Նամակ Ավետիք Իսահակյանին (Շուշանիկ Կուրղինյան)

Նամակ Ավետիք Իսահակյանին
Նամակ Ավետիք Իսահակյանին
11 նոյեմբերի, 1907 թ․
Ռոստով-Դոն


Հարգելի կոլեգա պ․ Ավետիք․

Ուղարկում եմ երկու կտոր գրվածք և գիրքս․ առ այժմ բավականացեք դրանցով։ Սաստիկ զբաղված եմ, հետո կուղարկեմ այլ տեսակներից՝ իմ մեջ կատարվող նոր հոսանքից․․․

Գիրքս՝ չեղավ այն, ինչ-որ կուզեի։ «Նոր կյանքի» փակվելու պատճաոով ինձ օգնողները կապույտ քեռիների մոտ հյուր գնացին, ամբողջ գործը մնաց անտեր, անտիրական, ռուս գրաշարների ձեռքում։ Ինչպես գիտեք, ես էլ զբաղված եմ պաշտոնով ամբողջ օրը․․․ Մոտ հարյուր օրինակ էլ հոգուն հանգուցելոց եղավ դեռ չստացած։ Մի խոսքով սոցիալիզացիայի հանդիպեց։

Բարևեցեք իմ կողմից պ. Հովհ. Թումանյանին։ Ես նրա հետ ծանոթացել եմ Աղեքսանդրապոլում իմ առաջին ցենզորի (Հովհ. Կոստանյան) միջոցով և մինչև այժմ հիշում եմ։

Շատ բան ունեմ գրելու, մնա մյուս անգամ։ Ահագին գործ կա առաջիս։ «Բանվորուհի» երկիս համար նամակներ ստացա․ ինչպես շուտ է զգացվում մոտիկ ցավը․․․


Ընդունեցեք բարևներս՝
Շ. Կուրղինյան

Հ. Գ. Իզուր ծրարիս վրայի հասցեով չեն ուղարկում թերթը, այդպես շատ ուշ եմ ստանում։ Հայտարարությունը փոխելով դնել տվեք և գրքիս վրայի հասցեն։

նույն։