 հազիվ կա։

գ) Այդ կետում ինքնըստինքյան մի պարզ խայտառակ բան չկա հիշված, որը այս և այն ընտանիքին հատկացնելուց հետ, ամոթ բերեր այդ ընտանիքին։

դ) Այնտեղ աշկարա գրված չեն Չերքեզյանց, Տեր-Հովհաննիսյանց և Թավրիզյանց անուններ, որ դուք դրանից քաշվեիք և ամոթ կրեիք. այլ ասված է «ընտանեկան». իսկ այդ բառը կարող էր վերաբերել և իմ մորը, և իմ քույրերին և իմ եղբորը, և կամ այլ ազգականներին, ուրեմն ինչ մի առողջամիտ ենթադրությամբ ձեզ եք վերաբերում և կարծում եք, որ ամբողջ տիեզերքն էլ գիտե, թե մի հետ ընկած անկյունում մի այսպես ողորմելի տղա, աղջիկ, մայր և մորեղբայր կա, և այս բանը նրանց է վերաբերում։

ե) Այդ հոդվածում խոսվում է Ս. Չ. և Տ. Հ. տառերի վերաբերությամբ. իսկ մեր ծանոթներից քանի մարդիկ են ճանաչում այդ տառերի որոնց պատկանիլը։

Եվ վերջապես Զ-րդ (եթե հենց բոլորն էլ գիտենան, որ այս տառերը մենք ենք և հոդվածի այս կետը մեզ է վերաբերում), ի՞նչ մի հայտնի խայտառակ բան կա գրված այնտեղ, որ նրանից մենք կարմրեինք.— արդյո՞ք ավելի խայտառակ է, քան այն թղթերն, որ ձեր դպրոցների պատերից էին կպցրել և օրինակներն ղրկել Թիֆլիսի հայ և ռուս խմբագրություններին. ավելի խայտառա՞կ է, քան այն բոլոր հաչոցները, որով մինչև այսօր կաղկանձում էին շուշեցիները… Վերջապես ես այստեղ կրկնում եմ այդ խոսքերը— «Ընտանեկան մի դեպքից, (որին ուրիշ ընթացք տալը յուր ուժից վեր է) այդ պարոնը ինձ դեմ զայրացած լինելով և այլն»: Ասացեք խնդրեմ, ախր ի՞նչ կա այս բառերի մեջ։ Այդ «ընտանեկան դեպքը» չէ՞ր կարող հենց մի ամենահիմար բան լինել. այսինքն, ես կարտ լինեի խաղում և նրա փողը տանեի և նա զայրանար ինձ դեմ. կամ հենց դրա նման մի ուրիշ հիմարություն։ Վերջապես, ես էլ մի քիչ խելք ունիմ, ես էլ մտածում եմ։ Ասենք ես սխալվել եմ, և ցավում եմ իմ սխալի համար, և այդ էլ այն պատճառավ, որ իմ գրչից այնպես անտակտ բան է դուրս գալիս— թե չէ ինքնըստինքյան, ինչ մի մեծ և նշանավոր սխալ է արվել, որը այդքան սուգի մեջ դնի ձեզ, ձեր մորը և ձեր ամբողջ ընտանիքը։ Վերաջպես ով է ձեզ ճանաչում աշխարհում, ով է ձեզ վերա մտածում. մի քանի քունձռուտ թշնամիներ ունեք, որոնց Կարապետը, նույն Մովսիսյանցը մթավեյ հարոնին, դուք էլ կարծում եք, թե աշխարհը ձեր պատճառով վերջ է դառնալու, կամ կարծում եք, թե նրանք դրանից բան են հասկանում, քանի որ Աղայանցի նման ամեն բանի տեղյակ մարդ ոչինչ չէր հասկացել։ Ի՞նչ կնշանակե այդքան վրդովվել, այդքան ինքնիրեն մոռանալ—մի ամենաչնչին բանի համար, որը երեկ կար և այսօր մոռցության անդունդը պիտի գլորվի։ Արժե՞ այդպիսի դատարկ բաների համար օր ու կյանք սև անցնել մինչ այն աստիճան, որ մեկը, «մեկը շատ վատ դրության» մեջ ընկնի, իսկ մյուսը` մի ամբողջ շաբթվա մեջ մի քանի տող նամակ գրել չկարողանա։

Դուք Սամսոնի նամակին եք նայում, բայց չարաչար սխալվում եք. այդ տղայի մեջ սիրտ, զգացմունք, հոգի և քնքշություն մեռած ոչնչացած է. նա յուր «եսի» քո մի սարու մազի հետ չի փոխիլ ձեր ամբողջ տուն ու տեղը, ձեր ամբողջ ընտանիքը։ նա մտածում էր յուր վրեժը հանել ինձանից և այդ բանի համար, թե սաղ ձեր տունը ջնջվի էլ, թե ձեզանից մեկի ապագա կորստյան մեջ թաղվի էլ, դարձյալ մի անգամ ուհ չի անիլ։ եթե այդ ճիվաղը ձեզ սիրում լիներ, թե նա չկամենար, որ ձեր, առանց այն էլ, փշրված սիրտը փշրվի, նա այնպես նամակ չէր գրիլ ձեզ, որ այդ աստիճան վատացներ ձեզ, որ հոգեպես տանջեր, կեղեքեր ձեզ. նա, ընդհակառակը, թե լսեր, որ դուք այդ բանի համար վշտացած եք, նա պիտի ձեզ սիրտ տար, քաջալերեր, եղածը առ ոչինչ գրեր, իսկ թե մի հաշիվ ուներ առանձին և լուրջ կերպով ինձ հետ տեսներ այդ հաշիվը։ Բայց չէ. նրա համար մի գրոշ չարժե ձեր սրտի հանգստությունը, ձեր հոգվո խաղաղությունը, ձեր հիվանդոտ դրությունը, ձեր կոտրտած սրտերը.— նա ուզում է միայն յուր վայրենի սիրտը հանգստացնել, յուր վրեժը հանել, և այդ նպատակին հասնելու համար նա բանում է յուր անդուռն բերանը և դուրս է ժայթքում, ինչ որ կարող է. քար, փայտ, ցեխ, հուր, սուր... նրա ինչ հոգն է թե այդ քարը ձեզանից մեկի ճակատին կկպչի» ցեխը` մյուսի երեսին, սուրը` մեկի սիրտը կցցվի և կրակը` մյուսի հոգին կայրե, կոչնչացնե. բավական է, որ յուր սիրտը թափեց, յուր վրեժը հանեց և հանգստացավ... Ահա այդ մարդն է ձեր բարեկամը, ձեր եղբայրը, ձեր սրտացավը... Եվ դուք, ողորմելիներ, դուք մարդկային անիրավության զոհեր, դուք ազգականներից քարկոծներ, դեռ սիրտ ունիք, դեռ հավատ ունիք, և այդպիսի արյունակիցների հարձակումներով ձեզ նեղացնում, սպանում եք...

Այն մարդը, այն տղան, որ իմ նամակները ստանալուց հետ էլ (ես գիտեմ ինչեր եմ գրել) չի ամաչում և ինձ հայհոյում է ինչպես մի կաբակում մեծացած կինդո, էլ նրանից ինչ եք սպասում։ Էլ նրա խոսքերով ինչու՞ եք ձեզ վրդովում։ Կամենում եք, որ ճշմարիտը խոսեմ. խնդրեմ չնեղանաք.— Ա՛յ, Արամը նրա եղբայրը չի սազիլ, նա բարի է ինչպես հրեշտակ. և ազնիվ ադամանդի չափ. նա երևի յուր հորն է եկել. իսկ Սամսոնը... Օ, նա մարդու կաթ չէ ծծել. նա զուտ ավետարանոցեցի է. յուր հոտած, փտած և մխկած մոր հարազատ տղան է. նրա սրտի մեջ բնակվում է նույն ինք Սաթայելը։ Մի տղա, մի լակոտ, որ համարձակվեցավ այնքան անամոթաբար հայհոյել «Մեղու» և «Նոր-Դար» լրագիրների խմբագիրներին, մարդկանց, որոնց նա ոտի հողը չարժե, նա, որ կարողացավ անբարոյական կնոջ նման լկտի աներեսությամբ, այնքան անամոթաբար հայհոյել նրանց անցյալը, ներկան, անունը, ընտանիքը, պատիվը և այլն, էլ նրանից ինչ կարելի է սպասել. այդպիսի անամոթ մարդին մարդու ազգական և բարեկամ ունենալն անգամ ամոթ և խայտառակություն է։ Իմ կյանքում շատ լիրբ և անպատկառ մարդիկ եմ տեսել, բայց դրա նմանը հողը չէ ծնել, և այդ պատճառավ մինչև իմ կյանքի վերջին շունչը նրա արյան թշնամին պիտի լինեմ, որովհետև նա իմ մեջ ոչինչ, ոչինչ չէ թողել, որ չհայհոյե, չնայելով, որ ես նրան միշտ ազնվությամբ, քաղաքավարությամբ և քնքշությամբ եմ պատասխանել, նուչնիսկ այս վերջին անգամները։ Եվ թե գոնե նա յուր բռի կոպտության մեջ մի ճշմարտություն, մի անկեղծություն ունենար, հոգ չէ. նրա մեջ ամեն բան փայլող և սուտ է։ Ես նրան նամակ եմ գրել։ Նա ճարպիկությամբ ծրարի ներքի կողսը քանդել է, նամակս կարդացել, մեկ էլ նորեն կումի-արապով կպցրել, որը այնպես անշնորհ է կպցրել, որ երևում է և հետ դարձրել ինձ, վրան էլ գրելով. «Ես փողոցի մարդիկներից նամակ չեմ ընդունում և հետ եմ դարձնում։ Բայց թե ձեր ինձ ձանձրացնելու պատճառն այն է, որ ես ձեզ ներեմ. ես ձեզ ներում եմ Ս. Չ.»։ Առաջին` այդ գրածի մեջն իսկ դու ցույց ես տալիս, թե ով է փողոցի մարդը, ես, թե դու. երկրորդ` թե դու իմ նամակը չես կարդացել, ինչ գիտես, թե ես ներումն եմ խնդրում, բալքի հենց քեզ հայհոյում եմ իմ նամակում։ Երրորդ՝ դու ընչացու ես, որ ես քեզանից ներողություն խնդրեմ։ Իմ նամակս լոկ իրողությունը պարզելու համար էր գրած։ Երևի հիմարը կարծում է, թե ով որ քաղաքավարությամբ է գրում և իրա նման չի հայհոյում, ուրեմն նա խեղճացել է և ներողություն է խնդրում, վերջապես զզվեցի շատ գրելուց. այդ մարդը միայն մի թուքի է արժանի, ահա բոլորը։

Բայց դու որ գրում ես, թե Սամսոնի պատասխանին զգուշությամբ պատասխանիր, չգիտեմ ինչ պատասխան ես ասում. թե լրագրական է, ես գիտեմ. խո երկրորդ հիմարությունը չեմ անիլ, իսկ թե անձնական է, ես նրա և ոչ մի նամակը չեմ ընդունիլ այսուհետև։ Նա ինձ համար կորած է ինչպես մի չնչնություն:

Բայց, իհարկե, որքան որ ուժս կներե, ես նրանց իմ վիրավորած պատվի վրեժը կառնեմ, թե մինչև անգամ այն բանը ինձ համար ամենաթանկագին զոհը պահանջի... Որովհետև դու ինքդ պիտի արհամարհես ինձ, թե ես այս ստորությունը տանեմ ինձ վերա. իսկ թե դու ոչ միայն չես արհամարհիլ, այլև կհորդորես ինձ անոխակալ լինել և իմ քեզ լսելուց հետո, դու դարձյալ ինձ կսիրես,- այն ժամանակ ես դրականապես կարհամարհեմ քեզ, ինչպես մի ստորության երկրպագուի…

Նեղացա. էլ չեմ գրում. ցտեսություն հոգյակս։

Քո Գրիգոր

էլ նամակս նորեն կարդալու ուժ չունիմ. չգիտեմ ինչ գրեցի— հոգվով և մարմնով հոգնած եմ։

Չեմ ասում, թե ինձ նամակ գրիր. էլ ես քեզ պատվերներ տալ չեմ կարող. դու գիտես, ուզում ես սպանիր ինձ, ուզում ես ապրեցրու։

Հունիս 25, երկուշաբաթ (առավոտ), Տփխիս 1884

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Մինչև այսօր քեզ գրած նամակներս հետևյալներն են: 9—12, 16—18 և 22—23 թվերով, ընդամենը երեք նամակ, բայց նրանցից և ոչ մեկի ստանալուն համար ցարդ ոչինչ չհայտնեցիր. սակայն ապահով եմ, որ բոլորն էլ ստացած ես։ Այս նամակների վերաբերությամբ գրիր ինձ խնդրեմ երկու բան. ա) թե հարկավո՞ր է անշուշտ զակազա գրել քո նամակները՝ թե հասարակ և բ) թե ո՞ր փոստ գցածս ավելի շուտ ես ստանում (հաշվելով վերջին օրի թիվը, իհարկե), որ այսուհետև այն օրերում քեզ նամակ գրեմ։

Սիրեցյալդ իմ, 22—23 թիվ նամակս մի փոքր տխուր արտահայտությամբ և կոշտ լեզվով էի գրել, հետո շատ զղջացի, բայց արդեն փոշտ գցած պրծած էի։ Սկսում եմ գրել քեզ ներկայս, սրտիս անձուկը փարատելու համար, ըստ որում քեզանից հետ` էլ ոչ ոքի հետ սիրտս չէ տալիս, որ խոսեմ կամ մինին ցավակից անեմ ինձ։ Այժմ ես ավելի ինքս ինձ մեջ եմ ապրում. միայնությունը չափից դուրս սիրելի է դարձել ինձ. շատ նեղանում եմ, մինչև անգամ, թե մեկը վրդովում է այդ միայնությունը, որը ամբողջապես նվիրված է քեզ։ Երբ պարապ ժամեր եմ գտնում՝ մտածում եմ քեզ վրա, իսկ երբ դադարում եմ մտածելուց, այն ժամանակ սկսում եմ նամակ գրել քեզ։ Ինչպես նախընթաց նամակումս գրած էի, տխրությունս մի փոքր ցրելու համար երեկ առավոտ միայնակ գնացի Ծղնեթ։ Առավոտյան ժամը 8-ին այնտեղ էի․ տիկինը և երեխաները վաղուց ի վեր կանաչազարդ բլրի վերա ինձ սպասում էին, երկու շաբաթ էր միմյանց չէինք տեսել․ շատ սիրալիր հանդիպումն ունեցանք․ ամենից առաջին գործս այն եղավ որ ես սիրելի Սուրենիկին համբուրեմ։ Հետո բոլորս միասին գնացինք տուն։

Վարձված տունը բաղկացած է երկու մաքուր սենյակներից և մի փայտաշեն (a la Պոլ և Վիրգինե) խոհանոցից․ և գտնվում է ազատ դաշտի վերա․ շատ սիրուն օդ և տեսարան ունի շուրջը։ Թեյից հետ մենք գնացինք եկեղեցի պատարագ լսելու․ երգում և դպրություն էին անում գյուղի փոքրիկ տղաները և աղջիկները։ Վերաբերման ժամանակ բոլորը չոքած, աչքերը սուրբ սկիհին սևեռած աստուծուն էին աղոթում, իսկ ես, ինչ թաքցնեմ մեղքս, ես միայն քեզ վերա էի մտածում, իմ մրմունջներս դեպի քեզ էի ուղարկում և երևակայությամբ դեպի քեզ թռչում։ Այստեղ ամեն ոք պատրաստ էր մի աստծու աղոթել, ես էլ իմ աստծուն էի աղոթում․․․ միթե սա մի հանցանք է։ Այս բոլորը ես ասացի տիկ․ Նատալիային, երբ եկեղեցուց դուրս եկանք։ Սուրճի ժամանակ մենք միայն քեզ վերա էինք խոսում։ Նատալիան պատմում էր մի քանի բաներ, ինչ որ իրենք մեր բացակայության ժամանակ խոսել են մեզ համար։ Եթե հետո հարցնես ինձ՝ քեզ կպատմեմ․ միայն այժմեն իսկ իմանաս, իհարկե որ այդ խոսածները մեզ համար աննպաստ չէին լինիլ։ Սուրճից հետ ես երեխաների հետ գնացի ձորերում զբոսնելու․ երկար թափառեցի այդտեղ։ Ծաղիկների մի մեծ փունջ կապեցի և ի դարձին տվի տիկնոջը։ Նա երևի իսկույն իմացավ, թե ես ինչեր կլինեի մտածած այդ փունջը կապելու ժամանակ և մի փոքր արկղիկից հանեց քո պատկերը, և կիսով չափ խրելով ծաղկեփունջի մեջ դրավ կամոդի վերան, իմ առջև։ Ես նրան ոչինչ չասացի, բայց սիրտս լռությամբ շնորհակալ եղավ նրան։ Ես երկար, շատ երկար նստած քո պատկերի դեմ առ դեմ՝ նայում էի նրան և ինքս ինձ խոսում էի։ Տիկինը այդ ժամանակ զբաղված էր դրսում։ Վերջապես ես կամեցա մի փոքր էլ խաղալ. — վերցրի ռևոլվերս և խփում էի նշանների։ Մի տախտակի դեմ ուղղած ժամանակ գնդակը խոտորվելով դիպավ սենյակի պատուհանին և (մի այդքան ծիծաղիր) մի տեղ ծակեց անցավ։ Իմ այս քաջագործության վերա (որ ռևոլվերով կարողացա 4 քայլ հեռավորությամբ ապակին կոտրել) շատ ծիծաղեցինք։ Տիկինը ասում էր, որ պիտի գրի քեզ իմ այս նշանավոր շահատակությունը։ Ձկնի ճաշից հետո (որը բավական հարուստ և բազմախորտիկ էր) ես քնեցի։ Երազումս տեսի քեզ․ դու Ավետի ձեռքը բռնած բարձրանում էիր այն բլրով, որի վերա տիկինը և երեխաները ինձ սպասում էին․ օ, այն ինչ երանության և բերկրանաց ժամ էր․ բայց ես ինձ զսպում էի և չէի կամենում ուրիշների ներկայությամբ ընդառաջել քեզ․ որքան կարոտագին ողջույններ, որպիսի գգվանք, երբ դու մոտեցար ինձ․․․ մի ամբողջ պատմության կդառնար այն ամենը, ինչ որ ես տեսի իմ երազում, սակայն նամակի շրջանակը չի կարող ծառայել դրա համար։ Վերջապես Աստղիկի ձայնը ինձ զարթեցրավ, և որքան ես վշտացա, թե կոպտություն չլիներ, ես կծեծեի նրան։ Իմ երազի մասին ոչինչ չասացի տիկնոջը։ Ժամը յոթին բոլորս միասին գնացինք զբոսնելու, բայց փոքրիկ շաղող անձրևը թույլ չտվավ երկար դեգերել։ Տիկինը և երեխաները հետ դարձան, իսկ ես ուրախությամբ նորեն խորասուզվեցի դեպի դաշտերի զառիվայրը, ուր հոսում է մի հեզասուն վտակ։ Անձրևը կամաց կամաց դադարեց, ամպերը ցրվեցան և կապուտակ լեռանց ետևից երևեցավ մայր մտնող արեգակը․ նրա հանդիպակաց բլրների վրայով կապեց մի հրաշալի ծիածան, բնությունը նկատվեցավ իմ առաջ յուր բոլոր դշխոյական վեհափառությամբ․․․ և որքան գեղեցիկ, որքան սքանչելի էր նա․․․ Այդ ժամանակ ավելի քան երբեք ցանկանում էի քո ընկերակցությունը, — բնության բոլոր հրապույրները կատարելապես հասկանալու և նրանցմով հափշտակվելու համար, այդ րոպեին պակասում էր քո ներկայությունը, դու չկայիր ինձ մոտ և իմ աչքերը շատ քիչ բան էին տեսնում այդ հարստության մեջ… կամ ոչինչ չէին տեսնում։ Իմ դեգերանքս շարունակեցի մինչ ժամը 10-ը։ Մութը վաղուց տիրել էր և լուսինը յուր ամբողջ սկավառակով խիստ պայծառ խաղում էր իմ գլխի վերա։ Շրջակա բլուրները և դաշտերը արծաթին էին տալիս․ խոր լռություն․ մեղմ հովիկ, կարկաչուն առվակ և ցածուն թփեր։ Ահա հենց այն տեղը և վայրկյանը, որին ես որոնում եմ միշտ քեզ երգելու համար․․․ և ես ժայռի վերա նստած, աչքերս լուսնին սևեռած երգում էի քեզ։

Բայց գիտես ի՞նչ էի երգում․ իհարկե չգիտես․ ուրեմն լսիր.

Թաքնվիր ով լուսին, մթան սիրահար,
Դեմքդ սև քողով թող ծածկեն ամպեր․
Մի լուսավորիր դու այդքան պայծառ
Այս դաշտ ու հովիտ, այս խորունկ ձորեր․
Օհ հեռի աչքես բնության սեթևեթ
Մինչ չէ սիրելիս թևիթև ինձ հետ․
Դադրիր, ով զեփյուռ, հեզիկ մի շնչեր,
Մի տար դու ծաղկանց համբույներ թաքուն։
Դադրեցեք և դուք քաղցրաշունչ հովեր,
Մի ծառերուն մեջ հանեք սոսափյուն․
Մինչ չէ հանգչեցնում գլուխն իմ կրծքին
Հոգվույս տարագիր հափորը անգին։
Եվ սիրակարկաչ այս վճիտ առվակ
Թող հետ ընկրկի դեպի յուր ակունք,
Եվ կամ լուռ, անձայն յուր մանրիկ կոհակ
Գըլորե ժայռին խորշերը գաղտուկ․
Մինչդեռ չեն դիտում յուր ջինջ ալիքներ
Իմ աստվածուհվույն սևորակ աչեր։
Եվ շուրջս բոլոր թող պատե խավար,
Աստղերը ծածկեն սևաթույր ամպեր․
Երկինք և երկիր թող խառնվին իրար
Եվ որոտընդոստ դղրդի եթեր․․․
Զի գեղոնք բնության, հրաշալիք երկնից,
Բաց աչոք դիտել, ո՜հ, չեմ հանդուրժում․
Քանի սիրելիս հեռի է ինձնից,
Քանի սրտիս մեջ արցունք է հոսում։


(Եղանակը «Ձայն տուր ով ծավակ»-ինն է, որը դու այնքան շատ ես սիրում)։

Ժամը 10-ից 1/4 անց լսեցի, որ երեխաների ձայները կանչում էին ինձ․ ես բարձրացա դեպի գյուղը և պատահեցի Սպանդարին։ Նա թեպետ չէր ուզում գալ, բայց միայնությունից հալածվել էր։ Այդ գիշերը շատ աննշան անցուցինք, ընդամենը ընդամենը մի քանի դատարկ կատակներով: Եվ առավոտյան ժամը 6½֊ին ես ուղղվեցա քաղաք, և այժմ ահա ժամը 8-ն է, ես կանտորում նստած գրում եմ այս նամակը: Առավոտյան վաղ ձիու վերան լինելով և այն էլ առանց վերարկուի, կարծում եմ մի փոքր մրսել եմ, որովհետև ճանապարհին մի փոքր անձրև էլ եկավ։ Երբ կատարելապես թրջվել էի, (որովհետև զոնդիկս չէր պահում), հիշեցի քո այն խոսքը, որ ասում էիր թե «Ես ուզում եմ տեսնել քեզ թրջված, ջուր կտրած, տղամարդու նման տուն հետ դարձած և այլն» և ասացի մտքումս, — «Այսուամենայնիվ դու չէիր կամենալ այժմ ինձ այս օրում տեսնել»։

Տիկին Նատալիան նեղացած է, որ դու նրան նամակ չես գրել, և կարծեմ մի փոքր իրավունք ունի։ Երեկ ձեր Խատիսովին տեսի շատ առավոտանց սավանը ձեռան տակը՝ գնում էր լողանալու. և ասաց, որ քեզանից նամակ են ստացել և այլն։

Դու գուցե լսած կլինես, որ Աբգար Հովհաննիսյանը մի նշանավոր աֆերիստություն էր ուզում անել,— նա հռչակել էր, որ 600,000 ռ. փող է հավաքում, որ Արծրունու գալերեան առնե և ընծայե ազգի կողմից Ներսես 6-րդին… Բայց այդ րոպեին լսածդ բոլորը փամփուշտ է եղել, որ Աբգարը արածացրել է Արծրունուն և այդ երկուսը լավ կռվել են իրար հետ. այնպես որ տուրուդմբոցն է պակասել։

Սպանդարը այսօր Ծղնեթում լինելու պատճառով, վաղը երեքշաբթի լրագրի համարը չի դուրս գալ։

Թանդոյանի դպրոցի կամ քո այս ու այն առաջարկությունների համար այժմ ոչինչ գրել չեմ կարող։ Ո՛չ Աղայանցը և ո՛չ եպիսկոպոսը այստեղ չեն. Աղայանցի գալուց ամեն բան կիմանամ և կգրեմ կամ կգամ ինքս կասեմ։ Տեսնեմ կարող եմ այս երկու օրս գնալ և Սագինյանցին տեսնել։

Անցյալ օրը երեկոյան պատահեցի տ. Խատիսյանին և Մաշոյին զբոսանքի ժամանակ. միասին գնացինք իրենց տուն. մի երկու ժամ խոսացինք։ Յուրաքանչյուր րոպես սպասում էի, թե դու պետք է դուրս գաս քո սենյակից, և ինչպես սիրելի էր ինձ այն դուռը, որ այնքան քաղցր և տխուր հիշատակներ էր հավաքում և պատկերացնում ինձ։ Մաշոն էլի թախանձանոք խնդրում էր ինձ, որ Ծղնեթում իրենց համար տուն վարձեմ։ Բայց ափսոս, որ իմ խոստումս չեմ կատարելու։ Մայր ու աղջիկ շատ ափսոսում էին քո հեռանալդ, որովհետև, ինչպես ասում են, առանց քեզ շատ տխուր է անցնում իրենց օրերը։— Այդ խոսքերի Ժամանակ ես հիշեցի նրանց մի քանի տգեղ վարմունքները…

Քանի օր էր տիկ․ Շահպազյանը այստեղ էր, ամեն երեկո միասին էինք լինում։ Կիրակի օրն էլ ձկների այգիումը ճաշեցինք ես, ինքը և Սպանդարը։ Շատ պատվական, ազնիվ և եռանդոտ տիկին է, ազատասեր՝ բառի բուն նշանակությամբ, առանց սոփեստության․ դու կհիանայիր, թե լսեիր նրան, երբ սիրո հավիտենականության մասին էր խոսում։ Նա ինձ հետ այդ բանում համամիտ էր, և մենք այս անգամ երկուսս միասին հաղթեցինք Սպանդարին, որ սիրո մեջ հավիտենականություն չէ ընդունում, և իբր հաղթության նշան բուռնութին դեմ արինք նրան։ Երեկ երեկոյան նա ճանապարհվեցավ Ղարաքիլիսա յուր քրոջ մոտ, ուր պետք է ամառը անցնե։

Նախկին նամակիցս հետո էլ Ծղնեթ չեմ գնացել, ուրեմն տիկնոջն էլ չէի կարող տեսնել։ «Նոր Դարի» մասին մի որոշ բան չեմ կարող ասել։ Առայժմ գնում է․ տեսնենք։ Այսօր տվի տպելու իմ «Հարուստները զվարճանում են» վեպիկը։ Շատ հանդուգն եմ, դեռ կեսը հետո պիտի գրեմ, Մելիքսեդեկի նույնպես և ներսեսի համար նոր ոչինչ չկա։ Սպանդարի քեֆն էլ նույնն է, ինչ որ էր։ Երկուշաբթի օրը քո նամակդ ստացած լինելով շատ տխուր էի, գնացի նրան էլ տխրացրի և հուսահատեցրի այն աստիճան, որ երեկվա համարում առաջնորդող հանել չկարողացավ։ Ի՞նչ անեմ—մի՞թե ես եմ մեղավոր։ Ասում ես, որ այդտեղ ես նույն համարումը չունին Սպանդարյանի վերաբերմամբ, շատ էլ չեմ զարմանում։

Սիրելիս, հուլիսի մեկն այս անգամ էլ ինձ խաբեց։ Տեսնենք հունվարը։

Դեհ ցտեսություն, հոգյակս․

Գուցե կսեղմեմ ձեռքդ։

Քո Գրիգոր
Հունիսի 27, չորեքշաբաթ (կեսօր)

Սիրելիս, կարծում էի, թե այսօր մի բան կունենամ քեզ գրելու, բայց ոչինչ չունեմ, մնում է նամակս փակել, որովհետև փոշտի ժամանակը անցնում է։ Նիկոլայից նամակ ստացա, բոլորիդ մեկ մեկ բարևում է. մամիդ գրածները հաղորդել էի նրան, որին պատասխանում է, թե ինքն էլ չափից դուրս վշտանում է, որ այս ամառ էլ չէ կարող ձեզ հետ անցկացնել, միայն ասում է, որ Աբրահամն այս ամառ գալիս է պսակվելու, և ասում է, որ բոլորիդ էլ պետք է տանե Բալլուջա թութ ուտելու. խնդրում է, որ հրավերը չմերժեք։

Գրիր, խնդրեմ, օրիորդ, ինչպե՞ս ես անցկացնում, ի՞նչ ես շինում, առողջությունդ ինչպե՞ս է. տխո՞ւր ես լինում թե ուրախ. արդյո՞ք կողքիդ ցավը անցավ, պատմական «փիծեղը» էլի ուռա՞ծ է… նույնպես գրիր մորդ, Կարինկի և Ավետի առողջությունից: Ես էլ կամ էլի՛, քեզանից հետո մի կերպ քաշ եմ գալիս։ Առողջությանս մասին միամիտ եղիր, շատ լավ եմ։

Եթե նամակ գրած լինես, այսօր կեսօրից հետո կստանամ։

Ցտեսություն, հոգյակս, Հ. Զ. Ս. Ա. մոռացա հարցնել, արդյոք դու չե՞ս հիշում թե՝ ըստ բանաստեղծական աշխարհագրության, որտեղ է գտնվում էլլիսյան հովիտը։ Հ. նրան։

Քո Գրիգոր
Հունիս 28, հինգշաբաթ (առավոտ).

Սիրելիս, չգիտեմ ինչու համար ժամե ժամ սիրտս ծանրաբեռնում է տխրությամբ, մի նախազգացմունք կարծես ճնշում, սպանում է նրան, չգիտեմ ինչ է պատահել, չգիտեմ ինչ է պատահելու: Ամեն մի անգամ երբ ցրվիչը մեր գրասենյակի նամակները բերում է, սիրտս անհանգստությամբ տրոփում է։ Ես վերցնում եմ նրանց և շտապ շտապ պրպտում եմ նրանց մեջ քո նամակը, այդ գործողության ժամանակ ձեռքերս այնպես են դողում, որ ուրիշները նկատում են։ Այսօր մինչև անգամ Մ…յանցն հարցրավ, թե «Ի՞նչ է պատահել քեզ»։ Ես իհարկե ոչինչ չպատասխանեցի և աշխատեցի վրդովմունքս ծածկել։ Իմ ձեռքերս դողում էին նրա համար, որ վախենում էի, թե քեզանից նամակ լինի. իսկ այդ նամակում ես ոչինչ ուրախ բան չեմ սպասում… Օ՜, ինչպես տխուր, ինչպես միգապատ է սիրտս։ Անիծյալ, հազար անգամ անիծյալ լինի նա, որ վրդովեց մեր սրտի խաղաղությունը, որ թույն կաթեցրավ մեր երջանկության բաժակի մեջ… Եվ միևնույն ժամանակ ես տեսնում եմ, թե ո՛ր աստիճան թուլասիրտ ենք մենք, որքան չնչին, որքան ստոր… Մենք հանդգնում ենք սիրել, սիրո վերա խոսել, սիրով ոգևորվիլ, և միևնույն ժամանակ ամենաչնչին դեպքը, ամեն մի «ասածին», «ասում են»-ը մեզ շշկլեցնում է, մեր սիրտը վրդովում, տակն ու վրա են անում։ Բայց ի հարկե, ես այդպիսի փոքրոգիներից չեմ, ինձ վերա չեն կարող ազդեցություն անել, ոչ միայն այս ու այն ողորմելի արարածի բարբաջանքը, այլև նույնիսկ աստծո ահեղասաստ ձայնը. ես հանդուգն լինելու չափ աներկյուղ եմ, բայց երբ մտածում եմ, որ այս և այն առթից դու պիտի վշտանաս, որ օր ու կյանքդ պիտի սևացնես, սիրտդ ու հոգիդ պիտի ճնշես, այդ ժամանակ միայն ես կորցնում եմ իմ բոլոր արությունս. ես դառնում եմ այնպիսի թուլասիրտ արարած, որպիսին դու ես…։

Իհարկե գիտեմ, որ դու էլ այդ ներքին հոգեկան թուլությունը չունես, գիտեմ՝ որ ինչպես ես, քո պատճառով եմ թուլասրտում։

Հունիս 29, ուրբաթ (կեսօրից հետ).

Հոգյակս, զգում եմ, որ գրելու ոչինչ չունեմ քեզ. բայց քանի որ փոշտի օր է, չեմ ուզում առիթը ձեռքից թողնել: Այս րոպեին էլի Շուշիի փոշտն ստացանք, քեզանից էլ նամակ չկար։ ճշմարիտ որ ոչինչ չեմ հասկանում։ Այժմ մնում է ինձ լռել, վախենում եմ, թե մի օր քեզ նամակ գրելուց դադարեմ։ Բայց ինչ որ է. երեք օր էլ կսպասեմ, տեսնեմ երկուշաբաթ օրվա փոշտը ինչ կբերի ինձ համար: Երեկ երեկոյան Շենինգի այդիումն էի, տիկ. Շահպազյանը եկավ Սպանդարի հետ, և ծանոթացավ ինձ հետ։ Երկար խոսում էինք «Նոր Դարի» մասին, մի քանի ծրագիրներ առաջարկեց նա. բոլորն էլ անիրագործելի։ Պատմում էր, որ Պատկանյանը կամենում է հաշտության նամակ ղրկել «Նոր-Դարին», և գուցե արդեն ղրկած կլինի։

Ներսեսի հրաժարականի մասին ասում են, որ կայսրը ընդունել է, բայց Մելիքսեդեկին կհաստատե, թե՞ նոր ընտրություն կլինի, հայտնի չէ. դրությունը խոր տարտամ է. բոլոր շրջանների մեջ էլ խոսք ու զրույցը մեռած է։

Թիֆլիսը հասել է բոլորովին մեռելային դրության, ամեն բան կանգնած և անշունչ դրության մեջ է. իսկ և իսկ համապատասխանում է իմ սրտին։ Շատ լավ արիր, որ այսպիսի ժամանակ հեռացար այստեղից։

«Նոր Դարի» մասին ինչ են խոսում այդտեղ. որքան հայհոյողներ կան. թշնամիների թիվը նախանձելի է։ Հա գիտի հա՝. տես ինչ աշխարհումն ենք ապրում, որ «Նոր Դարի» պես մի լրագրի մասին հարցնում ենք, թե որքան են հայհոյում և քանի թշնամիներ ունի։ Եվ դեռ համարձակվում ենք ասել, թե այս ազգը կարող է ապրել…

Երեկ գիշեր եկել է Տփխիս ձեր քռակինն։ Այսօր ուղարկել էր իմ ետևից, գնացի։ Նա ինձ խնդրեց, որ քեզ իրան մոտ ուղարկեմ, որ համ տեսնի, համ էլ քեզ իրան հետ բերի Ղարաբաղ։ Պարզ է, որ ես պետք է ասեի, որ դու գնացել ես արդեն։ Խնդրում է իրեն տանեմ Կոջոր, որ Շխիյանցիներին այնտեղ տեսնե։ Գուցե վաղը կտանեմ, և կիրակի հետ կդառնանք։ Այնուհետև ինքը կճանապարհվի տեղդ մի ամիս ժամանակով դառնա Թիֆլիս և այնտեղից էլ Փոթի։ Նրանից հետո պետք է տեղափոխվին Բաքու, նա կվերադառնա գուցե ձեզ հետ։ Զարմանալի կին է, յոթ տարի սրանից առաջ եմ տեսել, և այս յոթ տարվա մեջ ոչինչ չէ փոխվել վերան. նույն ուրախ, նույն զվարթ կինն է։ Ինչ կլիներ քո մայրդ էլ մի փոքր օրինակ վերցներ նրանից… Բավական երկար շաղակրատեցինք։ Կան մի մի կանայք, որոնց հետ ուզես չուզես երկար ես խոսում, սրա գաղտնիքը ես գտնում եմ մելանխոլիի պակասության մեջ, հազար անգամ երանի, ով որ մելանխոլիք բնավորություն չունի քեզ և ինձ պես։

Լրագիրներում շատ են գանգատում այդտեղի եղանակի համար. միթե արդարև այդքան անտանելի է: Էլ ինչ գրեմ, բան չունեմ.

Հ. քեզ
Քո Գրիգոր

Շուտ նամակ գրիր, ի սեր աստուծո, հոգիս դուրս եկավ։

Տփխիս, 4 հուլիսի, 1884.

Իմ անզուգական սիրելի…— Հունիսի 26—29 թիվ նամակդ ստացա. թե ինչ տխուր ազդեցություն արավ նա ինձ վերա. չեմ ուզում մանրամասնաբար գրել։ Մեր իմացականությունը դժբախտաբար այնքան նրբացել է, որ էլ հարկավոր չէ միմյանց հետ երկարորեն խոսալ. մի բառ, մի խոսք, և ամեն բան հայտնի է. միայն ամենից ասաջ այս կասեմ, որ մորդ վարմունքը ինձ բոլորովին ապեցրել է։ Արդյո՞ք նա իմ գրածը կարդալով է այդյոք վրդովվել, որ մինչև անգամ ուշագնաց լինի, թե Սամսոնի նամակը։ Իմ գրածում մի այնպիսի հայտնի բան չկա. իսկ այդ հրեշի նամակը չգիտեմ ինչ լեզվով է գրած եղել, որ այդքան կարողացել է վրդովել ձեզ։ Վերջապես չգիտեմ. մեզանից մեկը դժբախտության հիմնաքարն է. կամ ես եմ, կամ դու։ Սակայն բոլոր այդ վրդովմանց և հոգեկան տանջանաց մեջ մի բան ինձ մխիթարում և ուրախացնում է, ինչպես գիշեր-ցերեկ ծովի ալիքներին խաղալիք եղած նավին՝ հեռվում երևացող մի ցամաք, որ նրան ազատության հույս է տալիս։ Այդ հուսատու, այդ մխիթարիչ աստղը դու ես, իմ անուշիկ Ոսկի։ Իմ սրտի ալեկոծյալ նավին խաղաղ նավահանգիստ խոստացողը՝ քո անզուգական սերն է։ Թող բոլոր աշխարհը կրակ և կայծակ թափե ինձ վերա. թող բոլորը հալածեն ինձ, դու ինձ սիրում ես, մի ամբողջ աշխարհ է, մի անհատնում երջանկություն է… Օ՜, թե գիտենայիր, թե հենց այս րոպեում որքան ուրախությամբ լիքն է իմ սիրտը, երբ հիշում եմ, թե հեռու, շատ հեոու ինձանից, փշերի և տատասկների աշխարհում, մի սիրտ բաբախում է ինձ համար— մի սիրտ բոլոր ջերմեռանդությամբ, սիրում է ինձ… Բայց, իհարկե, իմ ուրախությունը կատարյալ կլիներ, թե դու էլ այդտեղի անպատեհությանց մեջ կարողանայիր բաժանել իմ զգացումները… Բայց մի՞թե չես բաժանում. ոչ, ես հավատում եմ, որ ներքին հոգեկան ուրախությունը քեզ չի թողնիլ: Ախր չէ՞ որ մենք երջանիկ ենք, մենք սիրում ենք… Եվ իմ կարծիքով մեր սերը այնքան ուրախարար չէր կարող լինիլ, թե կատարյալ ազատություն վայելեր նա. մեր երջանկությունը այնքան քաղցր չէր լինիլ, թե վշտերով և հոգսերով շրջապատված չլիներ։ Մենք նմանում ենք այն ճանապարհորդներին, որոնք Սահարայի անապատում ամբողջ օրերով թափառելով վերջապես հասնում են այն կանաչազարդ օազիսին, ուր սիրակարկաչ վտակներին՝ հովանավորում են դարավոր արմավենիները, և ուր հովիտներին հարազատ քաղցրաշունչ զեփյուռը՝ գուրգուրում է Դիմիտրեի սիրասուն դալարիները: Այնտեղ առաջին անգամ նրանք խմում են կենդանարար աղբյուրից. արմավենիները հագեցնում են նրանց քաղցը, քաղցրաշունչ հովը կազդուրում է նրանց պարտասյալ մարմինը. դրախտը այժմ նրանց մեջ նախանձ չի շարժիլ… Այո, հոգյակդ իմ, մենք նմանում ենք այդ թափառական ճանապարհորդներին. միայն մենք ավելի երջանիկ ենք նրանցից, որովհետև, երբ որ կամենանք, օազիսը մեր աչքի առաջևն է. բավական է մի փոքր արհամարհանք դեպի շրջապատող անհաճությունները, և մենք իսկույն կմտաբերենք միմյանց, կհիշենք մեր քաղցր, անբիծ և անվերջանայի սերը, մենք կմխիթարվինք նրանով և մեր ուրախությունը կլինի անհատնում։ Եվ ճշմարիտ, ինչպես ես երեկ հուսահատված և տխուր էի, իսկ այսօր որքան շատ ուրախ եմ. ես այս րոպեին հոգիացած եմ, ես քեզ սիրում եմ… ես երջանիկ եմ… Դու կամենում ես լռել, դու կամենում ես լռել, որ դյուրազգաց սրտերը չվրդովվին. դու շատ լավ ես անում, իմ սիրո հրեշտակ. լռիր ես այլևս չեմ նեղասրտիլ, ես չեմ տխրիլ։ Ես գիտեմ որ դու կկամենայիր մի սիրուն թռչնակի չափ խոսիլ. դու կկամենայիր գրել ամեն օր, ամեն ժամ, ես գիտեմ, որ քո հոգին անդադար դադար թռչում է ինձ մոտ ես հավատում եմ, որ քո կյանքը կիսատ է առանց ինձ, որ վերջապես դու այն ես, ինչ որ ես եմ առանց քեզ. այդ պատճառավ էլ ես կհամբերեմ. ես չեմ նեղանալու, եթե մինչև անգամ մի ամիս էլ նամակ չգրես. ես քեզ ազատություն եմ տալիս անել այն, ինչ որ քո խելքը քեզ կթելադրի և ոչ թե սիրտդ... ես կհամբերեմ, հասկանում ես, ես կհամբերեմ... և այն սիրով, որոհետև դու ես պահանջում, հոգյակս, իսկ քո ամեն մի հրամանը ինձ համար սրբություն է։

Իսկ ինչ «սխալմունքներ» են այն, որ դու կամենում ես նրանց համար «ապաշխարհել», ինչու դու երբեմն այդպես կոպիտ բաներ ես գրում. ախր չէ որ ես նեղանում եմ, միթե դու «սխալմունքներ» ես անվանում սիրելը...

Դու նեղացել ես, որ ես գրել եմ, թե «կարհամարհեմ» «կզոհեմ». դու ուրեմն համարձակվում ես հավատալ. ուրեմն դու խոստովանում ես, որ այդ անարգ ուժը իմ մեջ կա. Օհ, Ոսկի, դու ուրեմն իմ հոգու հետ չես կամենում գործ ունենալ. դու ուրեմն կարող ես մի րոպե անգամ կասկածել... մի վայրկյան անգամ երազել... Այո, ես երդվել եմ արհամարհել, բայց գիտե՞ս որոնց... մեր երջանկությունը հափշտակողներին, ես կպահեմ իմ երդումը անաղարտ։ Ես զգում եմ, որ այս երդումից հետ ուրիշների խոսածները ինձ վերա ոչինչ չեն ազդում, եթե միայն նրան իմ սիրելիների միջոցով չաշխատին ազդել ինձ, այսինքն` նրանց տխրացնելով և նրանց տխրությունը ինձ փոխադրելով։

Ինչ վերաբերում է վրեժխնդրության մասին, անհոգ եղիր իմ վրեժխնդրության առավին կոպիտ և անարգ ձևով չեմ կատարիլ. և միայն բարոյասպես` կպատժեմ նրան և այն շատ ուշ, երբ ամեն բան մոռացված կլինի, որպեսզի նա ավելի տանջվե... Եթե միայն նա ընդունակ է բարոյապես տանջվելու... Դու ասում ես, որ «իրավունք ուներ խոսալու», ես չեմ ժխտում, բայց մի՞թե այդպես խոսալու իրավունք, այդքան գեղջկորեն, այդքան ստոր...

Ինչ վերաբերում է իմայիններին, ճշմարիտ որ ոչինչ չեմ հասկանում, չգիտեմ, ես նրանցից բոլորովին ուրիշ նամակներ եմ ստանում։ Գուցե ինձ խաբում են... Օհ այս սարսափելի է, բայց ոչինչ, այդ փոսը լցնել մի րոպեի գործ է, երանի թե մյուս անհարթություններն ուղղելն էլ այդքան հեշտ լիներ։ բայց ինչու համար ամեն բան մանրամասնաբար չես գրել. չէ որ ես քեզ այդ խնդրել էի։ Իսկ ես, քո արևը վկա, բոլորովին չեմ նեղանում այդ բանից. հարկավոր է, որ ես ամեն բան գիտենամ, որպեսզի այս ու այն կարևոր դարմաններն անեմ։ Ես նրանց ոչինչ, ոչինչ չեմ գրել, միամիտ կաց։ Ինչպես մորդ նամակում գրել եմ, մտադիր եմ 2 օրով գալ Շուշի. գուցե շաբաթ, կիրակի, կամ երեքշաբթի օրը դուրս գամ. թե ավելորդ համարես, կարող ես իսկույն հեռագրել, որ չգամ, ինչպես կուզես։

Ուրբաթ, Տփխիս, 6 հուլիսի, 1884.

Սիրեցյալդ իմ. դարձյալ վրդովմունք և հուսահատություն պաշարեցին ինձ. այս դժբախտ սրտիս կերևի վիճակված չէ, որ մի օր հանգստություն տեսնե։ Առանց այն էլ օրն ի բուն այս թշվառ լրագրի հոգսն է ինձ վերա ծանրանում, այնպես որ ժամանակ չէ մնում իմ ապագան էլ մտածության նյութ դարձնել. այդ բավական չէ դեռ իմ և քո ցավերն էլ չեն դադարում, մերթ ընդ մերթ հոգիս մինչև խորը վրդովելու և վիրավորելու: Հազիվ էի ամսույս 4-ի նամակը քեզ գրելով մի փոքր հանգիստ առել և ահա քույր Ղումաշից մի նամակ եմ ստանում, որ դժդոհություններ է գրում մորդ կողմից, իբր թե իրենց հետ վատ է վարվում, քեզ չէ թողնում, որ նրանց մոտ գնաս և այլն և այլն։ Իսկույն ամեն բան ես հասկանում եմ. երևակայությունս էլ գաղտնիք չէ թողում ինձ համար, և ես սկսում եմ վրդովիլ անվերջ… Դու ինձ գրում ես, որ Մանելակն ու Ղումաշն եկին քեզ տեսնելու, բայց շատ տխուր էին, և նրանք գրում են` որ արդարև եկել են Ձեզ մոտ և այն էլ ուրախությամբ, բայց ձեր բոլորի ռամուզն տեսնելով (որը շատ անողոք է եղել) տխրել են։ Ես այժմ կամենում եմ շատ փոքր չափով էլ իմայիններին հավատալ. ախր նրանք խո միշտ սուտ չեն խոսում. չէ որ ես անարդարությամբ եմ վարվում, միշտ նրանց անարգելով։ Երևի այն հրեշի նամակը ստացած օրից հետո են մերոնք եկել ձեզ մոտ, և ես երևակայում եմ, թե ինչ ընդունելության կլինի գտած ձեր մոտից… Բայց համոզվիր, հոգյակս, որ քո մոր վարմունքը շատ անտակտ է. քեզ հրավիրում են և նա չէր թողնում. ինչ է ուզում ասել. միչև անգամ Հագվենց տուն էլ չէ թողնում. Ախր զոռով մարդկանց չէ կարելի հրամայել, որ հող ու ջուր կտրեն ձեր ոտքերի տակ։ Մանիշակը գրում է, որ չափից դուրս վիրավորված է. ես նրան հասկանում եմ և կկամենի, որ գոնե նրան չվիրավորեք: Քո մայրը հիվանդ է, հավատացնում եմ քեզ. դու պիտի աշխատիս նրան առողջացնելու. նա մի այնպիսի կարծիք ունի քեզ և յուր ամբողջ ընտանիքի վերա, որ կարծում է, թե` թե յուր վերա մի խոսք խոսեն, թե լրագրում այս ինչ դեպքը տեղի է ունեցել, (այն էլ սխալմամբ) ամբողջ տիեզերքի բարոյականությունը (որ անշուշտ ձեր ընտանիքից կախում ունի) խախտվել, կործանվել է։ Ախր այդքան էլ վես, այդքան էլ դատարկ պատվասեր լինելը ինչի է նման։ Աստված վկա, հոգիս ուզում է դուրս գալ, երբ մտածում եմ այս բաների վերա։ Ուղիղ 14 երկար տարիներ են, որ ես տանջվում եմ ձեզ համար (ես քեզ հետ խոսում և խոսում եմ իմ պարզ սրտովս— ուրիշ կանանց ականջով մի լսիր ինձ—) ամեն հնարավոր հալածանքը, սրտնեղությունը, անհանգստությունը, հոգեմաշությունը տարել եմ անտրտունջ. տարել եմ առանց մի որևէ ակնկալության (քեզ սիրելս ինքնաբերաբար է եղել և ես յեկել եմ ծառայել ձեր ընտանիքին դեռ քեզ սիրել սկսելուց առաջ, ուրեմ դա հաշվի մի առներ) և այսօր մի ամենահիմար դեպք, մի ամենաչնչին սխալ— քիչ է մնացել, որ աշխարհը գլխիս փլցնի» իմ բոլոր արածները այնպես մոռացվել, այնպես օդի մեջ են ցնդվել, որ հազիվ թե էլ համարձակվում եմ հիշել նրանց։ Եվ ա՞յս է բարոյական վարձատրությունը։ Ախր ինչ է տվել ինձ մայրդ.— մի աղջիկ, որին եu եմ սիրում, և կարծում էր որ այդ սերը պարտավոր է բոլոր դժոխքի տանջանքները յուր շլնքին կրել… և ինձ չի ուզում ներել այն հանցանքի համար, որ ամենից առաջ ինձ է տանջել, փառք աասաոսծո, դու խո տեսել ես։ Հեռվից այս բոլոր բաները դիտողը ինձ կարող է անվանել ամենացած և ամենաստոր մարդը, ինչ փալաս եմ ես, կասեն, որ այսքան դառն հանդիմանություններ, հայհոյանքներ և թուք ստանալուց հետո, դեռ շարունակում եմ քարշ գալ ձեր ընտանիքի ետևից… Բայց դու, Ոսկի, դու միայն իմ հոգվո բարեկամ, կհասկանաս, որ ես այս ամենքն տանում եմ միայն քեզ համար, տանում եմ, որովհետև այս թշնամանքները քեզանից չեմ լսում, որովհետև մինչև այսօր մի անախորժ բառ դու ինձ չես ասել, բացի այն, որ դու սիրել ես ինձ այնքան անկեղծությամբ, այնքան ջերմությամբ… Եվ հենց բոլոր վրդովմունքներից հետո, երբ գալիս եմ այն կետին, ուր քո և իմ սիրո մասին պիտի խոսեմ, ամեն բան չքանում է թախիծը վերանում է իմ սրտի վրայից, ինչպես լեռան կատարը ծածկող ամպեր, որոնք ցրվում են արեգական ջերմ ճառագայթների ազդեցությունից. և ես անզգալաբար թողնում եմ, մոռանում եմ այն տխուր խոսակցությունը, որ սկսել էի սկզբում, և սիրո զորեղ հոսանքից տարվում եմ հեռու և կամենում եմ անսահմանության մեջ խորասուզվել։— Սիրում եմ քեզ, իմ անգին Ոսկի— և այս մի քանի բառերի մեջ ամփոփվում է իմ ամբողջ տիեզերքը… Տեսնում ես, ես շատ վատ գրող հեղինակի նման` թողեցի իմ սկսվածքի թելը։ Այդ միայն մի րոպեական ազդեցություն էր, որ խոսեցնել տվեց մի քանի անախորժ ճշմարտություններ։ Այժմ էլ ես չեմ հիշում, թե ինչ գրեցի, այժմ միայն այն գիտեմ, որ քեզ սիրում եմ… և ինչպես կկամենայի ուրիշ ոչինչ չգրել բացի այդ բառը, ուրիշ ոչինչ չարտասանել, բացի այն խոսքը, թե` դու իմ հոգին, իմ շունչը, իսկ կյանքը և մխիթարությունն ես»… Միթե դու իմ նամակի մեջ կանոնավորություն ես կամենում տեսնել, օհ, ոչ, մի կամենար, ես չեմ ուզում, որ դու ինձանից խմբագրված նամակներ ստանաս, այլ իմ սրտի և հոգվո րոպեական թելադրությունները… տեսնում ես, իմ նամակները նմանում ես մի կապրիզ, մի երեխայի բարբաչանքներին, երբեմն ես երդվում եմ այս ու այն լինելու, երբեմն ես սիրով և զգացմամբ թաթախառն նամակներ եմ գրում. այժմ էլ անախորժ խոսակցություն սկսա նամակս, մի քանի րոպեից փոխվեցավ սիրալիր եղերերգության, միով բանիվ ես նկատում եմ նամակներում իմ հոգին և սիրտը հույժ բնական դրությամբ, պսակերով և գույներով… մի՞թե դու այսպես չես ուզում… ոչ, հագիս, ես կամենում եմ, որ դու այսպես ուզենաս, դու մի համարձակվիր ինձանից ուրիշ տեսակ նամակներ պահանջելու, ես այսպես եմ հրամայում քեզ...

Աստված իմ, այս ինչեր եմ գրում, եթե մի ուրիշը կարդա այս նամակը, կասի, որ ես խելագարված եմ, այնպես չէ՞, բայց դու, իհարկե, հասկանում ես ինձ...Դե լավ է, հիմա մի փոքր լրջություն։

Այս վերջին բառը գրելու ժամանակ ձեր քռակնկան հեռագիրը. մի ինչ-որ մախմար է ուզում, իսկույն կերթամ ե կհայտնեմ Շխիյանցին։

Ամսույս 4-ի նամակումս գրել էի, որ այս քանի օրս կգամ, բայց երևի չեմ կարող գալ։ Պատճառը իմ վեպն է, որը տվել եմ տպելու, բայց շարունակությունը դեռ չեմ գրել. կաշխատեմ, կավարտեմ և հետո կգամ մի քանի օրով։ Դու ինչ կարծիք ունես այս մասին։ Գրիր, կամ գուցե չես կամենում, որ գամ։ Մինչև վեպս չլրացնեմ, չեմ կարողանալու գալ, մեկ էլ ասում եմ, թող ինչ դառնում է դառնա, իրանք իրանք նեղանան էլ, հանդարտվին էլ, երբ ամեն բան խաղաղ կլինի, այն ժամանակ կգնամ։ Բացի մորդ տեսնելս, մեր տան մասին էլ մի գործ ունեմ, որ պիտի անպատճառ գամ։ Բայց երկու շաբաթից առաջ երևի չեմ կարող, մերայինների հետ սկսիր գնալ գալ. այդ ձևը որ դուք վեր եք առել լավ չի. նրանք խո չգիտեն թե ինչ բանի համար եք նեղացած, բոլոր քեզ այցելողների հետ տուր իրենց այցելությունը. ամեն դեպքում հնազանդ լինելն շատ հեռու կքշե քեզ. մի փոքր պետք է մեղմ լինես. ախր իմ դարդս էլ քաշիր է. դու իսկի չես ուզում, որ մի փոքր երեսատեղ էլ ինձ համար թողնես իմայինների մոտ... այդպես վարվիլ լավ չէ, հոգյակս, դու պետք է հասկացնես մորդ։ Հորեղբայրներից չեմ գրում, որովհետև մի այնպես բան չկա։

Քո Գրիգոր

Ողջունիր իմ կողմից մորդ, տատիկին և Ավետին։ Ողջունիր նույնպես քռակնկանդ և ասա ուրախ եմ, որ ողջառողջ տեղ ես հասել, միայն շատ չծիծաղես։

Էն որ ես գրել եմ, թե ուզում ես ամիսը մի անգամ նամակ գրիր. գիդամ ես թե ճշմարիտ եմ գրել, այդպես բան չանես:
Տփխիս. 8 հուլիսի, 1881.

Ոսկի, ինչպե՞ս են անցնում օրերդ: Ասա, հոգյակս, մի՞թե ճշմարիտ ուրախ ես լինում, չես մտածում, չես նեղսրտում, մի՞թե առանց ինձ լավ է քեզ համար, մի՞թե դու հանգիստ ես լինում… օհ, ինչպես ուրախ կլինեի, որ այդ այդպես լիներ, որ քո նախընթաց նամակում գրածներդ ճշմարիտ լինեին… Բայց ես չեմ հավատում. այդ անկարելի բան է, դու անշուշտ խաբում ես ինձ: Իսկ ինչ որ ինձ կվերաբերի, ես ճշմարիտ, չգիտեմ ինչ ասեմ, քեզ խաբել չեմ ուզում, ես շատ, շատ տխուր եմ լինում. ես մի րոպե անգամ չեմ կարողանում քեզ մոռանալ, թեպետ շատ կցանկանայի այդ… Երբեմն այնպիսի րոպեներ են լինում, որ սիրտս շատ, շատ է ուզում քեղ, ուզում եմ քեզ տեսնել, ուզում եմ քեզ լսել, քեզ հետ խոսել… շատ անգամ ես այնպես եմ զգացվում, որ սիրտս կտրտվում է. ես մտաբերում եմ քեզ, քո պատկերը, քո հայացքը, քո ձայնը, ես սկսում եմ խոսել քեզ հետ երգելով. վերցնում եմ քո կենդանագիրը, համբուրում եմ նրան, գրկում եմ նրան իբրև իմ սրտի ամենաթանկագին սրբությունը. շատ անգամ ես նրա վերա բարկանում եմ… Իհարկե իրավունք ունեմ, իսկ շատ անգամ ես գրեթե ցնորվում եմ…

Այսօր կիրակի է, ժամը 1-ն է. դուրսը կրակ է թափվում. ես նստած եմ միայնակ և գրում եմ այս տողերը։ Օ, թե ես կարողանայի գրել այն, ինչ որ ուզում եմ գրել. եթե ես բառեր ունենայի արտահայտելու իմ սրտի զգացումները, թե ես կարողանայի կենդանացնել քո առաջ իմ հոգուց այն բուռն, անսաստ ալեկոծություն, ես այն ժամուն աստված կլինեի։ Մի ինչ-որ բան ծանրանում է սրտիս վերան. կարծես ուզում է ինձ խեղդել, ես ուզում եմ լաց լինել և կարծում եմ, թե այդ արտասուքները կթեթևացնեն ինձ։ Բայց ես տեսնում եմ, որ, օր ըստ օրե, մաղվում եմ, ես կարծում եմ, թե տաքությունիցս է, բայց այդ կարծիքը կարող է սխալ լինել. այդ քո պատճառավ է, ուրիշ ոչինչ։ Եթե գիտենաս, թե ինչպես ես այժմ ատում եմ աղջիկներին, ես չեմ ուզում, որ նրանք փողոցներում ման գան իմ աչքի առաջ. սրանք ինձ տխրեցնում են: Ամեն անգամ, երբ ես հեռվից տեսնում եմ մի աղջիկ` մոխրագույն շրջազգեստով, կամ թե նա վերան ունենում է քո վերարկուն, իմ սիրտը վեր է թռչում։ Խո ես գիտեմ, որ դու Թիֆլիսում չես, բայց ես հավատացած եմ, որ նա դու ես, ահա միայն այդ տեսակ աղջիկներին եմ սիրում ես. և ես նրանց պատրաստ եմ ամեն ծառայություն անել, որովհետև քեզ են հիշեցնում… Եթե մեկը վերցնե և կարդա այս նամակը, տեր աստված, ինչ կարծիք կունենա ինձ վերա, անկապ, անկարգ, իսկի մի բանի նման չէ, այնպես չէ՞… բայց ինչ անեմ, ես չեմ ուզում իմ խելքի թելադրությամբ գրել. սրանք բոլորը սրտի զեղումներ են։ Այսօր գիտես ի՞նչ արի։ Շատ վաղի էի վեր կացել. ուզում էի գրասեղանիս իրեղենները, արկղիկներից մեկը բանալով, աչքս ընկավ քո խաչին.(ես նրան ամեն իրիկուն համբուրում եմ և աղոթում եմ քեզ համար) ես իսկույն վերցրի նրան և քո երկու գնդասեղներով (մեկը կարմիր` դուն) և մյուսը կապույտ (ես)— կախեցի այն պատկերի վերան, որը նկարվեցար հավիտենական հիշատակի համար. և գիտես ինչ խորհրդավոր կերպարանք ստացավ այդ նկարը. իսկույն երևում է, որ մի աստվածային հոգի սավառնում է այն երկնակամարի վերա, որի տակ մի օր շնչել, բաբախել են երկու սիրող սրտեր։ Բայց ինչպես կուզենայի, որ մարդիկ մեզ հասկանային, ինչպես կուզենայի, որ քո մայրդ էլ մեզ հասկանար, որ կարդար իմ նամակները և ասեր քեզ, սիրիր նրան, ես իրավունք չունիմ քեզ խանգարելու, սիրեցեք միմյանց, ես գոհ եմ, ես ուրախ եմ դրանով. իսկ մեր կյանքի քաղցրությունը վրդովողներին, նա կարողանար ասել, հեռու կորեք, մի խոսեք այս հոգիների վերա, նրանք սիրում են… նրանք երջանիկ են…

Այն անգամ, որ ես Ծղնեթումն էի, հարցնում եմ տ. Նատալիային, թե ինչ կանեիր, թե գիտենայիր, որ քո Աստղիկը (ընդունելով, որ նա չափահաս է) սիրում է մի երիտասարդի։— Ես կօգնեի Աստղիկին, ավելի և սիրելու, պատասխանեց նա. որովհետև ես վայելել եմ սիրո դառնությունները, ես չէի ուզենալ, որ նա էլ նույն դառնությունները ճաշակեր մեր խստության պատճառավ։ Եվ ճշմարիտ, մի՞թե երջանիկ չեն այդպիսի զավակները։ Իսկ մենք… ավաղ, մենք դեռ պետք է մեր կյանքի երեք քառորդը մաշենք հասկացնելու համար մեր ծնողներին, թե ինչ է մերը, իսկ մի քառորդը պետք է վայելենք— այն էլ երկարամյա կռվից հոգնած, վաստակած և սրտաբեկ… Ախ, մայրեր, մայրեր, որքան շատ դուք սիրում եք մեզ, և որքան շատ տանջում եք։ Ոսկի, ասենք թե ես եմ դժբախտ մոր և քույրերի կողմից, նրանք չեն կարող ինձ ըմբռնել, որքան էլ ես խոսեմ նրանց հետ. բայց մի՞թե քո մայրդ էլ այդքան անզգա կամ դժվար ըմբռնող է, ախր չէ որ մի ժամանակ նա շատ լավ էր հասկանում սրտի և զգացմունքների նրբությունները, չէ որ ես մի անգամ խոսում էի նրա հետ սիրո վշտերի մասին և նա ձայնակցում էր ինձ… Մի՞ թե այդ բոլորից նա այլևս ոչինչ չէ մտաբերում։ Ասա ինձ, իմ անուշիկ Ոսկի, մենք դմբա՞խտ պիտի լինենք, թե՞ երջանիկ, ես այժմ ոչինչ չգիտեմ, ոչինչ գուշակություն անել չեմ կարող, դու ես այդ բանի համար ամենագետը, որովհետև գտնվում ես այնտեղ, ուր պետք է մեր բախտը վճռեն:

Երևի, երբ իմ նամակներս ստանում ես, սպասում ես մի որևէ կարևոր նորության, բայց բոլորի մեջ էլ միևնույն միտքը, զգացմունքների և սիրո խաղերը և միևնույն կրկնումները կարդալով նեղանում ես ինձ վերա, այնպես չէ՞… Դե, ինչ անեմ, ինձ հետաքրքրողն էլ այս մեկ ճյուղն է։

Բավական երկարացավ քո նամակ չգրելդ. այդ մեկ բանովը գոնե կարող էիր մի քիչ թեթևություն տալ ինձ. այդ էլ չես անում, ինչ անեմ, բայց ես քեզ չեմ ստիպում, հոգյակս երբ ուզում ես այն ժամանակը գրիր, քեզ մի նեղացնիր: Երբ որ համբերելու ուժ ունես, ինչու օգուտ չքաղես այդ ուժից…

Աղայանցը եկավ, այսօր էլ հրավիրված եմ նրա մոտ և հիմա պիտի գնամ։ Խոսացինք, պաշտոնական թուղթ կուղարկվի քեզ։ Միամիտ կացիր։ Սագինյանին տեսի. նա մտադիր է օր. Տեր-Մովսիսյանին պահելու. ուրեմն նրա հետ չգիտեմ ինչպես կարող ես դու մնալ, որ երագել ես… Այսուամենայնիվ ես պատճառ չեմ դաոնում. ես այժմ քո մորից շատ, շատ եմ վախենում. իմ ուժից վեր է էլ նրան համորզել այս ու այն բանում— մի կնոջ, որ յուր 14 տարվան ծանոթության ժամանակ հազար և մի դեպքերում փորձած բարեկամին՝ խաբեբա է ճանաչում՝ լոկ նրա մի անմեղ սխալմունքի համար… Ես այսուհետև շատ զգույշ պիտի լինիմ, զգում եմ, որ մի բան կամաց կամաց խախտվում է և վախենում եմ, թե չլինի սա մեր բարեկամության հիմքը լինի։

Սագինյանցը տեսուչացուներ է նշանակել Բեգնազարյանցին, որին դու ճանաչում ես, Սամվելյանցին (մի դարտակ խոհարար) Մանդին Մանդինյանցին ( որին ես չեմ ճանաչում, որովհետև քիչ ժամանակ է ինչ որ Թիֆլիսում եմ— 6 տարի)։

Ւմ ամենախորին հարգանքը մատուցեք հարգելի մորդ, Ավետին, Կատինկին և Հայկանուշին։

Քո Գրիգոր
Դու նկատում ես, որ իմ նամակները ոգևորությամբ սկսվում է և տխրությամբ վերջանում. այս բանը ինձ հաճելի չէ, ինչպես և քեզ. գիտեմ, բայց դա րոպեական վրդովմանց պիտի վերագրես, ուրիշ ոչինչ։ Նամակ շուտ-շուտ գրիր։

Ւմ քեզ գրած նամակներս հետևյալներն են։ Հունիսի 9—12: 16—18: 22—23: 24—27: 28—29 և հուլիսի 4, 6, և այս էլ 8, ընդամենը սրանով 8 նամակ։ Ստացե՞լ ես բոլորը, թե՞ ոչ։

Հա, մոռացա գրելու, որ «Նոր Դարի» № 113-ում ցենզորը իմ վեպից 7½ ամբողջ սյունակներ հանեց, ի մեծ վիշտ իմ։ Այդ էր պատճառը, որ բանասիրականի մասում մի նամակ էր խցկված, չգիտեմ հասկացար թե ոչ «Բերնարի կուրանոում» գլուխը չեր վերջացած-հանելու պատճառով. տեսնեմ ինչպես եմ կարկատում։ Սպանդարը այսօր Ծղնեթումն է: «Նոր-Դարն»-ն էլ գնում է դեռ։
Թիֆլիս, 11 հուլիսի, 1884


Հոգյակս. այսօր 12 օրը լրացավ, ինչ որ քեզանից նամակ չունեմ։ Թեպետ անհանգիստ չեմ, որ կարող ես առողջ չլինել, (որովհետև ինչքան էլ տխուր հանգամանքներ շրջապատած լինեն քեզ, այսուամենայնիվ ընտանիքումդ գտնվելով գոնե մարմնով առողջ կլինես), բայց շատ անհանգիստ եմ, որ նամակ չեմ ստանում։ Շաբաթը երեք անգամ փոշտ կա այստեղից, շորեքշաբաթ, ուրբաթ և կիրակի, և այդ երեք օրերն էլ քեզ նամակ եմ գրում, որ գոնե դու ուրախ լինես, ես ջհանդամը… Բայց որ գրել էիր, թե ես արտաքուստ սառն և անտարբեր եմ լինում, մորս չգրգռելու համար, ես ճշմարիտ որ զարմացա. ուրեմն մայրդ այն աստիճան ատում է ինձ, որ քո նամակ գրելդ էլ նրան վրդովում է։ Ես քո վերջին նամակը ուշադրությամբ չէի կարդացել, դու մինչև անգամ գրել էիր, թե «չգիտեմ մեկ էլ ինչպես պետք է սիրտն առնեմ և այլն». ուրեմն ամեն բան վերջացած է. ամեն կապ խզված էր համարում մայրդ։ Շատ օտարոտի է, ոչինչ չեմ հասկանում։ Արդյոք չէիր կարող այն հրեշի նամակի պատճեն ղրկել ինձ, որ տեսնեմ, թե ինչ է գրել, որ մորդ վերա այդքան ազդել է։ Հեռագրել էիր, որ չգամ, այդ արդեն ես էլ էի վճոել, և պատճառը ամսույս 8-ի նամակով (թե 6-ի, չգիտեմ) գրել եմ։

Սիրելիս, թե գիտենաս, թե որքան շատ անհանգիստ եմ ես այդտեղի վերաբերությամբ. չգիտեմ ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես օրերդ անցկացնում, մոտեցար մերոնց թե ոչ. համոզեցի՞ր մորդ այս ու այն հանգամանքի մասին. արդյոք ինչպես է վերաբերվում ձեր ընտանիքը դեպի ինձ և դեպի իմայինները. միով բանիվ, ոչինչ, ոչինչ չգիտեմ։ Այս գիշեր երազումս քեզ տեսի. ինչպես տխուր էիր դու. և մինչև անգամ չէիր ուզում ինձ հետ խոսել։ Ես կարծում էի, թե այսօր մի տխուր նամակ կստանամ, բայց ո՛չ տխուրը ստացա, և ո՛չ ուրախը։

Քո պաշտոնիդ մասին դեռ մի նոր հաղորդելիք չունեմ։ Կարծեմ այս ամսում պետք է լինի Թանդոյան եկեղեցու հոգաբարձուների ընտրությունը։ Եթե այն քահանան հոգաբարձու չընտրվեցավ, տեսչության պաշտոնները կմնա քեզ համար։ Խռովությանց մասին որ գրել էիր, ոչինչ խռովության բան չի լինիլ, միամիտ կաց։ Տան համար ուզում ենք հենց ուսումնարանի տունը վերցնել, նա շատ չոր և արեգընդդեմ տուն է։ Բայց իհարկե պետք է վերցվի միայն կեսը, որովհետև ամբողջը 7 սենյակ է։ Հույս ունեմ կիրակի ավուր փոշտով ավելի մանրամասն տեղեկություններ տալ։

«Մշակը» այսօր հրատարակեց յուր վերջին համարն և հայտնեց, որ դադարում է երկու ամսով, բայց իսկապես դադարելու է մինչև նոյեմբեր։ Այդ ամսից ուզում են հանձն առնել հրատարակությունը մի քանի պարոնայք — Րաֆֆի, Արասխանյանց, Կարո, Եղեկյանց, Աղայանց և այլք. (յուրախ ժամու եղեցի)։ Թող «Նոր-Դարի» գործը մի փոքր լավ գնա, տեսնեմ թե այդ բազմոտանի անգլուխ հասարակապետությունը ինչ պետք է լինի։ Այ մրցումը այն ժամանակը կլինի, քաջերը հանդես կիջնեն և կտեսնենք մեկն է շատ, թե շատն է շատ (a la Արասխանյանց)։

Արդյոք ինչպես ես հավանում իմ վեպը. նկատողություններդ գրիր։ Այստեղ հոգեբանական մի քանի տեսարանների ճշտությանը քեզ եմ պարտական... Այստեղ շատ լարված ուշադրությամբ են կարդում։ Դեռ կրիտիկոսներ չկան, եղածներն էլ այս համեստ մարզիկն են, որոնք չեն ախորժում իմ ազատաբանությունը.— «Դա a la էմիլ Զոլա է» ասում են, այդքան դեգոլտե գրելը լավ չէ։ Վաղվա համարը թե չջնջե ցենզորը վեպիս ամբողջությունը չի խանգարվիլ, տեսնեմ, սիրտս դողդողում է։ Եթե էգուց համար չեղավ, իմաց, որ մի 10 սյունակ կուլ է գնացել, 114 համարինը մի կերպ կարկատեցի։

Գուցե առաջիկա շաբաթ «Նոր Դարը» չհրատարակվի տպարանի մեջ լինելիք փոփոխությանը պատճառավ։

Մելիք Մեհրաբյանցն, որ ցարդ Պետերբուրգ էր, վերադարձավ։ Մելիքսեդեկի հաստատման լուրերն նորեն վարագուրով ծածկվեցան հասատ խոսում են, որ նոր ընտրություններ կլինեն։ Տեսնենք ուր կհանգի։


Ինչպես է քո առողջությունդ. արդյոք դեղերը գործ ես ածում. լողանում ես, զբոսնում ես։ Ինչպես է մայրդ, Կատինկան, Ավետը, Հայկանուշը— բոլորին էլ շատ բարև արա և բոլորի առողջությունից էլ գրիր։ Փոստի ժամանակն անցնում է (1/4 է մնացել) ես շտապում եմ նամակս հասցնել, ուստի այստեղ էլ ընդհատում եմ։

Ձեր քռակնկանը բարևիր և ասա Ղուկասր ձեր գնալիք դեսը Կոջորից չի եկել. մախմարի համար նրանց ծառային եմ պատվիրել, չգիտեմ ասել է նրանց թե ոչ։ Հենց որ Կոջորից գա, էլի ինքս կգնամ նրա մոտ։

Ա. Ք. օրերս շատ վատ են անցնում, միշտ տխուր եմ, ոչինչ ուրախացնում ինձ, որքան կշարունակվի այս դրությունը, չգիտեմ։ Հ. Քեզ.

