Նախընտրական ելույթ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
խմբագրել
Մեծարգո պարոն նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Նախապես զգուշացնեմ, որ իմ ելույթը կրելու է ոչ այնքան ծրագրային, որքան զուտ քաղաքական բնույթ՝ թելադրված ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ մեր հանրապետության ճգնաժամային իրավիճակից։
Խորհրդային Միությունում տեղի ունեցող ընդհանուր գործընթացների ուղղվածությունը եւ հայ ժողովրդի պատմական փորձը` Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարի տեսակետից նախանշում են քաղաքականության հետեւյալ գլխավոր հատկանիշներով բնորոշվող մայրուղին.
- ինքնուրույն տնտեսական համակարգի վրա հաստատված ազգային անկախ պետականություն.
- միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված իրավական պետություն.
- համամարդկային արժեքների, մարդու իրավունքների վրա խարսխված դեմոկրատական հասարակարգ։
Եթե համեմատելու լինենք մի շարք խորհրդային հանրապետությունների ընդունած անկախության եւ ինքնիշխանության հռչակագրերի պարունակած կոնկրետ միջոցառումները, ապա կտեսնենք, որ նրանք, բացի մանրամասներից, ըստ էության իրարից ոչնչով չեն տար բերվում։ Համարյա բոլոր հանրապետություններն էլ որպես իրենց ազգային ծրագրի առաջնահերթ խնդիրներ ընդգծում են հետեւյալ միջոցառումները.
- ինքնուրույն տնտեսական համալիրի ստեղծում.
- սեփական ազգային հարստությունների տնօրինում.
- ներհանրապետական կոոպերացիայի եւ ներքին շուկայի ամրապնդում.
- ինքնուրույն հարկային քաղաքականության եւ դրամական համակարգի կիրառում.
- սեփականության ձեւերի բազմազանություն.
- Միության նկատմամբ ձեւավորված պարտավորությունների արմատական վերանայում.
- սեփական Սահմանադրության եւ օրենսդրության գերակայության ապահովում.
- ուղղակի արտաքին հարաբերությունների հաստատում.
- սեփական բանակի եւ անվտանգության մարմինների ստեղծում.
- օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառնությունների տարանջատում.
- պետական մարմինների ապաքաղաքականացում.
- հասարակական կյանքի ապապետականացում.
- բազմակուսակցական համակարգի եւ դեմոկրատական լիակատար ազատությունների հաստատում.
- մայրենի լեզվի, ազգային մշակույթի զարգացման ապահովում եւ այլն։
Վստահ եմ, որ նույն պատկերն են ունենալու նաեւ տարբեր հասարակական-քաղաքական հոսանքների, այդ թվում՝ կոմունիստական կուսակցության կողմից ներկա նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք հռչակագրերի նախագծերը, քանի որ դա է Խորհրդային Միության զարգացման օբյեկտիվ հրամայականը։ Բոլոր հանրապետություններն էլ վաղ թե ուշ որդեգրելու են ինքնիշխանության ու դեմոկրատացման նշված ուղին, որի հետ, կարծեք թե, որոշ վերապահումներով հարկադրված են հաշտվել նաեւ կենտրոնական իշխանությունները։ Այդ դեպքում, բնականաբար, հարց կարող է առաջանալ, թե որո՞նք են յուրաքանչյուր հանրապետության ազգային ծրագրի հիմքում ընկած այն ելակետային տարբերակիչ սկզբունքները, որ պետք է կողմնորոշվելու եւ ընտրություն կատարելու հնարավորություն տան ժողովրդին։
Իմ կարծիքով՝ օբյեկտիվորեն գոյություն ունի այդպիսի երկու կողմնորոշող սկզբունք.
Առաջին. վերաբերմունքը միութենական նոր պայմանագրի կամ ֆեդերացիայի նկատմամբ.
Երկրորդ. հասարակության այն ուժերի բացահայտումը, որոնք ի վիճակի են իրագործելու ազգային ծրագիրը։
Առաջին հարցի առնչությամբ ելակետային պետք է համարել այն հանգամանքը, որ երկրի քաղաքական կյանքում այժմ դրսեւորվում է Միության իրավասությունների սահմանափակման, եւ ընդհակառակը՝ հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների իրավասությունների ընդլայնման ակնհայտ միտում։ Մի կողմից՝ կենտրոնական իշխանությունները, խոսքով ընդգծելով խորհրդային դաշնության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականում սակայն նոր ընդունվող օրենքներով ու օրենսդրական ակտերով փորձում են պահպանել երկրի ամբողջատիրական[1] կառավարման համակարգը։ Մյուս կողմից՝ հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրենց ընդունած ինքնուրույն որոշումներով ձգտում են հաստատել իրենց ինքնիշխանությունը՝ որպես կանոն հակասության մեջ մտնելով միութենական Սահմանադրության եւ գործող օրենսդրության դրույթների հետ։
Հակասության լուծման ելքը երկրի հասարակական միտքը տեսնում է կա՛մ նոր միութենական պայմանագրի կնքման, կա՛մ այդ պայմանագիրը միջհանրապետական երկկողմանի պայմանագրերով փոխարինելու, կա՛մ էլ միաժամանակ ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի առկայության մեջ։ Նկատի ունենալով աշխարհում իրականացող ինտեգրացիոն գործընթացները եւ իրատեսորեն գնահատելով պատմականորեն ձեւավորված իրողությունները՝ միանգամից չի կարելի բացառել ո՛չ մեկ, ո՛չ մյուս, ո՛չ էլ երրորդ հնարավորությունը։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, չսպասելով հարցի վերջնական լուծմանը եւ առաջնորդվելով իր ազգային շահերով, պարտավոր է այսօր եւեթ, որպես օրակարգի խնդիր, իրավահավասար հիմունքներով երկկողմանի քաղաքական եւ տնտեսական պայմանագրեր կնքել բոլոր միութենական հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների հետ։ Ինչ վերաբերում է միութենական պայմանագրին, ապա տեսանելի ապագայում այն թերեւս կարող է ընդունելի լինել միայն հետեւյալ պայմանների բավարարման դեպքում.
- Հայաստանի մասնակցությունն այդ պայմանագրին միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակով.
- հանրապետության տարածքում երկրորդ, այն է՝ միութենական Սահմանադրության եւ միասնական օրենսդրության կիրառության բացառումը։
Դժվար չէ կանխատեսել, որ միութենական պայմանագրի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկն էլ կլինի խորհրդային բանակի կարգավիճակի սահմանումը։ Ներկայումս համարյա բոլոր միութենական հանրապետություններում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, տիրապետող է դառնում ազգային զորամիավորումների ստեղծման գիտակցությունը՝ այդ ուղղությամբ որպես առաջին քայլ դիտելով յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչների զինծառայությունը սեփական հանրապետության տարածքում։ Հետագայում, ըստ երեւույթին, չի բացառվում խորհրդային կամ ռուսական բանակի ժամանակավոր ներկայությունը հանրապետություններում՝ միջազգային պայմանագրերով սահմանված ռազմական բազաների կարգավիճակով։
Արձանագրելով երկրի զարգացման օբյեկտիվ ընթացքով թելադրված այս գլխավոր միտումները՝ հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ Միության եւ հանրապետությունների փոխադարձ պարտավորությունների նման արմատական վերանայումը կողմերից պահանջում է հանդես բերել պարտնյորային հարաբերությունների բարձր գիտակցականություն, մոտեցումների իրատեսություն, միայն ու միայն քաղաքական լուծումներ փնտրելու պատրաստակամություն՝ խուսափելով ուժային մեթոդներից, անցանկալի առճակատումներից ու հակասությունների անհարկի սրումից։ Իսկ թե ինչպիսի հանգրվաններով կիրականացվի ազգային անկախ պետականության վերականգնումը՝ դա արդեն կախված է ոչ թե առանձին անհատների քմահաճույքից կամ կուսակցությունների թելադրանքից, այլ կոնկրետ քաղաքական իրավիճակներում ժողովրդի կամքն արտահայտող ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի դիրքորոշումից, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ հանրաքվեի միջոցով կայացած համաժողովրդական վճռից։
Մի բան, սակայն, պարզ է, եւ դա ապացուցեց Լիտվայի օրինակը, որ անկախ պետականության վերականգնումը ոչ թե միաժամանակյա ակտ է, այլ միջոցառումների մի հսկայական համալիրի հետեւողական կենսագործման որոշակի տեւողություն պահանջող գործընթաց։
Սրանով մենք ընդհուպ մոտեցանք մեր երկրորդ սկզբունքային հարցադրմանը, այն է՝ հասարակության ո՞ր ուժերն են արդյոք ի վիճակի իրագործելու այդ միջոցառումները եւ ստեղծելու Հայաստանի ինքնուրույն, անկախ գոյության քաղաքական, տնտեսական, իրավական եւ հոգեւոր նախադրյալները։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ խորհրդային մյուս հանրապետությունների հետ ունեցած ընդհանրությունների կողքին Հայաստանն աչքի է ընկնում նաեւ որոշակի առանձնահատկություններով՝ կապված Արցախի խնդրի, գաղթականների ճակատագրի, աղետի գոտու վերականգնման եւ ռազմական ջոկատների առկայության հետեւանքով հանրապետության ներսում ստեղծված անկայուն իրավիճակի հետ, որ ավելի է բարդացնում Հայաստանի ապագա իշխանությունների պատմական առաքելությունը։
Ի տարբերություն անկախության կամ ինքնիշխանության ուղին բռնած Մերձբալթյան հանրապետությունների, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, Հայաստանում գործադիր իշխանության բոլոր լծակները դեռեւս գտնվում են կոմունիստական կուսակցության վերնախավի ձեռքում, որը, թվում է, առայժմ որեւէ մտադրություն չունի հրաժարվելու այդ իշխանությունից կամ այն կիսելու հանրապետությունում առաջացած նոր, դեմոկրատական ուժերի հետ՝ դրանով կիսելով նաեւ պատասխանատվությունը ժողովրդի առջեւ։ Փաստ՝ կոմկուսի ապարատի մղած կատաղի ընտրարշավը եւ ընթացիկ նստաշրջանում նրա ցուցաբերած հակաօրինական ու հակադեմոկրատական դիրքորոշումը, որի պերճախոս վկայությունն են այն քվեարկությունները, որոնցով ապարատը փորձեց շրջափակել պատգամավորների լիազորությունների ճանաչման քննարկումը եւ խախտումներ թույլ տված ընտրական հանձնաժողովներին պատասխանատվության ենթարկելու որոշումը։
Նման պարագաներում հնարավո՞ր է արդյոք հայ ժողովրդի բախտը հետագայում եւս վստահել մի կուսակցության, որի 70-ամյա հանցավոր գործունեությունը մեր հանրապետությունը հասցրել է կործանման եզրին։ Օտարի նախաձեռնությամբ ստեղծված եւ օտար նպատակների ծառայող այդ կուսակցությունն իրականում ոչ մի կապ չունի մեր ազգային իղձերի ու նպատակների հետ։ Այդ կուսակցությունն էր, որ դրսի ուժերի միջամտությամբ 1920 թվականին վերացրեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի՝ երկրի տարածքի կեսից ավելին նվիրեց Թուրքիային եւ Ադրբեջանին, սեփականազրկելովգյուղացուն՝ քայքայեց հայկական գյուղի ավանդական կացութաձեւը, կազմակերպեց 1937 եւ 1949 թվականների զանգվածային գնդակահարություններն ու հալածանքները։
Կարող են, իհարկե, առարկել, թե այդ ամենն արդեն անցել է պատմության գիրկը, եւ վերակառուցման շրջանի կոմունիստական կուսակցությունը ոչ մի կապ չունի նշված ոճրագործությունների հետ։ Նման առարկությունը կարող էր տեղին եւ իրավացի համարվել, սակայն միայն այն դեպքում, եթե գոնե 1988 թվականի փետրվարից սկսված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կուսակցությունը երաշխիքներ տված լիներ ծառայելու մեր ազգի շահերին։
Փոխանակ գլխավորելու հայ ժողովրդի հուժկու ազգային-ազատագրական շարժումը՝ Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը փաստորեն երկուսուկես տարի շարունակ հանդես եկավ Մոսկվայի հինգերորդ շարասյան դերում՝ խափանելով ներքեւից եկող բոլոր քաղաքական նախաձեռնությունները եւ միայն ժողովրդական զանգվածների ահռելի ճնշման տակ ստիպված լինելով ինչ-որ զիջումներ կատարել հանրապետության ինքնիշխանության ընդլայնման, դեմոկրատական գործընթացների արագացման, Արցախի խնդրի լուծման ուղղությամբ։ Հիշենք, թե հանրապետության պաշտոնական իշխանությունների կողմից ինչպիսի կատաղի դիմադրության հանդիպեցին Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը վերաբերող 1988 թվականի հունիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները, հանրապետությունում արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացմանը նվիրված հռչակագիրը, բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված պահանջները եւ այլն։
Չմոռանանք նաեւ, որ նույն այդ իշխանություններն էին, որ 1988 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով լուծարքի ենթարկեցին «Ղարաբաղ» կոմիտեի տեղական կազմակերպությունները, նույն թվականի դեկտեմբերին Երեւանում եւ հանրապետության մի շարք շրջաններում մտցրին արտակարգ դրություն եւ պարետային ժամ, ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ու Շարժման բազմաթիվ ակտիվիստների, զանգվածային տեղեկատվության միջոցները հեղեղեցին 1937 թվականի զինանոցից հանված մեղադրանքներով եւ այլն։ Ահա թե որն է վերակառուցման շրջանի կոմունիստական բյուրոկրատիայի իրական պատկերը, եւ ահա թե ինչպիսի գրավականով է նա հավաստում իշխանության լծակները պահպանելու եւ հայ ժողովրդի ազգային ծրագիրն իրականացնելու իր հավակնությունը։
Քանի դեռ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով կապված է ԽՄԿԿ-ի հետ եւ ղեկավարվում է դրսից՝ նա չի կարող մինչեւ վերջ ծառայել մեր ազգի շահերին եւ լուծել հանրապետության առջեւ կանգնած կենսական խնդիրները։ Միայն ԽՄԿԿ-ի հետ ենթակայական կապերը խզելու դեպքում նա կարող է դառնալ ազգային կուսակցություն եւ իր զգալի ներդրումն ունենալ ազգային նպատակների իրականացման գործում։Դա չի նշանակում, անշուշտ, որ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, մանավանդ նրա շարքային անդամները, դուրս են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ներկա գործընթացից։ Ըստ արժանվույն գնահատելով նրանց դերն այդ պայքարում, ինչպես նաեւ նրանց ծանրակշիռ քաղաքական փորձն ու մասնագիտական-կազմակերպչական ունակությունները, վստահ ենք, որ կուսակցության բոլոր առողջ ուժերը, անկախ քաղաքական հետագա փոփոխություններից, անձնվիրաբար կկատարեն իրենց պարտքը հայրենիքի ու ազգի հանդեպ։
Ինչ վերաբերում է հանրապետության հասարակական-քաղաքական մյուս ուժերին, որոնք այսօր արդեն լուրջ հայտ են ներկայացնում կիսե լու պատասխանատվությունը հայ ժողովրդի ապագայի կերտման գործում, ապա նրանց մասին հարկ եմ համարում նշել հետեւյալը։
Վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության հռչակումից երկու-երեք տարի անց Խորհրդային Միության ժողովուրդները համոզվեցին, որ երկրի կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան ոչ միայն ի վիճակի չէ իրականացնելու ծրագրված քաղաքականությունը, այլեւ շարունակ խոչընդոտներ է հարուցում նույնիսկ վերից սահմանված չափավոր դեմոկրատիայի կենսագործման եւ տեղական ինքնավարության ընդլայնման երկչոտ փորձերի առջեւ։ Այդ իսկ պատճառով երկրի տարբեր վայրերում պաշտոնական իշխանությունների կողքին տարերայնորեն առաջացան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, միություններ եւ ընկերություններ, որոնք առանձին հանրապետություններում վերածվելով լայն սոցիալական շարժումների՝ դարձան եթե ոչ ընդդիմադիր, ապա առնվազն այլընտրական ժողովրդական իշխանություններ։ Եւ կարճ ժամանակի ընթացքում ժողովրդական այդ շարժումները հասարակության դեմոկրատացման եւ հանրապետությունների ինքնիշխանության ընդլայնման ուղղությամբ հասան շատ ավելի նշանակալից նվաճումների, քան կենտրոնական իշխանությունների ողորմածությամբ ձեռք էին բերված վերակառուցման շրջանի նախորդ երեք տարիներին։
Նման հուժկու սոցիալական շարժումներից էր նաեւ հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարը, որը հալածանքների դժվարագույն պայմաններում, անցած երկուսուկես տարիների ընթացքում արձանագրեց հետեւյալ շոշափելի նվաճումները.
- Հայաստանի Գերագույն խորհրդի 1988 թվականի հունիսի 15-ի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին,
- Հայկական ատոմակայանի փակումը եւ «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման աշխատանքի դադարեցման մասին ընդունված որոշումը,
-1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հրապարակված օրենքը, - 1918 թվականի մայիսի 28-ը որպես Հայոց պետականության վերականգնման օր եւ Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը որպես ազգային խորհրդանիշ ճանաչելու որոշումը,
- մի շարք հասարակական կազմակերպությունների պաշտոնական ճանաչումը,
- Հայաստանի Սահմանադրության մեջ հանրապետության օրենքների գերակայությունն ապահովող 75-րդ հոդվածի ընդունումը,
- 1990 թվականի գարնանային զորակոչի ժամանակավոր կասեցումը,
- հայ երեխաներին պարտադիր հայեցի կրթություն տալու մասին հանրապետության ժողկրթության նախարարության ընդունած հրամանագիրը եւ այլն։
Թերեւս ավելորդ չէ հիշեցնել, որ ժողովրդական այդ շարժման ահռելի ջանքերի գնով են ձեռք բերված նաեւ հանրապետությունում հաստատված խոսքի, մամուլի, ցույցերի, միտինգների ազատությունը, համեմատաբար դեմոկրատական ընտրական օրենքի ընդունումը եւ ներկա խորհրդարանում տիրող բազմակարծությունը։
Թվարկված նվաճումներն էլ, ահա, հանդիսանում են այն ակնհայտ հավաստիքը, որ հանրապետության դեմոկրատական ուժերին հիմք է տալիս իշխանության համար մղվող սահմանադրական պայքարում հավակնելու ներկա խորհրդարանի եւ ողջ ժողովրդի վստահության քվեին։
Այսպիսով, եթե այսօր հանրապետությունում կա մի ուժ, որ ընդունակ է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից եւ կտրուկ շրջադարձ կատարել դեպի ազգային նպատակները, ապա դա Հայաստանի Գերագույն խորհրդի դեմոկրատական թեւն է, որն, ի դեպ, դեմոկրատական է ոչ միայն գաղափարախոսությամբ, այլեւ իր կազմով։ Նրանում ընդգրկված են մեր հասարակության համարյա բոլոր խավերի ներկայացուցիչները՝ բանվորներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ, կրտսեր գիտաշխատողներ, մտավորականներ եւ այլն, մինչդեռ խորհրդարանի այսպես կոչված «բանվորա-գյուղացիական» կոմունիստական կուսակցության ճակատը կազմված է բացառապես բարձր նոմենկլատուրայի ներկայացուցիչներից, որ, կարծում եմ, մեր ժողովրդին լուրջ խորհելու տեղիք պետք է տա։ Արեւելյան Եւրոպայի երկրների, Մերձբալթյան հանրապետությունների եւ վերջապես Ռուսաստանի փորձը եւս մեզ պետք է հուշի, թե հասարակության որ ուժերի հետ է կապված ազգային-դեմոկրատական նպատակների իրականացման հույսը, եւ որքան կարեւոր է ժամանակին ու ճիշտ ընտրություն կատարելը։ Այդ առումով ուսանելի է մանավանդ Ուկրաինայի օրինակը, որի խորհրդարանը, կազմավորումից ընդամենը մի քանի ամիս հետո, ստիպված եղավ ազատվել կուսակցական բյուրոկրատիայի վերահսկողությունից եւ ուշացումով որդեգրեց ազգային պետականության հաստատման ուղին։ Սխալ ընտրության դեպքում, վստահաբար, նույնը կարող է սպառնալ Հայաստանի խորհրդարանին, այն տարբերությամբ միայն, որ եթե Ուկրաինան կարող էր իրեն այդ շքեղությունը թույլ տալ, ապա մենք հապաղելու իրավունք չունենք՝ նկատի ունենալով հանրապետության եւ Արցախի իրավիճակի լրջությունը։
Այսօր մեր հանրապետության առջեւ, բացի հեռանկարային ծրագրերից, ծառացած են մի շարք առաջնահերթ խնդիրներ՝ Արցախի հարցի լուծումը, աղետի գոտու վերականգնումը, գաղթականների վիճակի բարելավումը, քայքայված տնտեսության կարգավորումը եւ այլն։ Բայց ո՛չ այդ խնդիրները, ո՛չ էլ հեռանկարային ծրագրերը հնարավոր չէ իրականացնել, մինչեւ որ Հայաստանի նորաստեղծ իշխանությունը չկարողանա ապահովել հանրապետության իրավիճակի կայունությունը։ Առանց այդ կայունության ոչ մի քաղաքական, տնտեսական, ազգային ծրագիր հնարավոր չէ իրականացնել, հնարավոր չէ միջազգային պայմանագրեր կնքել, հնարավոր չէ օտարերկրյա կապիտալ ներմուծել։
Այդ կայունությունը չի կարող ապահովել ներկա իշխանությունը՝ չունենալով ժողովրդի վստահությունը։
- «Հայք», 9 օգոստոսի, 1990 թ.։
- ՀՀԱՆԱ, 28/03.08.90։ Բնագիր։ Ինքնագիր։
- «Հայք», 9 օգոստոսի, 1990 թ.։
- ↑ Տպագրում՝ ամբողջական, ըստ ձեռագրի ուղղում ենք ամբողջատիրական։