Յըլդըզ




Ա

Հանկարծ թնդում էր փողոցը, պայտը խփվում էր սալահատակին, և մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։

— Արմենա՜կն է… Արմենա՜կն է…— ձայնում էին բոլորը։

Ոչ միայն մանուկները, այլև ամեն հասակի մարդիկ և՛ տներից, և՛ խանութներից թափվում էին փողոցը, կանայք և աղջիկները թռչում էին լուսամուտները, մինչև անգամ անկողիններում հիվանդ պառկածները պաղատում էին մի կերպ իրենց մոտիկացնել լուսամուտներին։

Կողմնակի փողոցներից մարդիկ վազում էին հևասպառ, լցվում քաղաքի գլխավոր փողոցի երկու երկայնքով։

— Ծո՛, Արմենա՜կն է…— լսվում էր քաղաքի զանազան կետերից։

Մշակները գետին էին դնում բեռները և սապատավոր ուղտերի նման այլանդակորեն վազում, իսկ բեռների տերերը, ճարահատ, մնում էին իրենց սեփականության մոտ և սպասում մինչև մշակները վերադառնան։

Սափրվողները, օճառով փրփրակալած կամ արդեն կես սափրված, սպիտակ շորը կրծքերի վրա, վեր էին թռչում աթոռներից և վազում։

Խելագար մի իրարանցում ողջ փոքրիկ, գավառական քաղաքում։ Վազելիս մեկը մյուսի վրա էր կոխոտում, հրում, ձգում, որպեսզի շուտ հասնի գլխավոր փողոցը, որտեղ Արմենակն, իր ձիու վրա նստած՝ սլանում էր դեպի գարնանային նոր հերկած, փխրուն, քիչ տաքացած և արձակ դաշտը։


Բ

Արմենակը բարձրահասակ և գեղեցիկ մի տղամարդ էր, ճակատի վրա ստվերում էր մազերի գանգուր մի փունջ, ֆեսը ետև նետած, հագնում էր մուգ֊կարմիր թավշյա մի ժիլե, շապիկի թևերը վեր քշտած, կանաչ չուխայե մի շալվար, որ սեղմորեն փաթաթվելով մարմնին՝ ցուցադրում էր սրունքների բարեձևությունը, աչքերի բիբերին ձգտող բեղ, կարմիր, արյունալից շրթունքներով, սուր ծնոտով, երկնագույն աչքեր՝ սև հոնքերով կիսաշրջանակված։

Արմենակի հայրը հյուսն էր, հռչակ ունեցող վարպետ, իր մեկ հատիկ արու զավակին ոչինչ չէր խնայում, այնպես որ, երբ նրա սերը կտրվեց դպրոցից և սկսեց չհաճախել, հայրը՝ ուստա Օվանեսը, չկշտամբեց նրան։

— Թող սաղ ըլլի, անկիրթ ըլլի. ես ըլ ուսում չառի, համա մարդ դարձա,— ասաց նա։

Արմենակը, սակայն, ինքն էլ հոր արհեստը սովորեց և վարպետ դարձավ, բայց արհեստանոցում գրեթե չէր աշխատում, որովհետև նրան այրում էր մի սեր, որ խելագարության էր հասնում։

Նա սիրում էր ձի։

Ամեն ուրբաթ օր Արմենակը վազում էր Գյուլ֊Օվան, ընդարձակ մի դաշտ, հերկած և փխրուն, որտեղ ճիրիդ[1] էին խաղում, և դիտում էր ձիերի վազքը, նետախաղին մասնակցող ամեն մի ձիավորը նրա աչքին հեքիաթային հերոս էր։

Ամեն առավոտ գնում էր Վարի հրապարակը, որտեղ ձիու ճամբազները ձի էին վաճառում և գնում։

— Ո՞ւր էիր, ծո՛,— հարցնում է հայրը։

— Աղջկա պես ձի մը ծախեցի հինգ ոսկով,— թուքը կուլ տալով պատասխանում էր Արմենակը։

Սա մինչև անգամ կանգ էր առնում և դիտում մի քոսոտ ձիու պայտումը։

Արմենակի համար ձին կյանքի նպատակն էր։

Ուստա Օվանեսը, երկար ժամանակ իր կնոջը՝ Աննա Քորոյին, անսաց և ձի չգնեց Արմենակի համար, որովհետև Աննա Քորոն, գիշեր և ցերեկ, որդուց գաղտնի, լաց էր լինում և պաղատում ամուսնուն.