Քո Գրիգոր

Գրի տեսնեմ 8-ի նամակս ստացել ես թե ոչ, որովհետև այնպիսի յաշչիկ եմ գցել (կուկեումն), որ վախենում եմ, թե կորած լինի։

15 հուլիսի

Սիրելիս. սկսում եմ քեզ պատասխանել, բայց ինքս էլ չգիտեմ թե ինչ գրեմ, այնքան շատ հուզված եմ, այնքան ալեկոծված է սիրտս. քո հուլիս 10-ի նամակն կարդալուց հետ։ Սուտ է, որ կարծում են, թե կարելի է խոսել և գրել երբ մարդ զգացված է մի որևէ հուզիչ զգացմունքով, ընդհակառակը, այդ ժամանակ գրելու կարողությունն էլ կորցնում է մարդ։ Ամենից առաջ ես անիծում եմ այն օրը, որ դու Թիֆլիսից դուրս գնացիր. դու գիտեիր. քո սիրտը վկայում էր, իմ խեղճ Ոսկի, որ այս սյուրպրիզներն են քեզ սպասում։ Իսկ հետո ես անիծում եմ ինձ, թե ինչու համար քեզ այնպիսի հիմար նամակ եմ գրել, որ դու նեղացել ես, ախր ինչ հարկ կար, որ առանց այն էլ քո վշտացած և վիրավորված սիրտը նորեն էլ ես վշտացնեի և վիրավորեի, ինչ իրավունքով ես գրում եմ քեզ թե... Ախ ես ինքս ամաչում եմ գրածներից, երբ հիշում եմ, ներիր ինձ, Ոսկի, ներիր աղաչում եմ, ես համոզմունքով և գիտակցաբար չեմ գրել այն նամակը, պատռիր, ոչնչացրու նրան։ Զարմանալի է, ես կարծում էի, թե դու ներողամիտ աչքով կնայեիր իմ գրածներին, ճանաչելով իմ սիրտը և հոգին... բայց դու դեռ գրում ես, թե «ես մի երկու բան կխոսամ, կուզես հավատացիր և, կամ ոչ, ինձ համար միևնույն է »... Ոսկի, մի՞թե մենք այսպես խոսքեր էլ կարող ենք գրել միմյանց, միթե մենք պետք է սրա -նրա խոսածների պատճառով վայրկյան անգամ կասկածենք միմիյանց անկեղծության վերա. դիցուք թե ես այդպես բան գրեցի, դու ինչո՞ւ երկրորդում ես սույն սխալը, դու դեռ ուրիշ շատ բաներ ես գրում, որոնք արդարև շատ վատ են ներգործում ինձ վերա, բայց ես նրանց չեմ հիշում, դու հուզված ես եղել, իմ անուշիկ Ոսկի, ես չեմ նեղանում քո գրածներով, լավ ես արել, որ գրել ես, գոնե մի փոքր հանգստացած կլինես, և երանի ամեն բան գրեիր, ոչինչ չթաքցնեիր և սրտումդ ցավ չլիներ։ Գրիր այսուհետև էլ ամեն բան, բայց գրիր և այն, որ դու ներում ես ինձ, իմ անգին, իմ անուշիկ Ոսկի։

Վերծանում եմ նամակդ, կարդում եմ թե ինչ կետին — ինչ պատասխան գրեմ, և ամեն անգամ էլ սիրտս հուզվում, տակն ու վրա է լինում, ես մնացել եմ շվարած, հասկանալու ընդունակությունս կորցրել եմ։ Ախր այդ բաները ինչ որ գրում ես, այդ բոլորը կարծեմ առաջվա խոսված, վերջացած բաներ են, այդ մասին արդեն մայրդ ինձ գրել էր ամեն բան և ես ինչ հարկն էր մորս և քույրերիս գրած էի, միթե այժմ էլ են խոսում, միթե այժմ էլ են շարունակում այդ հաչոցը։ Ախ Ոսկի, դու երջանիկ ես, քո մայրդ քեզ սիրում է և դու կարողանրում ես ասել, թե «ես պաշտում եմ մորս», իսկ իմ մայրը րնդհակառակը, խլում է ինձանից երջանիկ լինելու բոլոր բարեմասնությունները, և ես սկսում եմ ատել նրան... Օհ, այս ծանր է, Ոսկի, համոզվիր որ շատ ծանր է, ես չէի կամենալ, որ մայրատյաց որդի լինեմ, որքան էլ իմ մայրը հիմար և ողորմելի կին լիներ, դու ինձ հասկանում ես, այնպես չէ, բայց ես արդեն սկսել եմ ատել նրան և վախենում եմ... Ախ, դու օգնիր ինձ, Ոսկի, որ ես այդպիսի հանցանք չգործեմ, մենք խելք ունինք, մեզ չի վայելեր այս բանը, և մենք պետք է որ Ստեփաննոսի նման ասենք, թե «Տեր, թող գոցա զմեղս իրանց, զի ոչ գիտեն ինչ գործեն»… Դու համաձայն չես ինձ հետ… Ես քեզ չեմ ստիպում, որ գնաս իմայինների հետ բարեկամություն անես. ոչ, սրտին և զգացմունքին հրամայել անկարելի է. բայց քաղաքավարությունը գոնե պահանջում էր, որ դու վերադարձնեիր քեղ այցելողների այցելությունը. ոխերիմ թշնամիներն անգամ այդ արտաքին քաղաքավարւթյունը պահպանում են. բայց այդ մի փոքր շատ փոքր, ինձ վերա էլ պետք է մտածես… Ախր շատ հեռու լինելով բան չի դառնալ. ես քեզ չեմ ասում «ծառայիր սրա ու նրա կապրիզներին» ինչ որ գրում ես (այդ «սրա ու նրա»-ի մեջ արդյոք ինձ էլ չե՞ս հաշվում), այլ վախենում եմ, որ ձեզ լուրեր հասցնողներն ավելի հատուկ պլանով գործող մարդիկ լինին, որոնք կամենում են անպատճառ քանդել մեր միությունը, օգուտ քաղելով մի կողմի լարած դրությունից, ախր իմ քույրերը այնպիսի նամակներ են գրում, այնպիսի տենչանոք քեզ սպասել էին տալիս, որ ես իրավունք ունեի մի փոքր հավատալ նրանց. Ղամալ-բաղին գրում էր թե «մինչև այժմ ինչ արել են անցել է. այսուհետև Ոսկին մեր հոգին է. մեր աչքի լույսն է. ոչ մեկը այսուհետև չի համարձակիլ նրա վերաբերությամբ մի ցուրտ խոսք ասել և այլն». բայց միթե իմ քույրերը ինձ խաբում են, եթե այդ այդպես է, կնշանակ է իմ դժբախտությունը հարյուրպատիկ է… Բայց դարձյալ ես կարծում եմ, որ մենք խորամանկ թշնամիների ինտրիկաներին ենք զոհվում. լավ ուսումնասիրեցեք ասող խոսողներին, բայց թե դու համոզված ես, որ ամեն բան ճշմարիտ է և մինչև այսօր էլ շարունակում է խոսակցությունը, այն ժամանակ… վայ ինձ, ես կատարյալ դժբախտ եմ… միայն մտածիր մի անգամ, հոգյակս, մտածիր այն ծանր դրության վերա, որի մեջ կգտնես ինձ, թե ամբողջ երեք ամիս այդտեղ մնալուց հետ վերադառնաս Թիֆլիս, առանց իմայինների հետ տեսնվելու. ես այստեղ լսում եմ, դու դատիր։ Ավելի լավ կլիներ, կարծեմ, որ դու գնայիր նրա մոտ, բացատրեիր քո չգնալու պատճառները և արիաբար բացատրություններ պահանջեիր քո լսածների վերաբերությամբ, քան թե մի անկյունի մեջ կծկվելով, սրա ու նրա խոսածներով բավականանայիր։ Ալեքսանի կամ ամեն մի շան խոսածները թե դու բանի տեղ կդնես և կամ ուղղակի չես գնալ և երեսին չես թքիլ իհարկե սիրտդ էլ ցավերով կլեցվի, կհուսահատվես էլ և կոչնչանաս էլ… Ինձ հարցնում ես, թե՝ «ի՞նչն է պատճառը, որ ինձ այսքան հալածում են քո մայրն ու ազգակիցները և այդ բանը քեզ զարմացնում է ու շվարեցնում է». Ես կասեմ. դա մի պարզ բան է. նրանք խո չեն կասկածում քո բարոյականի անբծության վերա. այլ մտածում են թե՝ եթե ես քեզ հետ կապվեմ, ստիպված պիտի լինեմ իմ ամբողջ գոյությունս ձեր գերդաստանին նվիրել։ Ահա ամբողջ գաղտնիքը այն հալածանքների, որ լարված է քո դեմ, իմ թանկագին Ոսկի. և այն բանը դեռ ավելի վաղ քո խեղճ մայրդ էր ինձ գրել։

Բայց արդյոք հնար չկա, որ մի կերպ հեռանաք այդ քանդվածից. գնաք մի գեղ, մի անապատ, որ մի փոքր հանգիստ ժամանակ անցկացնեք մինչև այստեղ գալերնիդ։ Ճշմարիտ ես էլ մնացել եմ տարակուսած. ուղեղս չի բանում, չգիտեմ ինչ գրեմ, չգիտեմ ինչ խորհուրդ տամ։

Աշխատում եմ, որ ամսույս 17-ի երեկոյան էքստրեննի պոեզդով անպատճառ գամ. թեկուզ ինձ գրել ես դու, որ չգամ. բայց անհնարին բան է. պետք է, վերջապես այս բանին մի վերջ դրվի, պետք է վերջապես ես գիտենամ թե, որ աստիճան են խաբում ինձ իմայինները, պետք է որ միանգամ լռեն նրանք… միամիտ եղիր գալուց, անտակտ բան չեմ բռնիլ, որ «ավելի վատ լինի».—

Հետո այն ինչ խոսք է, որ գրում ես, թե «Ես առանց մի պատճառի ճիշտ խեղճ օր. Մարկոսյանի օրինակն եմ դառնալու»։ Ախր այդպես բան կգրե՞ն… բաս դու իսկի ինձ վերա չե՞ս մտածում. դու չգիտե՞ս, որ ես միայնակ եմ… որ ես կմեռնեմ… Ախ թե գիտենաս թե որքան լաց եմ եղել այսօր, որքան կոծել եմ ինձ… Երեկ երբ նամակդ կանտորում ստացա, վերի վերո կարդացի և ոչինչ այնքան ծանրություն չզգացի, բայց այսօր առավոտ—երբ կիրակի է և ամեն ոք զվարճության ետևից է— ես նստած լաց եմ լինում… ես ում մոտ դիմեմ. ում մոտ իմ սրտի համար թեթևություն գտնեմ… Կհավատաս թե ասեմ… Այդ հարվածը բավական չէ, դեռ ավելացնում ես, որ հիվանդ ես, որ թե քեզ տեսնեմ կսարսափեմ… ինչու դրանով ես բավականանում. հազր գրիր թե «Գրիգոր, գնա և ընկիր ջուրը, էլ այսուհետև քո ապրելը ավելորդ է…»: Բայց ախր չէ որ մենք դեռ երիտասարդ ենք, մենք դեռ պետք է ապրենք...

Ոսկի, խնդրում եմ, հանգիստ պահիր քեզ. ուշադրություն դարձրու քո առողջությանը, մի սպանիր քեզ և քեզ հետ էլ մի ամբողջ ընտանիք և մի թշվառ, մի ողորմելի սիրտ... որ ցավերի և վշտերի դառնությունը հենց քեզ սիրելու ժամանակ ճաշակե...

Դու ասում ես, որ թե ես քեզ տեսնեմ` կսարսափեմ, բայց էլ տեսնելու ինչ հարկ կա, սարսափը ահա հենց այժմ բանած է ամբողջ մարմինս... Բայց ասա խնդրեմ, այս ինչ դրություն է. ինչ ենք անում մենք, միթե խելագարված չենք։

Ախր այդ անզգամները խոսելով ասելով ոչինչ չեն կորցնում, մենք ինչու համար ենք մաշում մեզ. ինչ կյանք է մնացել մեր մեջ, որ այդ էլ կամենում ենք զոհել այդ անխիղճ, այդ անաստված արարածներին։ Ես ձեր դարդն եմ քաշում, դուք եք ինձ ստիպում մտածել, և ահա քո գնալուց դեսը էլ միս չէ մնացել վրաս. թե չէ ես դրանց բոլորի հոգին կհանեմ. ինչու ես չտանջեմ նրանց և իրանք ինձ տանջեն․ ինչ է մի երկու կնկա չափ էլ չի սիրտ ունիմ։ Ախ, թե դու մի քաջ աղջիկ լինեիր, գիտես թե ինչեր կարող էի անել, բայց դու ձեռք ու ոտքս կապում ես։ Հենց այս րոպեին մի միտ հղացա․ ես կամենում եմ գալ և երկու օրաց մեջ... վերջացնել ամեն բան, կհամաձայնվես, հարս ախ թե կարողանայիր համաձայնվել, ճշմարիտ որ ամեն դժգոհություններ կվերջանար և մենք երջանիկ կլինեինք... Բայց դու, ով գիտե, ինչ դժվարության սարեր կդնես իմ առաջս։ ճշմարիտ, Ոսկի, եկ այդ մի գժությունը անենք մեր կյանքում—-գիտես ինչ գժություն… այնուհետև ինչ կլինի կլինի, թե որ այսօրվանից լավ օրեր չտեսնենք վատ իսկի չենք տեսնիր: Եվ գիտես այս ինչպես կլինի, շատ պարզ, շատ հասարակ ձևով, ձեր տանից եկեղեցին և այնտեղից Թիֆլիս։ Համաձայն ես, հա։ ճշմարիտ, գուցե այս տեսակը ամենից ավելի բախտավորը կլինի. ես ճանապարհի հագուստներով կլինիմ և երկար կոշիկներով, դու էլ միևնույն տեսակը մի մեծ հարդյո գդակով և մտրակը ձեռքիդ․ ախ, սա մի օրիգինալ բան կլինի, բոլորը ցուպ կկտրին ձայներնին։ Իսկի մի օր էլ չենք մնալ մոտերները, որ հոգիները դուրս գա բոլոր թշնամիներին: Երեկ Աղայանցը այս միևնույն խոսքերն էր ասում ինձ, և ես ծիծաղում էի, այսօր մտածում եմ, որ շատ խելոք բան է ասում. ճշմարիտ համաձայնվիր հոգիս, և համաձայնեցրու մամիդ. ամեն բան լավ կվերջանա. ինչներուդ է պետք օֆիցիել, պաշտոնական հարայ հրոցը, ծիսակատարությունները, խնջույքները և այլն, մեր նպատակը այն չէ՞, որ երջանիկ լինենք, դեհ երջանիկ էլ կլինենք։

Հանկարծակի ձեր բոլորի գողը, որքան նրան գլուխ ենք տալիս, անչափ անհարմարություններ ունի, այդ բանը լինելուց հետ մենք Ավետի հետ շուտ կգանք, ամեն բան կկարգավորենք և հետո ձեր տունը կբերենք։

Հիմա ես գրեցի դու ուզում ես համաձայնիր, ուզում ես ծիծաղիր ինձ վերա, ես էլ եմ ծիծաղելով գրել, բայց ճշմարիտ եմ գրել. մեկ է, էլ այն որ ես ասում էի, թե չեմ ուզում, որ դպրոցում օրիորդները քեզ առաջ օրիորդ անվանեն և հետո ստիպվին փոխել անունդ:

Այս բոլորից հետ մի քանի բան էլ ուրիշ խոսենք։—Հոգիս, ես ձեր քռակնկան հետ շատ շատ բաներ չեմ խոսել քեզանից, դու գիտես, որ այն կլիներ խոսած, ինչ որ պետք էր, ես խելք ունիմ. ուրեմն ավելորդ բաներ ինչ որ խոսաց, սուտ իմացեք։ Ինքն էր ուզում— «ճոնղը» բանա մի քանի անգամ, բայց ես վանեցի:

Կատինկի համար Աղայանցն ասում է թե թող գա «հեշտ» մի պաշտոն կգտնենք։ Ես նրան քո դիտավորությունները ասացի. նա շատ հավանում է այն տղային և ասում է թե Շուշի ձեռաց կպսակվին կգան, երկուսին էլ իմ թեմում ամենալավ պաշտոն կտամ, այսինքն՝ կամ գոր, կամ սուրամ։ Ինչ ես կարծում։ Ինչ ես կարծում, թե այդ մեկ գժությունն էլ առաջինի վերան ավելացնենք ավելի լավ չի՞ լինիլ…

Քո 24 դաս վերացնելդ էլ շատ ծանր է, գիտես թե չէ. դու պետք է մտածես այդ քո կազմվածքդ այնքան թույլ է 18-ն էլ շատ է։ Դու ավելի հանգստության պետք ունիս։ Դրա համար էլ դեռ մի բան չէ վճռվել, տեսնեմ այսօր ումն եմ տեսնում, որ խոսեմ, Աղասու մոտ կգնամ։

Ամսույս 13-ին ղրկեցի Ավետի գրքերն և ահա նամակովս էլ ղրկում եմ այն պրոգրաման, որ ուզել եք: Այդ տղայի բանն էլ է դժվար։

Նատալիան այսօր այստեղ է, երեկ է եկել և Սպանդարի հետ գնաց այսօր, իրենց պատկերի համար ասացի, Ծղնեթ է, կղրկեն, մարդ ու կին նոր և ահագին գդակներ են ծածկել, շատ ծիծաղելի է, մանավանդ Սպանդարին։ Սուրենիկդ հիվանդ է և Նատալիան բժշկի համար է եկել։

Վեպիս վերջը այս նամակով կստանաս երևի։ Արդյոք հավանեցիր ցենզորը վերջին կտորի ծուծը հանեց անզգամը… Հ. Ք. Շ .

Քո Գրիգոր

Այս պրոգրաման մանրամասն չէ, ասում են նորը և մանրամասը կտպվի օգոստոսի վերջին։

Ես էլ չեմ նամակս կարդում։

Գրչիս վերա մազ էր մնացել, ներիր…

Տփխիս, 27 հուլիսի.

Սիրեցյալդ իմ.

Շտապում եմ հաղորգել քեզ, որ ամենայն հաջողությամբ հասի Տփխիս այսօր առավոտ, ժամ 8-ին։ Քաղաքի մեջ ոչհնչ փոփոխություն չնկատեցի, բացի հեղձուցիչ տոթն ու փոխին. դեռ ոչ ոքի հետ չեմ տեսնվել, գուցե շատ նորություններ կան և հառաջիկայում կգրեմ նրանց մասին։ (Տեղ) Տեխնիկական դպրոցի կանոնադրությունը նայեցի։ 1-ին դասատուն անցնելու համար հարկավոր է 14—18 տարեկան հասակ, իսկ մյուս դասատանց համար հասակի մասին ոչինչ չէ հիշվում։ Բայց պահանջվում է կատարյալ հմտություն։ 1-ին դասարան թե՛ գործնական և թե՛ դասական, տեսական պարապմանց։ Այստեղից երևում է, որ Ավետի համար գործը դժվարանում է և միակ ճարը մնում է այն, որ միդրիկականը փոքրացվի։ Ես դեռ վաղը կերթամ հաստատն իմանալու, թե արդյոք մի հնար չկա, որ 18-ից անց հասակավորն ընդունվի, և դրա մասին կգրեմ ամսույս 29-ին փոշտով։ Այս անկարելիությունից հետ մնում է, որ այն դիտավորությունս գործ դնեմ, ինչի մասին որ Բագրատի հետ խոսացել եմ։ Այդպիսի դեպքում պետք է որ Ավետը մի փոքր շուտ գա Տփխիս։ Աղայանցի և մյուսների հետ այսօր երեկոյան կտեսնվեմ և հարկ եղածներն կգրեմ։

Իմ սիրալիր և ամենագողտրիկ ողջույններս մատո սիրելի մամիդ, Կատինկին, Ավետին և Հայկուշին։ Իմ կողմից խնդրիր մամիդ, որ շատ ուրախ կենա, աշխատի տխրություններն հեռացնել, ամենաչնչին անցքերի և խոսք ու զրույցների համար չվրդովվել։ Թող հավատացած լինի մայրդ, որ ամեն բան շատ լավ կանցնի. շատ, շատ մի ամսից հետ նրա սիրտն ու հոգին խաղաղված կլինի. ես կաշխատեմ նրան հիմնավորապես ուրախացնելու… Առաջիկա փոշտ ես առանձին նամակ կգրեմ իրեն.ես կգրեմ և այն ինչ որ խոստացել եմ նրան իմայինների վերաբերությամբ։ Առայժմ ես խառնված եմ և գրելու ո՛չ ժամանակ և ո՛չ տրամադրություն ունեմ։ Բայց կարող եմ կրկին և կրկին անգամ խնդրել նրան և քեզ… որ ուրախ պահեք ձեզ. ձեր տխրությունը ինձ սպանում է. ճանապարհին ամեն մի անգամ ձեր տխուր խոսակցությունները, մամիդ արտասուքը, որ միտս էր ընկնում. սիրտս կոտրտում էր. ախ, ես այսքան դժվար չէի կարծում ձեզ կրկին անգամ տեսնել և ձեզանից բաժանվիլս. աղաչում եմ, ուրախ, շատ ուրախ պահեցեք ձեզ. այս է իմ միակ խնդիրս ձեզանից, իսկ մնացածների հոգսը ինձ վերա թողեցեք:

Ոչ թե ձեզ տխրացնելու, այլ կասկածներդ փարատելու համար կհայտնեմ, որ Աղամալից ճանապարհին մանրամասն տեղեկացա Ալեքսանի խոսածների մասին. Միխայելն շատ ճիշտ է ասել, այն լիրբը ձեր բոլոր լսածները խոսացել է, երբ ինքը, Միխայելը և Աղամալը միասին ճաշում են եղել։ Ինչ ասեմ, երբ իմ թշնամին իմ տան մեջ է, երբ կրակը իմ հարկի տակն է, էլ ում մեղադրեմ, կամ որի ներողությունը խնդրեմ. մնում է որ ապագայի վերա դնեմ իմ հույսը— իմ արդարությունը երևան հանելու համար։ Եվ այդ անզգամը դեռ ուշանում էր մեր տանը իմ քույրերի և մորս ներկայությամբ և պատրաստվում էր գալ և թքել Միխայելի երեսին Այս մասին ևս մի քանի խոսք գրեցի քույրերիս, որ ուշացնեն այն անխիղճ անամոթին։ Աղամալը մի շատ ազնիվ տղա է. նրա հետ մի քանի բան խոսացի ճանապարհին և նա իմ և ձեր մասին նպաստավոր խոսակցություն կունենա Միխայելի և Սամսոնի հետ. նա իմ հին և շատ լավ րնկերս է, և մինչև այսօր անաղարտ պահել է զգացմանց քնքշությունը և սիրտ հասկանալու կարողությունը.․.

Քո Գրիգոր
Տփխիս, 31 հուլիսի, 1884

Սիրելի Ոսկի․

Երեկ չկարողացա քեզ առանձին նամակ գրել, փոշտ ժամանակն անցնելու պաաճառավ. և հենց մորդ նամակն էլ մնաց այսօրվան, որը սրա հետ միասին ուղարկում եմ եկողի ձեռքով։ Ամսույս 27-ին էլ մի նամակ ունեմ գրած, որը հույս ունիմ ժամանակին ստացած կլինեք։ Այնտեղ խոստացել էի գործերի մասին տեղեկություն տալ և ահա այսօր կատարում եմ։ Եկած օրիցս մինչև այսօր գրեթե մի առանձին նորություն չիմացա որ գրեմ, չնայելով որ մի քանի տեղ այցելեցի։ Ավետի մասին իմացա, որ անպատճառ մինչև 18 տարին պիտի լինի, ավելի չի ընդունվիլ ոչ մի կերպ։ Մնում է, ուրեմն, որ միտրիկականը փոխվի, թե հնարավոր է։ Այդ էլ կարելի չլինելուց՝ մնում է որ այստեղ ես նրան հաշվապահություն սովորեցնեմ և ինչպես Բագրատի հետ խոսացել եմ ուղարկենք Բաքու, ուր նա կաշխատե իրեն օգնական ընդունել տալու (որը նա գրեթե վերջացած գործ էր համարում)։ Եվ այս բանը ավելի նպատակահարմար եմ համարում, չգիտեմ դուք ինչ կասեք։

Գալով քո պաշտոնին, ես կրկին անգամ Աղայանցի հետ տեսնվեցա։ Այդ դպրոցի հոգաբարձության ընտրությունը դեռ չէ եղած. եկեղեցու գանձապետը չէ որոշված, (որ կապ ունի դպրոցի հետ), այսուամենայնիվ Աղայանցն ասում է, որ ինքը այդ մարդկանցից կախում չունի, ընդհակառակը նրանք իրանից կախում ունի։ Հետևապես քո պաշտոնը հաստատապես որոշված պրծած է. դասը 30 ռ. ինչպես գրել եմ, հայրենի և թվաբանության համար։ Ես նրան կրկին շեշտերի, որ թվաբանություն չես ուզում։ Շատ լավ ասաց նա… ուրեմն միայն հայոց լեզվի համար։ Թուղթ ղրկելու համար խոստացավ մինչև մի շաբաթն ղրկել. միայն պրագոնի համար ասում է, թե մենք նրան վարձել ենք Թիֆլիսում, այսպես էլ խոսացված է այն քահանայի հետ՝ եպիսկոպոսի մոտ, ուրեմն ինչպես կարող եմ պարագա պահանջել նրանցից, քանի որ Շուշիում չէ վարձված նա. և մինչև անգամ անտեղի էլ է այդ առաջարկությունը անել դպրոցի վարչությանը։ Այստեղ գալուց կարող է կանխավ փող պահանջել, բայց պրադոնի խոսք լինել, այս դեպքում չէ կարող։ Միայն ինչ վերասերում է պաշտոնի հաստատության — թող այդ մասին բնավ չմտածե. երաշխավորը այստեղ ես և սրբազանն ենք։

Գալով Կատինկի համար պաշտոն գտնելուն, նա ասում է՝ կանխավ հաստատապես խոստանալ չեմ կարող, միայն թե կաշխատիմ, որ անպատճառ լինի։ Հակառակ դեպքում պատասխանատվությունը ինձ վերա չեմ առնիլ։ Բայց ես իմ կողմից ավելացնում եմ, որ չնայելով թե նա այդպես է խոսում, ապագայում պատասխանատու չլինելու համար, այնուամենայնիվ նա Կատինկին անպաշտոն չի թողնիլ: Ասում էր, որ առ ժամանակ Զրկսնենցում կմնա մինչև հարմար տեղ կգտնենք. Բայց ես կաշխատեմ, որ այդ պաշտոնը Թանդոյանում չինի և հույս ունիմ, որ կհաջողվի։ Ձեր գալուն համար Աղայանցն ասում էր, որ առնվազն օգոստոսի 20-ին այդտեղից պիտի ելնեք։ Գրեցեք տեսնեմ ինչ ձևով և որքան ծանրությամբ եք ուզում հեռանալ այդտեղից, կամ սկզբնական ինչ կարևորությունների պիտի պատրաստվին այստեղ։ Ամեն բանի մասին մանրամասն գրեցեք, որ հոգացվի։

Բոլորին բարև

:

Անձնանվեր ձեր Գր. Տեր-Հովնաննիսյան

Կատինկի մասին վերջնականկապես ի՞նչ խոսացիք Բագրատի հետ։ Արդյո՞ք կհաջողացներ նա այդ բանը մինչև գոնե սեպտեմբերի սկիզբը։ Դժբախտաբար իմ գալով էլ չկարողացանք այդ բանի մասին մի փոքր լրջությամբ խորհրդակցել։ (Հիմա մամադ կասի՝ — Յանի քու գլխումդ ուշ կար, որ ուրիշ բանի վերա էլի մտածեիր)։
Տփխիս, 31 հուլիսի, 1884

Բյուր անգամ սիրեցյալդ իմ.

Այս անգամ Շուշի գալս կրկին անգամ ծանոթացրավ ինձ քո այնպիսի հատկությանը հետ, որոնց մինչև այսօր ես անծանոթ էի։ Դու չափից դուրս երկչոտ ես, համեստությունը քո մեջ հասնում է ծայրահեղության և պարկեշտությունը կորցնում է յուր համը։ Դու դեռ չգիտես թե ինչպես պատահեցի ես քեզ առաջին անգամ, ինչպես անցուցի իմ այդտեղի սուղ օրերը և ինչպես հեռացա քեզանից։ Ես այժմ, իհարկե, չեմ կարող ամեն բան պատմել քեզ. այժմ ես այն աշխույժը չունեմ, ինչ որ ունեի քո այստեղից հեռացած օրերում, երբ ամեն ժամ և րոպե քեզ հետ խոսել, քեզմով զբաղվել և քեզ նամակներ գրել էի ցանկանում։ Վերջին դեպքերը ինձ վերա բավական խիստ ներգործեցին, բայց իհարկե իմ հոգին ընկճել չկարողացան։ Ես գուցե մի առ ժամանակ հանգիստ կտամ իմ բուռն զգացումներին, բայց այդ կլինի միայն նրա համար, որ քեզ ինձ մոտ տեսնելուց հետո՝ ավելի զորեղ և ավելի բուռն կերպով զարթեցնեմ նրանց… Այժմ ես դեռ կամենում եմ խոսել այդտեղից։— Գիտես, հոգյակս, առաջին անգամ քեզ պատահած րոպեին իմ գլուխս պտույտ եկավ, ես շատ լավ հիշում եմ, որ հետո մի տեսակ սարսուռ էլ ցնցեց իմ սիրտը, երբ շատ լավ դիտեցի քո այլագունված դեմքը, քո երկչոտ հայացքը, քո նվաղած ձայնը և քո երերուն քայլերը։ Ինչու համար այն րոպեին դու այնքան փոխված էիր.— իհարկե նրա համար, որ ես քեզ համար տանջանքներ էի պատրաստել իմ անխոհեմություններով, թեպետ ես հանցավոր էի ոչ բոլորի մեջ… բայց ինչոր է. ես պարտավոր էի մեծ զգուշություններ գործ դնել քո հանգիստության համար, և այդ բանը զանցառության էի տվել։ Երբ ձեր տուն մտնելով քո մայրը չկամեցավ ինձ ընդունել, և երբ դու էլ ներկայացար ինձ այնպիսի դալկադեմ և վհատյալ կերպարանքով, քիչ մնաց, որ վազեի դեպի քեզ, ընկնեի քո ոտքերը համբուրեի և նրանց ներումն հարցեի.. այս րոպեին ես երևակայում էի իբր մարդասպան, իբր մի ոճրագործ, որովհետև դեռ ոչինչ ձեզանից չլսած, ես գուշակում էի թե ինչ մեծ տանջանքներ եմ պատճառել ձեր խեղճ ընտանիքին, բոլորը, բոլորը ես կարդում էի քո նվաղած դեմքի վերա... Եվ բոլոր կատարվածները բավական չհամարելով, ես դեռ այնքան խիստ նամակներ էի գրում քեզ, բնավ չերևակայելով թե ինչ սոսկալի տանջանքների մեջ ես գտնվում դու... Օ, երբ ես բոլորը իմացա, այնուհետև ամբողջ մարմնով գոռում էի, մանավանդ, երբ հիշում էի իմ` քեզ գրած նամակները և արած անտեղի պահանջները։ Բայց, իհարկե, ես իմ տեսակետով այնքան էլ հանցավոր չէի, ես քեզ կարծել էի մի քաջ և անընկճելի հոգվո տեր աղջիկ. ես չգիտեի թե համեստության ծայրահեղությունը այնքան պիտի զորանար քո մեջ, որ դու անկարող լինեիր բացատրել և հասկացնել քո մորը մեր գործերի ճշգրիտ պատկերը. ես չգիտեի թե դու անկարող պիտի լինեիր ազդել նրա դյուրազգաց սրտին իբրև մի սիրող աղջիկ... իբրե իդեալների մի անձնվեր երկրպագու..։ Բայց, ինչ որ է, անցել է, չարժե այլևս դրա վերա երկարել։ Միայն հետաքրքիր էր իմանալ.— գիտեի՞ր արդյոք, թե ինչ օրեր էի անցուցանում ես այդտեղ, գիտեիր, թե ինչպես էին սահում այն ժամերը, երբ քեզ մոտ չէի գտնվում ես, կամ այն րոպեները, երբ ես ձեր տանն էի լինում, իսկ դու հեռանում էիր մեզանից։ Դժոխք. ահա բոլորը։ Խեղճ իմ մայր, խեղճ իմ քույրեր... նրանց բոլոր ճիգը ինձ ուրախացնելու համար ապարդյուն էր անցնում։ Ես զոռով ծիծաղում էի, զոռով խոսում և զոռով ուրախանում. ամեն բան իմ մեջ կեղծ էր» ամեն բան սուտ էր... Որքան էլ որ հաստ վարագույրներով էի քողավորում իմ հոգին, դարձյալ իմ ընտանիքը տեսնում էր նրա տխուր պաակերը և մորմոքում էր գաղտագողի։ Ինչ անեմ. ուրիշ կերպ վարվելու կարողություն չունեի: Բայց, իհարկե, այլ կերպարան կառներ իմ հոգեկան դրությունը, թե ես ձեր ընտանիքը խաղաղ դրության մեջ գտնեի, թե քո դեմքի վերա, իմ անուշիկ Ոսկի, ուրախության և ժպիտների մի նշույլ տեսնեի... Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այդ սուղ օրերը այդպես անցան, բայց ինչ արած, երևի այդ դասն էլ անհրաժեշտ էր մեր ապագա բարեկեցության համար։

Իսկ իմ բաժանման մասին, ես ոչինչ ավելի չեմ ուզում գրել. ամոթ էլ է եթե ես սկսեմ նկարագրել քեզ այն դրությունը, որի մեջ գտնվում էի ես քեզանից բաժանվելիս և մինչև այստեղ: Միայն զարմանալի էր մի հանգամանք, երբ վերջին անգամ քո ձեռը սեղմեցի և հեռացա, կարծես թե մի ինչ որ բան կտրվեցավ և ընկավ իմ սրտից, այդ տեղը մինչև այս րոպեն ալ դատարկ է, և ինձ նեղացնում է։ Բայց ամենից ավելի ինձ համար կեղեքիչ է դարձել քո մի խոսքն։ Դու, անշուշտ հիշում ես, որ հրաժեշտի րոպեին մենք միասին խոսում էինք, և ես էլի կոպտաբար պահանջներ էի անում քեզանից (կարծեմ մտաանիի վերաբերությամբ), դու ինձ անողոք գտնվելով վշտալի ձայնով աոացիր. «Դե բավական է. սիրտս արդեն մաղվել այդ խոսքը հենց այն րոպեին արտասուք քամեց իմ, սրտի մեջ. ես թուլացա բոլոր հոգվով և տանջվում եմ մինչև այժմ... Ախ, ինչ անեմ, Ոսկի, իմ անզուգական հրեշտակ, այդպիսի սխալներ մենք անգիտակցաբար գործում ենք, միայն ցավալին այն է, որ այնպիսի րոպեներումն ենք գործում, որ էլ նրանց ուղղելը անկարելի է լինում, որովհետև մենք իսկույն հեռանում ենք, էլ ժամանակ չէ մնում միմյանց ներելու, միմյանց գրկելու և սփոփվելու: Եթե այստեղ միմյանց մոտ գտնված ժամանակ պատահեր այսպիսի սխալը, հոգեկան տանջանքը շատ շատ մի օր կտևեր, իսկ քանի որ հեռի ենք, գոնե պետք է նամակին սպասենք, որ նա մեզ սփոփե։ Այժմ ես հազար և մի մտքեր եմ անում ես կարծում եմ, որ ճշմարիտ քո սիրտը մաղված է. որ դու հիվանդ ես, որ դու թուլացած, ոչնչացած ես, և միայն վարագուրում էիր ամեն բան ինձ չտխրեցնելու համար, իսկ այն վերջին խոսքդ, որ հիշեցի անշուշտ «ի հավելվածո սրտի» արտասանեցիր և նա ճշմարիտ էր։ Ինչ անեմ ճշմարիտ, չգիտեմ, պետք է, վերջապես, որ դու ինձ մոտ լինիս, ես առանց քեզ ամեն օր կամաց մեռնում եմ...

Մինչև այստեղ ես քեզ հետ դարձյալ զգացված խոսեցի, բայց խոհեմությունը սկսում է ինձ առաջնորդել. ես կարևոր եմ համարում չափավորել ինձ. բայց միթե իմ այս գրածներս կտխրեցնեն քեզ. ոչ, նրա մեջ տխրեցուցիչ ոչինչ չկա, և այսուհետև էլ տխրելու ոչինչ չունիս. կարծում եմ իմ գալով տագնապը անցավ մասամբ, և երբ դուք այստեղ կգաք, այն ժամանակ բոլորովին կանցնի. մենք ուրախ կլինինք և միասին կլինինք։ Խնդրում և աղաչում եմ, որ որքան հնարավոր է քեզ ուրախ պահես, ամեն դատարկ բաներից չվրդովվես և չվշտանաս։ Մորդ տխրությունն էլ աշխատիր խոհեմությամբ և համոզկեր խոսքերով ցրել։ Կողմնակի խոսողները ժամանակով կլռվին, ամեն փոթորիկ կանցնի, զրպարտությունները կմոռացվին, մեր սրտերը կխաղաղվի և երջանկությունը կընթանա ուղիղ ճանապարհով։ Աշխատիր անթերի գործ դնել բժշկությանդ միջոցները և պահպանել քեզ ամեն վտանգավոր բաներից, ցուրտ է այդ, թե կերակուր, կամ հոգեկան վրդովմունքներ։ Մտածիր, որ դու միայն քեզ համար չես ապրում, այլ մի քանի ուրիշ սրտեր էլ, ի միջի այլոց և իմը... քեզանով են կենդանի և քեզ համար են բաբախում։ Գրիր ինձ տեսնեմ իմ գալս և վերադառնալս առհասարակ ինչ ազդեցություն արավ գործերի դրության վերա. գո՞հ ես դու. գո՞հ է մայրդ, թե ընդհանրապես դժգոհ եք: Արդյոք մորդ սիրտը մի փոքր կարողացա ես ամոքել, թե էլի ինձանից հետո կարծրացավ. կամ առհասարակ ինչ խոսակցությանց առիթ է տվել իմ այդ այցելությունս։ Գրիր նույնպես թե ինչ սրտով ընդունեց մայրդ իմ այս անգամի նամակը, որ իրեն գրել եմ, ես նրան շատ դյուրագորով ճանաչեցի, և նորեն պաշտեելու չափ սկսա սիրել, չգիտեմ ինքը ինչպես է դեպի ինձ առհասարակ։ Յուր վերա գրածներս աշխատիր, անթերի կատարել տաս. զգուշացրու խնդրում եմ, որ քաղցրությամբ ընդունի մերոնց առաջարկությունները և մանավանդ համոզիր, որ մատանին չմերժե: Դեհ ցտեսություն.

Ն.Ղ. և fn Գրիգոր:
Օգոստոս 3.

Սիրելիս.

Անցյալ ամսո 27-ին և 31-ին նամակներ ունիմ քեզ և մորդ գրած, 31-ի նամակներն ղրկում եմ Կոստանդ Խուբլարյանցի միջոցավ։ Բոլորն էլ հուսամ ժամանակին ստացած լինես։ Զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ 27-ի գրած նամակս փոխանակ 30-ին ստանալու, դեռ սպասում եք 3 օր հետո ստանալ։ Կնշանակե յոթ օրվա մեջ է իմ նամակը հասնում։ Զայրանրւմ եմ սաստիկ, բայց չգիտեմ ում օձիքը բռնեմ։ Հենց այս րոպեին ստացա քո ամսույս 1-ի գրածն, ընդամենը ուրեմն 24 ժամվա մեջ։ Այ, տեսնում ես, փոստի կառավարությունն էլ է քո խաթրը պահում— բայց, կատակը դեն կենա, պետք է մի հողված գրեմ այս անամոթ անկանոնությանը և անկարգությանը համար։ Հա, ամենից առաջ ուզում եմ ասել թե` յանի ինչ կլինի, որ մի անգամ էլ մի ուրախ նամակ գրես. միշտ տխուր, միշտ սև լուրերով, միշտ մելամաղձոտ։ ճշմարիտ է, հագար անգամ անիծել եմ այն ժամը, երբ դու ոտքդ Թիֆլիսից դուրս դրիր, այդ քանդված քաղաքը գալու համար։ Ւ սեր աստծո, աշխատեցեք դուրս գալ, կորչել այդտեղից, որքան կարելի է շուտ: Ամեն մի անգամ քո նամակդ ստանալով մի անախորժ զգացում, մի երկյուղի նման բան, ճզմում է սիրտս, դեռ ծրարը չբացած, և ես գուշակում եմ, որ լավ և ուրախ բան չպիտի կարդամ նրա մեջ և հենց այդպես էլ լինում է։ Այս անգամի լուրը ինչ բան էր, ինչպես է պատահել, որ տունը կտրել են, կամ ինչու բոլորդ էլ միահամուռ դուրս էիք գնացել։ Արդյոք կարողացա՞ք գտնել և հույս կարելի է ունենալ։ Ւհարկե ոչ, այն էլ Շուշիում, գող պոլիցիականների միջոցով...

Գրում ես թե` գնում եմ Նուխի և մայրդ ուրախ է... իսկ դու... իսկ... լավ. ես էլ շատ ուրախ կլինեմ, բավական է, որ ձեզ ուրախ տեսնեմ, բայց չես գրում, թե ինչ պայմաններով ես գնում, և հետո...։ Բայց չէ որ այստեղ քեզ պաշտոն են խոստացել։ Բայց, իհարկե, այդ ձեր ընտանիքի գիտենալու գործն է. ես չեմ կամենում և իրավունք էլ չունեմ ոչ ոքին խանգարելու. ուր ուզում եք եղեքէ միայն թե կարողանաք առողջ և ուրախ լինել։ Ինչ որ ինձանից պահանջվում է կատարում եմ։ Հուլիս 31-ի նամակով ամեն բան գրած եմ: Աղայանցին էլ շաա շուտով, այսինքն ամսոյս 5-ի փոստով` թուղթը գրել կտամ և կուղարկեմ. բնակարանի մասին էլ կհոգամ կարևորը։ Իսկ այնուհետև Ձեր ընտանիքի բարի կամքիցն է կախված Թիֆլիս գալն կամ ուրիշ տեգ գնալն: Որտեղ ավելի հարմար, ավելի հանգիստ եք համարում, այնտեղ էլ գնացեք։ Իմ մասին բնավ չմտածեք (եթե միայն կարող կլինիս...) Այս տարին էլ թող մյուսների հետ գլորվի... Ես դարձյալ կապրեմ... և միթե միշտ լավ պետք է ապրել: Կստինկի գործը ինչ եք անում. նրան էլ եք տանում. նրան էլ են պաշտոն տալիս։ Իսկ Ավետի համար ինչ եք մտածումն Վերջապես չգիտեմ. ավելի հարմար բաները դուք կարող եք մտածել, մամիդ ասած` ես շաղված եմ, և հազիվ թե կարողանամ մի լուրջ բան մտածել, բայց ամեն րոպե պատրաստ եմ ձեր հրամանները կատարելու:

Այս երեկո Մաշոյին պսակում են« երեկ գնացի և տեսի, որքան շատ ուրախ էր։ Նրանք մինչև անգամ փոխադարձ ինձ շնորհավորեցին... շատ զարմացա, բայց կոպտությամբ չհերքեցի, որովհետև ավելորդ համարեցի... Այս մասին գրելիքներ ունիմ. իմ գալուց հետո (Շուշի) Աղայանցը հարկավոր է համարիլ չլռել. ըստ յուր սովորության։ Ես էլ այնքան սրան նրան «լռեցեք, մի խոսեք, սուտ է և այլն» եմ ասել, որ էլ շատ անհամ եմ զգում ինձ հերքումներով զբաղվել։ Այժմ ես նմանում եմ մի լողորդի, որ երկար հորձանքների դեմ կռվում է և վերջը ուժասպառ հանձնում է իրեն ալյաց հոսանքին։ Այժմ ես էլ անձնատուր եմ նրան, ուր տանում է թող տանե... «Ծածկելով էլ ոչինչ չի դառնում» ավելի մարդ հիմար դրության մեջ է մնում։

Հարցնում ես ինձանից թե ինչպես եմ, կամ արդյոք շատ եմ պարապում։— Շատ լավ եմ, և գրեթե չեմ պարապում. բայց միշտ մտածում եմ և անվերջ մտածում, թե տեր աստված, մեր վերջը ուր պիտի հանգի. ես էլ շատ անկանոն դրության մեջ եմ։ Արդյոք ով է պատճառը, չգիտես, մենք, թե ուրիշները...: Սպանդարյանի դրությունը շատ աննախանձելի է. ամենակրիտիկական րոպեների մեջ է ապրում… Ահա բոլորը, և ամենից շատ այս բանն է ինձ տանջում։ ճշմարիտ, որ այժմ ես կուզենայի խլվիլ մարդկությունից և առանձնանալ մի կղզի կամ մի անհայտ գյուղ. և եթե կգտնվեր մեկը, որ կսիրեր ինձ աշխարհում, առանց այդ սերից ուրիշներին էլ բաժին հանելու, նա կգար իմ ետևից և կերջանկացներ ինձ այդ անհայտության մեջ…

Ախ, Ոսկի, Ոսկի, ուր էր թե մենք ուժ ունենայինք, և կարողանայինք օգուտ քաղել աշխարհի գեղեցկություններից և քաղցրություններից, քանի ապրում ենք… Արդյոք նկատում ես, սիրեցյալդ իմ, որ ես այլևս լրջությամբ քեզ ոչինչ գրել չեմ կարողանում: Սկսա այս նամակը այն պատճառով, որ քեզ հետ գործի մասին խոսեմ, և քամիներից տարվեցա, ինքս էլ չգիտեմ ուր: Արդյոք մամադ ինչ է ասում սրա համար. չէ որ ես մեղավոր չեմ այս բոլորի մեջ։ Բայց դու ինչ լավ նամակ ես գրում. հիանում եմ. ցուրտ, սառն, առանց զգացմունքների և ոգևորության։ Բայց մի նեղանար, հոգյակս, ես միայն քո գրածը չեմ կարդում. այլ և այն ինչ որ կկամենայիր գրել… ինչ որ կրծում, մաշում է քո դժբախտ և դեռ չնչին գարուն չվայելած—բայց արդեն ձմեռով ծածկած` սիրտը… Բայց մի վհատիր, իմ անուշիկ Ոսկի, մի նեղասրտիր, իմ անզուգական ընկեր—նոր գարունը ավելի, շատ ավելի մոտ է. նա կգա, ցուրտ հյուսիսը կհալածե ամպերը. արեգական գեղեցիկ շողերը դարձյալ կժպտան այն ճակատների վերա, որոնք օծված են սիրո սրբությամբ. այն շրթանց վերա, որոնք երգել են սիրո հավիտենականությունը։ Փուշերը անհրաժեշտ են վարդի գոյացության համար, որ յուրաքանչյուր անսուրբ ձեռք չխլե նրան. արգելքները սիրո գործում անխուսափելի են, նրան ավելի քաղցրացնելու համար։ Առապարի վերա ճանապարհորդը ավելի լավ է հանգսաանում, ծովի ալյաց խաղալիք սրտերը` ավելի ջերմեռանդությամբ են երկրպագում նավահանգստի արարչին… Ապրիր, Ոսկի, ապրիր ինձ համար, և բոլոր խռովությանդ և փոթորիկների ժամանակ թող ղեկավար լինի քեզ այն գիտակցությունը, որ ես հավիտյան պաշտում եմ քեզ…

Քn Գրիգոր
84. օգոստոս 8

Սիրելիդ իմ.

Ամսույս 5-ի փոշտով խոստմանս հակառակ քեզ նամակ գրել չկարողացա։ Այդ օրը թե` մի փոքր տխուր և թե` թափառական էի։ Աղայանցին պատահեցի, որ և խոստացավ նույն օրը քո թուղթն ղրկել։ Երեկ երեկոյան գնացի իրենց տուն հատկապես այդ գործի համար։ Նա ասաց, որ արդեն նույն օրը, այսինքն 5-ի փոշտով, ղրկած է քո թուղթն։ Պայմանի մասին ասաց, թե գրել եմ, դասը` 25—30 և թե դու պետք է քիչը աչքի առաջ ունենաս, իսկ մենք շատի համար կաշխատենք և այլն։ Իսկ խոստումը առաջ ինձ այդպես չէր: Նա վճռողաբար 30 էր ասել։ Երևի այն, որ ինձ ուզում էր համոզել որ քիչ գաս վերցնես, այսինքն` 18, այդ 25 ռուբլին ուներ աչքի առաջ, որ այն ժամանակ չհայտնեց։ Բայց, ինչ որ է. այդ գումարը շատ քիչ է։ Տեսնենք գալուցդ հետ ինչ կարելի է ավելացնել։ Կատինկի համար էլ հուսադրում է։ Բայց այժմ ես շատ էլ չեմ վստահանում նրան։

Ինչ կվերաբերի Նուխուն, Սաթունյանցն այստեղ արդեն վարժուհի է վարձել, այսինքն` Թավարբեկյաններին, կին և մարդ. երկուսին 1200 ռուբլով, որոնք շուտով կճանապտրհվին։ Մեկ էլ մի բան կա, որ դուք չգիտեք. Աղայանցն ասում է, որ Նուխուց բանը անհաստատ է։ Այս վարդապետը այսպես մեծ մեծ ռոճիկներով վարժապետներ է վարձում, ծախքի գումարը լրանում է մինչև 6000 ռ. բայց եկամուտ ունին առ շատը 2000. մնացած 4000-ը նա հույս ունի գտնել զանազան երկրորդական միջոցներով. ժողովարարությամբ և այլն (այն էլ այս քեսադ ժամանակը)։ Բայց լավ է, թե միշտ այդ վարդապետը այնտեղ մնա, մեկ էլ տեսար նա ամեն բան թողեց կիսատ և գնաց էջմիածին, նոր եկողն էլ միշտ մի բան շինելու համար նախորդի շինածը քանդում է։ Այսպիսի փոփոխության զոհ դառնողն էլ մի բանի նման չէ, մանավանդ, որ Նուխին կորած տեղ լինելով քո ապագան բոլորովին կարող է կորչել։ Հենց մի երկու տարի էլ այստեղ կորցրիր, վերջը խո պիտի Թիֆլիս գտնվիս. այն ժամանակ մեկ էլ նորից պիտի աշխատես քեզ Թիֆլիսին ծանոթացնելու։. Թեմականը գրել էր, որ քեզ առաջարկել են 500 ռ. բնակարան, ծաոա և փայտ, այդ շատ էլ պակաս ռոճիկ չէ, մանավանդ Նուխու պես աժան քաղաքում, բայց այս է բանը, որ վարդապետը թեմականին այդ միտքը ծանուցանելուց հետո անմիջապես վարձել է այստեղ Թավարբեկյաններին։ Օր. Մամիկոնյանի մասին էին ասում, որ այդտեղից հրավիրված է, բայց ցարդ ոչինչ չիմացանք, գալիս է, թե եպիսկոպոսը միմիայն խոստացել է Տեր Սարգիս Աղայանցի ճաշին վերա գտնվելուն համար։ Մյուս կողմից էլ իմանում ենք, որ օր. Տեր-Մովսիսյանը մնում է բաս նրան, որ խորշից պիտի դուրս մղեն։ Թեմականը հեռագրած էր, որ Հայրապետ Ղուկասյանցին համաձայնեցնի Աղայանցը՝ 1200-ով այդտեղ տեսուչ գալու համար։ Այստեղեն պատասխանեցին` որ թե 1500 ռ. կտան—նա կգա, դեռ պատասխան չկա այդտեղից։ Եթե Հայրապետը գա, այդ դպրոցի բանը կհաջողվի, տեսնենք:

Ձեր գալու մասին էլ սպասում եմ նամակիս պատասխանին։ Այսօր Աղայանցի հետ պիտի գնանք բնակարան տեսնելու ձեզ համար, գնամ տեսնեմ, կգամ և կգրեմ։

Գնացինք, ման եկանք։ Ուսումնարանի սենյակները զանազան անհարմարություններ ունին, որի մասին այստեղ գալուց կխոսանք. բայց ուսումնարանից մի 100 քայլ հեռու մի տուն տեսանք. շատ հարմար էր. վերի հարկն է. բոլորովին առանձին, 2 սենյակ, մեծ և փոքր, յուր առանձին պատշգամբը, խոհանոցը և այլ հարկավորությունները։ Աղասին այսօր մեզ հետ էր. նա կամենում է մեծ տուն բռնել և ասում է, որ 2 սենյակը կտա ձեզ, բայց թե այս երկու օրը նա յուրը չվերջացրած, հիշյալ երկու սենյակը կվարձեմ, գինը 200 ռ. է ուզում։ Այսքանս ։ Փոշտի Ժամանակն անցնում է, էլ ավելի բան... չեմ կարող գրել, բոլորին էլ հարգանոք բարևներ իմ կողմից։ 21-ին գրած նամակներս և խնդիրներս չգիտեմ ինչ վախճան և ընդունելություն ունեցան, անհանգիստ եմ և սպասում եմ քո նամակին։ Ձեր գալը պիտի լինի օգոստոս 25-ից մինչև 30-ը՝ անպատճառ։ Այսինքն՝ այդ միջոցում այստեղ պիտի լինիք։ Հազար բարև քեզ, ցտեսություն։

Քո Գրիգոր:
9 օգոստոսի 84

Իմ անգին Ոսկի.

Երբ մի Ժամանակ դու հաճախ կրկնում էիր թե` «սիտրս գնում է» ես այդ հիվանդությունը չէի հասկանում և գուցե կհիշես, որ միշտ հարցնում էի թե ինչ բան է այդ «սիրտ գնալը­»: Այժմ ես նրան կատարելապես հասկանում եմ։ Հենց որ նամակդ բերում են, մինչև նրան կարդալ վերջացնելը ինձ հետ էլ այդպես է պատահում։ Այն որ Շուշի կանայք ասում են, թե «սիրտս բարակել է, չեմ դիմանում», հիմա նույնն էլ ես եմ դառել։ Այսօր միևնույն վրդովմունքը պատահեց ինձ հետ, երբ քո նամակը (6-ին գրած) ստացա։ Այժմ իհարկե, հանգիստ եմ, որովհետև կարդացել պրծել եմ, ուրեմն կարող էլ եմ նամակիդ մի հարևանցի պատասխանել։ Հարևանցի եմ ասում նրա համար, որ թե կամենամ ամեն մի կետին ինչպես հարկն է պատասխանել, մի քանի թերթեր պիտի լեցնեմ։

Հոգյակս, այժմ ես քեզ վերա նայում եմ մի տեսակ քնքուշ, հայրական մեծահոգությամբ. ես ուրախանում եմ կարդալով քո նկատողություններդ, որոնք խիստ միակողմանի զարգացման արտադրություններ են, նրանք զուրկ են և փիլիսոփայական հիմքերից։ Ես սովորում եմ լռել քո հրամանների առաջ և սիրում եմ, որ դու անընդհատ հրամայես և ես հնազանդիմ։ Ապա թե ոչ, հավասար իրավանց կետից թե նայելու լինիմ քո պահանջների և նկատողությունների վերա և թե գրեմ քեզ բոլոր ինչ որ ես գիտեմ և կարող եմ հասկանալ, այն ժամանակ դու անշուշտ կհաղթահարվես։ Բայց ինչու այդ բանը նամակներով վերջացնել. շատ օր չէ մնացել, մի 15 օրեն դու ինձ մոտ կլինես և մենք շատ երկար կխոսակցինք։ Այն ինչ որ գրել եմ իմ նամակի առաջին երետում (մորդ վերա) ոչ թե «առանց մտածելու» եմ գրել, ինչպես դու ես կարծում, այլ բավական մտածելուց հետո, և խիստ լրջությամբ։ Դու այդ բանի մեջ ոչինչ բանաստեղծական չես գտնում, և շատ ստոր ես անվանում նրան, բայց ես ընդհակառակը, շատ բարձր, ցավում եմ միայն, որ ինձ չես կարողացել հասկանալ, և, եթե գիտես, որ կարդալուց հետ էլ մայրդ չպիտի հասկանար, այդ ուրեմն կրկնակի ցավ է ինձ համար։ Ես քեզ հետ մի պարզ օրինակով կխոսեմ:—— Բժշկությունը մի շատ բարերար գիտություն է մարդկության երկու դասի համար միայն, մեկ նրանց՝ որոնք կատարելագործված են այդ գիտության մեջ, մեկ էլ նրանց որոնք ոչինչ հասկացողություն չունեն նրա վերաբերությամբ։ Իսկ մեջին դասի համար, որը բժշկությունից մի փոքր օծել է շրթունքները—— նա խիստ վտանգավոր բան է։ Շատ անգամ նա խորշում է և օգտավետ կացությունից, և սննդարար կերակուրներից, երբեմն մի հասարակ սրտի ծակոցը նա բարակացավի նշան է համարում, մի փոքր կողացավը ракь (հիշում ես) և այլն, և այսպիսով թունավորում է յուր ամբողջ կյանքը։ Դուք էլ (մորդ հետ միասին) այդ միջին դասին եք պատկանում՝ բարոյականին վերաբերյալ բավական շատ խնդիրներում, դուք ազատամիտ հոգվով հազիվ թե կարողանաք դատել և վճռել։ Հենց ամուսնության վերաբերությամբ, ասա խնդրեմ, քամուճաղայի մանլի մի ընտանիքը ավելի հեշտ և հասկանալի դրությամբ կմոտենա՞ դրան, թե՞ դուք, իհարկե նա. իսկ դուք դեռ մտածում եք, խորհում եք, հասարակաց կարծիքի վերա աշտարակներ եք կառուցում, մաթեմատիկական հաշիվներ եք անում, մեր և ձեր կյանքն եք թունավորում, և այս բոլոր ծիսակատարությունները, այս բոլոր Արքեմիդյան հաշիվները ինչու համար, նրա, որ մենք պիտի ամուսնանաք և մի հինգ տարի կյանք վարենք... Այսքան հոգեկան տանջանքները, այսքան սրտամաշությունները այդքան փոքր բանի համար... Ախ որքան շատ համառոտում ենք մեր կյանքը մեր հիմարություններով, մեր մեծ խելքով, մեր աննման հանճարով... Ինչ ասել, դարձյալ լռելը լավ է:

Դու ասում ես, որ ծանոթացել ես իմ մեջ մի բնավորության հետ, այսինքն, որ ես կամենում եմ, որ իմ «ուզածը անպատճառ կատարվի», թե ավելի պարզ գրեիր, կասեիր թե « դու կամակոր և համառ ես». լավ, թե այդ ախտը կարծում ես թե գտել ես իմ մեջ, ես կաշխատիմ ոչնչացնել նրան, հոգյակ, բավական է, որ դու գոհ լինես։ Ինչ ասեմ, դու պետք է ինձ հասկանաս, երբ չես կարողանում հասկանալ, էլ ինչու մեղադրեմ քեզ։ Ինձ մնում է լռել և շատ երկար լռել։ Մատանու համար այսքանս կասեմ, որ ես անհրաժեշտ եմ համարում, անհրաԺեշտ, հասկանում ես, և այն գլխավորաաես այստեղի համար, դեռ մյուս կողմն եմ թողնում իմ ընտանիքը, որին ես կկամենայի, որ դուք կապեիք ձեզ հետ, որովհետև գիտեմ, որ այդ վերջին անգամ է, որ տեսնվում եք նրանց հետ։ Ինչու համար արդյոք այդքան դժվարությամբ եք լսում իմ այս խոսքերը։ Խնդրում եմ, սիրելիս, այս խոսածներս էլ իմ կամակորության մի վերագրիլ, ես երևի մի բան գիտեմ, որ այսքան խնդրում եմ ձեզ, ինչու համար եք կամենում դեռ սկզբից մեր բարեկամության մեջ մի այնպիսի հանգույց կապել, որ էլ ապագայում արձակել չկարողանանք։ Աստված վկա, որքան ինքս ինձ մտածում եմ, չեմ կարողանում մի արդարություն գտնել ձեր վարմունքի մեջ։ Ախր մի բան պարզ է, ես և դու այսուհետև բաժանվիլ չենք կարող, մեր միությունը վաղ, թե ուշի տեղի պիտի ունենա, էլ ինչո՞ւ համար չեք կամենում իմ ընտանիքի երեսը տեսնել, և գոնե իմ պատիվը նրանց մոտ պահպանելու համար մի ամենահասարակ գրավական ընդունել նրանցից— նրանց հասկացողության համաձայն նրանց ամոքելու համար։ Եթե մտածում եք ասած խոսածների վերա, ախր այդ մի անգամ է պատահել և մայրս հարյուր անգամ լալով ներումն է խնդրել ինձանից, էլ ինչ եք կամենում, չեմ հասկանում։ Յանի հենց կարծենք, թե մի մեծ ոճրագործություն է արել իմ ընտանիքը և այժմ գալիս հաշտություն է խնդրում ձեզանից, միթե այդքան ապառաժ սիրտ կլինի մարդ,,. Ախ չգիտեմ, չգիտեմ ինչ ասեմ, ինչ ասեմ, ինչ գրեմ, գլուխս տրաքվում է, բայց դարձյալ ոչինչ չեմ հասկանում ձեր մորի…

Ահա ամենից ճիշտը— մեր ամուսնությունը, մեր դժբախտ սերը, քո մորը հակառակ է և հավիտյան հակառակ պիտի մնա… և, թե համաձայնվում է, այդ նրա համար է, որ կամուրջը ետքից վերցված է. նա մինչև վերջը պետք է ատի ինձ. նրա սիրտը շուռ է եկել-պրծել, էլ անհնարին է նրան ուղղել, և հավատացած եղիր, որ մենք միշտ դժբանտ պիտի մնանք...

Ապա թե ոչ, ինչ ասել է համաձայնվել, և միևնույն ժամանակ չկամենալ, որ ամուսնության խնդիրը պարզ դրությամբ հայտնվի, այլ գաղտուկ, գողունի... Ի՛նչ է շատ ստորություն է համարում յուր համար այդ բանը և վախենում է Չոփռենց Միքայելը և Սամսոնը ծաղրեն իրան... որովհետև ես պետք է լինեմ յուր փեսան... Մի՛ նեղանար ինձանից, իսկի. դու գիտես, որ ամբողջ տիեզերքից ավելի, իմ գոյությունից ավելի, դու ես ինձ համար. դու գիտես, որ աստծուց առավել ես քեզ եմ սիրում, բայց, երբ մտածում եմ այս բոլորը, երբ իբրև այր մտածում եմ և քո պատվի վերա, զայրույթից քիչ է մնում, որ տրաքվեմ, արդյոք հազար անգամ ավելի լավ չէ երկուսս միասին ոչնչանանք, քան թե այսքան ստորանանք... Ինչի համար ես պետք է հազար անգամ գետին լզեմ քեզ ձեռք բերելու համար և դու ցեխերի մեջ քաշկռտվիս ինձ հետ միանալու համար, միթե այս է մեր երջանկությունը...

Սիրելիս, գրում ես, թե առանձին գրիր տեսնեմ, թե «արդյոք շատ մեծամեծ անհարմարություններ կլինին մեր գալովն». ես մի այնպիսի մեծ անհարմարություն չգիտեմ. գիտցածս առայժմ այս է, որ գրում եմ։ Աոաջինը ապրուստի գործը.— Աղայանցը ասում էր 600—700 ռ. կլինի ռոճիկն, բայց մենք դնենք նվազը, ասենք դու ստացար 600 ռ: Կատինկինն էլ առնվազն լինի 200։ Այդ 800։ Դրանից 200-ը պիտի տաք տան վարձ, մնում է ձեզ ամսական 50 ռ. արդյոք դրանով կկարողանաք կառավարվիլ. մինչև մի որոշ, ժամանակ։ Այս հաշիվն ես չէի ներկայացնիլ, թե գիտենայի, որ մայրդ անողոք կերպով չի մերժիլ իմ օգնությունը, այս դեպքում չգիտեմ ինչպես կտնօրինեմ ես։ Երկրորդը Կատինկի բանը, որին հարկ կլինի ամուսնացնել։ Արդյոք հարմար երիտասարդ կկարողանանք գտնել, այն իմ ասածը Բագրատը արհամարհում էր, և երիտասարդներին ավելի իրենց ընկերները կճանաչեն։ Ուրիշ չգիտեմ, ով կպատահի։ Բայց մենք, իհարկե, չենք քնիլ։ Երրորդ մնում է իմ և քո բանը, դա էլ ամենից հեշտն է. թե հարկ կլինի ոչինչ չանել— մենք էլ չենք անիլ. թե կհրամայեն, ոը միմյանց երես էլ չտեսնենք, չենք տեսնիլ, ինչ կա.— բայց կատակը մյուս կողմը միթե մեր հարաբերությունը նույն ձևով կշարունակվի, ինչպես ձեր տան, այն ժամանակ ավելի լավ է ես մեռնեմ, քան թե այնպիսի ձևով էլ տանեմ. դու այդ բանի վերա պիտի մտածես և կարևորը տնօրինես։ Մեկ էլ մատանի չեք ուզում վերցնել, մի վերցնեք. այդ ձեր բարեհաճությանն եմ թողնում. բայց գոնե այստեղ գալուց պիտի բոլորն էլ գիտենան, որ մենք արդեն նշանված վերջացած ենք (թեպետ ոչ պաշտոնական ծիսակատարությամբ), որպեսզի զուռնաների տեղիք չտանք, մանավանդ, որ մեր պսակը դեռ կմնա գալ ամառ (մի տարի էլ տանջանք), այս մեկի համար էլ կնախապատրաստես ձերոնց։ Դե մեկ ուրիշ էլ այսպես բան չկա. մնում է Ավետի բանը. նրան էլ հաշվապահություն կսովրեցնենք և կուղարկենք Բաքու. վարսալամ։

10 Օգոստոսի, 84

Սիրեցյալդ իմ.

Երեկ ամսույս 6-ի նամակդ ստացա, կարդացի, և ուրախացա և տխրեցի, հետո իսկույն մի պատասխան գրեցի քեզ 4 երեսից բաղկացած, որը այսօր պատռտեցի, որովհետև դու ինձանից ուրախ նամակ չես պահանջում, իսկ ես շատ տխուրն էի գրել։ Եվ, իհարկե, այդպես էլ պիտի դուրս գար, քանի որ ես միայն իմ սրտինը արտահայտելու վերան էի մտածել և ոչ թե` քո ինչ սրտով կարդալուդ վերան։ Ինչ որ է, սիրելիս, ես էլ չեմ կամենում քեզ վերա մանրամասնաբար պատասխան գրել, այժմ ես քեզ վերա նայում եմ մի տեսակ քնքուշ, հայրական մեծահոգությամբ, ես շատ ուրախությամբ եմ կարդում քո նկատողություններդ, որոնք, իհարկե, միակողմանի զարգացման արտահայտություններ են և փիլիսոփայական հիմունքներից զուրկ։ Ես սովորում եմ լոել քո մանր-մունր, բայց միշտ քաղցր հարձակումների առաջ, ես սիրում եմ, որ դու միշտ հրամայես ինձ և ես հնազանդվեմ... Օհ, թե կարողանայիր ըմբռնել, թե որքան անվերջ ուրախություն եմ զգում իմ մեջ, երբ քո մի փոքր կոշտ խոսքին ես հազար քնքշությամբ եմ պատասխանում։ Ապա թե ոչ, թե հավասար իրավանց կետից նայելու լինեմ քո նկատողությունների և պահանջների վերա (խոսքս վերջին նամակիդ նկատողությունների համար է), և թե ես գրեմ քեզ բոլորը ինչ որ ես ավելի լավ գիտեմ և ավելի լավ եմ հասկանում, այն ժամանակ դու կհաղթահարվես, կարծիք չկա։ Բայց ես չեմ ուզում տկարացած տեսնել քեզ իմ առաջ, ես կամենում եմ, որ դու իշխես իմ հոգու, սրտի և բոլոր կյանքիս վերա, ես կամենում եմ, որ դու հավիտյան տիրապետ լինես իմ գոյության վերա։ Կամ ինչու համար նամակներով սկսել այն բանը, ինչ որ երկար, շատ երկար խոսակցությանց է կարոտ, շատ օր չէ մնացել, մի 15 օրից հետ գու կգաս և այն ժամանակ մենք երես առ երես բան կխոսինք. եթե մի փոքր կոպիտ արտահայտություն էլ երևի մեր խոսքերի մեջ, մենք ժամանակ և միջոց կունենանք իսկույն միմյանց սիրտ ամոքելու։ Մինչդեռ այժմ, եթե նամակով մի տխուր ազդեցություն ունիմ քեզ վերա, մեկ էլ այդ ազդեցությունը ջնջելու համար շաբաթներ պիտի անցնին։

Այս ասածներս վերաբերում են գլխավորապես քո նամակի երկու կետերին. 1) այն, որ դու ինձ մեղադրում ես, թե ինչու համար այն ձևով նամակ եմ գրել մորդ և 2) մատանու խնդիրը։ Առաջինի մասին ասում ես, որ առանց մտածելու եմ գրել երևի. բայց ես բավականանում եմ պատասխանել թե ՈՉ. էլ ուրիշ բացատրություն չեմ տալիս, որովհետև վախենում եմ, որ էլի վրդովվես, անհանգստանաս, իսկ այդ բանը ինձ համար տանջանք կլինի։ Երբ դու կգաս, ես այդ ժամանակ կբացատրեմ քեզ բոլորը և դու կտեսնես, որ ես ոչ թե բանաստեղծականը և բարձրը թաղել և ստորոտումն եմ քաշ գալիս», այլ այն, իսկ իմ գրածով շատ բարձր եմ թռչում, այնքան բարձր, որ հազիվ թե դու կարողանում ես նշմարել ինձ այդ բարձրության մեջ... շատ ցավալի է, որ մայրդ չէր կարող ինձ հասկանալ, եթե դու կարդայիր նրա մոտ այն տողերը. բայց ավելի ցավալի է, որ դու էլ, ըստ երևույթին, չես ըմբռնում նրանց ինչպես որ հարկն է։ Սա բնական օրենք է. մեկ կատարյալ գիտնականներն են ծունր դնում ճշմարիտ գիտության առաջ, մեկ էլ կատարյալ տգետներն են. իսկ նրրանք, որոնց միայն շրթունքներն են օծվել գիտությամբ, Նրանք արհամարհում են գիտությունը, կամ այնպիսի հարգանք են տալիս նրան, որ հայհոյելուց շատ չէ տարբերվում: Այդպես Էլ Հեմենյան աստծուն (ամուսնության) ջերմեռանդությամբ երկրպագում են— մեկ սիրո անսահման բարձրությունը և նրա վեհությունը ճանաչողները, մեկ էլ հասարակ ժողովուրդը։ Միջին դասը, շատ անգամ համեստությունը և սրբությունը խառնում է իրար հետ. սիրո վերջին նպատակի վերա նայում է հանցավոր աչքով և ճշմարիտ հանցանքը խառնում է ճշմարիտ սրբության հետ… Այս դեպքում ես ներողամիտ եմ գտնվում դեպի քո բոլոր նկատողությունները, թեպետ նրանք անարդար են։

Այս խնդրի մասին ես քեզ հետ երկար կխոսեմ։ Գալով մատանու խնդրին. քո կամքդ է. ինչպես կամենում ես արա, ես չեմ կամենում «անպատճառ իմ համեցածը կատարել», ինչպես դու ես նկատում ես կամակոր չեմ, և չեմ էլ «փոխվիլ». կցանկանայի, որ դու այդպի սի կարծիքներ չունենայիր ինձ վերա. և այդ էլ ոչ այն պատճառավ, որ իբր թե ես վիրավորված եմ. ոչ, այլ որպեսզի մի րոպե անգամ չմտածեի թե` իմ Ոսկին կարող է երբևիցե կասկածել և հավատալ, որ իմ մեջ ամենաաննշան փոփոխություն անգամ կարող է տեղի ունենալ յուր վերաբերությամբ… կամ նույնիսկ իմ բնավորության մեջ։ Ես կամենում և պահանջում եմ, որ դու անհողդողդ կարծիքներ ունենաս իմ մասին` մինչև անգամ այն կրիտիկական րոպեում, երբ խռովությանց ալիքն սպառնում են կործանել քեզ հավիտյան— ահա թե ինչ է իմ կամեցածը։ Վերջապես ես կամենում եմ, որ դու կին չլինեիր այլ հերոսուհի… Ես, որ կամենում եմ «մատանի» վերցնելնիդ և ստիպմամբ պահանջում եմ, պետք է գիտենաք, որ դա լոկ կապրիզ չէ. (այդպիսի կարծիքով դու ստորացնում ես քո սիրելի անձնավորությունը), այլ որովհետև ես անհրաժեշտ եմ համարում։ Ես նամակով ամեն բան խոսել չեմ կարող, բայց պետք է հավատայիք, որ երևի մի անբռնաբանելի պահանջ կա ապագայի համար, որ ինձ ստիպում է այդքան ձանձրացնել ձեզ իմ խնդիրներով, և կատարել տալ այդ, ինքն ըստ ինքյան, հիմար ծիսակատարությունը… Թողնելով այստեղի մարդիկը, որոնք հրատարակել են, որ մենք նշանվել ենք, և որոնց ես ոչ բացասում և ոչ այո ասում եմ. այլ լռությամբս գրեթե համաձայնվում եմ, ապագա խոսք ու զրույցների առաջը առնելու դիտավորությամբ, դու պետք է մոռացած չլինես՝ թե մենք որքան կարևոր ենք համարում այստեղ եղած ժամանակդ, որ այդպես գիտենային բոլոր մեր ծանոթները, մյուս կողմից էլ՝ ես աչքի առաջ ունեմ իմ ընտանիքը, որոնց զարգացման չափը ինքս լավ հասկանալով, ես կամենում եմ, որ դուք հեռանալու վերա գեթ մի ամենափոքր կապով նրանց կապեք ձեզ հետ. որովհետև հաստատ գիտեմ, որ վերջին անգամ է, որ դուք տեսնվում եք նրանց հետ։ Թե իմ և քո բաժանվիլն անհնարից անհեարն է, թե մեր ամուսնությունը վերջացած խնդիր է. էլ ինչ նշանակություն ունի չկամենալ մի չնչին գրավականով վաստակել այնքան մեզ համար անհրաժեշտ հաշտությունը, և նրանց հասկացողության համաձայն ամոքել երկուստեք ցրտացած սրտերը։ Տեսնում ես, դու կամենում ես, որ ամեն բան քո մոր սրտով և ցանկությամբ լինի, մի հազարերորդ մասն էլ պետք է իմ մոր վերաբերությամբ մտածես. նրանց դրությունն էլ պետք է աչքի առաջ ունենաս, պիտի ըմբռնես, թե ինչեր կարող են զգալ, երբ նրանց որդին սրտին հեռու տեղ պսակվում է, առանց իրենց համար էլ ուրախության մի մասն հանելու։ Որովհետև պիտի ընդունել, որ, երբ իրենք ոչինչ նախաձեռնություն չունին այդ բանում ամեն բան նրանց համար չես. այս խոսքերը մի փոքր կոպիտ է արտահայտվել, դու այդպես չկարդաս, այլ այնպես, ինչպես ուզել եմ գրել, բայց չէ հաջողվել։ Վերջապես հազար և մի բաներ կան, որոնց համար կարող եմ քեզ հետ խոսալ—բայց ոչ գրել։ Ես մի բան էր խնդրեցի. կանեք լավ, չեք անիլ էլի լավ. ես ոչինչ տրտնջալիք չունիմ. քո կամքը սուրբ է ինձ համար… այնքան լինի, որ ապագայում ստիպված չլինենք նորեն մտածել, նորեն ափսոսալ…

Ինչ կվերաբերի նրան, որ դու ինձ ասում ես, թե ես «բարձր ազատամտություն չունիմ», ես միայն լիքը սրտով ծիծաղում եմ, որովհետև, եթե մի բան իմ ամբողջ կյանքում ծածկել եմ քեզանից, այդ իմ ծայրահեղ ազատամտությունն է, և ես զգուշացել եմ քեզ ծանոթացնել նրա հետ, որ չսարսափես… Խեղճ երեխա, դու կարծում ես, որ իմ այդ «թախանձանքները» այդ «մատանու» և այլ խնդիրները նախապաշարյալ ուղեղի արտահայտություններ են. և դու մի՞թե այդքան քիչ ես ճանաչում ինձ. չէ, սիրելիս, ես ազատամիտ եմ, բայց ֆանֆարոն չեմ. մի կին սիրելու հետ միասին, պիտի մարդ գիտենա և մի ծնող սիրել, և այն ոչ թե յուր հասկացողության համաձայն, այլ յուր տգետ ծնողի, տգետ քրոջ և տգետ եղբոր ցանկության՝ և հասկացողության չափով։ Ամեն մի երջանկություն կատարելագործվում է ամբողջի միությամբ. միությունը երբեք ամբողջություն չէ։ Ինչ, մի՞թե կարծում ես, թե իմ առաջին մի ձայն հանող կլինի, թե ես ինչ ձևով կամենամ, այնպես հարդարեմ իմ նիստ ու կացը, իմ ներկան և ապագան. ոչ, բայց մի ծնող, որ ծնել է մեզ, մի քույր և եղբայր, որ ուրախացել են մեզմով, իբր իրենց սեփականությունը, իրավունք ունին սպասել, որ մենք չխոցոտենք նրանց սրտի ամենագողտրիկ զգացմունքները։ Մեծ բան չէ մի ամբողջ ազգականության երեսի վերա թքելը․ բայց արդարև մեծ բան է նրանց բոլորի սիրտը շահելը․ (այս բոլորը գրելով իհարկե ես աչքի առաջ ունեմ և ձերոնց)։

Վերջապես, սիրելիս, այս բոլոր գրածները դու ընդունիր իբրև լոկ խոսակցություն, նրանց մեջ և ոչ մի բան և ոչ մի խոսք թող չանհանգստացնե քեզ։ Ես դառնացած սրտով չեմ խոսում քեզ հետ, այլ ամենահանգիստ տրամադրության մեջ։ Այնպես ընդունիր, թե մենք վիճաբանում ենք. իսկ վիճաբանության ժամանակ միայն հիմարներն են վրդովվում։ Ամեն բանի վերաբերությամբ գործիր ինչպես հարմար և բարվոք ես համարում. իմ սիրտն էլ, կամքն էլ քո ձեռքումդ են, արա նրանց հետ ինչ ուզում ես։ Դու դեռ սկզբից պետք է ընդունեիր, որ այս գրածներս ոչ թե պահանջ, այլ լոկ խորհուրդներ են մեր ապագայի մասին։ Այս դեպքում ում խելքը լավ է գործում թող նրան լսենք։ Թե հավստացած ես, որ քո խելքն է լավ գործում, ուրեմն նրան կհետևինք, էլ քավ լինեն մի ամենափոքր ընդդիմություն։

Ինձ դրում ես, թե ուրախ նամակ գրիր. բայց մի՞թե իմ անցյալ նամակս տխուր է եղել, չեմ հիշում։ Սիրելիս, քո արևը վկա, մի առանձին տխրություն չունիմ ես, և երբեք էլ չեմ մտածում տխուր բան գրել. խոսակցության նյութը, ինքն ըստ ինքյան, լուրջ է և նամակի կերպարանն էլ լրջություն է ստանում։ Դրանով դու բնավ մի նեղսրտիլ, աղաչում եմ։ Մեկ էլ, ես զարմանում եմ քեզանից. ախր, եթե մինչև անգամ շատ դառնացած և վշտացած էլ նամակ գրեմ քեզ, դու դարձյալ չպետք է անհանգստանաս, և ինչպես գրում ես, պետք է «զգացմունքներդ տակնուվերա լինին» և այլն և այլն։ Մի բան արդեն ամեն անհանգստություն պիտի ոչնչացնե. այն, որ դու գիտես, թե սիրում ես անվերջ, անսահման… միթե այս բավական չէ։ Ճմարիտ չգիտեմ ինչ գրեմ, շատ ես խամ, շատ. Թե դու իմ ձեոքում չմնայիր, դու կորածների մեծը կլինեիր, բայց ես քեզ այդպես չեմ թողնիլ. դու ավելի պիտի զարգանաս, քան որքան զարգացել ես։

Նամակիդ մեջ այնքան շատ պատասխանելու կետեր կան, այնքան շատ մութ անկյուններ, որ այն նամակդ պետք է առաջինը դնեմ, որպեսզի եկած ժամանակդ բացատրություններ պահանջեմ քեզանից, թե չէ ուրիշ կերպ անկարելի է։

Էլ ինչ գրեմ, հոգյակս, որ դու ուրախ լինիս. չգիտեմ թե շուտ գալու կլինեիր կասեի, թե գրիր ինչ ուզում ես, լավ՝ թե տխուր ես, այդքան օրն էր տխուր կաց, վնաս չունի։ Միայն չգիտեմ դու ինչու համար ես ինձ ուշունց տալիս, էտ էլ նոր ես սովորել, գուցե չես հավատում. բայց, երբ գաս ցույց կտամ, ամեն տեսակ հայհոյանք գրել ես նամակումդ, եթե ինքդ կարդաս, պիտի զարմանաս, վերջումն էլ «ցտեսություն» գրելու փոխարեն գրել ես «մնաս բարյավ».ինչ է, ուրես գնում. ճեմարանցիք խո դեռ այդտեղ են:- Վա՜յ նեղացա. այսօր մի հինգ վեց նամակ էլ ուրիշ եմ գրել:
10 օգոստոսի, 84.

