Նամակ Բաքվից (1893, դեկտեմբերի 30)
Դեկտեմբերի 28-ին Բաքվի քաղաքային դումայի դահլիճում տեղի ունեցավ քաղաքագլխի և քարտուղարի ընտրությունը: Նիստը բացվելուց հետո առաջարկվեցին չորս կանդիդատներ. պ. պ. Հ. Ադամյան, Կոզլիակովսկի, Խր. Անտոնով և Ալ. Իրիցկի, քվեարկվեցին երկուսը. պ. Անտոնով ստացավ 37 ձայն ընդդեմ 20-ի, իսկ պ. Իրիցկի 30 ձայն ընդդեմ 27-ի, ուստի պ. Խրիստաֆոր Անտոնով ընտրվեց Բաքվի քաղաքագլուխ:
Ապա նոր քաղաքագլուխը՝ սաստիկ զգացված՝ դիմեց ձայնավորներին հետևյալ ճառով. «16 տարի սրանից առաջ ես պաշտոն էի վարում արքունական ծառայության մեջ, որտեղ ես արժանացել եմ պարգևների և շքանշանների, իսկ վերջը, ինչպես ձեզանից շատերը գիտեն, գավառապետի պաշտոն էի վարում. նրանից հետո է, որ ահա 16 տարի է ինձ վիճակվեց թողնել արքունական ծառայությունը և մտնել այս մասնավոր հասարակական ծառայության մեջ: Այս 16 տարվա միջոցում չորս անգամ ընտրված եմ անդամ քաղաքային դումայի և երբեմն փոխնորդ քաղաքագլխի: Թե ինչպես եմ կատարել այդ պաշտոնը այդ 16 տարվա ընթացքում, թողնում եմ ձեզ, հարգելի պարոններ, դատել, բայց գիտեք թե որքան ծանր է մի հասարակությանը ծառայել և որքան փշոտ է այդ ասպարեզը: Արքունական պաշտոնի մեջ ծառայողը ստանում է վարձ և փառք, պարգև և շքանշաններ, զավակների ապահովություն, և արժանանում է կառավարության շնորհակալության: Իսկ մասնավոր հասարակական ծառայության մեջ անցած 16 տարվա միջոցում ահա թե ինչ եմ աշխատել ես: Երիտասարդության առույգ ուժերս նվիրել եմ հասարակության և մի խումբ մանր զավակներս և ծերությունս չեմ ապահովել: Սրա փոխարեն հանդիպեցի մի խումբ հասարակական տրտունջների ու խոչընդոտների, նմանապես նյութ դարձա լրագրական զանազան ակնարկների, անարգանքների և ծաղրի: 16 տարվա ընթացքում գեթ մի անգամ մի շնորհակալության խոսք չեմ լսած: 16 տարի շարունակ, այս ասպարեզը ինձ միշտ մտածել է տվել, թե չարժե ծառայել հասարակությանը, որից միշտ տրտունջի և անարգանքի է հանդիպում մարդ: Այո, մինչև օրս այդ միտքը ինձ հանգստություն չէր տալիս: Բայց այժմ, այս օրվա դեպքը առիթ տվեց ինձ ասել, որ հասարակությունը կարողանում է զանազանել իր աշխատավոր մշակին: Այո, առիթ է տալիս ասել, որ նա գիտե, ճանաչում է և գնահատում իր հավատարիմ ծառայեին: Ուստի հայտնելով ձեզ իմ անկեղծ շնորհակալությունը, թույլ տվեք նաև ավելացնել մի խոսք մեր ապագա գործունեության մասին: Մենք գիտենք այն բեռնակիր մշակներին, որոնք ահագին նավը իրենց ուսերի վրա առած՝ հակառակ ջրի ընթացքին, վեր են քաշում այդ մեծ և ծանր բեռը և տեղափոխում մի տեղից մյուս տեղը: Այդպես էլ ես ձեր ամենքի օգնությամբ և ձեզ հետ միասին այդ հասարակության բեռը պետք է տանենք ընդհանուրի օգտի համար. թող այդ գործում օգնե մեզ Տերը»: Այդ խոսքերը առաջ բերեցին ծափահարություններ:
Ապա նախկին քարտուղար պ. Բելիավսկին քվեարկվեց դարձյալ քարտուղարի պաշտոնի համար: Բելիավսկին, որը մոտավորապես 15 տարի վարում է այդ պաշտոնը, ընտրվեց 56 ձայնով ընդդեմ 1-ի:
Դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամը 7-ին, դումայի դահլիճում կատարվեց վարչության անդամների ընտրությունը նոր քաղաքագլուխ Անտոնովի նախագահությամբ: Առաջարկվեցին 7 կանդիդատներ, որոնցից գաղտնի քվեարկության ենթարկվեցին և ձայների առավելություն ստացան հետևյալ անձինք.-Բալաբեգ Օրուչալիբեգով 53 ձայնով, ընդդեմ 3-ի, իրավաբան Ալեքսանդր Ասրիբեգյան 38 ձայնով ընդդեմ 18-ի և գյուղատնտես Արսեն Սափարյան 36 ձայնով ընդդեմ 20-ի:
Այսօր կայանալու է քաղաքագլխի փոխանորդի ընտրությունը: