ՄՐՋՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԻ ՇՈՂՆ Ի ՎԵՐ
Արեւը ոսկյա ապարանջաններ է հագցնում
բալենու շյուղերին,
եւ այդ ամենը հստակ երեւում է շողի գգվանքներից
սառնությունը մարած ջրերի մեջ։ Ստվերը
ծառի տակ կուչ է եկել՝ տանձից կշտացած արջի նման։
Շունը
եւս այգի է շտապում՝ շոգից լեզուն
հանած, թվում է, ատամների արանքում շլորաթթվի կարմիր
լավաշ է բռնել։
Արեւը կծոտում է։
Երկնքից կրակ է թափվում։ Եվ հանկարծ... սենսացիա. աշ-
խարհ շրջած քամին հոգնած գալիս է, մի կերպ բարձրանում
Շանունց ընկուզենին,
ինքն իրեն կախում բարակ-բարակ ընկուզաթելից
ու տեղնուտեղը հոգին ավանդում, դրանից հետո միայն
տկլորացած ընկույզը հարկ է համարում մի թեթեւ թրմփալ
գետնին՝ շրըխկ, որն ասել է թե՝ էս էլ ես. վերջ։
Բայց մի՞թե վերջը երեւում է։
Հաջորդ պահին մի մրջյուն՝ ընկույզի հսկա, իրենից 10 անգամ
մեծ մի փշուր ուսին, ջանադրաբար բարձրանում էր արեւի շողն ի վեր։