ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
I

Քաղաքի վերին արվարձանի միջին բաժնում, Բարխուդարի և Հայրապետի տներից բավական հեռու, մի ընդարձակ և ուղղագիծ փողոցի ծայրում գտնվում էր միհարկանի մի տուն։ Այդ տունը նոր էր և, ինչպես երևում էր պատերի ճերմակ և տաշած քարերի դեռ մաքուր գույնից, կառուցված էր երկրաշարժից հետո։

Դա Քյոչարանց Ռուստամի տունն էր։

Գինետնում Սեյրանի կռվելուց ուղիղ երեք օր անցած, կեսօրվա դեմ, այդ տան ներսում նստած էր Ռուստամի մայրը — Սանամ խանումը։ Տունը բաղկացած էր ընդամենը երկու կես եվրոպական ու կես ասիական ոճով կահավորված սենյակներից։ Սանամը մոտավորապես հիսուն ու հինգ տարեկան միջահասակ մի գեր, առողջ և կարմրադեմ կին էր, թեև տարիքը արդեն կնքել էին նրա երեսին պառավության անկասելի կնճիռները։ Նա հագնված էր ոչ այնքան շքեղ և ոչ էլ շատ աղքատ, բայց բավական մաքուր, այնպես, ինչպես սովորաբար հագնվում են Շամախում միջին կարողաթյան տեր կանայք տանը։ Սև սատինից կարած լայն շրջազգեստ, կապտագույն մետաքսյա շապիկ լայն թևերով, Բաղդադի գույնզգույն շալից կարած արխալուղ — ահա նրա հագուստը։ Արխալուղի թևերը հասնում էին միայն մինչև արմունկները, իսկ այս տեղից սկսվում էին զառբոֆից տերևաձև ծայրերով ուրիշ թևեր։ Սանամի մեջքին կապած էր նույնպես մետաքսից գործված գոտի, որի մութ-կապուտ գույնը նշան էր նրա այրիության։ Իսկ նրա գլխի պաճուճանքը բաղկանում էր տեղական բարակ նրբագործ, մետաքսյա նախշուն թաշկինակից, մանիշակագույն թոռից և մի սևագույն բրդե շալից։ Այս բոլոր պաճուճանքի տակից գլխին անմիջապես կապած էր ճութղին, որի տակից երևում էին հինայով ներկած մազերը։

Սանամ խանումը մենակ էր։ Նրա միակ որդին, Ռուստամը գտնվում էր օտարության մեջ։ Երկրաշարժից հետո, երբ առևտուրն ընկավ Շամախում, Ռուստամը հավաքել էր յուր ապրանքն երբ և գաղթել Թեյմուր-խան-Շուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում էր։ Որովհետև Սանամը բացի Ռուստամից ուրիշ զավակ չուներ, մի առանձին դառնություն էր նրա համար միակ որդու բացակայությունը։ Մի ծանր սուգ էր Սանամի համար այն օրը, երբ Ռուստամը ուղևորվեց դեպի օտարություն։ Խեղճ մայրը բոլոր յուր հնարները գործ դրավ, բոլոր յուր պերճախոսությունն սպառեց, որպեսզի որդուն համոզի չթողնելու հայրենի քաղաքը։ Ոչինչ չօգնեց։

— Շամախում առևտուրը հաց չի տալիս, հիմա էլ հարկավոր է, որ բախտս ուրիշ քաղաքներում փորձեմ ուրիշների պես, — ասում էր Ռուստամը։

— Ինչո՞ւ ես ուրիշներին մտիկ անում, բալաս, նրանք արխա ունեն, քեզ պես մեն-մենակ չեն։ Դու որ գնում ես, բաս ինձ ումի՞ ումուդին ես թողնում։

— Կգնամ Շուրա, գործերս քիչ ժամանակում կարգի կբերեմ, ու հետո կգամ, քեզ էլ ինձ մոտ կտանեմ։

Այդ էր պակաս, ծերությանս օրերում օլքա-օլքա ընկնեմ, որ այս չորացած ոսկորներս ղարիբ երկրներում ցիր ու ցան լինեն։ Լավն է այստեղ պապերիս օջախի մոտ քաղցած, ծարավ մեռնեմ, քան ղարիբութենում ոսկի արծաթի մեջ ապրեմ։ «Ինչ եմ անում ոսկի տաշտը, եթե մեջը պիտի արյուն թքեմ»:

— Չեմ իմանում, ինչ քաղցր բան կա «Խարաբաշահարի մեջ»։ Տեսնում ես, որ քար քարի վրա չի թողնում աստված։ Գիշեր ու ցերեկ սիրտներս եղի պես հալվում է, թե հենց այս է — պիտի տակն ու վրա լինի։ Լավ չէ՞, որ մի անգամ այս անիծված քաղաքից դուրս գնանք ու պրծնենք։

— Մի ասի, որդի, մարդուս հայրենական հողը քաղցր է, ո՛ւֆ քաղցր։ Մարդ, որ սովորել է նրան, էլ չի կարող ուրիշ հողում ապրել։ Տեսնո՞ւմ ես, բալա, ծիծեռնակներին։ Աստվածությունը էնենց է ստեղծել էն պստիկ արարածներին, որ նրանք էլ իրանց օջախը սիրում են։

Աիրում են, բայց տեսնում ե՞ս, որ նրանք էլ հիմա թողել են իրանց բույնը ու թռել ուրիշ քաղաքները։

— Կգան, էլի կգան, իրանց կարճ խելքով հասկանում են իրանց պապական օջախի գինը։ Որ սպանես, նրանք ուրիշ տեղ չեն գնալ, էլի իրանց հին բները կգան։ Հիմա, բալաս, ծիծեռնակը թռչուն լինելով, որ էդքան սիրում է իր բույնը, հապա մա՞րդը։

— Տասն անգամ ասել եմ, էլի ասում եմ, որ պապական հող, հայրենական օջախ, չգիտեմ էլ ինչ զիրթ ու զիբիլ, դրանք դատարկ բաներ են։ Մարդու պապն էլ, հայրն էլ, օջախն էլ այնտեղ է, ինչ տեղ որ աշխատանք կա, փող կա։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Շամախում հաց չկա, չկա ու չկա։ Այստեղ փողը ձիավոր է դառել, մարդը ոտավոր, վազ տուր, հա՛, հա վազ տուր, որ չես կարող հասնե՜լ։ էլ մի՛ երկարացնի, ասածս ասած է, կարճ կապիր։

Այս խոսքերից հետո Սանամ խանումը այլևս չկարողացավ հակառակել Ռուստամին, ճանաչելով որդու բնավորությանը։ Մի օր նա դառն արտասուքով ճանապարհ դրավ միակ զավակին օտարություն։

Եվ ահա երեք տարի էր, որ Ռուստամը Շամախուց հեռացել էր, և այս երեք տարվա ընթացքում Սանամը մի անգամ ևս չէր տեսել նրա երեսը։ Ծանր և վշտալի էր նրա համար մենակությունը։ Նա նամակ նամակի հետևից էր ուղարկում, աղաչում էր, խնդրում էր, որ գոնե մի անգամ, կարճ միջոցով, որդին գա մոր հետ տեսակցելու։ Ռուստամը միշտ պատասխանում էր, թե այս ամսին կգա, մյուս ամսին կգա, այս գործը վերջացնի — իսկույն կուղևորվի, մյուսը վերջացնի — կգա։ Եվ այսպես նա ամբողջ երեք տարի խոստանում էր ու չէր գալիս։ Վերջին ժամանակները Սանամը շատ ուրախ էր։ Ռուստամից երկու ամիս առաջ մի ուրախալի նամակ էր ստացել։ Այդ նամակով որդին հայտնում էր մորը, թե հերիք է ինչքան ինքն ազատ մնաց, հիմա տանտերվել է հարկավոր, «չունքի, փառք աստուծո, գործերս լավ են գնում» և այլն։ Հետո նա խնդրում էր մորը, որ շուտով մի լավ աղջիկ գտնի Շամախում և գտնելուց հետո իսկույն գրի իրան, որ գա պսակվելու։

Ռուստամը հարսնացվի ընտրության բոլոր իրավունքները տալիս էր մորը։

Սանամը հենց մի այդպիսի պատվերի էր սպասում։ Նա նամակը ստացած օրը, իսկույն, առանց ուշացնելու, «զարանգիզի» (հարսնախոս) Շըպպանիկին կանչեց և պատվիրեց, որ մի «լավ, գյոզալ, խելոք, բան անող, կարդացած, հայալու» աղջիկ ճարի Ռուստամի համար։ Երկար մտածեց, երկար խորհրդակցեց Շըպպանիկի հետ։ Քաղաքի բոլոր աղջկերանց անունները տվեց նա մի առ մի, բոլորին քննեց, քննադատեց։ Մեկը գեղեցիկ էր, բայց շնորհ չուներ, մյուսը խելոք էր, բան անող, կարդացած, բայց տգեղ էր, երրորդը ամեն կողմից լավ էր, հարմար էր — դեռ պստիկ էր, չորրորդի քիթն էր ծուռ, հինգերորդի մազերն էին կարճ, ծնոտը «լախ» և այլն և այլն։ Մի խոսքով, քաղաքում էլ աղջիկ չմնաց, որ Սանամը չի տնտղեր։ Մի ամբողջ ամիս այս հարցով նա տանջեց յուր գլուխը, մինչև որ, վերջապես, երկար աշխատությունից հետո, վիճակն ընկավ Բարխուդարի աղջիկ Սուսանի վրա։

— Ի՛նչ աղջիկ է, ի՛նչ աղջիկ է, ի՛նչ բոյ ունի, ի՛նչ աչքեր ունի, — ասում էր Սանամը մի օր Շըպպանիկին Սուսանի մասին։ Բարխուդարի կինը, Գյուլնազն էլ, մարալի պես գյոզալ է։ Աղջիկն էլ մորն է եկել, ամա խելոքությունով, ես իմանում եմ, մորից տասնապատիկ խելոք է, չունքի, դե, կույսի ուսումնարանում է կարդացել։ Զատկին ես ժամումը բռնեցի, որ մի քիչ խոսացնեմ, խեղճն ամաչելուց կարմրեց, հռշնեց, լեզուն կտրվեց, չկարողացավ խոսել։ «Աֆարիմ աղջիկ», ասացի մտքումս։ Շըպպանիկ, ջահթ արա բանը գլուխ բերելու, հետո ես եմ իմանում, թե քո պարտքից ինչպես դուրս կգամ։

Շըպպանիկը հենց այսպիսի բաներ ճրագով էր փնտրում։ Այդ օրից սկսած նա այլևս հանգստություն չէր տալիս Բարխուդարի ընտանիքին։ Շաբաթն երեք, չորս անգամ, «վախտ, բեվախտ», նա վազում էր Գյուլնազի գլխին խնամախոսության, բայց գլուխ չէր գալիս։ Վերջին երկու շաբաթները Շըպպանիկն այլևս չէր երևում Բարխուդարանց կողմերում։ Սանամի բարեկամները իմանալով, որ նա մտադիր է յուր որդու համար Քյոխանց Բարխուդարի աղջիկ Սուսանին ուզելու, մի օր հավաքվեցին նրա գլխին։

— Ախչի Սանամ, դա ի՞նչ ենք լսում, դո՞ւ որտեղ, Գյուլնազի հայասզ, կապը կտրած, չոլերն ընկած աղջի՞կը ո՛րտեղ։ Ա կնիկ, չե՞ս լսել, նա ի՞նչ սոնկ է, ի՛նչ բաներ է արել կուժ ծախող Հայրապետի տղի հետ։

— Ի՞նչ է արել, — զարմացած հարցրեց Սանամը, որ առաջին անգամն էր լսում այդ լուրը։

— Վա՛յ վա՛յ, էլ ի՞նչ պիտի անի, մազս կտրվի, էլ բան է մնացել, որ չանի՞, — պատասխանեց Սանամի տալը, «քյանդուկ» Մանանը, որ ինքն իրան Շամախու ծանրաբարո կանանցից մեկն էր համարում։ — Բան է մնացել, որ չանի, էլ գիշերները չոլերում սիլիկ-բիլիկ անել, պաչպչվել, ղուջղուջվել։

— Հետո՞, հետո՞։

— Հետո, էլ ի՞նչ հետո, իմանում ես էլի, ջահիլ տղա, ջահիլ աղջիկ, այ հա՛յ, հաայ։

Եվ «քյանդուկ» Մանանը խորհրդավոր կերպով շարժեց յուր գլուխն աջ ու ձախ։

— Վայ, տունս չքանդվի, լավ էր առել աստված խելքս։

— Բա՛ս, բա՛ս, սաղ քաղաքում մի մատը մեղր կշինեին քեզ էլ, տղիդ էլ, կլպզտեին հա կլպզտեին։ Մի իստակ անուն ունիս, ուզում ես, որ կեղտոտե՞ս, խելքի եկ, խելքի...

Նույն օրը Սանամը Շըպպանիկին հրամայեց այլևս չգնալ Գյուլնազի մոտ և մինչև անգամ ոչ ոքի էլ չհայտնել, թե Քյոչարանց Սանամը կամեցել է Քյոխանց Գյուլնազի աղջկան յուր տղի համար ուզել։ Այնուհետև, նա դարձյալ Շըպպանիկի օգնությամբ, սկսեց որոնել մի ուրիշ հարսնացու։ Երկու շաբաթ էր, որ նրանք մտածում էին այդ մասին, բայց մի ուրիշ հարմար աղջիկ չէին գտնում։ Ահա հենց այդ մտքով էր զբաղված Սանամի ուղեղը և այժմ։ Նա, մեջքը պատին տված, նստած էր պարսկական գորգերով զարդարված թախտի վրա, երեսը դեպի բակը և հմայում էր խաղաթղթերով։ Ուղիղ մի ժամ էր, որ նա հմայությամբ էր պարապած և այդ մի ժամվա ընթացքում առնվազն տասն անգամ թղթերը դարսած և հավաքած կլիներ, բայց ոչ մի անգամ կամակոր թղթերը ցույց չտվին Սանամի ուզածին պես։ Վերջապես, նրա ձեռները հոգնեցին թղթերը շատ դես ու դեն բաժանելուց, և նա բարկացած հենց նոր կամենում էր հավաքել և մի կողմ դնել թղթերը, երբ դրսից մի կանացի ձայն լսեց։ Մեկը թուրքերեն լեզվով երգում էր և ծափահարում։ Սանամն, առանց տեղից շարժվելու, նայեց դուրս, և նրա դեմքը մի առանձին զարմանք չարտահայտեց, երբ տեսավ երգեցող ծափահարողին։

— Այ բալամ, այ ջանըմ, դիլ դիդիլ, դահրի դադահ, դիլ, դի-դիլ, չըթ-չըթ, այ սաղոլ, այ սաղոլ, — ներս մտավ մի բարձրահասակ, նիհար կին, պարելով և ձեռները գլխի վերև աղեղնաձև պահած` երկայն ու բարակ մատներով «չըրթմա» տալով։

Դա «զարանգիզի» Շըպպանիկն էր։

— Դիլիլի, դիլդի՛լ, դիլիլիլի, դիլդիլ, պարով խանմիս, պարով նրա տուն ու տեղին, — սկսեց Շըպպանիկը մաքուր տեղական բարբառով, առանց որևէ խառնուրդի։

— Պարով, մին ալ պարով, — շարունակեց նա, — հազար պարով, ա բալամ, հի՞նչ ես անըմ, հի՞նչ ես շինիմ, հինչյա պյանի՞ ես։ Քեֆըդ, հա՛լդ օվհալդ։ Հը՞մ, դամաղդ չա՞ղ ա։ Ասա, դե ալի, ախըր քանի՛ վախտ ա քու լուսերեսդ չամ տեսնըմ։

Սանամը ոչինչ չպատասխանեց, միայն մի քանի վայրկյան նայեց Շըպպանիկի երեսին, խաղաթղթերը դրեց մինդարի տակ և շորերի ծայրերը քաշեց ներքև, որ ծածկի աջ ոտի հաստ և մսալի սրունքը։

— Հըմ, խոսիր դե ալի, — դարձյալ սկսեց Շըպպանիկը շալը գլխիցը վերցնելով և մի կողմ շպրտելով։

Նա կանգնեց ուղիղ Սանամի դեմուդեմ և ձեռները դրավ կողքերին։

— Չե՞ս խոսելու, հի՞նչ կա, յարաբ, աչքունդ փայիզվան պես կախ էս քիցյալ, ալի էշիդ հով ա՞ կաղ ասալ։