Սիրելի Ոսկի.

Ամսույս 8-ին էլ մի նամակ ունիմ գրած, որը հուսամ արդեն ստացած կլինեք։ Այն նամակի մեջ ամեն բան գրած եմ, մնում է ձեր գալու մասին մի քանի խոսք ասել։— Ձեզ հետ բերելու համար պիտի վերցնեք բոլոր այն բաները, որոնք Ձեզ կհարկավորվին այստեղ և որոնց ստիպված նորեն չգնեք։ Վրանի վերա շատ էլ ուշադրություն չդարձնեք, մանավանդ թե ֆուրգոնչու տաք հեշտությամբ կբերի։ Ավելի մեծ բաները հանձնեցեք Մելիք Փաշայանցին. նա կուղարկե։ Միայն լավ կապոտված լինին, որ չթափվին ճանապարհին։ — Տիկին Նատալիան այստեղ չէ, որ խնդրեմ քոծ ճարի, կգրեմ, գուցե Ծղնեթում մի անտեր Սավգյուլ է գտնի բերի, բայց թե դուք կարողանայիք հետերներդ գոնե ձեզ համար մի ծառա բերել, շատ լավ կանեիք, որովհետև քաղաքի մեջ քոծ չէ ճարվում ո՛չ լավը և ո՛չ փիսը, ո՛չ թեթևը և ո՛չ ծանրը։ Մեր Միրզայանցի քոծն էլ դուրս է գնացել և, ահա, քանի օր է, ման են գալիս, չեն գտնում։ Ջրի բոչկա և լվացարանն էլ, ես դուրս կգամ կիրակի օրերը յարմուգումը կաշնեմ, այնտեղ ավելի աժան է լինում, քան թե Գաբ. Դավիտիչի (կարծեմ թարս ասացի) ջիբումը— է, էլի սխալվեցի. լավ, ոչինչ։ Պայմանաթուղթն էլ արդեն ղրկած է (այսինքն հրավիրաթուղթը պիտի ասեմ), ստացած կլինիք։— Չմոռանաք Թիֆլիս գալու համար շաբաթ օր ընտրեք, այսինքն, որ Թիֆլիս մտնեք շաբաթ օրը, որ ես ավելի ազատություն ունենամ։ Եթե հենց ուղիղ 25-ին մտնեք Թիֆլիս, այդ օրը շաբաթ կլինի։ Էգսն էլ՝ կիրակի է, մամիդ հետ կերթանք յարմուգա լվացքի բոչկա կառնենք։— Չմոռանաք Եվլախ հասնելու հեռագրեք իսկույն, թե վաղը ո՞ր ժամին Թիֆլիս կլինիք, որ ձեզի դիմավորեմ։ Իհարկե դիմավորողը մենակ ես կլինեմ։ Բայց, թե կուզեք, Անափներին էլ հետս կբերեմ։ Չմոռանաք նույնպես երկաթուղումը նստելուց մին մին ոսկոր բռնեք ձեռքներումդ, ինչպես այդ անում են Նոր Թավրիզ գնացողներն, որ գլուխները շուռ չտա։

Բացի ուրբաթ օրերը (որ առավոտվա ժամը 8-ին է լինում) մնացած օրերը պոեզդը Եվլախից գալիս է Թիֆլիս, կեսօրվա ժամ 2 և կեսին. թե գալներուդ պես ինձ իսկույն այնտեղ չտեսիք (բանե, հաքյաթ է), էլ շատ չշտապեք. մի քիչ հովսալաներդ բռնեցեք մինչև որ ես հասնեմ:

Դե էլ մի ուրիշ բան չունիմ հաղորդելի. թե դուք նոր բան գիտեք, գրեցեք։

Բոլորիդ էլ ջերմ սիրո ողջույն։

Ձեր Գրիգոր Տեր-Հովնաննիսյան

Հ. Գ. Մեր Ղումալ-բաջուն տեգոր տղան գալու է Թիֆլիս. (մի տղա է) չմոռանաք նրան ասել, որ ձեզ դնի ուղարկի, համ ճանապարհին կծառայի ձեզ, համ էլ ինքը յուր ոտներովը կգա առանց ձեզ նեղություն տալու, սվաբ է։

Նույն
Տփխիս, 15 օգոստոսի, 1884

Սիրեցյալդ իմ.

Ամսույս 10-ին մի նամակ ունիմ քեզ գրած և 11-ին էլ՝ մի երկու տող Ավետին։ Երկուսն էլ ստացած կլինեք։ 12֊ի փոշտով քեզ նամակ գրել չկարողացա, որովհետև մինչև կեսօր զբաղված էի «Նոր-Դարի» ցավերով, իսկ նրանից հետ մի փոքր զբոսանքի գնացի Խոջիվանքը և մինչև երեկո Հավլաբարումն էի։

Այսօր էլ, թեպետ մի առանձին նորություն չունեմ քեզ հաղորդելու, այսուամենայնիվ փոշտի օրը չեմ ուզում կորցնել, որպեսզի ապարդյուն սպասած չլինես։ Գրելու համար հազարավոր բաներ կան, որոնց ես ամենայն ուրախությամբ կգրեի, և կարծում եմ դու չէիր ձանձրանալ կարդալու (խոսքս մեր սիրային զրուցադրությանց վերա է), բայց որ դու շուտով պիտի գաս, և բացի այդ, դու ազատություն չունես իմ նամակներին… ինչպես ցանկանում ես պատասխանել, ուստի իմ սիրտն էլ կտրվում է և ապարդյուն աշխատանք եմ համարում այս տարտամ (ղգ) դրության մեջ զգացմունքներով ներարկելու թե քեզ և թե ինձ։

Այս քանի օրերս լուր է տարածվել որ, իբր թե, մինիստրությունը մերժել է Սինոդի խնդիրը, (որ է՝ ուսումնարանների կարգադրությանց մասին եղած տնտեսությունները առ ժամանակ չգործադրել, զգալ նոր կաթողիկոսի) և հրամանագրել է կուբերնատորներին անմիջապես գործադրել նախագծված օրենքները հայոց ուսումնարաններում։ Այս բանի մասին դեռ Սինոդից պաշտոնական լուր չկա, ընդհակառակը, դեռ նա նոր է գրում թեմական տեսուչներին թե՝ «մեր խնդրի պատասխանը դեռ չենք առել, ուրեմն դուք շարունակեցեք կառավարել դպրոցները ըստ առաջնույն…»։

Վաղը պ. Սպանդարյանը անձամբ կդիմե Մարտանովին (գլավնի ուպրավլենու նախագահի օգնականն է) ճշտիվ իմանալու համար, թե ինչպես է վճռված։ Ուստի ես ամսույս 17-ի փոշտով քեզ հարկ եղածը կգրեմ։ Աղայանցն էլ ասում էր, թե այդ լուրը հաստատվի, ես կհեռանամ մեր գյուղը. ըստ որում, ըստ նոր օրինաց՝ աշխարհականը իրավունք չունի թեմական վերատեսուչ լինել։ Բայց, ես կարծում եմ, նա այդքան շուտ չի թողնիլ այդ պաշտոնը և ավելի շուտով քահանա կձեռնադրվի։— Եպիսկոպոսն էլ դեռ գյուղերումն է և հետզհետե դպրոցներ է բանում, չգիտեմ ինչ ձևով պահելու հույսով։

Բաքվի տեսուչը այստեղ է և վարժուհի է պտպտում, թե Կատինկի մասին նրա հետ խոսամ, չգիտեմ որքան հնարավոր կլինի ձեզ համար՝ նրան այնտեղ ուղարկելը։ Բայց նա մարդ և կին է ուզում, կամ քույր և եղբայր։ Կարծում եմ, առաջինը հետո հնարավոր կլիներ հենց Բաքվում։ Քեզանից նոր նամակ չստացա, բայց վաղը սպասում եմ, որ տեսնեմ, թե Աղայանցի թղթին ինչպես վերաբերվեցիք։

«Մշակի» հրատարակությունը հաստատապես մնում է Րաֆֆիի, Գաբ. Միրզոյանի և մի ինչ-որ Աբելյանի վերա։ Նշաններից երևում է, որ այդ պարոնները իրենց թերթին անցյալական ուղղություն կտան ի մեծ ցավ և ի թշվաոություն մեր խեղճ ազգի։ Այդ Աբելյանցը փողոցներով անցնում է ամբողջ օրը շրջապատած գիմնազիականներով և այլ… դպրոցների աղջիկներով։ Լսվում է, թե անընդհատ ժողովներ են անում այստեղ այնտեղ. հայոց բոլոր ընտանիքները ապականել են այդ շները։ Ասում են, որ լրագրի իրավունքն էլ Գարո Միրզոյանի անվամբ է խնդրված, որը սոցիալիստների թագավորն է համարված։

Արծրունին էլ երեկ ծածուկ փախել է Գերմանիա տիկին Քոչարյանցի հետ, ետքում թողնելով մոտ 70,000 ռուբլու մասնավոր պարտք զանազան անձանց մոտ, չհաշվելով այն 450,000 պարտքը, որի դիմացում քարվանսարան է վաճառվել։

Սպանդարը այստեղ և Ծղնեթումն է լինում և հենց այդ պատճառով էլ թերթը շատ կանոնավոր չի դուրս գալիս, (թե) թեպետ ամենից զորավոր պատճառը ուրիշ է…։ Տ. Նատալիան դեռ այնտեղ է, ուստի քոծի համար նրան ոչինչ չեմ իմացրել. բայց իմ մի բարեկամ ընտանիքին ասել եմ, որ գտնեն, տեսնենք ինչպես կլինի։ Բայց, կրկնում եմ, քոծից ավելի ծառան է հարկավոր։

Մեր վերաբերյալ գործերի մասին մի բան եղավ թե չէ, անհանգիստ եմ։

Մախմառը ղրկել եմ Մանաս Օհանյանցի միջոցավ. ստացաք թե ոչ։

Քեզ և բոլոր ընտանիքիդ բարև։ Ես էլ լավ եմ, միամիտ կաց։

Գուցե էլի բան կար գրելու, չգիտեմ. փոշտի ժամանակը անցնում է, շտապում եմ վերջացնել, մնացյալն մյուս փոշտին թողնելով։

Կումիսը շարունակում ես թե ոչ։ Վերջացնելուց դեն չածես սերմերը, այլ չորացրու և պահիր, կրկին անգամ գործածելու համար, այսպես էր ասում մեր Արսենը։

Քո Գրիգոր
17 օգոստոսի, 1884.

Սիրացյալդ իմ.

Ամսույս 15-ին մի նամակ ունիմ քեզ գրած և քո 13 թվով գրածը երեկ ստացած։ Ամենից առաջ պատասխանում եմ քո դրած հարցերին — որք են. 1) Նամակդ հանձնեցի պրն. Աղայանցին. թվաբանություն չի լինիլ, այլ միայն հայոց լեզվի գրել-կարդալ: Բացի այդ, այն պաշտոնական թուղթը, որ նա գրել է դպրոցին, յուր մեջ պարունակում է և այն միտքը, թե դու կարող ես կառավարել և՛ մանկական պարտեզը և՛ վարել ավագ վարժուհու, կամ տեսչի օգնականի պաշտոններ, թե միայն սրանց համար զատ վարձատրություն կլինի։ 2) Ռոճկի մասին հաստատապես առ այժմ ոչինչ չի կարելի ասել. ամենից շահավետը այն է, միանգամայն 600 դնել մտքումդ։ Իսկ ապագայում կաշխատենք, իհարկե, թե կհաջողվի լավ, թե ոչ՝ մեծ կորուստ ունեցած չենք լինիլ։ 3) Կատինկի մասին Աղայանցը միշտ քաշվում է հաստատուն խոսք տալ. բայց, իհարկե, նա կաշխատե տեղավորել նրան։ Բանն այն է, որ խնդրատուները այժմ լեգեոններ են, և ամսական 6—10 ռուբլով են պաշտոն պահանջում այդ կոտորվածները, և նրանք այդ ավելի լավ են համարում, քան 500 ռուբլով գավառ գնալն։ Եվ քանի որ արժեքը խստությամբ քննել չկա մեր դպրոցներում, բոլորն էլ վարժուհիներ են էլի։ Ես մտածում էի Կատինկի մասին Բաքու ղրկել, բայց անհարմարությունները այնքան շատ են (միայնակ էլ չէ կարող գնալ, մամիդ հետ էլ չէ կարող, մի անելանելի դրություն է այդ), որ ես թողեցի։ Բաքվի տեսուչ Գազարյանը ինձ էր խորհուրդ հարցնում։ Ուզում էր տիկին Ներսիսյանցին տանի (երբեմնի օր. Ադամյան) ես խանգարեցի, չկամենալով Բաքուն ապականել նրա ձեռքով։ Օր. Եսայանցին էր ուզում, նրան էլ չթողեցի, որովհետև դարձյալ վարակվածներից է. վերջը Չիգանյանը առաջարկել էր քո ընկերուհուն, Նատալիա Հովհաննեսյանին, որի համար խորհուրդ տվի անպատճառ տանել, և պիտի տանե։

4) Բնակարանի խնդիրը։ Այդ տունը հենց պետք է երեկ վարձեի, որ քո նամակը ստացա և թողեցի. վերջը գնացի խոսացի Աղայանցի հետ, նա ասաց, որ լավ կլինի, թող առաջ գան ուսումնարանումը վեր գան և հետո իրենք կնային հարմարություններին. թե հարմար կլինի, կմնան այնտեղ, թե ոչ՝ ուրիշ տեղ կպդրտին։ Չգիտեմ, Աղայանցի հետ կմնա՞ք դուք։ Նա մի տուն է բռնել, ասում էր 2 ավել սենյակ կա, ձեզ կտա:

Աղայանցի վստահությամբ այս ու այն բանը չխոստանալն էլ կախում ունի մեր դպրոցների դրությունից, թե առաջվան դրությունը անփոփոխ մնա, ուրեմն նա ամեն բան կանի, իսկ թե ոչ, նրան էլ չէ կարելի մեղադրել, որովհետև արդեն յուր դրությունն էլ դրանով խախտվում է։ Այդ է պատճառը, որ նա ասում է, թե Շուշիում ավելի շահավոր պայմաններով պաշտոն կտան նրան, թող այնտեղ մնա և այլն։ Թեպետ մի կողմից ափսոսում է, որ անհայտության մեջ դու կոչնչանաս, և այս պետք է ի նկատի առնել. ավելի լավ է դժոխքում հայտնի լինել, քան արքայության մեջ անհայտ ոմն։ Տիգրանն էլ հիմա աշխատում է տիկին Ներսիսյանցին Շուշի ղրկել, չգիտեմ որքան կհաջողի։

Ուզում էի նամակս շարունակել, Յակովջանը եկավ խանգարեց, մնացյալն էլ ամսույս 19-ին փոշտով կգրեմ, մանավանդ որ փոշտի ժամանակը անցնում է։

Ձեր Գրիգոր

Կարծեմ մերոնք եկել են ձեզ մոտ և բանը հաջող չէ անցել. ես մանրամասն գրած էի, որ թողեն. նամակս չէ հասել, և անախորժ խոսակցություն է տեղի ունեցել։ Շատ տխրեցի, բայց ոչինչ սրան էլ կտանենք. դու ուրախ եղիր, աղաչում եմ...

20 օգոստոսի,1894

Սիրեցյալդ իմ

Գործերի դրությունը ոչնչով չփոխվեց, որ մի ուրիշ բան գրեմ, քան ինչ որ գրել եմ իմ 15-ի և 17-ի նամակներում։ Միայն Թանդոյան դպրոցի տեսուչ-քահանայի և պ. Աղայանցի մեջ մի փոքր անբավականություն կա ռոճկի ավելացնելու մասին, առաջինը չի համաձայնում, վերջինը պնդում Է։ Այս դրության մեջ ես կցանկանայի, որ այդտեղի առաջարկությանց զգուշաբար վերաբերվեիր. և թե նկատեիր, որ՝ գերակշռող պայմաններով կարող են քեզ այդտեղ պահել, ձեռքից չտաիր (ներիր ինձ, ես միայն գրում եմ այս խոսքերը չգիտեմ ինչու համար... սիրտս դողում է...). թեպետ այնքանը, որքան մենք գրել ենք, արդեն ապահովված կարող ես համարել, ավելի կասկածելի է։ Չգիտեմ, գուցե հանգամանքները փոխվին, և նույնիսկ քահանան հեռացվի, այն ժամանակ ավելի ռոճիկով գուցե և տեսչուհի կլինես. և Աղայանցի դիտավորությունը այդ է. բայց, իհարկե, ես չեմ կամենում, որ դու «գուցե» ների վերա հույս դնես, եղածը և հավանական լինելին պետք է առաջնորդեն քեզ։

Բաքվի տեսուչը օր. Հովհաննիսյանին տանելու համար ցանկանում էր իմ առաջարկությամբ և ձեր ճեմարականներից մինին էլ ունենալ. ես քեզ հեռագրեցի և դու պատասխանեցիր, որ արդեն վարձված են։ Այդ պատճառով և նա վարձեց պ. Եսայանին (Թիլասի ուսուցիչ) և նրա խաթրու էլ (մանավանդ Աղայանցի ստիպմամբ) նրա քրոջն օր. Եսայանին։ Եվ, որովհետև, նա ցանկանում էր օր. Հովհաննիսյանին անպատճառ Բաքու ունենալ, (ես նրան ստիպում էի նրա հետ ամուսնանալ և, նա ուրաախ էր այդ բանին) ուստի վճռեց, որ Բաքու գնալով իսկույն համոզե այնտեղի հարուստներին ոմանց, պարտեզ բանալու համար և հրավիրել օրիորդին։ Ինձ էլ խնդրեց, որ իրեն օգնեմ, այսինքն, երբ ինքը հրավիրե, ես էլ կողմնակի կերպով աշխատեմ, որ օրիորդը գնա Բաքու։ Այս անգամ իսկապես մնաց նրա համար, որ տեսուչը 400 ռ. էր վճարում, բնակարան, լույս, վառելիք և ծառան հետը. իսկ օրիորդը 500 ռ. էր պահանջում, այս բաներով հանդերձ բայց տեսչի բյուջեն չէր ներում, իսկ Եսայանց քույր և եղբայր համաձայնվեցան 900 ռուբլով:

Ինչպես անցյալ նամակում գրեցի տունը ուսումնարանինը կլինի, եթե հարմար կգտնեք, միշտ այնտեղ կմնաք։ Կարծում եմ հարմար էլ կլինի, թե մաքուր, թե չոր և թե արեգընդդեմ է այդ շինությունը։ Այժմ չգիտեմ, ինչ պատրաստություն եք տեսնում. կարծում եմ այս վերջին նամակս կլինի: Բայց չէ, 22-ին էլ նամակ կգրեմ և, այնուհետև, կվերջանա ամեն բան։

Որովհետև գալդ մոտալուտ է, ոչինչ չեմ խոսում իմ դրության մասին, բայց նա շատ եղերերգական է. ո՛չ երկնի և ո՛չ երկրի վերա եմ, երբեմն դժոխաց հատակ եմ խորասուզվում և երբեմն ավելի քան երկինքը բարձրանում, բայց երկու ծայրերումն էլ սրտի սարսափելի դատարկությունը հոգիս ճնշում, ոչնչացնում է։ Օ՜, թե գիտենայիր որքան շատ ծանր ժամեր եմ անցուցել և դողում եմ, թե մի գուցե դարձյալ անցուցանեմ… Գիտեմ, դու էլ նույն ցավերով ես վարակված. բայց դարձյալ մի քանի օր… և ամեն բան կուղղվի։

Սիրալիր ողջյուններս մամիդ,Կատինկին,Ավետին և Հայկանուշին: Շատ եմ վռազում, ներիր ինձ:

Յակովղանյանցն էլ «տեսության» ելքը իմացա. ոչ ուրախացա և ոչ տխրեցի. լսեցի սարսափելի անտարբերությամբ…

Քո Գրիգոր

Սպասում էի, որ այսօր նամակ կստանամ քեզանից, բայց այս րոպեին փոշտի նամակները բերին և ոչինչ չկար:

Թիֆլիս, սեպտեմբեր 3/5

Հոգյակս. այդ ինչ նոր հոգսեր, նոր մտատանջություններ են, որոնց դու զոռով ստեղծում ես քեզ համար, ինչ բաներ ես խոսում, ինչի վերա ես կասկածում, ես քեզ չեմ հասկանում, ես մնացել եմ շվարած… «փոխվել», ինչ կնշանակե փոխվել, և ե՞ս պետք է փոխվիմ, ի՞նչ բանի մեջ, ինչո՞ւ համար, քեզ չեմ սիրում, հա, անտարբե՞ ր եմ դեպի քեզ.— որովհետև «ժպիտ չկա երեսիս», և դու այս բոլորը մտածում ես ի՞մ մասին, և դեռ կարողանում ես գրել ինձ… Օ՜, Ոսկի, Ոսկի, ինչպես դու թեթևությամբ ես վարվում իմ սրտի հետ, որ ընկած է քո ոտքերի մոտ… դու կարծում ես, որ ես «փոխվել եմ», դու իմ «հայացքի մեջ անախորժ բաներ» ես կարդում, և «անուշ խոսքերի փոխարեն ինքնաբերաբար կոշտ խոսքեր ես լսում»․․․ Ինչ ասեմ, Ոսկի, դու անգութ ես, դու թերահավատում ես... Ախ, ինչպես կկամենայի, որ դու այժմ իմ գրկումը լինեիր և ես քեզ սեղմեի իմ կրծքին ամուր, շատն ամուր, ևս քեզ համբուրեի հարյուր, հազար անգամ․․․ և, այսպիսով, պատժեի քեզ քո թերահավատության համար․․․ Զարմանում եմ, դու չես կարողանում տեսնել իմ ներքին, հոգեկան ուրախությունը, որը քո գալստյան պատճառավ է, դու չես նկատում, որ ես ամենածանր ճնշումներ եմ զգում իմ սրտի վերա, երբ չեմ կարողանում ազատ խոսել քեզ հետ, երբ չեմ կարողանում իմ, վաղուց ի վեր փակված սիրտը բանալ քո առաջ, գրկել քեզ, համբուրել քեզ և իմ սերն ու սիրտը զեղուլ քո առաջ․․․ և դեռ ինձ համար ասում ես, թե ես «փոխվել եմ»․․․ և քո կարծիքներին հավատ ընծայելով հազար և մի գուշակություններ ես անում․․․ և սարսափում ես․․․ բայց, միթե այդքան է քո հավատը ինձ վերա, այդքան շուտ տատանվող ես դու, ուրեմն էլ ինչի վերա վստահանում, երբ իմ միակ անհողդողդ հենարանը ջարդվում, կործանվում է իմ առաջ, այն էլ մի թույլ, երևակայական հովից.,. Միթե դու չգիտես, որ դեպի քեզ անտարբեր լինելու համար՝ ամենից առաջ պետք է ապրելուց դադարեմ, ամենից առաջ պետք է զգալը, մտածելը և ըմբռնելը մոռանամ… իմ միակ երջանկություն, քեզ,,» միմիայն քեզ սիրելուս մեջն է,թե այդ անուշ և միակ երջանկությունից էլ զրկվեմ, էլ ինչու համար եմ քարշ գալիս երկրի վերա... Ախ, Ոսկի, մի՞թե դու պետք է այսպես խոսքեր էլ ասել տայիր ինձ, մի՞թե դու ինքդ կամենում ես նրանց լսել,,, և ինչ, այսուհետև դեռ նորից պետք է հավատացնենք միմյանց, որ մենք սիրում ենք... ճշմարիտ, ես ոչինչ չեմ հասկանում, ես չեմ հավատում, որ դու քո այն տողերը գրել ես նրա համար, որ իրավ իմ մեջ մի նոր բան ես նկատել. ոչ, այդպես բան չկա, բայց որովհետև մեզ շրջապատողները քեզ ինձ ավելի մոտենալ, ինձ ողջագուրել, այդ բանը վրդովեցնում է քեզ և դու վրեժը քեզանից ես հանում, աշխատելով նորանոր ցավեր ստեղծել քեզ համար, որովհետև սերը՝ կամ ազատ պետի սիրե, կամ պետք է հալածվի, միջին սահմանը— որ մի անորոշ դրություն է— սիրող սրտի համար անտանելի է... Բայց, այսուամենայնիվ, իմ անուշիկ Ոսկի, դու պետք է չթույլ տայիր քեզ մի վայրկյան անգամ կասկածիլ, դու չպետք է երազեիր անգամ, որ այն բոլորը` ինչ որ ինձ գրել ես... կարող կլինեի ես առանց վշտանալու կարդալ։ Եթե դու իմ երեսի վերա ժպիտ չես տեսնում, ես զարմանում եմ, բայց թե այդ ասածդ ճշմարիտ անգամ լինի, դարձյալ դու ինձ չպիտի դատապարտես, ախր այս գրությունը, որի մեջ մենք ենք այժմ, միթե կարող է մեզ այնքան ուրախացնել, որքան ցանկալի էր, երբեք. ես միջոց չունիմ քեզ իմ սիրտը բանալու և դու էլ նույնպես ստիպված ես համր մնալու։ Միթէ այսպես պիտի լիներ մեր առաջին տեսակցությունը, մի՞թե մենք միայն միմյանց ձեռք սեղմելով պիտի բավականայինք... Բայց ես ինչեր էի երազել...։

Դու ասում ես, որ ինձանից «ինքնաբերաբար կոշտ խոսքեր» ես լսում։ Այդ ինքնաբերաբար բառը թե չդնեիր, ես մյուս բառերից չէի վիրավորվիլ. բայց այդ բառը դնելով դու մի հայտնի հանցանք ես գործում, դու դրանով կամենում ես ասել՝ որ ուրեմն իմ սիրտը զբաղված է մի ուրիշ ավելի սիրելի առարկայով, և որքան էլ ես սեր և գգվանք կեղծեմ, դարձյալ «ինքնաբերաբար» կոշտ խոսքեր եմ ուղղում դեպի քեզ... Սիրելիս, միթե դու չես դողում, երբ այսպես խոսքեր ես գրել տալիս ինձ, ես միմիայն նրանց գծելով կարմրում և խրդնում եմ.... Բայց ոչինչ, ես քեզ ներում եմ, որովհետև հենց այս րոպեին ես հալվում եմ քեզ սիրելով, քեզ պաշտելով և քո վերաբերությամբ հազար և մի գողտրիկ բաներ երևակայելով... Դու կարծում ես, որ մի օր իմ կյանքում ես կկարողանամ մի փոքր պակաս ջերմությամբ սիրել քեզ, բայց ոչ, հազար անգամ ոչ, իմ անուշիկ, իմ թանկագին Ոսկի, և, թե կպատահի այդպիսի մի օր, ես կաղոթեմ աստծուն, որ այդ օրը մենք երկուսս միասին դադարեյիք ապրելուց... Օհ, թե գիտենայիր, թե այս րոպեին ինչ անշեջ կրակ է վառվում իմ սրտի մեջ, գիտենայիր, թե որպիսի անհագ տենչ չափում է իմ հոգին... դու կդողայիր, և որքան փոքր ես ճանաչում դու ինձ... Դեռ հիշածներդ էլ բավական չհամարելով դու քեզ «կորած» ես հաշվում, դու «մեր երջանկության կորստյան» մասին ես խոսում և «ավելորդ» ես համարում քո ապրիլը...

Ոչ, ես քեզ թույլ չեմ տալ երկրորդ անգամ այդ ցնորքների մեջ մտնելու, ես քեզ կպատժեմ, և գիտես թե ինչպես կպատժեմ... Ես քեզ շատ, շատ, պինդ կհամբուրեմ․․․ Բայց ափսոս, որ դու ինձ չես օգնում քեզ պատժելու, ապա թե ոչ, այստեսակ հուսահատական նամակներ դու չէիր գրիլ ինձ։ Բայց քանի որ դու ուզում ես քեզ համար նորանոր ցավեր ստեղծել— նրանցով զվարճանալու համար, իհարկե ես չպետք է արգելեմ քեզ այդ անմեղ, դառն և քաղցր զվարճությունները... Բայց ես չհասկացա, թե ինչ բանի մասին էիր հիշում, որը, իբր թե, ես քեզ ասել եմ մեդալիոնի համար խոսելու ժամանակ, ճշմարիտ, այդ բանը ես լավ եմ հիշում, դու ինձ բացատրիր, երբ ձեր տուն կգամ։ Մորդ և մյուսների մոտ, մի պահանջիր, որ ես անուշ խոսքեր խոսիմ. ես չեմ կարողանում կից կտուր բառեր արտասանել, անուշ և գողտրիկ խոսակցությանց և գգվանաց համար ամենից առաջ դու պետք է ինձ հարմար տեղ և ժամանակ տաս. և ես սպասում եմ. դու կարող ես միջոցներ հնարել մեր միայնակ տեսակցությանց համար, ուրեմն մի ուշացներ, մանավանդ, որ ես քեզ հետ շատ բաներ ունիմ առանձին խոսալու։ Այս քանի օր դարձավ, որ դու այստեղ ես և մենք դեռ միմյանց երես չտեսինք բառի բուն նշանակությամբ։ Չգիտեմ ինչպես կլինի մեր բանը, ես հետզհետե սկսում եմ հուսահատվիլ, վախենում եմ, որ այս դրությունը երկար շարունակվի, դու մտածիր օգնլ ինձ, աղաչում եմ։

Երեկ երեկոյան, երբ ինձ հարցրիր, թե ինչու չես իմ նամակին պատասխանում, ես իսկույն հասկացա, որ այդ «պատասխանի ուշացնելն» էլ քեզ առանձին հոգս պետք է պատճառած լիներ. բայց հավատացիր հոգյակս, որ բնավ ժամանակ չունեցա. երեկ ձեր տանից վերադառնալուց հետո հազիվ կարողացա ավարտել այն նամակը, որ անցյալ օրն էի սկսել։ Բայց ամենից առաջ խնդրում և աղաչում եմ քեզ Ոսկի, որ շատ ուրախ լինես, բնավ այդպես մտածմունքներով քեզ չվրդովես, չնեղացնես։ Գիտես, երբ երեկ երեկոյան ճանապարհին ասացիր, թե կողքս ցավում է, ես այնքան տխրեցի, որ չեմ կարող ասել, ես տեսնում եմ, որ դու բնավ չես մտածում քեզ և քո ընտանիքդ ուրախ պահելու վերա, որով միայն կարող ես առողջ պահել քեզ և ինձ էլ՝ ուրախ։ Զարմանալի է, կարծես թե քեզ համար ոչինչ նշանակություն չունի այն բանը, որ դու այժմ Թիֆլիսումն ես և քո սիրած անձին մոտիկ... չգիտեմ ինչի համար միմիայն այս հանգամանքը քեզ ուրախությամբ չպետք է լեցնե, և դու դեռ տխրելու էլ առիթներ պետք է ունենաս։ Եթե ուսումնարանի մի փոքր անորոշ և սպասածիդ հակառակ դրությունն է քեզ վրդովում, ավելորդ է, ամեն բան կուղղվի և շատ լավ կուղղվի, միամիտ եղիր. այդ պաշտոնիդ համար մի քանի հանգամանքները գործը մի փոքր թուլացրին թեպետ, բսյց չոչնչացրին, դա էլ շատ շուտով կանցնի և կմոռացվի. միայն թե դու մի փոքր համբերություն ունեցիր և ուրախացիր միայն նրանով, որ դու ինձ մոտ ես և ամենայն օր կարող ես ինձ տեսնել։ Ինչպես երեկ խնդրեցի, ինչ որ քեզ հետ պատահի, անախորժություն, թե հաճույք, ոչինչ մի պատմիր մորդ. նա խոսել չգիտե և իզուր տեղը վրդովեցնում է քեզ. մինչև անգամ պաշտոնիդ, ռոճկիդ, և այլ ամեն բանի վերաբերությամբ, հարկ եղածը միմիայն ինձ հետ խոսիր և ամեն բան ինձանից հարցրու. միով բանիվ քո նավի ղեկավարը միմիայն ինձ ճանաչիր, իսկ այս բոլորից հետո այնպես մի բան արա, որ մենք մի՛ մի՛ ժամ գոնե առանձին խոսակցել կարողանանք։ Ես ամեն բան ազատ խոսել չեմ կարող մորդ մոտ, որովհետև նա ինձ դժվար է հասկանում։

Էլ տեղ չմնաց, հոգիս, ինչ գրեմ. համբուրում եմ գեղեցիկ աչքերդ։

Քո Գրիգոր

(Հարկ եղածները գրիր նամակով գոնե):

16 հունիսի 86, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Չնայելով, որ դեռ քեզանից հեռագիր չստացա և ձեր ողջությամբ տեղ հասնելուն համար անհանգիստ եմ, այսուամենայնիվ Շտապում եմ փոստի օրը ձեռքից չտալ և գրել քեզ այն ամենը, ինչ որ, գիտեմ կհետաքրքրի քեզ։

Անպատճառ դուն էլ շատ ցավեցիր, որ մեր հրաժեշտ րոպեները այնպես անօգուտ գործ դրինք և, մանավանդ, անհաջող կերպով բաժանվեցանք իրարից։ Ցավալի էր, նույնպես, որ ես ո՛չ մամին, ո՛չ Ազյուն և ոչ Հայկանուշին ու Գուրգենիկին ողջունել կարողացա։ Ինչ արած, այն անիծյալ նամակը պետք էր փոշտ ձգել. ամենասուղ րոպեներին էլ ես սովորություն չունիմ պարտավորությունս զանց առնելը։ Ինչ և իցե, վերջին րոպեները անօգուտ կորան մեզ համար։

Երբ ձեր գնացքը հեռացավ աչքիցս, ես էլ Սպանդարի ու տիկնոջ հետ կառք նստա և ուղղվեցա դեպի տուն։ Այս անգամ քեզանից հեռանալը բյուր անգամ վատ ազդեց ինձ համար, քան անցյալ տարին։ Ընկերներս այդ նկատում էին։ Սեմեյնի այգու մոտ Սպանդարը կառքը կանգնեցնել տվավ և ինձ ստիպեց գնալ միասին ընթրելու։ Ես հնազանդվեցա։ Մենք մի լավ ընթրիք արինք, ձեր բոլորի կենացը խմեցինք, գինու ազդեցության տակ փոքրիկ ճառեր խոսացինք, փիլիսոփայություններ արինք և այլն և այլն, և ապա գնացինք տուն։ Փողոցի դուռը փակ էր և ես նրա գլխովը բարձրացա և մտի մեր տունը, որտեղ դեռ լամպերը վառվում էին… Բայց տեր աստված, ինչպես ծանր էր ինձ համար մտնել այնտեղ, ուր ոչ ոք չէր սպասում ինձ… Բայց մարդիկ միշտ պնդերես են. այս փոքրիկ օրինակով ես հասկացա, թե ինչու ժամանակը ամեն բան մոռացնել է տալիս։ Այն, ինչ որ ծանր է մի քանի րոպե առաջ, հետո դառնում է, թե ոչ հեշտին՝ գոնե տանելի։ Եվ ես քնեցի ամբողջ գիշեր շատ հանգիստ քնով, բայց ամբողջ ժամանակ երազումս քեզ հետ ապրելով։ Առավոտը վեր կացա չգիտեմ քանի ժամին, որովհետև ժամացույցս կանգնած էր 4-ի վերա, բայց երևի շատ էի քնել, որ հանգիստ էի։ Հազիվ ներս մտա դահլիճը և մի քանի բան ուղղեցի, երբ հանկարծ մի մտածմունք եկավ գլուխս, թե չլինի Նիկոլայն այս րոպեին գա և ձեզ բոլորին գնացած տեսնե: Եվ, ո՞վ զարմանք, հազիվ ուղղվեցա դեպի պատուհանը կուլայից մի ցուրտ ջուր խմելու, երբ տեսա Նիկոլային, որ ծիծաղելով մտնում էր բակը։ Ես մնացի քարացած և հիացած իմ նախազգացման համար։ Մենբ համբուրվեցանք, ես հայտնեցի նրան տխուր իրողությունը, բայց նա ինձանից առաջ գիտեր. նա երկաթուղում պատահել էր ձեզ. չգիտեմ որ ստանցիայում նա տեսել էր մամին պատուհանից կախված և ուզեցել էր գալ ձեզ մոտ, բայց հանկարծ իրենց պոեզդն սկսել է հեռանալ և ինքը ցավելով մտել է վագոնը։ Մենք սկսանք ցավել, ափսոսել, բայց բանը բանից անցած էր։ Վերջապես Մարիամը եկավ վերածած բաները հավաքեց. մենք լվացվեցանք, հագվեցանք, մի քառորդ ժամ պրպտեցի Նիկոլայի շապիկները և վերջը գնացի բուֆետս և ապա վերջնականապես հագվելով գնացինք դեպի կաթնարանը։ Ճանապարհին տեսա, որ Աֆրիկանկան վերջին անգամ ներկայացնում են նույն օրը. իսկույն գնացինք տոմսակ վերցրինք և հետո, կաթնարան հասնելով, սերով կոֆե խմեցինք. ես երկու, և Նիկոլայը՝ մի բաժակ։ Հետո գնացինք մեզ համար շորեր առնելու։ Նիկոլայը գնեց մի ամառային պայլտո, մի ձեռք ամառվան տրիկոյի շոր և մի ավելորդ բրյուկ։ Ես էլ մի կիշիմիրի ժակետ, ժիլետ և մի ամառային տրիկոյից բրյուկ: Մինչ այս, մինչ այն ժամանակ՝ երկուսը լրացավ, և մենք Թիլի-պուճուրը գնացինք ճաշելու։ Այնտեղից վերադարձանք Մուշտեիդ. մի քիչ զբոսանք արինք, մի քիչ էլ բամբասանք a la Ավագ, և հետո եկանք տուն։ Նիկոլայը մի ժամ քնեց, ես թեյը պատրաստեցի, խմեցինք, և հենց դուրս էինք գալիս, երբ Սպանդարին տեսանք բակում։ Ամբողջ օրը ինձ սպասած լինելով, նա եկել էր պատճառը իմանալու, թե ինչու չեմ երևացել։ «Մի՞թե ապաշխարում ես տանը», հարցրեց նա ինձ։ Բայց Նիկոլայի երևալը ամեն բան բացատրեց. մի քառորդ ժամից մենք բաժանվեցանք և գնացինք թատրոն։ Այս անգամ, ավելի քան երբեք, հրաշալի էր Նելուսկոն— (Բորիսով) մի հրաշք, բառի բուն նշանակությամբ։ Սիլիկան (ռեադնովա) լավ էր նույնպես. բայց Վասկոն (ռեադնով) թեպետ գեղեցիկ երիտասարդ, բայց անտանելի հիմար երգող և խաղացող։ Նավի կռիվն ու ղարթ ու փուրթը շատ թույլ էր։ Վերջում Սիլիկան լացացնելու չափ լավ խաղաց ու երգեց, իսկ Նելուսկան հափշտակեց մեզ։ Այսուամենայնիվ մի քանի տեղումիս հանգիստ քնում էի։ Մյուս առավոտը ես կաթ խմեցի, իսկ Նիկոլայը երեկվանից մնացած չայը. եոացրած ջրով, ինչպես առաջ իր տանն էր պատահում։ Ճաշին էլի Թիլի-պռւճուրմն էինք, որից հետո` ես մի զբոսանք արի կոնկով դեպի Մուշտայիդ և վերադարձա կանտոր, իսկ Նիկոլայը գնաց տուն քեզ նամակ գրելու։ Այժմ էլ, ահա, ես եմ գրում։ Բայց հեռագիրդ ուշանում է, և ես անհանգեստ եմ։

Մի քանի օրից Նիկոլայը կգա ձեզ մոտ և լավ քեֆեր անել կտա ձեզ։ Ցավում է շատ, որ միասին չեք գնացել Շուշի։

Գրիր ինձ մանրամասնաբար, թե ինչպե՞ս գնացիք, ինչպե՞ս Եվլախ հասաք, ինչպե՞ս ճանապարհվեցիք , ինչպե՞ս ճանապարհ գնացիք, հանգիստ թե' անհանգիստ, Գուրգենկին համար ինչպե՞ս անցավ, ո՞վ դիմավորեց ձեզ և որտե՞ղ, ինչպե՞ս գտիք տունը, բավարա՞ր, թե՞ ոչ և այլն և այլն և այլն։ Սպասում եմ։

Չիմոդանի բանալին նամակումս ներփակում եմ, հուսամ մինչև ստանալն կոտրած չեք լինիլ։ Գրեցեք տեսնեմ Աբովյանցին և Խանտամիրով Ավագին որքան փող եք պարտ որ տամ ։

Գարսեմի ղրկած զոնտիկն տվի Նիկոլային։ Եթե Գարասիմը էդտեղ լինի, զոնտիկի փողն առանձին տուր նրան, պետք է որ 7 — 8 մանեթից ավելի չլինի:

Դե էլ ինչ գրեմ, սիրելիս, քեզանից մի նամակ ստանամ, հետո շատ կգրեմ։ Եղանակը այստեղ մինչև այժմ գարնանային է։ Արամի մոտ դեռ վաղը պիտի գնամ։ Ազյուն, մամին, Մանիշակին, Կատինկին, Մեկիչին և բոլոր հարցանողաց շատ-շատ բարև։ Շեհիրն ինչպե՞ս գնացին, գրիր:

Անուշիկ Գուրգենիկիս անվերջ համբույրներ։

Քռ Գրիգոր
Թիֆլիս, 18 հունիսի, 1885

Սիրելիս.

Ամսույս 16-ին էլ մի նամակ ունիմ գրած, որի մեջ ներփակում եմ չեմոտանի բանալին, հույս ունիմ ստացած լինիս։ Երկար, շատ երկար (ուղիղ 60 ժամ) սպասելուց հետո, վերջապես ստացա ողջամբ տեղ հասնելնուդ հեռագրերը և անչափ ուրախացա։ Չեմ կարող գոհ չլինել այդ միատող հեռագրից, քանի որ ավելին անհնար էր այդ ավելիին սպասում եմ վաղվա փոստով։

Սիրելիս, խնդրում եմ ամեն կերպ քեզ պահպանես, թե՛ տաքից, թե՛ ցրտից և թե՛ քաղցածությունից, ինչ որ պետք է արա, կարգադրի, էլ մի սպասիր, որ ուրիշները սուրբ հոգվով քո ցանկությունները գուշակեն։ Գրիր տեսնեմ ինչ ապագա ես գուշակում այդտեղ մնալուդ համար, ուրախ, ինչպես ես էի կարծում, թե տխուր, ինչպես դու էիր երազում։ Ինձանից նիկարան չմնաս, ես օրս շատ լավ և շատ հանգիստ եմ անցուցանում, սիրուն հովեր է։ Ամեն ճաշից հետո գնում եմ Մուշտայիդ 1, 1/2 ժամ զբոսնում և հետո վերադառնում կանտոր. այդպես էլ շարունակելու եմ։ Երեկ ես ու Նիկոլայը Միրզայանցենց տանը ճաշեցինք, իսկ այսօր միմյանց կորցրինք, ինքը կանտոր չեկավ, ես էլ Թիլի-պուճուր գնացի, բայց իրան չի տեսա։ Մուշտայիդից վերադառնալիս մտի տուն և տեսա, որ քնած էր։ Վեր չկացրի։ Գուցե ուրբաթ երեկոյան, այս ամսույս 20-ին ինքն էլ կճանապարհվի դեպի ձեզ։ Ասում է, թե գնամ տեսնեմ «Ասե-կոսե-ների» նշույլ կա Ոսկուն վերեմասնելու գնամ Գանձասար երեխայի հետ միասին։ Ես էլ յարու տվի, որ էդպես անե։

Մեր ստանիքը հետզհետե գույն են քսում և հոտը բռնիլ է ամբողջ տունը. կատուն էլ մեր 4 ճուտը կերել է։ Երեկ եկա տեսա, որ Մարիամը լաց է լինում,— «էսենց զուլում չի իլի, կիրկոհ-ջան, ասաց, տունը գլխիս փլավ, կատուն չորսը մեկեն թռցուց տարավ, էնոր տիրոջ աչք տրաքի…»։ Ես սկսա մխիթարել վշտալի Մարիամին, բայց զուլումը զուլումը էր, մխիթարությունս չազդեց նրա վերա։

Ազյուն բարևիր, ասա հիմա ինչպես է քո աշխանումը անտրտունջ կերակուր ես եփում, թե էլի ծուխը աչքերդ քոռացնմա, մայրիկին բարևիր և ասա Արամին այցելության գնացի, կամաց-կամաց լավանում է, վտանգավոր ոչինչ չկա, Կուկուզանովի բանն էլ դրստում ենք։ Սիրելի Մանշակին և Կատինկին բարևիր և ասա երբ որ բոլորդ միասին քյուրտաճաշի վերա հավաքված լինեք, ինձ մի նամակ գրեցեք, Բուշարթ հաց ուտելուց հետո, որ հարբած լինեք։ Ավետից մի նամակ ստացա Նիկոլայի ձեռքով, գրած էր այն 50 ռուբլուն համար, որ հանձնած է, ինքն առողջ է, Ավագին էլ այսօր նամակ գրեցի։

Եղբայր Միկիչին ամենախորին շնորհակալությունս, յուր քաշած նեղության համար։ Եվ ասա, որ քո ուզած լամպաների և լվացարանի համար պրկյոքուրանտներ չկան, միայն այսքանը կարելի է տեղեկացնել, որ սկսած ջուխտը 60 կոպեկից մինչև 50 ռուբլին կա։ Չգիտեմ, դու ինչպես կուզես։ Փոքր ի շատե սոլիդ լամպան ջուխտը արժե 12, 15, 18 և վերջապես՝ 20 ռուբլի և ավելի բարձր։ Լվացարաններն էլ սկսած 30 ռուբլուց մինչև 100 կամ 150 ռուբլին կա։ Միջակ և լավ ապրանքները արժե 35, 40—60 ռուբլի, ամենաշքեղը 100, 125 և 150 ռուբլի։ Եթե ես գնելու լինեմ քեզ համար, պատվերիդ համաձայն չեմ գնիլ, այլ ուղարկած փողիդ և իմ ճաշակին նայած։ Այսքանս։

Սիրելիս, ողջունիր իմ կողմից Հաքային, Ջուղի բաջուն, Հեղինեին, Եղիսաբեթ խնամուն, Նախշուն բաջուն և բոլոր այլ հարցանողաց։

Ջերմաջերմ համբուրիր Գուրգենիս, որին այժմ սիրտս շատ է ուզում։ Ողջունիր նույնպես Ազիզ—բզիզ քենուս:

Քո Գրիգոր

Սիրելիս, ներիր որ նամակս մի հասարակ նամակ է, երևի դու այժմ կկամենայիր կարդալ մի հանգներգական հյուսվածք, բայց ես դիտմամբ ուզում եմ հասարակ նամակներ գրել, պատճառը դու իմացիր։

Սիրելիս, գրիր տեսնեմ, քո ադրեսով գրեմ նամակս, թե հենց այս ձևով, ինչպես գրում եմ։

Թիֆլիս 20 հունիսի, 85
Սիրեցյալդ իմ.

Այս 3-րդ անգամն է, որ քեզ նամակ եմ գրում, 16-ին, 18-ին և այսօր: Բայց քեզանից և ոչ մեկի պատասխանն չունիմ: Ամսույս 17-ին տեղվույդ փոշտի ժամանակն էր, դու պետքե է գոնե մի քանի տող նամակ գրած լինեիր, բայց չգրեցիր. ես սրանից եզրակացնում եմ, դու հիվանդ, կամ գոնե, շատ թույլ ես: Եվ միթե այս գուշակությունս ճշմարիտ է:

Մեր ստավնիների ներկելը այսօր վերջացավ, որովհետև 3 անգամ է քսվում: Լվացքը տվի Մարիամին, որը գլխավորապես 6 վարագույրներիցն էր բաղկացած. ես նրանց քանդեցի, պատրաստեցի և այնպես տվի իրան։ Այսօր էլ վերջացրած է: Շապիկներիս համար նոր լվացարարի ասել եմ գա տանե, Մուշոն չէ երևում, իսկ շապիկներս վերջանալու վերա են: Տունը դեռ լաքեի սրբել չեմ տվել, սպասում էի ստավնիների վերջանալուն:

Չգիտեմ այժմ ծաոան ինչպես է ծառայում, արդյոք էլ կամակորություններ անո՞ւմ է թե ոչ։ Նիկոլային էլ ասել եմ, որ մի լավ տղա և մի փոքր աղջիկ գտնեք «գենգլխտա» և հետներդ բերեք: Գրիր տեսնեմ, ժամանակդ ինչպե՞ս է անցնում, ուրա՞խ եք լինում, թե ոչ—մայրիկը մեր տա՞նն է լինում, թե Կատինկենց շուտ-շուտ գնում գալի՞ս եք իրար մոտ, թե ոչ։ Գուրգենիկս ի՞նչ է անում, էլի՞ անուշիկ հրեշտակ է, թե չարացել է։ Միով բանիվ ամեն բանից տեղեկություն գրի և նույնպես ամեն բանից…

Նիկոլայը գալիս է, հույս ունիմ ավելի ևս լավ կանցնի քեզ համար, մանավանդ որ, ամեն բանի հիմնովին կատարելապես տեղեկացած է: Սիրելիս, աշխատիր որքան կարելի է ժամանակդ լավ անցկացնել, ուրախ կաց, խոսիր, ծիծաղիր, զբոսնիր, հյուր գնա, հյուրեր ընդունիր և այլն ըստ կարգին:

Ինձ համար բնավ չմտածես, հոգիս, ես իմ ժամանակս անց եմ կացնում հանգիստ և խաղաղ։ Քաղաքումն էլ՝ դեռ տաքությունը շատ չէ, եթե շատանա էլ՝ ինձ բնավ նեղություն չի պատճառիլ։ Նիկոլայը մեր նոր կանտորը տեսել է: Նա քեզ կպատմի, թե ինչպես լավ տեղ եմ նստած ես բոլոր օրը։ Ճաշիս համար էլ միամիտ կաց. թե Միրզայանցի մոտ չլինինեմ միշտ կերթամ Թիլի-պուճուր՝ ինչ ստամոքսին է վերաբերում, դու խո գիտես, որ ես ինձ չեմ զրկիլ:

էլ ինչ գրեմ, հոգիս, պետք է քեզանից նամակ առնեմ, որ պատասխանելու բան ունենամ. ինձանից բարևիր բոլորին և ջերմաջերմ համբուրիր Գուրգենիկիդ.

Քո Գրիգոր

Հ. Գ. Մոռացա գրել, որ այս գիշեր մի ծաղրական երազ տեսա։ Թվում էր ինձ, որ ես ու դու գնացել էինք այցելության Բավարական Լուդովիկ 2֊րդ թագավորին, որը մոտօրումս, ինչպես գիտես, խեղդվեցավ լճի մեջ։ Թագավորը մնում էր Մարտի աղի քարվանսարայում, բայց գեղեցիկ դահլիճներում։ նա զբաղված էր ընթերցանությամբ։ Չնայելով, որ այդտեղ եկած էին և Տիգրան Նազարյանցը, Սիմեոն Հախումյանցը և այլք, այսուամենայնիվ թագավորը ոչ ոքի հետ չէր խոսում։ Բայց քեզ տեսնելով իսկույն տեղից բարձրացավ և հրավիրեց յուր աթոռի վերա։ Երկար մենք խոսակցում էինք. թագավորը ըստ երևույթին գրավված էր քեզմով և շատ գեղեցիկ խոսում ու ճառում էր։ Ի վերջո, երբ մենք կամեցանք հեռանալ, նա հանեց գրպանից պորտմոննեն և դրեց քո ձեռքում մի թղթադրամը, որը երևում էր, թե 25 գուլտենանոց է։ Տալով քեզ թղթադրամը, նա գրկեց քեզ և երկուսդ միասին պինդ համբուրվեցաք։ Եա նախանձից կատաղեցի։ Բայց, մինչ պատրաստվում էի կռվել թագավորի հետ` դու գոհ սրտով և ուրախ փախուստ տվիր իմ ներկայությունից։ Ես թագավորին սկսա հանդիմանել, ասելով որ, թե նա այդ անկարգությունը գործած չլիներ, ես քեզ կտանեի նրա մոտ հաճախ։ Եթե այդպես է, ներողություն եմ խնդրում, ասաց թագավորը, միայն թե` շատ շուտ բեր նրան ինձ մոտ։ Ես զայրացած և նախանձից տանջվելով եկա քո ետևից, բայց տանը չգտի. ասացին, որ դու փողոցներում թափառում ես շրջմոլիկների հետ։ Ի վերջո դու եկար տուն ծիծաղադեմ և ինձ կամենում էիր սփոփել նրանով, որ թագավորի նվերը ոչ թե 25 գուլդենանոց է, այլ 250։ Վերջապես ես արթնացի բայց դեռ նախանձի զգացումը չհեռացավ ինձանից։

Ի՞նչ է պատահել, սիրելիս, մի՞թե ես ճիշտ երազ եմ տեսել…

Միշտ քեզ երազողն
1886 հունիս 22/24

Հավիտյան սիրեցյալդ իմ Ոսկի.

19-ին նամակդ ստացա։ Շատ վշտացի, որ այդքան անհաջողություններով է վերջացել ձեր ճանապարհը, մանավանդ, երբ մտածում եմ, թե գլխավոր պատճառը ես էի. որովհետև, թե մի օր ուշանայիք արդեն Նիկոլայը կգար և ամեն բան յուր բնական ճանապարհը կգտներ։ Վերջապես, էլի փառք աստծո, որ առանց մի վտանգի տեղ եք հասել և Նիկոլայն էլ, հուսամ, երեկ տեղ հասած լինի, որից հետ՝ քեզ համար ամեն ինչ անշուշտ լավ կանցնի։

Բայց 3 օր տեղդ լինելուց հետ՝ արդեն դու կարող էիր մի գաղափար տալ ինձ, թե՛ մեր տան և թե՛ այլ մանրամասնությանց վերա, որոնք, գիտես, որ ինձ կհետաքրքրեին։ Երևի ժամանակ չես ունեցել, և, ինչպես ես խնդրել եմ, մյուս նամակներովդ կգրես։ Շատ հետաքրքրում է ինձ այժմ քեզ շրջապապող կյանքը, չգիտեմ, որքան ես գոհ նրանից։

Որքան էլ ես ցանկանում եմ հեռու փախչիլ զգացմունքով թաթախուն նամակներից, քեզ չվրդովելու համար, դու ինքդ, սիրելիս, ինձ զոռով ասպարեզ ես կանչում։ Դու գիտես, որ քո մի խոսքը, թեկուզ նա մի տողից լինի կազմված, իմ մեջ թերթեր լցնելու ցանկություն է հղացնում, ուրեմն զգույշ կաց ինձ ոգևորելուց, դա ինձ չի վնասիլ, բայց քեզ էլ օգուտ չի բերիլ։

Գրում ես, որ ես ճիշտը ասեմ՝ թե ես ուրիշ աղջկերանց նայում եմ, թե՝ ոչ։ Լսիր ուրեմն.— Ուրիշ աղջկերանց ես նայում եմ, ինչպես չէ։ Երբ նստում եմ ձիաքարշի վերա, ինչպես միշտ իմ չորս կողմը լիքն են և գեղեցիկ և տգեղ կանանցով։ Ես, ինչպես որ բնական է, տգեղներին չեմ նայու. գեղեցիկների վերա մերթ ընդ մերթ հառում եմ իմ աչքերը. ես կամենում եմ նրանցից գոնե մեկի վերա տեսնել իմ անզուգական Ոսկեհատի նմանությունը, նրա ժպտող երեսը. նրա կրակոտ աչքերը. ես նայում եմ բոլորի վերա, ես որոնում ամեն տեղ. բայց նա չկա. ես նրան չեմ գտնում… Իջնում եմ ձիաքարշից, ես հավատում եմ, թե ահա, այստեղ, այս խանութի առաջ, կամ ճանապարհի վերա դու էլ կիջնես մի ուրիշ վագոնից, շոգից կարմրած, փաթեթներ ձեռքիդ — քարվանսարայից վերադառնալիս դու կնկատես ինձ հեռվից, կժպտաս, կմոտենաս և փոքրիկ֊փոքրիկ բաներ կպատմես ինձ. բայց ոչ մի վագոն քեզ չէ բերում… Ես գլխակոր շարունակում եմ ճանապարհը։ Հասնում եմ մեր բակի դռանը, իսկույն մտաբերում եմ, որ դու նստարանի վերա նստած կլինես, զարդած չթե շորով, սպիտակ շալն ուսերիդ, ես կմոտենամ, քեզ կբարևեմ, դու կծիծաղես և թևդ ինձ տալով կընկերակցես ինձ մինչև տուն.բայց այդտեղ էլ քեզ չեմ նշմարում, մտնում եմ բակը։ Հա, հիմա դահլիճի պատուհանից ինձ մտիկ կտա, ուրախ, ուրախ, Գուրգենիկը գրկին, ինքը ինձ կբարևե, Գուրգենին էլ կխոնարհեցնե` ի նշան ողջունի. բայց այստեղ էլ չես երևում դու, դահլիճի պատուհանները փակած, արեգական ճառագայթները վրան, ներսում ամայություն, չորս կողմը դատարկություն…

Վերջապես ես բարձրանում եմ սանդուղքներով, ես չեմ հավատում, թե դու այնտեղ, մեր ննջարանում չես։ Իսկույն նա դուրս կգա, մտածում եմ ինքս ինձ, կդիմավորե ինձ դարձյալ ուրախ ժպիտով, կբռնե ձեռքիցս, ներս կտանե. մի մեծ և ուրախ նորություն կպատմե ինձ… չէ, դու ուրեմն ներսումն ես. թախտի վերա նստած. բաց կրծքով, Գուրգենիկը ծնկներիդ, մտնում եմ հուսալեր. իմ երկու հրաշակերտը տեսնելու… Օհ, ինչպես տխուր է. դատարկություն, կատարյալ դատարկություն… Շատ անգամ, երբ նստած սեղանի առաջ գիրք եմ կարդում, մի մի րոպե սպասում եմ, թե իսկույն դու կմոտենաս ինձ, կբռնես ձեռքիցս և քաշ կտաս դեպի Գուրգենիկիդ ասելով. «Եկ, եկ տես ինչպես քաղցր, ինչպես անմեղ հանգչում է նա», և ես ուզում եմ նայիլ նրա վերա, զմայլիչ նրանով, տեսնել, թե ինչպես ժպիտը խաղում է նրա շրթունքների վերա։ Եվ ես իրոք հետ եմ նայում դեպի այն կողմը ուր Գուրգենիկը հանգչում էր… այնտեղ դրված է կլոր սեղանը և մի քանի կաթոթ բաժակներ ընկած նրա վերա։ Դու տխրեցիր, այնպես չէ՞, ասա իմ անուշիկ Ոսկի, դու տխրեցիր. և միթե քեզ ի՛մ խոսքերը տխրացրին… էհ, ինչպես է, էլի կհարցնես ինձ, թե «Նայում ես ուրիշ աղջիկներին…»։ Այո, նայում եմ, ես այսպես եմ նայում նրանց…

Բայց դու ուրախ կաց, սիրելիս, սրանք մոմենտներ են, որոնք ասուպի պես գալիս և անցնում են. ես միշտ աշխատում եմ հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, ես երբեք չեմ տխրում։ Երեկ երեկոյան մինչև անգամ Սպանդարի և մեր Ալեքսանի հետ (որը այժմ այստեղ է և երկու օրից Բաքու կերթա) գնացել էինք բալ մասքարադ, շատ ծիծաղեցինք, զվարճացինք, ընթրեցինք և վերադարձանք։ Ալեքսանի գործն դարձյալ հաջող է։

Մի քանի լուրեր։— Արամյանց բժիշկը այստեղ էր, տեսնվեցանք, քեզ հազար բարև ուղարկեց, երեկ գնաց։ Միրզոյանցի աները երեկ վախճանվել է, ինքը երեկ գնաց Գանձակ և վաղը առավոտ կգա։ Ղամազյանց Լիզան սեմտեմբերի 1-ին ընդմիշտ փոխադրվում է Բաթում, տունը և շեհերից շատ բան ինձ է առաջարկում։ Ես Միրզոյանցի տանն եմ ճաշում։ Այսօր մի լավ երիտասարդի խոստացա քեզ հետ ծանոթացնել, երբ որ գաս, որովհետև հեռվից նա պաշտում է քեզ։ Երեկ վագզալում շնորհիվ Արամյանցի ծանոթացա օր. Մամիկոնյանի հետ, որ մեծ րիսկ էր ինձ համար։

— Սիրելիներիս— Նիկոլային, Մանիշակին, Կատինկին, մամին, Ազյուն և բոլորին շատ շատ բարև։ Երկու քույրերիս ասա ձեր նամակի պատասխանը հետո։ Ներեցեք այս անգամ։ Հազար համբույր քեզ և Գուրգենիկիս։

Քո Գրիգոր
Թիֆլիս, 25 հունիսի, 1885

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

22 թվականավ նամակ ստանալով անչափ ուրախացա, իմանալով, որ դու այդպես ուրախ ժամանակ ես անցկացնում և ուրախություն չեղած տեղն էլ ստեղծում ես նրան: Կեցցես, ես շնորհակալ եմ քեզանից, որովհետև դու կատարում ես իմ սրտին ամենասիրելի ցանկությունը, այսինքն՝ դու ուրախացնում ես իմ անուշիկ Ոսկուն: Կարդալով այդ նամակդ մի կողմից էլ տխրեցի, և այդ նրա համար, որ ես իմ անցյալ նամակս տխրազգաց ոճով էի գրել, որ, անշուշտ, կազդեր քեզ վերա յուր չափով։ Բայց ես իրավունք չունեի իմ երդումը խախտելու և քեզ նմանօրինակ նամակ գրելու: Իսկապես մի-մի րոպեներ են, որոնք ինձ տխրեցնում են և քո բացակայությունը զգալի շինում։ Բայց, թե գիտենաս, սիրելիս, թե որքան քաղցր են այդ տխրության րոպեները, որքան ցանկանում եմ ես, որ երկարանան նրանք։ Ես վերադառնում եմ այն քաղցր և հրապուրիչ ժամանակին, երբ ինձ այլևս ոչինչ չէր գրավում, բայց թե մտածել քեզ վերա, երազել քեզմե։ Ահա՝ դրանք էին մի ժամանակ իմ քաղցր և ամենագողտրիկ զբաղմունքներս և այսօր էլ ես նրանցով եմ զբաղվում։ Փոստան առաջվա պես սկսել է ինձ համար հետաքրրքիր դառնալ։ Քո նամակը ես ստանում եմ սրտի տրոփյունով, իմ ձեռքերը ճիշտ դողում են, երբ ես սկսում եմ քո ծրարը բանալ. դեռ չկարդացած ես անհանգիստ եմ լինում, թե չլինի ես մի վատ բան կարդամ նրա մեջ… Ախ, Ոսկի, քո նամակը այժմ քեզանից ավելի սիրելի է ինձ համար, արդյոք կարող ես ինձ հասկանալ… Երբ ես նրան կարդում եմ վերջացնում, մի ամբողջ ժամ մտքով թռչում եմ քեզ մոտ, սկսում եմ մի առ մի որոշել քո խոսքերը և պատասխաններ տալ քեզ մինչև որ մի դրական գործ գալիս արթեցնում ինձ: Գիտես, ես այժմ այն ժամանակումն եմ ապրում, երբ Ոսկին իդեալ էր ինձ համար, երբ ես չէի կարող նրան մոտենալ, նրան շոշափել, նրան համբուրել… Եվ, թե ես կարողանամ մի օր գրկել նրան, տեր աստված, մտածում էի ես, այն ժամանակ և մտածում եմ այսօր… Ինչ, միթե դու նեղանում ես, որ հանգամանքները ստիպեցին մեզ մի առ ժամանակ հեռանալ միմյանցից. ես բնավ. լավ է, երբ մարդ երբեմն-երբեմն երկինքն է բարձրանում և ապրում է ստորաքարշ մտքերից և մարդիկներից հեռու… Ինչու համար սերը կապել, կաշխատենք մարմնի մի անարգ խորշի մեջ և չթողնել նրան, մերթ ընդ մերթ, իմանալյաց աշխարհում դեգերելու։ Սերը, երբ մարմնանում է՝ նա մահկանացու է դառնում և կարող է պատահել, որ նա մեռնի. լավ է, ուրեմն,հոգիացնել նրան, մերթ ընդ մերթ, որպեսզի հավիտյան ապրի… Այսուհետև ես ուրիշ կարծիք ունիմ կյանքի վերաբերությամբ, ուրեմն քիչ անգամ կպատահի,որ ես մանկանամ, կամ իմ կարծիքների մեջ սխալվիմ։ Եկ դու էլ համաձայնվիր ինձ հետ, որ մենք շատ անգամ խաբում ենք մեզ և ուրիշներին, ախր չէ՞ որ այո ճիշտ է, և փորձը ցույց է տալիս, որ երբեմնական հեռավորությունը կրկնապատկում է սերը, նոր ուժ, նոր զորություն է շնչում հոգվո մեջ, ավելի եռանդով, ավելի ոգևորությամբ սիրելու նորեն միմյանց պատահած ժամանակ։ Կարծում ես, մ ի՞թե նույն ինքն աստված, այսքան շատ կսիրվեր մարդիկներից` թե սխալված մի անգամ երևցած լիներ նրանց։ Ամեն ինչ բնության մեջ արդար և հավասար կշռի մեջ է։ Մի քանի անգամ կրկնված տեսակցությունը մոռացնում է աոաջին հանդիպման հրապույրը. սերն էլ, որ զգացմունքների թագուհին է, ոչնչով չէ զանազանվում յուր կյանքի մեջ մարդկային ուրիշ շատ զգացմունքներից... Եթե դու լավ ըմբռնեցիր իմ փիլիսոփայության միտքը, ուրեմն դու կհամոզվես, որ այս աստիճան միմյանց համար մտածելն ու երազելը մի բնական պատճառի հետևանքն է, հետևապես չպետք է իմ անցյալ անգամ գրած նամակս էլ քեզ վրդովեր՝ հավատացնելով՝ որ մի անմխիթար սրտնեղության մեջ եմ ապրում ես ուրեմն:

Վերջապես, իմ անուշիկս, ես շատ հանգիստ և անվրդով կյանք եմ անցկացնում, հար և նման այն կյանքին, ինչ որ ունեի յոթ տարի շարունակ Թիֆլիսում. միայն այս անգամ նրանով է ավելի (դեպի լավը), որ հաստատ հավատում եմ, թե իմ Ոսկին մեր տանն է. իմ սիրելի եղբոր մոտ, որ նա մի օր կգա կրկին ինձ մոտ, կամ ես կլինեմ նրա մոտ, որ Գուրգենիկը կա, ապրում, շնչում է, որ մարմնացնում է յուր մեջ մեր սրբազան և անդրանիկ սիրո պտուղը, որ նա քաղցրացնում է յուր մոտ միայնությունը և ամոքում է նրա յուր ամուսնո համար քաշած կարոտը...Ախ, այս կյանքն էլ քաղցր է, այս կյանքն էլ նվիրական է, ամեն ինչ սիրո և սիրահարությամբ պսակված գործի մեջ քաղցր և աստվածային է... Թող հենց այստեղ համբուրեմ քեզ։ Այժմ մի քանի խոսք պրոզայական բաներից։ Այստեղի եղանակը շատ հով և ախորժելի է. ամեն օր, ճաշից հետ, գնում եմ զբոսնելու։ Մեր կանտորը խո հիանալի է, ամենքը ինձ երանի են տալիս։ Երևի այդտեղի ցուրտը նեղացնող կլինի, ոչինչ. ախորժակներդ լավ կբանի։ Գրում ես, թե հարկավոր բաներ շատ ես մոռացել այստեղ. բացի ինձ էլ ուրիշ ի՞նչ ես մոռացել, գրիր, որ ղրկեմ։ Խիզանյանը ուրիշ փոշի չէ ասիլ, երկաթն է ասիլ փոշիացրած, որ միշտ ընդունում ես։ Ապագայի գուշակությունների մասին ես խոսում, թող որ սրանք երբեք չկատարվին։ Ամեն բանից տեղեկություն, որ գրել էի, նրանք էլ թող կորչին, դրանց վերա այնուհետև թող մի խոսք անգամ չլինի։ Ուրախություն, ուրախ կյանք, ուրախ լուրեր, սրանք եմ ուզում ես. դու էլ սրանք ուզիր. ինձ թե սիրում ես, մի օր չթողնես քեզ տխրելու, Միկիչենց համար գրում ես, թե ողորմելի դրության մեջ են, միթե նոր բան կա, այն դրությունը չէ՞, ինչ որ մենք գուշակում էինք, կամ գիտեինք։ Ասում ես նամակը Նիկոլային ադրեսով գրիր։ Վախենում ես, հա՞, թե Տեր-Հովհաննիսյանց գրեմ ազգանունդ. այ չարաճճի, քո միտքը ես էլօրվանից գիտեմ։ Թերթ քեզ համար երեկվա համարից կուղարկվի. տես ինչպես ես հավանում Արգոսի նամակը։ Հայկուհու մասին ինչ լուր ուզում ես գրիր, ուրպիլ կտամ։ Իմ ադրեսը խնդրեմ երկար չգրես։

Սիրելիս, դու ամեն փոստ նամակ մի գրիլ, կամ թե գրում ես կարճ գրի, որ չնեղանաս, գուցե պատահի, որ ես էլ փոստ անցկացնեմ, խնդրում եմ չնեղանաս, առհասարակ, բավական ժամանակ է խլում այս նամակագրությունը, երբեմն խնայվելուց չնեղանանք ոչ ես քեզանից, ոչ դու ինձանից։ Մանիշակին, Կատինկին հազար բարև ասա, ներողություն, որ էլի ձեր նամակի պատասխանը չգրեցի։ Ձեզ մատաղ ասա— ինչ ուզում եք ձեր բաժինը այս նամակից վերցրեք։ Սիրելի Նիկոլային էլ բարևներ և ասա քեզ հաղորդելիք նորություն չունիմ առայժմ, դրա համար նամակ չեմ գրում։ Սիրելի մամին, Ազյուն, Հաքաքին, Երանին, Եղիսաբեթին, Շուշանին, Հեղինեին, Հայկանուշին և այլն, և այլն և այլն։ Հազար-հազար բարև։ Սիրելի Գուրգենիկիս մի այնպիսի համբույր, որ ոչ շրթունքներին դիպչի և ոչ նրանցից պոկ գա, իսկ քեզ թող Կատինկան համբուրե իմ փոխարեն այնպես ամուր, որ ձայնը հասնի Մեյրանղուլանց տուն... փեսա Հակոբին շատ իհարկե:

Թիֆլիս, 27 հունիս, 86

Իմ անգին և անզուգական հոգյակ.

Նստած մենավոր լռության մեջ և պատուհանիս տակ ունենալով Քռի խուլ հոսանաց ձայնը, իսկ հանդիպակած բլուրների վերա՝ արեգական վերջին շողերը, ինչի՞ վերա մտածել և կամ ո՛վ երազել թե ոչ՝ քեզ, որ հարյուրավոր մղոն ինձանից հեռու ու՝ դարձյալ խլում քաշում ես դեպի քեզ սիրտս և հոգիս, ժամանակ չտալով նրանց գոնե մի ժամ իմ մարմնի մեջ մնալու…

Ճաշից հետո, երեկոյան վեց ժամն է, թեպետ շատ ժամանակ չէ, ինչ գտնվում եմ կանտորում, բայց արդեն ձանձրացել եմ գործով զբաղվելուց։ Մի կես ժամ առաջ գտնվում էի Մուշտայիդում։ Քո բացակայությունից հետո իմ միակ զվարճությունը ձիաքարշն է։ Այն ժամերը, որ ես ճաշից հետո անցցնում էի քեզ մոտ, այժմ ես գործ եմ դնում զբոսանքի վերա. այդ ժամերի մեջ ես մտածում եմ քեզ վերա, որովհետև միակ ժամերն են, որոնք սկզբից իսկ քեզ էին պատկանում։ Ես նրանց չեմ կամենում գործ շինելու զոհել, որովհետև տակավին նրանք սուրբ են ինձ համար։ Նրանցից առաջ անցած և հետո եկող ժամերում, արդարև ես ջանասիրությամբ աշխատում եմ և պետք է խոստովանեմ, որ ինչպես առաջ, այնպես էլ այժմ, ես գործի ժամանակ շատ քիչ եմ մտածում քեզ վերա։ Պարապության կամ հանգստության ժամերում, խոսք չկա, որ միտքս ուրիշ ոչնչով չի պիտի զբաղվի, բայց թե քեզնով և միմիայն քեզնով։

Թեպետ շատ անգամ ինձ համար ավելի քաղցր է լինում քեզ վերա մտածելը՝ քան թե նամակ գրելը, բայց որովհետև քեզանից նամակ ստանալը այս երկուսից էլ ավելի քաղցր է, ուստի չեմ ուզում առիթ տալ քեզ ծուլանալու, և ինքս շուտ շուտ նամակ գրելով՝ կամենում եմ գրգռել քեզ միևնույնը անելու։ Միայն թև մյուս կողմից էլ խնայում եմ քեզ, որովհետև ինձ համար ավելի թանգ է քո մի ժամվան հանգստությունը, քան թե իմ մի քանի օրվան ուրախությունը։ Հաշվելով, որ այսօր փոշտը պիտի հասնե Շուշի կիրակի օր, ես չեմ կամենում այդ օրը զրկել քեզ իմ այցելությունից, հավատացած լինելով, որ ուրիշների այցելությունը կարող է աչքիդ երևալ, թե ինձ նրանց մեջ չնշմարես։ Ահա հենց մի գլխավոր պատճառն էլ իմ այսավուր դրության։ Ուրեմն դու բնավ մի շտապիք իմ պարտքի տակից դուրս գալու, այսինքն, ամեն նամակիս պատասխանելու ես շաբաթ. մի անգամով էլ գոհ կլինեմ, բավական է, որ այդ մի անգամն էլ ինձ ուրախ լուրեր հաղորդես քո կեցությունից և քեզ շրջապատող կյանքից։

Ես քեզ սրանից աոաջ 2 նամակ էլ եմ գրած, այն է՝ 23-ին և 25ի-ն. վերջինիս հետ ղրկած եմ նաև լրագիրները սրա հետ էլ ուղարկում եմ նույնպես: Հույս անեմ առաջինները ստացած լինես և ներկայիս էլ կստանաս։

Իմ առողջությունից հարցունես, փառք աստուծո, միշտ նույնն եմ՝ աոանց մի քայլ անգամ դեպի վաաը գնալու, ինչ որ քո ժամանակ, նույնը և այժմ և գուցե հավիտյանս հավիտենից:

Այժմ քեզանից մի խորհուրդ եմ ուզում հարցնել, տեսնեմ ինչ պատասխան կգրես: Շատ ժամանակ է արդեն՝ «Նոր Դարում» իմ ձայնը չի լսվսւմ, այդ ամեն կողմից նկատում են։ Իմ գործերս արդեն թեթևացրել եմ, ուստի կամենում եմ ճաշից հետոյինները զբաղվել մի քանի ժամ նոր վեպի շարադրությամբ։ Նույնիսկ ինձ համար հաճելի չէ, որ ես ոչինչ չեմ գրում «Նոր Դարում», պետք է, անշուշտ, այդ բանը քեզ համար անդուրեկան լինի։ Հետևապես թե ես սկսեմ այդ մտադրությունս իրականացնելու, իմացած եղիր, որ քեզ շաբթեն ոչ թե երեք, այլ միայն 2 նամակ պիտի գրեմ և գուցե երբեմն մեկ: Բայց դրա փոխարեն իհարկե դու բախտ կունենաս նոր վեպ կարդալու: Չէ՞ որ քեզ համար միևնույն է,քեզ վերա ուղղածս կարդալ՝ թե լրագրում տպվածն: Բավական է, որ միշտ քո Գրիգորին լսես։ Գուցե հարցնես, թե վեպ գրելն արգելք կարո՞ղ է տալ նամակագրության. այդ ճիշտ է. ես ժամանակ շատ ունիմ, բայց կամենում եմ, որ զբսոսանքն էլ չթողնեմ, այսինքն, ինչպես միշտ, մի ամբողջ ժամ զբոսնել ճաշից հետ. իսկ, որովհետև, քիչ ժամանակ կմնա ինձ և՛ նամակ և՛ վեպ գրելու. նոր վեպս կլինի «Չհասն»-ն, որ կամենում եմ նվիրել Կատինկին, ըստ որում նրա կյանքի ամենամեծ խնդիրը լուծելու ժամանակ տեղի ունեցած դժվարություններն են ծվեցրել իմ գլխում այդ վեպի իդեան:

Մյուս կողմից էլ, միամիտ կաց, այդ զբաղվիլը ինձ վերա մի որևէ ծանր ազդեցություն չի կարող անել, որովհետև օրվա մեջ այն ժամերը պիտի գործ դնեմ նրա վերա, որոնք, ինք ըստ ինքյան, կազմվածքին մի օգուտ կամ վնաս չեն պատճառում, թե գործ են դնում աշխատության համար։

Ձեր գնալուց հետո միայն մի անգամ եմ գնացել Սպանդարի մոտ. և այն, որ գրում էիր թե՝ «ցտվերից խոսելիս» անտարբեր եղիր, իսկի դրանց մասին խոսք էլ չէ լինում, միամիտ կաց, պետք է ասած, որ ձեր գնալուց հետո, ես դեռ ոչ մի աշխատանք չունիմ արած, բացի հաշիվներս մաքրելն: Գոնե մի լավ վեպ էլա ստեղծեմ, որ գալուց հետ չնախատես ինձ, ասելով. «ծառա չար և անհավատարիմ» ինչու մի մարդավարի բան չես շինել ինձանից հետ։

Մեր Ալեքսանը դեռ այստեղ է. երկու օր է իրար չենք տեսնում, ես առավոտը վաղ գնում եմ իրան չեմ տեսնում, ինքն էլ իրիկունը ուշ է գալիս ինձ քնած գտնում. թե այսպես շարունակվի մի տարի միմյանցից խաբարություն չենք ունենալ:

Չմոռանաս մեր էզնիցը (նաթամ ապորից) մեր ազգին, այն է՝ մեր պապու ծագման համար ինչքան տեղեկություններ ունի հարցրու իմաց և գրիր, այսինքն՝ թե պապին որտեղացի է եղել, ովքեր են եղել նրա ծնողները, ինչով է զբաղում եղել և այլն, և այլն— որ հարկավոր իմ հիշատակարանի համար, թե չէ դա էլ կմեռնի և բանս կմնա կիսատ: Ողջունիր Ազյուն, մամին, Նաքուին և մյուս բոլոր հարցանողաց, նույնպես ամենուն: Մի գողտր համբուրիկ հրեշտակ Գուրգենիս։ Սիրելիս.

Հ. Գ. Անցյալ անգամ, այն է 27-ին 2 համար լրագիրները երկաթուղին տարա, բայց վաղ լինելով՝ մարքա չկար գնելու. ես փողը թողեցի այնտեղ, որ իրենք կպցնեն ղրկեն. գրիր տեսնեմ ստացել ես, թե ոչ, 100 և 101 համարներն էին։ Գրիր տեսնեմ, ինչ են խոսում իմ հոդվածի առթիվ և ինչ խոսացին Սպանդարի նույն նյութովն գրած առաջնորդողի համար։ 3ուզբաշյանին շուտով կհեռացնեն, թե ինքը չհեռանա։ Հակառակ դեպքի համար (այսինքն թե Յուզբաշյանը լրագրներում իրեն պաշտպանել սկսե), Հովհաննիսյանին ասա ինձ համար նյութեր ղրկե նրան դիմադրելու։

Իմ վեպս արդեն սկսել եմ, ուստի, սիրելիս, հաջորդ նամակս կգրեմ ուրբաթ օր, այն է հուլիս 4-ին, հուսամ չես նեղանալ։ Թիֆլիսում քեզ հաղորդելու նորություններ չկան: Սպանդարը և Նատալիան քեզ շատ շատ բարևում են։ Երեկ նրանց տանն էի ճաշի, ինչպես միշտ, շատ լավ ճաշեցինք։ Հետո գնացինք Մուշտեիդ, բայց եղանակը անձրևային լինելով քաշվեցանք «транвай» րոդոնտը և այնտեղ մի քանի շիշ գարեջուր վայելեցինք, երեխաների հետ միասին։ Մի փոքր էլ մուզիկա լսվելուց և երեխաներին կարյուսել նստեցնելուց հետո կառքով վերադարձանք մեզ մոտ, ուր ես փառավոր չայ խմեցրի բոլորին կաթով, կարագով և այլն ըստ կարգին։ Տերտերին էլ հյուրասիրեցի։ Մեր կաթ բերողը շաբաթ առավոտը մի կես ֆունտ յուղ էր ընծա բերել, չգիտեի ինչ անել— աստված ուտողները հասցրավ։

Մարիամը և Լիզան ամեն օր կարոտից կարոտիվ բարեվում են ձեզ։ Մարիամը ինձ լավ ծառայում է, սրբոտում է, լվանում է և այլն. շատ գոհ եմ նրանից։ Քո կարեմաշինի սեղանը Մալայանցը բերավ. լավ գործ է, բայց մի փոքր մեծ է երևում իմ աչքում, մեր ումովալնիկը տվի շինելու, շատ պակասավոր էր դարձել։ Սենյակների հատակները մոմ քսել տալն թողնում եմ ընդ միշտ, որովհետև առ այժմ ավելորդ է։ Սրանք գուցե ավելորդ բաներ են գրելու համար, բայց ես կարծում եմ կարող են քեզ հետաքրքրել։ Վաղվանից էլ կսկսին նորոգել նորից։ Անցյալ գիշեր Սպանդարի հետ Семеные այգումն էինք. երկար խոսացինք։ Ի միջի այլոց նա սկսեց կարծիքներ հայտնել մամին և Ազյուն վերաբերությամբ— առաջնորդված յուր դիտողություններով։ Նա բոլորովին աննպաստ էր խոսում դեպի մաման և նպաստավոր դեպի Ալին։ Ես չդիմացա. պարզ տեսնում էի, որ ճշմարտությունը անհայտության մեջ է և, չնայելով որ, խոսակցությունը ընդհանուր հայացքի նման էր, բայց ես չուզեցի ծածկել ճշմարտությունը և հասկացրի նրան ամեն մեկի արժանիքը յուր ճշմարիտ չափով։ Մի ուրիշ որդի չէր անիլ և չէր խոսիլ, բայց ես սկզբից ճշմարտության և անհայտ առաքինության պաշտպանն եմ եղած. այդպես էլ այդ երեկո ճշմարտությունը վերականգնեցի։ Այժմ նա գիտե, որ պետք չէ միշտ արտաքին երևույթից չափել մարդկանց արժանիքը։ Դե էլ ինչ գրեմ, հոգիս, բոլորին էլ շատ բարև, մանավանդ մամին, Կատինկին և Մանիշակին։ Նիկոլային խո գիտես։

Քո Գրիգոր

Ավագից նամակ ունեի— գրում է թե գնացել են, թե ոչ: Վաղն էլ նրան պիտի պատասխանեմ. մեր Ալեքսանն էլ արդեն ճամփվեց Բաքու։ Բարևիր իմ կողմից Ամյուն և Ազյուն։

Թիֆչիս, 30 հունիսի, 86.

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

Ամսույս 27֊ին նույնպես մի նամակ ունիմ գրած քեզ, որի էգսը ստացա քո նույն թվականավ նամակը, (թիվը քո դրածը չէր, կոնվերտի վերա տեսի), որի մեջ հիշում ես իմ անթվական նամակի ստանալդ, որպես թե քո միևնույն նամակը շատ թիվ ուներ։ Ստացա նույնպես քո ծրարած ծաղիկները, քո անթառամ և գողտրիկ սիրո առհավատչյան։ Ինչ անեմ, հոգիս, ես ծաղիկներ չունիմ, իմ չորս կողմը ամայի է. ինչ նվիրեմ քեզ ուրեմն, ինչ որ ունեի` այն արդեն վաղուց նվիրել եմ քեզ և այդ նվերը գուցե այժմ էլ մի հնացած բան է քեզի համար… ստիպված պիտի մնամ քեզ պարտապան մինչև տեսնենք ինչ ճանապարհ է ցույց տալիս մի նոր նվիրաբերությամբ քեզ ծառայելու։

Չես կարող երևակայել, թե որ աստիճան ուրախանում եմ, երբ ամեն անգամ կարդում եմ քո նամակում, թե՝ օրերդ լավ ես անցուցանում և ուրախ ես լինում միշտ։ Բայց նամակ գրած ժամանակդ շատ ժլատ ես պահում քեզ։ Դու գիտես ո՛ր աստիճան ինձ կհետաքրքրե քեզ շրջապատող կյանքը ինչո՞ւ դրա մասին մի մանրամասն նամակ չես գրում (թե միայն այդ քեզ չէ հոգնեցնում, կամ ուրախությունդ չէ խանգարում)։ Օրինակ օրվա որ մասը ինչով ես պարապում ո՞ր մասը ընդունելությանց, կամ այցելությանս ես նվիրում։ Կատինկան, մաման, Մանիշը շուտ շուտ գալի՞ս են ձեզ մոտ և դուք գնո՞ւմ եք իրենց մոտ, թե ոչ։ Քեզ մոտ ո՞վ է քնում գիշերները, լավ ես կերակրվում թե ոչ, աշխատո՞ւմ ես քեզ մի փոքր կազդուրելու, և այլն, և այլն, և այլն։ Եվ հետո ովքե՞ր են այցելել քեզ մեր տան անծանոթ ընտանիքներից, դու որո՞նց ես այցելե, ի՞նչ կարծիքներ, խոսքեր, գուշակություններ ու զրախոսություններ են ընթանում ձեր չորս կողմը և այլն, և այլն, և այլն։

Բայց, իհարկե, այս բոլորը թվելս ավելորդ է, թե մի հետաքրքիր բան լինին, դու կհաղորդես անշուշտ։ Շատ ուրրախ եմ, որ Գուրգենիկս այդքան հաջադիմություն է արել, մեծացել, չաղացել և խելոքացել է, թեպետ ավելի խելոք լինել, քան ինչ որ էր, հարկավոր չէ։

Խաչենագետ գնալու համար ինչ որ որոշել եք լավ եք արել, «i’nomme pnopose, Dieu dis posea» ասում է ֆրանսիական առածը. տեսնենք, երբ դուք կգնաք ես էլ կգամ: Քնելուդ համար մի զարմանար, դու դեռ ինձ քեզ մոտ ունեցած ժամանակը քնում էիր… այժմ, երբ ես չկամ, կքես ու կքնես։ Եվ լավ է, որ շատ քնես և մարդիկների հետ հաճախ տեսնվելու ժամանակ չունենաս, թե չէ քո՝ «դեռ ես ուրիշին չեմ սիրում» խոսքը ինձ վախեցնում է։ Քեզ նմանի աչքը որ բացվեցավ, էլ աստված հեռու տանի։ «Դեռ ես մի խոսք եմ գրել, թե մի երիտասարդ կա, որ քեզ հեռվից որ դու նամակիդ սկզումն ես հարցնում սրտատրոփ,թե «ասա ինձ, ի սեր աստծո, թե ով է այդ երիտասարդը, որ ինձ հեռվից պաշտում է…»։ Օ՜հ, կանայք, կանայք, կարիճովն անգամ կհետաքրքրվեք, թե իմանաք, որ նա սիրում է ձեզ… Բայց ախ, ես ինչպե՞ս կկամենամ, որ դու մեկ ուրիշին սիրես, ես շատ հետաքրքրվում եմ այդ նախանձի ցավով, ես անպատճառ ուզում եմ զգալ նրան և մի քանի օր գոնե տոգորվել այդ վշտերով։ Բայց տես, չհամարձակվես ինձ հավատալ, դու կարծում ես, թե ես քեզ սա՞ղ կթողնեմ, որ ուրիշին սիրես. երբեք, մի գնդակ և ամեն ինչ վերջացած է։ Բայց ներողություն, տիկին, այդ գնդակը ինձ կհասնի և ոչ թե ձեզ. խնդրեմ չվիրավորվեք։ à propos. թե մի մարդու սիրելու լինեք՝ ինձ գրեցեք և ռևոլվերս էլ անմիջապես ղրկեցեք։ (Վերջի նախադասության հոգնակիները սխալմամբ գրվեցան)։ Բայց ճիշտն ասա ինձ, սիրելիս, մի՞թե դու ինձ սիրում ես և մի՞թե զահլատ չի գնում իմ շատախոսությունից, իմ հիմար, անմիտ վայրաբանություններից։ Հա, ուրիշ ո՞վ կար Հովհաննիսյանի հարսանիքում, գեղեցիկ, բարձրահասակ, ազնիվ դեմքով… և դու պարեցիր նրա համար, և միայն նրա համար, այնպես չէ՞. և դու ուրախ էիր, որ ես Թիֆլիսումն եմ, որ քեզ չեմ կարող տեսնել, քո ժպիտը և շարժումները դիտել, քեզ խանգարել… Եվ ամեն բան լավ անցավ, այնպես չէ՞. Դու զարմանում ես, որ ես բոլորը գիտեմ և մինչև անգամ վախենում ես, որ կարող եմ բոլորը գիտենալ։ Հանգիստ կաց, հոգիս, ես ոչինչ չգիտեմ: Ես մինչև անգամ քեզ ներում եմ և թե Թիֆլիս գաս, ես խռով չեմ լինիլ, քեզ հետ ես կխոսեմ։ Դու գրում ես, թե Կատինկան օրվա մեջ մի քանի անգամ առանց պատճառի լաց է լինում. նա առանց պատճառի չէ, հոգիս, ես եմ միայն պատճառը իմանում. նա լաց է լինում յուր եղբոր, յուր խեղճ և ապաբախտ Գրիգորի համար, որին յուր քույրը դավաճանել է «Ավաղ, փառացս անցավորին։ Բարևիր և ասա Կատինկին, թե մի լաց լինիր, ով իմ հավատարիմ քույրիկ, աշխարհ է, այդպես բաներ շատ կպատահի…։ Բայց թող նա հարյուր անգամ իմ փոխարեն համբուրե քեզ, որ քո սիրահարները նախանձից մեռնին։ Ախ, Ոսկի, ինչպես ցանկանում եմ այս րոպեին համբուրել քեզ և այնպես պինդ, այնպես ամուր… Այս րոպեին իսկ սիրտս թուլանում է քեզ համար, ես չեմ կարողանում իմ կատակները շարունակել… բայց, մի՞թե մենք ամբողջ երկու ամիս էլ հեռու պիտի մնանք միմյանցից և դու այդ կտանես, և դու կուզենաս, որ ես համբերեմ… Չէ, մի ամիս էլ՝ և մենք միմյանց մոտ կլինենք, ես ուզում եմ քեզ մոտ լինել, տեսնել քեզ, լսել քեզ, սիրել քեզ… Ա՜խ, ինչպես վատ եմ տրամադրված ես այս րոպեին, ես հազար ու մի ուրիշ բաներ ունեի քեզ գրելու և ինչպես չեմ կամենում ոչինչ գրել։ Ախ, Ոսկի, ես կամենում եմ, որ դու ուրախ լինես, որ քո ժամանակդ զվարճությամբ, խնդումով ու ծիծաղով անցնի, բայց զայրանում եմ, որ դու ինձանից հեռու ես. և միթե քեզ համար լավ է անցնում, երբ ես քեզ մոտ չեմ. օհ, մի ասիր այո, ես չեմ ուզում, որ դու առանց ինձ ուրախ լինես, ես նախանձում եմ այն բոլորին, որոնք քեզ ուրախ պիտի տեսնեն, որոնց դու գեղեցիկ պիտի երևաս… Օհ, դու խաբիր ինձ, խաբիր, որ դու միշտ տխուր ես լինում, խաբիր, որ դու առանց ինձ վատ ես օր անցցնում. ես այդպես եմ կամենում.— Բայց չէ. ես զառանցում եմ. սա մի րոպեական այլայլմունք է. և շուտով կանցնի, ուրախ եղիր, հոգիս, ես արդեն աշխատում եմ սովորել այս տխուր միայնությունը և թե չկարողացա երկար համբերել, ես անպատճառ կգամ քեզ մոտ։ Համբուրիր իմ անուշիկ և քաղցրաբույր Գուրգենիկին. լավ պահիր նրան և նրանով սփոփվիր, թե երբևիցե ցանկություն է մնում քո մեջ ինձ ողջագուրելու. և դու գոնե այդ կողմից բախտավոր ես… բայց ոչինչ, ես էլ մխիթարվում եմ նրանով, որ դու ուրախանալու առարկա ունես քեզ մոտ։ Համբուրում եմ քեզ բոցավառ շրթանց համբույրով:
Քո Գրիգոր
Թիֆլիս, 2 Հուլիսի, 1885
Անուշիկդ իմ Ոսկի.

Հունիս 28 թիվ նամակդ ստացա, որից հետո դու էլ անշուշտ իմ 30 թվականավ գրածս կլինես ստացած: Զարմանում եմ եմ, թե ինչու համար 25֊ի Նամակս այնքան ուշացել է. երևի մի փոշտ հետ են ձգել։ Վերջապես ուրախ եմ, սիրելիս, որ էլի ուրախացուցիչ նամակ ես գրել՝ ինչպես միշտ։ Դու իզուր ես կարծում, թե քո նամակներն անհամ և անհետաքրքիր են լինում. ընդհակառակը, ես նրանց ամեն մի տողը իմ տասը նամակի հետ չեմ փոխիլ (իմ վերաբերությամբ, իհարկե)։ Որքան էլ որ պարզ լինի քո նամակը, միշտ սիրելի է ինձ համար։ Եվ վերջապես ինչ հարկ կա ցանկանալ սևթևթել բնականը, ճշմարտությունը. ինչ որ հարկավոր է, այն լիուլի մատակարարում են ինձ քո նամակները. ավելին ես չեմ ցանկանում։

Քո նախանձոտ դառնալու մասին ես գրում ինձ. այդ ինձ ավելի է զվարճացնում. ես սիրում եմ, երբ կանայք նախանձոտ են, մարդու նախանձը շան զգացմունք է, իսկ կնոջ նախանձը՝ սիրո զգացմունք. միթե ես ուրախ չի պիտի լինեմ, երբ տեսնեմ, թե դու ցանկանում ես ինձ միայն քեզ համար ապրող տեսնել. այդ նշանակում է քո բոլոր աշխարհը դու միայն իմ մեջ ես տեսնում. սրանով արդեն զրկվում է և իմ ինքնասիրությունը. ինչու ուրեմն գոհ չլինել բախտի այս առավելությունից։ Բայց ես մի փոքր ծիծաղեցի, երբ դու ասում ես «տես, զգուշացիր, ես ամեն բան կարող եմ իմանալ…»։ Եվ դու ինչ կարող ես իմանալ, իմ խղճուկ Ոսկի. թե ես, նույնիսկ այսօր, մի ժամադրություն ունեցած լինեմ և… մի՞թե դու հավիտյան կարող ես բան իմանալ։ Վախենալ և երկյուղից հանգիստ մնալ, դա քաջություն չէ, և դու չպետք է կամենաս, որ երկյուղը լինի իմ առաքինության պահապանը, այլ խնդրիր աստուծո, որ նա իմ ներքին ձայնը այնքան զորացնե, որ այդ ձայնը միայն կառավարե իմ զգացմունքները։ Եթե մարդ ինքը երջանիկ չէ զգում իրեն՝ յուր սրբազան ամուսնության հավատարիմ մնալովն, հավատացիր, որ ոչ մի երկյուղ նրան հետ. չեն կասեցնիլ չար ճանապարհից, եթե կասեցնել հաջողին իսկ, ինչ արժեք այնուհետև ամուսինը յուր ամուսնո աչքում, կամ, նույնիսկ, յուր խղճի առաջ. ինչ երեսով նա կարող է արդարանալ։ Վերջապես նախանձիր ինձ, որքան կարող ես, բայց մի համբույր, մի համբույր ղրկիր ինձ. ես արդեն ծարավել եմ… ղրկածդ հարյուր հազար համբույրները ինձ չեն գոհացնում, և դու էլ գիտես, որ մեղավոր չեմ ագահությանս համար։

Այստեղի շոգերը արդեն սկսվել են. բացի մեր կանտորը, ուր գեղեցիկ զովություն կա և գետի ամենասիրուն կարկաչ, մնացած տեղերը արդեն այրում է։ Իզուր տեղը մի կարծիր, թե Շուշի գնալդ սխալմունք է։ Մեր կողմից սառնության համար ես գրում. քանի գրոշով կառնեմ նույնիսկ նրանց տաքությունը. չարժե դրանց վերա խոսել իսկ: Հազար շնորհակալություն քեզ, որ նավի ղեկը խելքով ես վարում. բոլոր նեղություններդ ինձ համար կրած համարիր ու կքաղցրանա աշխատանքդ։ Ես կարծում էի, թե դրանք այժմ մի քնքշությամբ կողջագուրեն քեզ, ես, որ մտադիր էի Շուշի գալ մի քանի օրով, սկի էլ չեմ գալ. ում համար գամ։ Հագուենց վարմունքը նախանձով էլ կարելի է բացատրել, իրենց դրության թշվառությամբն էլ, Հագուի վաստակած լինելովն էլ, բայց և այնպես անուշադրության տալու է։ Մեր Զառի բաջուն իմ անկեղծ շնորհակալությունս հայտնիր յուր անկեղծ բարեկամության համար և բարևիր իմ կողմից։ Ով որ իմ Ոսկուն կսիրե, նա իմ աչքի լույսն է, ով որ սառը կլինի դեպի նրան, իմ աչքն էլ չի տեսնիլ նրան։

Ինչպես Նիկոլային էլ գրել եմ՝ գուցե պատահի, որ ես մի երկու օրով Դալմամադլու գնամ, այն ժամանակ նամակիս երեսը այնպես կգրեք, ինչպես իրան կարգադրել եմ։ Մինչև այժմ էլ թե գրած ունենաք, ես արդեն կարգադրել եմ պոչտալիոնին յուր մոտ 2 օր պահելու։ Այս գրում եմ համենայն դեպս, գուցե սկի չգնամ էլ։ Բայց, թե գնացի և մի քանի օր ինձանից նամակ չստացաք՝ նիկարան չմնաք։ Գնալուց ես դարձյալ կիմացնեմ։ Այսքանս։

Թեպետ քեզ գրում էի, թե վեպի պատճառով քեզ ամեն փոշտ չեմ գրելու, այլ շաբաթը երկու անգամ, բայց տեսնում եմ, որ այդ էլ շատ դժվար է ինձ համար, իսկ վեպը դեռ մնում է միակողմ։ Ինչպես անեմ, չգիտեմ։ Յանի իմ մտքից մի քանի րոպե դուրս գնա էլի՛, ինչ ես ուղեղիս մեջին բազմել, բաս քեզ բան ու գործ չունե՞ս. գոնե օդափոխության համար գլխիցս դուրս եկ գնա մի ուրիշ տեղ. միայն թե այդ ուրիշ տեղը սիրտս չլինի… Այս րոպեին ներս մտավ մեր պատրոնը և էլ նամակս չեմ կարող շարունակել մինչև ժամ 8-ը. գործ պետք է շինեմ... մի համբույր` և ցտեսություն։

Նամակիս պարապ տեղերի համար պատճառին անիծիր: Գուրգենիկիս համբույր: Բոլորին ողջույն:

Քո Գրիգոր

Եկա տուն, հոգիս. կաթը տաքացրած առաջիս է. մինչև նրան սառչիլն և մինչև պոեզդի ժամանակն հասնիլն թող էլի մի երկու տող գրեմ, գիտեմ մի քանի տող ավելին` քեզ ավելի կուրախացնե։

Գեղեցիկ լուսին է. տան մեջ խավար և կատարյալ միայնություն. մի քանի րոպե առաջ ես դիտում էի Քռի արծաթափայլ ալիքները և հոգվով թռչում քեզ մոտ։ Ես հիշում էի այն բոլոր ժամերը, երբ մենք միասին, այս պատուհանների առաջ կանգնած, զրույց էինք անում և կամ ղրկած իր չարություններ գործում... Հիշում եմ, երբ նշանված ժամանակ այս լուսնի առաջ գաղտագողի համբույրներ էինք տալի, միմյանց և զմայլմունքի ու սիրո հափշտակության մեջ երջանկության ճշմարիտ քաղցրությունը վայելում... Այժմ դու ինձ մոտ չես. սիրտս քեզ շատ է ուզում, նա ուզում է դուրս թռչել յուր նեղ պահարանից, ուզում է դուրս թռչել բառի բուն նշանակությամբ: Ախ, իսկի, ես քեզ մատաղ, միթե կգտնվի մեկը, որ կարդա այս տողերը և հավատա ինձ, թե միայն այդ մեկը դու չլինես, որ ինձ կատարելապես կարող ես հասկանալ և զգալ։ ...Տխուր է, շատ տխուր, ես իսկույն կտանեմ այս նամակը երկաթուղին, հետո շուտ կվերադառնամ Մուշտայիդ

նրա խորհրդավոր ու սիրային հափշտակության, համար ստեղծված պուրակներում կզբոսնեմ, կնայիմ լուսանի վերա, կդիտեմ ծառերի միջով ներս հոսող նրա դողդոջուն շառավիղները, կլսեմ քաղցր ու մեղմիկ սուլոց ու թռչոց հովիկներին և, երբ կատարելապես կհոգիանամ, այն ժամանակ կսկսեմ մտածել քեզ վերա, զառանցել քո մասին, սիրել քեզ, երգել քեզ... երբ լուսինը կսկսի հակվել դեպի Վերայի տարևանտը, ես կբարձրանամ այն տերրասի վերա, ուր մենք վերջին անգամ ընթրեցինք, կդիտեմ նրա բոլոր տեսարաները, հետո գաղտնի և հովանավոր սանդուղքով կիջնեմ քո սիրելի պարտեզը... այնտեղ այժմ էլ վարդեր չկան, բայց ես կհամբուրեմ այն վարդենիները, որոնցից դու վերջին անգամ ինձ համար վարդեր քաղեցիր և նրանցով իմ կուրծքը զարդարեցիր... Օհ, Ոսկի՜, միայն քո անունը արտասանելով սիրտս լեցվում է մի աստվածային, մի գերբնական քաղցր զգացմունքով, տոգորված սիրո և հիացման հետ, մի զգացմունք, որին որոշ անուն տալ չեմ կարող, բայց որը` գուցե, երջանկությունը ինքն է... Մնաս բարով իմ անգին Ոսկի, իմ քաղցը հրեշտակ, ես կերթամ քո և իմ սիրո անդրանիկ գրկախառնման վեհավայրը,..
Գրիգորդ

Բայց դեռ որքան խոսքեր ու մտքեր ճնշվեցան սրտիս խորքերում. ախ, ճշմարիտ որ աշխարհը փոքր է սիրո համար։ Ինչու նրան պիտի սահմանափակեն ժամանակն ու հանգամանքները։

Թիֆլիս, 4 հուլիսի, 1886

Իմ անուշիկ և աննման Ոսկի.

Ամսույս 2-ին էլ քեզ նամակ ունիմ գրած, որը գուցե ժամանակին հասած չլինի երկաթուղո ճանապարհի փչանալու պատճառավ, բայց անշուշտ այս նամակի հետ միասին կհասնե քեզ։ Նոր և անհրաժեշտ նորություն չունեմ քեզ հաղորդելու. մանավանդ, որ այս փոշտն էլ ես քեզանից նամակ չստացա։ Եթե հանգիստ գրելու ժամանակ չես ունեցել ու չես գրել, լավ ես արել. բայց եթե հանգստություն ունեցել ես և ծուլություն ես արել, ուրեմն հանցանք ես գործիլ։ Եթե իմ նամակս մի փոշտ ուշանա, դու չպետք է վշտանաս, որովհետև քո չորս կողմ զբաղեցնող կյանք է պտտում, իսկ ես կատարյալ միայնակ եմ և կարիք ունեմ գոնե քո անընդհատ նամակագրության։ Մյուս կողմից էլ, ինչպես գիտես, գործերս շատ. եղանակը շոգ, անակնկալ և միջանկյալ զբաղմունքներ, սոքա բոլորը իմ շարունակ գրելուն, թե ոչ բոլորովին, գոնե մասամբ կարող են խափան լինել. այնուամենայնիվ ես շարունակում եմ քեզ զբաղեցնելու և փոստի օրը քեզ չտխրեցնելու, չնայելով, որ մի Գուրգենդ միայն բավական է քեզ ամբողջ ամիս զբաղեցնելու առանց իմ նամակին։ Այս նամակը գրում եմ կիրակիդ ավելի զվարթացնելու համար. (այս րոպեին լսեցի, որ պատուհանի տակ մեկը բղավում է, վեր կենամ նայեմ, և ինչ եմ տեսնում, Նոերտերենց ծառան բախշի ճաղերի վերան է բարձրացել, որ խաղող քաղի ու կախվել է, երկու ձեռքերն էլ մնացել է վերևից ճաղերի ղաթումը ու ինքը ամբողջ մարմնով կախված «վայ Մարիամ» է կանչում։ Մարիամը եկել է վերևից ներքև է քաշում ծառային, բայց նա բղավում է թե վերև բարձրացրու. խեղճ պառավի ուժն էլ չի ներում, որ բարձնե այն առանձին. ճարակտրիր ներքև վազեցի և ներքևից վերև բարձրացրի նրան ու մի կերպ ազատեցի, բայց երկու ձեռներն էլ դուրս էր ընկել—սա րոպեական միջանկյալ էր)։

Այստեղի շոգերը մարդավարի սկսել են. դրսում 40 աստիճան, իսկ ներսում՝ 22—25 աստիճան։ իմ կանտորում 19 աստիճան է, իսկ մեր սենյակում ստավնիները փակած ժամանակ 21 ու կես աստիճան։

Անցյալ նամակում գրած էի, որ գուցե կերթամ Դալմամատլի, բայց էլ չգնացի, ուղարկված մարդը բավականացուցիչ է և իմ վերահսկողության պետք չունի։ Լավ է, որ չգնացի, ասում են այնտեղ սարսափելի շոգ է, այնպես որ շունչ քաշել չի լինում։

Երեկոյանները ժամը 7-ից սկսած այստեղ շատ դուրեկան հով է, գնում եմ երբեմն Մուշտայիդ և այն էլ, իհարկե, այն երեկոյան, երբ քո նամակը վագզալ եմ բերում։

Սպասիր գնամ կուխնին վառեմ կաթը դնեմ վրան:

Հը, դրի եկա։ Հիմա սկսենք խոսել։

Ով գիտե, սիրելիս, հիմա ինչ տեսակ կասկածներ և երկյուղ է պաշարում քեզ, երբ ամեն անգամ լսում ես ինձնից զբոսանքի գնալու կամ Մուշտայիդ արշավելու լուրեր։ Ախր լավ կինը, սիրտ ու հոգի ունեցող ամուսնուհին չի կարող ապրել առանց կասկածի, նախանձի… և օհ, ինչպես ես սիրում եմ, երբ դու կասկածում և նախանձում ես, բայց ես այդ սիրում եմ այստեղ, ինձ մոտ. թե չէ այդտեղի համար ես երբեք և ոչ մի պայմանով չէի կամենալ քեզ կասկածավոր տեսնել, որովհետև այդ միայն կանհանգստացնե երկուսիս էլ: Բայց, թե դու բոլորը գիտենաս, թե դու մի անգամ տեսնես, զգաս, շոշափես այն ժամերը, որոնց ես գործ եմ դնում իմ մենավար զբոսանքներում՝ քեզ վերա մտածելով… այն ժամանակ հիացմունքից, յոթներորդ երկինքը, կբարձրանաս… Չես կարող երևակայել թե որքան քաղցրություն, որքան կյանք, սիրտ, հոգի, բանաստեղծություն և վերջապես աստվածություն կա այդ մենավոր զբոսանաց և սրբազան հափշտակության մեջ… Գիտես, էլ ես ոչինչ չեմ մտաբերում մեր պսակից, հարսանիքից և մինչև անգամ Գուրգենի աշխարհ գալուց… ես կարծում եմ, թե դու դեռ այն Ոսկին էս, որին հաճախ տեսնում էի ձեր տան չափարի տակով տուն գալիս, դարչնագույն շրջազգեստով, գրքերը կռանդ տակ… շատ անգամ ես նայում էի ձեր փանջարիցը և դու հայուհի ձյուները կոխ տալով գալի թխկթխկացնում էիր ոտքերդ սանդուղքների տակ, նրանց մաքրելու համար, հետո ներս էիր մտնում խոհանոցով, առանց իմանալու թե ով կա ներսում և դու տեսնում էիր ինձ… Ով երանության օրեր, որոնք այսօր էլ սրբազան ազդեցություն են անում իմ հիշողության և երևակայության վերա… Ես այժմ էլ քեզ սիրում եմ նույն կուսական և աստվածային սիրով, երբեմն ես այդ սիրո մեջ այնքան եմ օրորվում, որ կարծես սկսում եմ հուզվել, անգայտոնալ… հենց որ քեզ մտաբերում եմ, հենց որ սկսում եմ հիշել քո դեմքը, հայացքը, ձայնը, խոսքը, ժպիտը… սիրտս սկսում է կուչ գալ, կարծես մի մեծ և փառավոր անցյալի պատկերը մարմնանալով կանգնում է իմ առաջ, ինչպես մի գերբնական ոգի, որին ես պարտավոր եմ գրկել, բայց որի վեհափառությունը ճնշում է իմ հոգին… ես ետ եմ քաշվում, չգտնելով իմ մեջ այն ուժը, որ կարող է վայելել այդ մեծության ներկայությունը… Բայց երբեմն էլ ես հիացմունքով մտաբերում եմ մեր ամուսնական կյանքից սիրուն ու գողտրիկ պատկերներ, փոքրիկ չարություններով համեմված րոպեներ, ցանկանում եմ բոլոր հոգով վայելել նրանից մինը, միայն մինը, և ավա՜ղ, անողոք իրականությունը հիշեցնում է ինձ, որ ես զուրկ պիտի լինեմեմ նրանցից, քանի որ ճակատագիրն է մեր բախտը կառավարում:

էհ, սա էլ փորձության բովերից մինն է, թող անցնենք նրա միջով, գուցե մի փոքր ավելի զտվինք…

Այս գիշեր զարմանալի երազ եմ աեսել։ Մենք բոլորս միասին գնում ենք գետը լողանալու, դու հեռանում ես ինձանից և ընկնում մի հիմարի ետևից (որի անունը չեմ տալիս) և նրա հետ զբոսանքներ ես կատարում։ Շատ պրպտում եմ քեզ և վերջապես գտնում ոքո կավալերիդ հետ մի թփի տակ պահված։ «Այդ է մեր պայմանը, Ոսկի» հարցնում եմ քեզ.— Ի՞նչ ես դու էլ ետևիցս քարշ գալիս, բարկանամ ես դու, ինչ պայման ունեմ ես քեզ հետ, մեր պայմանի ժամանակը լրացավ 86 թվի մայիս 31-ին»։ «Ուրեմն մենք այլևս միմյանց ոչինչ չունինք», հարցնում եմ ես. դու փոխանակ պատասխանելու մի արհամարհական հայացք ես գցում ինձ վերա և հեռանում։ — Ինչ բան է այս, բացատրիր ինձ։ Թեպետ մի առանձին հետաքրքրություն էլ չեմ սպասում այդ բացատրությանը, որովհետև գիտեմ դու ուղիղ բացատրությունը չես գրիլ…։

Համբուրիր, հոգիս, Գուրգենին և ողջունիր բոլորին ինչ ձևով որ դու հարմար ես գտնում մեկել ես քեզ մատաղ դու թե խաբար.

Քո կռապաշտ հավատացյալ և մոլեռանդ երկրպագու՝ Գրիգոր:

Ախ սիրտս քեզ շատ է ուզում, շատ, շատ, էհ, բավական է որքան մնացիր Շուշի, ես չեմ կարողանում առանց քեզ ապրել։

Թիֆլիս, 9 հուլիսի, 1896

Հոգյակս.

Ամսույս 3 և 5 թվերով գրածներդ ստացած եմ. հազիվ որ մի անգամ էլ ինչ հաջողվեց երկու նամակի ստացում հիշել՝ առանց իմ գրած լինելն հիշելու։ Մի փոստ ինձանից նամակ չստացար, երևի նեղացար, բայց հոգ չէ. ես դեռ առողջ եմ, ճիշտն ասած «Չհասեն» զրկեց քեզ այդ անգամ քո նամակից։ Ուրախ եմ, որ այնքան գործնական ես, որ լավ ես համարում ինձ մանրամասն նամակ չգրել, քան թողնել որ սիրողը փչանա։ Հույս ունեմ ինձ պատճառած զրկանքդ քաղցրավենիով կվերադարձնես ինձ։ Որ Գուրգենս սքանչելի է, այդ ինձ շատ է ուրախացնում, նայիր, որ սքանչելագույն վերադարձնես նրան ինձ (բայց գուցե դու դեռ պնդում ես, որ նա քոնն է. հապա օրենքը…)։ Միշտ գրում ես, թե «կիրակի օրը շատ կգրեմ»— իսկ այդ շատը չեմ տեսնում։ Շատը հինգ թերթն է, գիտես թե կարող ես գրիր ամա որ չես գրել: Սիրելիս, ինչ ես շուտ շուտ անիծում մեր բաժանման րոպեն։ Հապա թե մենք բաժանված չլինեինք, այնքան շատ նամակնե՞ր կգրեինք միմյանց։ Ապագայում ինչ պիտի կարդա մեր Գուրգենիկը, չէ՞ որ մի օր նա մեծ տղա կդառնա, կհետաքրքրվի յուր ծնողների սիրահարական կյանքով և ոչինչ ապացույց չգտնելով այդ կյանքի եղած լինելը բացատրող՝ կնեղսրտի ու կհանդիմանե մեզ։ Դու սրանք սոֆիզմաներ ես համարում, այնպես չէ՞. բայց չէ՞ որ նույնիսկ կյանքը սոֆիզմա է. ճշմարիտ ապացուցումը կյանքի վերքն է, որին ուրիշ ելք տալ չես կարող, թե չէ կյանքը ինքը միշտ սոֆիզմաների նման երերական և անբովանդակ մի բան է։ Սերն է երբեմն նրան համեմում, թե չէ առանց նրան էլ նա մի անալի գոյություն է։ Էհ, էլի փիլիսոփայությունների մեջ ընկա։ Ես միշտ աշխատում եմ խույս տալ նրանցից, ինպես անօգուտ վայրաբանությունից, բայց որ չի լինում, զոռի բան հո չէ։

Վերջին նամակդ մի փոքր սանտիմենտալ էր, այսինքն՝ զգացմունքներով թաթախուն։ Եթե ճշմարիտ կրիտիկա անեմ այդ նամակիդ, վախենում եմ վիրավորվես, ուստի կթողեմ այդ կրիտիկան քո գալու ժամանակին։ Բայց այժմյանից մի քանի խոսք։ Սիրելիս, երբեք մի աշխատիր ինձ նման նամակ գրելու, այլ դու գրիր քեզ նման։ Ինչ կլինի մեր դրությունը, թե երկուսս միասին Գրիգորներ լինենք կամ երկուսս էլ Ոսկեհատներ։ Ավելի լավ չէ՞, թե մինը ինձանից ունենանք ու մինը քեզանից։ Ինչու համար ես նեղասրտում, երբ չես կարողանում ինձ նման գրել (Թեպետ իմ գրածնս էլ մի զատ չէ) թե դու, չեմ ասում բոլորովին, այլ մինչև անգամ մի փոքր էլ ինձ նման գրես, ես ախորժակով չեմ կարդալ քո նամակը, որովհետև ոչինչ զվարճություն չէ ինձ համար թե ես կարդամ իմ նամակի պատճենը։ Ավելի լավ է աշխատիր գրել այն, ինչ որ ես չգիտեմ կամ չեմ կարող գրել։ Այսինքն՝ գրիր Ոսկուն նամակը, այնպես, ինչպես որ Ոսկին կարող է քեզ թելադրել։ Գրիր բոլորը ինչ որ կարծում ես ինձ կհետարքրե գրել լուրեր քո կյանքից, շրջապատողներից ասեկոսեներից, ինչպես վերջին անգամ մի փոքր գրել էիր, որը ես շատ հետաքրքրությամբ կարդացի։ Եվ, վերջապես, երբ հարկավոր են լինում մի բան գրել արդի զգացմունքներից գրիր նրանցից այն, ինչ որ ճշմարտապես թելադրում է քեզ քո սիրտը, և գրիր անպաճույճ, ամենապարզ բառերով ու մտքերով, առանց ցանկանալու խրթին մտքեր հայտնելու և այլն, և այսպիսով դու կտեսնես, որ քո գրածը, թե հետաքրքիր է յուր տեղեկությունների համար և թե՛ սիրելի յուր պարզ խոսքերով արտահայտած մտքերի ու զգացմունքների համար։ Ես քեզ լավ հասկանում եմ. դու կամենում ես ասել նեղանում եմ, որովհետև չեմ կարողանում ողորկ ու սահուն լեզվով արտահայտել այն բոլորը' ինչ որ ես զգում, քաղում եմ իմ մեջ։ Բայց ինչ հարկավոր է ողորկ և սահուն լեզու խո մի քանի բառեր գիտես. թեկուզ շատ հասարակ, նրանցով արտահայտիր։ Եվ վերջապես, միթե պետք է անպատճառ արտահայտել։ Միթե ես չգիտեմ ինչ կարող ես զգալ և տանել։

Վերջապես չարժե դրա համար նեղանալ, դա մինչև անգամ մի փոքրիկ հանցանք կլինի քո կողմից։

Հակառակ իմ սովորության, ես կարդացի մի անգամ իմ մինչև այստեղ գրածս և գտի, որ շատ կոպիտ լեզվով եմ գրել գրածներս։ Դու անպատճառ ուրիշ ենթադրություններ կանես, բայց հավատա, սիրելիս, ես բոլորովին ուրիշ ոգով էի ուզում գրել, թե ժամ ինը չլիներ կպատռտեի այս նամասկ և նորից կգրեի։ Բայց ոչինչ, դու խելոք աղջիկ ես, իմ մասին դու վատ բաներ չես մտածիլ։

Հա դու գրում ես, որ ինձ չես սիրում, շատ լավ ես: ասում. ես էլ ճգրու քեզ սիրում եմ և դրա համար քեզ ուղարկեցի Շուշի։ կատակը մի կողմը, ինչպես դու էլ գրում ես շատ կարոտել եմ քեզ, բայց չեմ իմանում ինչու անպատճառ սիրում եմ, որ դեռ շատ ավելի կարոտեմ և հետո, երբ էլ ուժս կհատնի, այն ժամանակ տեսնվեմ քեզ հետ։ Երևի չարչարվելն էլ, ստոյեկյանների ասած, երջանկություն է։ Բայց քրտինքս արդեն ողողում է ինձ, սենյակում շոգը 24 աստիճան է, չնայելով, որ երեկո է, ես ուզում եմ վերջացնել. մի նեղանար, հոգիս, որ այս նամակը այդքան հիմար ու անհամ դուրս եկավ, ես էլ անհամ դրության մեջ եմ, քրտնած, գլուխս ցավում, շան նման քրտնած և այլն։ Այս նամակը թե քեզ դուր չգա` դեն գցիր, ու մյուս նամակներիցս մինը, որը որ հավանում ես, վերցրու նորից կարդա։ Իրավ սա ինչ բան է. դու իմ գրած հարցերի վերա լիովին չես խոսում. մի՞թե կարելի է։

Այստեղ եղանակը շան եղանակ է. երբեմն տաք, երբեմ` ցուրտ. ահա մի քանի օր է անընդհատ քամի և անպիտան փոշի է, մարդու զահլան գնում է, այժմ էլ դրսում քամին փալասնգի է տալիս։ Գլխիս ցավը մի մեծ բան չկարծես, այսօր մեր պարոնների շնորհիվն շատ ման եմ եղել ոտներս կոտրատվելու չափ, նրանից է, տաքն ու քամին խառնվել են իրար ու գլխիս վերա ազդել։ Ես ուրախ եմ, որ գոնե դու և Գուրգենը այստեղ չեք։

Նիկոլայի նամակը բանալդ մեծ ցավ չէ, բայց նրան նամակներ ենք գրել և պատասխանին չարաչար սպասում ենք։ Բոլորին բարևիր, վայ հոգիս դուրս եկավ, ներիր, քեզ մատաղ, էլ չեմ գրում.

էլի քո Գրիգոր

(Ափսոս է դատարկ տեղը)

11 հուլիս, 86, Թիֆլիս

Իմ անգին և պաշտելի Ոսկի.

Վերջին նամակդ ստացա և, ինչպես միշտ ուրախությունից դողացող ձեռքերով բացի, կարդացի և հասկացա քեզ կատարելապես, թափանցելով քո բոլոր խոսքերի, մտքերի, արտահայտված և թե չարտահայտված զգացմունքների մեջ... ինչ փոփոխություն է այս, չգիտեմ. քո նամակները ինձ միայն մի քանի ժամ են զբաղեցնում և հանգիստ տալիս հոգվույս։ Շուտով վերա են հասնում այն ծանրատար ժամերը, որոնց ես անցցնում եմ ամեն օր, դեռ և գիշեր։

Իմ կյանքը դժվարատար է դառնում օր ըստ օրե. բայց ես, իհարկե, մի որևէ նեղություն չունիմ մարմնականի կողմից, ոչ կերակրվելու անհարմարությունը, ոչ տան մեջ աշխատելու կարևորությունը, ոչ սովորական հանգիստ կենցաղավարությանս փոփոխությունը, ի մի բան, ոչինչ մարմնական անհանգստություն չէ նեղացնում ինձ. այս դեպքում դեռ մի քանի բան աոաջվանից ավելի լավ են։— դու պակասում ես, դու չկաս ինձ մոտ... Ահա թե ինչն է ծանրացնում իմ դրությունը։ գողիս միայնացել է. նա պտրում է յուր կեսին, յուր ընկերին, յուր սիրելվույն... Նա ծարավ է, նա կարոտում է քեզ, բայց ուր ես դու... Հացի կարոտը` հագենում է հացով, ջրի փափագողը` զովանում է նրանով, բայց քեզ, իմ Ոսկի, իմ հոգյակ, քեզ ծարավ, քեզ կարոտ հոգին ինչո՞վ հագենա..» պատահում են ժամեր` ես անպատճառ ցանկանում եմ տեսնել քեզ, դու ինձ չես երևում ոչ մի տեղ, բայց այդ անհրաժեշտ է լինում, և ես, գիտես, ընդարմանում եմ... այն գիտակցությունը, որ ինձ զգալ է տալիս, թե դու շատ հեռու ես ինձանից, քիչ է մնում որ խելագարեցնե ինձ։ Եվ դու ասում ես, որ ես քեզ սիրեմ... ես քեզ հասկանում եմ, այդ հոգվո խոսքն է. բայց դու երևի չես կարողացել ըմբռնել իմ առ քեզ ունեցած սիրո անսահման և անպարունակ մեծությունը... Ես քեզ սիրում եմ, իմ աստվածային Ոսկի, բայց ինչպես, ահա թե որտեղ են պակասում բառերը... ես քեզ սիրում եմ իմ հոգվո, իմ սրտի բոլոր ուժով, կարողությամբ, ես քեզ հիացած, խելագարված, ես չեմ ապրում առանց քեզ, ես չեմ շնչում առանց իմ անգին, իմ հրաշալի Ոսկեհատին... հասկանում ես։ Բայց չէ, ես չկարողացա ասել այն, ինչ որ կամենում էի, և ես չեմ կարողանալու... և ինչու են հայերը սիրում, երբ նրանք սերը արտահայտելու լեզու չունին։ Պատահում են րոպեներ երբ ես հոգվո հրատապ տենչանոք ցանկանում եմ քեզ տեսնել, քեզ լսել, քեզ շոշափել, ես կամենում եմ անթերի աչքերով նայել քո գեղեցիկ աչքերի վերա, հիանալ, հափշտակվել, ես կամենում եմ չոգել քո ոտքերի մոտ, համբուրել նրանց և փոքրիկ, անձայն շնչով շշնջալ— «Ոսկի, ես քեզ սիրում եմ, սիրում եմ անվերջ, հավիտյան...»։ Օհ, և թե այս սերը կրակ դառնա, նա մի ամբողջ դժոխք կհրդեհե... Բայց և այնպես, երբեք ես չեմ կարողացել նրան արտահայտելու, և ես քեզ շատ լավ եմ հասկանում, հոգյակս, մի տանջվիր այն վշտով, թե ինչու չես կարողանում արտահայտել այն ամենը, ինչ որ զգում և ինչով որ ապրում ես. այդ երբեք քեզ չի հաջողելու, ինչպես և ինձ չէ հաջողում, և գիտես ինչու, որովհետև ճշմարիտ սիրով սիրում ես, և զգացմունքներդ առաջ են վազում ավելի, քան որքան կարողացել է հառաջանալ մինչև այժմ քո մայրենի լեզուն։ Եթե դու սիրում չլինեիր և մտածեիր կեղծել, այն ժամանակ կտեսնեիր, թե ինչպես շատ բան ես կարողացել արտահայտել, որովհետև խոսածներդ ավելի կլինեին զգացմունքներիցդ, բայց որովհետև այժմ հոգվույդ խորքերումն ես զգում սիրո գոյությունը, ուստի որքան էլ շատ բան գրես, խոսես նրա մասին, միշտ քիչ կերևա նա քո աչքում։ Այս կարծես բնական սահմանն է սիրո և կեղծյաց։ Բայց և այնպես մեր վարմունքը անբնական է։ Չէ՞ որ մի տարուց ավելի է, որ մենք արդեն ամուսնացել ենք, ինչու չենք մի փոքր անտարբեր մնում, ինչու մեր վարմունքով ամոթապարտ ենք կացուցանում մեր դարու ամուսնական օրենքները... չէ որ այսքան ժամանակվա մեջ երկու ամուսինները մի տաս անգամ իրար հետ կռված ու խռոված պիտի լինեին, և նրանց յուրաքանչյուրը մի տասն անգամ պիտի անիծած լիներ ամուսնական միությունը... Բայց մենք ինչ ենք անում, տեր աստված, մենք դեռ նոր ենք իդեալներ դարձել միմյանց համար և մեր անդրանիկ սերը մոռացվել է վաղուց... Եվ իրավ, միթե մենք այն ժամանակ այսքան եռանդագին սիրով կարողանում էինք սիրել, կամ այսքան տոգորվում ենք փոխադարձ կարոտով... Օհ, ոչ, ես հավատում եմ, որ աստվածությունը հենց այդ հավիտենականության մեջ է ապրել, և երբ մարդիկ այն դժբախտ գիտակցությանը հասնին, թե սերը գոյություն չունի աշխարհում, նրա հետ էլ պետք է ուրանան աստծո գոյությունը։

Բայց դու, հոգիս, ինչու շատ ես խոստւմ քո նախանձից, ճշմարիտ, մի՞թե դու միայն քեզ ես կարծում երջանկության սիրահար. հապա ես. ես, որ զգում եմ թե որքան մեծ փառք է մի սրտի համար` տեսնել իրեն սուրբ և անարատ և միայն մեկ աստծույն երկրպագու. ես ուրեմն չեմ ցանկանալ մասնակցել այդ երջանկությանը, որ ամենից ազնվագույնը և սրբազանն է.

Ժամացույցիս նայեցի, 11-ի կեսն է, էլ թողում եմ գրել պետք է շտապեք վագզալ. մնացածը մյուս անգամ, շատ վշտացա, որ հոգիս կիսատ մնաց, բայց ինչ արած կանտորից ժամը իննին էի եկել։

Համբույրս քեզ և հոգվո գրկախառնություն։

Քո Գրիգոր

Հազար ներողություն և հազար ափսոս։

14 հուլիսի, 1886.

Իմ անգին և անզուգական Ոսկի․

Անցավ շաբաթը, կիրակին և երկուշաբթին, ուղիղ երեք երկար օրեր, և մենք դեռ չտեսնվեցանք միմյանց հետ։ Ինչպես ես, սիրելիս, առողջ ես, ուրախ, հանգիստ... Ասա ինձ, ես կամենում եմ, որ դու ամեն ժամ ուրախ լինիս։ Երբ մտածում եմ, որ քեզ չեն նեղացնում ո՛չ մղծկութ օդը, ոչ փոշին և ո՛չ քաղաքի խեղդող շոգը, երբ մտածում եմ, որ ամեն առավոտ, երբ դուրս ես գալիս մեր պատշգամը, հյուսիսային հովը գուրգուրում է քո սիրակարոտ երեսը, և դու առանց մի ժամ շոգելու` վայելում ես հայրենիքի հովաշունչ ամառը, այն ժամանակ ես էլ քեզ հետ միասին զով և հեշտություն եմ զգում իմ մեջ և Թիֆլիսի այրող ջերմությունը անզգալի է դառնում ինձ համար։ Երջանիկ եղիր դու. Ոսկի, և ես ինձ երջանիկ կզգամ նույնիսկ դժոխքի մեջ, Ախ, ինչպես կուզենայի, որ դու՝ առանց ինձ հետ կապված լինելու՝ առանց իմ վշտերին կցորդ լինելու, կարողանայիր ուրախ և երջանիկ լինել։ Այն ժամանակ ես, իհարկե, ինձ համար չէի մտածիլ, մինչև անգամ չէի աշխատիլ ինձ համար բախտ որոնելու և չէի ցավիլ, թե թշվառ ապրեի. ես կբավականանայի միայն հեռվից քեզ վերա նայելով, քեզ երջանիկ տեսնելով և քեզմով ուրախանալով… Բայց ինչ արած, սա մի անհնարին բան է. այս փափագը ցնորքից մի քիչ ավելի է. դու չես կարող առանց ինձ բախտավոր լինել և ես ստիպված պիտի աշխատիմ իմ անձը երջանիկ անելու, որ դու նրան երջանիկ տեսնելով ուրախանաս, և այդ ուրախությունը անդրադարձնես իմ մեջ։ Այդպես ես պիտի անեմ ոչ թե ինձ համար, այլ քեզ համար, որովհետև իմ բախտավորությամբ ուրախացողը ես չեմ, այլ դու, և քո ուրախությունը քեզ համար չէ, այլ ինձ համար։ Այսպես է սիրո փոխադարձ բարեկամությունը։ Բայց չգիտեմ դու ինձ կարողանում ես հասկանալ այնպես, ինչպես որ ես եմ ուզում որ հասկանաս։ Ավելի պարզ լեզվով խոսելու համար կասեմ.— ճշմարիտ սերը այն մարդու մոտ է, որ միայն սիրում է. և ոչ թե նրան՝ որ սիրում է, բայց և սպասումը սիրվելու իսկ հակառակ դեպքում նա զգաստանում է և սառչում յուր սիրո առարկայից։ Այդպես մի իմանար ինձ։ Երբեք ես չեմ սպասում, որ դու սիրես ինձ և չեմ էլ հափշտակվում, երբ դու հալվում ես ինձ համար. իմ ճշմարիտ երջանկությունը ես գտնում եմ նրա մեջ, որ քեզ սիրում եմ իմ հոգվո բոլոր կարողությամբ և հենց այդ սիրելու մեջն էլ ես ստանում եմ իմ բավականությունը։ Եվ այդ գերբնական զգաստացումն է պատճառ՝ որ իմ մեջ նախանձ ասած բանը չկա։ Նախանձը էգոիստների սեփականությունն է, այսինքն՝ այն մարդկանց՝ որոնք միանգամ սիրելով՝ ուզում են փոխարենը տասնապատիկ սիրվիլ: Իեձ համար բոլորը մեկ է. ուզում ես սիրիր. այդ քո ցանկությունը և իրավունքն է, բայց որ ես քեզ սիրում եմ և դրանով էլ երջանիկ եմ, այս հարստությունը ոչ ոք չէ կարող խլել ինձանից։

Չգիտեմ, գուցե մի օր զարթնի իմ մեջ այդ հրեշավոր զգացմունքը, գուցե, ով գիտե, մարդկային հոգին նույնչափ տարակազմ է՝ որչափ և մարմինը, բայց և այնպես, ես ատելով ատում եմ նախանձը։ Ախար թե մեկը չէ սիրում ինձ, ինչու պետք է ես նրա սերը ուրանամ, կամ, եթե մի ուրիշը սիրում է իմ սիրած անձին, ինչու համար ես պիտի ստորացնեմ ինձ մինչև այն տեղը որ ինքս պաշտպանեմ նրան, փոխանակ, թույլ տալու, որ փորձությունը մոտենա իմ այդ սիրելվույն յուր բոլոր զենքերով, թե կհաղթահարվի այդ սիրելին, ուրեմն թող կորչե. նա արժանի չէ իմ սիրույն, թե կհաղթե, ես կխոնարհիմ նրա առաջ, նա իմ աստվածուհին է…

Զարմանալի մոլորություններ կան մարդիկների մեջ, ինչ զվարճություն է, չգիտեմ, պաշտել մի կուռք, որին ինքդ ես կռել քո մուրճով ու սալով. սիրել մի աղջկա, որի պարկեշտությունը պահպանել ես հրեղեն սրով կամ ստիպելով սովորեցրել ես, որ նա քեզ սիրե: Հազիր սիրեմ նրան, որ փորձության բովերի մեջից անցնում է անվնաս, առանց իմ օգնության, առանց իմ խորհրդին, և պաշտեմ այն աստծուն, որ ինքը յուր մեծությամբ ստիպում է ինձ երկրպագանել իրեն… Այս է իմ տեսությունը սիրո մասին, թող փիլիսոփաները տրամաբանեն, ինչպես որ կամենում են։ Եվ հույս ունեմ իմ այս տեսությունը դյուր կգա նույնիսկ իմ սիրուն Ոսկուն, որ յուր փոքրիկ սրտի մեջ միշտ թաքցրած ունի մի փոքրփկ նախանձ և ամեն անգամ արտահայտում է յուր անհամբեր և սիրազեղուն նամակների մեջ…

17 հուլիս. ժամ 7. երեկո

Տանջող անհանգստությունս մի փոքր մեղմելու համար նստել քեզ նամակ եմ գրում, բայց պիտի ծառայի սա մի նպատակի թե ոչ, չգիտեմ. ես սարսափում եմ մտածել անգամ… Եթե կարողանայիր միայն երևակայել իմ արդի դրությունը… երեք փաստ անցավ և ես նամակ չունեմ, առանց կանխավ պատճառի հետ ծանոթ լինելու… Ամսույս 11-ին նամակ եմ գրում քեզ և տենչանոք սպասում, որ մյուս օրը, այն է` l2-ի փոստով կստանամ քեզանից իմ 9-ից գրածի պատասխանը։ Նույն օրը գնում եմ փոստ. նամակ չկա։ Հոգ չէ, երևի իր 8 թվով գրածն բավարար է համարում «երկու փոստի համար», մտաածում եմ ես և անհամբերությամբ սպասում 15-ի փոստին։ Բայց, իհարկե, մինչև 15-ը հասնիլը ես 14-ին նորեն նամակ եմ գրում։ 15-ի օրը վերջապես լուսանում է. օրվա 12-ը լրանում է. ես սրտատրոփ վազում եմ փոստ անձամբ նամակդ ստանալու, որովհետև ցրվիչը մի քանի ժամ ուշացնում է։ Գնում եմ, բայց ցրվիչը չկա. նամակները դարսած են սեղանի վերա. ես շտապավ քրքրում եմ մեր քարվանսարայի բաժինը. բայց նամակ չկա. ես իմ աչքերին չեմ հավատում. սպասում եմ ցրվիչին. նա էլ գալիս փնտրում է, բայց չեղածից ինչ կարելի էր ստանալ։ Եվ սիրտս կոտրած վերադառնում եմ կանտոր, առանց կարողանալու կաթնարանը սուրճ խմել, ինչպես անում էի միշտ քո նամակը ստանալիս։ 16-ի, այն է` երեկվա փոստով սիրտս չտվավ քեզ նամակ գրելու, որովհետև 3 նամակներս դեռ անպատասխան էին։ Դժվարությամբ, շատ դժվարությամբ անցկացրի երեկվա օրը և այս գիշերը. մի կողմից երկյուղով, որ գուցե նամակ չստանամ, մյուս կողմից` հույսով, որ այդ անկարելի է։ Օրը լուսացավ. մինչև ժամը 12-ը ձեռքս գործ չէր բռնում, որ շինեի. րոպե առ րոպե սպասում եմ թնդանոթի ձայնին, որովհետև միայն այն ժամանակն են նամակները պատրաստ լինում։ Զարկեց ցանկալի Ժամը, վազում եմ փոստատուն. դարձյալ ցրվիչը բացակա է. բայց նամակները ջոկած սեղանի վերա պատրաստ են։ Սրտատրոփ վրա եմ ընկնում, քրքրում եմ դարձյալ մեր քարվանսարայի բաժինը, նամակ չկա. «Գուցե ցրվիչը աչքից փախցրել է», մտածում եմ ես և սկսում մի առ մի քրքրել քաղաքի 5-րդ բաժնի բոլոր նամակները, մոտ 200 հատ… Երևում է ցրվիչը հենց այն ժամանակ, երբ ես իմ աշխատությունը անհույս եզրակացությամբ վերջացրած էի։— «Պ. Գրիգոր, իզուր եք պտրտում. տիկինը ձեզ նամակ չէ գրել», կատակով ասում է նա. իմ գլուխս սառեցավ և մի վհատեցնող երկյուղ բոլոր անդամներս բռնեց… Ես մի կեղծ ժպիտով պատասխանեցի ցրվիչին և գրեթե մեռած շրջվեցա դեպի հեռագրական սենյակները, որոնք կից են փոստային։ «Երեք փոստ անցան. նամակ չունիմ, ինչ է պատահել հեռագրեցեք», այս խոսքերով իսկույն մի հեռագիր քաշեցի Նիկոլային և անհանգստությունից տանջվելով գնացի կանտոր։ Էլ այսուհետև ոչինչ շինել չկարողացա. հազար և մի տխուր մտածմունքներ պաշարեցին ինձ… Արդյոք Ոսկին հիվանդացավ. արդյոք Նիկոլային մի բան պատահեց, թե երեխան չէ ապրում, կամ գուցե մեկին մի դժբախտություն պատահեց, ամբողջ ժամանակ ցնորքներս պտույտ են գալիս քո և Նիկոլայի գլխով… դու խո գիտես իմ երևակայության ուժը… նույնիսկ հանգիստ ժամանակս ես ամենատխուր մտածմունքներով անհանգստացնում եմ ինձ, ուր մնաց հիմա, որ բյուրավոր պատճառներ ունեմ տխուր մտածմունքներով գլուխ չարչարելու… Վերջապես գնացինք ճաշելու, ես ոչինչ չկարողացա ուտել. Թիլիկը այդ նկատեց. ես ասացի որ հիվանդ եմ. սրանով էլ հարցը գոցվեցավ։ Սեղանից վեր կենալուց ես չկարողացա գնալ կանտոր, ուզում էի գնալ զբոսնելու, գուցե մտածմունքներից մի փոքր թեթևանայի. բայց այդ էլ սրտիցս չտվավ: Գնացի տուն, հանվեցա և պառկեցի։ Ես ցանկանում էի քնել, որ դրանով, թե՛ ժամանակը սպանեի և թե՛ երազումս տեսնեի քեզ և պատճառը հարցնեի… դու մի ծիծաղիր, ես այս առանց կատակի եմ ասում, ես այժմ հասկանում եմ Մոհամեդի դրությունը, որ կամենում էր քնած ժամանակ աստուծո հետ խոսել… կամ սուրբ Մեսրոպի աղոթքը՝ որով հայկական տառերի գյուտն էր հայցում աստվածանից… (այս րոպեին քթիցս շատ արյուն եկավ և նամակդ էլ արյունոտեց. բայց, տեր աստված, չլինի թե սա մի տխուր գուշակություն է… օհ, ներիր, սիրելիս, ես այս րոպեին ամեն բան մտածում, ամեն բան բանդագուշակում եմ…)։ Վերջապես ես քնեցի, իմ ցանկությունը ի թերև չելավ։ Ես տեսա քեզ, ուրախ զվարթ գալիս էիր ինձ մոտ մամի հետ միասին։ Առաջին հարցն այն եղավ, թե «Ինչու այսքան ժամանակ նամակ չես գրում». դու պատասխանեցիր ինձ, թե՝ «Այդ իմ մեղը չէ. մաման չէ թողնում. ասում է բավական է որքան նամակներ գրելով մաշվեցիր…»։ Ես ծիծաղում եմ, բայց ներքև բանող ուստաների թխկոցներից կրկին զարթնում։ Այսուամենայնիվ կրկին ցանկացա քնել և երազս շարունակել։ Այս անգամ տեսարանը ուրիշ էր:— Ես գալիս էի Շուշի, հենց այն ժամանակ, որ ֆայտոնով բարձրանում եմ Հաքվենց բախչի տակի զառիվայրով, տեսնում եմ երկու ֆուրգոնների նման սայլերի մեջ գալիս են Նիկոլայը, Մինիչը, Ավանեսը և մեր խալխից շատերը։ Ես կամենում եմ ֆայտոնը ֆուրգոնների մոտով քշել Նիկոլայի հետ համբուրվելու համար, բայց այդ ինձ չի հաջողում. մեկել, հանկարծ, ինձ տեսնում եմ Նիկոլայի ֆուրգոնում. ես սրտատրոփ հարցնում եմ նրանից, թե ինչո՞ւ Ոսկին նամակ չէ գրում, ո՞ւր է Ոսկին, ինչո՞ւ իրենց հետ չէ… Նիկոլայը առաջ ինձ չէ պատասխանում, հետո տեսնելով, որ ես անհանգստացնում եմ իրեն իմ հարցերով՝ ասում է— «Թող դեռ տուն հասնենք, հետո կասեմ…,», նա այնպիսի մի տխուր ձայնով ու եղանակով է ասում, որ ես իսկույն գուշակում եմ, որ քեզ հետ մի դժբախտություն է պատահել— «Ուր է Ոսկիս, ուր է Ոսկիս…», գոռում, գոռում եմ ես և սկսում գլուխս ծեծել… հանկարծ զարթնում եմ իմ ձայնից, քրտինքի մեջ ողողված, սրտատրոփ… Տեսնում եմ ես մինակ իմ սենյակում. արևի վերջին ճառագայթները ընկել են քո տուալետի վերա, և նրա երեսին դարսած ապակյա իրեղենները շողշողում են հազար ու մի գույներով… ես նայում եմ նրանց վերա. հոգիս թռչում է դեպի քեզ. տխուր պատկերները կրկին նկատվում են իմ աչքերի առաջ, և սկսում եմ դառնապես արտասվել… Հանկարծ միտս է ընկնում հետագիրը, ես շտապավ լվացվում եմ և դիմում կանտոր, հույս ունեմ, թե պատասխանը արդեն եկած կլինի, բայց չկա։ Ժամ յոթն էր. ես նստա այս նամակը գրելու. այժմ արդեն իննի կեսն է, բոլոր քաղաքը մթնել է, մթնել է և իմ շրջապատս, Քուռը յուր խուլ ձայնով մռնչում է պատուհանիս տակ. ձայնն էլ ինձ տխուր ու գուժաբեր է երևում… բայց դարձյալ ձեռագրիս պատասխանը չկա… ուր դիմեմ, ուր գնամ, ինչպես լուսացնեմ այս գիշերը…Աստված իմ, ղու ինձ կարողություն տուր, բայց ամենից առաջ դու գթացիր ինձ վերա, հեռացրու ինձանից ամեն չարիք, տխրություն… Ես նրանց տանել չեմ կարող… օհ, Ոսկի, Ոսկի, այս ինչ արիր դու քո Գրիգորին… Վերջապես ստացա Նիկոլայի քաշած հեռագիրը, որին սրտատրոփ սպասում էի. փառք աստուծո, հազար անգամ փառք, որ բոլորդ էլ առողջ եք: Չեք կարող երևակայել իմ ուրախության չափը, մանավանդ գիտենաք, թն ինչ դրության մեջ էի գտնվում, երբ հեռագիրը հասավ ինձ...

Այս նամակի հետ ուղարկում եմ և իմ երեկվա գրածս, որ մի փոքր ծանոթանաս իմ դրության հետ և ծանոթացնես Նիկոլային, որպեսզի բոլորդ միասին չմեդադրեք ինձ անհամբերության մեջ։ Եթե ես ամեն փոստ քեզանից նամակ ստացած չլինեի կամ սկզբից արդեն սովորած լինեի շաբաթը մեկ նամակ ստանալուն, հարկավ, այսպես չէի անհանգստանալ. բայց այդպես չէր սկսված բանը և ես իրավունք ունեի տարակուսելու։ Ախր չէ՞ որ անհնարին բան էր, որ Ոսկին 3 փոստ լռեր... ուրեմն մի բան պետք է որ անշուշտ պատահած լիներ։ Եվ ահա, Նիկոլայը յուր հեռագրում գրում է «письма написаны»: Ուրեմն նամակներ գրել ես և ինձ չէ հասել։ Բայց միթե կարելի է։ Ղարաբաղից ամեն անգամ փոստը կանոնավոր եկել է. ուր են մնացել ուրեմն քո նամակները, գողացվե՞լ են, թե կորել, և ինչ. բոլորը միասին (թե օրինակ 2 կամ 3-ին եղել), ոչինչ չեմ հասկանում, էլի երկմտում եմ. ուրեմն դարձյալ կսպասեմ վաղվա փոստին։

Բայց քեզ նկարագրեմ իմ դրությունս՝ երեկվա նամակը վերջացնելուց հետո։- Ժամը տասն էր. մութ. ես գնում եմ հեռագրատուն իմանալու համար, թե հեռագրիս պատասխանը եկավ, թե ոչ.-ոչինչ չկա։ Ես մտամոլոր սկսում եմ թափառել փողոցները, ուր եմ գնում, ինքս էլ չգիտեմ, հանկարծ ինձ գտնում եմ Վերայի խաչի մոտ։ Ես գնացել եմ այնտեղ ոտով, առանց զգալու։ Երևի ցանկացել եմ միանգամ էլ տեսնել այն թթենիներին, որոնց մոտ մենք սիրախոսում էինք... Հանկարծ խելաբերում եմ. կամաց կամաց հետ եմ գալիս, նստում եմ ձիաքարշը և կրկին վերադառնում հեռագրատուն։ Ժամը 12-ն է գիշերվան. հարցնում եմ. դարձյալ լուր չկա... հուսահատ և կիսամեռ վերադառնում եմ տուն. բայց չեմ կարողանում քնել և ոչ նստել, և ոչ կարդալ... Վերջապես շորերովս ընկնում եմ մահճակալի վերա, և ինչպես է լինում անուշարար քունը փակում է աչքերս։ Երազումս ես տեսնում եմ քեզ. կարոտալից սիրով գրկում, համբուրում եմ քեզ։ Իմ հարցին թե` Ինչու չես նամակ գրում», դու պատասխանում ես թե «Գրել ու հանձնել եմ Գրիգոր Տեր֊Միքայելյանցին, նա է երևի ուշացրել»։ Եվ իրավ, մի քանի րոպեից հետո տեսնում եմ Գրիգորին, որ բերում և մի մեծ ծրար է հանձնում ինձ... և ուրիշ շատ մանրամասնություններ։

Առավոտը վաղ զարթնելով մի փոքր հանգիստ էի։ Իմ երազներս ինձ երբեք չեն խաբել և ես հուսով դիմում եմ կանտոր, հավատացած լինելով, որ Նիկոլայը, թե հենց երեկ երեկոյան էլ ստացած լիներ հեռագիրս, նա գիշերս կհեռագրեր պատասխանը. որովհետև ես ճանաչում եմ նրա բնավորությունը, որ դանդաղաշարժ չէ։

Բայց ինչ. գալիս եմ և` հեռագիր չկա. անհանգստությունս րոպե առ րոպե աճում է. անցնում մի ժամ, երկու, երեք, չորս և այլն, չկա ու չկա։ Մի գործ եմ սկսել շինելու. դա իմ փորձակշիռս է. ուրիշ անգամ այդ աշխատությունը 2 օրվա մեջ չեմ վերջացնում, բայց այս անգամ ես մեքենայաբար վերջացնում եմ նրան երկու ժամում, և զարմանալին այն է, որ բոլորովին ճիշտ, չնայելով որ մի րոպե անգամ հաշվի վերա չեմ մտածել։ Հետո սկսում եմ ուրիշը, հետո երրորդը, որ ինչ է ժամանակս շուտով սպանեմ, բայց գնալով մտատանջությունս սկսում է ավելանալ, պուկս կամաց կամաց կուչ է գալիս, գլուխս սկսում է սառչիլ, անզգալի կերպով շատ շուտ հառաչանքներ են դուրս թռչում կրծքիցս... և թե ինչեր, ինչեր եմ երևակայում, աստված հեռու արասցե նույննիսկ իմ թշնամաց... Այս միջոցին հեռագրատան ցրվիչը մտնում է կանտոր... սիրտս այնպես թունդ ելավ, կարծես թոքերս պատռվեցան, շուտ վայր եմ իջնում տաբուրետկայից խլում եմ հեռագիրը... Բայց ով հուսախաբություն, հեռագիրը ինձ վերա չէր, այլ կանտորի վերա... ձեռքերս դողացին և ես սրտաբեկ ետ ետ եկա և ընկա աթոռի վերա... մի քանի րոպեից բանկ գնալու գործ պատահեց, «այս լավ եղավ մտածում եմ ես. «կերթամ փոստն էլ» և չնայելով, որ այսօր Շուշուց փոստի գալուն օրը չէ, այսուամենայնիվ ինքս ինձ հույս եմ տալիս, թե կարելի է նամակը երեկվանից մի տեղ վեր է ընկել և այսօր գտել են և այլն։ Վազում եմ փոստ։ Իհարկե ոչինչ չպիտի ստանայի։ Գլխակոր վերադառնում եմ բանկ և այնտեղից տուն։ Շատ թույլ եմ զգում ինքս ինձ, ախորժակ բնավ չունիմ. մի քանի գդալ սուպ կերա և սեղանը հավաքելուց իսկույն սրտատրոփ կանտոր իջա. և ողջության․ մշակների գլխավորը հանձներ ինձ հեռագիրը և ես դողացող սորտով և ձեռքերով բացի նրան, կարդացի և իսկույն նստա գերելու— քեզ այս նամակը, որ ոչ այլ ինչ է թե ոչ հիշատակարանի մի հոդված... ինչ որ ես այստեղ գրել և նկարագրել եմ, այդ զգացած վշտերուս և անհանգստությանս հազարերորդ մասն է. ըստ որում ամբողջ գրելու ո՛չ ուժ ունիմ և ո՛չ ժամանակ. ամբողջը դու ինքդ կարող ես երևակայել, որովհետև աստված քեզ էլ բաժին է տվել այն բոլորից, ինչ որ իմ լավ և վատ կողմերն ու բնավորությունն են կազմում։

Վերջացնելով ալս միջնադեպքի հաշիվը, այժմ կսկսեմ գրել այն նամակը, որը իսկապես այսօր պետք է գրեի քեզ։ Բայց ափսոս որ այս տխուր միջանկյալը մի քիչ սառեցրեց այն բանաստեղծական ավյունը, որը պատրաստվել բորբոքվել էր այսավուր նամակիդ համար։

Գրիգոր

Սիրալիր ողջույնս սիրելի Նիկոլային, Մանիշակին, Կատինկին, Ազյուն, մամին, փեսա Հակոբին և այլն և այլն (դու կկարդաս անունները մեկ մեկ)։

20 հուլիսի, 1886

Իմ անուշիկ և աննման Ոսկեհատ.

Անսիրտ բախտի շնորհիվ հեռու լինելով քեզանից` ղրկում եմ այժմ քեզ մոտ իմ սիրատանջ հոգին, որ յուր սիրաշունչ համբույրները քո գեղանի աչերին և շրթանոցը դրոշմելով` շնորհավորե քեզ Ոսկեհատ Անահտա սրբազան տոնը, այն զգաստության և պարկեշտության աստվածուհուն, որին անվանակցում և հոգեկցում ես դու... Ովքեր են այժմ շնորհավորում քեզ այդ տոնը, և քանի քանի են թվով նրանք, որոնք, ըմբռնում են այդ շնորհավորության նշանակությունը չգիտեմ։ Բայց ես շնորհավորում եմ քեզ տոնիդ տարեդաորձը՝ հենց այն խորհրդավոր նպատակով, որի համար հարգվել է նա հին դիցապաշտ հայերից։

Եթե մեր նախնիք Ոսկյամորն Անահտա մեջ պաշտում էին սերը, զգաստությունը և պարկեշտությունը, ապա ուրեմն չկա մի ավելի հարմար տոնախմբություն իմ գեղանի Ոսկեհատի համար, քան նույնիսկ յուր անվանակից աստվածուհվո Վարդավառը, որով մարդիկ (հինավուրց աշխարհին) սիրաժողով և վարդապսակ տոնում էին սիրո և պարկեշտության հաղթանակը...

Այսօր ես հոգվով և մարմնով դիցապաշտ եմ, որ իմ սրտի սեղանի վերա անշեջ վառվում է սիրո կրակը` վերնծայելով յուր աստվածուհվույն հիացման և հափշտակության զգացմունքները և դավանությունը...

Բայց ես բաժանում եմ այն հրատապ տենչանքը` աղքատ և անզոր բարեպաշտների, որոնք հեռու լինելով Աշտելատից, փափագում էին իրենց սիրելի աստվածուհվո Ոսկեձույլ պատկերին, սակայն անձեռնհաս լինելով սեփական աչքերով նրան տեսնելու, նրան դիցելու, նրանով հիանալու, բավականանում էին միայն մի քանի սրտաբուխ աղոթքներ մրմնջալով... և ապա նրանք երանում էին այն բախտավորներին, որոնք շրջում, պարում էին Աշտելատից տաճարի մեջ, Ոսկյածնի փառավոր արձանի առաջ… Եվ դու, իմ ամենազոր աստվածուհի, անշուշտ հասկանում ես քո երկրպագուի դիցաբանական զրույցները, այնպես չէ... Բայց դուրս գանք մի փոքր այդ մեհենական սրբավայրից…

Եվ այժմ մի տարիով վերադառնում եմ դեպի իմ մոտիկ և անմոռանալի անցյալը։ Հիշում եմ այն սիրելի օրը Մանգլիսում, երբ ես վաղ առավոտ անտառի մեջ Վանկայի օրնությամբ նոր սեղան էի վարում մեծ մայրենու տակ։ Հիշում եմ այն րոպեն, երբ ես վերադարձա տուն և քեզ կազմ պատրաստ գտնելով, ինքս էլ լվացվեցա և պատրաստվեցի և թևիթև քեզ հետ դեպի անտառը դիմեցինք... Հիշում եմ այն րոպեին, երբ Աբրահամը պատրաստ պաշարով գնում էր մեր առաջից և դու իմ թևից կախված՝ սիրաժպիտ և քնքնշաբար հարցնում էիր ինձ` թե որ բանն եմ ես ավելի սիրում իմ գնած առարկաներից։ Եվ երբ ես թվեցի, դու ծիծաղելով — Հապա քո բաժակը...»։ Եվ ապա հայտնեցիր, որ դու կոտրել ես երան... Հիշում եմ, թե ինչպես մենք նստանք մեր նորաշեն սեղանի շուրջը և հյուրասիրեցինք մեր հյուրերին ընտրելագույն սուրճով և կարկանդակով... Օհ, ես հիշում եմ բոլորը, հիշում եմ ամենաաննշան բայց սիրացելապահ դեպքերը… հիշում եմ դիցական և սիրախոս աչքերդ, քո հրապուրիչ ժպիտը, քո քաղցր չարությունները, հիշում եմ այդ բոլորը. երևակայում եմ իմ առաջ քո հասակը, քո անուշ ձայնը... և ապա հիացմունքից և հափշտակությունից հալվում... վերջանում եմ... Օհ, ինչպե՜ս քաղցր ես դու, Ոսկի, ինչպե՜ս քնք՛ուշ, ինչպե՜ս սիրաշունչ... մի անգամ, մի անգամ էլ տեսնեմ քեզ, մի անգամ էլ համբուրեմ... սեղմեմ կրծքիս պինդ... պինդ... և այնուհետև ոչ, ես ուզում եմ երկար, շատ երկար ապրել քեզ հետ, ապրել անվերջ սիրով, հավերժական հիացմունքով... կամաց֊ կամաց անշնչացնող հափշտակությամբ...

Այո, միակ ուխտս այս նշանավոր օրվա համար այս է. «մինչև մեր կյանքի վերջը, մինչև մեր հետին շունչը նույն քնքուշ, նույն սիրաշունչ զգացմունքներով, որոնցով այս րոպեին լցված և գեղուն են մեր հոգիները...»։ Այսուհետե մենք կարող ենք պարծենալ—Հավիտյան սիրեցինք, հավիտյան երջանիկ եղանք...

Սիրակարոտ համբույր Գսւրգենիկիդ՝

Քո սիրահար Գրիգորից
21 հուլիսի, 1886, Թիֆլիս.

Բյուրյույն սիրեցյալ

Իմ անզուգական Ոսկի.

Ամսույս 18-ին գրածս նամակներից հետո, 19-ին ստացա քո ամսույս 14-ին գրած սիրելի նամակը, որի կոնվերտի վերա Շուշուց փոստատան կնիքը 17-են էր դրոշմած։ Չիմացա դու հենց 17-ին ես փոստ գցել, թե 14-ին, բայց փոստի ժամանակը անցած լինելով պահել են 17-ին։ Վերջապես, քո նամակը 17-ին ստանալու փոխարեն 19-ին ստացա, որ և պատճառ դարձավ իմ բյուլետեններ գրելուս…։ Այսպես, թե այնպես, շտապում եմ պատասխանել այդ նամակիդ մի առ մի, առանց փիլիսոփայությունների, թողնելով դրանց առաջիկա փոստաներին։

Քո գրելու ձևից երևում է, որ իմ 9-ի նամակից վշտացել ես, այդ ապացույց է, սիրելիս, որ դու իմ գրածը չես հասկացել։ Ես էլ նկատեցի, որ այն չդուրս եկավ, ինչ որ ուզում էի գրել, բայց մեկ էլ ժամանակ չկար նամակը փոխելու, մյուս կողմից էլ՝ վստահ էի քո ուշիմության վերա։ Բայց երևում է, որ սխալվել եմ իմ հաշվում։ Լավ, միտս կպահեմ, որ քեզ հետ տեսնվելուց՝ քեզ հիշեցնեմ, որ դու էլ կռվես ինձ հետ: — Մի օրվա մեջ նամակս ուշ ստանալուդ համար իզուր ես համբերությունդ կորցնում և զգալի անում ուրիշներին քո անհանգստությունը, մի քիչ խոհեմ եղիր, հոգիս, հարկավոր չէ, որ բոլորն էլ կարդան քո հաշիվները քո ճակատի վերա և մի՞թե կարծում ես, որ քո անհանգստությունը կշարժե ուրիշների կարեկցությունը։ Բնավ. ուրեմն քեզ շրջապատողների առաջ միշտ ծածկիր քո զգացմունքները, որովհետև այդ երանելի դրությունը (սպասել սիրելվո նամակին) մինչև անգամ կտխրեցնե ուրիշներին, ինչպես երեխաների զվարճությունները՝ ամուլ կանանց…։— Իմ գնալու համար ես հարցնում. այժմյանից մի որոշ բան ասել չեմ կարող, կցանկանայի գոնե օգոստոսի 15-ին գալ մի 15 օրով, բայց չգիտեմ կհաջողվի, թե ոչ, որովհետև մեր գործերը գնալով բարդվում են, հետևապես և իմ աշխատությունները, ուրեմն դու ինձ մի սպասիր, թե եկա լավ, թե չեկա, ուրեմն դու կգաս (թե ուրիշի վերա սիրահարված չես լինիլ)։ Գանձասարի համար որ հիշում ես, շատ գեղեցիկ անցյալ ես հիշեցնում ինձ, այսինքն, երբ Ոսկին` բառի բուն նշանակությամբ` դեռ Օլիմպոսի մեջ էր ապրում ինձ համար… Եթե գամ այդտեղ` այդ բանաստեղծական ցնորքը իրագործելու համար, այն ժամանակ պետք է, որ ես ուղղակի Գանձասար գնամ, իսկ դու Շուշուց գաս ինձ մոտ։ Ես կնստեմ ականակիր աղբյուրի մոտ, հովանավոր ծառերի տակ, և դու կելնես շամբուրի միջից… Ախ, ինչպես փափագում եմ վայելել այդ բանաստեղծական թատրոնը… Բայց ինչ, չէ որ մենք իրավունք չունենք ավելիին բաղձալ. մեր ունեցած այս դրությունն էլ արդեն շատերի նախանձը շարժում է։

— Շատ ուրախ եմ, որ Գուրգենիս համար այդքան լավ լուրեր ես գրում, ապրիս. դրա համար էլ մի հարյուր անգամ ավելի կհամբուրեմ քեզ. բայց զգույշ կաց, երեխային մի ծեծիլ, որ նա լաց լինի, թե չէ քեզ էլ ես կծեծեմ։

Կատինկի մասին գրածներդ ինձ վշտացրեց. զարմանալի մարդիկ են. այդ Բարաման դրանց գլուխը վերջ ի վերջո պիտի ուտի։ Գոնե գնան իրենց հին տանը ապրին էլի։ Եթե կարողանաք մեր տանը պառկեցնել Կատինկին, շատ լավ կլինի. բայց նախապաշարման արգելքները մեծ են, հազիվ դուք կարողանաք նրանց հաղթել։ Բայց ժամանակը երբ է, չես գրում։

Զառի բաջունց երեկույթը որ լավ է անցել ուրախ եմ.— հագվինք, որ այս ու այն հաշվով են կանչել քեզ, հոգս չէ բնավ.— Կ…թյուն թե մի անգամ է պատահել, վնաս չէ, մինչև երեքը ներելի, իսկ չորրորդին հասնելը ցավալի է… Գայանենց տանը, որ ամեն բան քեզ գոհություն է պատճառել, շատ ուրախ եմ. նո, Առաքելյանն էլ որ Մուրացանին չէ ճանաչել` շատ ցավում եմ. խնդրիր, որ իրենց ապտեկից մի քիչ մորֆիում ղրկե ինձ համար…

Այն հարսանիքի մասին էլ, որ գնացել եք, ես լսել էի Միխայել Յաֆիյանցից։ Երբ նրա նոր եկած օրը հարցրի` թե արդյոք քեզ տեսել է, ըստ որում նամակ չեմ ստանում, անհանգիստ եմ և այլն, նա ինձ միամտացրեց` որ քեզ հետ միասին մի հարսանիքում էր…և որ դու հիանալի առողջ ես… միթե… ուրեմն բանդ լավ է առաջ գնում, լոթի… թե չէ նա ինչու կիմանար, որ դու առողջ ես…

Գրում ես թե թատրոն գնացիր. իսկի չես գրում թե ինչ ներկայացում էր, ովքեր էին ներկայացնողները. զարմանալի համառոտախոս ես դարձել. գոնե մի լուրի նման բան գրեիր «Նոր Դարում» կտպեինք, մախլաս…

Շատ ուրախ եմ, որ մեր տանը հավանում ես. հապա, ոնց էիր կարծել քո ամուսնո հայրենական պալացցոն։ Որ Նիկոլայի հետ լավ ժամանակ կանցկացնես, ես հավատացած եմ, և հենց դա է իմ միակ արխայինությունը, թե չէ, որ Նիկոլայը տեղդ չլիներ, ես հանգիստ չէի լինիլ այստեղ։ Բայց աշխատեցեք որքան կարող եք լավ օգուտ քաղել ժամանակից։ Գանձասար էլ գնացեք անպատճառ։ —«Мать и дитя»-ն հիմա դուրս կգամ գնելու թե այս փոստին չհասավ՝ մյուս փոստին կուղարկեմ:— Ղազարի աղջկան տեսնելու հարմարություն չկա այժմ, նրանք ամառանոց են գնացել, Կրծանիս, Մանթաշովի տաչումին (դու խո տեսար նրանց բաղը) հենց այն բաղումն։ Հայրն էլ այստեղ չէ, էլի տաչումն է, ուրեմն հարմարություն չկա։ Իսկ Նիկչայի նեղանալն իզուր է. ասենք նա չի իմանում, դու չգիտե՞ս, որ ամառը Թիֆլիսում հարսանիք չի լինիլ՝ քաղաքը դատարկված կլինի։— Ափսոս ինձ չէ ասել, ես նրան կարգին կհասկացնեի։ Վերջապես կգաք կտեսնենք։ Մի գինեվաճառ Մակարով կա մեծ հարստության տեր, նա ունի մի աղջիկ,Շիրմազանյանին ասել է, մի լավ համեստ վաճառական տղա գտիր, մի հատիկ աղջիկս է (էլ ոչինչ որդի չունի) տամ իրան. ես ու Սպանդարը ուզրւմ ենք Շիրմազանյանի հետ խոսել, տեսնենք կարանք գլուխ բերել, երևելի բան կլինի, տեսնենք… գրում ես շատ բան կա գրելու, անհարմար եմ համարում, տնաշեն, ի՞նչ անհարմարություն կա. քո նամակը ե՛ս չե՞մ կարդալու, գրիր էլի՛. չպահելու նամակը կպատռտեմ ու Քուռը կգցեմ, պատվելին պատուհանիս տակը չի՞։ —Լիզան կրկին անգամ ասաց, որ ինքը Ստեպկոն էլ խնդրեց, թե մեր տունը վարձել եք. ես ասացի Ոսկուն գրել եմ, տեսնեմ ինչ պատասխան կգրե, այն ժամանակ ես էլ վճռական բան կասեմ: Բայց վախենում եմ անհամար լինի: Համ էլ 5 ռուբլիով ավելի է, տերտերն էլ կարծես ուզում է, որ մենք մեր տանը մնանք։ Բայց մյուս կողմից էլ որ ուսումնարանները պիտի բանան ու այս էլ բացվի, երևի մեր բնակարանը անհարմարություններ կունենա: Չգիտեմ մի խորհուրդ արեք տեսեք։ Տերտերն էլ ուզում է, որ այս անգամ հոգաբարձուները լինենք ես, Աղասին և Թովմասյանը: Սա շահավոր կլինի դպրոցի համար կարծում եմ: Բայց դեռ տեսնենք։ Մարիանը կարողացածին չափ ծառայում, այսինքն՝ շաբաթը մի անգամ կորրիտորը սրբում է, որ բավականավ է. շաբաթը մի անգամ էլ ես իմ սենյակս եմ սրբում ջրով, որ շատ հեշտ և մաքուր է լինում։ Էլի ընկել եմ իմ կին ղայդան։ Ճաշում եմ Միրզայանցի մոտ... ինչպես առաջ... ամեն օր վերցնում եմ 3 կրուշկա կաթ, որ դառնում է 4½ բաժակ, որից կեսը առավոտն եմ խմում, կեսը իրիկունը։ Ամեն կիրակի առավոտ էլ սերով չայ եմ խմում (սերը շաբաթ օրվա կաթիցն եմ հավաքում), իսկ կիրակի իրիկունը միշտ տերտերը և Սպանդարը ինձ մոտ թեյի վերա են լինում։ Կիրակի օրերը Սպանդարենց տանն եմ ճաշում, երեկ էլ այնտեղ էի՝ Շիրմազանյանի հետ միասին։ Կիրակի ճաշից հետո էլ գնում ենք զբոսարան և այլն և այսպես անցնում է օրերնիս։— Գրելու համար, որ գրում ես, նա հայտ լիցի հրամանույդ, որ ոչինչ չեմ գրում դեռ. երկրորդ, թե գրեմ էլ, այդ գրելը ինձ չի վնասել, որովհետև շոգ ժամանակը նստում եմ հով կանտորումս (ճաշից հետո իհարկե) և հազիվ մի ժամ կամ երկու ժամ պարապում, հետո գնում ման գալու։ Եվ սա պարապմունք չէ։

Բուզդանին ինչու չէիր ասում. տո հիմարներ, թե «Նոր Դարը» մակարական լիներ, սազ 84 թվականը Մելիքսեդեք ձայն կտար. այ անկլամազներ ու անհատակ իշաներ... Այդպես տավարներին բացի հայհոյելը էլ ոչինչ չեմ կարողանում ասել։— Սպանդարին և Նատալիին բարևներդ տվի և փոխարենը իրենք տվին, որ ղրկեմ քեզ հազար ողջույն։— Շահպազյանը արդեն այստեղ է և լավ ժամանակ ենք անցկացնում... տե ասա, ինչ կարող ես անել... շատ լավ եմ անում...

Մամին հազար բարևս և ասա, զարմանում եմ քո դատողության վերա. ախր երբ ես Գուրգենին այսքան նամակ գրեմ, այն ժամանակ կարող ես ասել թե ինչ կա. բան չունեք ինչ եք էդքան նամակ գրում. բայց ես իմ սիրեցյալ ամուսնուն, իմ սիրուհուն եմ գրում. ախր որդու և ամուսնու մեջ մեծ տարբերություն կա։

Սիրելիս, գրիր տեսնեմ իմ ազգաբանությունից. մի բան իմացա՞ր Եզնից, թե գրածս քամին տարավ։— Քանի այդտեղ ես քո միդրիքականը հանիր և անպատճառ բեր հետդ, որ կարևոր է. մի հասկացող մոր համար ամոթ է, թե նա յուր զավակին կարելի եկած աղբյուրներով կծանոթացնե յուր մանրամասն անցյալին և ծագմանը։ Դա ուրիշ բանի համար էլ է հարկավոր, որ հետո կասեմ։

Այստեղի եղանակը շատ լավ է և տանելի։ Հաճախ քամի է. անցյալ օրը փառավոր անձրև էր։— Մեր ստավնիքը դարդակ բան էր. ոչինչ բանի չի օգնում, դեռ սենյակները ավելի բյուլքյու է լինում, միայն ձմեռվան կօգնե, ուրիշ ոչինչ։

Դեռ մի քանի հարցերիս դու չես պատասխսանիլ հա. միտդ պահի։

Այս նամակը դառավ սեխպեստրոսին դուքանը. քու նամակդ դրել եմ ասաղս և հետզհետ պատասխանել, դրա համար էլ մեջը կարգ ու կանոն չկա, աջ, ձախ, վերև, ներքև… Բայց այս նամակը լավ կանես, որ պատրտես, ու մյուս նամակների հետ չդնես։ Դե բոլա. բոլորին բարևիր. ի սեր աստծո, բարի վերաբերությամբ բաները դու հարմարության նայած շարադրիր ու ասա, էլ հարկավոր չէ, որ ես միշտ կրկնեմ։ Վայ մատներս, կոտրատեց— Քո Գրիգոր

Նամակիս սխալները դու ուղղիր, ես նեղանում եմ մեկել կարդամ, գնում եմ ման գալու։

25 հուլիսի, 1886, Թիֆլիս

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

18 և 20 թվական գրածներդ ստացա և ուրախացա: Սպասում եմ 22֊ին էլ նամակ ստանալ, որովհետև խոստացել էիր 20֊ի նամակումդ, բայց չստացա և չանհանգստացա էլ, որովհետև, դու այնպես էիր պատվիրել։ Իմ 21֊ի նամակս անշուշտ ստացած կլինես։ Այդ նամակում գրած Էի, թե «այսօր կերթամ «Мать и дитя» գիրքը կառնեմ կուղարկեմ»։ Բայց այն օրը մեռելոց էր և կենտրոնականը փակ. ես մոռացել էի։ Չորեքշաբթի երկաթուղին տարա, բայց չվերցրին՝ ասելով, որ պասիլկայով կընդունեն, բայց ոչ բանտերոլով։ Վերջապես այսօր ուղարկեցի բանտերոլով։ Առաջ առանց կազմ էի վերցրել, հետո որ բանը պասիլկի դարձավ՝ փոխեցի։ Շատ թղթերում փաթաթել եմ, հույս ունիմ, որ չփչանա կազմը, այն «Մայր ու մանկիկ»֊ը, որ ունես գործած և խոհանոցի գրքումն ես դրել, դրա մեջ կարող ես դնել։ Այդ գիրքը գնելիս Սպանդարը տեսավ և ասաց իմ կողմից գրիր երկու բան. ա) թե արդյոք չէիր կարող մի ամիս սպասել և գալ այստեղ կարդալ և բ) թե որքան կարողանաք քիչ գիրք կարդացեք երեխաներ դաստիարակելու կամ սնուցանելու համար և դա քեզ ավելի օգուտ կբերի»։ Ասաց գրեցի. բայց ես այդ երկու հարցին էլ ընդդեմ եմ. ա) որ այդ գիրքը կարող է Կատինկին էլ պետք գալ և բ) մի լավ բան ավելի գիտենալը միշտ օգուտ կարող է բերել և ոչ վնաս։ Քո կարծիքն էլ հուսամ իմինիս նման է։

Գուրգենիկիս համար գրածներդ ինձ հիացնում է։ Այո, սիրտս շատ է ուզում, բայց չարժե այդտեղ հանել լուսանկարը, առաջինը վատ կհանեն և երկրորդը ընդամենը մի ամիս է մնում ձեր գալուն. ավելորդ ծախք կլինի. հազիր այստեղ կհանենք վեց ամսական դարձած օրը։ Ուրախ եմ նույնպես, որ քեզ համար շատ լավ ես գրում «այնքան լավ, որ երևակայել չեմ կարող». բայց, որ գրում ես, թե «մի ժամ քեզ համար մտածելս հալեցնում է բոլոր վաստակածս», դրա համար շնորհակալ չեմ քեզանից։ Ինչ ես մտածում ինձ համար, հոգիս, ես էլ լավ եմ և շատ լավ ու հանգիստ էլ ժամանակ եմ անցուցանում. թե դու լղար վերադարձար Թիֆլիս ես քեզ ետ եմ դարձնելու, դու գիտես։ Ձվաների դարդը էլ մի քաշիր, 25 հատ ունեի, ուղարկեցի Սպանդարին, որ ամեն օր երկու հատ նախաճաշ անի։ Խեղճը շատ կոտրված է, նամանավանդ, որ գործի դրությունն էլ կրիտիքական է։ Ոտքն էլ ռեմատիզմ՝ ամբողջ 10 օրեր պառակած , թեպետ անկողնում, էլի աշխատում էր։ Կնոջ կողմից արդեն բացվել ենք, շատ բաներ ենք խոսացել, շատ դարդեր ունի... Կգաս կպատմեմ: Տորոնի գործը սկսում է լավանալ, թե մի դրական հիմք, ստանան, տարածված (բայց արդեն ճշմարիտ) լուրերն, Սպանդարի դրությունը կապահովվի և կարճ միջոց 100,000-ին կտիրանա. գուցե իմ բանս էլ մի ճանապարհով հաջողվի. տեսնենք։ Արդեն այս լուրերի վերա նրա մոր ու եղբորը փ... մուկ է ընկել, բայց բոլոր տորոններն ու դափիրը Սպանդարի անվամբ է, ոչինչ անել չեն կարող տեսնենք աստված ինչպես է հաջողում: «Նոր Դարի» համար պատահած տեղը պրոպագանդա արա. առաջիկա տարին պետք է որ դրությունը գերազանց լինի գոյություն ունեցող թերթերից: «Մեղուն» դադարում է, «Արձագանքը» հոգեվարք է, «Մշակը» միայն այս տարի է լավ ապրում. եկող տարին հազիվ կարողնա շունչ քաշել: Ես գիտես որ թշնամի չեմ թերթի գոյության, բայց անպետք ու վնասակար թերթը լավ է, որ գոյություն չունենա: Տեսնում ես, լրագրից բանից էլ ենք խոսում, բաս որտեղ մնաց սերը... Հա սպասում ես հա, չէ, սիրելիս այս անգամ տրամադիր չեմ սիրահարական նամակ գրելու: Քո 20-ի նամակը սիրազեղուն է, որ ես այսուհետև որքան գրեմ նրա մոտ մին ղոջ. ճիշտ որ հոգուցդ էր բխած... երևի շատ ես ոգևորված եղել: Մի բառ գրեցի, մեկ էլ ջնջեցի. հիմա քեզանից վախենում եմ, կատակ էլ չեմ կարողանում գրել. 9-ի նամակս մատիդ փաթաթան ես շինել, չգիտեմ նրանում ինչ կա, որ այդքան հիշում ես նրան. հետդ բեր, որ մի թազադան կարդամ:

Գիտես, ես այժմ շատ լավ տրամադրության մեջ եմ, այսօր երկաթուղում ապրանք էի ճանապարհում, Սեմեյնի սադում մի ճաշ կերա, փառավոր ճաշ, և մի կես բոթիլ գինի խմեցի, կատարյալ հարբած եմ, այդ պատճառով սերից բանից չեմ խոսում, որ չծիծաղես իմ ծուռումուռ տեսությունների վերա, չնայելով, որ այժմ, ավելի քան երբեք, սիրահարված եմ քեզ վերա: Զարմացա, որ այնքան ախորժակ ունեի, որ բոլորը կերա ու խմեցի: Բոլոր շիշը քո ու Նիկոլայի կենացն եմ խմել. այս ինչ նամակ դուրս եկավ... վնաս չունի «փոխարկյալ միմյանց փոխարին» դու էլ ես այսպես նամակ գրել ինձ։ Բայց սկիզբը ինչ լավ էի սկսել է. իսկի էսպես բաներ չկար, որ մի հոգեբան չի հավատալ, որ գլուխն ու տակը մի մարդու գրած է. երևի գինին կամաց կամաց է համ տալիս հա՛… չգիտեմ մի ասա է՛… Դե լավ, սպասիր, էլ ուրիշ ինչ գրեմ. գլխումս բան չկա. հա, երբ որ էգուց նամակդ կստանամ, այն ժամանակը լավ լավ բաներ կգրեմ:

Դե լավ, տիկին, դու էլ շատ մի նեղասրտիլ, ինչ անենք, թե հարբել եմ, խո էստեղից էնտեղ քեզ մի վնաս չեմ տալիս։

Բայց ներողություն, սիրելիս, ճշմարիտ է լավ եմ տրամադրված, բայց հարբելու բան չկա։ Իմ ճաշս 7 ժամ առաջ եմ վերջացրել, ուրեմն մուխը այսքան չէր տևել. սիրապատար նամակ գրելու տրամադիր չլինելով, սկսա մասխարություններ անել: Ուստի չեմ Էլ ստորագրում։

Սիրտդ դատարկ մնաց հե… բան չունեիր կարդալու վնաս չունի։

28 հուլիսի, 86, Թիֆլիս

Իմ անուշիկ հրեշտակս.

Ամսույս 25-ին մի նամակ ունիմ գրած քեզ և նույն օրն էլ ուղարկած «Մայր և մանկիկ»-ը փոստով. հուսամ արդեն ստացած լինես, ինչպես և այն մեծ և բազմապարզունակ նամակը, որ հանձնած եմ Հ. Մելիք-Շահնազարյանցի ինչպես մի «Erecommondatio»: Նրա էգոն էլ, այն է, 26-ին՝ ստացա քո 22 և 24 թվերով գրածներն և կարդալով շատ ուրախացա, բայց քիչ էլ տխրեցի։ Ուրախությունս այն բոլորի համար էր, ինչ որ քեզ զբաղմունք և ուրախություն էր պատճառել և որոնց համար գրել էիր: Իսկ տխրությունս նրա համար, որ դու այդտեղ իմ վերա մտածելով և ինձ շատ տխուր, սրտաբեկ, տանջվող, մաշվող և այլն և այլն երևակայելով, ինքդ էլ տխրում, նեղասրտում և քեզ չարչարում ես, հարյուր անգամ անիծելով, այդ տեսակ ամառանոց գալն։ Այդպես մի անիր, հոգիս, ես միշտ լավ, միշտ հանգիստ եմ, խաղաղ սրտով էլ անց եմ կացնում ժամանակս և հուսալիր սպասում այն սիրուն օրին, երբ ես քեզ կդիմավորեմ երկաթուղվո կայարանում, ամուր, ամուր կսեղմեմ կուրծքիս վերա և երեք պինդ, շատ պինդ համբուրով կողջունեմ քո գալուստը։

Այսպես, ուրեմն, սիրելիս, ես շատ հանգիստ և խաղաղ կյանք եմ անցուցանում, պարապ ժամերս էլ միշտ քեզ նվիրելով։ Ինձ համար դու մի րոպե անգամ մի մտածիր, որովհետև դա բոլորովին անտեղի է։ Այս անգամի անհանգստությունս նամակիդ ուշանալուն համար էր և շատ իրավացի, որը և հեռագիրը ստանալուն պես անցավ: Ուրեմն որքան կարող ես ուրախ, հանգիստ անցրու ժամանակդ, մինչև որ կհասնե սեպտեմբերը և այդ ամսի առաջինին դուրս կգաք Շուշուց, որովհետև չեմ ուզում, որ բոլոր վայելածներդ այն անգամի նման տուժեք։ Թեպետ այժմյանից արդեն լավ հով է Թիֆլիսում, բայց այդ հովն էլ մի քանի օրով է լինում, մյուս օրերը էլի շոգը թագավորում է։ Վախենում եմ թե սեպտեմբերից առաջ գալով շոգի հանդիպեք, որը կարող է վնասել թե ձեզ և թե երեխային։

Նիկոլայի համար ինչ որ գուշակում էի ես ինքս ինձ, նույնը գրում ես այժմ դու, բայց ինչ արած...հանգամանքները այնպես էին դարսվել, որ այդտեղ պիտի հասներ գործը։ Ես ուզում էի ասել քեզ, Ոսկի, մնացեք, այսպես բան կարող է լինել... Բայց մի կողմից ձեր շոգին չդիմանալը և մյուս կողմից Նիկոլային գրելը, թե «Ինձ չսպասեք, ամառանոց գնալի են թող գնան և այլն», ինձ թուլացրին։ Բայց այդ բանի համար էլ ուզե խոսելն. աստուծով գալուց ես անդով ձեռք կզարնենք գործին։ Այն աղջիկը, որի համար գրում ես, դեռ հոր հետ գտնվում է Կոջորում, նրան տեսնել դեռ չեմ կարող, բայց գալուց հետ պետք է դամբր գցենք. տեսնենք ինչպես կհաջողվի։ Մի ուրիշ աղջիկ էլ կա էլի փողով. Նիկողայոս Տեր Հակովբյանցի (որը մի անգամ պանսիոն էր պահում) եղբայր քահանայի աղջիկը: Սրա համար էլ Միրզոյանցն էր ասում. բայց իրեն աղջկանը տեսած չեմ։ Քույրը տեսել եմ բավական գեղեցիկ է և մեր (երբեմն) Մանչեստրո կոմիսիոների կինն է։ Տան համար, որ գրում ես, կհետևեմ. բայց նա էլ շատ հարմարություններ չունի, թեպետ համեմատելով մյուս տների հետ` աժան է։ Լիզան շատ բդադ է անում ցրտից, ասում է, թե օրը երեք անգամ էլ վառեք, էլի ճար չի լինիլ. սրա համար մնացել եմ մաթալ։ Վերջապես նրանք օգոստոսի 15-ին դարտակում են, կգնամ կքննեմ և խելքիս կտրածը կանեմ, բայց մեբելեղանից ոչինչ չեմ վերցնի, որովհետև թե թանկ է (հացի ստոլը 50 ռ. է ասում. ըստ այնմ իմա և մյուսներն) և թե հին և հիմար շինվածք։ Շկաֆն ու կամոտը ես արդեն մի շաբաթ առաջ զակազ եմ տվել լավ ուստի և ոչ շատ թանկ։

Իմ նամակների մեջ մի մի խոսքերը կամ կատակները լավ չես ըմբռնում և կրկին բացատրություններ ես պահանջում (ինչպես կաֆիևի համար գրածս և այլ համար), բայց ներիր, որ ես կրկին այդ բաների համար բացատրություններ չգրեմ, որովհետև դարդակ բաներ են իսկապես, և գրվում են։

Սիրելիս, նամակիդ հենց սկզբում գրում ես, թե «այժմ սկսում եմ գրել կիրակի օրվա նկարագրությունը— որքան կկարողանամ» և հետո շարունակ ուրիշ բաներից խոսելով, հիշյալ նկարագրության մասին մի խոսք անգամ չես հիշում.— ինչին վերագրենք այս, միթե դու այնքան քիչ ժամանակ ունես, որ գոնե մի աչքի չես անցցնում նամակդ, թե տեսնես ինչ ես գրել ինձ… զգույշ կաց, հոգեբանը կարող է կարծել, որ քո սիրահարը քիչ է զբաղեցնում քեզ և կամ գուցե այնքան շատ, որ քեզ մոռացնել է տալիս գրելիքդ… Ես ցանկանում եմ այս վերջին պատճառին հավատալ, ինչ ես կարծում, լավ չի՞ լինիլ։ Գրում ես, որ Ալեքսանը և Դանիելը եկել են.— բարով են եկել. բայց այդ բոլորիդ համար արդյոք նեղվածք չէ՞ լինում մեր տանը. արդյոք դու քեզ համար մինակ և հանգիստ ես լինում քո սենյակում, գրիր, հոգիս, ես կամենում եմ իմանալ։ Հայկանուշի համար ի՞նչ եք անում, չէ՞ որ նա մի փոքր շուտ պիտի լինի այստեղ, արդյոք հետևել, միշտ կրկնություններ անել տվել եք, թե միշտ տոներ եք վայելել տվել։ Ավետից նամակ ստանում ես թե չէ։ Ես ոչինչ տեղեկություն չունեմ։

Իմ կողմից հազար բարև Նիկոլային, Մանիշակին, Կատինկին, մամին, Ազյուն, Ալեքսանին, Դանիելին, Հակովբին և այլն և այլն։ Ինչ անց է կենում բոլորը գրիր ես շատ եմ սիրում կարդալ թե դու որոնցով ես շրջապատված ամեն օր և ինչպես ես ժամանակ անցուցանում։ Սպանդարը և տիկինը քեզ շատ բարևում են։ Գրիր տեսնեմ, գնացի՞ք քարին տակը և լավ ժամանակ անցուցի՞ք, ովքե՞ր էիք, ինչո՞վ գնացիք, տուն բան չկտրել տվի՞ք, ղորսի դոդավենց Նիկոլայի հորը։ Մաման յուր վնասներից մի բան ստացա՞վ իսկի, թե դեռ մխիթարվում է ստանալու հուսով։

Քեզ պաշտող՝ Գրիգորիո-պդրիարգ

29 հուլիսի, ժամ 6 երեկո

Հոգյակդ իմ Ոսկի․

21-ի նամակդ րոպեիս ստացա, բոլորովին անակնկալ։ Առաջին՝ որովհետև ցրվիչը առավոտ ասել էր թե նամակ չկա և երկրորդ, որ դու դրել էիր, թե այս առաջիկա փոստին գուցե նամակ չգրեմ, որովհետև գնալու ենք Քարին տակը։ Եվ այսպես, ես էլ չէի սպասում նամակիդ. բայց նա եկավ ի մեծ ուրախություն իմ։ Երևում է, որ Ալեքսանի և Դանիելի գալով զբոսանքները փոխադրվել են այնպիսի տեղեր, ուր դուք չպետք է մասնակցիք․ ուրեմն դու միայնակ ես մնում․ հոգ չէ, սիրելիս, ես էլ այսուհետև ամեն փոստ նամակ կգրրեմ, որ դու գոնե ինձանով զբաղվիս. միշտ այդպես է.«խաչին յուր տերն է պաշտում»։ Բայց նամակիդ վերջը ինձ վերա լավ ազդեցություն չարավ։ Դու մի-մի անգամ վիրավորվում ես իմ կատակներից։ Այս անգամ էլ սպառնում ես— «դե որ այդպես է, ուզում ես սկի նամակ էլ չեմ գրիլ։ Եվ այս ասում ես նրա համար, որ ես գրել եմ թե՝ «20֊ի նամակդ ճիշտ հոգուցդ էր բխած»։ Լավ, թե կարող ես, նամակ մի գրիր, ես կմտաբերեմ, բայց ես քեզ տանել չեմ կարող, ես միշտ կգրեմ։ Այո, Ոսկի, ես նեղանում եմ, ես չեմ կամենում, որ դու իմ խոսքերի մեջ մի ամենափոքր թերահավատություն անգամ նկատես, թե մինչև անգամ նա լինի։ Հո գրածն էլ, գիտեմ, կատակ է, բայց այդ կատակի տակ պահված է մի երակ, որի ծայրը սրտումդ է հանգչում… Հոգեբանի աչքից չի ծածկվիլ այդ աներևույթ մատնիչը…։ Բայց ես քեզ ներում եմ, իմ չարաճճի, որովհետև իմ սիրտը այնքան քնքշությամբ լի է դեպի քեզ, որ չեմ կարողանում խիստ խոսքեր գործ ածել քեզ նախատելու համար։ Բայց ինչ, միթե մինչև անգամ կարող եմ մտածել, թե կարելի է նախատել թեզ, որին միմիայն պաշտելու և երկրպագանելու համար է ստեղծել աստված։ Չէ, Ոսկի, չէ. ես երբեք չեմ մտածում քեզ վիրավորելու և մինչև անգամ քեզ մի որևէ սխալ վարմունքի մեջ մեղադրելու, այլ այդ տեսակ խոսքերը դուրս են գալիս իմ գրչից կամ կատարյալ պարզասրտությամբ և կամ խրատելու եղանակով։ Եվ ինչ, մի՞թե չեն պատահում դեպքեր, երբ իմ խրատականը քեզ անհրաժեշտ է լինում։ Գոնե ես ազատ կխոստովանեմ, որ ես շատ անգամ կարոտում եմ քո խրատներին և ես կկամենայի, որ դու այն աստիճան զարգացած լինեիր, որ քո հանապարհզորյա խրատներով ու նկատողություններով ինձ առաջնորդեիր. ըստ որում ես այնքան դեռ անկիրթ և սակավագետ եմ, որ մի փորձված ուսուցչի կարոտություն ունիմ։ Պետք է սովորել, սիրել նույնիսկ նախատինքը, թե նա արդարությամբ է տրվում մարդուն։

Բայց ես հեռու գնացի.— ես կամենում էի մի ուրիշ բան ասել քեզ։ Տեսնում ես, հոգիս, դու իսկույն թուլանում ես, երբ մի անախորժ խոսք ես կարդում իմ նամակում և դու իսկույն պատրաստ ես վճռելու այնպիսի քայլ, որ գուցե հետո կտանջե քեզ։ Բայց այդպես չպետք է կառավարել զգացմունքները. նամանավանդ կինը պարտավոր է խիստ զգուշավոր լինել յուր սրտի հրամանները կատարելիս։ Եվ գիտեմ ինչու.— որովհետև տղամարդկերանց բախտը կնոջ ձեռքումն է. կինն է, որ ոգևորում է մարդուն, կինն է, որ լքուցանում է նրան, կնոջ բնավորությունը առաձգական է. մարդունը՝ բեկանուտ. ուրեմն կնոջ պարտավորությունը միայն սիրելը և յուր զգացմունքները կառավարելը չէ, այլ և մարդու հոգուց վերա իշխելը և նրա զգացմունքները կառավարելը։ Կինն է, որ կարողանում է հասարակ մարդուն առյուծ դարձնել կինն է` որ առյուծ մարդուն նապաստակների հետ արածել է ստիպում, ուրեմն կինը պատասխանատու է յուր խղճի և յուր ընտանիքի առաջ` յուր ամեն մի քայլափոխի համար։ Եվ այսպես, ես կուզենայի, որ իմ նամակների մեջ քեզ անախորժ մի բան կարդալուց հետո` դու ինձ ամաչեցնեիր քո սիրալիր նկատողություններով, քո անուշիկ խրատականներով, դու ինձ կարգի հրավիրեիր, զարթեցնեիր իմ մեջ սիրո վիրավորված սրտի բողոքը` այնքան քնքուշ, այնքան սիրաշունչ ձայնով, որ ես ինչպես մոմ հալչեի այդ ձայնի առաջ… այս է քո պարտավորությունը, իմ անգին, իմ պաշտելի Ոսկի. մի րոպե, մի վայրկյան դու չպետք է թույլ տաս, որ ես հավատամ, թե դու կարող ես առանց ինձ շնչել, առանց ինձ զգալ…։ Այո, դու ի սկզբանե անտի վիրավորվող բնություն ունես, թե ես քեզ չպաշտպանեմ, դու կարող ես հուսահատվիլ… գիտեմ այդ պակասություն չէ քեզ համար. այդ բնավորությունը մինչև անգամ պատիվ է բերում քեզ, որովհետև նա ապացուցանում է, թե որքան քնքուշ, որքան նուրբ են քո սրտի թելերը և թե նոքա կկտրվեն՝ թե կոպիտ ձեռքեր խաղան նրանց վերա… Բայց այդ լավ չէ այն իսկ քեզ համար. պետք է որ ամրացնես այդ թելերը, որովհետև աշխարհում դեռ չէ ստեղծված այն հոգին, որ կարողանա յուր ամբողջ մեղմ և քնքուշ նվագելու երբեմն մատերը կնդարմանում են հոգնությունից, երբեմն դողում՝ հոգեկան վրդովմունքներից շատ քիչ է պատահում, որ նրանք նվագում են հեշտին և դաշնակավոր…։ Այո, սիրելիս, այդ բանը շատ անգամ և դժբախտաբար փորձած լինես ինձ վերա։ Քանի քանի ես կոպիտ և վայրենի ձայնով բարկացել եմ քեզ վերա, քանի քանի անգամ ես վիրավորել քո քնքուշ սիրտը, քո զգայուն հոգին և ինչպես դու երբեմն փղձկում էիր և լռիկ արտասվում. օհ, այդպիսի րոպեները ես չեմ մոռանում, ինչպես և չեմ մոռանա այն, որ դու շատ անգամ քաջությամբ համբերում էիր իմ հիմարություններին և հետո երբ իմ կիրքը հանգչում էր, դու մեղմով հանդիմանում էիր ինձ… Այո, ես այդ բոլորը չեմ մոռանում, ես չարաչար զղջում և անարգում եմ, բայց քեզ էլ խնդրում եմ, որ հենց նույն եղանակը միշտ շարունակես, այսինքն՝ համբերել հրաբուխի ժայթքումներին և երբ լավան գետնի վերա փռած nւ սառած կտեսնես' ման գալ նրա վերա ոտքերով… Այո, այդ է քո պաշտոնը, դու լքանելու իրավունք չունես, որովհետև քո հոգին է, որ պիտի շնչավորե իմը…։

1 օգոստոսի, 1886, Թիֆլիս

Իմ անգին և անզուգական Ոսկի.

Կատարյալ ուրախությամբ ստացա և կարդացի նամակդ, սիրով ընդունեցի «աչքալույսդ» և նույնը վերադարձնում եմ քեզ: Զարմանալի է, բոլորովին անակնկալ էր ինձ համար այդ ավետիքը, որովհետև ես դեռ հեռու կամ գոնե օգոստոսումն էի կարծում, որովհետև այդպես էր ասել ինձ Ավագը։ Բացի այդ, ես այդ բանը երազումս անպատճառ պետք է տեսնեի և չգիտեմ ինչու չտեսա։ Երևի մաման շատ կլինի ուրախացած, որովհետև ծնունդը յուր սիրած սեռին է պատկանում, բայց Մոսիլարանց տունը ինչպես է վերաբերվում այդ նորությանը. առաջուց արդեն շատ երեխաներ ունենալը մի փոքր չէ թուլացնում այդ նորածնի արած ազդեցությունը․ հետաքրքիր էր իմանալ։ Չէիր գրել ակուշերկա է ընդունողը, թե հասարակ տատ․ ինչպես է շարունակվում ետծննդյան ընթացքը, կանոնավոր է թե ոչ, գրիր։ Հարկ չկա ասել, որ ամեն միջոց գործ կդնեք լավ պահպանելու քենուս, մանավանդ որ դու էլ արդեն փորձված ես և Жуке-ը քեզ կարող է օգնել։ Շուտ կմկրտեք երեխային, թե կսպասեք Ավագին, գրիր. բայց նա կարծեմ հոկտեմբերից շուտ չի գալ և գոնե ձեր ներկայությունից չզրկվելու համար իրենք չեն սպասիլ Ավագին։ Զարմանում եմ, որ ասում ես, թե մինչև այժմ Կատինկան ոչինչ շոր չէ պատրաստել… միթե դու այդ բոլորը չէիր հիշեցնում նրան։ Վերջապես աստված ամուր ձեռքով պահե թե' մորը և թե' երեխին։ Չափից դուրս ուրախ եմ՝ որ այդ մեծ նիկարանությունն էլ այդպես հաջող վերջ ստացավ։ Նամակդ ստանալուն պես՝ ես հեռագրով շնորհավորեցի բոլորիդ. հուսամ ստացած կլինեք. դժբախտացար այն օրն էլ նամակը երեկոյան ժամ 6-ին ստացա և հեռագիրն էլ երևի գիշերով կլինեին հանձնած։ Ափսոս, որ Ավագի տեղը չգիտեի, որ նրան էլ շնորհավորեի։ Ձեր հեռագիրը, իհարկե, նրան գնացած կլինի ժամանակին։ Զարմանում եմ, թե գիրքը ինչու այդքան ուշ ես ստացել. երևի Նիկոլայը զբաղված է շատ՝ ամօղլիների հյուրասիրություններովը։ Մելիք֊Շահնազարյանցի վարմուքը ինձ համար անհասկանալի է, արդյոք էլի եկավ թե ոչ։ նա շատ ամաչկոտ տղա է. երևի քեզ պենուարով տեսել ու փախել է։ Քո պատասխանը հաղորդեցի Սպանդարին. նա նկատեց.— «Ասացեք Ոսկուն, որ ես ասել եմ այն խոսքերը նրա համար, որ ի նկատի ունենա իմ խորհուրդը և ոչ թե պատասխանի»։ Երեկ երեկոյան ինձ մոտ էր, մինչև ժամ 1-ը գիշերվա խոսում էինք և շատ հետաքրքիր բաներ էինք խոսում. խոսակցության գլխավոր նյութը վերաբերում էր նրան, թե «սիրո մեջ նախանձը գովելի է և սիրո ջերմության աստիճանն է ցույց տալիս, թե դա մի գազանային ձիրք է և նույնիսկ սիրո գոյության թշնամին…»։ Սպանդարը առաջին կետն էր պաշտպանում, իսկ ես՝ երկրորդը։ Նա յուր փորձերից և նշանավոր մարդկանց սիրո արկածներից էր օրինակ բերում, իսկ ես՝ իմ սրտից. երկու կողմն էլ անպարտելի մնացինք և վերջ ի վերջո վճռվեցավ, որ ես ուրեմն մի մարմնացյալ բացասություն եմ… Բայց դու, իմ չարաճճի, դու չափազանց նախանձոտ ես. այդ բանում միայն մենք իրար նման չենք… Բայց այդ աննմանողությունն էլ մի մեծ առավելություն է մեր սիրո համար, որովհետև հրաշալի է, երբ կինը նախանձում է յուր ամուսնուն, իսկ վերջինս անկասկած վստահությամբ հավատում և պաշտում է նրան։ Այո, ես ուզում եմ, որ դու միշտ նախանձես, իսկ ես կարոտեմ պաշտեմ քեզ… Բայց չեմ սիրում, որ դու քաջությամբ չես նախանձում։ Այ օրինակ, եթե դու մի կասկածելի ընթացք նշմարես իմ մեջ, դու ոչ թե երկաթի ձեռքերով կբռնես ինձ և չարաչար կծեծես, այլ մի նվաղած ձայնով «ուրեմն այդպես…» կասես և արտասվելով կհեռանաս մի մութ խորշի մեջ հյուծվելու։ Թեպետ դեռ օրինակը պատահած չէ, բայց ես երևակայում եմ, դու ուրիշ կերպ գործել չես կարող։ Այ, երբ դու գաս, ես կփորձեմ մի ուրիշին սիրելու, բայց այնպես կանեմ, որ հավատաս. տեսնեմ թե այն ժամանակ ինչպես կվարվես դու ինձ հետ։

Բայց թե քեզ պատահի այդ բանը, այսինքն' դու մի ուրիշին սիրես, այն ժամանակ տես, թե ես ինչ հերոսությամբ և որքան բարձրից կարհամարհեմ քեզ… և մինչև անգամ մի վայրկյան չեմ վրդովվիլ: Չես հավատում հա. հապա թե քաջ ես' փորձիր։ Մենք սրա համար մինչև անգամ երեկ շատ վիճեցինք։ Նա ինձ ասում է, թե դու կընկճվես և կոչնչանաս, բայց ես ասում եմ, որ միայն իմ ներսում կողբամ իմ կորստի մեծությունը, իսկ արտաքուստ՝ ես կգարշեմ այն տեղից, որի ներկայացուցիչը դավաճանեց իմ սիրույն…: Էհ, դու ինչ կարծիք ունես այս փիլիսոփայությունների մասին, խոսիր տեսնեմ։ Երևի շատ կետերում դու ինձ հետ համաձայն չես, հապա գրիր որ կետերն են դրանք։ Բայց երևի դու այդ բոլորի համար գալուց ետ կխոսես։ Նա, a propos այժմ ձեր ուշանալու մի արգելառիթը վերանում է։ Ես որ ասում էի ուշանաք, գլխավորապես Կատինկի դարդն էի քաշում. այժմ խո փառք աստծո, Կատինկան ազատվեցավ. մի երկու շաբաթ երևի հարկավոր կլինի նրա շուրջը պտտել, իսկ այնուհետև ինչ ես կարծում, երբ կարող ես գալ. օգոստոս 20-ը լավ չէ. բայց գուցե ուրիշ հանգամանքներ էլ կան, որոնք ձեզ կպահեն այդտեղ, չգիտեմ, միայն գրիր, երբ եք վճռում գալու։ Մինչև հոգուս ամենավերջին թելերը ծարավել ու կարոտել եմ քեզ. այնքան եմ կարոտել, որ մինչև անգամ մեր պսակվիլը, միասին ապրիլը, միմյանց հետ խոսելը, վիճելը, ծիծաղելը ու կռվելը երազ է թվում ինձ։ Նիկոլայը ինչ է մտածում գալու համար ձեր նոր հյուրերը— Ալեքսանն ու Դանիելը շո՞ւտ պետք է գնան թե մինչև սեպտեմբեր կմնան. կամ երևի ձեզ հետ միասին կգան։

Ջերմաջերմ համբույրս իմ սիրասուն Գուրգենիկին։ Երևի նա ինքն էլ այժմ զգում է յուր հոյակապ մեծությունը Մոսունց նորածին թոռան մոտ։ Այս անգամ որովհետև բոլորին նամակ եմ գրել, ուրեմն քո ողջունելդ կմնա Ազյուն և Նիկոլային։ Հուլիս 30-ին էլ երկու թերթից մի նամակ եմ դրել. հուսամ ստացած կլինես։

Քեզ պաշտող՝ Գրիգոր


Տեսնում եք, միշտ խոսում եք կանանց համար, թե նրանք պետք է տղամարդկերանց հավասար իրավունքներ վայելեն, հապա դու կարո՞ղ ես չորս ժամում այսքան նամակներ գրել: Սրա հետ ներփակում եմ երեք ուրիշ նամակներ։

4 օգոստոսի, 1836 թ


Սիրեցյալդ իմ.

Հուլի 30֊ին և ամսույս 1-ին նամակներ ունիմ գրած քեզ և վերջինովը մայրիկին, Կատինկին և Հակովբին. բոլորն էլ հուսամ ստացած, քոնը դու կարդացած, մյուսներինը՝ իրենց հանձնած կլինես։

Այսօր իսկապես քեզ նամակ գրելու մի կարևոր առիթ չունեմ և սպասում եմ քեզանից նամակների, բայց որովհետև գիտեմ, որ ամեն փոստի օր դու չարաչար սպասում ես ինձնից մի գրություն ստանալու, ուստի չեմ կարողանում քո ակնկալությունդ ի դերև հանել։ Երբ քեզ նամակ չեմ գրում, ինքս ինձ այս թեորիայով եմ դատապարտում. «Ոսկին երկու օր առաջ արդեն պատրաստվում է փոստի օրը նամակս կարդալու. իսկ ես երկու օր առաջ նրա այդ ցանկության տեղյակ լինելով և սակայն նամակ չգրելով՝ գործում եմ մի աններելի հանցանք…»։ Եվ որպեսզի խիղճս հանգիստ լինի, ահա քեզ գրում եմ և այս նամակը։ Հավատացիր ինձ. երբ փոստի օրը գալիս է և ես չեմ ուզում նամակ գրել, (որովհետև նախընթաց փոստին մի կամ երկուսը գրած եմ լինում), ինձ այնպես է թվում թե դու այստեղ ես և ես չեմ կամենում գալ քո տեսության։ Եվ իրավ, միթե կարելի է արդարանալ այն դեպքում, երբ ես կարող եմ հաճություն պատճառել մի քանի էջ նամակ գրելով և սակայն չեմ ասում այդ։ Այսպես իմա և քեզ։ Չէ որ դու էլ միշտ մի փոստը կուլ ես տալիս։ Ոչինչ, քեզ ներում եմ, դու պետք է ունեցած բոլոր ժամանակդ այնպիսի զվարճությանց համար դործ դնես, որոնց այլևս չես կարող ունենալ` երբ Թիֆլիս վերադառնաս։ Բացի այդ, Կատինկան էլ այժմ պառկած է և Գուրգենիկի հոգսն էլ քեզ վերա է։ Միով բանիվ ես քեզանից ավել չեմ սպասում, քան որքան գրում ես, թեպետ, այս էլ կա, որ դու այդտեղ ուրիշ շատ սիրելիներ ու ընկերներ էլ ունես, որոնք քեզ կզբաղեցնեն, իսկ ես այստեղ կատարյալ որբ եմ, և միայն քո նամակներն են ինձ մխիթարում։ Այսուամենայնիվ (շտապում եմ ավելացնել) ես տխուր կյանք չեմ վարում, կարող ես հանգիստ լինել։

Բայց պետք է ասեմ, որ դու ոչ մի օր այնքան ինձ չես զբաղեցնում ու հոգեպես զվարճացնում, ինչպես կիրակի օրերը։ Լուր օրերին հազար և մի ցավեր կամ գործեր գրավում են գրեթե բոլոր ուշք ու միտքս, իսկ կիրակին բոլորովին ազատ լինելով` կատարելապես նվիրվում եմ քեզ, և ահա ինչպես, դեռ շաբաթ երեկոյան մաքրում, սրբում եմ տուալետդ և նրա իրեղենները և ամբողջապես ծածկում նրան։ Առավոտը սկսում եմ հագուստ, կոշիկ, սեղաններ, աթոռներ և ամբողջ սենյակը մաքրել, որի հատակը սրբում եմ թաց տիլոյով, որով թե լավ մաքրվում է և թե փոշի չէ բարձրացնում, (մնացած սենյակներն ու կորրիտորը Մարիամն է սրբում)։ Հետո պատրաստում եմ թեյս կամ կաթը և ապա լվացվում։ Մի բաժակ թեյ եմ առնում դեռ չհագնված։ Հետո ածում եմ մյուս բաժակը և ապա սկսում հագնվիլ։ Երբ արդեն մաքուր լվացված, սանտրված և հագնված եմ լինում, այնպես որ կարող եմ մի բարեկամի մոտ այցելության գնալ, այն ժամանակ ջերմեռանդությամբ մոտենում եմ տուալետիդ, բանում եմ նրա ծածկոցը և երևում է քո պարկեշտ և լռակյաց կենդանագիրը, որին ես սիրով ողջունում եմ և ապա տուալետի վրայից վերցնելով՝ համբուրում եմ ջերմագին և սեղմում իմ կուրծքի վերա մի ամբողջ կես ժամ… Եվ այս բոլոր հանդեսը ես կատարում եմ անընդհատ երգելով, ես հանպատրաստից, բայց սիրազեղուն երգեր եմ հորինում քեզ վերա։ Եվ մինչև որ թնդանոթը չէ արձակվում, ես չեմ բաժանվում քեզանից։ Եվ երբ այսպես ես հագենում եմ քեզմով, այն ժամանակ միայն դուրս եմ գալիս տանից, նստում եմ ձիաքարշը և թռչում Մուշտայիդ։ Մի ժամ էլ այնտեղ անց կացնելով և ծառերի հովանիում ուղիղ Սպանդարենց տուն, ուր և ճաշում եմ միշտ լավ ախորժակով։ Նրանից հետո արդեն պատմությունս անորոշ է լինում… կամ քնած, կամ արթուն, կամ ձիաքարշների վերա թափառելիս։ Երեկվա ճաշից հետույն մի քանի ժամ մեր տերտերի հետ անցուցի, խոսում էինք ուսումնարանի ապագա կազմակերպության, նոր հոգաբարձուների և երեցփոխի ընտրության և մեր բնակարանի վերա։ Սիրելիս, Լիզենց տունը տերտերը չի մերժում, և ասում է, որ կհամոզե երեցփոխանին 25 ռուբլով մեզ տալու, որովհետև Բաղձանի բանի շինելուց ետ նա երեսունով էր ուզում ուրիշին տալ, բայց մի քանի անհարմարությունն եկան իմ կարծիքով։ Առաջին, որ մի կլադովոյ չունի և մեր օլնակները. մեծ էտաժերկան, վաննաները և ուրիշ հազար ու մի զիրթ ու զիբիլը որտեղ պիտի տեղավորենք։ Երկրորդ, մի կորիտորն կամ տալան չունի և ննջարաններից գիշերը դուրս եկողը անպատճառ պետք է մյուս սենյակում քնողին անհանգստացնի, և բացի այդ, թե Լիզայի ննջարանը և նրան կաբինետը մեկը մենք, մեկը` Նիկոլայը վերցնի, գիշերվա բոլոր շշունջը, խոսակցությունը, հազալը և այլն, մեծ սենյակից մյուսի մեջ պիտի լսվի, ըստինքյան, պատկառելի անհարմարություն է։ Երրորդ` սենյակները ավելի ցած, խախուտ շինված և փոքր են։ Մնացածը դու գիտես։ Դրա միակ հարմարությունը բալկոններն են, մեծ խոհանոցը և առանձնությունը։ Մերին պակասությունն էլ պատշգամբ չունենալն է, կորրիտորի մեծությունը և առանձին չլինելը։ Հիմա դուք խելք խելքի տվեք այդտեղ և վճռեցեք. եթե գնալու ենք Լիզի տունը, կամաց-կամաց պատրաստվեմ, թե ոչ՝ մեր կորրիտորն և սպիտակացնել տամ և մի սարտափի ճար տեսնեմ։ Այս տարի էլ տերհոր ասելով աշակերտուհիների կողմից նեղությունր շատ չի լինիլ, որովհետև մի պարտեզ կլինի և մի պատրաստական և առ այժմ ոչ ավելի։ Եթե տունը փոխելու լինենք, ձեր մի քիչ շուտ գալը կարծեմ կարևոր է, որովհետև Լիզան ամսույս 15-ին հեռանում է և դատարկում բնակարանը. մենք սեպտեմբերի առաջինին արդեն պետք է փոխադրված լինենք։ Բայց գուցե մի բան ավելացնելու և պակասեցնելու հարկ և ձեր խորհուրդը կարևոր է վաղօրոք։ Այսուամենայնիվ, թե դու փոխվելու մասին վճռական բան գրես, Լիզի դուրս գալուց ետ ես իմ խելքին կտրած բարեփոխությունները կանեմ։ Կատինկին առողջությունը շուտ գրիր և բոլորին բարևիր։

Պաշտողդ՝ Գրիգոր
8 օգոստօսի․

Սիրեցյալդ իմ Ոսկի․

Ներիր ինձ, որ անցյալ փոստ քեզ նամակ չգրեցի, իսկ այս փոստ միայն երկու տող եմ գրում, որ երկմիտ չմնաս։ Այսօր մտադիր էի քեզ երկար նամակ գրել, բայց մի կարևոր գործի համար մեր կանտորում նիստ ունեի մի քանիսը․ ես ստիպված էի ճաշից ետ մինչև ժամ տասը հաշիվներ տալ կամ քննել, ուստի հենց այս րոպեին վերջացրին գործերնին և դուրս գնացին. այժմ ժամ տասն է, շտապում եմ այս մի քանի տողն հասցնել վագզալ, որ նիկարան չմնաս։ Ես առողջ և ուրախ եմ, հոգիս, միամիտ կաց։ Վաղը անշուշտ նամակ կունենամ քեզանից և ամսույս 11-ի փոստով երկար նամակ կգրեմ։ Համբուրում եմ քեզ և Գուրգենիս ջերմաջերմ… Ամսույս 3-ից գրածդ ստացած եմ։

Քո Գրիգոր
15 օգոստոսի, 1886, Թիֆլիս․

Սիրելիդ իմ և անուշիկ Ոսկի․

Ամսույս 20 և 22 թվերով նամակ ունիմ քեզ գրած և քո 17-են գրածը ստացա, որով հայտնում ես, թե մտադիր եք շեհերը 31-ին ճամփել, իսկ դուք՝ գալ 2-ին կամ 3-ին։ Երևի դու իմ նամակը շատ անուշադրությամբ ես կարդում, որ նրա մտքերին միշտ հակառակ ես գործում։ Թողնելով ուրիշ շատ զանցառությունները, որոնց մասին, երբ կգաս այստեղ, կխոսամ, ես քեզ ուզում եմ կրկին հիշեցնել այն նամակը, որի մեջ խնդրում էի քեզ աշխատել այնպես հարմարեցնել, որ կիրակի օր լինի ձեր մուտքը ի Թիֆլիս, որպեսզի ես ազատ լինեմ, և այդ առաջին օրը ամբողջապես վայելեմ քո ընկերակցությունը,.. Կարծեմ այս ցանկությունը մի բան արժե, ուրեմն չպետք էր անտես անել նրան։ Դու լավ պետք է հասկանաս, որ իմ դրությունը անտանելի կլինի, թե լուր օր մտնեք դուք Թիֆլիս և ես հենց առաջին տեսակցության Ժամանակ բաժանվեմ քեզանից ամբողջ վեց ժամով։ Դու գիտես, որ ես իմ պարտքը գերադասում եմ անձնական զվարճությունից, հետևապես որքան որ ցանկանամ մնալ քեզ մոտ, անկարելի է, որովհետև իմ պաշտոնը չի ներիլ այդ․ ուրեմն ինչ հաշվով այդպիսի սառնասրտությամբ գրում ես, թե «դուրս կգանք 2-ին կամ 3-ին», մինչդեռ առաջուց արդեն դու պետք է հաշիվ արած լինեիր, որ կամ ամսույս 29-ին պետք է դուրս գայիք, որ կիրակի մտնեիք Թիֆլիս, կամ սեպտեմբեր 5-ին, որ նույնպես կիրակի մուտք գործեիք։ Մի ուրիշ մարդ այս նամակը կարդալով կծիծաղի ինձ վերա, բայց դու պետք է հասկանաս ինձ... դու պարտավոր ես հասկանալու… Թեպետ սրանք շատ չնչին բաներ են, բայց քո վարմունքը ինձ վիրավորում է, որովհետև ես ակամա գալիս եմ այն եզրակացության` թե ուրեմն դու բոլոր իմ գրածները բանաստեղծությունների տեղ ես ընդունում։

Ես զգում եմ, հոգիս, որ խիստ եմ խոսում, և մինչև անգամ դավաճանում եմ սիրո մասին ունեցած իմ սկզբունքներին․ բայց ես քեզ վիրավորելու, կամ տխրեցնելու համար չեմ խիստ խոսում, այլ փաստը հիշեցնելու համար, որը գուցե շատ միամտաբար ես դու իմ ձեռքը տալիս: Այսպես, թե այնպես, դու պետք է մի փոքր զգուշավոր լինես իմ գուրգուրած քնքշություններին չդիպչելու, որովհետև այդ դեպքում ես խոր հոգվով վիրավորվում եմ: Եթե ես իմ ոգևորության ժամանակ այնտեղ եմ հասնում, որ կամենում եմ համբուրել քո ոտքը, դու մի մերժիր նրան ինձ, որ համեստության պահպանության իրավունքով և ոչ մի ուրիշ հարգելի պատճառով, որովհետև, այդպիսով, դու գրկում ես ինձ իմ ամենագողտրիկ վայելչությունից… հասկացար ինձ։

Այսքան գրել ես կարևոր համարեցի, այսուհետև դու քո կամքը. թե ոչինչ հարգելի պատճառ չես գտնում իմ արտահայտած մտքերի հետ համաձայնվելու, այնպես գործիր, ինչպես քեզ հաճո է. որովհետև քո կամքդ էլ իմն է։ Իսկ, թե քեզանից անկախ պատճառները այնպես են դասավորվել, որ իմ կամքը կատարելու համար պետք է կռվես այդ պատճառների դեմ, իհարկե, այդ դեպքում, ավելորդ է կռվել. ինչ որ քեզանից չէ կախված, ես այն քեզանից չեմ պահանջիլ. ինչ որ քեզանից անկախ պատճառները՝ քեզանից անկախ էլ տնօրինեն իրենց գործը։

Այս այսպես։ Այժմ խնդրեմ քեզանից այն, ինչ որ կարող ես կատարել։ Ձեր դուրս գալիս օրը ինձ անպատճառ հեռագիր քաշիր. իսկ, թե հաստատ գիտես, թե որ օր եք դուրս գալու և այդ հաստատ գիտցածը չի փոխվիլ, կարող ես նամակով էլ հայտնել։ Կարծեմ այս նախավերջին նամակս կլինի կամ գուցե վերջին. այդ ձեր մտադրությունից է կախված։ Այժմ էլ գողտրիկ ցանկություններով և զգացմունքներով նամակները գրելու համար չէ, հիմա սկսվում է սիրո ճգնաժամը, ես տենդային անհանգստությամբ պիտի համրեմ օրերը և նրանց շուտ մթնելուն պիտի սպասեմ…

Ավետը որ գրում է, թե Գրիգորին նամակ եմ գրել, չի պատասխանել, սուտ է ասում․ նա մի անգամ մի նամակ է գրել, որը պատասխան էր իմ այն դրության, որով փող էի ղրկել, և գրում էր, թե ստացա և հանձնեցի նրան. ուրեմն պատասխանին պատասխանելու հարկ չկար։ Մյուսն էլ այն վերջինն էր, որով խնդրում էր Մարտանովի հետ տեսնվել, բայց ես սպասում եմ Մարտանովին՝ որ տեսնեմ և հետո պատասխան գրեմ, իսկ Մարտանովն դեռ չի երևում։ Ողջունիր իմ կողմից մամին, Կատինկին, քույրերիս և բոլոր հարցնողաց։ Կատինկան լավացել է արդեն, որ սկեսուրը ծիծաղում է. փառք աստծո. բայց ասա «փառքին» խփի։ Շատ անհանգիստ եմ, թե ձեր շեհերն ինչպես են կապելու, որ ճանապարհին յոխկա-չոխկա չդառնա. Նիկոլայը լավ կկապի, հույս ունեմ, թե միայն համբերությունը չսպառվի։ Դե էլ ինչ գրեմ է, ե՛կ, ե՛կ, ե՛կ, ահա բոլորը։ Այս գիշեր մի երևելի ընկեր ունեի մեր տանը, վախենում եմ ասեմ դուք ինձ տեղ վախենաք, բայց կգաք հետո կասեմ, գող չկարծեք, չէ. մի բոլորովին անվնաս ընկեր, որ այսօր առավոտ հավիտյան բաժանվեց ինձանից։ Շատ գոհ մնացի այդ մարդու ընկերակցությունից, բոլորովին չխանգարեց ինձ. երբեք այնպես հանգիստ չէի քնել, ինչպես այս գիշեր։ Իմացար հա… դե ինչ անենք։ Բայց ես չեմ ասիլ, թե նա ով էր։ Մի անմեղ, մի անդրաշխարհային մարդ—ահա բոլորը։

Համբույր Գուրգենիս. համբույր քեզ.
Համբույր Ոսկվույս, համբույր աստծույս.


Դու արդեն սիրահարված ես հա… ես այդ վաղուց գիտեմ. բայց ես քեզ ներում եմ. աշխատիր գալու ժամանակ մոռանաս ամեն բան. բայց երբեք չմոռանաս Անդրանիկ համբույրը, որի մասին գրել եմ քեզ…

Գրիգոր ստրուկդ
20 օգոստոսի, 86.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Երկու շաբաթ չարաչար սպասելուց հետ ստացա 17-ին գրած երկտողդ, ինչպես մի աղքատ, որ սովամահ հարստի դուռն է հասնում հագենալու հուսով և նրան վերևից մի կատվի պաշար են շպրտում… Այնպես նամակներ ես գրում ինձ, որ կարծես թե ես երկու օր է ինչ որ հեռի եմ գտնվում քեզանից և կամ թե քառասուն տարի է, ինչ պսակվել եմ քէզ հետ։ Ինչ ասեմ. շատ բան եմ ուզում գրել, բայց դողում եմ, թե չլինի մի վայրկյան անգամ տխրես դու. ես կհամբերեմ. երբ կգաս, այն ժամ մեղադրական թերթը կկարդամ քո առաջիդ և կաքսորեմ քեզ… Բայց ուր կարող եմ ղրկել քեզ. իմ անուշիկ Ոսկիս, թե ոչ— իմ գիրկը, որ լի է սիրով, քնքշությամբ և գողտր զգացումներով-քեզ համար։ Իհարկե մի վայրկյան անգամ չես կարող երևակայել այն անձուձը, որ պատած է լինում իմ սիրտը` փոստի օրին սպասելու ժամանակ, ապա թե ոչ դու այդքան անհոգ ու սառնասիրտ չէիր լինիլ դեպի ինձ։ Մի գուցե աչքիցդ հեռի եմ, մտքեդ էլ հեռանում եմ… շատ բնական է. չէ որ աչքերն է զգացմունքները գրգռում… Բայց այս ասելով, չեմ ասում, թե դու ինձ չես սիրում. իհարկե, դա սխալ կլիներ այլ այնպես. մի փոքր մոռացման տված… Չէ որ այդ շուտ է պատահում. օրինակի համար. մայրը որդուն շատ սիրում է, բայց և այնպես բոլոր օրը նրա վերա չէ մտածում. թե նա օտար քաղաքումն է, նույնպես էլ քեզ կարող է պատահել, այնպես չէ՞… Գոնե այս տեսակ լղար նամակները մեծ թերթի վերա էլ մի գրիր, որ փոստում ստացած ժամանակ` սիրտս վեր չթռչի, և կարծեմ մեծ բովանդակություն ունի, իսկ բանալուց հետ չարաչար կոտրվեմ։ Բայց ոչինչ, այս էլ բավական է. էլի շնորհակալ եմ քեզանից, որ գոնե գրում ես մի երկու տող և միամտացնում ինձ. քանի որ այս էլ չգրես ինչ կարող եմ անել։ Ձեր բոլորի գաւուստն էլ սեպտեմբեր 5-ին եք ասում, շատ լավ. կսպասեմ սեպտեմբեր 5-ին. իսկ թե ուզում եք հոկտեմբեր 5֊ին գալ, էլի ոչինչ չեմ ասիլ. դու գիտես, որ ես մի խեղճ մարդ եմ և ցանկություններ բռնաբարել չգիտեմ…։

Երկու հանձնարարություն ունիմ, շատ խնդրում եմ, որ կատարես, թե կարելի է, թե չես նեղանալ։

Առաջինը, որ ձեր Պապունց Բաղդանեցը, կամ մի ուրիշ հավատարիմ մարդուց իմանաս, թե Մաղաուզով Թեոդորոսն (նալբանդ Սահակի տղան, կարծեմ) այժմ ո՞ր քաղաքումն է գտնվում և ինչ հասցեով կարելի է նրան նամակ գրել։ Այս պետք է բոլորովին քո կողմից իմանաս և շուտ գրես. Սպանդարի շատ թղթերն և դոկումենտներն նրա մոտ է, նա նրա գործակատարն է եղել, ուզում է նրան նամակ գրել, բայց տեղը չգիտե, իսկ այդ թղթերն այժմ նրան շատ հարկավոր են։ Միայն կրկնում եմ այն ձևով իմաց, որ ոչ ոք կասկած բան չտանի, որովհետև այդ տղան միշտ թափչում է Սպանդարից։

Երկրորդ խնդիրս այն է, որ երբ որ քո միտրիքականը հանել տալու լինես, մի խորհրդապահ քահանայի միջոցով (թե կուզես հենց Տեր Համազասպի, կամ ում կամենաս) իմաց, թե Թելեկն որ թվականին է ծնվել և Նանիկն՝ որ. այստեղ մի հետաքրքիր վիճաբանություն է եղել, կգաս կը պատմեմ. մարջ են եկել. Միքայել-ապերն ինձ առաջին խնդրեց թե գրիր Ոսկուն, որ գնա մի կերպ չափաբերականներից դուրս գրի երկուսի ծննդյան թվականն էլ (նա կարծում է թե դպրոցների նման կոնսիստորիան էլ քո կոմպիդենտության տեղն է) և բերի հետը, որով ինձ կպարտավորեցնե շատ։ Այժմ ես էլ գրում եմ, թե կարող ես անպատճառ կատարիր՝ այս խնդիրն, բայց սրան-նրան բան մի ասիլ, ղալան է, Կուրկատին Թեփին նման լուրը Թիֆլիս կղրկեն և Նանիկը կնեղանա։

Սիրելիս, այս նամակումն կետեր կան, որոնք քեզ կարող են տխրեցնել․ ես նրանց գրել եմ բոլորովին կատակով. ես մատդիր էի մի շատ երկար նամակ գրել քեզ այսօր, բայց այսօր մինչև ժամ ութը կանտորում ուշացա պատրոնիս հետ միասին, նամակներ էի գրում, և որովհետև թե հոգնած էի և թե ժամանակ քիչ էր մնում, այսքանը գրեցի առ այժմ․ առաջիկա փոստ կաշխատեմ պակասը լրացնել։ Բայց, հոգիս, գրելու բան էլ չունեմ ախր է. ես նստած եմ մի ամայության մեջ. ինչ կա այստեղ հետաքրքրական, որ քեզ գրեմ․ գրածս էլ երևակայության ծնունդն է լինում։ Իսկ դու այնքան բան կարող ես ինձ գրել անթիվ․ բայց տես, որ չես գրում, ի՞նչ անեմ։

«Մշակում» կարդացի, որ Շագիրանովենց զավոդն հրդեհ է ընկել, Ավետն ինչ է գրում, արդյոք մեծ վնաս է եղել և այդ կազդե յուր վիճակի վերա դեպի վատը—գրիր։ Ողջունիր բոլորին, համբուրիր Գուրգենիկիս և շուտ արա՝ համբուրիր։

Քո Գրիգոր

Ներիր, որ ամենաանհամ նամակ եմ գրել քեզ. պատճառը հոգնածությունս և գլխիս ցավն է, որ ահա մի քանի ժամ է ինչ սկսել է։ Բարևիր սիրով—Ղումալ բաջուն և ասա գալդ հազար բարի, բարով գյալաջադ էլ ամեն քեզ Թաֆլիս բերի, որ ըտընենց ղնջջաղ է։

22 օգոստոսի, 86, Թիֆլիս.

Իմ սիրելի և աննման Ոսկի.

Անցյալ անգամ մի նամակ եմ գրել քեզ զայրացած տրամադրությամբ, իսկ այժմ գրում եմ կատարելապես զղջացած։ Ով գիտե գուցե իմ այդ նամակը քեզ տխրեցրել է, կամ գուցե ոչ. այսուամենայնիվ ես հավատում եմ, թե դու կարող էիր նեղանալ։ Իհարկե, թե դու կարողանաս մտնել իմ դրությանը, որ խիստ աննախանձելի է, այն ժամանակ կհամոզվես, որ ես իրավունք ունեմ քեզանից պահանջներ անելու։ Այդ պահանջներն էլ շատ ընդարձակ չեն. մի քիչ ավելի երկար նամակ—ահա այս է իմ բոլոր պահանջը։ Եվ մի՞թե անփթություն չէ, թե դու նրանից էլ զրկես ինձ, քանի որ գիտես, բոլոր նեղություն, ձանձրույթ, հոգեկան անձուկ ես համբերությամբ կրում եմ հենց այն մեկ վայրկենին համար, որ քո նամակը պիտի ստանամ․ և ինչ պիտի լինի իմ դրությունը, երբ՝ ես հուսախաբ վերադառնում եմ տանջարանը։ Թեպետ շնորհիվ իմ երևակայության, որ խիստ բուռն է և լավատես, ես կարողանում եմ հագեցնել քո վերաբերությամբ ունեցած կարոտը, բայց և այնպես, թե մերթ ընդ մերթ նոր նյութ չավելացվի այդ երևակայության կրակի վերա, նա կհանգչի, և իմ հոգին, որ այդ երևակայության կրակի լուսով է քեզ տեսնում, դիտում, հիանում քեզմով, պաշտում քեզ, նա, այդ ցնորքների աշխարհում ապրող և ցնորքներով կերակրվող հոգին՝ կկուրանա խավարի մեջ, կզրկվի քո տեսությունից և կամաց-կամաց կմաշվի։

Միթե համաձայն չես դու իմ ասածների հետ.—իհարկե, համաձայն ես։ Ուրեմն կներես իմ անցյալ անգամի անհամբույր տրամադրությունս։

Ճշմարիտն ասած, այս վերջին օրերի դրությունս շատ անտանելի է, ես նմանում եմ մի մարդու, ոը շատ շտապ գործով, կամ յուր սիրելիներին տեսնելու դիտավորությամբ գնում է մի քաղաք և հանկարծ փոստի կայարաններից մինում նրան կանգնեցնում—ձի չկա — ասելով. անցնում են ժամեր, անցնում է օրը, անցնում է գիշերը, և խեղճ մարդը սպասում է կայարանում ձանձրույթից և սրտնեղությունից խեղդվելով. երևակայիր, որ այդպիսի մարդը խիստ ծխող էլ լինի և յուր ծխախոտը սպառված. իսկ կայարանում ամայությունը թագավորե... Ահա այս է իմ դրությունը։ Գոնե որ շուտ գալդ հնարավոր չէ, շաբաթը մի երկու պապիրոս էլ ղրկես, որ ծխեմ, ընդհակառակր, ասում ես, թե որ գալս մոտեցել է էլ չեմ կարողանում նամակ գրել։ Տո չարաճճի, այդ ես որ գրում եմ, ախր իմ դրության հարմար է եկել որ գրել եմ, դու ուր ես գրում։ Սպասողը ես եմ, եկողը դու։ Արդ, թե եկողը ուշանա, չէ որ յուր պարտքն է` չարաչար սպասողին միամտացնել։ Վերջապես այս օրերն էլ կանցնի, աստծով կգաս, ես քեզ ցույց կտամ ինչ որ հարկավոր է։ Նշանավոր փիլիսոփաներից մինը, որին քո ամուսինը պատիվ ունի որդին լինելու, ասում էր. «Կնկանը փառքը (քյոթակը) գլխիցը անպակաս պիտի լինի»։ Այժմ ես հասկանում երջանկահիշատակ փիլիսոփայի խորիմաստ բարոյականի միտքը...

Երեկ` Ավետից նամակ ստացա, գրում էր, թե Մարտունակը եկել է Թիֆլիս և խնդրել է, որ քեզ գրեմ իրա հետ տեսնվելու, որ մի վարժուհի ճարես նրա համար։ Երեկ և այսօր գնացի մատնացույց արած հյուրանոցները, բայց ոչ մեկումն էլ չգտի. երևի դեռ եկած չէ։ Վարժուհին Ամբարյանի տեղն է ուզում, իհարկե իմ սուրբ պարտքս կլինի շուտ գտնելու, որ նրանց ընտանիքը գալու են Պիատիգորսկից, նրանց հետ ճամփեմ։ Այն հրդեհի համար, որ գրել էի, Ավետը բան չէ գրում, երեի մի նշանավոր բան չի եղել։ Անցյալ նամակի հանձնարարություններս կատարիր, մանավանդ Սպանդարյանի վերաբերյալն անպատճառ։ Մեր տան մեջ ինչ կարևոր բան մնացած լինի և դու արժան համարես բերելդ, բոլորը բեր. սրա նրա խոսալուն չնայես, ինչպես որ քո բնությունն է։

Գուրդենիկիս մի ջերմաջերմ համբույր. չարաչար սպասում եմ այն վայրկյանին, երբ կհամբուրեմ նրան: Ողջունիր բոլորին, ում որ կարևոր ես համարում։ Սիրիր, ում որ էլ ուզում ես, ես դավի չունեմ քեզ հետ—֊քեզ պաշտող և երկրպագու Գրիգորիոս Հայրապետ

29 օգոստոսի, 86.

Իմ աննման և պաշտելի Ոսկի.

Նամակդ ինձ շատ տխրեցրեց. ես չէի սպասում նրան։ Միթե ուրեմն դու։ Միթե ուրեմն դու այդտեղ էլ տանջվում ես միևնույն ցավերով և ես դեռ ոչինչ չգիտեմ... ինձ ավելի անհանգիստ է անում այն ցավերը, որի կողմից են հասնում քեզ. արդյոք միայն մորս, թե ուրիշներից... էլ։ Եվ զարմանում եմ, թե ինչու մի փոքր մանրամասն չես գրում բանը, որ ես էլ չմտատանջվեմ։ Ինչ անեմ այժմ, սիրտս-շատ է նեղանում, բայց ելք չունեմ այդ նեղությունս փարատելու։ Մի փոքր մխիթարվում եմ քո այն խոսքով` որ ասում ես «ինձանից միամիտ կաց, ես ինձ լավ եմ պահում»։ Սակայն չգիտեմ այդ էլ ինձ խաբելու համար ես գրում, թե ճշմարտություն է։ Ինչ էլ որ լինի, հոգիս, սառնասրտությամբ տար ամեն բան. շատին դիմացել ես, քիչին էլ դիմացիր. ես քեզ վերա շատ եմ վստահ և այդ է իմ միակ ուրախությունս։ Գալու համար ինձ գրում ես, որ 2-ին պիտի դուրս գաս, ես կարգավորել էի 5-ին. այժմ քո կամքն է, հոգիս, որ օր կամենում ես. միայն (որ) որքան էլ ուշանալու լինես սեպտեմբերի 5-ին անպատճառ պետք է դուրս գաս և 7-ին անշուշտ պիտի Թիֆլիսում լինես. մի օր սրանից ավելի սպասելու ոչ կամք և ոչ էլ ուժ ունեմ. այս պետք է գիտենաս։ Այն որ գրում ես, «թե շուտով չազատվեմ, պատրաստ եմ մի ամիս էլ ուշանալ և այլն» այդպես բան չհամարձակվես անելու։ Սեպտեմբեր 7-ին այստեղ պետք է լինես առանց պատճառաբանության. սա իմ հրամանն է, որից իրավունք չունես դուրս գալու։ Նրանք, որոնք քեզ կամենում են արգելել, պետք է մի փոքր էլ իմ մասին մտածեն. անկանոն ճաշ ուտելուց էլ ստամոքս ու մարսողությունս փչացել է. հանգստություն ասած բանը էլ ինձ համար պաս է դառել, իսկ այդ բանը դու գիտես, թե որքան կարևոր է ինձ համար, նամանավանդ ճաշից հետոները։ Տան համար երեցփոխը ստիպում է վերջացնել — այսինքն` կամ կրվել նոր տունը կամ հինում մնալ, որովհետև երկուսից մինը նա ցանկանում է վարձով տալ և կեցողները ամեն օր գալիս գնում են. ես սեպտեմբեր 7-ը ժամանակ եմ խնդրել։ Այս մասին Նիկոլային էլ գրեցի այսօր։ Սա վերջին նամակս է, էլ չիպիտի գրեմ և ոչ մի տող. այսուհետև իմ խոսքերը դու կլսես իմ կենդանի ձայնով։ Ուղարկում եմ քեզ, իմ քնքշիկ Գուրգենիկին հեռաստանի վերջին համբույրը... եկեք, ես ձեզ սպասում եմ գրկաբաց, սիրազեղուն սրտով...

Գրիգոր
22 հունիս, 1888, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Շուշի.

Քո հեռագրին չարաչար սպասում էի, և փառք աստուծո, երեկ երեկո ստացա շատ ուշ. հաշվով երեքշաբաթ առավոտն եք տեղ հասել երկու գիշեր դրսում մնալով։ Հավատում եմ, որ ողջամբ եք տեղ հասել. այդ պատճառով շատ ուրախացա հեռագիրդ ստանալուց. բայց քեզ ճանապարհելուց մինչև այժմ շարունակ մտատանջության մեջ եմ, արդյո՞ք առանց նեղության հասաք Եվրախ, ո՞ր ժամին, եկա՞վ ձեզ հետ Քրիստը, ինչպե՞ս գտիք Հովհաննեսին. արդյո՞ք ֆուրգոնը պատրաստել էր, երկա՞ր մնացիք Եվլախում, թե շուտ ճամփվեցաք. ճանապարհները ինչպե՞ս էին, գետերը ինչպե՞ս անցաք գիշերները որտե՞ղ իջևանեցիք։ Մենք մոռացանք, բայց Հովհաննեսը պատորոժնյա ունե՞ր, թե ոչ, երեխաները կամ դուք խո չնեղացի՞ք... Ահա հարցեր, որոնք ինձ իրավամբ պետք է մտատանջություն պատճառեին։ Հույս ունեմ առաջին նամակդ ստանալուց այս բոլորին մանրամասն պատասխան գրած լինես — հոգվույն սրբո զորությամբ իմ հարցերը գուշակած լինելով, ինչպես որ այստեղ կարողանում էիր գուշակել` երբ ձուկ կամ լոքո բերելու խնդիր էր բարձրանում սրտումդ: Այս բոլորից ետ գալիս է հետաքրքրության հերթը. ցանկանում եմ իմանալ, թե առաջին անգամ որտեղ իջևանեցիք, մեր տանը, քեզ համար պատրաստվածո՞ւմ, թե Մանելիո տանը, Ձեզ ընդառաջողներ եղան, թե սուսուփուս գնացիք տուն. Կատինկին ինչպես գտիր, առողջ էր, այսինքն՝ ծննդյան հետևանքը հաջող էր, ինչպես երեխա ունի: Ավագը չամաչեց, որ ընդհանուր օրենքներից շեղվել են իրենք և այս անգամ տղա աշխարհ բերելով մեր բարեկամության հարմոնին քանդել են։ Հետո ինչպես է եկել մաման. արդյոք մեր ժամադրությունը մի բանում վնասել է իրենց ճանապարհորդության, թե միևնույն է եղել ինչ որ պիտի լիներ։ Վերջապես այս բոլորը մանրամասն տեղեկություն կգրես և ուրիշ այն բոլորից, ինչ որ դու գիտես, որ ինձ կհետաքրքրե։

Այժմ գրեմ այն, ինչ որ քեզ կարող է հետաքրքրել։ Ձեր գնացքը հեռանալուց ես վերադարձա տուն. դատարկ սենյակները շատ անշնորհք ազդեցություն արին ինձ վերա, չեմ ասում տխուր.— (որովհետև ես տխրության համար ուրիշ պատճառներ եմ որոնում, որոնք դեռևս պատրաստ չէին)․ այս սենյակները նմանում էին մի ուխտատեղվո, որի ուխտավորները հենց նոր էին քյաբաբն ու մատաղը կերել, գինիքը խմել, զիրթ զիբիլ թողել գետն ի վերա և ձիաները նստել... հայդե։ Ես էլ շատ ուշադրություն չդարձրի, մի քանի անցուդարձ արի աջ ու ձախ և անհամ ու անալի պարզվեցա մահճակալիս վերա։ Առավոտ կիրակի լինելով՝ հարկավ արեգակի հետ չզարթեցա. բայց, երբ որ զարթեցա, ծառան արդեն բոլոր տունը սարքել էր և սամավարը պլպլալով դրել սեղանի վերա։ Թեյ առնելով, օրվա ճաշի պատվերը տվի—համեստ պատվեր—և գնացի խմբագրատուն։ Պրն. խմբագրապետին չտեսնելով դուրս եկա գտի Դանագյուզը և հետը միասին գնացի Մուշտայիդ, մինչև ժամ մեկը զբոսնելով այնտեղ և փիլիսոփայություններ անելով՝ ի դարձին խնդրեցի Դանագյուզին, որ գնա Սպանդարին վերցնե և գա միասին ճաշենք։ Վերջինը մերժել էր՝ ափսոսալով, որովհետև մորը խոստացած է եղել տանելու 0րթաճալա։ Դանագյուղը եկավ միասին ճաշեցինք, խմեցինք, մի քիչ էլ գլուխներս տաքացրինք և հետո միասին գնացինք Օրթաճալա Սպանդարենց մոտ։ Այնտեղ էլ մի անհամ կերպով զբոսանք արինք, մի անհամագույն չայ խմեցինք և ապա վերադարձանք տուն, բոլոր ժամանակ ձիաքարշի վերա կռվելով մի պարոնի հետ, որ ձեռքը դիպցրել էր տիկին Նատալիայի հովվական գլխարկի ծայրիկին... և ներողություն չէր խնդրել։ Գիշերը, իհարկե, առանց քեզանից իրավունք խնդրելու և ոչ մի երազ չտեսա, կամ շատ հիմար բաներ տեսա, որոնք ավելի նմանություն ունեին Մարիամի մեր սարայը բերած շեհերին, քան թե մի ուրիշ օրինավոր բանի։ Երկուշաբթի օրը կանտորումն էի, անհանգիստ հեռագրի ստացում երազելով։ Միրզայանցը առաջարկեց գնալ իրենց տանը ճաշել. ասացի չեմ կարող, ես բժշկվում եմ, և որոշ կերակուրներ եմ ուտում, և չգնացի։ (Հա, չմոռանամ ասել, որ այդ երկուշաբթի առավոտ գնացի Բաբովի մոտ, քննեց ինձ և տվավ մի կապլի, ասելով թե մի 5 օր օրեկան 15 կաթ ընդունիր և հետո 6-րդ օրը եկ քննեմ նորից, տեսնեք դա ինչ ազդեցություն է անում հիվանդությանդ ընթացքի վերա։ Հիմա երկրորդ օրն է, որ ընդունում եմ․ չգիտեմ ինչ պիտի անի միայն խոխս քչացնում է) գալով տուն միայնակ ճաշեցի, ավելի միայնակ, քան թե դու կարող ես երևակայել... (Այն մաման տղին դեռ չեմ տեսել, բայց որ տեսնեմ էլ, չեմ ասելու որ գա. ուզում եմ Դանագյոզին ասեմ գա ինձ հետ միշտ ճաշելու, որովհետև կիրակի օրը նա շատ խոստովանություններ արավ ինձ. խեղճը շատ անգամ 5 կոպեկի ցամաք հաց առնելով և նրանով ճաշելով է բավականանում .-- Այ, թե ով է անձնվիրությամբ թերթի համար աշխատում, ասա, հոգիս, միթե լավ չէ, որ նրան հրավիրեմ միշտ ինձ մոտ, մանավանդ որ 2 1/2 ֆունտ գնած միսը գրեթե ամբողջովին մնում է)։ Երկուշաբթի ճաշից ետ Հովհաննեսի խնդրանոք, յուր հետ միասին գնացի յուր տան համար կուխնու վերաբերյալ իրեղեններ գնելու։ Այգ գործը վերջացնելով վերադարձանք յուր կանտորը։ Այնտեղ էին Սերգեյն ու Միշիկը, որոնց ներկայությամբ ես և Հովհաննեսը վիճեցինք, թե ում գնած սերվիզն է լավ, և այս վիճաբանությունը պատճառ դարձավ, որ ես երեքին հրավիրեցի մյուս օրը ինձ մոտ ճաշի—գործնականապես համոզելու, թե ում գնած սերվիզն է լավ։ Այդ օրվա համար պատրաստել տվի 1) բուլիոն նո․ 1, բիրաժկաներով, 2) վառեկից սոուս և 3) բուդինկ, մաննի կրուպից, որոնց պատրաստել էր Նիկոլայը ամենահիանալի կերպով, այնպես որ, հյուրերիս ռեխը մնացել էր բաց։ Բացի այդ ունեի լոքո, զյուրգեր և խավյար, ժամ երեքին ճաշի նստանք (նոր սերվիզով) կերանք, խմեցինք մինչև ժամ վեցը, երգեցինք, պարեցինք, կռվեցինք և այլն և այլն։ Ճաշի սկզբում Հովհաննեսը առաջարկեց քո և Գուրգենի ու Ռուզանի կենացը (այդ ճիշտ 3 ժամից 20 րոպե անց էր, գրիր տեսնեմ այն ժամանակ դու ինչ էիր անում) հետո ես էլ յուր նշանածի կենացը աոաջարկեցի և այլն, ըստ կարգին, ճաշից հետո սև կոֆե էլ խմացրի, հետո գնացինք Մուշտայիդ և հետո գնացի կանտոր, որտեղ և բերին ցանկալի հեռագիրդ։ Այսօր, իհարկե, միայնակ ճաշեցի, և այսպես էլ կշարունակեմ մինչև առաջիկա կիրակի, ցնոր տնօրինություն...

Կալվածի մասին դեռ նորություն չկա, այսօր ձիաքարշում տեսա Ամիլախվարուն․ նա ասաց, թե սուդիան ասել է, որ օրենքով մի ամսից հետո պետք է տա յապոլնիդելնի լիստն, տեսնենք։ Ինքս էլ էի ուզում մի քիչ ուշանա, այն փոխառաբար ստանալիք 1500 ռ. համար, որ այս միջոցում ստանալ քիչ դժվար է։ Ամիլախվարին ասաց, որ Դիմիտրի կնիկը տղա է բերել. բայց այն հիմարից լուր չունեմ։ Միրզայանցն գնում է ամառանոց ամսույս վերջին մոտավորապես, թե ճանապարհի կեսից չվերադառնա։ Կարծեմ բավական լավ տակլատ տվի քեզ. գոհ կլինես և ինձանից շնորհք կսովորես։ Իմ կողմից ջերմագին համբույր երեխաներին, ողջույն բոլորին։ Համբուրում եմ և քեզ անվերջ...

Քո Գրիգոր
24 հունիսի, ուրբաթ

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Անցյալ փոստ քեզ նամակ գրեցի. երեկ կարծում էի, թե քեզանից էլ ես կստանամ, բայց չստացա, երևի ձեռնհաս չես եղել նամակ գրելու, բայց վաղը չարաչար սպասում եմ, կցանկանայի երկար նամակ գրել քեզ, բայց երկու պատճառ խանգարում են ինձ, առաջին՝ անհանգիստ դրությունս քեզանից տեղեկություններ չունենալուս համար, երկրորդ այն, որ այս րոպեին գնում եմ Հովհաննեսի տունը, որ գնանք պսակ։ Շատ բան այսօր ես ինքս կարգադրեցի նրա տանը, այժմ եկել եմ հագուստներս փոխելու, և այս առիթից օգուտ քաղելով քեզ նամակ եմ գրում, որ կիրակիդ առանց ինձ չանցուցանես։ Պսակը փոքրիկ հարսանիքով կլինի, ընդամենը 21/25 մարդ, և միայն մարդ, կնոջ սով է, քեզ համար ախ են քաշում, բայց էլ որտեղ կհասնի։ Հարսի տանից եկած մեբելը շատ աղքատիկ և անշնորհք է, խեղճ Հովհաննեսին անտերի տեղ են դրել, մանրամասնությունները և նկարագրությունը երկուշաբթի օրը կգրեմ։ Առայժմ շտապում եմ։ Գնացի թե Ռուզանի պորտրետը ստանամ, որ այս երեկո ուղարկեմ, չտվին, 27-ին ժամանակ դրավ։ Կատինկից շատ նիկարան եմ, տեսնեմ վաղը ինչ նամակ կունենա գրած, ջերմաջերմ համբույրս քեզ, Գուրգենիս, Ռուզանիս օ՜հ, այժմ որ զգում եմ թե հեռի եմ իմ երեխաներից․․․

Բոլորին բարև, ցտեսություն մինչև մյուս փոստ․

Քո Գրիգոր
29 հունիսի 1888 Թբիլիս

Սիրեցյալդ իմ Ոսկի․

Մայիս 21 և ամսույս 26 թիվ նամակներդ ստացա. (ամենից առաջ զարմացա, թե դու մայիսին Շուշիում ի՞նչ էիր շինում, որ ինձ նամակ գրես) հետո նամակներդ մանրամասն կարդալով և ուրախացա (շատ քիչ), և՛ տխրեցի (շատ շատ): Ուրախացա, որ ողջամբ տեղ եք հասել, տխրեցի, որ այդքան նեղություն եք քաշել։

Ցավում եմ, որ 6 նամակ (կանտորային) գրելուց հետո եմ քեզ նամակ գրում, ձեռքերս և ուղեղս հոգնել են, թե չէ շատ բան ունեի քեզ գրելու, և փիլիսոփայություններ, և բանաստեղծություններ, բայց այդ թողում եմ մյուս անգամին, որովհետև այս նամակի համար էլ կարճ է ժամանակը, պետք է կլուբ գնամ (պատճառը կասեմ իսկույն), ուստի աշխատում եմ մի քանի համառոտ կետեր միայն շեշտել։

Առաջին նամակդ, որին բանաստեղծական քնքշությամբ էի սպասում, ինձ շատ վիրավորեց. նրա մեջ ես չպատահեցի գոնե մի քնքուշ խոսքի, կամ գոնե մի քնքուշ բառի: Մեղադրանք, դատապարտություն, սպառնալիք... ահա այդ նամակի բովանդակությունը։ Ճշմարիտը խոստովանած, ես գոհի էի, որ հարսանիք գնալու ժամանակը չստացա, այլ մյուս օրը, որովհետև այդ երեկոն գոնե ես խաղաղ սրտով շարունակ դեպի քեզ էի թռչում և ամեն մի բաժակ շրթունքներիս դիպելուց քո անունն էի հիշում, մինչև անգամ, երբ Արսենը քո սիրած հեյթին հնչեցնում էր, ես նայում էի քո գեղեցիկ աչքերին և արտասվում—քո հեռավորությունդ հիշելով ափսոս չէր, որ այս վայրկյանները, սիրով, բանաստեղծությամբ և հափշտակությամբ լի վայրկյանները տեղի չունենային… Ահա թե ինչու գոհ եղա ես, որ քո սուր ու ցակատ նամակը մյուս օրը ստացա։

Բայց, իհարկե, դու չպետք է կարծես, թե ես չեմ վշտակցում քո նեղություններիդ, մանավանդ որ դրանց բոլոր ծանրությունը իմ անմեղ հրեշտակներս են տարել, սակայն կա մի պայման, որ չպետք է անուշադիր թողնել, ախր չէ՜ որ հիմա դուք մոռացել եք ձեր քաշած նեղությունները, իսկ նրանք դեռ տանջում են ինձ. և, եթե արդարև, ես այնքան մեղավոր եմ, որ արժանի լինեմ այս ծանր մտատանջություններին. թե մի սխալմունք գործվում է ոչ դիտմամբ, դրա համար այնքան էլ խստությամբ չեն պատժում... Բայց, ինչ որ է, արժե, որ ես ներողություն խնդրեմ իմ հանցանաց համար, որի մեծ մասը Ավագի շլնգին պետք է բարձել, որովհետև անիծյալ ֆուրգոնը նրա հիշածն էր, թե չէ մենք դրա վերա չէինք մտածում։

Ինչ որ է, վերջ դնենք այս մեղադրական ակտին. ես կամենում էի սրա առթիվ մի քանի խորհրդածություններ անել, բայց ժամանակ չկա. մնաց միայն անցած նորություններից հիշենք մի քանի բան, որոնք գուցե կհետաքրքրեն քեզ։

Հովհաննեսի հարսանիքը տեղի ունեցավ միջակ շնորհքով, հրավիրվածները՝ մոտ 30 հոգի էին, ընթրիքը իրենց տանն էր (այսինքն Հովհաննեսի), շատ միջակ պատրաստություններով, թամադան Սերգեյ Թառամյանցն էր, իսկ նրա սուֆլյորը՝ ես․ հարսի ու փեսայի կենացի վերա ես մի ճառ խոսացի, իբրև շաֆեր և իբրև փեսայի հինավուրց ընկեր, սյուժեն այն էր, թե ինչու համար ամուսնական կյանքը պետք է ամենից բախտավոր և ամենից քաղցր միջոցը համարել կյանքի զանազան ելևէջներում։ Իմ ճառը աղմկալից ծափահարությամբ և փեսայի հետ համբուրվելով վերջացավ։ Ընթրիքը և պարերը տևեցին մինչև առավոտյան ժամը 4½–ը։

Բնավ մի նեղանար, թե ինչու ես գրում եմ քեզ այդ տեղեկությունները, որովհետև Հովհաննեսը և յուր ընկերները քեզանից հազար անգամ տխուր էին, որ դու չկայիր, որ գոնե քեզմով զարդարեիր նրանց աղքատ հրավիրյալների շրջանակը։

Այժմ ուրիշ ամուսնություն։ Կոստանդ Մելիք Շահնազարյանցը եկել է տեղս ամուսնանալու․ տեսել և հավանել է կլուբում Առաքել Արքեպիսկոպոսյանի աղջիկը, այն առողջ կարմիր թուշերով ինստիտուտկան, որին, կարծեմ, սխալմամբ, դու չես համակրում։ Ինձ դիմեց բանը հաջողեցնելու, ես էլ Միրզայանցի միջոցով վերջ տվի։ Կոստանդը ինքը կլուբում ծանոթացել է աղջկան հետ։ Այսօր էլ՝ որովհետև Միրզայանցը գնաց Կոջոր Թելիկի հետ, ինձ վերա թողեց գնալ տղայի հետ կլուբ և մնացյալ հարցերն վերջացնել— այն է բաժինքի, մի քիչ փողի և հարսանյաց օրի, որովհետև Կ․ շուտ Դերբենտ պիտի վերադառնա կնոջ հետ (թե պսակվի իհարկե)։ Այժմ մեր բալկոնում սպասում է, որ ես այս նամակը վերջացնեմ։— Կգնամ, ինչ որ կլինի, կգրեմ։ Ավելի մանրամասնությունները՝ ավելի հետո։

Այժմ շտապելուց չգիտեմ որ մեկը գրեմ։ Խմբագրական անցյալ ժողովը աղմկալից էր և շատ նորերը կային, հարցը կրկին «Ուսումնական խորհրդի» մասին էր, շատ երկար տևեց, ես էլի կռվեցի Թարխանյան հիմարի հետ, որովհետև նա, նորեկ հյուրերի ներկայությամբ, շատ անպատկառ խոսքեր ասաց Սպանդարին, հետո վճռեցինք նրանց հեռացնել մեր ժողովից։ Այս անգամ Բարյանն ու Գրիգորյանը չկային։

Շտապեցնելուց շատ բան մոռանում եմ, մյուս փոստ թող մնա։ Հրեշտակներին հազար համբույր. քեզ երկու հազար, ղրկում եմ Ռուզանի պատկերներից չորս հատ․ փոտոգրաֆն ասում է մյուս կես դյուժինը 2 ռուբլով կշինեմ, շինել տամ թե ոչ, շուտ գրիր։

Դե ցտեսություն, էս բալամը զահլաս տարավ, քեզ շատ բարևում է։ Ես էլ լավ եմ, միամիտ կաց։ Հա Վառինկին տարել են Ծիրանավոր, այսօր էլ կանտոր գնալիս տեսնամ Նիկոլային հետ մեր ժամի բակը մտին․ տեսնվեցանք, համբուրվեցանք, բայց ինձ մոտ չէր գալիս, այլ եկեղեցին։ Մտավ, համբուրեց, մոմ վառեց և ֆայտոնով գնացին Մուշտայեդ։ Կարծեմ վաղը կամ մյուս օրը գնում են Ախլքալաք։

Բոլորին բարև։

Քո Գրիգոր

Սիրելի Ոսկի․

Այս երեկո Հովհաննեսը ճանապարհվում է Շուշի յուր նշանածի հետ, (որի անունը Լիզա է, իմանաս)։ Ես նրան տվի քո ժերսետը և մյուս երեք ախլուխները և Ավագի ուզած պարաշոկները, բոլորը մի կարոբկայի մեջ կստանաս։ Հովհաննեսը գալիս է Շուշի մի երկու կամ երեք օրով, բայց նշանածին կթողնե այդտեղ մինչև օգոստոսի վերջը, իբրև ամառանոցում։ Այսօր ես նրանց տանն էի ճաշին։ Նրա նշանածը մի շատ լավ աղջիկ է, միամիտ և անմեղ, ինչպես անտառի թռչունը, Հովհաննեսն ասում է, որ կցանկանայի, որ Ոսկին ծանոթանալով նրա հետ միևնույն ժամանակ և հովանավորեր նրան, ընկերակցելով, որտեղ կարող էր։ Այդ հովանավորել բառի տակ դու կարող ես շատ բան գտնել․ այսինքն և՛ մասամբ դաստիարակ լինել, և՛ աշխարհավարության ծանոթացնել, և՛ պատահած ընկերության մեջ կողմնակցիլ և՛ այլն, և այլն։ Հովհաննեսն ասում է, որ ես երկու օր որոշելով մնալս, չեմ կարծում, թե կարողանամ Ոսկու կացարանը գտնել և այցելել իրեն, բայց կփափագեի, որ, երբ ես իմացնեմ նրան մեր գալը, Ոսկին մի կողմ թողնելով քաղաքավարական-պահանջող իրավունքը (մեր աոաջին այցելելուն համար) գար մեր տուն և ծանոթանար Լիզայի հետ, որ նրանից հետո կարելվույն չափ ընկերակցեր նրան։

Այս ամենը քեզ հայտնելով, մնացածը թողնում եմ քո բարեհաճ կամքին։ Բայց և կանխավ հայտնում եմ, որ ես կցանկանայի, որ դու գնայիր նրանց մոտ, և սիրով ընդունեիր իրենց քեզ մոտ և այլն, և այլն։ Նրանք այս երեկո դուրս կգան, վաղը կլինեն Դալմամադլուի ջաղացում, և ուրբաթ առավոտ Եվլախից դուրս կգան դեպի Շուշի։ Կարծեմ ծնողներին չէ հայտնել, թե պատահես կարող ես ասել նրանց։

Քո Գրիգոր
1 հուլիսի, 1888, Թբիլիս,

Սիրեցյալդ իմ և անուշիկ Ոսկի,

Շատ դժգոհ եմ այն հանգամանքներից, որոնք շրջապատում են ինձ հենց քեզ նամակ գրելու օրը կամ ժամին։ Երևակայիր, այսօր պ․ Միրզայանցը եկավ Կոջորից և իմ գործը կրկնապատկեցավ մինչև երեկոյան ժամը 9-ը, այսպես որ նախընթաց ավուր պես ինձ միայն կես ժամ է ժամանակ մնում վագզալ նամակ ղրկելու։ Հազար մի բան կա գրելու, չգիտեմ ինչ գրեմ, մի կարճ նամակ ղրկելու էլ հոժարություն չունեմ։ Բայց, ինչ որ է, մի քանի նորություններ գրեմ։ Մելիք Շահնազարյանցի գործը գլուխ եկավ, Արքեպիսկոպոսյանցի աղջիկը ուզեցինք. այս երեկո (մի կես ժամից գնում ենք մատանին տանք, չկարծես թե այդ է պատճառը, որ շտապեցնում եմ նամակս կամ վայրի վերո եմ գրում)․ Միրզայանցը իմ հորդորմամբ բավական լավ բարեկամական ձեռնտվություն է անում Կոստանդին։ Իհարկե դու գիտես, թե ինչ նպատակավ եմ ես Կոստանդի համար աշխատում, նա երախտագետ և պիտանի մարդ է։ Առաջիկա կիրակի մենք կերթանք մեր հողերը տեսնելու։ Կոստանդը խորհուրդ չէ տալիս Խիրիութավի պատրաստի այգու համար մտածել։ Նա ասում է, Որ 2000 ռուբլի ծախսելով կարելի է մինչև երեք տարին 10 դիսիադինի վերա ձգած պատրաստ և արդյունք տվող այգի նոր սիստեմայով։ Եվ այս տարի աշնան խորհուրդ է տալիս սկիզբը դնել։ Մեր թղթերն դեռ չհաստատվեցան․ մի շաբաթից պատրաստ կլինի։ Բարկաձեի մեր հողերին կից հողը, անտառակը և այգիկն էլ գնեցի 2000 ոուբլով։

Տան վերաբերությամբ թե պահպանության, թե ծախուց և թե րնկերա-հրավիրա-ճաշա-կերության մասին միամիտ կաց. ավելորդ ճաշեր չկա։ Կարծեմ չեմ գրել քեզ, որ մի օր Սպանդարին, Դանագյոզին, Շահպարոնյանցին և ինձ ճաշ տվի ընդամենը 94 կոպեկով ամեն բան հաշված, ըստ այսմ իմա և մյուս բաները։

Սիրելիս, ժամացույցի վերա 10-ը 18 րոպե է, ներողություն, երկուշաբթի երկար կգրեմ, նամակդ թող ղրկեմ փոստ։

Իմ անուշիկ հրեշտակներիս, մանավանդ Գուրգեն—բալիս անվերջ համբույրներ… Ախ, ինչպես շատ սիրտս ուզում է․— արդյոք ինչ է ասում այդտեղի համար, միթե իմ անունը չի տալիս։ Բոլորին բարև. Ավագի հարցրածի մասին հետո կգրեմ։


Քո Գրիգոր

Իմ անուշիկ Ոսկի.

Ինչ որ մինչև այժմ գրեցի, դրանք կարևոր պատասխաններ էին քո հարցերին, բայց, իսկապես, իմ ցանկացած նամակը չկազմեցին։ Երբ ես նստում եմ քեզ նամակ գրելու, ամենից առաջ ցանկանում եմ, որ ազատ ժամանակ ունենամ, որովհետև չոր ու ցամաք քեզ նամակ գրելս ինձ չէ գոհացնում. ես կամենում եմ մասնակից անել քեզ այն բուռն և սիրազեղուն զգացմունքներին, որոնք շարունակ ալեկոծում են իմ սիրտը, մերթ անվստահացուցիչ և մերթ արբեցնելու չափ թուլացնող եղանակավ։ Վերջին նամակիդ մեջ քո գործած մի բառը, որի մասին ես շուտով պիտի խոսեմ, ինձ կատարելապես իրավունք է տալիս հավատալու, որ դու երբեք, գոնե գնալու օրիցդ մինչև այժմ այն զգացած դրության մեջ չես գտնվել, որի մեջ ես ամեն օր եմ, հետևապես դժվարությունը կարող ես ըմբռնել իմ հիշած զգացմունքների և նրանց իմ մեջ դարբնող անհանգստությանց ինչ լինելը։ Ճշմարիտ է, կար մի ժամանակ, որ իմ յուրաքանչյուր ակնարկության մեջ դու կարդում էիր իմ բոլոր սիրտը և իմ զգացմունքների հարուստ սիրախոսությունները, բայց այժմ նշաններից արդեն երևում է, որ դու հոգնած ես և քիչ է մնում, որ ինձ էլ ընկերացնես քեզ: Իմ խոսքերի բացատրությունը երևի սպասում ես, այնպես չէ՜, ուրեմն սկսենք։ Առաջին նամակումդ գրել էիր ինձ. «Ես վճռել եմ մանրամասն գրել քեզ Գուրգենիս և Ռուզանիս տանջանքները, որ դու էլ դրանով նեղանաս քո հանցանքի փոխարեն— իհարկե, չեմ ասում, թե այն անտարբերությամբ կկարդաս ինչ անտարբերությամբ մեզ ճանապարհեցիր ոչինչ չես զգալ…»: Այս խոսքերը կարդալուց ետ, իրավունք ունեի սպասել քեզանից շատ մի բանաստեղծական գրությանց, իբրև մի կնոջից, որ այնքան բծախնդրությամբ հետևում է յուր ամուսնու նայվածքներին, և, երբ տեսնում է, թե` վագոնը հեռանալու միջոցին, պատահմամբ այդ ամուսնու աչքերը ուրիշ տեղ են նայում և ոչ թե յուր սիրելի կնոջ աննման աչքերին՝— նա իսկույն նրա սրտի մեջ անտարբերություն է նշմարում… (ճշմարիտն ասա, այս վայրկյաններին չե՞ն վերաբերում քո խոսքերը, ես կամենում եմ որ գրես)։ Բայց այսպիսի նկատողությունից ետ, ով զարմանք, այդ կինը յուր 3-րդ նամակը վերջացնում է այս խոսքերով. «էհ, էլ ինչ գրեմ, հոգիս, ինչ որ կա, կա, էլի՛ սուտ չեն ասում, պառավել ենք… բոլորովին ուրիշ բաներ են զբաղեցնում… (երևի քեզ)։ Այս խոսքերը կարդալուց ետ` ինձ մնում է այսպիսի մի եզրակացության գալ, երբ դու ինձ մոտ ես, իմ անձնավորությունը զբաղեցնում է քեզ. դու հետաքրքրվում ես իմ զգացմունքներով, իմ անտարբերությամբ… Բայց հենց որ հեռանում ես, մենք պառավում ենք, էլ բան չկա ինձ գրելու, էլ ուրիշ հարցեր են զբաղեցնում քեզ, այս ցավալի է․ ուրեմն դու արդարացնում ես հայի հին առածը «աչքից հեռի` սրտից հեռի», բայց ես, տիկին, մի փոքր ուրիշ կերպ եմ հասկանում հեռավոր և մերձավոր սիրո խաղերը։ Երբ դու ինձ մոտ ես, ես արդեն հանգիստ եմ․ իմ զգացմունքները կանոնավոր են․ ես չեմ շտապում և չեմ դանդաղում․ բայց հենց որ դու հեռանում ես, ես նմանում եմ մի մարդու, որի գանձը հանել տարել են հեռու աշխարհ, հրամայիր նրան չմտածել, չվախենալ և չդողալ․ բնությունը յուրը տանում է․ նա կորցնում է յուր հանգստությունը, նրա ճակատը կնճռվում է, ուրախությունները տեղի են տալիս մելամաղձոտությանը և ամեն ինչ նրա համար մութի մեջ է… Ահա ես։ Ամեն մի վայրկյան ես անհանգիստ եմ քեզ համար, ամեն մի դիպվածք` նոր մտածմունքներ է ծնեցնում իմ սրտում, նոր զգացումներ բորբոքում, նոր տրամադրության մեջ ձգում ինձ։ Այսպիսով, ես մի ուրիշ առած եմ ճշմարտացնում (որը դեռ գործածության մեջ չէ)— «աչքից հեռի` սրտին մոտիկ»․ իհարկե դժվար է պահանջել կնոջից` մարդիկներին հատուկ ամուր զգացմունք` կյանքի փորձությունների մեջ, բայց որ կինը մարդուց ավելի շուտ դադարե սիրելուց, այն նրան պատիվ չէ բերում։ Այսուհետև ես քեզ պառավ կանվանեմ, բայց քո պառավել ենք խոսքի մեջ խնդրեմ ենք վերջավորությունը եմ-ի փոխես և գնաս մի անկյունում նստես ու գուլբա գործես․ ես չեմ պառավել, ես դեռ նոր եմ սկսում սիրել, ինչո՞ւ համար ես ինձ հուսահատեցնում։ Չեմ հասկանում ինչի մեջ է պառավելու նշանը երևում։ Քո գնալու աոաջին վայրկյանից սկսած մինչև այժմ ես կատարելապես միայն եմ, շուրջս անապատ, թե տան մեջ, թե դուրսը։ Ոչ մի ընկերությունը ինձ չէ զբաղեցնում, ոչ մի նորություն ինձ չէ հետաքրքրում, գալիս եմ տուն չգիտեմ ինչու համար, գնում եմ դուրս նույնպես չգիտեմ ինչու․ ամեն տեղ դատարկություն, ամեն տեղ քուն և մահ, ահա իմ տեսածս։ Մինչև այժմ, ճշմարիտ է, գտնվել եմ մի քանի հետաքրքիր հասարակության մեջ, օրինակ, մի հարսանիքում, մի նշան գրերում և ահա, երկու օր է, Կոջորում․ բայց ամեն տեղ էլ ես քո հետքերն եմ պրպտում․ հարսանիքում զմայլված լսում էի երգը և թառը, բայց հենց որ մտածում էի, որ միայն եմ, իսկույն կամենում էի ականջներս փակել կամ լուռ արտասուքներ գլորվում էին սրտիս մեջ… Նշանդրեքում նույնպես լավ էր. փոքրիկ և ուրախ հասարակություն․ հնձ ընտրել էին թամադա, Արսենը, որ նրանը ազգականն է, էլի այնտեղ թառ էր ածում, բայց հենց որ մտածում էի այնտեղ դու էլ կարող էիր լինել, բայը չկաս, և ես մենակ եմ, իսկույն մի բան քաշում էր մեջքիցս, ձայնս ինձ չէր հնազանդում, խոսքս կտրվում էր, և ես ակամա խորասուզվում էի մտածմունքների ծովի մեջ, այնպես որ շարունակ նկատողություն էին անում, թե` թամադան քնում է… Վերջին նամակդ ես ստացա պոստալիոնից հենց այն ժամանակ, որ կամենում էի նստել դելիժանսի վերա և ես նրան բացի հենց այն ժամանակ, երբ դելիժանը հասավ Բոտանիքական այգու բարձրավանդակը, որտեղից երևում է այն հիշատակաց արժանի գեղավայրը, ուր մենք անձրևը դադարելուց հետ` քարանձավից դուրս գալով, համբուրվում էինք` դեպի այգու վերևը տանող վանդակապատի մոտ… Ես այդտեղ սկսեցի կարդալ քո նամակը և երբ հասա նրա վերջին խոսքերին, աչքերս կրկին անգամ ընկան Բոտանիքական այգու վերա, (այդ ժամանակ մենք անցնում էինք ուղիղ նրա հանդեպից) և անցյալի քաղցր ու անզուգական պատկերները կրկին սկսան կենդանանալ իմ առաջ… Օհ, ինչեր չէի տալ ես, թե այդ րոպեին դու գտնվեիր ինձ մոտ, մենք ձեռն ի ձեռն ելնեինք դարձյալ այդ հիշատակաց արժանի տեղերը, մի անգամ դարձյալ կենդանացնեինք անցյալը, հիշեինք մեր երջանիկ, քնքուշ և դեռ երիտասարդ լինելու չափ անմեղ սերը, գրկվեինք, ամուր ամուր սեղմեինք իրար մեր կրծքին և պինդ, կրակոտ և անվերջ համբույրներով քավեինք մեր մեղքը, որ կայանում է մեր մոռացկոտության մեջ… Պառավել․ և ինչ խոսք ես գտել դու, և մանավանդ, թե ինչ ժամանակ, զարմանում եմ, միթե քո սիրտը այդ աստիճան հանգիստ և անտարբեր է այդ հեռավորության մեջ. դեռ երկրորդ շաբաթը նոր է վերջացել և իմ կատարյալ քայքայումն է տիրում․ չգիտեմ ինչպես անցկացնեմ անշատության այս դժվարարար օրերը․ ես կարծում եմ, թե սկի չենք պսակվել, թե դեռ մեզ սպասում են նշանված ամիսների քաղցրությունները, նորապսակների մեղրամիսը, երիտասարդ ամուսնացյալների վեցամսյակը, նրանց անմեղ չարություններր և այլն և այլն… Բայց ղու արդեն պառավել ես… Ինչ է մնում ինձ անել, կարող ես գրել…

Երեկ ճաշից հետո միայնակ գնացի անտառ․ շատ հեռացա Կոջորից, և նստեցի հովանավոր ծառերի տակ, ինչ ասել կուզի որ ամբողջ չորս ժամվա մտածությանս առարկան դու էիր, ես այդ չորս ժամվա մեջ ապրեցի ճիշտ 16 տարի, այսինքն այն օրից սկսած, որ ես գիտակցաբար արդեն սիրում էի քեզ մինչև այն օրը, երբ ես այդ ամայության մեջ նստած մտածում էի քեզ վերա։ Եվ հաստատ կասեմ, որ այդ 16 տարվա մեջ ես մի վայրկյան անգամ ծերացած չգտի ինձ․ ընդհակառակը, զարմանում էի, թե` ինչպես կարողացի ես հեռացնել քեզ ինձանից ամբողջ մի երկու ամսով, ինքս ինձ նախատում էի և վերջապես երդվեցի, որ դա իմ վերջին հիմարությունը լինի։

Սակայն քեզ համար այսքան զգալի չի լինիլ ինձանից հեռի լինելդ, ես սկի չեմ էլ մեղադրում քո սառնությունը, որովհետև երեխաները մոտդ են, էլ ես ինչիդ եմ պետք, մինչդեռ ինձ համար այդպես չէ, ես քեզանից էլ եմ զուրկ, երեխաներից էլ․ և երբ այս վերջինները միտս են գալիս, սիրտս բոլորովին մորմոքում է․ ես զարմանում եմ, թե ինչու այս անգամ այսպես է. և պետք է ասել, որ ամենից ավելի Գուրգենի համար է սիրտս նեղանում, երբ հիշում եմ նրա խոսքերը, նրա չարությունները, նրա անհանգստությունը և, վերջապես, երբ երեկոյան գալուց նա ինձ տեսնելով վազում ճիտ ճիտ էր անում ինձ, կամ ձեռքս եղած թղթի պարկը առնելով «Այ, բուկի, այ, Հակուշ, բուկի» էր ասում, այս բոլորը այնքան են զգալ տալիս ինձ նրա բացակայությունը, որ երբեմն քեզ մոռանում եմ երեխայի պատճառով… Երբ քո նամակում մի քանի խոսք ես գրում նրա խոսածներից, ես շատ ուրախությամբ եմ կարգում նրանց և մինչև անգամ մի քանի անգամ։ Շատ հետաքրքրվում եմ, չգիտեմ հիմա ինչ բառեր է սովորել, բայց, որ ինձ այդպես շուտ մոռացել է, այդ մի փոքր վիրավորական է։ Ուզում եմ երեխայիս մի նամակ գրեմ, որ զգույշ կենա քո վերաբերությամբ և հսկե քեզ վերա, չլինի թե նոր բարեկամների ետևից ընկնես և յուր հորը մոռանաս…

Բայց արդեն ժամ 10½ է. վերջացնենք այս շատախոս և գուցե քեզ ոչ այնքան հաճելի նամակը և տանենք վագզալ չորեքշաբթի օրը քեզ և բարկացնելու և ուրախացնելու համար:

Բոլորին սիրալից ողջույն. Ավագին ասա, ներողություն, րեցեպտը այս անգամ չկարացի ուղարկել, չորեքշաբթի քո ժերսեի հետ կուղարկեմ։

Նամակ գրելուց մանրամասն գրիր և ամեն բանից տեղեկություն տուր, թե երկար չեմ կարողանում գրել, կարճ գրիր այն թե ամեն փոստ գրիր, որովհետև, երբ Շուշուց փոստը գալիս է, և ես քեզանից նամակ չեմ առնում` նեղանում եմ:

Երեխաներիս հազար համբույր։ Գուրգենիս բարև։ Մեր Թամարին էլ բարևիր. ինչպես է դուր գալիս նրան Շուշին, գրիր: Մեր Խաջենագետի բաղի համար ինչ են արել։

Ջերմաջերմ քեզ համբուրելով`

Բո կարոտատանջ` Գրիգոր

Ժամանակ չկա նամակս կարդալու, թե սխալներ լինեն գրածներիս, գրիր:

4 հուլիսի, 1888, Թիֆլիս, երկուշաբաթ ճաշից հետո

Սիրեցյալդ իմ․

Այս րոպեին վեր կացա քնից․ մի քանի ժամ ժամանակ ունիմ քեզ նամակ գրելու, բայց ամբողջ տան մեջ սաստիկ տոթ է. ուրեմն ունեցած ժամանակս կես հաշվելու է։

Ամենից առաջ համառոտ պատասխանենք մի քանի հարցերիդ, որոնց մոռացա ամսույս 1-ի նամակումս պատասխանելու։ Ըստ որում, դրանք պատկանում են հունիս 26-ի նամակիդ։

Այդ քո դուփլիները այստեղ չէ․ ես նրանց թամբի մեջ եմ պնդացրել, թե նրա միջից ճանապարհին բան եք հանել, ուրեմն կորած են։ բ) Դանագյոզեին ես ճաշի չեմ բերում, թեպետ գրել էի, որովհետև քաշվում է, չի գալիս։ գ) Իմ ծախսս շատ չէ, օրեկան միջին թվով 60/70 կոպեկ։ դ) Ես շատ ժարգո չեմ ուտում, միայն այսօր եմ կերել։ ե) Չուխաս ու յափունջիս հիմա էլ դրսում փռած է, միամիտ կաց։

Սրանից ետ ստացա քո (30)֊ի նամակդ, երևի, կասկածում էիր թվի ճշտության մասին, այս հինգշաբթի 20֊ն էր։ Այժմ նրա պատասխանները։ 1) Երկուշաբթի նամակ չգրելս ոչ հիվանդության պատճառավ էր, ոչ պսակում քրտնել ու հիվանդանալիս, այլ նախընթաց շաբաթ օրը քեզանից նամակ չունենալուս համար․ և, ինչպես երևում է, նամակ չգրելը աստուծո ողորմությունն է քշել, որովհետև, թե նամակ գրեի, դու չէիր գրելու, ինչպես ինքդ ես ասում, այսուհետև կաշխատեմ ուշ ուշ նամակ գրելու, որ դու նիկարան մնալով շուտ-շուտ գրես, ուրիշ ճար չկա։ 2) Բժշկի դեղն մի 10 օր ընդունեցի, շատ լավ օգնում էր, բայց ահա քանի օր է խառնվել եմ մի քանի մանր մունր բաներով և դեղը վերջացած է, պետք է նորեն գնամ բժշկի մոտ, որ ռեցեպտի վերա կրկնելու իրավունք գրի, ըստ որում՝ առանց այդ չեն տալիս։ Մտադիր եմ լրջությամբ շարունակել իմ բժշկության գործը, միամիտ կաց։ 3) Շոգերը արդարև անտանելի են, բայց որ ճաշից առաջ ես կանտորումն եմ անզգալի է ինձ համար, ճաշից հետո էլ շատ անգամ քնում եմ, իսկ չքնած ժամանակ էլ կանտորումն եմ, երեկոյաններն էլ շատ սակավ է մզիգութ տոթ լինում։ 4) Ծառայիցը շատ գոհ եմ, իմ համարումը նրա վերա, օր ըստ օրե, ավելանում է. բայց անիծածը Մարիամի հետ չի բարշում, մի քանի օր առաջ նեղացա վերան։ Բայց այդ Մարիամն էլ արդարև շատ բծախնդիր կին է, խեղճ ծառային գժվացնում է, դու խո գիտես, որ նա վատ բան չի սիրում։ 5) Իմ քթից արյուն չէ գնում բնավ․ ուրեմն բժշկին ասելու էլ բան չէ մնում։ 6) Գիշերները քնում եմ 9-ին, 10-ին և մի երկու գիշեր էլ քնել եմ ժամ 3 — 4-ին։ Բայց դա քո ինչ գործն է… ուզում ես բան իմանաս հա՞… 7) Իսկ քոսս, տիկին, անցել է․ խնդրեմ նամակումդ այդպիսի ց…ած…ներ չհիշես, ամոթ է, շատ ամոթ… 8) Վառինկան, այո, արդեն Ախալխալաքումն է Նիկոլային և յուր մոր հետ։ 9) Սպանդարը յուր ընտանիքը տարել է Գորուց մի կայարան այն կողմը՝ Թվիս գյուղը, բնակության սենյակները տեղվույն քահանան ձրիաբար է տվել, ապրուստի համար էլ երևի երկինքը կհոգա... ինքը կարծեմ այսօր վերադարձած է․ Բաքվից փող ստանալու կամ չստանալու մասին տեղեկություն չունեմ, որովհետև մի շաբաթից ավելի է, որ խառնված եմ և նրան չեմ տեսել, խառնված լինելս էլ այս Կոստանդի գործն էր մասամբ, որը հաջողությամբ վերջացավ, հետո Կորջոր գնալս, հետո գիշերները ժամը 9-ին պառկել֊քնելս և այսպես ուրիշ մի քանի տեսակ ծուլության վերաբերյալ գործեր և ց–ած-ներ։ 10) Հազար ներողություն, որ ես էլ ծուլությամբ քոռացել եմ «Նոր֊Դարը» քեզ ղրկել տալու համար հոգալ, թեպետ մյուս կողմից պարտավոր էլ չէի, որովհետև իմ ներկայությամբ դու այն հիմար շատախոսին ասացիր, թե... «Ձեզ եմ խնդրում, որ Դուք ղրկեք, Գրիգորին չեմ ասում, որովհետև չի ղրկիլ...», և այլ այսպիսի կոտրտված մտերմախոսություններ. օ՜, ինչպես կատաղեցի այս րոպեիս, խնդրեմ բացատրություն տուր ուր են քո վեց պատկերները, երկուսը ինձ մոտ է, գիտեմ, երեքը հետդ տարել ես, ուր է 6-րդը, տիկին, ասա, թե չէ կատաղությունից բոլոր տունը կքանդեմ այս րոպեին... այն հիմարին ես տվել հա՞, ինչու՞ ինձանից ծածուկ, ինչու՞ ո՛չ իմ ներկայությամբ, o՜, կանա՜յք, կանայք, սատանաներին դուք կարող եք դժոխքից փախցնել ձեր մեքենայություններով... 7 հատ մարքա ես ուզում, որ նրան տամ, խնդրեմ դու ղրկիր, այդ մի պատճառ կդառնա, որ մի քանի մտերմախոսություններ էլ անես նրան... ֆո, ինչ անհիտան տեղ է մթնում նամակս, ճշմարիտ որ ինքնաբերաբար եկա այստեղ, և իսկապես մի քիչ էլ հավատում եմ գրածներիս իրավացի լինելուն, շատ վատ տրամադրվեցի, մանավանդ, որ չգիտեմ և չեմ կարող գիտենալ թե դու ինչ ես անում այս րոպեին, ում հետ ես հաճոյախոսում... Օ, ինչպես թշվառ ենք մենք, և որքան հիմար. ինչու համար ենք ձեզ հավատում... Օ, նախանձ, նախանձ, եկ, մոտեցիր ինձ քո բոլոր ուժով, տիրիր իմ սրտին քո չարարվեստ կասկածներով. թող երևակայությունը բորբոքե այդ կասկածները, պատկերացնե և իմ առաջ գրգռեցուցիչ տեսարաններ… տեսնեմ ես այն ամենը ինչ որ կարող է պատահել և ինչ որ գուցե... պատահում է... Օհ, աստված վկա ես գժվում եմ. մանավանդ, երբ զգում եմ կատարյալ անզորությունը եղած դրությունը քանդելու կամ գոնե իմ միջամտությամբ եղածը կամ լինելիքը… խանգարելու... հավատա… միայն դու ես մնում ինձ մխիթարիչ և սփոփող... բայց դու էլ ավելի չարժես ինձ համար՝ քան մի կմախք, որ մի օր պատկանում էր այս ինչ երևելիին... ինձ ինչ…

Նամակիս 3-րդ երեսը շարունակենք իբր չգրված, սկսենք մեր ընդհատված չոր ու ցամաք պատասխանները, որպեսզի մի փոքր խաղաղվելով, կարողանանք լավ բաներ էլ գրելու։

Տեղվույդ թխած և անթուխ ուտելիքների թանկության մասին ես գրում, շատ ցավում եմ, բայց օգնել չեմ կարող. մի փոքր էլ սպասիր, գուցե բանը դրստվի․ յուղի համար շատ մի շտապիր, հետո կգա, թե չի գալ էլի օրհնվի Թիֆլիսը, մենք բերել կտանք որտեղից որ հարկավոր է, միամիտ կաց։ — Բայց քանի մոռացած չեմ, գրեմ, նամակս ստանալուց ինձ համար մի պասպորտ առ 1 հարվան և ղրկիր, թագավորի գալու պատճառավ (որ կլինի մինչև սեպտեմբեր 25-ն շատ խիստ հարց ու փորձ են անում. նույնպես ծառաների կամ քոծերի համար, և այն մարդը, որ առանց անցագրի մարդ է պահում մոտ 300 ռ․ տուգանք է վճարում, ես անհանգիստ եմ մեր ծառայի մասին. նրա անցագրի ժամանակը լրանում է հուլիսի 24-ին, տեսնենք ինչպես ենք անում։ Ձեր ծառա չունենալու համար անհանգիստ եմ, չգիտեմ գտիք թե ոչ. թե ավելի կարևոր է քան այստեղ մեր ծառային ղրկեմ, ես հեշտ կերպ յոլա կերթամ։ Բայց վարենի մինչև այժմ չկարողացանք եփել, որովհետև սկզբներում բնավ միտս չեղավ, վերջերումս էլ կերաս չեկավ։ Էհ վնաս չունի, հարկավոր ժամանակը կարող ենք առնել, թե դու կարողացար հյունից կեփես, թե չկարողանաս և դարձյալ ոչինչ չենք կորցնիլ. փորձը ցույց է տալիս, որ մեր տանը յուրաքանչյուրից թե 5 ֆունտ էլ լինի բավական է, իսկ դրա համար փող կգտնենք ժամանակին։ Կատինկի երեխայի համար հարմար անուն չգիտեմ որն է, բայց իբր հայկական և գեղեցիկ հնչող անուն, կառաջարկեմ ընտրել այն 6 անուններից մինը— Զարեհ, Ներսես, Վահան, Վահրամ, Վարդ, և վերջապես իմ երկրորդ տղի համար ընտրած անունը— Միհրան, եթե այս վերջինը ընտրեք՝ խարճ պետք է տաք։

6 հուլիսի, 1888 Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ և անուշիկ Ոսկի.

Եթե դու ինձ տեղ լինեիր, կասեիր՝ թե երկուշաբթի տասը երեսից նամակ եմ գրել, բավական է այսօրվա համար էլ ես, ընդհակառակը, պարտավոր եմ նույնչափ էլ այսօր գրել, թե միայն նույն օրվա չափ ժամանակ ունենամ։ Ուրիշ ինչ լավ բան կարող է զղաղեցնել ինձ, քան թե քեզ հետ խոսելը, թեկուզ նամակով, քանի որ գիտեմ, թե այդ նամակը որքան հաճություն է պատճառում քեզ… այսինքն՝ այս դեռ հաստատ չգիտեմ, գուցե սա հենց այնպիսի ժամանակ կհասնե քեզ, որ կխարնգարե քո քաղցը խոսակցությունը՝ Պետերբուրգից նոր վերադարձած մի երիտասարդ, ջենտլմենի հետ. ով գիտե, գուցե. բայց և այնպես, երբ դու միայնակ մնաս, սա կարող է քեզ մի փոքր զբաղեցնել, այսինքն՝ ձանձրույթդ փարատել, մինչև որ նա կրկին… Իհարկե ես կատակ չեմ անում. բայց քանդվի Շուշին (իհարկե քեզանից ետ) կամ մի փոքր էլ ուշ…) այս էլ ավելացնում եմ նրա համար, որ թե նամակս մի ուրիշի ձեռքն անցնե և նա ասե, «Բա ե՞ս էլ մեջը», ասեմ չէ, այդ «մի փոքր էլ ուշը» հենց քեզ համար է։

— Հա, այն էի ասում, թե քանդվի Շուշին, յանի նրա մեջ էլ այդպիսի մի շնորհքին կյանք կարող է սկզբնավորվիլ, որ երիտասարդ կինը, ամուսնու բացակայության ժամանակ, ուրիշների հետ մի փոքր ազատ շունչ քաշե… Հիմա դու ծիծաղում ես իմ միամտության վերա. հա, բայց ես սա քեզ համար խո չեմ ասում. ես քո բաներդ վաղուց գիտեմ. իմ խոսքը էն խեղճ մթիլ շթիլների համար է, որոնց կողքին թե անց կենաս, գլուխդ պտույտ կգա— ի բուրմանց անուշից։— Հա, այն էի ասում, երեկ երեկոյան ինքս ինձ մտածում եմ և տեսնում, որ ղորթ է, դու լավ ընկար, այսինքն՝ ինձ եկիր, ամմա ես էլ պակաս կնիկ չուզեցի, տեսնում եմ որ հազար ինձ նմանը որ մեռներ քեզ պես մի աղջիկ չէր կարող ձեռք ձգել, սա էլ ջիլ ընկնելուք նյուգալուք էր թե ինչ, չգիտեմ, այսքանն է միայն ճիշտ, որ դու իմն ես, թեկուզ դու էլ բաց ասես։ Անցյալ օրը սխալմամբ մի տուն ճաշի էի հրավիրված, գիտես էլի, նոր խնամիների մոտ, լուռ ու մունջ դիտում եմ բոլորին, խոսում են, ծիծաղում են, հյուրասիրում են. ամեն մի դեպքում ես քեզ եմ հիշում․ այսինքն, երբ աչքիս առաջ անքաղաքավար տանտիկությունը, կոպիտ հարսնացուությունը, անշնորհք խոսք ու զրույցը մեծ մեծ բլոջների պես, երկար ոտքերով, սև սև պոչերով ման են գալիս։ Ուզում եմ անկեղծ լինեմ մի քանի րոպե, աստված վկա, այս բոլորի մեջ դու անգին ես։ Բայց և այնպես ես բոլորովին սխալմամբ վերցրի այսօր այն շապիքը, որը կոխքներ ամբողջովին պատռած և դու սխալմամբ մյուսների հետ դրել ես կամոդում, ես խո չեմ ասում, թե դու այդ բանում մեղավոր ես — այլ այնպես, ասում եմ, որ շատ չհպարտանաս, երբ քեզ սկսում եմ գովել, և պետք է մի կտոր հաց ուտես և մի կտոր էլ մատաղ տաս, որ լավ տեղ ես ընկել, աստված վկա, սրանից լավ տեղ չէր լինիլ, թե չես հավատում մամիցը հարցրու տես չի՞ ասում թե իսկի դու արժան չէիր էդ լավ տղին։ Յանի — ղորթ, որ դու չգայի՞ր, ես էլ քեզ չուզեի, ինչ կլիներ մեր ճարը։— Հիմա դու մի հրեշավոր ջինի մոտ նստած, կարմիր աղլուխը երեսիդ քաշած, քրտինքը կարճիկ քթիդ պտքնցը կախ՝ գուլպա կլինեիր գործում, քավթառ սկեսուրդ էլ ճախարակը ականջիդ տակին դրած, դռհադռ, զռնազռ բուրդ կլիներ մանում... տասնօխտը լակուտ լուկուտ բզ հա բզ, ճզ հա ճզ ղարադամիցը դուրս, դրսիցը ղարանդում զարբ կախված վազ կլինեին տամ, թոզը մինչև օճորքը հասցնելով, ջրին կոճը վեր գցելով, մահնաթանը վերածելով, ռեխները մահնոտ արած, շան ձենները երկինքը կալած... ջին-հրեշը, որ մինչ ցայն կոխքիդ պառկած կլիներ, վեր կկենար, արջի ձայնը կաներ, «շան տղերք», ձեր մոր ըսենց ընենցը...» և հետո կտեսներ, որ դու կոխքին նստած ես, քնքշությամբ և սիրով «ախճի հինչս շնթռնել, գյուլբա ադաթ դնողին ռեխը... երկաց մի խրեկ ջյուր տոր Լակեմ...» կասեր և քաՑին կոխքիդ կկպցներ... ահա թե ինչ էր սպասում քեզ, թե ես չխղճայի և չուզեի քեզ։ Բայց թե դու չգայիր ինձ, ինչ ես կարծում, ում մոտ կլինեի այժմ ես. երևի մտքումդ ասում ես մի քսը թանթռուզի, ներողություն. ջինին հականունը որն է, հյուրին ու փերին, ուրեմն ես այժմ նստած կլինեի մի հրաշագեղ, փղոսկրյա վզով, մարմար երեսով, խաժակն աչքերով, մեծ քթով (իմ բախտս է զոռի բան չի խո) հյուրիի մոտ, հովանանոտ ծառերի տակ, վարդենիներից հյուսած թախտի վերա։ Այդտեղ մի քանի հատ նույնչափ սիրուն փերին, մեզ կսպասավորեին` ոսկե բաժակներով կաթ ու նեկտար մատռվակելով... իսկ այժմ, ավաղ, քեզ բախտավորացնելու պատճառով զրկված եմ ես այս բոլորից...։ Բայց իհարկե դու գոհ չես իմ այլաբանություններից։ Ուղիղն ասած, ես կարծում եմ, թե դու տխուր, կամ գոնե ոչ ուրախ լինելու առիթներ շատ ես ունենում, ուստի կամենում եմ այսպիսի անմիտ զրույցներով քեզ երբեմն անմտացնել այսինքն` զբաղեցնել։ Երբ ես նստում եմ քեզ նամակ գրելու, բոլորովին ուրիշ բան եմ ուզում գրել, բայց հանկարծ մի քանի խոսքի հետ` մի խելառ իդեա ինձ տանում գցում է չոլերը. պատճառը նա է, որ ես խո չեմ ուզում քեզ նամակ գրել, այլ կամենում եմ քեզ հետ խոսել։ Ուրեմն դու, խնդրեմ, իմ նամակների մեջ կապ ու կշիռ չորոնես. ինչ որ գրած է այն կարդա, ինչ որ գրած չէ, այն էլ դու մտածես։ Մեկ էլ, չլինի թե, այսպիսի անսկիզբն և անժամանակ նամակները կարդաս ուրիշի մոտ. ինձ չեն կարող հասկանալ և կծիծաղեն ի զուր տեղը իմ խելքի ու գրչի վերա։ Նամակիս սկիբը կարդալուց երևի պատրաստվեցար սիրազեղուն և սիրահարական մի նամակ կարդալու, բայց այս դուրս եկավ տակից. վնաս չունի։ Լավը մյուս անգամ։

Քո Գրիգոր
Ով որ բերանը բանա ինձանից հարցնի, իսկույն բարև արա նրան իմ կողմից։ Զուզ հրեշտակներիս անվերջ համբույր։
8 հուլիսի, 89

Անուշիկդ իմ Ոսկի.

Երևի սիրտդ նեղացավ, որ 6-ի փոստով նամակ չէի գրել, և կարծեցիր թե սկի չեմ էլ գրելու։ Բայց ահա թե բանը ինչպես թարսվեցավ։ Նույն երեկոն գնացի վագզալ Հովհաննեսին և յուր կնոջը ճանապարհելու (որի մասին 6-ի նամակավ գրած եմ), վագզալ ուշ հասա, փոստը վերջացած էր, պետք է վագոնի մեջ գցեի, վագոններն էլ մանյովրի մեջ էին, մինչև եկան, մի քիչ ճանապարհորդ զույգի և ճանապարհակցողների հետ խոսեցինք, մի քիչ դես ու դեն ընկանք. ես կարծելով, երևի, որ նամակը արվեն վագոնն եմ գցել, վերադարձա Մադեր և այստեղից տուն։ Միայն երազում հիշեցի, որ նամակը մոռացել եմ վագոնը ձգել, իսկույն զարթեցի. մի երկու անգամ վեր-վար արի, էլ բանը որտեղ կհասներ, պետք է մեկ էլ հեռագրով գնացքը կանգնեցնեի, բայց այդ էլ չարի, մի քիչ դես ու դեն շուռ եկա ու մրափեցի, և այդ նամակը ահա այսօր սրա հետ եմ փոշտ գցում, որը և առաջ պետք է կարդալ։ Ես կարծում էի, թե նամակը Հովհաննեսից շուտ կհասնի, բայց նրանք այսօր արդեն տեղդ պետք է լինեն և լազաթին շոգ կերած ճանապարհին։ Մյուս բաների համար արդեն գրել եմ։

Այժմ մի քանի պատասխան քո 3֊ի նամակին։ Մելիք Շահնազարյանի նշանածի մասին քո կարծիքդ ինչ էլ որ լիներ, կարող է կարծիք էլ մնալ, բայց որ ղարաբաղցու հետին մնացորդը հազար անգամ լավ է թիֆլիսցու գերագույնից, կարծեմ դու դրան չես հակառակիլ։ Եվ, վերջասպես, Թիֆլիսում էլ ովքեր կան, դու չես ճանաչում այստեղի ղիբիլները։ Գյուղը դեռ չենք գնացել, գնալուց Կոստանդի կարծիքները կգրեմ քեզ — հաստատության ոչինչ արգելք չկա, կարող ես միամիտ լինել։ Շափաթ օրվա ժողովների մասին խնդրեմ չափսոսես, որովհետև կարծեմ անցյալ նամակում էլ գրել եմ, որ ժողովները փակվել են Սպանդարի ընտանիքը Թուիս տանելու պատճառավ ուր և երբեմն-երբեմն, շաբաթ օրերը ինքը պիտի գնա։— Ռուզանի պատկերները զակաս եմ տվել, թե հարկավոր լինի, ասա ղրկեմ։— Տեր Հակովբյանի մահը և սպանությունը բոլորովին խեղաթյուրված կասկածներով է լույս տեսել «Նոր֊Դարում» ռուս թերթերի ազդեցության ներքո։ Նա այն երեխային ուղղակի սպանել է, որ յուր եղբոր աղջկա գլխին ցավ չդառնա, որովհետև մեջքը կոտրած է եղել և ոտքերը լոլուխ, էակ բժիշկները բժշկվելու հույս չեն տվել։ Ես հետո հայտնեցի Ապանդարին յուր սխալմունքը, նա մյուսների պես գործից անտեղյակ կարծել է թե` բռնաբարել է աղջկան. բայց աղջիկր 3 տարեկանից էլ պակաս է եղել, բանը չգիտեն, փչում են էլի. Մելիքսեդեքի մասին քո գուշակությունը ուղիղ է «տերության վստահությունը վայելող անձը» արդարև նա է. բայց տեսնենք թե պոլսեցի զևզեկները չե՞ն քանդել ամեն բան, մանավանդ որ առյուծ Փափազյանն էլ մեջտեղ չէ։— Նիկոլային ինչ որ պետք էր գրեցի. այսօր հրավեր եմ ստացել Ախլքալարքից, որ վաղը շաբաթ գնամ այնտեղ, բայց չեմ ուզում, նեղանում եմ գնալ-գալուց, մանավանդ որ այժմ մանգանիդ էլ չկա այնտեղ, ում մոտ գնամ։ Միրզայանցը շարունակ խնդրում է, որ շաբաթ երեկոները յուր հաշվով գնամ Կոջոր իրենց մոտ և երկուշաբթի վերադառնամ, բայց անցյալ շաբաթ որ գնացի և ոչինչ համ չգտի. ախր ո՞ւմ մոտ եմ գնում. մի՞թե եղանակի զովությունը կարող է ինձ գոհացնել. անցյալ անգամ գնալս էլ ինձ նեղացրեց, որոշեցի էլ չգնալ։ Բայց այստեղի շոգերն էլ սարսափելի են։ Մի ջերմաչափ չունեմ, որ մեր սենյակում չափեմ, երբ գնեմ, չափը կգրեմ։ Էլի լավ է, որ երեկոները հով է, իսկ մեր կանտորը հիանալի. տուն զալուց էլ ճաշից ետ քնում եմ և չտեսի նման իրիկունը ժամ 8-ին վեր կենում։ Դու գիտես, էլի, որ ես ճաշից հետո 1 կամ 2 ժամ շնորհքին քնել չգիտեմ, պառկում եմ ու 6 ժամ քնում կամ մեկ էլ մյուս առավոտ վեր կենում։ Վառինկի դեպի ինձ վերաբերվելու համար ես հարցնում, կարծես չգիտես, միշտ միևնույնը, ինչ որ չէ և ինչ որ աշխատում է երևալ... սուտ, կեղծ, ահա բոլորը ես նրան երբեք չեմ հավատում, գուցե և սխալվում եմ, բայց եղածն այս է։— Իմ գալու մասին կարող ես միամիտ մնալ, կաշխատեմ անպատճառ գալ։ Գրիր տեսնեմ կարողանում ես մանգալ գնալ, ոտքով կամ ձիով. կավալեր Ով ունես. տեղվույդ եղանակներն ինչպես են, գրիր տեսնեմ այսօր այդտեղ ինչպես էր. Թիֆլիսը այրում էր բառի բուն նշանակությամբ։

Մոռացա ասեմ, երեկ փոշտումն էի, որ քեզանից նամակ չկար, շատ ուրախացա որ իմն էլ մոռացմամբ մնացել է. ես քո հոր մշակը չեմ։ Ամոթ է։

Բայց մի շատ ցավալի նորություն կա, եթե գրեմ սրտիդ նեղությունիցը կարելի է մազերդ քանդես, քո արևը. երկու օր է ես գրեթե գժված եմ։ Եվ ահա բանը ինչումն է. — Նոր Նախիջևան մի Պոպով կա, որ ութ միլիոն կարողություն ունի. նա Օլգա Սիմիոնուհին ուզում է. ինքը 65 տարեկան մարդ է ասում են. տիկինը որոշում է զոհել իրեն և չէ մերժում, գիտես թե նրա զոհողությունը ինչի համար է։ Լինելով էսսենտուկում, նա մի նամակ է գրում Սպանդարին՝ իբր ավետիք «Թող մեռնին այնուհետև «Նոր Դարի» թշնամիները գրում է նա. ես ընդունում եմ այո զոհը, որպեսզի հոգի և կյանք տամ այդ թերթին և ջախջախեմ ձեր թշնամիների գյուխը». կարող ես երևակայել թե ինչ մեծ ուրախություն կարող էր պատճառել այս լուրը Սպանդարին։ Բայց... ով բախտի խաղ, Պոպովը տիկնոջ համաձայնությունը ստանալուց ետ՝ գնում է նրա հոր ձեռքը համբուրում, իբր փեսա, ամեն բան վերջացած է համարվում. բայց տիկինը մի ամիս ժամանակ է խնդրում ջրերում մնալու և կազդուրվելու համար. Պոպովը համաձայնում է. նա էլ պետք է գնար Դագանորոգ մի շաբաթով յուր գործի համար։ Հենց որ այս բան թշնամիներն իմանում են, վրա են թափվում, հազար ու մի սրտածափեցնող բաներ են պատմում տիկնոջից, թե նա հիվանդ է, այս է, այն է, և այլն և այլն, և վերջը հաջողեցնում են միևնույն գիշերը մի ուրիշ այրվո վրա պսակել... այսպես օդն են ցնդում գեղեցիկ հույսերի լեռները և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն է առնում։ Այս հարվածը ոչ միայն «Նոր-Դարին» է դիպչում, այլև ամբողջ ազգության, որովհետև դու գիտես, թե այն տիկինը ինչեր կարող էր անել... Այստեղ կարող էր և հարություն առնել Մելիքսեդեքի ապագա կաթողիկոսացման հարցը և հաջողությունը, որովհետև 8 միլիոն հեշտ բան չէ։ Նա շատերի աչքերը կքոռացներ... էլ ինչ գրեմ, սիրելիս, որքան որ ես եմ տանջվել այս նորությունը լսելով, կամենում եմ, որ այնքան էլ դու տանջվես… Բայց իհարկե անցածն անցած է։

Քո Գրիգոր

Հենց այս րոպեին ստացա ներփակյալ պովեստկան, կարդա ու ղրկիր․ թագավորի գալու պատրաստությանց համար է, պետք է շինել տալ։

11 հուլիս, 1888, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Զարմանում եմ, ինչո՞ւ երկու փոստ իրար վերա նամակ չես գրում։ Գիտես, որ ամեն փոստ ես տենդային ակնկալությամբ սպաստւմ եմ նամակիդ։ Երբ մի փոստ նամակ չկա, ես չեմ անհանգստանում․ բայց երկրորդ փոստին արդեն շատ եմ անհանգստանում․ այդ գիտենալով գոնե երկու տող անհրաժեշտ է որ գրես։ Եվ գրածդ կարող է մինչև անգամ այս պարունակությամբ լինել. «Սիրելիս, մենք առողջ ենք և կարելույն չափ ուրախ. միամիտ կաց. նամակս չեմ երկարում, որովհետև ծուլանում եմ. քո Ոսկի»։ Կարծեմ շատ ժամանակ չի խլիլ քեզանից այսպիսի մի նամակը։ Եթե կամենում ես մի 25 օրինակ այս պարունակությամբ ես թերթիկներ ղրկեմ քեզ, դու փոստի օրը միայն ստորագրիր և ղրկիր․ այդքանով էլ ես գոհ կլինեմ։

Եվ ճշմարիտ, թե մի ձախող հանգամանք քեզ արգելք չէ լինում, այսպիսի մի համառոտ նամակն էլ պետք է չխնայես, որովհետև, ես շատ եմ անհանգստանում։ Յանի քեզ համար հաճելի է, որ ես նիկարան մնամ։ Ես միշտ այն կարծիքին եմ լինում, թե մինչև որ Ոսկուն մի բան չպատահի, նա փոստի օրը անց չի կացնիլ։ Գոնե դու գրիր տեսնեմ, թե առհասարակ ինչ առիթներ են լինում, որ քեզ ստիպում են անուշադիր լինել դեպի քո պարտավորությունդ, այն ժամանակ, թե 3 փոստ էլ ուշանա նամակդ՝ չեմ անհանգստանալ։

Չես գրում, թե այդ վարձու սենյակների մեջ ինչպե՞ս է անցնում․ արդյոք գո՞հ ես հարևաններիցդ, տան դիրքից, օդից, երեխաները և դու վրա՞ եք գալիս, թե ոչ, բուլվարը քեզանից մո՞տ է․ քանի՞ քայլ է քո տանից մինչև Կատինկենց տուն։ Մաման որտե՞ղ է մնում, Ազին որտեղ է։ Հարաբերությանց երկինքը ինչ գույն ունի, պարզ է, թե մթագնած, ամպեր ու փոթորիկ շուտ շուտ են հավաքվում․ և որ կողմից։ Շանթ և կայծակ դեռ չեն երևացել ոչ մի տեղ… Միով բանիվ այս բոլորից մանրամասն տեղեկություններ գրիր։ Գրիր, նույնպես ծառա վարձեցիր, թե ոչ, ինչպե՞ս է անցնում առհասարակ կերակրվելու մասդ։ Գուրգենի գույնը էլի սփրթնած է, թե կայտառացել է։

Գրիր Կատինկենց տան վերաբերությամբ տեղեկություններ. ինչպե՞ս է նրանց հարաբերության երկինքը… մռայլյալ և մթագնյալ ամպրոպացույց ճարճռությամբ փայլակա՞նց, թե քրքմագույն լուսող արշալույսին գեղավորյալ… Լավ միտս ընկավ՝ գալ անգամ քեզ գրաբառ եմ նամակ գրելու, եթե դու մինակ գլուխ չես հանիլ կարդալու և հասկանալու, Կատինկան էլ ճոնդերը վերա կգցի… որպես թե… Հա, Հովհաննեսի կնոջ հետ տեսնվեցա՞ր, ի՞նչ գաղափար կազմեցիր ընդհանրապես։ Սրանք բոլոր հարցեր են, առաջակում եմ, որ գալ անգամ պատասխանես, կամ ուրիշ կերպ ասած՝ քեզ նամակ գրելու նյութ եմ տալիս, որ չասես թե «ինչ գրեմ ես ամեն փոստ»։

Բոլորին շատ շատ բարև։ Շանտղա ծառաս եղիս ախրին նստել է, օրս սև է դառել, չգիտեմ ինչ կդառնա․ իմ ճարս, թե կարող ես մի անուն դիր։ Թագավորի գալը ինչպես երևում է նշաններից սեպտեմբերից առաջ է լինելու, այսինքն՝ օգոստոսին․ ճիշտ ժամանակը չեն հայտնում։ Կարող է պատահել, որ ես էլ ղրկվեմ նրան տեսնելու, այսինքն՝ թե օգոստոս 15-ին գալու լինեմ Շուշի։

Քո Գրիգոր

Ավետից նամակ ունիմ․ առողջ է, միամիտ կացեք․ 50 պուդ մտանլաս էր ուզել, ճանապարհեցի գնաց՝ ամսույս 9-ին։

13 հւլիսի, 1888, Թիֆլիս.

Հույժ սիրեցյալդ իմ Ոսկի.

Ամբողջ երեք փոստ սպասելով, վերջապես 7-ից գրածդ ստացա և այն փոխանակ 9-ին ստանալու (որով միայն մի փոստ կլինեի առանց նամակ) 12-ին եմ ստանում, որի պատճառը չգիտեմ։ Բայց ինձ ավելի է զարմացնում այն, որ իմ 4-ի նամակս դու չես ստացել 6-ի փոշտով։ Դա մի շատ երկար նամակ էր 10 երեսից բաղկացած: Այսպես, ուրեմն, ես ստացել եմ քո հունիս 21, 26, 30 և հուլիս 3 ու 7 թիվ նամակներդ։ Բայց գրել եմ (հունիս ամիսը չհաշված, հուլիսի 1, 4, 6, 8, 11 և ահա այսօր էլ 12 թվերով նամակներ, որոնց բոլորն էլ պետք է որ ստացած լինես։ Նամակիդ պատասխանով բոլորի ստացման մասին ինձ միամտություն գրիր։ Եվ, որովհետև, այդ նամակների մեջ հազար և մի բաներ կա գրած, ուստի դրանց առթիվ ոչ մի հիշողություն էլ չեմ անում և ո՞ր մեկի համար անեմ։ Իսկապես այսօր էլ ես նամակ չպետք է գրեի քեզ մինչև որ արած բազմաթիվ հարցերիս պատասխանը չստանայի։ Բայց գրում եմ, որ իզուր չսպասես: Ճիշտ ասած մի կարևոր նորություն էլ չունեմ որ գրեմ։ Ամեն բան հին, ամեն ինչ ձանձրացուցիչ։ Ամառային տոթերը, փառք աստծո, մի փոքր մեղմ են. մենք էլ, մեզ ու մեզ, յոլա ենք գնում, դռնըներս բանող չկա, ճրագներս վառող չկա, պուճախներս սրբող չկա։ Իհարկե քո իմացած դուռ բացող ու ճրագ վառող եմ ասում (դրա համար ծառա կա) այլ ինչ որ ես ու դուն միասին գիտենք։ Վերջապես դու հիմա ինձանից ավելի բախտավոր ես, էս մնա։ Շատ ուրախացա իմանալով, որ ս. Ղևոնդյանցին վանքն ես գնում. և թե միշտ այդպիսի նորություններ իմանամ ավելի կուրախանամ։ Սպասում եմ, որ գրես թե ինչպե՞ս ժամանակ անցուցիք. ուրա՞խ էիր․ ձին չհոգնեցրե՞ց, գո՞հ մնացիր։ Մեկ էլ չեմ իմանում թե ինչ համարձակություն է, որ առանց քո օրինավոր, Տեր Ներսեսի ձեռամբ պսակված, ամուսնու թույլտվությունը կանխավ ստանալու, այդպիսի ճանապարհորդություններ ես անում. իսկ թե ես առանց քո թույլտվության ճանապարհորդեմ մի օր Մասկովսկի — Բալկան, ի՞նչ կանես. իհարկե կբարկանաս. մախլաս… աշխարհքում սեր ու հնազանդություն չի մնացել:

Հա, Ավետի համար ես ասում. ես նրա ապրանքը քանի օր է արդեն ղրկել եմ. Րեյխի համար էլ գրել եմ, որ կնոջ հիվանդության պատճառավ Բորժում է գնացել և հայտնի չէ Բաքու կգա՝ թե ոչ, որովհետև յուր հայտարարության մեջ գրել է, որ մինչև աշուն այնտեղ կմնա, Ավետին օգնության անելու մասին չգիտեմ ինչ ասեմ, ես խորհուրդ կտայի նրան դեռ մի փոքր սպասել մինչև որ տեսնենք ինչ կարող ենք անել։ Ինքը մի քանի անգամ գրել է յուր լավ բարեկամների իրեն հասցրած վնասի մասին, ես էլ որքան կարողացել եմ սիրտ եմ տվել և սփոփել. յուր պատասխանն էլ գոհացուցիչ է եղել։ Բայց թե օգնության մասին կգրե, նրա համար էլ կպատասխանեմ ինչ որ հարկավորն է. ինքը ինձ միայն այս է գրել. թե մի մարդ կա 10,000 ռուբլի է մեջտեղ դնում, որ մենք առևտուր անենք, բայց երբ գործը կվերջանա, կգրեմ քեզ. բայց դեռ չի գրել:

Քո հարցերիդ առթիվ։ 1) Գասպարյանցի գժվիլը մտացածին է և սուտ, նա մինչև անգամ հիվանդ էլ է ընդունում (բացառիկ հիվանդներ)։ 2) Կաթի համար մի անգամ գնացի բժշկից հարցնելու—տանր չգտի. վաղը Բարովի մոտ եմ, նրանից էլ կհարցնեմ. բայց հում կաթը թեկուզ նոր կթած, թեկուզ սառած, միշտ վնասակար է, մանավանդ թույլ ստամոքս ունեցող երեխաներին, որովհետև նա ճիճուներ է առաջացնում և նույնիսկ քյափանակ։ Քեզ մինչև անգամ կարելի է, բայց Գուրգենին՝ բնավ։ Այս իմ իմացածս է, բայց բժշկի էլ կհարցնեմ։ 3) Գիրսը գնացել է էջմիածին ա) Օրմանյանին հեռացնելու համար անձամբ խնդրել կաթուղիկոսին, բ) Լազրևի համար վանքի դռանը մահարձան կանգնեցնելու իրավունք և երկուսն էլ կատարվել է։ Դրա փոխարեն կաթուղիկուսը խնդրել է ճեմարանի համար բարձր ակադեմիայի իրավունք, որը Գիրսը խոստացել է անպատճառ ստանալ և հայոց դպրոցների համար մի քանի արտոնություններ (իբրև թե) և նա խոստացել է նույնպես։ Ուրիշ բաներ էլ են փչում, բայց ոչինչ հայտնի չէ, որովհետև Մակարը ոչ ոքին ոչինչ չի ասել և խնդրել է չհարցնել իրանից, միայն թե «ամեն ինչ լավ է և գոհացուցիչ, գնացեք, ուրախացեք…»։ Թե այդ ամենայն ինչը ինչ բան է` ոչ ոք հաստատ չգիտե։ Սիմյոնյանը այս քանի օրս այստեղ կգա և երևի բաներ կիմանանք։ Գիրսի գնալու գլխավոր պատճառը այն է, որ մի ոսկոր գցեն բերանը, որպեսզի թագավորի գալուց նա ուրիշ խնդիրներ չանե և թագավորը չշնորհե… ահա գաղտնիքը։

Ռուզանի պատկերն էլ կուղարկեմ Ավետին, ինչպես գրած ես։ Հայկանուշի թղթերն էլ չեմ դեռ ղրկել, նա էլ կուղարկեմ։

Սիրելիս, երեկ զենքերս սրբելու համար դուրս էի տվել և իմ որսորդական մեծ դանակը ոչ մի տեղ չէ երևում. նույնպես ռևոլվերիս թոխկան, երկուսն էլ այն մեծ սակվոյաժս են եղել, բայց այժմ չկա. ամեն տեղ պտրտել եմ չեմ գտնում։ Արդյոք դու չե՞ս վերցրել դրել, գրիր շուտով, և ով կարող էր վերցնել, շատ ցավում եմ։ Թե կորած լինի ավելի կցավեմ։

Թամքիս քիչան գտել եմ. տարել եք գցել ամբարի կամոդի քամակը։

Քեզ և գառնուկներիս համբույր հազար անգամ. Կատինկին, Մանիշակին, մամին, Ազին, Ավագին և ամենեցուն, ըստ կարգի, բարևիր։

Ես էլ ողջ առողջ եմ, միամիտ կաց.

Քո Գրիգոր


15 Հուլիսի, 1888, Թիֆլիս.

Սիրեցյալդ իմ Ոսկի, հավատա ինձ, որ այսօր ես չեմ կամենում քեզ նամակ գրել, որովհետև քո վարմունքով դու ուղղակի վիրավորում ես ինձ։ Արդեն չորրորդ փոստն է անցնում և դու միայն սուրբ գնալուց առաջ` 7֊ին գրած մի նամակ ունես ինձ ղրկած։ Գուցե դու ուրիշ էլ գրած ունես և ինձ չէ հասել. չգիտեմ. բայց որ ես անհանգիստ եմ շատ, այդ ճիշտ է։ Այս էլ պետք է ասեմ, որ 7֊ի նամակդ ստացել եմ 3 փոստ սպասելուց հետո. ուրեմն 7 փոստի մեջ մի նամակ. շնորհակալ եմ։ Ես շատ դառնացած նամակ պիտի գրեի, բայց որ քո սուրբ գնալու խնդիրը մեջ տեղ կա, որտեղից չգիտեմ ինչպես ես վերադարձել, այդ բանը դեռ ճնշում է սիրտս. վախենում եմ, թե մի բան չլինի պատահած: Ախր չէ որ կիրակի երեկո վերադառնալով գոնե երեքշաբթի նամակ կարող էիր գրել, որ ես երեկ֊հինգշաբաթ ստանայի։ Վերջապես չգիտեմ. շատ մտատանջության մեջ եմ. վաղը անպատճառ նամակ եմ սպասում։ Սրանով իմ 6 նամակին պատասխան՝ կամ ստացման լուր չունեմ։

Կաթի համար բժիշկ Բաբովից հարցրի. «Ամենևին, ամենևին, ասաց, նույնիսկ եթե կովի ծծից ուղղակի ծծե, դարձյալ վնասակար է. այժմյան բժշկությունը բոլորովին արգելում է հում կաթ խմել. նորակիթ լինի, թեկուզ ինչ ուզում է լինի. կաթը օգտավետ է միայն այն դեպքում, երբ նա շատ լավ, այսինքն՝ մի քանի անգամ եփ տված Է»։ Ուրեմն ես սխալ չեմ գրել։ Իմ գալս կլինի օգոստոսի 15-ին անպատճառ։ Բարովի դեղերիցն է, թե եղանակից, մի փոքր անհանգիստ եմ զգում ինձ. շոգը շատ լղարացրել է ինձ, որովհետև ուղղակի օդը կանգնած է և շատ էլ անառողջ, որովհետև ցերեկով սաղ օրը քրտնած ես, երեկոյան էլ ցրտում է ուզրւմ ես դուրս գաս մի փոքր հովանաս, մրսում ես։ Մտադիր եմ մինչև սեպտեմբեր 15-ն այդտեղ անցկացնել, տեսնենք։ Բայց, դրուստն ասած, ինձ համար շատ ծանր է ուրիշի դուռը գալ. սա, իհարկե, մի նախապաշարմունք է, բայց այն ազնիվ նախապաշարմունքներից՝ որոնք բուն հայրենասիրության հիմքերին են ծառայում։ Մախլաս։

Ամսույս 17-ի գիշերը Կոստանդին պսակում ենք. ինձ խաչեղբայրության առաջարկեցին, բայց չընդունեցի, քո բացակայությունը պատճառելով. և արդարև միայն այդ պատճառով, որովհետև առանց քեզ հարսանիք գնալն անգամ ծանր է ինձ համար, ուր մնաց խաչեղբայր լինելն։ Բայց, թե դու այստեղ լինեիր, անպատճառ կընդունեի, որովհետև Կոստանդը պատվական տղա է։

Որ հազար ու մի հարցերս անպատասխան են, էլ ինչ գրեմ քեզ. տեղը մի հետաքրքիր նորություն չկա։ Ընդունիր սիրալիր համբույրս. համբուրիր հրեշտակներիս, բարևիր մեր լավ բարեկամներին, գլխով արա մեր փիս բարեկամներին։ Քո կարստատաջ և քեզանից անուշադիր եղած՝

Գրիգոր
18 հուլիսի,1888, Թիֆլիս.

Ւմ աննման և պաշտելի Ոսկի.

Ամսույս 15-ին էլ մի նամակ ունիմ քեզ գրած, բայց չգիտեմ ինչ եմ գրել և ինչպես եմ փոստ գցել, որովհետև հիվանդ էի և կանտորից շտապում էի տուն պառկելու համար: Այս քեզ գրում եմ նրա համար, որ այժմ, փառք աստծո, բոլորովին առողջ եմ. և, քո արևը վկա, այնպես առողջ, որ երբեք այսպես չեմ եղած. կարող ես միամիտ լինել։ 15-ի երեկոյան պառկեցի նույն հիվանդությամբ, ինչ որ քո ժամանակ. իսկույն Բարովը կանչել տվի. շնորհակալ եմ, շատ լավ խնամեց և այսօր առավոտ միայն իրավունք տվավ գնալ կանտոր, բոլորովին առողջ գտնելով ինձ։ Այստեղից արդեն կտեսնես, որ երեկ երեկո հարսանիք էլ չեմ գնացել, ավելի ուշադրություն դարձնելով իմ առողջությունը կազդուրելուն, քան թե զվարճանալու։ Քո հեռագիրդ էլ այսօր տարա կարդացի. մեծ շնորհակալություններ արին և մեծ ափսոսանք, որ ես չկայի, որովհետև Սպանդարն էլ Գենջումը լինելով նա էլ չէ հարսանիք գնացել, ուստի հեռագիրը միայն այսօր առավոտ են բերել ինձ։

Այս բոլորը այսպես։ Այժմ դառնանք ավելի քնքուշ խնդրին։

Սիրեցյալդ իմ, 12֊ի նամակդ ստացա 16-ին շաբաթ օրը և անկողնումս կարդացի. առաջիս նստած էր մեր զինվոր Ակունը, որ հենց նոր էր եկել Թիֆլիս իրենց պոլկի մի մասի հետ և եկել էր ինձ այցելության։ Կարդացի նամակդ ուշադրությամբ, և շարունակ ծիծաղում էի. շնորհակալ եմ, որ իմ միայն ու տխուր ժամանակս այնքան շատ ուրախացրիր ինձ: Աստված վկա, շատ ծիծաղեցի և այն էլ սրտանց: Միայն դժվարը այս է, որ չգիտեմ թե ինչ ձևով ամփոփեմ այժմ իմ մտքերը, որ կարողանամ հասկանալի անել այն՝ թե ինչու համար իրավունք ունեի ես այնքան շատ քո նամակի վերա ծիծաղելու։ Ախար իմ նամակս ի՞նշ տոնով, ի՞նչ հումորով և ծաղրածությամբ է եղել գրված և դու ի՞նչ լրջությամբ և ի՞նչ վիրավորանքով ես կարդացել նրան. կարող էի միթե մի վայրկյան անգամ մտածել, թե դու ուրիշ կերպ կարող էիր կարդալ նրան, քան ինչ կերպ որ ես ուզում էի, որ դու նրան կարդաս։ Ես և ծիծաղել և զարմացել եմ քեզ վերա։ Գրում ես, որ սկզբումը կարդացիր այսպես, ինչպես քո մաքուր սիրտն է թելադրում, և կատակ համարեցիր —հենց այդտեղ էլ պետք է կանգնեիր, ուղեղիդ իրավունք չտալով ուրիշ բաներ էլ մտածելու, բայց դու այդպես չես արել. դու Երասխն էլ ես անցել, Քուռն` էլ...Դու իմ նամակը հրեշավոր ես անվանում և իմ սիրտը կեղտոտ. դրա համար միայն կարող եմ շնորհակալ լինել, ուրիշ բան չունիմ ասելու։ Որովհետև երբ ես նստում և երկար շաղակրատում եմ՝ միայն քեզ զվարճացնելու համար, դու իմ այդ աշխատանաց փոխարեն (այժմյան շոգին մի երես նամակ գրելը աշխատություն է համարվում այստեղ) չգիտեմ ինչ տղայական, բոլորովին ինձ համար անհասկանալի պատասխաններ ես ղրկում ինձ։ Ախր ինչ ասեմ, չգիտեմ, երբ որ այն նամակը դու չես հասկացել, հիմիկվան գրածներս էլ կարող է խրթին գալ քեզ։ Մի ասա տեսնեմ. կարող եմ ես մի վայրկյան, մի րոպե, մի մանրերորդ հավատալ, որ իմ գրածները մի հիմք կամ մի պատճառ ունեն, կամ կարող էին երբևիցե ունենալ, և թե այդպիսի մի կասկածի, չեմ ասում պատճառ, այլ պատճառի խափուսիկ շվաքն անգամ երբևիցե երևցած լիներ ինձ, կարող էի հավատալ, որ ապրում եմ ես, և դեռ այսքան հոգեպես տանջվելով հաշվեի ու մաշվեի քեզ համար։ Իմ նամակը մի շնորհալի կատակ է, դրան կասկած չկա, որ դրա մեջ ես բանաստեղծությանն էլ եմ տեղ տվել և իմ երևակայությունից էլ եմ օգտվել (որոնք մի քանի րոպե առաջ իհարկե իմ գլուխմս չէին, այլ իսկույն են ծնվել), այդ ճիշտ է, բայց որ քո թյուրիմացությունն է hրեշավոր և նամակդ արդարև վերին աստիճան վիրավորական այդ ավելի է ճիշտ։ Ախր քո տունն աստված շինի, մի մտածի, թե ինչ ես թույլ տվել գրչիդ ինձ գրելու… Ես ուրեմն քեզ վերա ճշմարտություններ եմ գրել. և դու էլի «ոչ գրիչ և ոչ էլ կեղտոտ սիրտ ունես ինձ պատասխանելու»…

Ես այստեղ կանգնում եմ, սիրելիս. և բոլորովին վիրավորական եմ համարում ավելի բացատրություններ գրելը. քո վերջին նամակով դու տալիս ես ինձ կատարյալ երեխայամտությանդ մի ապացույցը. բայց ես քեզ ներում եմ, որովհետև քո մեջ դեռ շատ բնավորություններդ եռ գալու շրջանումն են, երբ նրանք կեփվեն, կպարզվին, այն ժամանակ քեզ կարժանացնեմ հասունության վկայագրի։ Այժմ մնում է ինձ միայն սիրել քեզ, գգվել, ողջագուրել, և ծածկել քեզ շարունակ այնքան շատ համբույրներով, որքան որ դու սխալմունք և անփորձություններ ունիս գրվածքներիդ, խոսքերիդ և վարմանացդ մեջ։ Այժմ դու իմ կինը չես, այլ իմ Ոսկին, իմ սրտի աստվածիկը, իմ սրբության խաղալիքը, իմ վարդն ու բուրաստանը, նրանց հետ ես պետք է ուրեմն նորից սովորեմ վարվել մեղմով, քնքշությամբ, սիրո շնչով, սիրո շեփիռով, սիրո խոսքերով… վերադառնում եմ ուրեմն այդ կյանքին. երբ դու չես կամենում մտնել կոշտացած երկիրը, ուր երկութն է միայն բուսցնում ցորեն և խաղող, կվերադառնամ ուրեմն քեզ հետ բնության անհոգ և անմեղ գիրկը, ուր ամեն բան, թեպետ վայրի, բայց պարզ է և քաղցր, անմեղ և մշտափթիթ…

Երբ ես կգամ Շուշի, որ կլինի օգոստոս 10-ից մինչև 15֊ը, այն ժամանակ այդ մասին երկար կխոսեմ քեզ հետ, և յուրաքանչյուր անգամ, որ դու կհամոզվես, որ դու սխալված ես, մի պինդ կհամբուրեմ քեզ, որպեսզի շրթունքներդ մի քիչ ցավ զգալով սովորին պատժվելու արժանի խոսքեր չարտասանել։

Նամակդ վերցնում եմ թե տեսնեմ մեջը ինչ կարևոր բան կա, որ պատասխանեմ տգեղ խոսքերի. քո արևը վկա, իմ սիրուն Ոսկի, որ այս անգամվա նամակդ ատելով ատում եմ, ղրկիր շուտ մի ուրիշը, որ սիրտս մի փոքր մխիթարե։

Տես, կարդում եմ, որ իմ նամակի պատճառով Ավետարանաց չես գնացել, որ բոլորը քեզ հարցնում են տխրությանդ պատճառը,— գրում ես «Միամիտ եղիր, հոգիս, ոչ ոքին չեմ տեսնում, չէ…», ոհ, ամոթ, կարծես թե որ տեսնես աշխարհս կքանդես… էհ, էլ ոչինչ չեմ ուզում գրել։— Բայց ինչպես չգրել, ահա լսիր թե դեռ ինչ խելոք ու քնքուշ բան ես գրում ինձ,— «Սիրելիս, թե քո ինձ վերա գրածներդ կարծում ես որ ճիշտ է, էլ ինձ նամակներ չգրես, որովհետև ես նրանց արժանի չեմ… «Ախ, ինչ կարող էի անել քեզ, թե այս րոպես թռչել կարողանայի դեպի քեզ, դու վիրավորում ես իմ հոգվո ամենածածուկ խորքերը ։

Այսպես եմ անում, որ մի փոքր հանգստանամ, որպեսզի մի փոքր խաղաղ հոգվով նամակ գրեմ քեզ. չեմ ուզում, որ իմ նամակը ստանալուդ տխրես դու… Ես չեմ կամենում. որ դու իմանաս թե վիրավորել ես ինձ. ես քեզ ներում եմ այժմ ամենահանգիստ սրտով. ես ղրկում եմ քեզ իմ հաշտության համբույրը՝ այն սուրբ և անդրանիկ համբույրի հետ, որ առաջին անգամ սրբեց մեր սերը, ընդունիր նրանց պարտ ու պատշաճ հարգանքով. հաջորդ համբույրը ինքս կբերեմ քո շրթունքներին դրոշմելու համար, հանգիստ եղիր, հոգիս, ուրախ եղիր, ես ամեն բան մոռանում եմ և միայն քո սերը և քո աչքերն եմ հիշում, ես քեզ իսկապես նամակ կգրեմ մյուս փոստ։

Քո անփոփոխ և անապատան
Գրիգոր
20 հուլիսի. չորեքշաբաթ.

Բյուր անգամ սիրեցյալդ իմ Ոսկի.

Ամսույս 14 և 17 թվերով սիրելի գրություններդ ստացա երեկ և շատ ուրախացա մի քանի հարցերից գոհացուցիչ պատասխանները առնելով։ Որպեսզի բան չմոռանամ, առաջ հարցերիդ պատասխան տամ։ Կայսեր գալու համար Արամի գրածն ուղիղ կլինի. այստեղ էլ ընդհանրապես սեպտ. 28-ին ասում են, որ պիտի գա։ Բայց ես մի երկու օր քեզ հետ ձիով ման գալը այստեղի շատ հանդեսներից կգերադասեմ. ինչպես երևում է դու ուզում ես զրկել ինձ այդ բավականությունից, բայց մի շտապիր, հոգիս, կայսեր գալուն էլ կհասնենք։ Ամենից առաջ ինձ հարկավոր է մի 25 օր հանգիստ շունչ քաշել. ես պետք է անպատճառ գամ Շուշի, մանավանդ, որ Միրզոյանցից ստանալիք 1500 պարտքի հետ իմ տեղդ գալի մի կապ ունի, որի մասին երբ կգամ կխոսենք։ Ուրեմն իմաց, որ օգոստ. 10-ին ճանապարհվում եմ, եթե ավելի շուտ գործերս չներեն։ Իմ պասպորտի մասին ինչ ուզում են պետք է տալ, որովհետև, եթե Շուշուց դուրս գալու էլ լինեմ, խո պիտի առնեն։ Բայց թողեք մնա, ես կգամ կստանամ իմ պասպորտն։

Սիրելիս, մեր կալվածների գործն համարյա թե վերջացած է. առաջիկա ուրբաթ օր վերջնական բան կգրեմ քեզ, թե ինչպես վերջ ստացավ։ Իմ հողերին կից (քո) Սեգմանովի հողերն են և Բագրաձեին։ Սեգմանովինն, ինչպես գրել եմ, վերջացրել եմ 200 ռուբլով, Բագրաձեինն էլ աշխատում եմ դիսյատինը 50 ռուբլով վերջ տալ և հուսամ կվերջանա Միրզայանցից ստանալի 1500-ն էլ համարյա ստացված է։

Քո նամակներդ ես էլ երկու փոստը միասին ստացա, չգիտեմ այս ինչ անկարգություն է, որը իսկապես շատ զրկանք է պատճառում երկուսիս էլ։

Ինձանից հարցունես, առողջ եմ շատ, միամիտ կաց, բայց, թե կարողանամ մինչև սեպտեմբերի վերջն բաղերում մնալ՝ ավելի կառողջանամ. Բաբովի դեղերն շատ լավ են ազդում ինձ վերա. համարյա հազ և թուք չունեմ, եղածն էլ շատ աննշան։ Միայն թե նա շարունակ խորհուրդ է տայիս գալ ամառանոց։ Ես էլ համարյա ժամերով եմ սպասում և իսկապես այս կալվածների գործն է ինձ պահում մեկ էլ սույն ամսվա հաշիվներիս ամփոփումը։ Միրզայանցը առաջարկում է գնալ մնալ Կոջորում, հապա ես կընդունե՞մ այդպես առաջարկություն։

Սիրելիս, շարունակ գրում ես, որ տխուր ես, ախար ինչի՞ ես տխուր, չլինի՞ թե հիվանդ ես, ես այդ բանի համար շատ եմ մտածում. Ռուզանի համար ինչու ոչինչ չես գրում, իսկի անունը նամակներիդ մեջ չկա։ Մի քանի գիշեր է շարունակ տեսնում եմ քեզ երազում, բայց ամեն անգամ էլ թթված երեսով և կոշտ խոսքերով ես ինձ դիմավորում։ Հա չլինի թե իմ եկած ժամանակս էլ այնպես ընդունես ինձ։ Այնպես շատ եմ փափագում դուրս գալ այս Բարբադից, այնպե՜ս շատ եմ ցանկանում քեզ տեսնել, գգվել, համբուրել, երկար, շատ երկար խոսել քեզ հետ... Բայց որ բանը ուշանում է, սիրտս նեղանում է։ Նամակս կանտորումն եմ գրում. իսպոլնիտելնի լիստի համար էլ կգնամ հիմա ման կգամ և կներփակեմ։ Պրիստավի մասին խոսածդ ինձ վրդովում է. մի՛՞թե այժմ էլ այդ օրինակ լրբություններ համարձակվում են խոսել։

Շնորհավորում եմ Կատինկին և Ավագին իրենց Միհրանի մկրտությունը, բարևիր երկուսին և ասա, դուք, որ իմ ապագայի տղայի անունը հափշտակել եք, խնդրեմ, մինչև գալս մինը գտնեք և տեղը դնեք, թե չէ շատ փիս կկռվեմ։

Մանիշակին, Ազյուն և մամին շատ բարև. Ազյուն ասա Ջավադը 10 մանաթ է բերել տվել և խոստացել է, որ մինչև գալս 10-ն էլ բերի, տեսնենք կբերի թե կխաբի։ Երևի Ազին պալատի վերաբերությամբ ստիպողական միջոցներ է ձեռք առել, ըստ որում Ջավատն աղաչում էր, որ ստացածս անպատճառ գրեմ։

Սիրելիս, խնդրում եմ շարունակ զբոսանքի գնա, մանավանդ երեխաների հետ. լավ կեր, լավ խմիր, և որքան կարող ես շատ հանգստացիր, որովհետև դու գիտես, որ ես գամ քեզ հանգիստ չեմ տալու իմ չարություններով, մանավանդ որ այժմ բժիշկն էլ ասել է ինձ վնաս է ցերեկով քնելն։ Ուրեմն աշխատիր օգուտ քաղել իմ բացակայությունից:

Այժմ ես շատ լավ եմ կերակրվում, աստված օգնե քեզ այն մտքին համար, որ ծառան այստեղ թողեցիր, մխիթարվում եմ։ Միշտ ամեն բան մաքուր, կերակուրը պատրաստ, էլ ո՛ր մեկն ասեմ։ Որովհետև գալու եմ—գրիր տեսնեմ ինձ հետ ինչ բերեմ, բարձ ու վերմակից սկսած մինչև քո կրուշկադ… Գրիր, թե չէ ոչինչ չեմ բերիլ:

18֊ի նամակս, իհարկե, ստացած կլինես, որ մի հիմար և, ինքն ըստ ինքյան, ծիծաղելի հարցին էր նվիրված։ Ափսոս ժամանակ, որ ես իմ կողմից և դու քո կողմից գործ ենք դրել միմյանց բացատրություններ գրել։ Դեռ վերջին նամակումդ է, երբ իմ 4-ի նամակը հիշում ես, տակը խազ ես քաշում… Թե կգամ ես քեզ շհանց կտամ, սպասիր: Կատակներ անելու միակ և սիրելի աղբյուրը չորացրել ես, էլ չգիտեմ ինչ բանից սկսեմ, որ քեզ մի փոքր ծիծաղացնեմ։ Մախլաս, սիրտս շատ կոտրեցիր։ Սպասում եմ, որ մի երկար և փառավոր մեղայական գրես, թե չգրեցիր, իմաց որ հետդ չեմ հաշտվիլ։

Այժմ, մինչև գալս, ինձ մնում է խնդրել քեզ, որ շատ ուրախ կենաս, ամեն օր ծիծաղես, խնդաս ու պարես։ Հենց որ եկա իմ միակ գործս պիտի լինի երկու ձի վարձել ու սարերն ու ձորերը չափել։ Կարգադրիր այժմյանից, որ մեր փեշերից կախ ընկնողներ չլինեն. ոչ ոքին չեմ ընդունիլ, ոչ ոքին (այս որ մամին մոտ կարդաս, կասի, բալամ, էն ինձ համար ա ասում, թեզնա յուրանցին հունց կարա խոսք ասի)։ Հա, սիրտս, շատ է քեզ քաշում, շատ. հիմա, որ հեռու ես, այնքան շատ դատարկություն եմ գտնում շուրջս, որ էլ չեմ կարող ասել։ Կարծում եմ, թե աշխարհը չորս անգամ ավելի է մեծացել և ութ անգամ ավելի դատարկությամբ լցվել շտապեմ, շտապեմ, խեղդվոմ եմ հենց դատարկության մթնոլորտից.

Քո Գրիգոր

Սիրելիս, Ժամ 5֊ից սկսած մինչ այժմ, որ արդեն 8֊ն է, շան պես չարչարվեցա. մեծ սունդուկում եղած բոլոր թղթերն քրքրեցի, նավթալինի և կանֆարի հոտը 3 ժամ կուլ տալով, ամեն մի մանր թղթի պատառն էլ, թղթերի ղաթերն էլ, տետրակների կազմերն էլ, բայց, ոչ Հաթամի տված 1000 ռուբլուց լիստը գտի և ոչ էլ՝ ուրիշ լիստեր դրանց փոխարեն ներփակյալ թղթիկը գտի, որից կիմանաք, թե ինչ շան չարչարանք եմ քաշել 100 տարվա ոչնչությունները քրքրելով։ Բայց չկա ու չկա։ Միայն Խաչատրյանցի 240 ռուբլուց մի իսպոլնիտելնի լիստը կար 1869 թվականից, նա էլ չարժեր ղրկել: Իմ պաշտելի և անուշիկ Ոսկի.

20 թվականավ նամակս ստացած ես անշուշտ, նրանից առաջ գրվածներն էլ» յուրաքանչյուր փոշտ մի նամակ հաշված, ստացած կլինիս, (կարծեմ մի փոստ պակաս)։

Այս է այժմ մեր հաշիվը, նամակների մասին։

Դառնանք այսօրվա նամակին։ Ես առողջ եմ, կարող ես շատ հանգիստ լինել. այսինքն` ավելի առողջ քան երբևիցե մի ամառ։ Բայց սարսափելի ծանրությամբ են սահում օրերս. անհամբեր սպասում եմ ամսիս վերջին, որ գալու օրերս մոտենան։ Երբեք այսպիսի դաժանելի միայնություն չեմ տեսած. գուցե նախորդ տարվանը մոռացել եմ, չդիտեմ։ Չորս կողմս զարմանալի անապատ և ամայություն է տիրում։ Երևի սա է ամուրիի կյանքը։ Գալիս ես տուն դատարկություն, դուրս ես գնում` դատարկություն։ Չգիտես որտեղ սպանես ժամանակդ, շոգը չէ թողում գրել կամ կարդալ, ոչ մի ընկերություն չէ գրավում քեզ, կլուբն եմ գնացել մի երկու անգամ և հազիվ մի մի քառորդ մնացել, այգիները, ամառային թատրոնը և ուրիշ զվարճատեղիներ բոլորովին չեմ ուզում մտնել, նույնիսկ մատերը անտանելի է։ Մի մարդու ընկերությունն էլ եմ ատում, երկուսինն էլ. կարծես ամբողջ օրը մի բանի եմ ման գալիս, որ չեմ գտնում։ Էլի կեցցե իմ գործը, բավական զբաղեցնում և կազդուրում է ինձ։

Բայց հազար անգամ կեցցե ընտանիքը. սիրելի ամուսինը և սիրասուն հրեշտակները... չես կարող երևակայել, թե որքան մեծ լիություն, գոհություն և զվարճություն են դրանք, դեռ չեմ ասում, որքան մեծ հարստություն։ Երբ գործդ վերջացնում ես, շտապում ես թողնել պարապմանցդ տեղը, գիտես թե ուր ես շտապում. գիտես թե ովքեր են քեզ սպասում և որոնց դու պիտի հանդիպես... մի սիրուն, երիտասարդ աղջիկ, դեռ կյանքով և կրակով լի, ժպտող շրթունքներով, խոսուն աչքերով, դիմավորում է քեզ, կամ զբաղված յուր առտնին գործերով` ծիծաղադեմ նայում է քեզ վերա, երբ մտնում ես դռնովը, սպասում քեզանից նորություններ, կամ ինքն է սկսում հաղորդել քեզ նրանց։ Այս բավական չէ, դեռ շատ անգամ էլ այդ սիրուն, այդ երիտասարդ տան տիկինը սուտ սուտ քեզ վերա բարկացած, այս և այն արարքդ նա խատելու պատրաստված, սպասում է քո գալուն. մտնում ես նա ամեն բան մոռանում է: էլի ժպտում, էլի ծիծաղում է, և հենց ամ են ա քաղցր դիմավորության ժամանակ մտաբերում է յուր սուտ բարկությունը, և այժմ դրուստ բարկանում յուր մոռացկոտության վերա. և սկսում է քեզ ծեծել... Ախ ինչպես շատ քաղցր փոքրիկ փոքրիկ խաղեր կան այդ կյանքում. կազմված փոքրիկ ոչնչություններից, որոնք այնուամենայնիվ մի մեծ և. երջանկություն պահում են իրենց թևերի վերա... հետո մյուս կողմից վազում է չարաճճի հրեշտակիկը, խլում է ձեռքերիցդ թղթե քսակը և ուրախ ուրախ խոսքեր թոթովելով` քաշվում է պատուհանի կողմը, դնում է քսակը սանդուխի վերա կամ թախտի ծայրին, պատռում է նրան մի կողքից և հիացմամբ բացականչում է «այ, Հակուշ, բուկա, ապա, իեսի, այ մայրիկ...» և այլ հազար ու մի թոթովանք ու դայլալիկ... և ինչպես են համարձակվում համեմատել ամուրու դժոխային կյանքը ամուսնացյալի երազական կյանքի հետ, ա՜հ, ինչպես շատ քիչ ենք գնահատում մենք այդ երանության մեծությունը։ Ես այժմ նման եմ այն հարուստին, որ հանկարծ զրկվել է յուր գանձերից. և այն ամենը ինչ որ են մի օր սովորական ստացվածք էր երևում նրա աչքում, այն որ նրա համար կյանքը կտա, որպեսզի նորեն ձեռք բերե։ Հազար անգամ փառք աստուծո, որ ես իմ գանձերից իսպառ չեմ զրկված, այլ փոքր ժամանակով հեռացած եմ նրանցից, և ինչպես եմ կարոտում, տեր աստված, ինչպես եմ գնահատում նրանց մեծությունը, նրանց անգին լինելը... Աստված հաջողե մենք կրկին հավաքվենք մեր տունը, միանանք, սեղմվենք ի մի շունչ և հոգի, այն ժամանակ ես պիտի աշխատեմ գիտակցաբար վայելել այդ հարստության և երանության մեծությունը։ Եվ դեռ հիմարներ կան, որոնք մեզ համար ասում են, թե կձանձրանար գյուղում, շարունակ միմյանց երեսը և գյուղացիները տեսնելով, ուր է, տվեք մեզ այս ահագին քաղաքում մարդիկ, շրջաններ, զվարճություններ, որոնք կարողանային հետաքրքրել և գրավել մեզ, որոնց են դրանք, ուր են դրանք, ինչու համար եմ ջրի մեջ թաղված ծարավությունից պապակում, ախր չէ որ այդ ջուրը Ախերոնն է, ժահահոտ է ծծմբածու...։ Ինձ ականակետ և քաղցր առվակ է հարկավոր, քաղցր և զվարթարար, ինչպես նեկտարը... ես այն գտանում եմ իմ ընտանեկան ծածկի տակ, սիրուն ամուսնու կրծքի վերա հոսելիս... Միթե ես կարող եմ երբևիցե ձանձրանալ այս սիրակարկաչ վտակի ձայնից... սիրո հնչյուններից, սիրո մրմունջներից։

Ախ ինչպե՜ս կուզենայի, որ այս րոպեն առավոտյան ժամ 5֊ը լիներ, և ես նստած եմ գրասեղանի առաջ` արձանագրեի այս րոպեի ոգևորության մի գողտրիկ վեպիկի մեջ... որ այս վերնագիրը կրեր— «Արքայությունը պտրել ամուսնության մեջ...»։

Չեմ ասում կգտնվեին մարդիկ, որ այդ ամուսնության մեջ կելնեին դժոխքն էլ գտնելու և գուցե կհաջողեին գտնել, բայց այդ դժոխքը ավելի չարարվեստ և առավել բոցավառ չէր լինել ամուրիներին հրդեհող դժոխքից։

Այսուամենայնիվ ես որոշեցի հաստատապես գրել մի վեպ որ երկու երես ունենա և նրանց վերա նկարվածները… այդ ես գալուց քեզ կպատմեմ։

Սիրելիս, մի քանի խոսք էլ մեր գործերից։ Անցյալ (20֊ի) նամակումս հիշած էի, որ կալվածական գործի վերջականի մասին այսօր կգրեմ, բայց այսօր արքունական տոն լինելով մնաց։ Վաղը կվերջացնենք. ուրեմն հարկ եղածը կգրեմ 25֊ի նամակովը (երկուշաբթի)։

Հովհաննեսը միթե մինչև այժմ տեղդ է, այսօր էլ չդուրս եկավ։ Այցելություններդ վերջացրու, որ իմ եկած ժամանակ բոլորովին ազատ լինես։

Հայկանուշի թղթերի մասին չգրեցիք, թե մինչև այժմ որ մնում է, ի՜նչ անեմ, ղրկեմ Ավետին թե ոչ։ Ավետի մասին
Քո Գրիգոր:
25 հուլիսի, երկուշաբթի.

Սիրեցյալդ իմ Ոսկի.

Հինգշաբթի օրվա փոստին նամակ չունեի. սպասեցի շաբաթ. այդ օրն էլ չունեցա։ Թե որ չես գրել, որտեղից ունենամ։ Այսօր ես էլ կամենում էի քեզ նմանվել, բայց սերտս չդիմացավ. չնայելով որ անցյալ փոստ (22-ին) նույնպես նամակ եմ գրել, այսօր էլ վճռեցի գրել. վախենալով թե դու չկարծես թե ես հիվանդ եմ։ Ես շատ առողջ եմ, հոգիս, և լավ եմ զգում ինձ միշտ, միայն միշտ տխուր եմ, որովհետև ինձ շատ ես մինակ թողնում։ Գոնե նամակներով էլ ինձ չես կամենում հաճախ ուրախացնել։ Հովհաննեսը եկավ. երեկ կիրակի ինքը և Սերգեյը մեզ մոտ էին ճաշի. երեք հոգի էինք, ոչ ոք չկար։ Մեր (այսինքն իմ և Հովհաննեսի) խոսակցության գլխավոր առարկան մեր այս անտանելի և աննկարագրելի միայնությունը և մեր շրջապատի ամայությունն է։ Դեռ մի երկու օր է և այս պարոնը չի դիմանում, բա ես ինչ անեմ. մանավանդ որ նա դեռ ընտանեկան կյանքի խորը չէ տեսել, հրեշտակների բացակայության ծանրությունը չէ հասկանում... վերջապես, շատ դժվար է։

Այսօր Ավետից նամակ ստացա և ղրկածս ապրանաց արժեքը յուր հին մանր մունր պարտքերի հետ, ընդամենը մոտ 370 ռ. չգիտեմ ուր էր հաշվել. ինքս ինձ շատ նեղացա։ Գրում է, թե մաման գրել է, որ շուտ գալիս է, երևի էլի մի վատ բան է եղել, բայց կարծում եմ, որ այդպես բան պատահած չի լինիլ։ Եթե թագավորի համար է շտապում, նա այնտեղ կգա սեպտ. 26/28-ին և Բաքու հոկտեմբեր 6-ին, ուրեմն կարող է չշտապել։

Մեր կալվածների գործը վերջացան. 1500 ռուբլի էլ ստացա Միրզայանցից։ Բայց բավական պոշլին — այսինքն հաստատության ծախք դուրս գնաց, բացի մինչև այժմ ծախվածներս. վերջապես աստված բարի վայելումն տա։

Այսօր մեր տանը մի փոքր պաչինկաներ եմ անել տալիս, իմ պարոն ծառայի հրամանով, նույնպես կուխնիայում կամենում եմ ամեն բան պատրաստել, հետո գալ: Կաշխատեմ օգոստոս 5֊ին դուրս գալ:

Նամակս կարճ եմ գրում, որովհետև փոքր ինչ ուրիշ գրելիքներ ունեմ. ներողություն։ Հազար-հազար համբույր իմ հրեշտակ Ոսկեհատին և յուր հրեշտակիկ ճուտերին։

Բարև մամին, Կատինկին, Մանիշակին Ազուն և Ավագ եղբորս և մյուս բոլոր հարցանողաց։

Քո Գրիգոր

Վաղվան փոստին անպատճառ սպասում եմ նամակիդ, թե չելավ՝ վայը եկել է քեզ տարել։

27 հուլիս, չորեքշաբաթ.

Անուշիկդ իմ Ոսկի.

Ամսույս 25-ին քեզ նամակ գրելուց ետ, քո սիրելի նամակը ստացա երեկ։ Ուրախ եմ, որ հաջող վերադարձել ես ուխտագնացությունից, բայց ցավում եմ, որ անձրևը խանգարել է ձեզ։


Իմ հիվանդության մասին էլ խնդրեմ չտխրես. այժմ բոլորովին առողջ եմ, մանավանդ Բաբովի դեղերի վերա. միամիտ կաց. միայն թե շատ տաքության պատճառավ միշտ քրտնելով շատ լղարել եմ, բայց մարմինս ավելի թեթև և կազդուրված է։ Աստուծով կգամ դու ինձ կգերացնես։ Միրզայանցը որ ինձ առաջարկում է գնալ Կոջոր, խո նրա համար չէ առաջարկում, որ ես շատ հիվանդ եմ, ինչպես դու ես կարծել, այլ նրա համար, որ տեսել է, թե ես որոշել եմ անպատճառ Շուշի գալ. ուզում չէ, որ ես հեռանամ Թիֆլիսի շրջագաներից։ Նա չէ՞ որ շարունակ յուր օգուտների վերա է մտածում։

Հայկանուշի թղթերը այսօր ղրկեցի Ավետին։ Նիկոլայը այսօր այստեղ էր, վաղը էլի գնում է Ախլքալաք, իսկ երկու կամ երեք օրից ետ կգա Եվլախ: Վառինկից հարցրի, ասում է, որ շատ լավ է։ Նույնպես երեխան… Խասը կբերեմ, Ազյուն ասա միամիտ կաց։

Առաջիկա կիրակի պետք է Գորիս լինեմ, որ գնամ Ձևերա, որպեսզի պրիստավը հողերը հանձնե ինձ հրապարակավ։ Ամեն բան վերջացած է, մանրամասնությունները վերադառնալուց կգրեմ, կամ կգամ կպատմեմ։ Վարդավառ օրը—քո տոնի օրը ես գնում եմ մեր կալվածքը ստանալու, կարծեմ շատ լավ նշան է սա… Այսօր շատ կարճ եմ գրում. հիշիր: Հազար համբույր շրթանցդ և երեխաներիս։

Քո Գրիգոր
30 հուլիսի 6 ժամ երեկո

Սիրեցյալդ իմ.

Երեկ միայն այս ժամանակ ստացա նամակդ և այս ժամանակ էլ պատասխան էի գրում քեզ։ Այսօր էլ մի քանի խոսք ավելացնեմ և փակեմ ծրարդ։ Հենց այս րոպեին մի անգամ էլ կարդացի նամակդ (սա 3-րդ անգամն է) և վերջումը տեսա մի ուրիշ բան էլ, որ երեկ չէի նկատել։ Խոսքերիցդ այնպես է երևում, որ լավ կլիներ, թե այն նամակս չստանայիր, որովհետև ասում ես, «Առավոտից մի տասին խնդրել եմ, որ նամակդ բերեն, ես սաստիկ ծարաված քեզ լսելու, սրտատրոփ սպասում եմ նրան, հուսալով շատ բաներ կարդալ նրա մեջ, բայց, հենց որ վերջացրի՝ ձեռք ու ոտքերս թուլացան… և ուրախանալու փոխարեն մինչև անգամ տխրեցի…»։ Եվ հետո աստուծո ողորմությունը հասնում է, Երեխան զարթնում է և դու, և դու «իմ ջգրու» թողնում ես նամակը և նրա փոխարեն՝ շտապում ես երեխայի հետ խաղալու և հետո միասին քնելու…

Այսպես, ուրեմն... Բայց մի՞թե իմ այդ նամակը այդքան վիրավորող, տխրեցնող է եղել, չեմ հասկանում, չեմ հիշում... Ասա հոգիս, մի՞թե ես մի այնպիսի բան եմ գրել, որ քեզ վրդովել է. գուցե... բայց ես չեմ հիշում, թե այդպես բան կա, ներիր ինձ... իսկ թե դժգոհ ես նրանով, որ այդ անգամ ուրիշների նման եմ քեզ նամակ գրել և ոչ բանաստեղծական vericte-ներով , այդ էլ ոգևորված կամ վաստակած տրամադրության վերագրելու է։ Պատահում են ժամեր, երբ ես հոգվով և սրտով նվիրված եմ քեզ և ժամեր՝ երբ ես հոգնած՝ ամեն բանից երես եմ դարձնում, և բանաստեղծությունը այդ միջոցին հազար փարսախներով հեռու է փախչում ինձանից։

Ինչ հարկավոր է, որ դու իմ նամակում կարդաս անպատճառ իմ զգացումները. ես երբեմն նրանց գրում եմ և նկարագրում ոչ թե նրա համար, որ դու կարդաս, այլ որովհետև սիրտս լիքն է և զեղանում է դուրս... Եվ ինչ, մի՞թե ես կարող եմ արտահայտել հազարերորդ մասը այն հիասքանչ ոգևորության, որով լցված են ամեն օր իմ սիրտը և հոգին՝ լոկ քեզ վերա մտածելովս և քեզ երազելովս... Ամեն տեղ, ուր որ գնում եմ, ուր որ հանգստանում եմ, և մինչև անգամ այն րոպեին՝ երբ անուշարար քունը տիրում է իմ հոգնած անդամներին, դու, իմ նազելի հրեշտակս, իմ առջև կանգնած ինձ հետ խոսում ես, ինձ հետ ծիծաղում, ինձ հետ ուրախանում և ինձ հետ տխրում... Չկա մի տեղ ուր ներկա չգտնվիս դու, և մի գործ՝ որին չմասնակցես դու… Եվ, երբ ինքդ էլ գիտես, թե այս այսպես Է, արժե ուրեմն երեսիս զարնել այն թերությունները, որոնց ես անզգուշությամբ կամ լոկ կատակով փախցնում եմ գրչից հոգյակս, պետք է մի փոքր էլ դու զիջանիս. ախր «եղիոնում միշտ զոհեր չեն մատուցանում, պատահում է, որ ժողովուրդը քնում էլ է…»։

Այս այսպես։ Գանք քո հանելուկին. գրում ես՝ որ համեմատելով իմ դրությունը այդտեղ իրենց օրերը ուրախությամբ անցնողների հետ, տխրում ես. բայց մի կողմից էլ մի բանով մխիթարվում ես, և հարցնում ես ինձ, թե այդ ինչքան է, թե գիտեմ, գրեմ, թե ոչ դու մյուս փոստ կգրես։

Ոսկի, սկի չեն հարցնում, թե այդքան ի՞նչ եք գրում իրար և դու ի՞նչ ես պատասխանում։

Իմ անուշիկ Ոսկի.

Այս րոպեին ես այնպիսի հոգեկան տրամադրության մեջ եմ, որ քեզանից զատ ուրիշ ոչնչի վերա մտածել չեմ ուզում։ Բոլորովին հոգի և բոլորովին սեր… Ահա թե ինչ եմ ես։ Այս հափշտակության և հոգեզմայլման վայրկյանները ես չեմ կամենում, որ աննշան անցնին և կամ շատերի պես մոռացության անդունդը գլորվին։ Եթե այժմ ինձ մոտ ունենայի իմ հիշատակարանը, ես նրա մեջ կարձանագրեի գեթ մի մասը այն բոլորին, ինչ որ զգում եմ այժմ. բայց որովհետև նա չկա, ուստի քեզ կգրեմ մի քանի տող որպեսզի նրանցով քեզ էլ մասնակից անեմ Սիրո այն քաղցր և քնքույշ դողահարությանը, որը սրտիս մեջ հնչեցնում է նույն ինքն Սերը—Սիրո թելերից հյուսած քնարի վերա… Ապրել և և զգալ, որ սիրում ես—ահա ճշմարիտ երջանկությունը։ Ես հակառակ իմ այն տեսության՝ որ սերը երջանիկ անելու համար պահանջում է, որպեսզի նա երկուստեք լինի։ Բնավ․ ես հակառակ եմ միշտ այդ փիլիսոփայության։ Եթե կան թույլ սրտեր, որոնք պահանջում են, որ սիրվին-նրանք էգոիզմի արտադրություններ են։ Ով կարող է սիրել և միևնույն ժամանակ զգալ, որ յուր սիրո առարկայի անտարբերությունը կամ անգիտությունը թուլացնում է յուր մեջ սիրելու ուժը— նա չէ սիրում, նա սիրտ չունի, նա մի էգոիստ է։ Քանի քանի անգամ ես կրկնած եմ միևնույն խոսքը— թե սիրում եմ քեզ, բայց ինչու երբեք չեմ հարցրել, թե սիրում ես ինձ: Սա հոգեբանապես ապացուցանում է այն, որ սիրելու հատկությունը գոյություն ունի իմ մեջ առանց անպատճառ սիրվելու ցանկության։ Գոհ ես դու այս հատկությամբս, թե ոչ, չգիտեմ բայց կցանկանայի, որ դու էլ այն զգացմունքներով առաջնորդվեիր, որպիսին ես եմ։ Եվ, երբ երկու կողմը հավասար ուժով սիրելու են ձգտում, այդ երկու կողմն էլ հավասար ուժով սիրվում են միմյանցից․ և, ահա, հենց այդտեղ է, որ երևան է գալիս երջանկությունը։

29/31 հուիլս. 1338. Թիֆլիս.

Իմ աննման, իմ անուշիկ Ոսկեհատ.

Շտապում եմ շնորհավորել քո սիրելի անվան տոնը պատմական Վարդավառի օրը, և այդ առթիվ ղրկում եմ քեզ իմ սիրապատար համբույրներից ամենահրատապը և ջերմագույնը… Կցանկանայի Վարդավառի օրը քեզ մոտ լինել, ներկայանալ քեզ առավոտանց՝ հանդիսավոր սիրով, առնել քեզ իմ գրկերի մեջ, դրոշմել շրթանցդ ճշմարիտ համբույր և շնորհավորել տոնդ լսելի ձայնով։ Բայց… դու էլ գիտես, որ այդ չեմ կարող անել. գոհանանք ուրեմն կարելի եղածով։

Որովհետև իմ հեռավորությունը չի կարող զրկել ինձ՝ քեզ հետ սիրախոսելու քաղցրությունից, ուստի կամենում եմ մի քանի բարեմաղթություններ անել քո սիրելի անվան տոնի առթիվ։ Բարեմաղթություններով, իհարկե, մենք չենք կարող գալուց չարիքների առաջը փակել և ոչ էլ դրանց փոխարեն՝ բարիքների ճանապարհը բանալ․ ճշմարտությունը ճանաչելու համար այդքան գիտակցություն ունենք (դժբախտաբար). բայց բարեմաղթություններ անելու նախապաշարմունքն էլ ունի յուր գեղեցիկ կողմերը. նա բանում է լսողի առաջ անտեսանելի սրտի և անշոշափելի հոգվո գաղտնարանը, նա որոշում է ճշմարիտ սիրո և անկեղծ զգացմունքների չափը և սահմանը, ինչպես որ անեծքը ատելության աստիճաններն է որոշում։

Իմ բարեմաղթությունը, սիրելիս, իմ ամեն օրվա ցանկության արտահայտությունն է. այսինքն՝ որ մեր այսօրվա դեպի միմյանց ունեցած սերը, մինչև վերջին շունչը, լինի նույնքան ջերմ, նույնքան անկեղծ և նույնքան առատադեղ, որքան որ նա այսօր է. որ սուրբ ամուսնության վերաբերությամբ մեր ունեցած պարտքը և իրավունքը՝ մինչև ի վերջ՝ մնան մեզ համար անփոփոխ հենց այն սահմաններում, որը մենք որոշել և պաշտել ենք… ահա բոլորը։ Ամուսնական միությունը նման է մի արգավանդ հողի, որի մեջ արվեստագետի շինարար ձեռքը ծաղկանոց է հիմնում, վարդենիներ է տնկում, ծաղիկներ է ցանում… իսկ անճաշակ գեղջուկը սոխ ու սխտոր է վարում, կամ շատ, շատ, մի քանի անհամ գետնախնձոր… Այս ճշմարտությունը ճանաչելուց ետ մնում է մեզ՝ խնդրել աստվածանից, որ նա անվթար պահե մեր այժմյան հոգեկան կորովը, սրտի եռանդը և զգացմունքների կրակը, որ մենք էլ դրանց շնորհիվ մշտափթիթ պահենք մեր բուրաստանը, մշտաբույր՝ մեր վարդենին, անթառամ՝ մեր ծաղիկները… հսկենք, որ ավերիչ ձեռքեր չմոտենան այդ բուրաստանին, չքանդեն նրանց ցանկապատը, չքադեն նրանց ծաղիկները, չփակեն նրանց ոռոգող առվակի ճանապարհը… Եվ գիտես, թե որքան երջանիկ ենք մենք այս ավուր կյանքով, որ դեռևս սիրահարական, դեռևս բանաստեղծական է։ Գիտես նույնպես, թե որքան մեծ կորուստ է՝ թե այդ խանդակաթ սիրո սիրությունը կորցնե երբև յուր ամբողջությունից՝ անգամ մի մասնիկ… Մենք պետք է պինդ, շատ պինդ սեղմենք մեր կրծքին այդ սիրաշունչ միությունը, որովհետև նա մեր հոգին, մեր կենդանությունն է նրա շնորհիվ այսօր մենք վայելում ենք այն՝ ինչ որ ուրիշները դեռ երազում են կամ այն՝ ինչ որ ուրիշների համար դեռ իդեալ է… Այո, ամուր սեղմենք նրան մեր կրծքի վերա, ապրենք և դողանք նրան անմահության համար…

Բայց դու չկարծես, սիրելիս, թե մեր սերը անմատչելի և անխոցելի է թշնամական նետերին՝ աշխարհում այնքան բազմազան են չարիքները, որ նրանց ամեն մինին պատշաճավոր դիմադրություն ցույց տալու համար բավական չէ հարյուրամյա կյանքը։ Մի անզգույշ վարմունք, մի կոպիտ վիրավորանք, մի չարասեր միջամտություն կարող է խախտել ամենասիրելի միության հիմքը, մի փոքրիկ կայծ կարող է հրդեհ բորբոքել սիրո չքնաղաշեն տաճարի մեջ և չափել նրա գեղեցկությունը, անակնկալ մի փոթորիկ կարկտահար անել սիրո բուրաստանը և ոստաքանց՝ միության դրախտը… Ուրեմն չպարծենանք մեր ունեցած ուժի վերա, այլ աշխատենք զարգացնել նրան, որպեսզի նրա կատարյալ զարգացման շնորհիվ անսասան դաոնա մեր միությունը և հարատև՝ մեր երջանկությունը...

Կրկին համբույր սիրելի շրթանցդ և սիրասուն հրեշտակներիդ։

Քո սիրակարոտ Գրիգոր
11 օգոստոս, Թիֆլիս.

Իմ անուշիկ և աննման Ոսկի.

Չես կարող երևակայել, թե երեկ որտեղ էի. ինչ ճանապարհներով էի ման գալիս... Մի երկու պարոններ շաբաթ օրը առաջարկեցին ինձ ձիով զբոսանք։ Կիրակի առավոտ ժամ 6-ին արդեն մենք բարձրանում ենք այնտեղ, ուր, մի անգամ, մի քառորդ ժամ սպասում էիր դու ինձ և որտեղից մենք բարձրացանք Բոտանիկական այգին... Այստեղ այնպես է հոգիս թռչում դեպի անմոռանալի անցյալը, որ ես կամենում եմ մի քանի վայրկյան մոռանալ ասելիքս, ես մտածում եմ այն հովաշունչ առավոտի մեջ, երբ մենք հովանավոր ծառի տակ նստարանի վերա նստած սիրախոսում էինք։ Այդ ժամանակ դու առույգ և սիրապատար՝ իսկ ես չգիտեմ ինչից անհանգիստ էի․ դու ինձ ծաղրում էիր, թե՝ «Քնիր, ես իմ ծունկս քեզ համար բարձ կշինեմ», և մենք ծիծաղում էինք։ Ով քաղցր և միշտ երանելի անցյալ, որ երբեք չես դադարում ամենաբախտավոր ներկային անգամ գերակշռելուց... Եվ վերջապես, սիրելիս, մենք գնում էինք Կոջոր։ Որքան էլ որ ինձ համար անհամ է առանց քեզ քաղաքի դրսերում ճանապարհել, այսուամենայնիվ ես այս անգամ սիրով էի դիմում դեպի այն ճանապարհները, որտեղով մի օր տրոյկի վերա երկուսս միասին նստած քաղցրախոսելով բարձրանում էինք. Օ՛ որքան տխուր և միևնույն ժամանակ որքան անուշ տպավորություն արավ ինձ վերա այն խրճիթ-խանութը, ուր ես և դու կաթ խմեցինք տրոյկի վերա նստած, իսկ կառապանին գինի հրամեցրինք։ Ես հիշում էի քո պարզ հագուստը, քո հարդյա գլխարկը, հագուստների երկար քսակը, որ մեզ բավական ծիծաղաշարժ նեղություններ էր պատճառում, ծանրաբեռնվեց տրոյկան և վերջապես Բենզենի ցնցական հոտը, որ ինձ իսկապես տխրեցնում էր, թե մի գուցե բոլորը քամվի... Երեկ ես բարձրանում էի ամբողջ ճանապարհը քեզ հետ միասին, բառի բուն նշանակությամբ, որովհետև իմ ընկերները իրենց արշավանքներովն էին զբաղված, իսկ ես ազատ թռչում էի դեպի սիրելի և անմոռաց անցյալը։ Վերջապես մենք հասանք Կոջոր. 8 ժամին առավոտյան. ես մի քանի րոպե կանգ առի փոստի կայարանի մոտ, դիտեցի այն սենյակը, ուր գիշերեցինք մենք, այնքան քաղցր և հեշտալի... այն սենյակը, որ գուցե և ճշմարիտ քո և իմ գ... բայց ես չեմ կարողանում խոսել... Արդյոք կարող ես գուշակել, թե ինչ եմ ուզում ասել...

Երեկ բոլոր օրը լավ ժամանակ անցուցինք։ Մի ժամ եկեղեցումն էինք, ուր հիանալի երգեցողություն լսեցինք, հետո վերադարձանք հյուրանոց։ Այդտեղ շատերին պատահեցի, որոնք ինձ հրավիրեցին իրենց մոտ ճաշի. բայց ես բոլորին էլ մերժեցի, որովհետև ընկերներիս թողնել չէի կարող։ Հրավիրողների մեջ էր և Շիխանց Անուշկան։ Սա եկեղեցումը պատահեցի։ Հյուրանոցի տերրասի վերա սուրճ խմելու ժամանակնիս եկան մեզ հանդեպ նստան փողոցի նստարանի վերա Աթարբեկյան Մաշոն, Միրզոյան Հռիփսիմեն և իր ամուսինը իրենց տգեղ երեխաներով։ Մաշոյին ես բարևեցի հեռվից` նրա մատնությամբ Միրզոյանները երկար ժամանակ և հետաքրքրությամբ դիտում էին ինձ. ես իմ ընկերների հետ շատ բարձր նյութերի վերա ճառախոսում էի. երկար մեզ լսելուց հետ նրանք հեռացան։ Բայց երեկոյան վերադառնալիս ես մոռացա Հռումսիմ բազան այցելելու. երևի նա նեղացած կլիեի, որ Կոջոր գնալով յուր տեսության չգնացի։ ժամ 5½-ին ճանապարհվելով՝ 7-ին Թիֆլիս էինք։ Բայց որովհետև ձիաները օրով էին վարձած, գնացինք Մուշտայիդի ետքերը ման գալու մինչև նեմեցների կալոնիան. շատ լավ տեղեր է ձիով ման գալու համար. երբ որ կգաս ես քեզ մի քանի անգամ ձիով կտանեմ այն կողմերը զբոսնելու։ Երեկոյան մութին վերադառնալով` իսկույն քնեցի. բայց այսօր չափից դուրս կոտրատված եմ, որովհետև երկար ժամանակ էր ինչ ձի չէի նստել և աոաջին անգամ նստելովս էլ երկար նստեցի։

Սիրելիս, այս րոպեին եկան և ինձ կանչում են Միրզոյանցի տանից. նա այս երեկո կնոջ հետ միասին գնում է Գանձակ մի 4 օրով,— դժբախտաբար էլ չեմ կարող շարունակել. ներիր ինձ։ Ամսույս 5-ին նամակդ ստացել եմ. նրա պատասխանը կմնա ամսույս 13-ի փոստով։ Դեռ քեզ մի ջերմագին համբույր. թե կարողացա վաղ ազատվիլ, էլի կգամ՝ պակասը կլրացնեմ։ Երկու փոստ նամակ չգրելուց ետ այս չպիտի լիներ իմ այժմյան նամակս, բայց ներիր, հոգիս, մեղավորը ես չեմ։

Դեռ ցտեսություն, հոգյակս.
Գրիգոր, քո խելագար երկրպագուն


Գնացի գնելիքը գնեցի և վերդարձա, դեռ մի կես ժամից ավելի ժամանակ ունեմ, կարող եմ մի քանի բան էլ գրել։ Սիրելիս, թե 8 օր է դու Կատինկի մոտ ես վախենում եմ, թե անքան գիշերներ լինես անցկացնում, որից կարող է պատահել, որ դու հիվանդանաս կամ մաշվես։ Խնդրում և աղաչում եմ, քեզ լավ պահպանիր։ Երեխայի համար գրածներիդ ինձ շատ են ուրախացնում. սիրտս այնքան շատ է ուզում որ մինչև այժմ չեմ գրել, որ չշտապեցնես քեզ այնտեղի լավ օրերից զրկվելու, (թեպետ այս վերջին օրերի ծծած օդը էլ մի բանի նման չէ…)։ Բայց երեխային լավ պահպանի ու Սպանդարն ասում էր մենք մեր երեխաներին ատամահանության ժամանակ կրաջուր էինք տալիս և բոլորովին անզգալի կերպով էին անցնում երեխաների ատամահանության ցավերը։ Մի տեղդ հարցրու բժշկին. գուցե սա մի հնարավոր միջոց է։- Լուսնյակ գիշերների մասին ես հարցնում. քո գնալուց հետո ես լուսնյակ գիշեր չեմ տեսել. ահա ճիշտ 8 օր է իմ լուսինը ամպերի տակ. Թե երբ կծագե, չգիտեմ… Երբ որ կգաս, ես մտադիր եմ մեր բոլոր անցյալը նորոգել. այն ժամանակ էլ ես լուսնի երես, լուսնյակ գիշեր կտեսնեմ… Այժմ լուսնյակ գիշերները ինձ չեն գրավում և նրանց մասին չեմ էլ մտածում։ Մայրիկին ասա քո ձախը և վեճը Կատինկին հետ այսպես կվերջացնեմ Գուրգենին դու ավելի պետք է սիրես, որովհետև նա իր առավելություններով արժանացել է քո սիրույն. իսկ Ռուբենը, երբ յուր արժանավորություններով կհասնե նրան. և դու նույնչափ չես սիրել, այն ժամանակ միայն Կատինկան կարող է նեղանալ. իսկ այժմ վիճելն անգամ ավելորդ է, որովհետև ոսկին ու արծաթը մեկ գին չունեն երբ արծաթը Ոսկի կդառնա, այն ժամանակ նրա մսխալն էլ 4 մանեթով կառնենք։ իսկ սիրելի Կատինկին ասա, խնդրեմ, այդպես համարձակ բաներ չխոսաս. «Գուրդենը կկառավարե Ռուբեն իշխանի զորքերը», թե որն է. ներողություն տիկ. Շահմելիքով. այն ժամանակ, որ Գուրգենը իշխանական հերոսություններ կլինի անում, պարոն Ռուբեն Յարմուկա Մայցովի ու Մարոզովի հետ սովտա կլինի վերջացնում… Շատ վատ գուշակություն է սա, ճշմարիտ է, բայց ինչ անես, որ «ինչ որ կա՝ կա, ինչոր չկա՝ չկա…»։

Սիրելիս, տան համար ինչպես գրել եք դու և Նիկոլայն, այնպես կանեմ, այսինքն՝ կվարձեմ Լիզենց տունը, իսկ ապագա անհարմարություններին ես պատասխանատու չեմ։ Որ մի տեղ չես ունենալ 20 շիշ գինի պահելու, երկու օլնակ պահելու, էտաժերկան ու վաննաները դնելու և այլ, և այլն։

Ազին, որ Ղումալ-Բաջուն խաթրին ուշանում է, այդ իրան քեֆն է, բայց կարծում եմ, որ Ղումալ խանումի քեֆովը գնալու համար մեզ զուր ծախսերի չպիտի ենթարկե. ձեզանից ետ նա էլ ում հետ է գալու, միգուցե էլի ուզում է մեզ վերա մի 30 ռ. նստացնել։ Վերջապես Նիկոլայը ամեն բան ինքը լավ կկարգադրի։ Քեզ մատաղ, էլ ուրիշ ոչինչ։

13 օգոստոսիս․

Սիրեցյալդ իմ.—

Ամսույս 11-ին էլ նամակ ունիմ գրած, հուսամ ստացած լինես․ և քանի որ արդեն գալուդ օրերդ մոտեցել է, էլ կարիք չեմ զգում երկար նամակներ գրելու. ցանկանամ էլ, չեմ կարող գրել, որովհետև, կարծում եմ, թե դու նրանց չես էլ կարդա, և ամեն օր ես կարծես թե քեզ ճանապարհին եմ երևակայում։ Այսօր Նիկոլային գրեցի, որ ամսույս 22-ին դուրս գաք, այնպես որ 23-ին Եվլախ կլինեք, իսկ 24-ին, կիրակի օրը՝ Թիֆլիս։ Ես կարծում եմ, որ 22֊ին գալնիդ շուտ չի ասվիլ. այստեղ էլ այնքան շոգեր չկան. և, մինչև անգամ, հով օրեր են անում, բայց գուցե դեռ էլի փոխվի եղանակը, ամեն կասկածից ազատ լինելու համար կարող եք մի շաբաթ էլ ավելի մնալ, այսինքն՝ ճանապարհվի ամսույս 29-ին՝ ուրբաթ. 30-ին գալ և 31-ին՝ կիրակի օրը՝ Թիֆլիս։ Այսպես, ճիշտ սեպտեմբերի սկզբում Թիֆլիս եկած կդառնաք։ Միով բանիվ, ո՛ր օրը, որ դուրս գալու լինեք, ինձ վաղօրոք հաստատը նամակով իմացրեք, նույնպես այն թե. դուրս եկած օրը Եվլախ կգաք, թե հետևյալ օրը։ Վերջապես ես ցանկանում եմ, որ կիրակի օրը լինեք Թիֆլիս մտնելնիդ, որ ես էլ ստիպված չլինեմ միայն 10 րոպե մնալ ձեզ մոտ առաջին հանդիպման օրը։ նամակը, իհարկե, մի փոստ առաջ կգրեք, իսկ դուրս եկած օրը հեռագիր կքաշեք։

Ավելի վաղ ես մոռացա գրելու. չգիտեմ յուղի համար հոգացել եք, թե ոչ, թե հոգացած չլինիք, դժվար կլինի շատ, որովհետև այստեղ լավ յուղ չէ լինում և շատ էլ թանկ է լինում։ Գոնե պատվիրեիք, որ մի 3 պուդ այդտեղ գնեին լավ յուղ և առանց հալելու տիկով ուղարկեին, մենք այստեղ կհալեինք, որովհետև, ինչպես փորձից էլ գիտես, հալածը բերելու համար շատ դժվարություններ է լինում։

Թեպետ մի կողմից ասում եմ մի շաբաթ էլ ուշանաք, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ մի շաբաթով ավելի վաղ գալ ավելի լավ է, որովհետև տունը փոխելու հարցն էլ մեջտեղ կա. հետո կարող են եղանակները փոխվիլ, բայց այս էլ կա, որ թեպետ գրում եմ արդեն հով, սակայն այս րոպեին էլ, որ երեկոյան ժամ 8-ն է, մեր սենյակի ջերմությունը 22 աստիճան է, իսկ գիշերը հազիվ 21 աստիճանի է իջնում։ Վախենում եմ հով տեղից գաք էլի, անցյալ տարվան օրն ընկնեք։ Միայն էս էլ կա, որ եղանակների ջերմությունը արդեն կոտրված է, թե տաքեր էլ անի երկարատև չեն լինիլ:

Ուրիշ գրելիք չունիմ—Ողջունիր բոլորին։

Քո Գրիգոր
Իմ սիրելի, իմ աննման Ոսկի.

Այսօր եմ հեռացել քեզանից, բայց ամեն օրերից առավել այսօր եմ քեզ կարոտում, ինչ է պատճառը, չգիտեմ. մի տարօրինակ անձուկ պաշարել է ինձ. ինքս ինձ վերա զայրանում եմ. իբրև թե երկու օր բացակա էի այստեղից, բայց այդ երկու և կես օրվա մեջ հազիվ երկու ժամ անցուցի քեզ հետ. ինչ երկու ժամ. ես չեմ հիշում, թե երկու քառորդ էլ անցուցած լինեմ, շատ եմ նեղանում, ինչու այսպես հիմարացա. շաբաթ երեկոյան շջծլված մի քանի անգամ նայել եմ քեզ, այդ եմ հիշում, կիրակի ամբողջ օրը քեզ չեմ տեսել, երկուշաբթի չեմ տեսել և այսօր վաղ առավոտվանից հեռացել եմ, միթե այս ես կարող եմ ինձ ներել։ Եթե իմանաս թե ամբողջ շաբաթ ինչ անձկությամբ, ինչ անհամբեր սիրով եմ քեզ սպասում տեսնելու, ինչ նախագծեր եմ հորինում քո դիմավորումը գրկելու. կհավանես, կհիանաս։ Բայց հենց որ պատահում եմ քեզ, բոլոր մտածածներս մոռանում եմ, շփոթվում եմ, քեզ նայում եմ, տեսնում եմ, բայց չեմ վայելում, և վերադարձի օրս այս զրկանքները մտածությանս ուսերի վերա բարձած վերադառնում եմ… Այսօր վագոնում ինքս ինձ մտածում եմ, երևի իմ Ոսկիս ինքն է մեղավոր, որ ամեն նախագծերս այսքան անշուք և անհամ ձևով են վախճան առնում։ Ես խարույկ եմ դառնում ինձ հետ, անհուն, անսահման սիրո կրակով վառված, իմ Ոսկիս ոչ միայն չէ լեցնում նրա վերա` նրան արծարծելու համար, այլ և թույլ շնչով չէ փչում այդ կրակին, և ահա բոցերի փոխարեն ես մոխիր եմ տեսնում իմ գրկած խարույկի մեջ… Բայց մի թե այս այսպես է. մի՞թե ես չեմ սխալվում, ասա, գրիր քո կարծիքը. ինչպես կցանկանայի, որ այս ենթադրություններս ջրեիր և ցույց տայիր ինձ իմ սխալանքը, բայց դու այդ կանես, այնպես չէ՞. մինչև իմ գալս ես քո նամակը կկարդամ, ինչպես շատ եմ ուզում, որ ինձ նամակ գրես, տաք, կրակոտ, և սիրաշունչ նամակ, ցանկանում եմ, որ ինձ բացատրես, թե ինչո՞ւ ես քեզ այսքան շատ եմ սիրում, ինչու իմ հոգին նվազում է, երբ քեզ մտաբերում, քո հայացքը հիշում, քո կերպարանքը երևակայում եմ… Ասում են, որ կանայք կատարելապես սիրում են 25 տարվա արբունքին հասնելուց. երևի սխալվել են. երևի կամեցել են ասել, թե կատարելապես սիրվում են այդ սիրելի և հարգելի տարիքին հասնելուց հետո։ Հա, գլխավոր տանջանքս ուրիշ է. քիչ էր մնում որ մոռանայի: Ախր, չէ՞ որ կիրակի օրը այնպես հիմարություններ եմ արել, որ զզվեցրել եմ քեզ. դու այդ բոլորը ինձ ասացիր, և շատ լավ արիր. չէ՞ որ ես պետք է միշտ գիտենամ, թև ո՛ր բանն է քեզ սիրելի և որը ատելի, և աշխատեմ միշտ սիրելի առարկաներով քո աչքերը պարուրել, քո հոգին զվարճացնել… Այ գիտի ժամանակ. մի անգամ չէի մտածում այն բանի համար, թե արդյոք կսիրես դու ինձ, թե ոչ. ես գոհ, ես երջանիկ էի, որ սիրում էի քեզ և հիանում էի քեզմով. այժմ երևի ծերացել եմ,— թե ոչ այլոք գոնե հոգվով, որովհետև մտածում եմ, որ դու էլ ինձ սիրես. սա արդեն սիրահարության պրոզան է և ամուսնության խախուտ մխիթարությունը, որը սակայն թունավորում է հյուլեի չափ փոքր կասկածով անգամ։ Բայց ես ուզում եմ վերադառնալ իմ սիրահարական անցյալին, այնտեղ ես կգտնեմ դարձյալ իմ բերկրության աշխարհը, որի մեջ ես այնքան երջանիկ, հափշտակված և ոգևորված եմ լինում. և ես վերադառնում եմ հենց այս րոպեից, որովհետև իմ հոգին նույնչափ ջերմ, նույնքան խանդակաթ է դեպի իմ Ոսկու սերը, որքան հինգ, որքան տասը, և որքան տասն և հինգ տարի առաջ… Հիշու՞մ ես արդյոք դու այս շրջանները. մտածե՞ լ ես երբևիցե նրանց մասին, հոգիդ սլացե՞լ է երբևից դեպի այդ անմոռաց, այդ նվիրական անցյալները… Անշուշտ, ես հավատացած եմ. ապա թե ոչ ես ինձ դժբախտ կհամարեի։ Այդ շրջաններից առաջինը մեր պսակին է վերաբերում, երկրորդը այն միջոցին՝ երբ դու դադարեցիր ինձ նամակ գրելուց… իսկ երրորդը՝ մեր սիրահարության սրբանվեր սկզբնավորության։ Երևի հենց այս տողի վերա դու ինքդ հարցնում ես քեզ. «Չէ՞ հիմարվել է արդյոք իմ ամուսինը. ինչ բաներից է խոսում. ինչ միտք ունեն այս հիշողությունները». ես էլ իրավունք եմ տալիս քեզ այդ հարցերը անելու, թե տարակուսում ես իմ հոգեկան դրության կանոնավոր լինելու վրա։ Այս հիշողությունները արդարև մի առանձին միտք չունեն—գոնե քեզ համար, որովհետև դու միայն գրված տողեր պիտի կարդաս, հիմար տողեր, անմիտ իմաստներ… Բայց ինձ համար նրանք մեծ նշանակություն ունեն. ես ապրում եմ նրանցով, որովհետև դեռ ինձ մոտ չէ նա, որ ստեղծել է այդ շրջանները և հիշտակները, նա, որ իմ երիտասարդության կյանքը, իմ զգացմունքների թելադիրը։ Իմ կրոնի աստվածածին է քշել… Ես հո քեզ նամակ չեմ գրում. ես փորձում եմ գրի վրա առնել իմ սիրատանջ հոգուց զեղմունքը. կամենում եմ տեսնել, թե գրիչը ընդունակ է պատկերացնել իմ ներքին աշխարհի խռովահույզ և ոգևորյալ դրության գեթ ուրվագիծը և ինքս ծիծաղում եմ ինձ վերա, որ, այսպիսով, փորձերով ժամանակ եմ կորցնում, մինչդեռ երևակայությանս ապավինելով ամեն տեսակ մխիթարություն կարող էի ստանալ։

Երևակայություն․ գիտես արդյոք ինչ բան է դա, բնության մեզ շնորհած մոգական հայելին. հիմարները նրա մեջ տեսնում են իրենց բախտը, երջանկությունը, հավիտենական երանությունը, իսկ հիմարագույնները իրենց բախտը և դժոխքը… կցանկանայի այնքան իմաստուն լինել, որ երբեք չկարոտեի երևակայությանս ուժին՝ կամ այնքան զգաստ՝ որ չստրկանայի նրա կարողության առաջ։ Դու որն ես, հիմարը, թե իմաստունը, գրիր ինձ, բայց ճշմարիտը գրիր, հետո ավելացրու մի քանի փաստեր, այսինքն, թե առաջինն ես, անշուշտ ամեն օր ինձ երևակայում ես քո առաջ կանգնած, քեզ հետ սիրախոսում, քեզմով հիանում, քեզմով միայն ապրում։ Իսկ թե երկրորդը ուրեմն լուռ ու մունջ պարապում ես քո կար ու կարկատանով, քո վարենիաներով, քո զբոսանքներով, և երբ շաբաթ օրը դիպվածով տեսնում ես մայրիկի ժամացույցը բուխարու գլխից կախած և նայում տեսնում ես, որ ժամի 6-ն է, հանգիստ սրտով կանչում ես Թամարին—«էյ դետա֊կացի, մոտի էս օթախաբի ղացմենդա շայեձլեբա շենի բատոնի մովիտես․—»։ Իսկ ինչ ինձ է վերաբերում, սիրելիս, ես միշտ հիմար եմ և հիմար էլ ուզում եմ մնամ, թող գոնե երևակայությանս մեջ ամեն օր քեզ տեսնեմ, հայացքս քո աչքերին հառեմ և հիանամ քեզմով. սիրել քեզ, սիրել քեզ և միշտ սիրել, ահա այն կերակուրը, որից սնունդ է առնում իմ հոգին, որով շնչում է իմ կուրծքը. ես քեզ մատաղ լինեմ, ահա իմ վերջին խոսքը. բայց ի վերջ մի հարց էլ. ի՞նչ հասկացար այս գրվածքից, ի՞նչ գաղափար կազմեցիր իմ հոգեկան դրության վերա. գրիր. ցանկանում եմ կարդալ։

Քո Գրիգոր
22 մարտի 1891. Թիֆլիս.

Աջաթև|Իմ թանկագին Ոսկի.

Բաքու

19-ից գրածդ պոշտալիոնի անուշադրության շնորհիվ այսօր ստացա։ Այսուամենայնիվ ամենամեծ ուրախությունն պատճառեց ինձ այդ նամակդ, չես կարող երևակայել, թե որքան տանջվել եմ այս գիշեր անհանգստությունից և, երբ առավոտը 8 ժամին արթնանալով, մտածում էի, թե դեռ հինգ երկար ժամեր էլ պիտի սպասեմ մինչև փոստի ժամանակը, սիրտս նեղությունից կծկվում էր. այդ պատճառով այս առավոտ միայն կես բաժակ կարողացա թեյ խմել։ Գնացի կանտոր և հենց այնտեղ բերին ինձ այնքան տենչանոք սպասածս։ Եթե չվախենայի երկարելուց՝ կնկարագրեի այն րոպեին, երբ պատրաստվում էի նամակդ բանալ:— Տեր աստված, ինչ զգացմունք էր այն. կարծես մի անհանգիստ թռչնիկ վեր ի վեր է թռչում կրծքիս տակ և պատրաստվում է յուր անզոր թևերով կրծքիս տախտակը պատառել… Բայց, մի՞թե այժմ սազում է ինձ այսպիսի զգացմունքներ երևան հանել. լսողները կկարծեն թե հա կամ այսօր եմ սիրահարվել, կամ այսօրվանից եմ սկսում քեզ խաբել… բայց, ինչ որէ, թողնում եմ այս միջանկյալը. նա շատ—շատ մի կարկատան կարող է լինել, կամ համարվել… նամակդ ինձ և՛ ուրախացրավ, և՛ հուզեց, և՛ դիրք ցրավ: Ուրախացրավ նրա համար, որ, վերջապես, ողջամբ տեղ հասնելուդ համար լուր առի, թեպետ կից կտուր և շատ թերի, որովհետև առնվազն մի համառոտ նկարագրություն էի սպասում քեզանից, թե ճանապարհորդությանդ և թե ընդունելությանդ վերաբերմամբ։ Բայց վնաս չունի, երևի թերին մյուս նամակներովդ կլրացնես. այսքանով էլ շատ գոհ եմ և շատ շնորհակալ։

Նամակդ հուզեց ինձ՝ երբ կարդացի քո արած իրավացի գանգատներդ․ դու խո գիտես, թե որքան եմ վշտանում՝ երբ մի փոքր քիթիդ դիպչում եմ․ գիտես, թե ինչ սիրտ կրծող զղջումն է գալիս ինձ վրա՝ երբ քո քնքշիկ սիրտը վիրավորում եմ, դու այդ գիտես, ուրեմն չպիտի հիշեցնեիր ինձ ոչինչ քեզ ճանապարհելու րոպեների և նախընթաց օրերի տրամադրությանս վերաբերմամբ։ Ես նեղանում եմ ոչ թե նրա համար, թե ինչու անիրավ, կամ իրավացի տխրությամբս քեզ վշտացրել եմ, այլ նրա համար, որ իմ պարտավորությունն էր միշտ հաճույքներով շրջապատել քեզ, որպեսզի այդ գնով ես էլ մի փոքր հաճույք վայելեմ—-իսկ ես մեղանչել եմ այդ պարտավորությանս դեմ...Ճշմարիտ, շատ եմ ցավում, որ դու հիշում ես, թե երեք օր, ամեն առավոտ, կռվում էի քեզ հետ։ Ես միայն հիշում եմ այն՝ որ բոլոր ժամանակ դու մի հրեշտակից ավելի գեղեցիկ, քնքշիկ և սիրելի էիր, հիշում եմ այն, որ դու այժմ հեռու ես, որ, այդպիսով, ես աշխարհի ամենամեծ և ամենաթանգ քաղցրությունից զրկված եմ այժմ, հիշում եմ քո աչքերը, քո հազվագյուտ․․․ ուզում եմ ասել հազվադեպ ժպիտը, քո հագուստի խուլ ձայնը, երբ մոտից անցնում էիր և այնպիսի բաներ, որոնք դու արդեն մոռացած կլինես, բայց որոնց ծարավի տենչանքով լսում էի ես... երբ արտասանում էիր... դրանք մի քանի կարճ խոսքեր կամ բացականչություններ էին, քեզ համար գուցե բոլորովին աննշան, բայց ինձ համար՝ անչափ սիրելի։

Բայց այս բոլորը ոչինչ. նամակիդ մեջ մի երկու խոսք կարդացի, որոնք բոլորովին շարժեցին ինձ, քիչ մնաց, որ յոթ տարով ետ դառնայի դեպի անցյալը, դեպի այն քնքուշ, այն աստվածային կյանքը, երբ մեր սրտերը սիրով պատարուն կարծես միայն մի շնչով և մի բաբախումով էին ապրում—միայն մի հրճվանքով և մի ժպիտով զվարթանում... գիտես ինչ խոսքեր էին դրանք, կարող ես գուշակել, և հազիվ թե հավատաս։— Դու ինձ գանգատվում ես, որ, երբ նոր շորդ հագար (որի մեջ արդարև երկրպագվելու չափ սիրելի էիր դու), ես քեզ, քու կուրծքդ չհամբուրեցի... և մի՞թե այս ես քեզանից եմ լսում, մի՞թե դու սպասում էիր երբևիցե իմ համբույրին... դու չէի՞ր, որ շարունակ հանդիմանում ինձ հենց այն բանի համար, որին այժմ ասում ես թե «սպասում էի»։ Եվ մի՞թե քո մշտական դժգոհությունդ չէր պատճառ, որ վերջերս ես վախենում էի մինչև անգամ գրկել քեզ․ հավատա ինձ, սիրելիս, որ այն երեկո, երբ նոր շորդ հագար—քեզ համբուրելու ցանկությունս զսպել ստիպված լինելուս համար, մինչև անգամ տխրեցի, բայց դու չնկատեցիր, ախր չէ՞ որ դու ինձ միշտ նկատել ես, որ քեզ հոգնեցնում եմ... շատ լավ ես այդ գրածդ կպահեմ և նրանով իմ իրավունքներս կվերականգնեմ ապագայում։ Ինչ վերաբերում է նրան, որ ես տխուր և մտախոհ էի քեզ ճանապարհելու ժամանակ, պատճառը շատ պարզ էր, դու հեռանում էիր ինձանից, ես գուշակում էի իմ միայնության անտանելի լինելը և տխուր էի։ Աստված վկա, առաջի անգամ գալուց ես այսքան քեզ չէի կարոտում, երևի կամ հիվանդ եմ, կամ ծերանում եմ` ավելի ուղիղ խոսքը քեզ եմ թողնում ասել... այդ այն է, որ այժմ, ավելի քան երբեք, սիրում եմ քեզ։ Դու պաշարդ քիչ դնելն էլ իմ հանցանքն ես համարում և դրանից եզրակացություն անում, որ ուրեմն ես էլ առաջվանը չեմ, բայց սխալվում ես, դրա մեջ էլ մեղավորը դու ես. այնքան իմ առատ և շնորհալի պատրաստությունները դատապարտել ես, որ այդ երեկոյան դրածները կարծում էի հենց քո ճաշակիդ եմ հարմարեցրել. թե ավելի բան լինի կնեղանաս և ախորժակդ կփակվի։ Չէ, սիրելիս, անհրաժեշտ է, որ մի ազատ օր, առավոտից մինչև երեկո միասին նստենք մի կանաչ տեղ հովանավոր և մենավոր ծառի տակ և նորեն միմյանց ծանոթանանք, միմյանց ուսումնասիրենք. ժամանակը, որ ամեն բան մաշում է, կարծես մեր միմյանց վերա ունեցած լավագույն կարծիքներն ու հավատն էլ է մաշել, անհրաժեշտ է, որ նորեն անցյալովը նորոգվինք։

Բայց, կարծեմ , դու ձանձրացար իմ երկարաբանությունից։ Այժմ մի քանի խոսք գրեմ քո սպասելիք տեղեկություններից։ Սուրենը այժմ կատարելապես առողջ է, իմ գրած նամակից և լրագիրների մեջ դրած այցետոմսերից արդեն իմացած կլինես, որ նա այժմ կատարելապես առողջ է, փորը լավացել է, գույնը կարմրել է և ահա երկու օր է, որ հետզհետե լցվում և կայտառանում է, մանավանդ, որ ծծմայրն էլ հանգիստ է և շատ քնում է, ինքը նույնպես շատ հանգիստ է քնում: Ուրեմն այդ կողմից շատ միամիտ կաց։

Կատինկից էիր հարցրել, նա այժմ առողջ է, և լավ է զգում իրան, այսօր էլ ճաշի նրանց մոտ էի, քեզ շատ ու շատ բարևներ ղրկեցին նույնպես հարևաններիդ։

Քո պուկի ցավի համար այսօր Կոլբեկին տեսա, նա ասում է այն դեղերը թող շարունակեի նրա պկումը այնպես բան չկա, որ այդպես շատ վատթարանա, երևի ճանապարհին մրսել է, բայց թե շատ նեղացնի, թող դիմե այստեղ Ալեքսեև բժշկին, որը նոր է այստեղից գնացել և քաղաքային բժիշկ է և շատ լավ բժիշկ, այնտեղից այնտեղ ռեցեպտ գրել չի լինիլ, թող նրան ցույց տա և իմ րեցեպտներն, թե նա ուրիշ փոփոխություն նկատե պկումը, նա ինքն էլ դեղ կգրի։ Բայց և այնպես, ավելացրավ Կոլբեկը, թող բնավ չկասկածի, ես հաստատ գիտեմ, որ նա մրսած է լինելու, իմս էլ ասում է նույն ձևով ցավում է այժմ, որովհետև մի օր առաջ մրսել եմ, ուրեմն թող իմ դեղերս շարունակե։

Ի վերջո, ասեմ քեզ, որ շատ տխրեցի Մարգարի աղջկա Մատիկայի մահը լսելով, խեղճ աղջիկ և ավելի ևս խեղճ նրա որբեր և ծնողներ, ցանկանում էի Մարգարին և Սոփիին մխիթարական նամակ գրել, բայց չգիտեմ տեղդ են, թե գնացել են նրանց գյուղը, շուտ գրիր ինձ։ Գրում ես, թե` «Նրա ցավը մի կողմից` իմ երկյուղը մյուս կողմից, սիրտս շատ նեղացնում են». ի՞նչ երկյուղ է, ասա խնդրեմ, ինչ բանից ես վախում. դու գնացիր այդտեղ ուրախ օրեր անցցնելու, թե դատարկ բաների վրա մտածելու, էնպես արա, որ նամակիս վերջումր չբարկանամ։ Ուրախ կաց, սիրելիս, ուրախ, անհոգ. միշտ ծիծաղիր, միշտ երգիր և միշտ պարիր, թե որ չաղացած, կարմրած և չաղությունից տգեղացած չգաս, քեզ դուրս եմ անելու։ Համբուրում և գրկում եմ քեզ տեսիլքի կրակների ջերմությամբը և բոցեղեն սիրովքը խոնարհ ծառադ, քո գերիդ, քո ստրուկդ, քո Գրիգորդ

Ներփակում եմ նամակիս մեջ քո ցեպոչկան։

25 մարտի, 1891, Թիֆլիւս.

Սիրեցյալ Ոսկիս.

Երեկվա (24֊ից) փոստ ձգած նամակդ այսօր ստացա և շնորհակալ եմ. ինքդ ասում ես, որ ժամանակ շատ ունես և մի շաբաթից հետո ես ինձ նամակ գրում. ավելին պահանջելու իրավունք չունեմ, քանի որ ինքդ գոհ ես լինում այդքանը տալով։ Երեկ կիրակի էր, սրտատրոփ գնացի փոստ նամակ ստանլու հուսով և չկար։ Երանի թե իսկի գնացած չլինեի. մի բանի տեսի այնտեղ, որ տխրությունս կրկնապատկեց, թե ինչ բան էր այդ, քեզ չեմ գրում, բայց երբ գաս կասեմ։ Սպանդարին պատահեցի այդտեղ, խնդրեցի ճաշի, որովհետև պատրաստել էի տվել, բայց նա թուրքաց կոնսուլին մի օր առաջ խոսք տված լինելով գնաց նրա մոտ. ես բոլոր կիրակին տանն էի մին մինակ. Ազին էլ տանը չէր. և ուրախ էի, որ ոչ ոք չէր խանգարում իմ մենավոր մտատանջությունս, բոլոր օրը չճաշեցի, և հրամայեցի ծառաներին սպառել ինչ որ պատրաստել էին։ Ստոյիկյան փիլիսոփաները երջանկությունը գտնում են տանջանքի մեջ. երեկ ես նրանց տեսությունն էի ուսումնասիրում, և գտի որ այդ առասպել է։ Երեկ երկու թերթից բաղկացած մի նամակ էի գրել քեզ ղրկելու համար, պարապուրդ մանեկողներ չկան, պարապուրդ սիրողներ էլ կան, ես վերջինների թվին եմ պատկանում, հա, այդ նամակը պիտի հենց երեկ ղրկեի քեզ, բայց թողեցի և այսօր պատռտեցի։ Ինչ որ է, անցել է, ամեն բան աշխարհում անցնում է. սերն էլ կանցնի, շատ չպաշտենք նրան։ Երանի այն օրին, երբ այս տղայական երազների ու ցնորքների վրա լրջությամբ կծիծաղենք և գչուխներս կգմբդմբացնենք, բայց իրավ, որքան համառ հողի ունեմ ես։ Ասել եմ մի անգամ, որ սերը հավիտենական է և կարծես կամենում եմ իմ գոյությամբ և հոգեկան ուժերի սպասումով ապացուցանեմ այդ. բայց ես ինքս հավիտյալ ապրել չեմ կարող, ինչու եմ ցնորում...

Նախընթաց երեսը, սիրելիս, կարող ես չկարդալ. բուն նամակը այստեղից է սկսվում։ Քո այս ավուր նամակը, որքան ուրախացրեց ինձ — որովհետև նամակ էիր գրել, այնքան էլ տխրեցրեց, որ գրում ես, թե հիվանդ եմ և, օր ըստ օր, վատթարանում եմ, 22-ին զակազնո նամակ ունեմ քեզ ղրած, որի մեջ Կոլբեկի կարծիքը հաղորդել եմ քեզ. թե վատ ես զգում, քեզ անպատճառ Ալեքսեևին կանչել տուր քեզ մոտ և նրա խորհուրդը հարցրու։ Ի սեր աստծո, լավ պահպանիր քեզ, ամենափոքր նեղությունդ էլ անուշադիր մի թողնիլ, արդեն ամեն օր ես անհանգստության և մտատանջության մեջ պիտի լինեմ, մինչև նորեն քեզանից տեղեկություն ստանամ։ Իմ Ոսկիս հանձնում եմ քեզ` պահպանիր նրան իբրև քո մի ամենաթանկագին գանձը, կամ ինչպես քո աչքի լույսը, այդ բանի համար ես քեզ կվարձատրեմ ամենայն առատությամբ։ Եթե նրան մի րոպե բարձի թողի անես, էլ քեզ հետ չեմ խոսվելու, որովհետև ես նրան հազար անգամ քեզանից ավելի եմ սիրում։

Երախիցը միամիտ կաց, 1) Երախան կարավաթի վրան է, թախտի առաջևը, 2) Վառոն միշտ լավ է կերակրում, որովհետև ինչ որ պատրաստել եմ տալիս, գրեթե ես չեմ ուտում և նրան եմ ուտացնում, երբ ես վեր եմ կենում սեղանից, իսկույն երախան վերցնում եմ (թե Ազին չի լինում) և ղրկում նրան ճաշելու, նույնպես ընթրիքի, թեյի և մնացյալ բաների... միջոցին։ Այս կետերը ոչ մի միտք չունեն, խնդրեմ ի զուր չմտածես նրանց համար։ Երախայի փորը լավ է, բոլոր արթուն ժամանակ ուրախ ուրախ երգում է, թռթռում և ինչ որ տեսնում է խլում է, բայց ոչինչ չենք տալիս. երբ Գուրգեն, Ռուզան եմ կանչում, իսկույն խլշկոտում է և սկսում մտածել (էս էլ Ավագի դառավ), շատ սիրում է մեր սենյակի կարմիր լամպը չարչարել, ես էլ բարձրացնում եմ բռնում է դեպի բերանը տանում։ Աղյուն համար էլ կարող ես միամիտ լինել, գուցե շուտով կգնա կուսապատ. այդ առթիվ արդեն կարևոր կարգադրությունը եղած է: — Կատինկան, Ավագը և Ռուբենը միանվագ հիվանդացան ինփյուլենցիայի նման մի բանով 40—41 աստիճան տաքություններով, որ միայն մի մի սուտկա տևեց և այժմ բոլորովին առողջ են։— Ուզածդ բաները, պանիր, գինի և յուղ շուտով մեր Սաղբար գնացող գործակատարի միջոցով կուղարկեմ, միամիտ կաց։— Ուրախ եմ, որ իմ ծանոթացրած մի ռուբլին քեզ լավ ծառայել է մինչև Բաքու։— Մարտի 16-ի պատճառավ շատ ուրախ տրամադրության մեջ մտի և մարտի 16-ի կենացը խմեցի այսօր։— Ախ հազար ներողություն, իմ Գուրգեն բալա, մոռացել էլ եմ, թե երախայիս ծնունդը շնորհավորեմ, որ մարտի 10-ին էր։ Ներողություն. այդ սխալի փոխարեն վաղվանից երախայիս համար մի նվեր պիտի դնեմ բանկում։— Նիկիտայի մասին մի նեղանար, կգա և ամեն ժամանակ կուլյա կլինես, բայց, ի սեր աստուծո, աշխատիր չմրսել։ Իսկ ես քեզանից հետո իսկի չեմ գնացել և չեմ էլ գնալու։ Հա, գիտենք, հաջի Կարապն է, լմնցավ։ Ախ ինչ սուգերի մասին ես խոսում, բան չունես, «Խելքի եկ տո, ինձ քաչալ Կարապետ կոսին»,— «Ավելորդ մարդի հիշատակարանը» և մշտական «Նոր֊Դարի» մամի համար` կարգադրեցի և վաղվանից կստանաք։ Բանկի լրագիրն էլ կդադարեցնեն,— էլի կռիվների մասին ես խոսում, համբույրդ չեմ ուզում` մյուննաթընան խոխմա գյուլի... Համբուրում եմ քեզ առանց քո ցանկության, համբուրում եմ տաք, կրակոտ շրթունքներով քո սառն և անտարբեր շրթունքներդ... բայց ոչ, ոչ և հազար անգամ ոչ. ինչ անպիտանն եմ ես...

Այսօր Նազարյանցին էլ նամակ գրեցի.

Քո ամենախոնարհ ծառա`
Գրիգոր
Շատ բարև մամին, Ավետին, սիրելի ձագուկներիս ջերմաջերմ համբույր:

Սիրելի քենի Հայկանուշ. քո խնդրած գրքերդ, այսօր բանդերելով ղրկեցի, կստանաս։ Շատ բարև քեզ: Քո էլ խոնարհ ծառա` ԳՐԻԳՈՐ: Հա Վառոյի շորն էլ անպատճառ առնել կտամ։

28 մարտի, 91, հինգշաբթի երեկո,

Սիրեցյալդ իմ Ոսկի.

27-ի նամակդ 2 ժամ առաջ ստացա, այսինքն` այս երեկոյան 8-ին. ուստի ես էլ շտապով եմ պատասխանում, որ վագզալին հասցնեմ։ Ես Մութափիոյին գրելու բան չունեմ․ առաջին նա գործից խաբարություն չունի, երկրորդ՝ Սպանդարին շատ չէ համակրում, երրորդ՝ գործի մարդ չէ. նա բարի է, բայց մի գրոշ նրա բարությունը։

Բայց Մանթաշովին նամակ գրել տալու համար իսկույն գնացի Սպանդարի մոտ. հայտնեցի, նա չկամեցավ գրել, մուշիշալի արավ։ Այս առթիվ կուշտ ծիծաղեցինք, որովհետև նկարագրեցինք, թե ինչպես անհրաժեշտ է, որ բոլոր մասնաժողովի անդամներս զնկոլակավոր ուղտերի և ջորիների վրա նստած մտնենք Բաքու մի տմբլաչի էլ առաջներս կգան։ Այս զվարճությունը քիչ էր մնում, որ գործը խանգարեր, բայց ես նստեցի մի ազդու նամակի ոճը գրեցի, առանց յուր ընդդիմությունից նայելու, և իրեն զոռով օրինակել տվի, որը և այս նամակի հետ ուղարկում եմ Մանթաշյանին։

Այս հարցի համար աշխատելդ, հարկ կգա ասել, որ ինձ էլ հաճելի է, միայն աշխատիր, սիրելիս, որ այն ազդեցությունը չանես իբրև չափից դուրս ետիցն ընկած, շրջպատդ, տեղը, հանգամանքը բոլորը ինկատի ունեցիր դու առ հասարակ շտապել գիտես և շուտափույթ ես վճիռներ արձակում։


Ասում ես, որ նամակ կգրես, կսպասեմ. մանավանդ տեսնեմ Ապրեսյանցի տեսնելուց ինչ խոսեց։ Այսօր Մարգարին էլ և Սոփիին նամակ գրեցի։ Երախան շատ լավ է, միամիտ կաց. երախորցից և քեզանից տեղեկություն գրիր. բարև բոլորին։

Քո Գրիգոր

Յուղը կարծեմ քիչ եմ ղրկել, ուրիշ եկող պատահելուց էլի կուղարկեմ։ Այսօր էլ լրագիրները ղրկում եմ, թե չես կարդում, գրիր դադարեցնեմ, գրիր տեսնեմ պանիրը, յուղը, գինին ամբողջապես ստացաք, թե ոչ։

4 ապրիլի, հինգշաբթի.

Սիրեցյալ Ոսկիս.

Ապրիl 1 թիվ նամակդ ստացա, կարդացի և հասկացա. մի ամբողջ ժամ պատասխան գրեցի, բայց որովհետև դու ուրախ նամակ ես սպասում ինձանից, իսկ այն նամակը մի քիչ սառը և մի քիչ էլ տխուր դուրս եկավ, այդ պատճառավ գլխին տվի դեն գցեցի։ Շատ տխրեցի քո հիվանդության նորությունները լսելով. կարծում եմ ես էլ բավական օգնել եմ նրանց զայրանալուն. այս միտքը ինձ տանջում է. ներողություն խնդրելու էլ տեղ չէ մնում. ինչ անեմ, երևի շատ է դեպի վատը փոխվել բնությունս. որոշել եմ այսուհետև խելոքանալ, տեսնեմ կարող եմ, թե չէ։ Բայց թե դու ուզենաս այնպես լավ կօգնես ինձ, որ էլ տարակուսելու տեղ չի մնալ։

Սիրելիս, գլխիդ ցավի այդքան շարունակվիլը գուցե Կոլբեկի դեղիցն է, կամ այդտեղի քամուց. ինչ անեմ, ես այստեղից այդտեղ օգնել չեմ կարող, կարծեմ էլ ժամանակ է վերադառնալու. հիմա կասես «ալլահ բերաքյաթ վերան չոխ…», բայց խո ինքդ ասել ես, որ վերջին շաբաթը պիտի գաս, Արսենը այստեղ էր, ես նրան արդեն քո ադրեսդ տվի, որ տոմսակը ուղարկե, այնպես որ Ծաղկազարդին ստանաս և վերջին շաբթի երեքշաբթի կամ չորեքշաբթի այստեղ լինես։ Իհարկե մինակ չես գալ. Ավետը ինչպես խոստացել է հետդ կգա, Կատինկին էլ կտեսնե, մի երկու շաբաթ էլ Թիֆլիսի գարունը կվայելե և կվերադառնա։ Եթե տոմսակի վերաբերմամբ արած կարգադրությունս քեզ անհաճո է, կարող ես հեռագրել, որ հայտնեմ Արսենին չվերցնե։ Միայն ինչպես ինքն ասում էր, շուտով այդ ձրի տոմսակը վերջանում է, բացի այդ էլ քրոջ անվամբ տալ չի կարելի, կամ յուր երեխանց գուվերնանտ պիտի գրի կամ մի ուրիշ բան։

Սուրենը ծաղիկը չհանեց. երևի լիմֆան վատն է եղել, երախան ինքը առողջ է, միամիտ կաց։

Մանթաշովն ու Ժանտարովն այստեղ են։ Ժանտարովն Բաքվից 500 ռ. է ղրկել Սպանդարին և հետո եկել։ Ինքը Մանթաշովի տանն է իջել, որ երևի հետը տեսակցողներ չլինեն։ Մենք դեռ չենք պատահել իրեն։

Անցյալ կիրակի ինձ մոտ հրավիրված էր Նիկողոսյանը Սպանդարի հետ միասին ճաշի և ընթրիքի. Արսենն էլ մեզ մոտ էր։ Սպանդարի առողջությունը այժմ լավ է. Արսենը մի դեղ է տվել, որ արյունահոսությունը մշտապես կարող է փակել։ Արսենը գտնում է, որ կարող է այստեղ էլ առողջանալ ջրեր գործածելով ամառանոցում։ Տեսնենք։ Մամին, Ավետին, Հայկուշին բարև, գառնուկներիս ջերմաջերմ համբույր. ասա ա շանորդիք, ձեր մորը քիչ նեղացրեք։ Համբուրում եմ քեզ զոռով։

Քո Գրիգոր

Լրագիրները չեմ ղրկում, որ մի անգամ թողել եմ, էլ չարժե շարունակել։

9 ապրիլի, 1891, Թիֆլիս

Սիրեցյալ Ոսկիս.

Ապրիլ 6-ի նամակդ երեկ ստացա. շնորհակալություն` շնորհավորությանցդ համար։ Տոմսակի համար ես գրում, Արսենը այստեղ էր և հենց նամակդ գրելուց մի օր առաջ կա տոմսակը վերցրել է, այսինքն` ամսույս 5-ին, ուրեմն տոմսակի ժամանակը չկորցնելու համար պետք էր այստեղից դուրս գայիր գոնե ամսույս 19-ին, կամ ավելի առաջ: Բայց, երբ նամակդ ստացա, 5 թիվը շինեցի 15 և ահա ներփակում եմ նամակումս. կնշանակե ցանկությանդ համաձայն կարող ես գալ զատկից թեկուզ մի շաբաթ հետո. իմ կարծիքով 27-ին, որ կիրակի օրը լինես այստեղ։

Գրում ես, որ դու որոշել չես կարողանում, գալ թե մնալ. և թե կամենում ես անել այն ինչ որ ինձ է հաճելի։ Սիրելիս, ես էլ կամենում եմ անել այն ինչ որ քեզ է հաճելի. ուրեմն մնա և զատկից հետո եկ. ինձ համար առանց այն էլ զատիկը ուրախ կանցնի, երբ մտածվեմ, թե դու ուրախ ես, մորդ և եղբորդ մոտ ես. թե քո մնալով դու նրանց մեծ հաճույք ես պատճառում և թե այդ հաճույքը նրանց պատճառել կարողանալովդ` ուրախանում ես։ Իհարկե, հիշել անգամ ավելորդ է, որ քո այստեղ լինելդ բյուր անգամ հաճելի է ինձ համար, բայց երբ մի անգամ դու իմ որոշմանն ես թողնում, ուրեմն ես չեմ կարող քո և մամի ցանկության դեմ կարգադրություն անել. մնա. և այն որոշումը ես ուրախությամբ եմ անում, որովհետև հաստատ հավատացած եմ, որ դրանով քեզ գոնե մի քիչ ուրախացնում եմ։ Իսկ այդ բանի համար ես պատրաստ եմ ամենամեծ զոհողությունը անել —անխղճություն է, առանց իմ սիրեցյալ Ոսկուն` զատիկ կատարելը։ Մյուս կողմից, երբ մտածում եմ, որ վերադառնալուց Ավետը հետդ պիտի լինի, այդ էլ ուրախություն է պատճառում ինձ։

Միայն, սիրելիս, տոմսակիդ վրա հնար չէ եղել ոչ քույր գրել տալ, ո՛չ գուվերնանտ և ոչ մի ուրիշ բան, որովհետև ոչ մի օտար անվան այժմ տոմսակ չեն տալիս։ Իհարկե վնաս չունի. Արսենը ամաչում էր, որ այս անունով է տոմսակ ստանում, բայց ես նրան ապահովացրի, որ այդ տոմսակով նա չի կարող քեզ խլել ինձանից, ինքն էլ հավատաց և գնաց յուր գործին։

Սիրելիս, այս նամակը ես երեկ պետք է գրեի, բայց մեր ընկերության վարչական ժողովը երեկ մեր տանը լինելով` ինձ խանգարեցին։ Այժմ էլ Ադամը մեզ մոտ է, ճաշին խնդրել էի, երկար չեմ ուզում միայնակ թողնել նրան․ նարտը թողել եմ կիսատ, որ նամակդ ավարտեմ և փոշտն ուղարկեմ։

Իմ տունը առանց քեզ անցավ այնպես, ինչպես որ պիտի անցներ. մի քիչ սառը և մի քիչ ուրախ։ Ձեր բոլորի կենացը պատրաստվում էինք խմելու, երբ հեռագիրնիդ ստացա։

Երախայի ծաղիկը կարծում էինք թե դուրս չի գցել, որովհետև անհետացած էր, բայց երկուսը շատ լավ դուրս է գցել և սպիտակել, երրորդը՝ դուրս չի գցել. կարծեմ միևնույն է։ Ինքը երախան շատ լավ է, միայն իսկի առաջվանից ավելի չէ ոչ մի բանով, այս կինը արդարև ոչ մի բանի պետք չէ, և կարծում եմ կաթն էլ լավ չէ, որ երեխաս իսկի չե չաղանում։ Ասացի կերթաք կհանգսանաք և լավ կլինի, բայց զիլեն կիկոն չի էն կիկոն։ Վերջապես։ Հազար բարև մամին, Ավետին և քենուս։

Քո Գրիգոր

Դե որ չես գալիս, գոնե շուտ շուտ նամակ գրիր» որ դրանով էլ է կերակրվենք։ Սիրելի գառնուկներիս ջերմաջերմ համբույր...

15 ապրիլի, Ժամ 5․

Միակ սիրած Ոսկիս.

Երեկ մի նամակ եմ գրել քեզ, որի բովանդակությունից շատ քիչ բան եմ հիշում․ բայց այսքանը գիտեմ, որ խիստ հուզված դրության մեջ եմ գրել և քեզ վրդովելու համար բավական անզգույշ։

Իրավունք ունեի արդյոք հուզվելու, թե ոչ, չգիտեմ․ բայց որ իրավունք չունեի քո արդի խաղաղությունը վոդովելու, այդ հաստատ գիտեմ։ Քո մի ավուր ուրախության համար՝ ես պատրաստ եմ ամեն տեսակ վշտեր տարիներով տանելու՝ միայն թե այդ վշտերի մեջ քեզնից չսիրված լինելու հզոր վիշտը չլիներ… այդ կետն է ահա մոլորեցրել իմ առողջ դատողությունը. ես զղջում եմ։ Այն միակ մտածմանքը, թե իմ նամակը պիտի տխրեցնե քեզ, սիրտս տակն ու վրա է անում. թուլություն է այս թե անսահման սիրո ուժգնություն, չգիտեմ. միայն թե մինչև քեզնից նամակ ստանալս այս դրությունը կտիրե ինձ։

Մի ուրիշ կին, որի սիրտը չէ վրդովվել, երբեք սիրո սուրբ կրակով և չէ զգացվել ազնիվ կարեկցությամբ, կարող էր ի չարը գործ դնել իմ թուլությունը՝ ոտնակոխ անելով այն գողտրիկ զգացումը, որ ստիպում է ինձ զղջալ՝ սիրածս անձին ուղղած խիստ խոսքերիս համար։ Բայց դու, իհարկե, այդպես խստասիրտ չես. դու սիրում ես ինձ, ուրեմն և առավել կարեկցությամբ, քան խստությամբ կդատես ինձ։ Այդ քո պարտքն է և իմ՝ ակնկալությունը։

Որքան հիշում եմ, քեզանից թղթեր, նամակներ եմ պահանջել. ոչինչ մի ղրկիր, ոչինչ չեմ կամենում. այժմ արդեն ամեն հուզմունք անցել է, սիրտս խաղաղ և լուռ է, ինչպես մի ցուրտ գերեզման՝ գիշերային լուսնի աղոտ լուսով լուսավորված. այդ նվազ լույս այն քաղցր հույսն է՝ թե դու դեռ սիրում ես ինձ… Ինչպես հանգիստ է շուրջս ամեն բան. էլ ոչինչ չէ վրդովում ինձ. ամենքի վրա նայում եմ խաղաղ աչքով, ամենքին էլ ներում եմ… Մնաս բարյավ իմ ի սրտե սիրեցյալ աննման Ոսկի.

Քո Գրիգոր
17 ապրիլ, 1891, Թիֆլիս.

Սիրելի Ոսկի.

Նստել եմ այժմ սեղանիս առաջ ինչպես մի մեղապարտ, որի հուսալիք շնորհը կախաղանն է։ Ինչ կարող եմ գրել քեզ, որ դու ներողամտությամբ կարդաս, ինչ կարող եմ խոսել՝ որ առանց դժգոհության լսես։ Բայց և այնպես թույլ պիտի տաս ինձ մի երկու խոսք ասելու։ Այսօր առավոտ ժամը 10½ են միայն հանձնեց ինձ Միրզայանցը Ավետի հեռագիրները, երկուսն էլ ըստ սովորության (իբր թե սխալմամբ) բացած։ Կարդացի և սառեցա: Ոչ մի շանթ, ոչ մի կայծակ չէր կարող հարվածել հինավուրց կաղնին այնպես անողորմ, ինչպես քո հեռագիրը և ստորագրությունը իմ սիրտը հարվածեց: Գովում եմ քաջությունս, որ ներքին հանկարծական հուզմունքս երևան չհանեցի։ Ամենից առաջ շտապեցի հեռագրով խնդրել քեզ ճանապարհվելու մտադրությունդ թողնել, ապա հուզված սրտով և մեքենայաբար հաշիվներովս սկսա զբաղվել։ Իհարկե գործ չէի շինում, այլ շարունակ անիծում էի ինձ, որովհետև կատարելապես զգում էի, թե ինչ հոգեկան վրդովմունք է ստիպել քեզ այդպիսի հեռագիր ինձ քաշելու։ Երանի այն մարդկանց, որոնք քաջություն են ունենում իրենց սխալ կամ ուղիղ վարմունքը համառությամբ ջատագովելու. ես այնքան թույլ եմ այդ կողմից, որ իմ վարմունքի մեջ ունեցած ամենափոքրիկ անարդարությունս անգամ զինաթափ է անում ինձ թե թույլի և թե զորեղի և նամանավանդ սիրածս անձի առաջ։ Այսպիսի բնավորությանս վերա դու միայն կարող ես խղճալ։

Երբ Միրզոյանցը հեռացավ, թողեցի պարապմունքս և վրդովված ու ալեկոծված, ետ ու առաջ ման գալով, սկսա կանտորի հատակը մաշել։ Հազար և մի մտքեր, մեկը մյուսից զորավոր, մեկը մյուսից անողոք, սկսան սիրտս ու հոգիս կեղեքել։ Սրանցից ազատվելու համար մեկ ուզում էի սրոչնի հեռագրով մի ամբողջ նամակ ուղարկել քեզ, որպեսզի կես ժամից հետ արդեն սիրտս ամբողջապես բացված լիներ քո առաջ, մեկ կամենում էի հենց այս երեկո ճանապարհվել Բաքու և քառորդ ժամ տեսնել քեզ, ամոքել սիրտդ և վերադառնալ. գոհ կլինեիր դու, թե ոչ, չգիտեմ, բայց իմ հոգիս կխաղաղվեր։ Սակայն ամեն մի միտք յուր արգելքը գտավ խոհեմությունը վերջապես ստիպեց ինձ բավականանալ միայն քեզ քաշածս հետևյալ հեռագրով. «Քո հեռագրից թափանցում եմ քեզ պատճառածս վշտի ծանրությանը, բայց մխիթարում եմ ինձ այն հույսով թե դու մեծահոգությամբ կփոխարինես (իմ վարմունքը). անհամբեր սպասում եմ ավելորդ փոթորկից ետ ծագող կենդանարար արևին».— Այդ արևը քո նամակն Է, անհիշաչարությամբ, ներողամտությամբ և քնքշությամբ պատարուն նամակդ, որին սպասում եմ… չեմ կարող ասել, թե ինչպես։ Ավելորդ եմ համարում հիշեցնել մի ամենաաննշան կետ այն պատճառներից, որոնք կարող էին իրավացի թե անիրավ վրդովել, գրգռել և վերջապես գրել տալ ինձ իմ նամակը. չեմ հիշում ոչինչ հենց նրա համար, որովհետև համոզված եմ, որ դու չէիր կարող այսքան սիրելի, այսքան պաշտելի լինել ինձ համար, թե ես իրոք ունենայի մի իրավացի պատճառ քեզ վիրավորելու. բայց չէ որ մի չնչին կին էլ հրդեհ է պատճառում, այդտեղ ատաղձն է մեղավոր, որ դյուրավառ է. խնամիր նրան ուրեմն, խնայիր նրան, պահպանիր… Բայց ոչ, այս դեպքը ինձ համոզեց մի վերջին փաստով, որ դու չես կարող ինձ պահպանել և խնամել, թե ինձ մի դժբախտություն պատահի. չես կարող քո քնքուշ ձեռքերով վիրակապ հյուսել և վերքերս կապել— Թե վիրավորվեմ. սպեղանի շինել և հիվանդությունս դարմանել— թե հիվանդանամ. սա մի սուրբ, մեծ նվիրական պաշտոն է, որ կինը ամուսնուն մարդկային գոյությունից բարձրացնում է մինչև աստվածուհվո էությունը. և որքան քաղցր, որքան ամոքիչ է այդ բարձրության վրա տեսնել սիրած ամուսնուն… Օ՜հ, տուր ինձ, տուր ինձ ճաշակել այդ քաղցրությունը, տուր ինձ հիանալ քո այսպիսի մեծությամբ… չէ՞ որ դու փորձով գիտես, որ քո մի քաղցր ժպիտը, մի սիրաշունչ խոսքը, մի գողտրիկ գուրգուրանքը (հազվագյուտ բոլորն էլ) բավական էին լինում իմ ամեն տեսակ վշտերս փարատելու։ Եթե իմ մեջ տրամադրություն ես գտնում հաճախ վշտանալու, ինչ կա, տրամադիր եղիր դու էլ ինձ հաճախ սփոփելու չէ՞ որ դա այնպիսի մի պարտք է, որ ամեն մի սիրող կին քաղցրությամբ կարող է կատարել և մանավանդ թե պարտավոր է կատարել, որովհետև բնությունը կանանց ձեռքի մեջ է ժողովել մարդկերանց բոլոր զգացումների գաղտնի , ինչո՞ւ արդյոք չեք օգտվում ձեր առավելությունից, ձեր իշխանությունից… Ցավալի չէ՞ արդյոք, որ ես փորձով տեսնում եմ, թե՝ դարձյալ ինձ վրա է մնում թե փորձության ծանրությունները կրել և թե քեզ չվհատեցնելու համար շարունակ խնամել, գուրգուրել և պաշտել քեզ… ուր կմնան ուրեմն ամուսնական կյանքի ծանրությունները հավասար չափով մեր մեջ բաժանելու պարտքը և իրավունքը։ Ես երբ նեղացնում եմ քեզ` ահա այսպես տանջվում եմ. մինչև անգամ թե նեղացնելու առիթն էլ դու տված լինես, չգիտեմ դու ինչ ես զգում իմ վերաբերմամբ, երբ տեսնում ես այս քան զինաթափ և ստորացած քո առաջ. արհամարհում ես ինձ, չէ՞. այդպես էլ սպասում եմ…

Բայց և այնպես այնպիսի նամակ գրիր ինձ, որ իմանամ թե արդարև նեղությունդ ու տխրությունդ անցել է. չխաբես ինձ. ուղիղ գրիր, որպեսզի իմանամ, թե դեռ տխուր ես, մի քանի օր էլ ավելի տանջեմ ինձ— իբրև արժանի պատիժ իմ հիմարության։

Չափազանց հետաքրքիր եմ իմանալու, թե ինչ ձևով ես մամի և Ավետի մոտ հանկարծ փոխվել, թե գնում եմ. մի՞թե խոհեմությունը հեռացրել ես քեզանից, ոչ մի օրինավոր պատրվակ չես առաջ բերել, գրիր, ցանկանում եմ այդ օր առաջ իմ անալ։

Թույլ կտաս համբուրել քեզ… մինչև վաղը, բայց վայ թե վաղը քեզանից տխուր նամակ ստանամ…

Քո Գրիգոր
18 ապրիլի, 1891, Թիֆլիս.

Սիրելիս Ոսկի.

Ինչպե՜ս փափագում էի այսօր մի նամակ ստանալ քեզանից, թեկուզ երկու տող, թեկուզ հանդիմանական և մեղադրանքով լի, միայն թե քո ստորագրությունը լիներ վրան, որպեսզի մխիթարվեի թե մի բանով գոնե ուշադիր ես եղել դեպի ինձ. բայց չստացա… Արդյո՞ք հիվանդ ես, տխուր ես, ոչինչ չգիտեմ, բոլորովին ոչինչ. շատ անհանգիստ եմ, և ոչ միայն անհանգիստ, այլև տանջվում եմ… Իմ 14-ի չարագուշակ նամակիցս ետ դարձյալ մի երկու նամակ եմ գրել քեզ. ստացած կլինես։ Արդյոք ի՞նչ տրամադրություն ունես այժմ դեպի հնձ, հարկավ, ոչ ներողամիտ, ոչ գթասիրտ և ոչ սիրալիր… Այս ամսում քո կարոտությունից բավական տառապանք քաշեցի, բոլորովին միայնակ եմ. ոչ ոք իմ մասին չէ մտածում․ օհ, ինչպե՜ս վատ է միայնակ լինել աշխարհում» բայց դու ինձ սիրում ես, չէ՞ էհ, ինչպե՜ս ես կարողանում ամբողջ շաբաթով գրիչ չշարժել, ինչպե՜ս ես դիմանում. կյանքիս կեսը կտամ, թե այդ գաղտնիքը սովորեցնես ինձ օհ ինչպես երջանիկ ես դու… Ի՜նչ կա աշխարհում ինձ համար ավելի թանկ, քան իմ որդիներս, նրանց էլ կնվիրեմ այն վհուկին, որ կկարողանա մի շաբաթ կամ գոնե մի օր կախարդել ինձ— քեզ կատարելապես մոռանալու… մոռանալ այնպես, ինչպես հարուստ մարդիկ մոռանում են իրենց անցյալ աղքատությունր… բայց կան այդպիսի վհուկներ։

Թույլ կտա՞ս քեզ համբուրել… մեղմով, կամացուկ, այնպես քնքշաբար՝ որ չհավատաս, թե դարձյալ ես եմ քեզ անհանգստացնողը… Մնաս բարով մինչև ամսույս 27-ը։

Քո Գրիգոր
23 ապրիլի, 1891, Թիֆլիս․

Սիրեցյալ Ոսկիս.

17-ի նամակդ ստանալուց հետ 19-ին էլ նամակ ունիմ գրած, իսկ ես 19-ի նամակդ այսօր ստացա փոստը փակ լինելու պատճառով։ Ուրախ եմ որ առողջ ես, բայց չեմ հավատում, որովհետև շուտ շուտ կրկնում ես, որ թուլանում ես և այլն։ Միայն գալուդ քիչ մնացած օր լինելով՝ էլ չեմ տխրում, թե թույլ էլ լինես, կաշխատեմ, որքան ուժերս կներեն, քեզ խնամել և առողջացներ։ Որովհետև գալու ես՝ էլ քեզ հետաքրքրող ոչ մի հարցից չեմ խոսում, բացի այդ, սրանից զատ ուրիշ նամակ էլ չեմ գրելու։ Ներփակյալ թղթերի ինչ լինելը հետևյալն է։ Պետրոսյանցը յուր խմբով եկավ տեղդ մի քանի ներկայացում տալու, ի միջի այոց՝ նաև «Ռուզանը». դրա համար նա իրավունք և բնագիրը խնդրեց. ես դեպքից օգուտ քաղել ուզելով՝ առաջարկեցի քո դպրոցի օգտին 50 ռ. տալ և նա համաձայնվեցավ։ Նրանից թուղթ ստացա դրա համար, որ և ներփակում եմ նամակումս։ Կտաս Սամսոնին նամակիս հետ միասին և կխնդրես, որ նեղություն կրե ներկայացման երեկոյին ստանալ այդ 50 ռուբլին պիեսի հետ միասին։ Զգուշացրու նույնպես, որ Պետրոսյանցը երդվյալ ղոկ լինելով՝ կարող է խաբել կամ ուշացնել, թե նույն երեկոյին փողը չտա, կարող է նաև ներկայացումը արգելել տալ, դրա համար բավական է պոլիցիային հանձնել իմ ստացած ստորագրությունը։

Մամին-Ավետին-Հայկուշին բարև. մամին ասա ներողություն, Կատինկի վերա գրածդ Մուշտեիդում այսօր կորցրել եմ։ Այս առավոտ նամակդ փոշտից ստանալով և կարդալով՝ գնացի Մուշտեիդ զբոսնելու. գեղեցիկ եղանակ էր, կամենալով նորեն կարդալ նամակդ (և մանավանդ այդ միջոցում տիկին Միրիմանյանին պատահելով և մի փոքր խոսակցելով...), ինչպես պատահեց Կատինկի նամակը ալեյներց մինում վայր ընկավ։ Եվ, իհարկե, բովանդակությունը նրանց հայտնեցի։ Մուշտեիդը հրաշալի է այս օրերում. այնտեղ Կատինկենց և Մանիլենց հետ Օրթաճալա էինք—Ճաշից ետ։ Ես, իհարկե, ոչ մի տեղ ուրախ չեմ լինում առանց քեզ. ինձ համար դեռ գարուն չկա. իմ գարունը սպասում եմ Բաքվից՝ ամսույս 28-ին. հարկավ այդ օրը նա քո կերպարանքով կգա։ Ավելորդ եմ համարում ասել, որ Ավետը հետդ պիտի լինի, հակառակ դեպքում քեզ ետ կդարձնեմ։


Սարիկից միամիտ կաց. շատ լավ է. այս երեք օրս նրա ծծմոր հետ միասին Կատինկենց տան հյուր էր: Երախի ծաղիկն էլ, մոռացա ասել, որ շատ լավ հանեց և լավ վերջացավ։

Զատիկը ինձ համար շվաքի նման անցավ. առանց քեզ մի օրս չլինի. ոչ մի բան ինձ չէ զբաղեցնում. ամեն տեղ ինձ որբ և միայնակ եմ զգում. եկ, եկ, իմ շունչ, իմ կյանք, իմ ուրախություն, իմ երջանկություն, իմ երկինք և արքայություն, չարաչար սպասում եմ քեզ, եկ որ ապրեմ, եկ որ կյանքի քաղցրությունը ճաշակեմ...

Քո Գրիգոր
Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Իմ ի սրտե սիրեցյալ

Աննման Ոսկի.

Քեզ ունենալ և ուրախ չապրել, Քեզ սիրել և երջանիկ չլինել այդ միևնույն է, թե հարուստ լինել և աղքատության մեջ տանջվիլ: Այսպիսի դրություններ չկան գոնե սիրող սրտի և քնքուշ հոգիների համար։

«Հրեշտակները չեն բարկանում,
Զեփյուռը չի սրտմտում,
Ծաղիկները' բուրմանդ փոխան
Հուր և բոց էն ծավալում…»։


Հիշեցի Պեշիկթաշլյանի յուր սիրուհուն ուղղած այս երգի կտորը, երբ 17-ի նամակդ ստացա։

Շնորհակալ եմ, դու այն ես, ինչոր էիր. ինչ որ սիրեցի դեռ պատանի ժամանակս, ինչ որ պաշտեցի մինչև այսօր։ Երբ սիրտդ խոսում է, ես զմայլվում եմ, որովհետև նա խոսում է այնքան անկեղծ, որ դժոխքը միայն կարող է արատավորել նրան։ Դու սիրում ես ինձ, և այդ սերը անվտանգ պահելու համար դու պատրաստում ես մինչև անգամ զոհել բնությանդ ամենաքնքուշ ծաղիկը—բարիք գործելու վսեմ ձգտումդ. ես հավատում եմ, բայց ես թույլ չեմ տալ, որ առաքինի կնոջ ճակատից այդ գեղեցիկ գոհարը վերանա։ Մի՞թե ես այդ մարդն եմ, մի՞թե ես այդպիսի սիրտ ունեմ, չէ որ այդպիսի հրեշի դու սիրել չէիր կարող։ Ով որ ընդունակ է բարիք գործելու և խնայում է յուր ուժերը, նմանում է անդունդի վրա կախված ծառին, որի պտուղները մարդկանց համար անօգուտ՝ փտում են միայն անդունդի խորքերում։ Ոչ. բախտը ինձ մի անզուգական հարստություն է պարգևել, ես նրան անօգուտ չեմ վատնիլ. ճակատագիրը ինձ մի լուսատու աստղ է պարգևել ես նրան չեմ խավարեցնիլ, խավարը ինձ երբեք սիրելի չէ եղած, բայց կպահանջեմ, որ այդ հարստությունն ու աստղը ինձ ընկերանան, որպեսզի միասին գործենք։ Իմ հարստությունն ու աստղը դու ես, իմ անգին Ոսկի, մոտեցիր ինձ, մոտեցիր այնքան, որ քո շունչը ես լսեմ. մոտեցիր, ես քեզ խորհուրդներ կտամ, դու ինձ հոգի, և սիրտ։ Դու կներշնչես՝ իսկ ես կգործադրեմ։ Ըստ որում «Ամեն հարսի—որ ճշմարտապես հարս է, գործունեության ասպարեզը յուր ամուսնու ասպարեզն է...» ինչպես ասում է Լրգուեն։ Գործենք միասին, բայց միայնակ թողնել քեզ աշխարհի բյուրավոր փորձությանը առաջ, անջատել քեզ ինձանից՝ որտեղից մարդիկ քեզ ուրիշ անձն և ինձ ուրիշ ճանաչեն, այդ ես չեմ կամենում և դու էլ չի պիտի կամենաս, որովհետև, հենց այն ժամանակ, որ մի ամենաանմեղ անջրպետ բաժանեց մեզ, բուքն ու մրրիկ օդը կաղմկեն, փոշին կբարձրանա և մեր տեսությունը խանգարելով՝ զատ զատ ճանապարհների վերա կձգեն մեզ... Չպարծենանք մեր քաջությամբ, մեր հաստատուն բնավորությամբ, որովհետև մրրկի աստվածը նույնիսկ մեր սրտերի մեջ կացարան ունի։ Չպարծենանք մանավանդ նրա համար, որ մարգ ճանաշիլը ամենադժվար ուսումն է, որ աշխարհը դիմակահանդես է, այդտեղ առաքինությունը՝ դիվական և չարությունը՝ հրեշտակային պատկերներով են հանդես գալիս։ Աշխատենք չկորցնել իրար այդ դիմակահանդեսի խառնաշփոթության մեջ. բարիք գործենք, բայց ձեռք ձեռքի տված, սիրտ սրտի կապված: Քեզ հետ լինելով ես նույն ինքն առաքինությունը կլինեմ, իսկ քեզնից անջատված՝ դժոխքի արբանյակը...

Մի թողնիր ինձ ուրեմն, մի հեռանար ինձանից, մի հեռացնիր նույնիսկ քո ստվերը։

Իսկ քեզ տալիք խորհուրդների մեջ, ի մտի ունեցիր միշտ այն մեկը— շատ մի վստահանար քո ճանաչողության վրա, ըստ որում, հենց այն ժամանակ, որ դու մաքուր անկեղծությամբ բարիք ես գործում, բարիք ընդունողը, քո տվածը, ոչ թե սրտիդ ազնվության՝ այլ յուր մոգական լապտերին է վերագրում... այս շատ ծանր վիրավորանք է, թե քո անձի և թե իմ արժանապատվության համար։ Արժե, մերթ ընդ մերթ, փարատել մարդկանց աչքից՝ ճշմարիտ լույսը խափանող պղտոր խավարը... Այդ պիտի անես։

Այս բոլորից ետ, սիրելիս, ես այժմ ամենազվարթ տրամադրության մեջ եմ, որովհետև ոգևորված եմ այն հավատով թե մի քանի փոքրիկ և իրենց տեսակում ամենաանմեղ փորձություններ գեղեցիկ դասեր պիտի տան մեզ՝ այսուհետև մեր կենակցության մեջ հաստատուն սիրո և ճշմարիտ հարգանց կշիռը՝ ուղղադիր պահելու։ Այդ անհրաժեշտ է մեր սիրո կրակը անշեջ վառելու, մեր սրտի անդորրությսւնը ապահովելու, մեր տան խաղաղությունը հաստատելու, մեր ընտանիքի վարկը բարձրացնելու և մեր որդվո ապագան երջանիկ կացուցանելու համար։ Այս համոզմունքն ու հավատը ունես և դու։ Ուրեմն գրկենք իրար սրտագին, համբուրվենք ջերմությամբ և քրիստոսի սուրբ հարության անվամբ ուխտենք հավիտյան անանջատ և հավիտյան երջանիկ լինելու…

Այժմ և միշտ սիրահար ամուսինդ

և միշտ քո երկրպագուն՝

Գրիգոր
19 ապրիլի, 91, Թիֆլիս.