Նամակ Պ. Տ. Ադամյանին (5) (Պետրոս Դուրյան)

Առ Պ. Տ. Ադամյան

Առ

Պ. Տ. Ադամյան

Բարեկա՛մ․

Չեմ գիտեր թե ի՛նչ գրեմ․ ո՜հ, դժվար է խոսիլ անհունի մը համար, անհունը շուրթեր չը կրնար ունենալ, անհուննինքն իր մեջ կը թաղվի, ինքն իր մեջ կը փողփողե։

Ես ալ առաջինը չեմ (թող այս խոսքը քեզ չը տխրեցնե) իմ հոգին² հառած է դալկահար և անհուն աշխարհի մը, զոր երկինք³ կը կոչեն... Ա՜հ, բարեկամ, կուզեմ զգալ թե երկին մը կա, վասնզի դժվար է ինձ հավատալ թե աշխարհ մը կա ինձ համար... և ի՜նչ աշխարհ... Ես ըսած եմ անգամ մը, թե աշխարհ Աստուծո՝ այն գերմարդկային տիտանին ձանձրույթի մեկ հառաչն է¹), հառաչ մը, որ աշխարհաստեղծութենե առաջ գահոսային խառնակության մը վրա հառաջ եկավ... Աղետալի՜ փոթորիկ Աստուծո մը սրտին, անհուն անապատի մը։

Դու կըսես վերջին նամակիդ մեջ. «Իբր թե յաստիս միայնակ, «ո՞ւր ես» կը գոչես ինձ․ այդ հարցումդ զիս տխրեցուց, միթե սրտիդ ծալուցը մեջ անգամ չը գտա՞ր զիս»: Ա՜հ, միթե հիշատակ կը բավե՞ ամենասիրելվո մը կրակոտ հիշատակը միթե կը բավե՞ անոր համար, որ «մնաս բարով»ի տխուր թել մ’է դարձած, որ «դալկությանց բուրաստանին» կ’որդեգրի, հանցա՞նք է միթե բարեկամ մը կարոտիլ, անոր հոգվույն ծարավին ըլլալ, անոր խոսիցն ու ժպիտներուն անոթին ըլլալ... ոչ, չը բավեր ինձ հիշատակդ, դու ինքնին միայն չը բավես ինձ. ինչպես որ ես Վարդանի՝ դու ալ իմ ցուրտ ու անթարթ աչերը պիտի փակես²)... Մի՛ տխրիր բարեկամ... ես տխուր֊զվարթ մ’եմ. ո′չ, դողդոջ երջանիկ մ’եմ... մահու դալուկը իմ ճակտին վրա կը պլպլա իբրև մելամաղձոտ ժպիտ մը, դալկահար ժպիտ մը զիս երկընքի հետ կը միավորե։

Երբ լսեցի որ գարնան հոս պիտի գաս³), սիրտս անհուն ուրախությամբ մը զեղվեցավ... Ինչո՞ւ արդյոք ինձի ղրկած նամակովդ այս լուրը չը տվիր։

Գիտեմ որ սիրելի է քեզ կարդալ և հեղեղել ամենասիրելվո մը հիշատակը.․. ուստի Վարդանի գերեզմանին ուղղյալ սա ներփակյալ տաղերգությունը ղրկեցի)։

Սա խոսքը թե՝ «Մեր անիծից ահավորությունը, օր մը պիտի սարսռի հարկավ այն գերագույն անգութը, զոր մենք Աստված կը կոչենք» զքեզ ահավոր բանաստեղծ մը նկարեըցիմ առջև.․.։

Մնաս բարյավ, ի տեսությո՜ւն։

Պ․ Դուրյան

1871 Հոկտ. 14

Սկյուտար