VI

Բարխուդարը չընդդիմացավ Գյուլնազի առաջարկության, այն է — Սուսանին Հերիքնազ կույսի ուսումնարանը տալու։

— Վնաս չունի, թող Սուսանս էլ սև ու սպիտակը ճանաչի, էս ժամանակում հարկավոր է, ի՛նչ պիտի անենք։ Ես ու դու, որ գրել ու կարդալ իմանայինք, էսօրվա պես վազ չէի տալ տերտերի մոտ, թե ինչ է` իմանանք երբ են մեծ պասը բռնում։

Այս խոսքերից հետո Գյուլնազը շալը գցեց Սուսանի գլխին, ինքն էլ փաթաթվեց չարշովի մեջ, բռնեց աղջկա ձեռքից և տարավ կույսի մոտ։ — Ա՛ռ, ուսում տուր, ամա դու քո աստվածը, երեխիս քիչ թակիր։

Երեք տարի Սուսանը մնաց կույսի ուսումնարանում։ Առավոտները նա Սմբատի ուղեկցությամբ գնում էր և դարձյալ Սմբատի ուղեկցությամբ վերադառնում տուն։ Երբ նա բավականաչափ սովորեց կարդալը և «բարովագիր» գրելը, Բարխուդարը դուրս բերավ նրան ուսումնարանից։

Սուսանն օրըստօրե աճում էր ու մեծանում։ Տասնչորս տարեկան հասակից նրա ճկուն մարմինը սկսեց ստանալ յուր կատարյալ և որոշ ձևերը։ Նա դարձավ բարձրահասակ, վայելչակազմ օրիորդ։ Նրա դեմքի գծագրությունը, հետզհետե զարգանալով, ստացավ կանացի չափահասության հատուկ կատարելությունը։ Ուսումնարանից դուրս գալուց հետո ծնողները նրան արգելեցին օտար տղամարդկանց առաջ երևալ։ Նա փակվեց տանը։ Սկզբում մի քիչ դառն թվաց նրան ծնողների այս կարգադրությունը։ Մանկական ազատ կյանքից հետո, բանտարկվելով, սկսեց տաղտկանալ։ Նա սովորել էր ցերեկ ժամանակ փողոցներում այս ու այն հարևանի բակում յուր ընկերների հետ թռչկոտել, խաղալ, ազատ, արձակ, բաց օդում։ Նրա համար անտանելի էր, նամանավանդ արեգակնային օրերը, նստել սենյակում, յուր մոր կշտին և թոռ կամ գուլպա գործել։ Սակայն ժամանակի ընթացքում ստիպեց նրան հետզհետե ընտելանալ այս ձանձրալի դրության, և նա ընտելացավ, թեև սովորությունը այնքան թեթևություն չտվավ նրա սրտին։

Ուղիղ ինը տարի էր անցել երկրաշարժից։ Մի ամառային օր Սուսանը, իրանց տան սրահում նստած, թոռ էր գործում։ Դեմուդեմ նստած էր նրա մանկության ընկերուհիներից մեկը։ Դա հարևան կոշկակար Եղիայի աղջիկն էր։

Սուսամբարը մոտ տասնութ տարեկան օրիորդ էր, միջին հասակով, նիհար ու դեղնած դեմքով և բարակ կազմվածքով։ Նա ավելի տգեղ էր, քան գեղեցիկ, բայց և այնպես խիստ համակրելի դեմք ուներ։ Նրա մուգ կապտագույն աչքերը, որոնց մեջ փայլում էր բնածին նրբամտություն, խիստ ազդող էին։

Սուսամբարը գլուխը քարշ գցած, շտապով գուլպա էր գործում լուռ ու մունջ։ Լուռ էր նույնպես և Սուսանը։

Օրն անցած էր։ Արեգակը շտապում էր ծածկվել հորիզոնի տակ, յուր վերջին պղնձագույն ճառագայթները տարածելով ավերականման քաղաքի բարձրագույն տեղերի վրա։

Սուսանի դեմուդեմ, խորտակված պարսպի մոտ գտնվող բարձրաբույս թթենու կանաչազարդ կատարի վրա հավաքված ճնճղուկները, ճլվլալով զվարճանում էին արեգակի թույլ ճառագայթներով։ Բակում տիրող խորին լռությունը խանգարվում էր միմիայն ճնճղուկների ճլվլոցներով, որ քանի գնում, այնքան զորեղանում էր։ Ծառի տակից նայելով այդ փոքրիկ թռչնիկներին, լսելով նրանց աղմուկը, կարելի էր կարծել, թե նրանք մի ինչ-որ բանի վրա վիճաբանում են, այնքան տաքացած ճլվլում էին։ Բայց թե ինչ բանի մասին է նրանց վիճաբանությունը, ինչ մի դժվար փիլիսոփայական խնդիր են լուծում այդ փոքրիկ թևավորները — այս մեր խելքին մոտ բան չէ։ Ո՞վ գիտե, շատ կարելի է նրանց աղմուկի պատճառը թաքնվող արեգակն է, չէ՞ որ նրանք միևնույն ճլվլոցները, աղմուկը սկսում են և առավոտները, երբ արեգակը նոր-նոր սկսում է բարձրանալ հորիզոնը։

Օրիորդները լռությամբ շարունակում էին գործել։ Սուսանի դեմքը տխուր էր։ Նա երբեք գլուխը չէր բարձրացնում, միայն կնճռոտած ճակատը և սեղմված շրթունքները հաստատում էին, թե նա ինչ-որ մտածողության մեջ է։ Սուսամբարը շուտ-շուտ գրւխը բարձրացնում էր, աջ ձեռքով ճակատի վրա թափվող խոպոպ ծամերը հետ քաշում և երբեմն յուր հայացքը մեխում Սուսանի երեսին։ Վերջինս այդ չէր նկատում։ Վերջապես Սուսամբարը մի կողմը շպրտեց գուլպան։

— Ախչի, Սուսան, սիրտս ճաքեց, դեն գցիր զահրումարը, քիչ խոսենք։

Սուսանը լուռ էր։

— Ականջներումդ բամբակ կա՞։

— Հը՞մ։

— Չոոռ։

— Չոռ ու զխկում, ի՞նչ ես ասում․

— Ասում եմ, դեն դիր այդ զահրումարը, մի քիչ հանգստանանք, մատներս մաշվեցին, մի քիչ խոսենք էլի։

— Չեմ իմանում, ի՞նչ պիտի խոսենք, — ասաց Սուսանը հառաչելով։

— Մին այդ սատանի տոտերը կորցրու դեն, հետո կասեմ ինչ խոսենք։

Այս ասելով, Սուսամբարը Սուսանի ձեռից խլեց թոռի դազգյահը և մի կողմը դրավ։

— Ու՜ֆ, ու՜ֆ, տեր աստված, — արձակեց մի խորը հառաչանք յուր կրծքից Սուսանը, երկայն մազերը ուսերի վրա ուղղելով և գլխի ճութղին առաջ քաշելով։

— էլ ինչ ուֆ, հոգիներս դուրս եկավ, մի քիչ խոսիր, որ սիրտներս բացվին։

— Խոսքս էլ է պրծել, զրույցս էլ։

— էլի ո՞վ է էշիդ կաղ ասել, — հարցրեց Սուսամբարը։

— Մի՞տդ է, Սուսամբար, երկրաշարժի օրը։

— Հա՛։

— Այ գիդի օրեր հաա՛։

— Խե՞ր լինի, ի՞նչ է պատահել, որ ախ ես քաշում։

— Մի՞տդ է, ինչպես ես ու կուժ ծախողանց Սեյրանը մնացինք հողի տակ։

— Ինչպես այս օրվա արեգակը։

— Բախտավոր էին այն օրերը։

Սուսանը կրկին հառաչեց։

— Դու էլ լավ օրի ես երանի տալի. հողի տակ մնալը չեմ իմանում ի՛նչ բախտ է։ — Ես հողի տակ մնալուն չեմ կարոտում։

— Բա՞ս։

— Այն օրերին, երբ որ մենք ոտաբաց, գլխաբաց, ինչտեղ որ ուզում էինք, այնտեղ էինք վազում։

— Երբ որ էլ ուզում էր Սուսանը, կուժ ծախողանց Սեյրանի հետ սիլիկ-բիլիկ էր անում, — ավելացրեց Սուսամբարը, խորամանկությամբ ժպտալով։

Սուսանը ակամա կարմրեց։ Այս առաջին անգամը չէր, որ նա Սեյրանի անունը լսելիս կարմրում էր։

— Հը՛մ, ի՛նչպես է, կարմրեցի՞ր, բարեկամ։ Չլինի սրտիդ փափուկ տեղին դիբա։

— էլի՞ Սուսամբար․․․ ա՛խ, երեխայությունդ չես մոռանում, չէ։

— Սուտ եմ ասո՞ւմ։ Թե որ սուտ է, բաս ինչո՞ւ կարմրեցիր անունը տալիս։

— Ո՞վ է կարմրում, ախչի, ի՞նչ սուտ խոսողն ես, — հակառակվեց Սուսանը, ավելի կարմրելով։

— Թշերդ ալ լալագարի պես հուփ հըռշնել են, էլի վզով չես առնում։ Լավ է, լավ, խեղճ ես, մի՛ ամաչիր, էլ անունը չեմ տալ, — ասաց Սուսամբարը, հեգնորեն ժպտալով։

— Հողս կուժ ծախողանց Սեյրանի գլխին, նա ո՞վ է, ի՞նչ մարդ է, որ նրա անունը տալիս ես ամաչեմ, — պատասխանեց Սուսանը բարկացած, ավելի ու ավելի շփոթվելով։

— Օհո՛, ինչ ասացի՛ր, որ հեր ու մերդ լսեն, քեզ ի՞նչ կանեն, գիտե՞ս։ Ի՞նչպես ես սիրտ անում նշանածիդ համար անեծք անել։

Սուսամբարը այս ասաց դիտմամբ, որ ավելի բարկացնի Սուսանին։ Բայց Սուսանի բարկությունը անցել էր։ Նա, յուր խոսքերը արտասանելուց հետո, հանկարծ ընկավ մտածմունքի մեջ. «ճշմարիտ, ի՛նչպես եմ սիրտ անում հոր ու մոր մի հատ աչքի լույս ու ճար տղի համար այսպես անեծք անել», — անցավ նրա մտքով և մի անբացատրելի զգացմունք սկսեց ճնշել նրան։

— էհ, ի՞նչ ես ֆիքր անում, մեր օրին հո չես մնացել։ Մի մատ երեխա ժամանակ քեզ նշանել են, այսօր էգուց էլ սարքին- կարգին նշանգրեք կանեն ու զուռնաղավալով կպսակեն։ Մեզ պես հո աչքդ ճանապարհին չի մնացել։

Սուսամբարը կրկին կամենում էր բարկացնել Սուսանին։

— Դու լինես քո եղբոր արևը, Սուսամբար, էլ մի՛ խոսի։ է՛հ, ղալաթ չարի՜, որ քեզանից մի բան հարցրի։

— Որ եղբորս արևով երդում տվիր, էլ չեմ խոսի։ Դու հենց ես իմանում, որ ես քեզ նախանձում եմ։ Չէ, աստված մի արասցե։ Ես ինքս շատ ուրախ եմ, որ հարսանիքդ շուտով լինի, որ առաջիդ մին լավ չըթմա կոփեմ ու պար գամ, այն էլ քեզ ժամ տանելիս։ Հոր ու մորս էլ հիմիկվանից պիտի աղաչեմ-պաղատեմ, որ ինձ համար մի ձեռք լավ շորեր պատրաստեն։ Հիմա պիտի ասեմ, որ մինչև հարսանիքդ ասածս գլուխ բերեն, թե չէ` անողը չեն։ Ուֆ մեր հեր ու մերերն էլ ամա մարդ են հաա՛, մինչև հարյուր, հազար անգամ չես ասում, մինչև լեզուդ բերանումդ մաղ չէ կտրվում, մինչև մի հալավ միս չես թափում, մի գլխաշոր չեն առնում։ Մի տարի է, որ այս շալս ճընթռ շոր է կտրվել, ամոթ եմ քաշում մի բարեկամի տուն մտնել, հալվում, հալբեհալ եմ լինում։ Ա՛յ քույր, ա՛յ մեր, էլ չեն ասում, թե դա էլ երեսը դռներին աղջիկ է։ էհ, մենք էլ ասում ենք, որ ապրում ենք, Օհանջանանց Զառնշանն էլ ապրում է։ Բախտավորի աղջիկը սանդուխը զըղբազըղ լցրել է, էլի երեկ ասում էր, որ մի նոր իստիփա չաբկան են կտրել տալիս։ Հենց նա է, որ ինքն էլ այնպես փարթամացել է, որ մարդու հետ խոսելն էլ լայաղ չի անում, կասես, որ գյուբողնաթի աղջիկ լինի։ Լավ է, որ մին շիր ու շիքիլ էլ չունի, թե չէ, էլ աշխարհս նրա համար տեղ չէր անի։ Փառք աստուծո, մի քիթ ունի, ա՛յ — մի զուռնա, մի երես ունի — սև սաթ, մի աչքեր ունի — պլոզ-պլոզ, հենց իմանաս, մարդ է ուզում կուլ տալ։

— Դենգ ու դանգասար լինես, Սուսամբար աղջիկ, գլուխդ ցավի, քիչ բլբլա, քի՛չ, վո՛ւյ։

— Չխոսեմ, բաս ինչ անեմ, դու ասա, ախար սիրտս ճաքում է, տեսնելով հարուստների աղջկերանց։ Ախ, Սուսան, գիտես ինչ կա՜։ Մեղա աստուծո, մեղա աստուծո, թե որ ես մի օր, մին սհաթ աստված լինեմ , ինչքան որ հարուստներ կան, ամենից կխլեմ նրանց իլած ու չիլածը ու գիտե՛ս ինչ կանեմ։ — Ի՞նչ կանես։

— Կտանեմ ծովը կթափեմ, բա՛ս, հետո թող նրանք գնան տեսնեմ, ինչպես կարող են իրանց աղջկերանց, հարսներին զառ ու զառբոֆի, ոսկի ու արծաթի մեջ պահել։ Հա՛, բաս այսպես կանեմ, — շարունակեց Սուսամբարը տաքացած։ — Դու ինչ կանես, Սուսան, որ մեղա աստուծո, մեղա աստուծո (երեսին խաչակնքելով), մի օր աստված լինես։

— Ոչինչ չեմ անիլ։

— Չէ էլի, ասա տեսնեմ, ի՞նչ կանես։

— Ձեռ քաշի՛ր, դատարկ-դատարկ մի դուրս տալ, մեղք է։

— Չէ, մատաղդ լինեմ, Սուսան ջան, ասա՛։

— էէ՛։

— Զըխկո՛ւո՛ւ, լեզվիցդ հո քրեհ չեն ուզում, մի խոսք ասա պրծիր էլի։

— Հարուստներից կառնեմ ու քեզպեսներին կտամ, որ ուրիշներին չի նախանձեն, այ ինչ կանեմ։

— Ախար իմացա, որ խելոք բան չես կարող անել, — ասաց Սուսամբարը, ներողամտաբար ժպտալով։

— Ինչո՞ւ։

— Թե որ ինձ տաս, ես իսկի քո ռեխիդ մտիկ էլ չեմ անիլ, այ ինչու։

— Կփարթամանա՞ս։

— Բաս չէ, իսկի քեզ հետ չեմ էլ խոսի Օհանջանանց Զառնշանի պես։

— Չէ, Սուսամբար, որ ինձ տան, ես իսկի էլ չեմ փարթամանալ։ Փողը ի՞նչ է, ձեռի կեղտ, այսօր կա, էգուց չկա։ Հայրս ասում է․ մարդս պիտի իստակ անուն ունենա։

— Հայրդ ասում է ասում, բայց չի իմանում, որ առանց փողի մարդ չի կարողանում իստակ անուն պահել։

— Ինչպե՞ս։

— Ա՛յ ինչպես։ Դու ճանաչում ե՞ս Ջավահիրի հորը, չմուշկ կարող Վարաքին։

— Լսել եմ։ Հայրս նրան գովում է, շատ հալալ ու նամուսով մարդ է։ — Եկ տես, որ քո նամուսով մարդը հիմա ինչ է արել։

— Հը՞մ։

— Գողություն։

— Չէէ՞։

— Հաա՛, հը՛մ, ի՛նչ աներ, որ գողություն չաներ, ասում է․ անճարը կերել է բանջար։ Երկու թե երեք ամիս էր դուքանի քրեհ չէր տալիս, դե, տասը կորիզ չունի, տասը մանեթ ո՛րտեղից տա մի տուն երեխեքի տեր մարդը։ Անջախ մի կտոր ցամաք հաց է կարողանում աշխատել օրական, մի ջուխտ չմուշկ խշտելով։ Դուքանի տերը չոքում է բողազին, թե աղջիկ ես` ծնի՛ր, տղա ես` ծնի՛ր, քրեհը տուր։ Դես ու դեն է ընկնում Վարաքը, օչով տասը մանեթ փող չի հավատում նրան։ Երեկ չէ, մեկէլ օրը տերը գալիս է ու ասում․ «եթե էգուց մինչև սհաթի տասը փողերս չտաս, դուքանից դուրս եմ բերելու ու ապրանքդ էլ ծախելու եմ, որ քրեհս հանեմ»։ Վարաքի փոխանը ոտներն է ընկնում, հա դես, հա դեն, աղաչում-պաղատում է, ասում է․ երեխերքս սովածությունից մեռնում են։ Չի լինում, դուքանի տերը խեղճի երկու ոտը մի չումուշկում է դնում։ Առավոտը Վարաքը կոտրված փշրված սրտով, մի կտոր ծաղկած հաց ծոցում դրած, գնում է դուքան։ Գնում է ու մտքումը աղոթք անում․ «աստված, դու երկնքից ինձ համար տասը մանեթ փող գցես, որ պարտքիցս ազատվեմ»։ Հենց նոր Վարաքը սկսած է լինում աշխատելու, մի թուրք բեկ մտնում է դուքան։ Բեկը նրան մի ջուխտ սաղրի չմուշկ է պատվիրում կարելու։ Վարաքը չափսը վերցնում է, թուրքը ջբից հանում է արծաթի փողով լցրած մի մեծ քսակ, որ չմուշկի բեհը տա։ Բեհը տալիս է ու դուրս գնում։ Բայց չեմ իմանում ինչպես է լինում, ի՛նչպես չի լինում, փողի քսակը մոռանում է ու թողնում դազգյահի վրա։ Նրա դուրս գնալուց հետո Վարաքի աչքը ընկնում է քսակի վրա։ Սոված գայլի պես, խեղճ կոշկակարի աչքերը դրուստ չորսանում են։ Առաջ ուզում է, որ բեկին կանչի ու փողը տա իրան, բայց մեկ էլ մտածում է․ «բալքա հենց աստված իմանալով է թուրքին մոռացնել տվել, որ ես նրա փողերով ազատվեմ»։ Ասում է ու, մի խոր թառանչ քաշելով, քսակը բանում է ու փողերը համարում։ Դրուստ տասներկու մանեթի աբասիներ ու երեք շահանոցներ են լինում։ Վարաքը դողդողալով քսակը կոխում է մինդարի տակը։ Մի սհաթից հետո, բեկը, նաֆասը կտրված, գալիս է։

— Ուստա, փողիս քսակը քեզ մոտ եմ թողե՞լ։

— Չեմ իմանում, փնտրիր տե՛ս։

Փնտրում են, չկա։ Թուրքը Վարաքի օձիքից ձեռ չի քաշում։ «Աստված, երկինք, հավատս վկա, չեմ տեսել» — ասում է Վարաքը։ Թուրքը հավատում է նրա երդումին ու դուրս է գնում։ Բայց ոտի մինը դուքանի ներսում, մեկէլը դրսում, աչքը ընկնում է մինդարի տակ դրած քսակի ճոթին, որ Վարաքը մոռացած է եղել լավ ներս կոխել։

— Բաս երդում ես ուտում, անհավատ, դա ի՞նչ է։

Թուրքը դուրս է քաշում քսակը մինդարի տակից։ Վարաքը տեղն ու տեղը չորացած է մնում։ Բեկի աչքերը արյուն են կոխում, քսակի ճոթից բռնում է ու անօրենը փողերով խփում Վարաքի երես-մերեսին, գլխին։ Խեղճ մարդու գլուխը ճղվում է․ նա ուշաթափ ընկնում է։ Հիմա երեկվանից դես ողորմելին երեսի վրա ընկած է յուր տանը ու աղի արտասուք է թափում, թե «վա՛յ, բաս ես հիսուն տարի անուն աշխատեմ, նամուս պահեմ, որ էսօրվա օրը խայտառակվե՞մ քաղաքում»։ Տեղ ու բարձում մեկնված է, յա ապրի, յա չապրի։

Սուսամբարն յուր պատմությունն ավարտեց, աչքերը հառեց Սուսանի վրա ու ավելացրեց․

— Տեսնո՞ւմ ես աղքատությունը ինչ մեղքեր է գործել տալիս մարդուս։

— Ցը՛ը, ցը՛ ցը՛ը, խեղճ մարդ, — ասաց Սուսանը, կրծքից անկեղծ հառաչանք արձակելով։

— Դե հայրդ թող ասի, որ փողը դատարկ բան է։ Չէ, այ քույր, այ մեր, փողը մեծ բան է։ Հիմա Զառնշանը շատ լավ է անում, որ մեզ մարդու տեղ չի դնում։ Ես աչքով աչք չունիմ նրան տեսնելու։ Ամեն մի նրան մտիկ անելիս սրտումս նախանձ է շարժվում, ես էլ ուզում եմ, որ կամ նրա նման հարստի աղջիկ լինեմ կամ նա իմ օրն ընկնի, աղքատանա։ Ախար նա էլ մարդ է, խելք ունի, մտածում է, աչքեր ունի — տեսնում է, որ ես, նրա հետ երեսանց խոսում եմ, ծիծաղում եմ, բայց սրտանց ատում եմ։ Հիմա ասա՛, Սուսի, դու նրա տեղը լինես, չես ուռչի՞լ։ Հավատացի՛ր, որ կուռչես։ Տե՛ս, մի բան ասեմ։ Մենք հիմա երկուսս էլ աղքատ ծնողների աղջիկներ ենք, կարողանում ենք պարզ սրտով իրարու հետ խոսել։ Բայց Զառնշանի հետ չեմ կարող պարզ լինել։ Գիտե՞ս ինչու։ Նրա համար, որ ես նրա հետ խոսելիս ուշք ու միտքս հենց նրա շորերի, ոսկիների վրա է լինում, էլ սիրտս խաղաղ չի լինում, որ կարողանամ հետը անկեղծ լինել։ Ես Զառնշանին աչքով աչք չունիմ տեսնելու, բայց քեզ սիրում եմ, ինչու որ, դու էլ ինձ նման աղքատ մարդու աղջիկ ես։ Դրա համար եմ ասում, որ թե աստված լինիմ, մեղա աստուծո, հարուստներից կառնեմ իլած չիլածները ու ծովը կթափեմ, որ ամենն էլ մեզ պես աղքատ լինին։ Թե որ ամենն էլ աղքատ լինին` լավ կլինի, էլ ոչ ոք ուրիշին չի նախանձիլ։ Դե՛, որ նախանձ ասած բանը չլինի աշխարհիս երեսին, այն ժամանակ ամենքն էլ իրարու հետ պարզ կլինեն, իրարու կսիրեն, ինչպես ես ու դոի։ Իմ կարճ խելքովս այսքան եմ հասկանում։ Դու ի՞նչ կասես, Սուսի։

— Քո խելքը կարճ չի․ Սուսամբար, դու կարգին վարպետի հասկացողություն ունիս։ Դա ո՞րտեղ ես սովորել։ Կույսը իսկի մեզ այդպիսի բաներ չէր ասում։

— Հողս կույսի գլխին, նա ինչ է հասկանում։ Ումից պիտի լսեի, ես ինքս եմ երկար ու բարակ մտածել ամենը։

— Դե որ այդքան բաներ ես հասկանում, մի բան հարցնեմ, կարո՞ղ ես պատասխանել։

— Երկուսը հարցրու, թե որ կարողանամ, կպատասխանեմ։

— Մեր ծնողներն ինչու են մեզ գողերի պես փակած պահում։

— Հե՛չ, էլի քո էշդ քշեցի՞ր, փորացավդ իմանում եմ։

— Չէ, Սուսամբար, քո արևը, փորացավ չունիմ։

— Գիտես ի՞նչ, Սուսան, մեր ծնողները շատ անխելք են։

— Ինչո՞ւ։

— Որ մեզ տանը թաքցնում են։ Մին հարցնող լինի նրանցից, թե ես աղջիկ, որ իմ սրտումս ծուռ բան լինի, չե՛մ կարող կատարել։ Հըմ, կմեռնեմ, կսատկեմ, հազար ու մի սատանայություններ կսարքեմ, ուզածս կանեմ։

— Պարզ խոսիր, Սուսամբար, չեմ հասկանում։ — Շատ լավ ես հասկանում։ Ուզում եմ ասել, թե մի աղջիկ, որ ուզենա մի տղի հետ սիլիկ-բիլիկ անել, ծնողներին այնպես կխաբի, նրանց աչքերը այնպես կկապի և իրան բանը այնպես կդրստի, որ սատանան էլ իր սատանությունով չի իմանալ, ինչպես։

— Մեր քաղաքի աղջկերքը չեն անիլ։

— Հը՜մ, շատերն են անում։

— Ով։

— Ո՞վ․ հենց մինը Աշխանանց Զարաֆիլը․ վարսը կտրվածն ինչեր չի անում իրանց հարևան Բալասիի հետ։ Հըմ, ի՞նչ է, զարմանո՞ւմ ես, բաս ֆիքրդ ի՞նչտեղ է, էէէ՛, մեր քաղաքում բաներ են լինում, որ․․․

Սուսամբարը խորհրդավոր կերպով գլուխը շարժեց։

— Դա բենամուսություն չէ՞, Սուսամբար։

— Շատ էլ լավ են անում․ մեր հոր ու մոր հախն է։ Ինչ բենամուսություն․ հենց քեզ ու Սեյրանին վերցնենք, հազար ինձանից կեղես, ես էլի իմանում եմ, որ դու նրա սրտի, նա էլ քո սրտի մեջն է։ Հիմա որ․․․

— Կտրիր, կտրի՛ր ձայնդ, — ընդհատեց Սուսանը բարկացած, կրկին կարմրելով։

— Ի՞նչ ես նա՛զ ու բազ անում, ճշմարիտ խոսողի փափախը ծակ է լինում, ասում են։

— Հերիք է, լա՜վ։

— Արխային կաց, թե շամբալութից [1]յուղ դուրս կգա, ինձանից էլ խոսք դուրս կգա ուրիշների մոտ քո մասին։

— Թե ինձ սիրում ես, էլ մի՛ խոսի։

— Աչքիս վրա, ես էլ նեղացել եմ, օրն էլ մթնեց, գնամ տանը թառ լինիմ։ Մնաս բարով, քի՛չ ֆիքր արա, առանց այն էլ մաշվել ես։

— Մնաս բարով։

VII

Այդ օրից անցել էր մի շաբաթ։ Ուշ երեկո էր։ Բարխուդարը, սենյակում նստած, կար էր անում։ Մուշտարիներից մեկը մտադիր

  1. Շագանակ: