Մռայլ թաղումի ջահերի նըման

Մռայլ թաղումի ջահերի նըման

Վահան Տերյան


* * *


Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։
Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...


1908