Նամակ Կ. Պոլսից (2)
ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ
Տաճկաբնակ հայերը մի բախտավոր ներկայի վերա են կանգնած: Բայց ցավելով պետք է խոստովանվել, որ նոքա յուրյանց դրությունից օգուտ քաղել չգիտեն: Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող ազգը, թե՛ կրոնքով, թե՛ սովորություններով և թե՛ ազգային այլ հատկություններով, բոլորովին տարբերվում է յուրյանցից: Նոքա ապրում են մի այնպիսի երկրում, ուր տիրող ազգը, թե՛ յուր թվի բազմությամբ և թե՛ յուր մտավոր և նյութական գործունեության մեջ, խիստ ստոր աստիճանի վերա է գտանվում, քան թե հպատակ ազգերը:
Հայը, եթե կարողացավ պահպանել Տաճկաստանում յուր կրոնքը, յուր ազգային գոյությունը, դորանով նա պարտական է մահմեդականության շրջափակ, խտրություն դնող և հալածասեր բնավորությանը: Հայը, եթե վայելում է ազատություն յուր ազգային հիմնարկությունների մեջ, դորանով նա պարտական է տիրող ազգի դեռ մանուկ քաղաքական զարգացմանը:
Իսկ այդ ազատությունը ժամանակավոր է: Նա երկար չպիտի տևե: Իսկ հայը կարողանո՞ւմ է օգուտ քաղել նորանից:
Այդ հարցի պատասխանը կգտանե ընթերցողը իմ առաջին նամակի մեջ3, ուր թեև համառոտ, բայց մի ընդհանուր տեսություն է արած Կ. Պոլսի մտածող ազգայինների գործունեության մասին:
Այս անգամիս հարկավոր եմ համարում քննել մի քանի մասնավոր երևույթներ:
Համարյա ամեն օր, ամեն շաբաթ շոգենավը բերում է Կ. Պոլիս Փոքր Ասիայի զանազան գավառներից մի խումբ հայազգի պանդուխտներ, որք թողելով տուն, տեղ, ընտանիք, գալիս են այս քաղաքը, որ մշակությունով, համալությունով, մի քանի ղուրուշ փող վաստակեն, տանեն յուրյանց չքավոր ընտանիքը պահեն: Թեև խիստ սակավներին այդ թշվառներից հաջողվում է ողջությամբ յուրյանց հայրենիքը դառնալ:
Կ. Պոլսի ազգային վերնադիրը յուր ճակատին հպարտությամբ կրող լրագրությունը մինչև այսօր չքննեց բուն պատճառը այդ վնասակար գաղթականության: Բացի մի քանի մասնավոր խոսքերից — «Ըշտե քուրդերը կթալնեն կոր»: «Ըշտե չերքեզները ավազակություն կընեն»: «Ըշտե ֆիլան փաշան աղեկ ղոնուշմիշ չըլլար կոր»:
Քուրդերի, չերքեզների և այլ դոցա նման ազգերի վնասակար հարաբերությունը հայերի հետ, և նոցա հաղթահարությունները ժամանակավոր մի բան են: Դոքա չեն և չեն էլ կարող հայերի գլխավոր անբախտության պատճառ դառնալ: Որո ընդհակառակն մեք պնդում ենք, որ այդպիսի ազգերի դրացությունը առավելապես նպաստում է հայերի բախտավոր ապագային:
Մեր խոսքը ապացուցանելու համար օրինակ առնեմք Վասպուրականի և Տարոնա նահանգները: Քուրդերին մեք գտանում եմք այդ երկրներում մի թափառաշրջիկ, աստանդական ազգ, առանց հիմնավոր բնակության, որ յուր ապրուստը գտանում էր միայն խաշնարածության մեջ: Այդպիսի ազգերը շատ բնական է, որ օտարանում են հողից և նորա մշակությունից: Այդ իսկ պատճառավ, երբ տերությունը առաջարկեց տեղային բնակիչներին հողերը թափիա4 անել, գլխավորապես հայերին մնաց երկրի ընդարձակ դաշտերը, իսկ քուրդերը չկարողացան այնտեղ հիմք ձգել:
Վասպուրականի հանգուցյալ Արծիվը «ազգ... հայրենիք... Հայաստան»... գոռալով կամենում էր Հայկի և Արամի անցյալ հիշատակներով միայն կերակրել սոված ժողովուրդը, չմտածելով, որ մարդը յուր կյանքի գոյությունը պահպանելու համար կարոտ է նյութական սնունդի և ոչ երևակայական քամիների: Այժմյան լրագրությունը միակ ճարը գտանում է դպրոցների, ուսման և կրթության մեջ, չմտածելով, որ լոկ այդ բեմը քաղցած փորին կերակուր չի տալ:
Կ. Պոլսի մտածողները չկարողացան մինչև այսօր իրենց ուշադրությունը դարձնել այն առարկայի վերա, թե մի ազգի յուր գոյությունը պահպանելու գլխավոր պայմաններից մինը է հողը և նորա մշակությունը: Թե մի ազգ, որ յուր կյանքի պահպանությունը չէ հիմնած հողի արդյունաբերության վերա, նա ոչ միայն երկար ապրել կարող չէ, այլև չէ կարող ազգ համարվել:
Գաղթականության հոսանքը դեպի մեծ քաղաքները, որ ամեն տարի հազարավորներին խլում է հայրենի հողի արմատից, պատրաստում է հայերից ժողովրդի մի դաս, բոլորովին անպիտանացած ազգայնության մարմնի մեջ: Մի ազգի գլխավոր հիմքը է հողը, իսկ նորա գլխավոր ուժը գտանվում է երկրագործ և արդյունաբերող դասի մեջ: Սպառող դասը մի անհրաժեշտ մեքենա է այդ կազմակերպության մեջ:
Իսկ գաղթականությունը շարունակվում է: Ժողովուրդը օրըստօրե հեռանում է Հայաստանի կենտրոնից: Նորա ուժերը ցրվում են և հայրենյաց դաշտերը մնում են ամայի, դատարկացած:
Ինչո՞վ կարելի է այդ հոսանքի պատճառը բացատրել:
Երկու բանից մինը պետք է լինի, կամ հայերը ընդունակ չեն երկրագործության մեջ, կամ եթե ընդունակ են, նոցա մշակության արդյունաբերությունը այնքան օգուտ չէ բերում, որ կարողանային ապահովել յուրյանց ապրուստը:
Վերջին պատճառը ավելի հավանական է: Շարունակ սովորական, և միատեսակ ընդեղենների վարուցանքը, մշակության նահապետական ձևերը, երկրի չափազանց էժանությունը, եթե ավելացնենք դոցա վերա տերության, ինքնըստինքյան թեթև, բայց արդյունաբերության համեմատ ծանր հարկերը, — մեք կտեսնեմք, որ երկրագործին ավելի ոչինչ չէ մնում յուր ապրուստը ապահովելու:
Գյուղատնտեսական ուսումնարանը, որ միակ ճարն է այդպիսի դեպքերի առաջն առնելու, դեռևս չէ հետաքրքրում Կ. Պոլսի լրագրության ուշադրությունը:
— Երկրի հում բերքը արվեստագործելու համար արվեստագիտական ուսումնարանների մասին նա մտածել անգամ չէ ուզում:
— Երկրի մթերքը վաճառահանելու համար, Տրապիզոնից Արզերում, այնտեղից Վան, Վանից Մուշ, մինչև Մուսուլ և Բաղդադ երկաթուղի շինելու հարցը բարձրացնել չէ ուզում, որովհետև կենտրոնական Ասիո խնդիրը նորան շատ է զբաղեցրել...:
— Մշեցի, բաղեշցի կամ վանեցի հային մի վաշխառու քրդից, կամ տաճկից, հարյուր ղուրուշ փոխ առնել և շուտով մի քանի հարյուր պարտական մնալ, այնուհետև յուր կինը, ընտանիքը գրավ թողնել, Պոլսի սոխախներում տարիներով փտել և մաշվել, — այդ երևույթները նորան չեն գրավում, որ գյուղական փոխատու ընկերությունների վերա մտածե: Որովհետև նա շատ պարապված է նորանով, որ գիտենա դեռևս ինչ երազներ է տեսնում Բիսմարկը յուր անկողնի մեջ:
Ահա բոլոր դատարկությունը Պոլսի լրագրության, որ մեք հիշեցիմք մեր առաջին նամակում, մնացորդը խոստանում եմ գրել հետո: