Նամակ Դավրեժից (1)
ՆԱՄԱԿ ԴԱՎՐԵԺԻՑ
Հուլիսի 5-ին
Շատ տարիներ չեն անցել, որ Դավրեժի հայերը մի քանի անգամ ենթարկված են եղել սարսափելի հալածանքների. մահմեդականներն ընդհանուր ապստամբությամբ հարձակվել են հայոց թաղերի վերա, քանդել են տներ, կողոպտել, թալանել են նրանց կայքը, բարբարոսությունը հասել է մինչև արյունահեղության և վերջացել սպանություններով: Այսպիսի չարագործությանց շարժառիթն եղել է միշտ մի հնարավոր ամբաստանություն հայերի վերա, որ դիպչում էր մահմեդականների կրոնական կամ ազգային առանձնահատկություններին, և գրգռելով մոլեռանդ ամբոխի կատաղությունը, առիթ է տվել նրանց վրեժխնդրությանը:
Այս օրերում Դավրեժի հայերին սպառնում է մի այնպիսի վտանգ, այս օրերում, երբ ամեն կողմից լսելի է լինում թանզիմաթի (օրենսդրության) ձայնը, նրա ներմուծանելը Պարսկաստանի մեջ: Այս օրերում, երբ Բարձր. Կառավարությունը աշխատում է խաղաղություն տարածել, ապահովել ժողովրդի դրությունը, և առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, հավասարություն հաստատել:
Ամբողջ մահմեդական բազմությունը գտնվում է կատաղի խռովության մեջ. նրա վրեժխնդրությունը հասել է մինչև այն աստիճանի, որ ամեն րոպե պատրաստ է հարձակվել հայերի վերա, ոչնչացնել և իսպառ բնաջինջ անել նրանց: Հայերի երկյուղը և հուսահատությունը անցել է սահմանից. նրանք արդեն սկսել են իրանց կայքը թաքցնել ապահով տեղերում և մեծ տագնապի մեջ սպասում են զարհուրելի ճգնաժամին:
Տեղային կառավարությունը ամեն միջոցներ գործ է դրել խռովությունը հանգստացնելու, նա արդեն բաժանել է զինվորներին պաշտոններ, որ վտանգի ժամանակ պաշտպանեն հայերին մահմեդականների հարձակմունքից, և հրամայել է թաղապետներին (ղալաբեգիներին), որ նրանցից յուրաքանչյուրն զսպե յուր թաղում գտնված խռովարարների չարությունը: Որովհետև այսպիսի դեպքերում ավելի մեծ ազդեցություն ունեն մոլլաները, այս պատճառավ քաղաքիս մեծ մուշտայիդը յուր կողմից ամեն ջանք է գործում դնում ապստամբության առաջն առնելու:
— Ի՞նչ է այս բոլոր հուզմունքի պատճառը:
— Չորս ամիս առաջ կորել է մի թուրք աղջիկ…
Ահա անցքի մանրամասնությունքը:
Մի թուրք ընտանիք ընդունում է յուր մեջ մի մանկահասակ որբ աղջիկ, որը գյուղից բերվելով, հանձնվում է նույն տանը իբրև աղախին: Աղջիկը, որպես լսվում է, շատ պարկեշտ վարքի տեր չէ լինում և մի օր անհետանում է այնտեղից: Ասում են, նա սիրահարվելով քաղաքումս գտնված ձեռնածուներից (ֆոկուսնիկներից) մեկի վրա, նրա հետ գնում է օտար երկիր: Բայց մահմեդական ձեռնածուի փոխարեն ամբաստանվում է մի հայ երիտասարդ, թե նա առևանգել է աղջկան, մեղանչել է կույս օրիորդի պատվի դեմ, և կամենալով ծածկել յուր հանցանքը, խեղդել է նրան ու ձգել մի հորի մեջ և այլն:
Երիտասարդը անմիջապես կալանավորվում է և ոստիկանության կողմից սկսում են խուզարկություններ անել հայերի տներում աղջկա դիակը գտնելու համար: Իհարկե ոչինչ չեն գտնում և երիտասարդի վերա ոչ մի հանցանք չէ հաստատվում: Բայց մահմեդականների հալածասիրությունը դրանով գոհ չէ մնում, նա կամենում է վրեժխնդիր լինել. նա պատիվ է պահանջում…
— Ումի՞ց:
— Ամբողջ հայ հասարակությունից…
Դիցուք թե երիտասարդը հանցավոր էր այս դեպքի մեջ, դիցուք թե բոլորովին ճշմարիտ լիներ նրա վերա դրած զրպարտությունը, բայց ինչո՞վ են մեղավոր թավրիժեցի հայերը: — Այս հարցը խավարասեր մահմեդականի համար ոչինչ նշանակություն չունի, բավական է, որ նա մի հաջող միջոց է գտել յուր վրեժխնդրությունը թափելու մի քրիստոնյա հասարակության վերա, որի գոյությունը այնքան տանելի չէ նրան...
Քաղաքիս սահաբդիվանը (դիվանի պետը) վերջին օրերումս պատասխանել է թուրքերին` եթե հաստատվի երիտասարդի վերա հանցանքը, ինքը պատրաստ է նրան գլխատել տալ, միայն հայոց հասարակությունը անպարտ կմնա այս գործի մեջ: Այս խոսքը դարձյալ չխաղաղեց թուրքերի կատաղությունը: Ցավալին այն է, որ գահաժառանգ իշխանը քաղաքումս չէ, գտնվում է ամառանոցում, նորին բարձրության ներկայությունը կարող էր զսպել ապստամբությունը:
Թե ինչով կվերջանա խռովությունը, ոչինչ նախագուշակել կարող չեմ, միմիայն այսքանը կասեմ, որ ներկա դարումս պատահած մի այսպիսի անկարգություն հավիտենական բիծ կդնե մի պետության վերա, ուր իրավունքը և արդարությունը բռնաբարվում է կույր և հալածասեր ամբոխի մոլեռանդությունից…
Մինչև ե՞րբ....