ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ
Գերմ. թարգմ.՝ Հակոբ Մովսես


Պոեզիան բուն բացարձակ Իրականն է: Սա իմ փիլիսոփայության միջուկն է: Որքան բանաստեղծական՝ այնքան իրական:


Հեքիաթը ասես բանաստեղծության կանոնն է - ողջ բանաստեղծականը պետք է հիքիաթային լինի: Բանաստեղծը պաշտում է դիպվածը:


Իսկական հեքիաթագիրը գալիքի տեսանողն է:


Երբ հոգին մեռնում է՝ մարդ է դառնում: Երբ մարդը մեռնում է՝ հոգի է դառնում: Հոգու ազատ մահ, մարդու ազատ մահ: Վերևում ի՞նչն է համապատասխանում մարդկային գոյությանը: Ոգիների (Daemonen) կամ հանճարների գոյությունը, որոնց համար մարմինը այն է, ինչ մեզ համար՝ հոգին:


Որտեղ գոյություն՝ այնտեղ պետք է նաև ճանաչողություն լինի:


Ոգին միշտ երևում է միայն անծանոթ, օդեղեն կերպարանքով:


Մենք ամենուրեք փնտրում ենք Անպայմանականը և միշտ գտնում ենք միայն իրեր:


Տեսությունները – ուռկաններ են, որսում է միայն նա, ով նետում է դրանք:


Ո՞վ գիտի, թե ինչ վսեմ խորհրդանիշ է արյունը:


Հիշողությունը անհատական զգայարանն է - անհատականացման տարրը:


Մարդ դառնալն արվեստ է:


Մենք մի առաքելություն ունենք. մենք կոչված ենք երկրի կազմավորման համար:


Մենք միայն այս աշխարհում ենք այս սահմանափակ էակները - բայց ո’չ միշտ սահմանափակ:


Ամեն ինչ սերմնահատիկ է:


Բանաստեղծությունը տրանսցենդենտալ առողջությանը հասնելու մեծ արվեստն է: Բանաստեղծը, այսպիսով, տրանսցենդենտալ բժիշկ է:


Մարդկային աշխարհը աստվածների համընդհանուր օրգանն է: Բանաստեղծությունը միավորում է նրանց ճիշտ այնպես, ինչպես միավորում է մեզ:


Հսկա տեսնելիս պետք է նախ ուսումնասիրել արևի դիրքը և ուշադրություն դարձնել՝ արդյք դա թզուկի ստվերը չէ՞: (Փոքրի վիթխարի ազդեցությունների մասին: Դրանք բոլորը

բացատրելի չե՞ն իբրև թզուկի վիթխարի ստվեր):


Հրամանի բառը բանակներ է շարժում - ազատություն բառը՝ ազգեր:


Որևէ թարգմանություն կամ քերականական է, կամ փոխված, կամ միֆական: Միֆական թարգմանությունները բարձրագույն ոճի թարգմանություններ են: Նրանք ներկայացնում են արվեստի անհատական ստեղծագործության մաքուր, կատարյալ բնույթը: Նրանք մեզ ոչ թե արվեստի իրական ստեղծագործությունն են տալիս, այլ նրա իդեալը: Ես կարծում եմ՝ նման թարգմանության ոչ մի ամբողջական նմուշ դեռևս գոյություն չունի: Սակայն արվեստի ստեղծագործությունների որոշ քննադատությունների և նկարագրությունների ոգու մեջ դրա պարզ հետքեր են նշմարվում: Դրա համար հարկավոր է այնպիսի մի միտք, որում բանաստեղծական ոգին և փիլիսոփայական ոգին կատարելապես միաձուլված լինեն: Հունական դիցաբանությունը մասամբ ազգային կրոնի այդպիսի մի թարգմանություն է… Քերականական թարգմանությունները թարգմանություններն են սովորական իմաստով: Նրանք մեծ գիտակություն են պահանջում – սակայն սոսկ դիսկուրսիվ հմտություններ: Փոխված թարգմանությունները, եթե նրանք ուզում են հաջող լինել, պահանջում են գերագույն, բանաստեղծական հանճար: Այլապես նրանք շատ հեշտ մատնվում են ծաղրանմանարկման (Travesti), ինչպես Բյուրգերի յամբերով Հոմերոսը, Պոպի Հոմերոսը, ինչպես ընդհանրապես ֆրանսերեն թարգմանությունները: Այս կարգի իսկական թարգմանիչը պետք է իրականում ինքը արվեստագետ լինի և կարողանա ամբողջի իդեան ցանկացած ձևով տալ:- Նա պետք է բանաստեղծի բանաստեղծը լինի և, այսպիսով, կարողանա նրան թե’ ըստ իր և թե’ ըստ բանաստեղծի իդեայի միաժամանակ խոսեցնել: Նման հարաբերության մեջ է կանգնած մարդկության հանճարը յուրաքանչյուր առանձին մարդու հետ: Այս երեք կերպերով կարող են թարգմանվել ոչ միայն գրքերը, այլև ամեն ինչ:


