ՆԱԽԱՆՁ

Ոգի՞ մ՚ես դու, պատրանք, ցընորք կամ երազ.
Որ վրդովես հոգվույս հանգիստն հանապազ,
Որպես շիրմացն ի ծառաստան մի թռչուն,
Ննջեցելոց ընդմիջե միշտ Մահու քուն։ —

Թե չեմ խնդրեր զրկանքներուս հատուցում,
Ակնարկս ալ զուր տեղը խնդրե մոռացում,
Ամեն եզերք՝ ինչպես նավուն թափառիկ,
Հիշեցընե միշտ կորուսյալն հայրենիք։

Որպես ոգի մ՚նավորդին աչք կը փակե,
Զամեն տեսած ափունս կարծե Իթակե,
Նույնպես և ես աչացս փայլող համեն լույս,
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։—

Իրիկվան դեմ, ես ինքնիրմես խույս տալով
Վազեմ երբեմն հոն ուր յուր վերջն առնու ծով,
Անդ զարևմուտ դիտեմ հնոց մը հանգույն.
Որպես հարգանք թռչնոց դառնան յուրյանը բույն.

Այնպես և շողք վերջալուսին անդ դառնան,
Երբ ըզմայլիմ անձայն ես հայս տեսարան,
Դու երևիս, և ես հարփվույն հետին լույս
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —

Ի գիշերին երբ մութն հաշխարհ թևածե,
Երթ շունչ հովին, երբ երգ հովվին լըռած է,
Ու երբ կուսին աղոթքներուն հեշտալուր
Ունկըն կախեն զմայլած ոգիք ծովուն լուռ,
Աչքըս տրտում արկեալ երկնից անշեջ ջահ՝
Դիտեմ զընթաց նորին հեթեր հեզասահ.
Դու գաս, ու ես ի լուսնեկին թալուկ լույս
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —

Կամիմ երբեմն սենեկիս մեջ միայնակ
Մոռնալ ջանալ սև օրերու հիշատակ,
Ու զսպելով հիմար սրտիս բաբախյուն,
Աչքերըս գոց, թաղված ի խոր լըռություն,
Լըսեմ, հոգվույս որպես ողբույն արձագանք
Վառարանին խոնավ փայտից հեծեծանք.
Դու գաս կրկին, ու ի կարմիր բոցույն լույս՝
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —

Արշալույսին երբ փարատին թանձր ըստվերք,
Հառավոտյան զեփյուռ ցրվեն կուսին հերք.
Ու մյուեզզինե ի սրտառուչ երգին ձայն
Հաղոթս կոչե հավատացյալս ամենայն,
Ես ի տագնապ ցավոց գիշերը ողջույն
Այնքան հսկած, կանգնիմ հոտունս դողդոջուն՝
Դու գաս նորեն և ես հայգուն առջի լույս,
Հանկարծ կարծեմ տեսնել պատկեր սիրուհվույս։ —

Այսպես սահին պատանության խենդ ավուրք
Ու ցուրտ քարին ներքև մարին սիրո հուրք,
Իսկ դու ոհ չե՞ս գար հոն ուր մարդը անհագ
Կը տանի հետն հավատ հույս սեր և փափագ.
Ու երեք ոտք հող կը բավե այն փառաց
Ույց տիեզերքն անգամ երբեք չէ բաված,
Եկուր, եկուր ու այս աչացս հետին լույս,
Վերջին անգամ ցույց տուր պատկեր սիրուհվույս։

<1883>