Իմ սրտի մեջ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մտորումներ)

Վարդան Հակոբյան

Կյանքն ինձ ասաց
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ


Չոր է ու սեւ։ Ասֆալտել են,
Շպարել են հողի դեմքը։
Եվ նա չի էլ զգում ասես,
Թե ով է իր վրա քայլում,
Ո՜նց է քայլում...
Ու երբ ծառը խոնարհվում է,
Որ ճյուղերով փարվի նրան,
Ասֆալտին են քսվում միայն
Ճյուղքը ծառի...
Ծառից ընկնող տերեւները
                 հող են դառնում,
Բայց չեն խառնվում երբեք հողին...
Սեգ սարերի հովին սովոր
Ծառերով է հողը այստեղ
Կապված միայն երկնքի հետ...
Եվ չգիտեմ.
Թե ծառերն այդ չլինեին,
Նա ձմեռվա գալ-գնալը
                 կզգա՞ր արդյոք...
Կզգա՞ր թեկուզ շունչն արեւի...