Նամակներ Աղասի Շահինյանին (Շուշանիկ Կուրղինյան)

Նամակներ Աղասի Շահինյանին
Նամակներ Աղասի Շահինյանին
22 փետրվարի, 1915 թ․
Խարկով
Սիրելի Աղասի.

Վաղուց է, որ ոչինչ գրած չեմ, թեև գիտեի, թե ինչ հոգեկան ապրումների ենթարկված էիր դու։ Շավարշը բավականին լուրջ հիվանդացավ։ Նախկին բժիշկը, որի մոտ նա բժշկվում էր, բանից դուրս է գալիս, որ ունքը շինելու փոխարեն աչքն է հանել՝ տխմարաբար բարդել ստամոքսի հիվանդությունը։ Այժմ գնում է Մելիք-Ադամյանի մոտ, տեսնենք ինչ կլինի։

Ի՞նչ ես շինում այդտեղ․ հեռացիր, փախիր, կխեղդվես։ Երևակայում եմ, որքան ջանք ուկորով է հարկավոր հաշտ, համերաշխ լինելու քեզ շրջապատող արարածների հետ։

Ամառը մտադիր ե՞ս մի տեղ գնալու, թե ոչ՝ գրիր ինձ։ Շավարշը սաստիկ ցանկություն ունի գալ այստեղ, հատկապես քեզ հետ թափառելու, կազդուրվելու, մայիսի վերջին ուզում է գալ, որ գնանք Անի, Էջմիածին, այլուր ու ապա Թիֆլիս, Անապա ու տուն։

Ամեն օր խոսում, ծրագիր է կազմում, հիրավի, լավ բան կլիներ, եթե ազատ լինես, ավելորդ ծախսերդ ես կհոգամ։ Բացի քեզանից, մեկը չունեմ, որ հավատամ նրան, այսինքն, նա ինքն էլ միայն քեզ հետ լինել է ցանկանում․ կմտածես ու կգրես ինձ։

Բարևիր բոլորին էլ, ում որ պատահես, իսկ եթե մոռանաս բարեբախտաբար ու չբարևես իմ կողմից՝ վելի լավ արած կլինես։

Ու՞ր գնացին կամ թե որտեղ են ընկերդ Մկոն ու կինը, մի ամբողջ ամիս դու ինձ լավ պատժեցիր․ այ քեզ ինտելիգենտ կին, չէ հոգեպես․ միմիայն ռուսն է ուժեղ իր ուժեղ կանանցով, հոգով արի, հոգով ուժեղ, ավելի քան ուժեղ։ Հենց այդ պատճառով էլ հուսատու և խորացող է Ռուսաստանի ապագան, իսկ մեր կանայք, ի՞նչ են դրանք, մի մի դատարկ պարկ, աննյութ, անպարունակ, լսեցի՛իր, երևի, թե այդտեղից ովքեր ինձ հետ էին եկել․ Աղասի, չէ թե կանգնած, այլ մի քանի տարով էլ ետ են գնացել. առաջ քայլելու ո՛չ ձիրք, ո՛չ ձգտում, ո՛չ ուժ, սա ի՞նչ այլանդակ պակասություն է ու մինչև ե՞րբ այդպես։

Դեհ ցգրություն, պատասխանիր.

Քո Շուշանիկ

13 նոյեմբերի, 1915 թ․
Ն. Նախիջևան
Սիրելի հոգեբան․

Հույժ ուրախ եմ ազատվելուդ համար։ Լավ է որ վերջնականապես հրաժարվեցիր հրապարակային ահ ու դողից ու «անպետք» գտնվեցար հայրենիքիդ համար․․․

Գրում ես, որ սկսել ես կասկածանքով վերաբերվել դեպի բելետրիստիկան ընդհանրապես, այսինքն նրա գրական հասարակական դրդիչ ուժը, ծառայելու ընդունակ լինելուն և առհասարակ չես կարդում ո՛չ պրոզա, ո՛չ էլ քնարական երկ։

Համաձայն չեմ, բելետրիստիկան, ավելի լավ է ասել գեղեցիկ գրականությունն առհասարակ, եղել է և կմնա կարդացող հասարակության համար դրդիչ ուժ, խթան, իսկ այս ուժն ունենալու համար նա լինելու է կյանքին, ժամանակին, ձգտումներին, որոնումներին, ապրումներին մոտ ու մտերիմ, անաչառ թարգման, թե չէ առանց գեղարվեստական, գեղեցիկ կարդացող գրականության մարդու ականջները կթառամեն, հավատա։

Ասում ես, որ Գեղամ Արմենն ինձ և Հ. Հակոբյանին բանաստեղծ անվանելուց հրաժարվեց։ Չգիտեմ թե ինչ կասե Հ. Հակոբյանը, ես չեմ համարձկավում նրան պաշտապնելու, այդ կարող է ինքն անել․ վասնզի այդ գործով նա վաղուց է որ հայտնի է հրապարակում։ Հիշու՞մ ես, «Մշակում» ինքնապաշտապնությամբ պարապող «Credo»-ին․ իսկ ես, որովհետև ինձ շատ եմ սիրում և երբեք չեմ պաշտապնում, իսկ ես կասեմ, որ ո՛չ բանաստեղծուհի եմ, ո՛չ էլ հրապարակախոս, ո՛չ տենդենցիոզ, ո՛չ մենդենցիոզ այլ մի հասարակ, սովորական «просто приятная дама», ճիշտ չե՞մ ասում․ պրծավ գնաց. թե ո՞ւր, ո՞ր ճամփով, չգիտեմ․․․

Մանիկիս նկարը ստացա․ իհարկե, չճանաչեցի, մինչև որ նամակդ կարդացի․ շնորհակալություն։

Այստեղ ձմեռն սկսվել է, երկու օր է ձյուն է գալիս։

Ջերմագին սեղմելով իմ ձեռքը, մնամ

Քո Շուշանիկ