Ծառը կարող է միայն ծաղկող կրակ դառնալ, մարդը՝ խոսող, կենդանին՝ շրջող կրակ:


....Մարդը զորության անսպառ աղբյուր է - կամ զորության արտադրման պրոցես - ամենահարմարը նրան լույսի հետ համեմատելը կլիներ:


Որտեղ երեխաներ՝ այնտեղ ոսկեդար:


Գրկախառնությունը երեկոյի պես մի բան չէ՞:


Որոշ կանայք իրավամբ կարող են ասել, որ նրանք սուզվում են իրենց ամուսինների գրկերում: Երանի~ նրանց, ովքեր իրենց սիրեցյալների գրկերում ծագում են:


Չկա ոչ մի կրոն, որ քրիստոնեություն չլինի:


Յուրաքանչյուր սիրված առարկա Դրախտի կենտրոնն է:


Ինչ սիրում ես՝ հետը մենակ ես:


Հոգեբանություն: Սերը համաշխարհային պատմության վերջնական նպատակն է - Տիեզերքի ամե’ն-ը:


Աստվածաբանություն: Աստված սերն է: Սերը գերագույն իրողությունն է - նախահիմքը:


Յուրաքանչյուր բառ թախանձման բառ է: Ինչ ոգի կանչում է՝ այդպիսինն էլ հայտնվում է:


Մարդը մետաֆոր է:


Ժողովուրդը գաղափար է: Մենք ժողովուրդ պետք է դառնանք: Կատարյալ մարդը փոքր մի ժողովուրդ է: Մարդու գերագույն նպատակը իսկական ժողովրդականությունն է:


Կորը ազատ բնության հաղթանակն է կանոնի վրա:


Ի՞նչն է կյանքից առավել:- Կյանքին ծառայելը՝ իբրև լույսին:


Լեզուն – Դելփիքն է:


Տոն. անցումը քանակից որակին:


Գույն. անցում որակից քանակին: 


Ուսյալ մարդու կյանքը պարզապես պետք է փոխնիփոխվի երաժշտությամբ և ոչ-երաժշտությամբ, ինչպես քնով և արթնությամբ:


Մարդը գոյություն ունի ճշմարտության մեջ: Թողնելով ճշմարտությունը՝ նա թողնում է ինքն իրեն: Ով դավաճանում է ճշմարտությանը՝ դավաճանում է ինքն իրեն: Այստեղ բանը սուտը չէ - այլ հակառակ համոզմունքի գործելը:


Քանդակագործությունը, երաժշտությունը և բանաստեղծությունը իրար հարաբերվում են, ինչպես էպոսը, քնարերգությունը և դրաման….


Լրջությունը պետք է շողշողա իր պայծառությամբ, կատակը՝ իր լրջությամբ:


Յուրաքանչյուր հիվանդություն կարելի է հոգու հիվանդություն կոչել:


Բժշկություն: Յուրաքանչյուր հիվանդություն երաժշտական խնդիր է, բուժումը՝ երաժշտական լուծում:


Բժշկությունը դեռ պետք է միանգամայն այլ բան դառնա. կյանքի արվեստագիտություն և կյանքի բնագիտություն:


Խիղճը երկրի վրա փոխարինում է Աստծուն, ահա թե ինչու շատերի համար այն իրենից ներկայացնում է գերագույն և կատարյալ սկիզբը:


Միայն հետ ուղղված հայացքն է առաջ տանում, միայն առաջ ուղղված հայացքն է հետ տանում:


Որևէ մարմին տարածությանը հարաբերվում է այնպես, ինչպես որևէ տեսանելի բան՝ լույսին


Տարածությունը իբրև վիժում ժամանակից – իբրև ժամանակի անհրաժեշտ հետևանք:


Աստվածների կյանքը մաթեմատիկա է: Զուտ մաթեմատիկան կրոն է:


Մաթեմատիկոսները միակ երջանիկներն են: Մաթեմատիկոսը ամեն ինչ գիտի: Նա կարող է նաև այն, ինչը չգիտի:


Կարող են առաջին կարգի մաթեմատիկոսներ լինել, ովքեր չկարողանան հաշվել:


Կարելի է մեծ հաշվապահ լինել՝ առանց մաթեմատիկայի մասին գաղափար ունենալու:


Բարձրագույն կյանքը մաթեմատիկա է:


Մաթեմատիկայի գաղափարը ընդհանրապես գիտության գաղափարն է: Դրա համար բոլոր գիտությունները պետք է մաթեմատիկա դառնան: Ով մաթեմատիկական գիրքը ջերմեռանդությամբ չի ընկալում և այն իբրև Աստծո խոսքը չի կարդում՝ այն չի հասկանում:


Փիլիսոփայությունը իրականում հայրենաբաղձություն է - ամենուր տանը լինելու մղում:


Մենք ո՞ւր ենք գնում: Միշտ դեպի տուն:


Հների մոտ կրոնը ինչ-որ չափով արդեն այն էր, ինչ մեզ մոտ պետք է դառնա - գործնական բանաստեղծություն:


Քնարական բանաստեղծությունը հերոսների համար է, այն ստեղծում է հերոսներ: Էպիկական բնաստեղծությունը մարդկանց համար է: Հերոսը քնարական է, մարդը՝ էպիկական, հանճարը՝ դրամատիկական: Տղամարդը քնարական, է կինը՝ էպիկական, ամուսնությունը՝ դրամատիկական:


Ողջ ակաման պետք է վերածվի կամայի:


Հակադրությունները շրջված համանմանություններ են:


Իդեալիզմը ոչ այլ ինչ է, քան ճշմարիտ էմպիրիզմ:


Արվեստագետը անպայման տրանսցենդենտալ է:


Եթե որոշ բանաստեղծություններ երաժշտության են վերածում, ապա ինչո՞ւ երաժշտությունը բանաստեղծության չեն վերածում:


Տարածությունը մտնում է ժամանակի մեջ, ինչպես մարմինը՝ հոգու:   


Ժամանակը ներքին տարածությունն է: Տարածությունը՝ արտաքին ժամանակը: Վերջինիս համադրությունը: Ամենայն մարմին իր ժամանակն ունի, ամենայն ժամանակ՝ իր մարմինը:


Յուրաքանչյուր գիծ աշխարհի առանցքն է:


Մեր ողջ կյանքը ծառայություն է Աստծուն: Աշխարհում ամենայն բարիք Աստծո անմիջնորդավորված գործունեությունն է: Յուրաքանչյուր մարդու մեջ ինձ կարող է հայտնվել Աստված:


Իդեալիզմը պետք է հակադրելի լինի ոչ թե ռեալիզմին, այլ ֆորմալիզմին:


Բանաստեղծությունը փիլիսոփայության հերոսուհին է: Փիլիսոփայությունը բանաստեղծությունը բարձրացնում է հիմնական սկզբունքի նշանակությանը: Այն մեզ օգնում է հասկանալ բանաստեղծության արժեքը: Փիլիսոփայությունը բանաստեղծության տեսությունն է: Այն մեզ ցույց է տալիս, թե ինչ է բանաստեղծությունը - այն ամենն է և ամեն ինչը:


Բանաստեղծի և մտածողի տարանջատումը միայն թվացյալ է և երկուսի համար էլ՝ վնասակար: Դա հիվանդության և հիվանդ հանգամանքների նշան է:


Միայն մի տաճար գոյություն ունի աշխարհում և դա՝ մարդկային մարմինն է: Ավելի սուրբ բան չկա, քան այդ պատկերը: Մարդու առջև խորունկ խոնարհումը փառաբանություն է մարմնի մեջ այդ հայտնությանը: Հպվելով մարդկային մարմնին՝ քսվում ես երկնքին:


Հակումներ ունենալը և դրանց վրա տիրելը՝ ավելի գովելի է, քան հակումներից խուսափելը:


Կրակի գազանային բնույթը:


Ջուրը թաց կրակն է:


Մարդկային ոչինչ մի պարսավիր: Ամեն ինչ լավ է, միայն թե ո’չ ամենուրեք, միայն թե ո’չ միշտ, միայն թե ո’չ ամեն մեկի համար:


Նաև դիպվածը անբացատրելի չէ - այն իր կանոնավորությունն ունի:


Երբ Հոգին սրբագործում է՝ յուրաքանչյուր իսկական գիրք Աստվածաշունչ է: Սակայն շատ հազվադեպ է որևէ գիրք հանուն գրքի գրվում, և եթե Հոգին նման է մետաղի, ապա շատ գրքեր զմռնիտներ են: Անշուշտ, յուրաքանչյուր օգտակար գիրք առնվազն պետք է խստիվ համաձուլված լինի: Ակնհայտ է, որ ազնիվ մետաղը կենցաղի մեջ չի գործածվում: Շատ ճշմարիտ գրքերի հետ այնպես է, ինչպես Իռլանդիայում ոսկու ձուլակտորի: Նրանք երկար ժամանակ ծառայում էին միայն իբրև կշիռներ:


Մենք գիտենք լոկ այնքանով, որքանով գործում ենք:


Ես-ը հավասար է ոչ-ես-ին. ամենայն գիտության և արվեստի բարձրագույն դրույթը:


Ազատությունը երջանկության պես է, մեկին՝ վնասակար, մյուսին՝ օգտակար:


Երևէ բան որքան թույլ է՝ այնքան շատ է հակված անկարգությունների և բորբոքումների:


Մի՞թե բոլոր մարդիկ մարդ են: Կարող են մարդկային կերպարանքով նաև միանգամայն այլ էակներ լինել:


Հանճարեղ սրամտությունը սրամտության սրամիտ օգտագործումն է:


Մեր լեզուն կամ մեխանիկական է, կամ ատոմիստիկական, կամ դինամիկ: Բայց իսկական բանաստեղծական լեզուն պետք է օրգանական և կենսական լինի: Որքան հաճախ ենք մենք բառերի պակաս զգում՝ շատ գաղափարներ մի հարվածով արտահայտելու համար:


Իր արժեքի ներքին զգացողությամբ չէ՞, որ թագավորը թագավոր է դառնում:


Բանաստեղծությունը օտար գոյությունը լուծում է սեփականի մեջ:


Ողջ տեսանելին միտում է անտեսանելուն, լսելին՝ անլսելուն, շոշափելին՝ անշոշափելուն: Թերևս, մտածելին՝ անմտածելուն:


Ձևը հակաթեզն է: Բովանդակությունը՝ թեզը: Բովանդակությունը ինչ-որ ինքնուրույն, հաստատուն բան է: Ձևը՝ հարաբերականը, փոփոխականը, ժխտման հիմքն է, ինչպես բովանդակությունը իրականության հիմքն է: Ինչը կարելի է առանձին մտածել՝ բովանդակությունն է: Ինչը պետք է մտածել ինչ-որ բանի առնչությամբ՝ ձևն է:


Հոգու նստավայրն այնտեղ է, որտեղ ներքին աշխարհն ու արտաքին աշխարհը շփվում են: Որտեղ նրանք ներթափանցում են՝ նա այդ ներթափանցման յուրաքանչյուր կետում է:


Մեր մեջ բանաստեղծության հասկացման հատուկ ունակություն է դրված, ինչ-որ բանաստեղծական տրամադրություն: Բանաստեղծությունը զուտ անհատական երևույթ է, և այդ պատճառով էլ այն ոչ կարող ես նկարագրել, ոչ սահմանել: Նրան, ով անմիջականորեն չգիտի և չի զգում բանաստեղծությունը՝ անհնար է բացատրել, թե դա ինչ բան է: Բանաստեղծությունը բանաստեղծություն է: Քերականական և հռետորական արվեստներից այն տարբերվում է, ինչպես երկինքը՝ երկրից:


Մահը մեր կյանքի ռոմանտիկականացված սկզբունքն է: Մահը – մահվանից հետո կյանքն է: Կյանքը մահվան միջոցով ամրապնդվում է:


Կյանքը մահվան սկիզբն է: Կյանքը հանուն մահվան է: Մահը վախճան է և միաժամանակ սկիզբ, ինքդ քեզնից բաժանում և միաժամանակ շուտով ինքդ քեզ միացում: Մահը ամփոփում է:


Գուցե երկնքում նույնպես մահ կա, ինչի արդյունքը երկրային ծնունդն է:


Ամենահրաշալի և հավիտենական երևույթը մեր սեփական գոյությունն է: Մարդու մեծագույն գաղտնիքը հենց ինքն է:


Ոչինչ ավելի հասանելի չէ հոգուն, քան անսահմանը:


Երջանկություն և դժբախտություն - երկուսն էլ և’ դրական են, և’ բացասական:


Աբստրակցիան թուլացնում է: Ռեֆլեքսիան ուժեղացնում է:


Իսկական բանաստեղծական հանճարը ուժեղացնում է, մինչդեռ սովորականը թուլացնում է:


Ոգու գիտություն: Իսկական անմեղությունը – չիշխելու բացարձակ էլաստիկականությունն է:


Ինձ թվում է, որ իմ հոգու վիճակը ես լավագույնս կարող եմ արտահայտել հիքիաթով: Ամեն ինչ հեքիաթ է:


Սուրբ Հոգին ավելին է, քան Աստվածաշունչը: Նա պետք է լինի քրիստոնեության մեր ուսուցիչը, և ոչ թե մեռած, երկրային, երկիմաստ տառ:


Աշխարհը Հոգու համապարփակ այլաբանությունն է, նրա խորհրդանշական պատկերը:


Այն ամենը, ինչը մենք գիտենք, հաղորդագրություն է: Իրականում աշխարհը հաղորդագրություն է - Հոգու հայտնություն:


Ոմանց չի բավականացնում Հոգին ներկայի մեջ, բայց փոխարենը նրանք ավելի շատ են տիրում Հոգուն Ապագայի մեջ:


Ի՞նչ է մարդը: Հոգու կատարյալ փոխաբերություն:


Մարդկությունը աստվածների համատեղ օրգանն է:


Աստված աստվածներ է ուզում:


Յուրաքանչյուր ոք, ով ապրում է Աստծով և Աստծո մեջ, ինքը աստված է դառնալու:


Ի՞նչն է ձևավորում մարդուն, եթե ոչ նրա կյանքի պատմությունը: Ճիշտ նույն կերպ մեծ մարդկանց ձևավորում է ոչ այլ ինչ, քան համաշխարհային պատմությունը:


Մենք երազում ենք տիեզերքում ճամփորդելու մասին: Բայց մի՞թե տիեզերքը մեր ներսում չէ: Մեր ոգու խորությունը մենք չգիտենք: Հենց այնտեղ է տանում խորհրդավոր ճանապարհը: Մեր մեջ է կամ ոչ մի տեղ՝ հավերժությունը իր աշխարհներով, անցյալն ու գալիքը: Արտաքին աշխարհը՝ ստվերների աշխարհն է, այն իր ստվերն է նետում լույսի թագավորության վրա:


Արվեստագետը կանգնած է մարդկանց վրա, ինչպես արձանը՝ պատվանդանի:


Միանգամայն հասկանալի է, թե ինչու է վերջում ամեն ինչ վերածվում բանաստեղծության: Մի՞թե նաև աշխարհը վերջում չի վերածվում հոգևորության:


Ճշմարտությունը հորինվածք է կամ պատրանք:


Պայծառ գույները՝ երեխային, ճյուղերը՝ պատանուն, գավազանը՝ այրմարդուն և մուգ գույները՝ ծերունուն:


Ճշմարտությունը կատարյալ սխալն է, ճիշտ այնպես, ինչպես առողջությունը կատարյալ հիվանդությունն է:


Հոգուն ներհատուկ է անդորրը:


Անձնական հոգին պետք է համահունչ լինի Համաշխարհային Հոգուն:


Միայն մեր օրգանների անկատարությամբ և մեզ զգալու մեր կարողության անբավարարությամբ է բացատրվում, որ մենք մեզ չենք տեսնում հեքիաթային աշխարհում: Բոլոր հեքիաթները երազներ են այն հայրենի աշխարհի մասին, որը ամենուր է և ոչ մի տեղ: Մեր մեջ գերագույն ուժերը, որոնք, հանճարների հանգույն, ժամանակին կառաջնորդեն դեպի մեր կամքի կատարելությունը, մուսաներն են, որոնք մեզ հիշողություններով են խրախուսում այդ դժվարություններով լցված ուղուն:


Ոչինչ ավելի բանաստեղծական չէ, քան հիշողությունն ու կանխազգացումը կամ գալիքի պատկերացումը: Անցած ժամանակների մասին պատկերացումները մեզ մղում են մահացման, չքացման: Գալիքի մասին պատկերացումները մեզ ստիպում են կենսականության, մարմանվորման, առնմանող գործունեության: Դրա համար էլ ամենայն հիշողություն տխուր է, ամենայն կանխազգացում՝ բերկրալից : Առաջինը չափավորում է չափազանց մեծ մի կենսականություն, երկրորդը վեր է մղում թույլ կյանքը: Սովորական ներկան սահմանափակման միջոցով անցյալը կապում է գալիքին: Ծագում է առնչությունը, իսկ քարացման միջոցով՝ բյուրեղացումը: Բայց գոյություն ունի մի հոգևոր ներկա, որը այդ երկուսը իրար լուծելով՝ նույնացնում է - և այդ խառնուրդը բանաստեղծի տարերքն է, մթնոլորտը:


Երբեք պետք չէ քեզ խոստովանել, որ ինքդ քեզ սիրում ես: Այդ խոստովանության գաղտնիքը միակ ճշմարիտ և հավերժական սիրո կենսական սկզբունքն է: Այդ գաղտնի հարաբերության մեջ առաջին համբույրը փիլիսոփայության սկզբունքն է, նոր աշխարհի առաջացումը, բացարձակ տոմարի սկիզբը, անսահմանորեն աճող ինքնամիության հաստատումը: Ո՞ւմ դուր չէր գա այն փիլիսոփայությունը, որի նախասաղմը առաջին համբույրն է:


Վեպը պատմությունն է ազատ ձևի մեջ, ասես թե պատմության դիցաբանությունը:


Մարդը արեգակն է, նրա զգացմունքները մոլորակներն են:


Բանաստեղծը բնութունը ավելի լավ է հասկանում, քան գիտնականը:


Մեզ համար Նոր Կտակարանը մի գիրք է, որը կնքված է յոթը կնիքներով:


Ես - Դու եմ:


Երկինքը աստղերի հոգին է, աստղերը երկնքի մարմինն են:


Ծաղիկը մեր հոգու գաղտնիքի խորհրդանիշն է:


Մենք միաժամանակ բնության մեջ ենք և նրանից դուրս:


Այդ խայտաբղետ գույները, ուրախ հնչյունները և տաք օդը չեն, որ մեզ գարնանը այդքան ոգեշնչում են: Այդ անվախճան հույսեր ավետող խաղաղ ոգին է, բազում բերկրալի օրերի, բազմաբղետ բնության առողջ գոյության նախազգացումը, վերին, հավերժական Ծաղկի և Մրգի սպասումը և փոխադարձ մթին համակրանքը այնքան հարազատ դարձած աշխարհի հետ:


Կյանքն ավարտվում է, ինչպես օր և ասես վերջացած մի գործողություն,- տխուր, բայց վսեմ հույսով:


Ձանձրույթը սով է:


Հագուստը խորհրդանիշ է:


Ոմանց անհատականությունը տարածական է, մյուսներինը՝ ժամանակային: Մի՞թե դա չէ, որ տարբերում է հերոսներին և արվեստագետներին:


Ինչո՞վ է արտահայտվում ոգեշնչումը կանանց մոտ: Մի՞թե ոչ հղիությամբ:


Մտածել նշանակում է կամենալ, կամենալ նշանակում է մտածել:


Աչքերը զգացմունքների խոսքի օրգանն են: Տեսանելի առարկաները զգացմունքի արտահայտություններն են:


Բանաստեղծությունը հասարակության բազան է, ճիշտ այնպես, ինչպես առաքինությունը պետության բազան է: Կրոնը բանաստեղծության և առաքինության խառնուրդն է - և, ուրեմն, ինքներդ կռահեք, թե ինչ բազա:


Տարածությունը ողջ կայունի բազան է, ժամանակը՝ ողջ փոփոխականի բազան: Տարածությունը սխեմա է. ժամանակը՝ հասկացություն, այդ սխեմայի գործնեությունը:


Արդեն Խիղճը ցույց է տալիս մեր կապվածությունը (անցման հնարավորությունը) ինչ-որ այլ մի աշխարհի հետ:           


Աշխարհը ոգու համընդհանուր դիակն է, նրա խորհրդանշական պատկերը:


Աստված մերթ միավոր է, մերթ զրո:


Աշխարհը, համենայն դեպս, իմ և Աստծո միջև փոխազդեցության հետևանքն է: