Նամակ Պ. Տ. Ադամյանին (2) (Պետրոս Դուրյան)

Առ Պ. Տ. Ադամյան

Քու սիրալիր թերթիդ վերջը «Վարդան» կ՚ըսես և հառաչելով կը գոցես․ բարեկամ, երբեք պետք չէ հուսահատիլ մեր ազնիվ բարեկամին կացությանը վրա, որուն վրա երևցածը լոկ բնության մեկ ժամանակական ներգործությունն է), ինչպես երբեմն Տ․․․ եղբայրն ալ ունեցած է վաղանցիկ կերպով)։ Ասի իրենց ցեղին մեկ անվնաս օդերևույթն է․․․ շատ մեծ հույս ունիմք, որ քաջառողջ կը վերադառնա։

Այլ քու վերադարձդ ե՞րբ պիտի ըլլա), պետք է որ իմացնես եթե գիտես կամ որոշած ես, արդյոք երբ մեր նսեմ ճակատները պիտի միանան․․․

Քիչ մը առաջ նժդեհությունը ծաղրեցի, այլ անոր դառնությունը կզգամ հիմա․ ա՜հ, բարեկամ, միթե մեր համազգաց սրտերուն հարահույզ փոթորիկները իրարու հաղորդելու համար կը բավե՞ն այս տկար թուղթերը, որոնք կրեայի չափ համրընթաց են մեր մագնիսացյալ սրտերուն կայծերը տեղափոխելու համար սրտե ի սիրտ․․․։

Իմ վիճակս եթե հարցնես՝ դեռ անորոշության մեջ կը ծփա, կը տեսնեմ հուսո աստղեր, որ կը շողան․ շատ լավ, եթե սև ճակատագրիս թևերը չը փութան զանոնք պարածածկելու․ առ այժմ անչափ չ’եմ ցավիր իմ վիճակիս և հուսահատ ապագայիս վրա որչափ առաջ․ ալ ոչինչ փույթս է, միմիայն ընտանյացս բեռ չըլլալ, այս [է] որ կը կորացնե քամակս․․․ Դեռ խոսելիքներս ուրիշ ատեն․․․

Ի տեսություն
Պ. Դուրյան

5 Փետրվար

1871 Սկյուտար