— Ինչ կընես, ըրե՛, ձի մի առներ։

Աննա Քորոն կարծում էր, որ ձին որդուն մոռացնել կտար ծնողներին, երկու քույրերին, ապա և կարող էր չիրականանալ մայրերի համար գերագույն երազը՝ ամուսնացնել որդուն և սիրուն մի հարս բերել տուն։ 

Իսկ որդին, ամեն անգամ, երբ հորը տեսներ մենակ, մանավանդ լավ տրամադրության մեջ, գլուխը կախ ասում էր․

— Հայրի՛կ, ձի մը չառհր ընծի համար։

— Կառնի՛մ, յավրո՛ւս, կառնի՛մ…

Ուստա Օվանեսի համար խոր տառապանք էր տեսնել որդուն գլուխը կախ, խեղճացած։

— Պապա իգիթ է, մեղք է,— մտածում էր նա։

Եվ մի օր էլ Ուստա Օվանեսը մի երազ տեսավ. Արմենակը իշու վրա նստած, բզելով և փորին քացիներ տալով՝ իբր թե ձիարշավ էր գնում։

Վեր կացավ կեսգիշերին, մի սուրճ եփեց իր համար, սկսեց խմել, ծխել և մտածել։

Աննա Քորոն էլ զարթնեց։

— Քա՜, ինչո՞ւ ես արթնցեր։

— Երազ տեսա։

— Բարին ըլլի։

Եվ Ուստա Օվանեսը պատմեց իր երազը։

— Քա՜, ի՞նչ կըսես…

— Յա՜…

Աննա Քորոն լաց եղավ։

— Քա՜, Արմենակս իշու վրա նստի՞…

— Աչքովս տեսա, կնի՛կ։

Առավոտյան Ուստա Օվանեսը գրկեց որդուն և ասաց.

— Ուզած ձիյըդ հավանիր՝ առնիմ, հա՜յդե, յավրո՛ւմ։

Արմենակը թռավ Վարի հրապարակը։

Աննա Քորոն լաց եղավ, բայց չդիմադրեց այլևս։

Արմենակի երկու քույրերր թռչկոտում էին, որովհետև նա երկուսին էլ գրկեց, ցավացնելու չափ սեղմեց և համբուրեց։

Երեք օրվա ընթացքում Արմենակը գտավ մի ձի, և Ուստա Օվանեսը ութ օսմանյան ոսկի համրեց վաճառականի ափի մեջ։

Արմենակն այլևս հոր արհեստանոցում չերևաց։

— Թող պոռթկռտա ու քեֆ ընե, աշակերտներ շատ ունիմ,— ասաց հայրը։

Այս ժամանակ Արմենակը քսանմեկ տարեկան էր։

Գնած ձին մի արատ ուներ՝ առաջի ոտները իրար էր խփում։ Արմենակը երկու ոսկի վրա տալով փոխեց մի ուրիշ ձիու հետ։

Մի օր հայրը լսեց, որ Արմենակը ճիրիդի էր մասնակցել, կնոջը բան չհայտնեց այդ մասին, բայց կինն իր ուրույն ճանապարհով լսել էր և ահ ու սարսափով բռնվել։ Ճիրիդում նետ էին գործածում, հազար ու մի թշնամություններ էին պատահում, զարնում էին գլխին և սպանում։ Ճիրիդում սպանվածի համար ոչ մի պատասխանատվություն չկար։

Մայրը կանչեց իր որդուն, բռնեց նրա գլուխը, սեղմեց իր բուրումնավետ կրծքի վրա և ասաց.

— Ճիրիդ մ՚երթար, յավրո՛ւս, ի՞նչ կըլլի, տես, կաթս հարամ կենեմ։

Արմենակը մորը խոստացավ ճիրիդի չմասնակցել։


Գ

Կամաց֊կամաց Արմենակը փայլուն հաջողություններ ձեռք բերեց ձի նստելու ասպարեզում։

— Տղադ ձիու ճամբազ դարձավ,— ասում էին Ուստա Օվանեսի բարեկամները։

— Ջինսին մեջ եղեր է,— պատասխանում էր Ուստա Օվանեսը,— մեծ ամուճաս ըլ ձիու մարախլի էր, ձիու ուղուրն ըլ գնաց։[2]

Արմենակի ձիու սիրահարությունից ամենախոր հրճվողները նրա քույրերն էին, որոնց անմեղ հպարտությունը քաղաքում աչքի ընկնող երևույթ էր։

— Երեկ ախպարդ տեսա ձիու վրա, քնձոր[3] թագավոր ըլլեր…― ասում էր քույրերի ընկերուհիներից մեկը։

— Ո՞ւր տեսար։

— Վերի մահլեն։

Երկու քույրերն էլ հնդկահավի նման ուռչում էին, այն աստիճան, որ ընկերուհին զղջում էր ասած լինելուն։

— Իշտե ախպորս պես չիկա, աշխըրքի մեջ մեկ հատիկ է։ 

Մի տարի Ուստա Օվանեսը կառավարական մի մեծ շենքի փայտե աշխատանքի կապալը վերցրեց և մեծ փող վաստակեց։

— Աղջի՛, Աննա, Արմենակին կարգենք, փարա շատ կա,― ասաց Ուստա Օվանեսը։

Աննա Քորոն ուրախությունից չկարողացավ պատասխանել։

— Կերևա քի ձիու հավասը առավ, աղջիկ մը փաթթենք գլխուն, քընթին հովը կիջնա, ձին ըլ կմոռնա,— շարունակեց Ուստա Օվանեսը։

— Հա՛, հա՛, աղեկ կ՚ըսես,— հիացմունքով կախվեց Աննա Քորոն ամուսնու շրթունքներից։

Մի քանի օր հետո, երբ Արմենակն արհեստանոցում հորն էր օգնում մի նուրբ պահարան շինելիս՝ Ուստա Օվանեսը Արմենակին պատմեց ծեր հոր հեքիաթը. «Կըլլի՝ չըլլիր, ըխտիյար՝[4] հայր մը կըլլի. էս հայրը մեկ հատիկ զավակ մը կունենա, էս զավակը մարախ կուգա[5] շունի, որսորդության ու չի կարգվի, հայրը կկանչե զավակն ու կըսե. օղլո՛ւմ, ես պիտի մեռնիմ, ամա աչքս ետիս է, էկեր[6] դուն կարգվիս ու զավակ ունենաս, աչքս ետիս չի մնար։ Տղան կըսե՝ թե որ էդպես է, կը կարգվիմ։ Ըխտիյար հայրը կօրշնե զավակը, կը կարգե, զավակ կունենա, հայրն ըլ հանգիստ կը մեռնի»։

— Առակս զի՞նչ ցուցանե,— հարցրեց Արմենակը բարեմտորեն ժպտալով։

— Առակս կը ցուցանե, տղա՛ս, որ վախտդ եկեր է, կարգվե՛։

— Ես կուզիմ, որ երթամ երկրներ տեսնամ գամ, վերջը կարգվիմ։

Ուստա Օվանեսն այս անգամ էլ զիջեց որդուն, մեծ փող տվեց և ուղարկեց նրան Ադանա, Հալեպ, Դամասկոս։

Ճանապարհ դնելիս Ուստա Օվանեսը նրան համբուրեց և ասաց. 

Կիտերսեն ուղուր օլա,
Դյուզ օվայոլին օլա։[7]

Մայրը գրկեր նրա գլուխը, լաց եղավ և ասաց․

— Չինար բոյիդ ղուրբան ըլլիմ, մայրիկի՛դ մեկհատիկը։

Քույրերը համբուրեցին նրան և միայն լաց եղան։

Արմենակը առաջին անգամ իր կյանքում ծխեց ծնողների ներկայությամբ։

Երբ Ուստա Օվանեսը վերադարձավ տուն՝ ասաց․

— Իշտե Արմենակիս ճղարա քաշելը քեֆս բերեց։

— Էնոր ճղարան սիրեմ,— ճռթկվեց[8] Աննա Քորոն։

Արմենակի մեկնելու հաջորդ առավոտը Ուստա Օվանեսի տունը մեռելի տան նման էր, կարծես երկար լաց լինելուց հոգնած՝ ամեն մարդ լռել էր, իրերն անգամ տխուր էին, թոկի մի կտոր, որ դուրս էր հանվել պահարանից Արմենակի ճամփորդության համար և ավելորդ էր համարվել, տխրորեն գալարվել էր և ընկել միջանցքում։

Երրորդ օրը Աննա Քորոն սենյակում հանկարծ մի լաց սկսեց։ Աղջիկները վազեցին և տեսան, որ բարձի տակից մայրը Արմենակի թաշկինակն էր գտել։

— Մի՛ մտմտա, կնի՛կ, ճամփորդութենեն ըլ թող հավասն առնե, բան մը կընենք,— ասում էր Ուստա Օվանեսը և առավոտ կանուխ վազում արհեստանոց։

Իսկ ամեն երեկո Ուստա Օվանեսը և Աննա Քորոն նստում էին և զրուցում Արմենակի մասին։

— Աղջի՛, Արմենակիս երթալը քանի՞ օր է,— հարցնում էր Ուստա Օվանեսը։

— Հինգ օր։

— Ասօր կը հասնի…

Երկար մտածում էր Ուստա Օվանեսը և ասում մի տեղի անուն։

Եվ այսպես ամեն օր։ 

Դ

Մի իրիկուն, այն պահին, երբ վարդագույն լույս է լինում, Ուստա Օվանեսը, սենյակի լուսամուտի մոտ նստած, նորից հարց տվեց.

— Արմենակիս երթալը քանի՞ օր է։

Մեծ աղջիկը՝ Հաջիխասը, պատասխանեց.

— Քսանութ օր է։

Ուստա Օվանեսը երկար մտածեց և ասաց.

— Արմենակս ասօր կըլլի Ադանա։

Դեռ խոսքը հազիվ էր վերջացրել, երբ մի ձիավոր կանգնեց դռան առաջ, արաբական տարազով մի մարդ, սպիտակ ձիու վրա նստած։

Ուստա Օվանեսի լեզուն կլորվեց, հազիվ կարողացավ արտասանել․

— Ար֊մե֊նա֊կես գիր է եկեր…

Հաջիխասը վազեց լուսամուտը և պոռաց.

— Քա՜, Արմենակն է, ախպարս է…

Եվ իսկապես Արմենակն էր։

Սպիտակ ձին վրնջում էր, ինչպես արույրե զանգակը լուսաբացին, ծառս էր ելնում և դառնում ետևի ոտների վրա, ինչպես երիտասարդ մի պարուհի պիրուետ անելիս։

Հաջիխասն առաջինն էր, որ դուռը բաց արավ և հափշտակված կանգնեց, իսկ նրանից փոքրը՝ Հազարթերթը, հեռվից աղաղակեց.

— Վա՜յ, մեծ ախպա՜րս…

— Քիչ մը շեքեր բեր,— ասաց Արմենակը մեծ քրոջը։

Հաջիխասը վազեց շաքար բերելու։

Դռան շեմքին կանգնեցին Ուստա Օվանեսը և Աննա Քորոն։ Հաջիխասը շաքարը բերեց և վախվխելով տվեց եղբորը։ Արմենակը կռացավ ձիու վզի վրա և ափով շաքարը երկարեց ձիուն։ Շաքարը խռխռտացնելուց հետո ձին հանդարտվեց, այն ժամանակ Արմենակը վար ցատկեց։ Քույրերը փաթաթվեցին նրա վզովը, Արմենակը հազիվ ազատվեց նրանցից՝ փաթաթվելու ծնողներին։

Մայրը լաց եղավ։ 

Ուստա Օվանեսը, չհասկանալով ուրախության համար թափված արցունքները, բարկացավ և ասաց.

— Ա՛յ կնիկ, գնաց՝ լացիր, եկավ՝ կուլաս։

Արմենակը ձին տեղավորեց ախոռում և բարձրացավ վեր։

Հայրը հարցրեց.

— Էս ինտո՞ր եղավ։

— Գնացի Հալաբ, քանի մ՚օր ֆռլամիշ եղա, էս ձին տեսա, բյութուն (ամբողջ) փարան ատոր պառկցուցի, ելա եկա։

— Կըսեիր քի՝ տղաս խելացի չէ, տեսա՞ր,— դարձավ Ուստա Օվանեսը իր կնոջը։

Աննա Քորոն ապշեց, որովհետև այդպես բան երբեք ասած չէր։

Արմենակը գլխին փաթաթել էր ազնիվ բրդից հյուսված արաբական գլխանոց, վրան թեթև մի աբա, փոթռտուն մի շալվար և ոտին կարմիր ճտկավոր մի կոշիկ։

— Շամ[9] չգացի՞ր, ծո՛։

— Չէ՛, փարաս հատավ։

— Բյութուն փարան ձիո՞ւն տվիր։

— Մենշուր[10] ձի է, մայրը անգլիացի է, հայրը՝ արաբ, հարուր ոսկի տան, չեմ տար,— հպարտությամբ հայտարարեց Արմենակը։

— Մաշշալա՜, ծո՛…

— Անունն ի՞նչ է,— հարցրեց Հաջիխասը։

— Յըլդըզ…

— Քա՜…— բացականչեց Հազարթերթը։

— Յըլդըզիդ ղուրբան ըլլիմ, օղո՛ւլ,— շշնջաց Աննա Քորոն։


Ե

Հաջորդ օրն իսկ կայծակի արագությամբ լուր տարածվեց գավառական փոքրիկ քաղաքում, թե Ուստա Օվանեսի տղան Հալեբեն ձի մի բերեր է, որ նախապես պատկաներ է եղեր Մսրա խտիվի տղուն, ասում էին նաև, որ մենակ շեքեր ու չամիչ կուտե, ուրիշ բան չուտեր։

Անցավ մի քանի օր, հաջորդող առաջին կիրակին, այն պահին, երբ պատարագը վերջանում էր և բոլոր ժողովուրդը դուրս էր թափվում մայր եկեղեցուց՝ Արմենակը դուրս հանեց Յըլդըզը։

Նրա զիլ խրխնջոցը բռնեց կիրակնօրյա առավոտի խաղաղ, զարմանալիորեն հանգստավետ մթնոլորտը։

— Էս տեսակ ձի իթցուն տարի առաջ Մուստաֆա փաշան ուներ, նմանը ա՛լ չի եղեր,— ասում էին բոլորը և դիտում Արմենակը, որ Յըլդըզի քամակին քակած, սլանում էր թռչունի արագությամբ, գլխավոր փողոցում։

Ուստա Օվանեսի, Աննա Քորոյի և Արմենակի քույրերի ուրախության չափ ու սահման չկար։ Կիրակնօրյա այդ առավոտը քանի՜֊քանի՜ աղջիկներ ասացին իրենց նշանածներին.

— Քա, դուն ըլ կյոյա[11] էրիկմարդ ես, հլե Արմենակը տես, ասլան կլմանի։

Իսկապես, Արմենակը հեքիաթի այն իգիթն էր, որ մազերը տված հովին, ճախրում էր օդում, նա այն դյուցազն էր, որ հանկարծ հայտնվել էր հրեղեն ձիու վրա նստած, եկել էր մուրազ բաժանելու բոլոր նրանց, որոնք տառապել էին իրենց անկարելի երազների համար։

— Ձիուդ նալին ղուրբան,— շշնջում էր Արմենակի մայրը, երբ լսում էր Յլըլդըզի պայտերի զրնգոցը, որ պայթում էր սալահատակի սպիտակ քարերի վրա և փշրվում, ինչպես արևի ոսկյա ծնծղան կապույտ լեռների և անտառների բարձրաբերձ և մուգ ծառերի գագաթների վրա։

Այդ օրը հարյուրավոր աղջիկներ սիրահարվեցին Արմենակին։ Մինչև անգամ մի աղջիկ այնքան համարձակ եղավ, որ մոտեցավ Արմենակի քրոջը և ականջին շշնջաց.

— Մեկ անգամ ախպորդ ծոցը պառկեի, տանեին թաղեի՜ն…


Զ

Եվ ամեն կիրակի ու տոն օրերը Արմենակը դուրս էր բերում իր ձին, կրծքից կախած մի փիրուզյա խոշոր քար, որ աչք չտան, թնդացնում էր փողոցը, պայտը խփում էր սալահատակին, մետաղի զիլ հնչյունը զրնգում էր ջինջ օդում։ 

— Արմենա՜կը, Արմենա՜կը…

Յըլդըզը, ամբողջովին սպիտակ, ածուխի նման սմբակներով, ազնվագույն գլուխը բռնած բարձր և հպարտ, անպայման զգում էր, որ ահա ողջ քաղաքը հանդիսատես է իր վազքին։

Օրը դառնում էր խելահեղ ողջ գավառական քաղաքի համար, իսկական տոնական և համայնական ուրախության օր։

Այդ իրիկուն բոլոր գինի խմողները,— ծանոթ թե անծանոթ,— պարտք էին համարում խմել Արմենակի և նրա ձիու կենացը.

— Ողջ ըլլին երկուսն ըլ, մեր քաղաքը փառլաթըմիշ[12] ընեն…

— Փեզեվենկի տղուն ձիյը ինչ ըսես արժե, մաշշալա՜հ…

Այդ իրիկուն, գրեթե ամեն տան մեջ խոսակցությունը դառնում էր Արմենակի և նրա ձիու շուրջը։

— Քա՜, տեսա՞ր…

— Յա չի տեսա՞…

— Ես առուեն անցած ատեն տեսա, աչքս խառալմիշ եղավ[13]

— Ես դաշտը կայներ էի, տեսա հրեղեն ամպի պես կուգա կոր…

Եվ ոմանք պատմում էին բաներ, որ չէին տեսել, բայց հավանորեն կարող էին պատահած լինել։ Ով ինչքան շատ բան «տեսած լիներ», այնքան իրեն հպարտ էր զգում և պատմելով, պատմելով, իրենք էլ հավատում էին իրենց պատմածներին։

— Դաշտին միջի էն թեք ծառը կա՞ յա, իշտե էն ծառի վրայեն թռա՜վ…

— Չէ՛, ջանը՛մ,— չհավատալով և ապշահար գալիս է պատասխանը մեկից, բայց լավ է զգում, որ դիմացինը փչում է։

— Սոխախին (փողոց) մեջ կնիկ մի դեմը ելավ՝ Յըլդըզը վրայեն թռավ անցավ ու կնիկը հեչ բան մընալ չի գիտցավ։ 

— Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ…— բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։

Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և առասպելական, պատմում էին հենց իրեն՝ Արմենակին։

— Քուզում Արմենակ, դուն վրան ես, չես տեսնար, սոխախին վերևը էն աղքատ Մարտիրոսին տունը կա յա, էդ տեղը եբոր հասար, Յըլդըզը չոլրվավ[14], ոտքերը դրեց տեների վրա ու՝ յալլա՜…

— Աճայի՞բ[15]․․․— զարմանում էր Արմենակը։

Եվ որպեսզի սառը ջուր լցրած չլինի ձիու համբավի վրա, ինքն էլ մի քիչ հափշտակված հեքիաթային զրույցներից, ասում էր․

— Եբոր կը քշիմ, աչքիս վրա կարծես բուլուդ կիջնա, հեչ բան չեմ տեսնար։

Եվ բոլորն հավատում էին, որովհետև նախ և առաջ հավատացել էին իրենց իսկ ստերին։

Քաղաքի բոլոր մարդկանց այրում էր մի ցանկություն՝ մոտենալ Յըլդըզին և շոշափել նրան, գեթ շատ մոտիկից զգալ նրա շունչը։

Ոչ մի մարդու համար, սակայն, այդ ցանկությունը չիրականացավ, որովհետև անկարելի էր, որ Յըլդըզը բացի Արմենակից որևէ մեկին թույլ տար իրեն մոտենալու։ Հենց որ մեկը փորձում էր այդ՝ Յըլդըզը կատաղում էր, վրնջում և ծառս լինում։ Ինքը՝ Արմենակը շատ ջանաց, որ նրան ընտելացնի տան անդամների հետ, չկարողացավ, միայն այն օրերը, երբ Արմենակը տանը չէր լինում և գարի տալու ժամն էր լինում, Հաջիխասը մի ձեռին գարի, մյուսին՝ շաքար, մոտենում էր, շաքարը տալիս, գարին թափում մսուրի մեջ և փախչում։

— Շատ աղե՜կ,— ասում էր Ուստա Օվանեսը,— էս ինտո՞ր եղավ, որ քեզ թողուց մոտը։ 

— Հենց առաջին օրը ինձ շատ սիրեց,— պատասխանում էր Արմենակը։

— Անասունները մարդու կաթը կը ճանչնան,— եզրակացնում էր Աննա Քորոն։


Է

Ամիսներ անցան։

Եղավ մի տարի։

Եղավ երկու տարի։

Ցըլդըզի համբավը գնալով աճեց, նրա շուրջ ստեղծված զրույցները ավելի գունավորվեցին և բազմացան։

Քաղաքում լույս ընկավ սրիկաների մի խումբ, որ սկսեց Յըլդըզը գողանալու միջոցներ որոնել։ Այդ խումբը կազմված էր ուրիշ քաղաքից եկած ձիու մի սիրահարի ջանքերով։ Լսել էր նա Յըլդըզի համբավը, գոտին ամբողջ լցրել էր փողով և եկել էր Արմենակի ձին հափշտակելու։

— Ծո՛, էդ փուշտը[16], ո՞վ է, որ իմ ձիես աղեկը պիտի ունենա,— հայտարարել էր այդ սրիկան։

Տեղացիներից միացել էին նրան այն մի քանի երիտասարդները, որոնց նշանածները, Արմենակին սիրահարված լինելով՝ լքել էին նրանց։

Արմենակը, կռահելով այս խմբի գոյությունը, իր անկողինը փոխադրել էր ախոռը և գիշերները այնտեղ էր քնում։ Ախոռի մի կողմում՝ ձի և թրիք, մյուս կողմում՝ մաքուր սպիտակեղենով մի անկողին, Արմենակի քույրերի սքանչելի ձեռագործներով պատած։

Արմենակի ախոռ փոխադրվելուց հետո Ուստա Օվանեսը ինքը անձամբ ախոռի համար կրկնակ լուսամուտներ շինեց և երկաթյա ճաղերով պատեց, դռան ետևն էլ երկաթներով ամրացրեց, մինչև անգամ առաստաղը քանդեց, կրկնակ սյուներ դրավ և նորից ծածկեց։

— Դե՛ հիմա ճիվերս[17] կը փախցնեն,— ասաց Ուստա Օվանեսը աշխատանքը վերջացնելուց հետո։

Արդեն եկել հասել էր այն ժամը, երբ Ուստա Օվանեսը և Աննա Քորոն համոզել էին իրենց մեկ հատիկ որդուն ամուսնանալ, բայց ահա այս ախոռ փոխադրվելն ամեն ծրագիր տակնուվրա էր անում։

— Աղջիկը բերիմ, տանիմ ախո՞ռը պառկեցնեմ,— առարկում էր Արմենակը։

Ուստա Օվանեսը չէր կարող ուրիշ առարկություն բերել, որովհետև հաստատ համոզված էր, որ եթե Արմենակը ախոռում չքներ՝ ատրճանակը բարձի տակ և դանակը պատյանից հանած և դրած անկողնի կողքին, սրիկաներն անպայման կը հափշտակեին ձին և դա Արմենակի համար մահ կլիներ։

— Կնի՛կ,— համոզում էր Ուստա Օվանեսն իր կնոջը,— ավելի աղեկ է տղաս ողջ մնա, ախոռը քնանա, քան թե հարս բերի ու մեռնի։

— Հարսն ըլ թող ախոռը պառկի,— ասում էր Աննա Քորոն։

— Կնի՛կ, էնպես բան ըսե, քի եփած հավը չխնդա։

Մայրը միամտորեն փորձեց մի օր համոզել Արմենակին, որ ձին ծախի ու շեն ու շնորհքով ապրի։

— Զաթե[18] ձիեն հավսդ առիր,— ասաց Աննա Քորոն։

Արմենակը պատասխանեց նրան.

— Քառասուն աղջիկ ձիուս դռնաղին[19] հետ չեմ փոխեր։

Քույրերը նպաստում էին Արմենակի ամուրի մնալուն, նրանք նախանձում էին, որ տունը մի աղջիկ գար և ամբողջովին գրավեր իրենց եղբորը։

Ինչքան ծնողները ամուսնության խոսքն էին անում, Արմենակն այնքան խոր սիրահարվում էր իր ձիուն և ամեն մի խոսակցությունից հետո դուրս բերում ձին ու թնդացնում փողոցը։

Աննա Քորոն, հակառակ խոնավացած աչքերին, երբ լսում էր Յըլդըզի խրխնջոցը, բացականչում էր.

— Ձա՜նըդ սիրեմ…

Յըլդըզը գնալով ավելի փարթամացավ և ավելի կատաղեց։ 

Արմենակն ապրում էր գերագույն երջանկության մեջ, ախոռի թրիքի հոտը նրան թվում էր խոր բուրումնավետ։ Երբեմն գիշերները վեր էր կենում, մոտենում Յըլդըզին, շոյում, համբուրում նրա աչքերը, որ լամպի լույսին հառելիս՝ անսահման փայլ ու խորություն էին ստանում, հետո գալիս էր անկողին, մի սիգարեթ քաշում և քնում։ Պատահում էր, որ Արմենակն ուշանար գալ քնելու, Յըլդըզն անհանգիստ էր լինում, և երբ ներս էր մտնում Արմենակը, ձին այնպես էր խրխնջում, որ ախոռի լուսամուտի ապակիները թրթռում էին։


Ը

Բայց խոր երջանկությունը, այսպես է կարծես բնության անիմանալի օրենքը, երկար չի տևում, հորդուն տեղատարափը կարճ է լինում, երբ ծառի վրա պտուղները մեծ և փարթամ են աճում՝ թվով քիչ են լինում, այդպես է և լույսով վարարուն առավոտը, հանկարծ ամպեր են հասնում, գորշ, մթին և ծանր ամպեր, և ծածկում են երկնքի անսահման կապույտը։

Արմենակը հանկարծ հիվանդացավ, մեկ ձայնի վրա սկսեց բղավել.

— Փո՜րս… փո՜րս…

Անմիջապես փոխադրեցին նրան ախոռից տուն, իր նախկին սենյակը։ Տաք ջուր, տաքացրած կղմինդր։ Կեսգիշերին բժիշկ եկավ, դեղ, կոմպրես՝ ոչինչ չօգնեց։

— Բաղարսըղ դեոմմեսի[20] է,— հայտարարեց բժիշկը։

Գավառական փոքրիկ քաղաքի բժիշկը հայտարարելով նրա հիվանդությունը, ձեռքերը ծալեց և քաշվեց մի կողմ։ Անզոր էր նրա գիտությունը։

Արմենակը ձայնը չկտրեց։

Հաջորդ գիշերը նա հազիվ կարողացավ խնդրել հորը, որպեսզի ինքը գնա և ախոռում գիշերի։

— Շուն շանորդիները բան մը չընե՞ն ձիուս,— ասաց նա։

Ուստա Օվանեսն այդ գիշերն անցկացրեց ախոռում։

Առավոտյան Արմենակի դրությունն ավելի վատացավ, երեսի գույնն ամբողջովին փոխվեց, սիրտն անընդհատ թափում էր, մինչև անգամ արտաթորումն սկսեց բերանից գալ։ Հանգուցվել էր նրա աղիքը և բոլոր բնական ճանապարհները փակել։

Մահամերձ այդ րոպեին Արմենակը չմոռացավ իր ձին և մյուս գիշերն էլ մի կերպ հասկացրեց հորը՝ գնալ և ախոռում գիշերել։

Ուստա Օվանեսը նորից գնաց ախոռ, նորից ստուգեց բարձի տակը. ատրճանակն այնտեղ էր։ Պառկեց քնելու, բայց Յըլդըզը չթողեց, որ քնի. անընդհատ դոփում էր գետինը միօրինակ ռիթմով։

Ուստա Օվանեսը վեր կացավ, մոտեցավ ձիուն։ Յըլդըզն ոչ մի կատաղություն ցույց չտվեց այդ գիշեր, միայն անընդհատ և համառորեն դոփում էր գետինը։ Ուստա Օվանեսը ափով շաքար տվեց, ձին չկերավ և շարունակեց դոփել։

Ուստա Օվանեսը չքնեց, անկողնի վրա նստած՝ ծխում էր և մտածում։ Տխուր էին նրա մտքերը, երբեմն՝ այլանդակ։ Գիշերը նրան բերում էր չարագուշակ տեսիլներ։

Առավոտյան դեմ, երբ դեռ ախոռի փոքրիկ լուսամուտները հազիվ էին կապույտ ներկվել, ձին դոփումն արագացրեց, որը հազիվ մի քանի րոպե տևեց, հանկարծ կանգ առավ, այլևս ոչ մի շարժում, միայն մի տնքոց հանեց և գլուխը կախեց տխուր և մռայլ։ Ուստա Օվանեսը մոտեցավ նրան, նայեց նրա աչքերի մեջ, ինչ֊որ մարդկային բան կար նրա նայվածքում, ազատորեն, առանց վախի շոյեց նա անասունի վիզը, գլուխը։ Յըլդըզը ոչ մի շարժում չփորձեց, միայն մի անգամ տխուր նայեց Արմենակի հորը։ Կարծես մեկը խոցեց Ուստա Օվանեսին՝ դաշույնի նման մեխվեց նրա ուղեղում մի չար և զարհուրելի միտք։ Վազեց դուրս։

Նա պետք է անցներ շատ փոքրիկ պարտեզը ախոռից տուն հասնելու համար։ Հազիվ մի քանի քայլ՝ նա լսեց արդեն կնոջ և աղջիկների շիվանը։ Ոտները ծալվեցին, չոքեց, նորից բարձրացավ և, օրորվելով, ծառերը և թփերը բռնոտելով, առաջ շարժվեց։

Այն րոպեին, երբ ձին դադարեցրել էր դոփումը, Արմենակը փակել էր աչքերն ընդմիշտ։ 

Լացից և շիվանից զարթնեց ողջ թաղը և լցվեց Ուստա Օվանեսի տունը։


Թ

Երբ հուղարկավոր թափորը կանգնեց դռան առաջ և դագաղը երկար երևաց փողոցում, Ուստա Օվանեսը գնաց ախոռը, քանդեց Յըլդըզի սանձը և բաց թողեց։ Ձին տխուր, դանդաղ, երերուն քայլերով, ինչպես քայլերը մարդ֊հուղարկավորի, եկավ, մտավ թափորի մեջ, մոտեցավ Արմենակի դագաղին, դունչը հպեց փայտին և կանգ առավ։

Թափորն սկսեց շարժվել։

Որքան թափորն առաջ շարժվեց, այնքան մեծացավ, գրեթե ողջ քաղաքը մասնակցում էր հուղարկավորության։ Ձին գնում էր թավուրի հետ համաչափ՝ դունչը երբեք չհեռացնելով Արմենակի դագաղից։

Գերեզմանոցում, երբ դագաղն իջեցրին և դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Յըլդըզը գլուխը կախեց Արմենակի դեմքի վրա, և մարդիկ տեսան նրա արցունքները, խոշոր֊խոշոր կաթիլներով, տաք և կարոտագին, որ թափվում էին Արմենակի սառած դեմքի վրա։

— Մարդու պես կուլա կոր,— շշնջում էին հուղարկավորները։

— Ասլա՜նս, ձիուդ նալին ղուրբան ըլիմ,— ողբում էր մայրը։

Քույրերն ուշագնաց եղան և տարվեցին մի կողմ, իսկ Ուստա Օվանեսը մի ձեռքով ձիու վիզն էր բռնել և մյուս ձեռքով Արմենակի ձեռքը և կոծում էր.

— Չինա՜րս, Յըլդըզը որբ մնաց,— ասում էր նա և իր արցունքները խառնում ազնիվ անասունի արցունքներին։

Երբ դագաղն իջեցրին խոր փոսը՝ Յըլդըզը դունչը դրեց փոսի եզրին ու մնաց այդպես, մինչև հողը լցվեց, հավասարվեց գետնին և բարձրացավ վեր։

Երբ հուղարկավոր թափորը շարժվեց դեպի ետ, Յըլդըզը նորից ճեղքեց բազմությունը, մոտեցավ Արմենակի մորը, կռացրեց գլուխը, դրեց նրա թևի տակ և այդպես հասավ մինչև տուն։

Ամբողջ ճանապարհին Յըլդըզը քայլում էր տխուր, մարդկային տխրությամբ։

Ողջ քաղաքը լաց էր լինում Արմենակի և որբ մնացած ձիու համար։

— Անասունն ըլ մարդու պես սիրտ ունի եղեր,― ասում էին բոլորը։


1934 թ.

Տողատակեր

խմբագրել
  1. ճիրիդ― նետ, նետախաղ
  2. մեծ հորեղբայրս էլ ձիու սիրահար էր, ձիու խաթեր էլ մեռավ։
  3. ոնց որ, ասես
  4. ծեր
  5. հրապուրվել, տարվել
  6. եթե
  7. Որ գնաս՝ քեզ բարի ճանապարհ, ուղիղ դաշտը քեզ ճանապարհ։
  8. արցունք թափել
  9. Շամ— Դամասկոս
  10. մենշուր— հռչակավոր
  11. իբրև թե
  12. փայլ տալ
  13. սևացավ, մթնեց
  14. դառնալ
  15. աճայիբ― մի՞թե
  16. փուշտ— սրիկա
  17. ոտներ
  18. արդեն
  19. եղունգ
  20. բաղարսըղ դեոմմեսի— աղիքների հանգրիճում