Նամակ Պ. Հ. Ճանճեսյանին (Պետրոս Դուրյան)

<Առ Պ. Հ. Ճանֆեսճյան>

8


< Առ

Պ. Հ. Ճանֆեսճյան>

Մտերիմդ իմ,

Ահա՛ անհուն «մնաք բարով»ի առաջին թելը կը զարնեմ։

Զքեզ տեսնել ուզեցի․ ուզել՝ ինձ համար ծարավիլ է. դողդոջ քայլերս կարգի դրի ձեր տունը գալու, զքեզ հարցուցի և հարցունելուս1 հետ՝ անմիջապես կոշիկներուդ տեղը նետեցի ակնարկս. մայրդ և դատարկությունը տխուր պատասխան մը տվին ինձ.— Հոս չէ։ —«Եղբայրս — ըսի յուրովի — հոս չէ՜․․․»։

Գիտեմ, կենաց դառն ներդաշնակությունը չներեց գալ տեսնել անգամ մը եղբայրդ1), դալկահար2 և դողդոջ հյուրը. սակայն այս ճակատագրին սևությանը ի՞նչ պետք է ըսել, որ իմ տկար քայլերս չի վարձատրեց և ստիպեց զիս հողդողդ ոտնփոխներս ներդաշնակելով մեկնիլ տխուր ու ցաված։ — Ո՞ւր.— Փնտռել խորշ մը, ուր արտասվաց բոցանուտ շիթերը կը քողարկվին մարդոց աչերեն։

Իմ վիճակս հուսահատական է, եղբայր իմ․ սակայն ես հանդարտ եմ և հարկավ քիչ մը տխուր, թոշնեցավ ամեն մարդկային տենչ՝ սրտիս մեջ, տենչ՝ աշխարհի այդ ոսկեզօծում. ամեն հույսերս մոխիր դարձան, իբրև մեքենա կապրիմ գրեթե, իմացական հրահրումս կորուսի, մտածումներս կարճ են և մութ։

Սակայն մի՛ ցավիր, բարեկա՛մ, սապես համոզվե, որ քու եղբայրդ գերեզմանի տեղ Նոյան տապանը) կը մտնե աշխարհի արյունահեղեղեն փրկվելու համար․․ ո՛չ, այս սև մտածումը չը կշռեր երբեք ծանր՝ հոգվույս վրա, որչափ արցունք մը աչացս մեջ։

Ո՜հ որչա՜փ ինձ հաճոյական է քեզ առընթերակցելով դալկահար վերջալուսի մը փողփողումովն քանի մը ժամեր ծծել․․․ սակայն գիտեմ, այս հիվանդությանս մեջ փոքր ինչ նողկալի եմ... ինձ նայողին ճակտին վրա արգահատական ծալքերու պատկերումը կը տեսնեմ ես։

Սակայն դու, սրտահոգ բարեկամ, գիտեմ, որ միշտ զիս ժպիտներուս, ցավերուս, առողջությանս և հիվանդությանս մեջ առհասարակ համահավասար, անհողդողդ, սիրով կը սիրես, և երբ իմ վրա գուրգուրալով ներքինս կուզես խառնել․․․ Կուզես կմախքով լի հոգի մը խռովել․․․ սոսկալի երազոց անդունդ մը պղտորել, որ սիրտս է, ուր մահվան լռությունը կը աիրե և այն լռությունը լուծանող երկնիր արձագանքները կան միայն․ դուն ալ հնչեցուր հոն քու քաղցր բարբառդ, բարեկամ, գերեզմանի մը համար նոճիի մը ձայնը բավ է, և երբ այսուհետև տեսնվինք շատ չը պիտի խոսիմ այլ լոկ ակնարկներով պիտի գոհանամ:

Երբեք մի՛ մտաբերեր որ ես հուսահատ եմ. բնա՜վ, բանաստեղծ մը մահվանե չը սոսկար, այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային, և ես միայն մահկանացու։

Այսպես համոզվե՛։

Ի քաղցր տեսություն
Պ. Դուրյան

1871 Սեպտ. 5

Սկյուտար